Տպավորություններ Պորտուգալիայից. երկիր, որտեղ չէի ապրի

Լիսաբոն

Անցյալ տարի մեր ամբիոնի աշխատողներից մեկն ընդմիջման ժամանակ պատմեց Լիսաբոնում անցկացրած արձակուրդի մասին: Ասաց, որ իր տեսած ամենասիրուն քաղաքն է ու որ երկու շաբաթ շարունակ էնտեղից ուրիշ տեղ չէր ուզում գնալ: Դրա համար ահագին ոգևորվել էի, որ այս սեպտեմբերին պիտի Պորտուգալիա մեկնեմ կոնֆերանսի: Հատուկ էնպես էի հարմարացրել, որ մի օր Լիսաբոնում զբոսնեմ, հետո գնամ Ավայրո՝ փոքրիկ քաղաք Պորտուգալիայի հյուսիսում:

Լիսաբոնի անկանոն շենքերը

Հենց առաջին տպավորություններս Լիսաբոնից ահավոր էին: Օդանավակայանից դուրս եկա ու ժամերով չէի կարողանում մետրոյի տոմս առնել: Տոմսերը միայն մեքենաներում էին վաճառվում: Մեքենաները քարտս չէին ճանաչում, քսան եվրոյանոց մետաղադրամիս մասին ասում էին, որ շատ մեծ է, իսկ մանրելուց հետո մանրադրամը նորից հետ էր շպրտում: Շվարած կանգնել էի, չգիտեի՝ ինչ անել: Մեկ էլ մի հնդիկ մոտեցավ, իր ձեռքի տոմսն ինձ վաճառեց: Էլ չգիտեմ՝ ինչ գործունեություն էր ծավալում, բայց դրա ժամանակը չէր. ինձ պետք էր շտապ քաղաքի կենտրոն հասնել:

Սանտա Ապոլոնիա կայարանում Սրջանին՝ նախկին կուրսեցուս հանդիպեցի, որ միասին Լիսաբոնը ոտի տակ տանք, հետո միասին Ավայրո գնանք:

Սրջանը հենց սկզբից սկսեց բողոքել, թե՝ էս ինչ դիքոտ է Լիսաբոնը: Լավ էլ պայծառ եղանակ էր, մի քիչ շոգոտ էր: Սրջանը Նիդեռլանդներում է ապրում: Չնայած երկուսս էլ եկել էինք արև տեսնելու հույսով, բայց կարճ ժամանակ անց զգացինք, որ չափից շատ է:

Լիսաբոնցի տատիկներ

Լիսաբոնը քռչոտ, անկարգ, անկանոն քաղաք է: Ոչ մի տրամաբանություն չես տեսնում, լիքը անկապ տներ են վրա-վրա կառուցված: Էն հանրահայտ տրամվայներն էլ նույնիսկ նեղ փողոցներով են անցնում: Քեզ թվում է՝ ուր որ է վրադ կբարձրանա: Տրամվայից կախված երթևեկում են ջահելները: Նեղ փողոցը քիչ է, մի բան էլ դրսի կողմի ուղևորները քեզ քսվելով անցնում են:

Էհ եսիմ, կասեք՝ կոլորիտ է:

Քաղաքի նեղլիկ փողոցներով քայլելիս կտեսնես տեղացիներին իրենց տների դռների դիմաց նստած: Ու ի՞նչ են անում: Բացարձակապես ոչինչ: Էդպես ժամերով նստում են, անցորդներին նայում: Աշխատանքային օր է, աշխատանքային ժամ:

Տրամվայը լայն փողոցում: Նեղ փողոցում ֆոտո անել չստացվեց. վրաերթից վախենում էի:

Բայց դե էժան քաղաք էր: Թանկ հյուսիսից եկածներիս համար իսկական դրախտ: Մի սրճարանից մյուսն էինք վազում, հարմարվում այնպիսի տեղերում, որոնք եվրոպական այլ մայրաքաղաքներում տուրիստական ծուղակ կհամարվեին: Ուտելիքն էլ իրոք համով էր: Լիքը ծովամթերք ու էժա՜ն, ինչքան ուզում ես, կեր:

Լիսաբոնից շուտ ձանձրացանք: Էդ պարապությունը, թափթփվածությունն ու անկազմակերպվածությունը երկուսիս վրա էլ վատ ազդեց: Ու մենք ուղևորվեցինք դեպի Ավայրո՝ հուսալով, որ գոնե կոնֆերանսը լավ կանցնի:

Ավայրո

Ասում են՝ Պորտուգալիայի Վենետիկն է: Աչքս լույս: Վենետիկն էլ չեմ սիրում: Ու հենց այս նույն կոնֆերանսն անցյալ տարի Վենետիկում էր:

Գյուլբենկյանի փողոցն Ավայրոյում: Կոնսերվատորիան էլ է Գյուլբենկյանի անվան, իսկ կոնֆերանսի գլխավոր հովանավորը Գյուլբենկյան հիմնադրամն է:

Բայց Ավայրոն Վենետիկի ավելի վատ տարբերակն էր. կենտրոնը շատ փոքր է, ջրանցքները քիչ են, իսկ ինչը կենտրոն չէ, քռչոտ ու քայքայված է: «Հյուսիսային Աֆրիկա է,- ասում է գալիսիացի Սիլվիան,- Եվրոպայի հարավը հյուսիսային Աֆրիկա է»:

Երթևեկությունն ահավոր է. մեքենաները քիչ է մնում՝ վրադ բարձրանան: Մեքենայի մեջ էլ առանձնապես հաճելի չէ. վարորդն անընդհատ անհասկանալի բաներ է անում ու անսպասելի արգելակում, ու նույնիսկ երեք կիլոմետր ճանապարհ անցնելուց հետո սիրտդ խառնում է: Լրիվ հայկական վիճակներ:

Լիքը քաղաքներ են Վենետիկի հետ համեմատում, բայց Ավայրոն տեսածներիցս միակն է, որ իրոք ահավոր նման է: 

Ու աղմուկ, լիքը աղմուկ: Խոսակցություններն ականջիդ տակ բզզում են: Մարդկանց անձնական տարածքներն ավելի փոքր են, անընդհատ ներվայնանում ես, երբ անծանոթ մարդիկ քեզ շատ մոտ են քայլում կամ կանգնում:

Ու ընդամենը չորս օր անց անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հետ գնալու Կոպենհագեն: Պորտուգալիայում հոգնեցի, նյարդերս լարվեցին, առանց այդ էլ սթերսված վիճակս ավելի սթրեսվեց:

Չգիտեմ՝ ով ոնց, բայց հարավային Եվրոպան էդպես էլ չսիրեցի: Հասկացանք՝ արև, համով ու էժան սնունդ, բայց էս թափթփվածությունն ինձ հունից հանում է: Իզուր չի էլի, որ երբեք իմ կամքով էս կողմերում չեմ երևում, այլ նախընտրում եմ ցուրտ հյուսիսներում ման գալ: Թող որ արևը քիչ լինի, եղանակը՝ վատը: Էնտեղ անընդհատ լարված չեմ, թե՝ հեսա մի բան գլխիս կգա:

Եվրատեսիլ. թուլացեք ու հաճույք ստացեք

Անհամբեր սպասում ենք
Անհամբեր սպասում ենք

Հենց տարվա էս հատվածը գալիս է, ֆեյսբուքում պարբերաբար ստատուսներ են հայտնվում, թե՝ դուք էլ, ձեր Եվրատեսիլն էլ, էժանագին երգի մրցույթ է, ցածրաճաշակ է, էս է, էն է, ոնց էլ նայում եք ու էսպես շարունակ:

Իմ կոմպի բազմահազարանոց փլեյլիսթի մեջ Եվրատեսիլին երբևէ մասնակցած մեկ-երկու երգ հազիվ կգտնեք: Բայց երբեք չեմ թաքցրել, որ ուշադիր հետևում եմ, իսկ վերջին տարիներին, ինչ Հայաստանից գնացել եմ, Եվրատեսիլն ինձ համար դարձել է տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը: Իմ ընկերուհի Օլիվիան ասում է. «Բայց դու լավ երաժշտական ճաշակ ունես: Ինչու՞ ես Եվրատեսիլով տարված»:

Եվրատեսիլի նկատմամբ հետաքրքրությունս մեծացավ հատկապես այն ժամանակ, երբ հայտնաբերեցի, թե ինչքան հավես բան է տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ հավաքվել ու պաշտոնական կայքից միասին նայելը: Ո՛չ մուննաթ-զուննաթ, ո՛չ խնդրանք-աղաչանք, որ սփյուռքը Հայաստանին ձայն տա, ո՛չ սեփական բարձունքից արած հայտարարություն, թե՝ ես տենց ցածրաճաշակ բաներ չեմ նայում:

Իսկ մենք մրցույթին սկսեցինք «պատրաստվել» Զատիկի արձակուրդից անմիջապես առաջ, երբ Մառլենի տանը ես ու Անդրեասը հյուր էինք, ու մի քանի գարեջրից հետո սկսեցինք հերթով էս տարվա երգերը լսել: «Եզրափակիչն անպայման միասին ենք նայելու»,- որոշեցինք:

Անցյալ տարի Կոպենհագենում էր, հետևաբար էստեղ աժիոտաժը շատ էր, ու բնական էր իրադարձություններին հետևելը: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս տարի, երբ Դանիան սկի եզրափակիչ չանցավ, էստեղ էլի մեծ երևույթ էր. զանազան փաբեր հեռարձակում էին, իսկ մրցույթից հետո կարելի էր փողոցներում հարբած դանիացիների տեսնել, որոնք Եվրատեսիլի մասին էին խոսում:

Կիսաեզրափակիչը Մառլենի հետ դիտեցի: Իսկ եզրափակչին մենք մեր ընկերական խմբով (այսինքն՝ ավստրիացիներ, գերմանացիներ ու ես) որոշեցինք դիտել ուսանողական տուն կոչվող վայրում, որտեղ պարզվեց, որ մենք տարիքով ամենամեծն էինք. քսան-քսաներկու տարեկան ուսանողների կողքին մենք էինք՝ ասպիրանտներ ու դասախոսներ: Ու չնայած մեր տարիքին ու ստատուսին, ամենաշատ ուրախացողն ու շուխուռն անողն էինք:

Մինչև Եվրատեսիլը կսկսվեր, մրցույթ անցկացրին: Հարցերը Եվրատեսիլի ու Ավստրիայի մասին էին: Ջախջախելով հարցերին պատասխանեցինք ու ավստրիական քաղցրավենիքներ մրցանակ ստացանք: Հետո արդեն սկսվեց մրցույթը, ու դահլիճում ոգևորված ծափեր, բացականչություններ էին ու դրոշներ էին ծածանվում: Սերբ ընկերս՝ Սրջանը, Նիդեռլանդներից էս-էմ-էս գրեց, թե՝ հաջողություն ձեզ: Ես էլ Սերբիային հաջողություն մաղթեցի: Մառլենն էլ Վիեննայում ապրող իր աղջկա հետ էր անընդհատ էս-էմ-էսներ փոխանակում:

Ամեն մեկս մեր հերթին ամաչեցինք մեր երկրների երգերի համար ու սկսեցինք կողմնորոշվել, թե որ երգն է դուրներս գալիս: Բելգիան մի քանիսիս դուր եկավ: Մի երկուսը Սերբիային էին բալետ անում: Շվեդիայի երգը մեր ճաշակով չէր, բայց համաձայնեցինք, որ հիթ կդառնա հաստատ:

Մի ձայն Հայաստանին տվեցի, բայց ահավոր չուզենալով: Էստեղ տեղին կլինի ասելը, որ մինչև Եվրատեսիլը սփյուռքի նախարարությունն էսպիսի նամակ էր տարածել, որով խնդրում էին հայությանը քվեարկել Հայաստանի օգտին: Ահագին կատաղել էի, որովհետև մեջը ոչ մի բառ չկար երգը հավանել կամ չհավանալու մասին: Մի տեսակ նվաստացուցիչ է, ոնց որ ասեն՝ մենք ինչ աղբ ուզում, ուղարկում ենք, բայց դուք ոչինչ, քվեարկեք, որովհետև Հայաստանն են ներկայացնում: Սրանից հետո լավ երգ լինի, կքվեարկեմ, վատը լինի, չեմ քվեարկի:

Իսկ մինչ միավորները կհայտարարեին, սկսեցինք Merci chérie-ն երգել. 1966-ին այդ երգով էր Ավստրիան հաղթել, ու իմ ավստրիացի ու գերմանացի ընկերներն արդեն քանի ամիս է ինձ համոզում են, որ երգը սովորեմ:

Միավորները հայտարարելի սեղանի շուրջ ամենամանթո մնացողը չէի, որովհետև Գերմանիան ու Ավստրիան լրիվ զրոյի վրա լռվեցին: Բայց դե հենց նկատեցինք, որ մեր երկրներից ոչ մեկը հաղթելու շանսեր չունի, սկսեցինք Շվեդիային բալետ անել: Տեսնել էր պետք. դահլիճի մնացած բոլոր ազգերն էլ միացել ու Շվեդիայի համար ուրախանում էին: Մենք ընկերներով որոշեցինք, որ մյուս տարի եթե Մալմյոյում անեն, անպայման գնալու ենք:

Էկա տուն, տեսնեմ՝ ֆեյսբուքն էլի լիքն է Եվրատեսիլ չնայողներով, սրան-նրան քֆրտողներով ու ներվային քոմենթներով, թե՝ Շվեդիայի երգն ախմախ երգ էր, էդ ո՞նց հաղթեց, թե՝ սաղ քաղաքականություն է: Իսկ ես մի դանիացի ընկեր ունեմ, որը Եվրատեսիլի մասին բացարձակապես ամեն ինչ գիտի ու որը մրցույթից ժամեր առաջ հնգյակը ճիշտ հերթականությամբ գուշակել էր: Նա ասում է, որ ինչքան էլ խոսեն արևելաեվրոպական, բալկանյան ու սկանդինավյան մաֆիայի մասին, միևնույն է, հաղթում է լավագույն երգը:

Ամեն տարվա պես ֆեյսբուքը լիքն էր նաև «էսքան վատ Եվրատեսիլ չէր եղել» տեսակի խոսակցություններով: Ես կասեի՝ էսքան լավ Եվրատեսիլ չեմ հիշում, որ տեսած լինեմ: Սովորաբար երգերը մեկը մեկին նման, ձանձրալի ու հոգնացնող են, ու մեջների մեկ-երկու աչքի ընկնողները առաջատար են դառնում: Իսկ էս անգամ տասնյակի բոլոր երգերը լավ տպավորվել են:

Ու մտածում եմ՝ ինչքան տարբեր է վերաբերմունքը Հայաստանում ու Դանիայում: Հայաստանում ներվային ու թունավոր վիճակները, իսկ Դանիայում նույնիսկ Դանիայի եզրափակչում չհայտնվելու դեպքում մարդիկ միասին նայում, ուրախանում են, անցնում, գնում է: Լավ կլիներ՝ հայ հանդիսատեսն էլ մյուս տարի ֆեյսբուքներից կտրվեր, հավաքվեին խմբերով տարբեր տեղերում, միասին նայեին ու հաճույք ստանային: Դրանից լավ բան չկա:

Հեծանվային մշակույթը Հայաստանում և Եվրոպայում

Սեպտեմբերին, երբ նոր էի վերադարձել Հայաստան, ինձ հաճախ հարցնում էին. «Ի՞նչն ա փոխվել Հայաստանում»: Ես միանգամից պատասխանում էի. «Հեծանվորդներն են շատացել»: Շատերը կարծում էին, թե կատակում եմ, թե նկատի ունեմ՝ ոչինչ էլ չի փոխվել: Բայց էդպես չէ. հեծանիվ քշելն ամբողջ մտածելակերպ է փոխում:

Եթե դու հեծանվորդ ես, անկախ ես բոլորից. քեզ պետք չէ կանգառում ժամերով երթուղայինի կամ ավտոբուսի սպասել, գիշերը շուտ տուն գնալ, որ տրանսպորտ լինի, փող ծախսել տաքսիների վրա, ժամերով լռվել խցանումներում: Հեծանվորդը բոլորի համեմատ ամենաազատ տեղաշարժվողն է, ամենաշատն իր ժամանակի տերը՝ շատ լավ իմանալով, թե մի կետից մյուսը որքան ժամանակում կհասնի: Դրա համար ինչ-որ իմաստով հեծանվորդների շատանալը նշանակում է, որ շատացել են անկախ մարդիկ, իսկ դա արդեն շատ լավ է (էլ չեմ խոսում հեծանիվի բնապահպանական, ֆինանսական ու առողջական օգուտների մասին):

Հեծանիվների կայանատեղին իմ աշխատավայրի դիմաց. իրար կողք կանգնած են ուսանողների ու պրոֆեսորների հեծանիվները
Հեծանիվների կայանատեղին իմ աշխատավայրի դիմաց. իրար կողք կանգնած են ուսանողների ու պրոֆեսորների հեծանիվները

Այնուամենայնիվ, չնայած Երևանում հեծանվորդների թվի մեծացմանը, հայկական հեծանվային մշակույթը դեռ շատ է տարբերվում եվրոպականից, ինչն իր և՛ դրական, և՛ բացասական կողմերն ունի: Փորձենք տեսնել, թե որտեղ են այդ տարբերությունները:

Երևանում հեծանիվը փոխադրամիջոց չէ
Ինչ խոսք, չեմ ժխտում, որ Երևանում կան մարդիկ, որոնք բացառապես կամ առավելապես հեծանիվով են տեղաշարժվում քաղաքում (շատերին ճանաչում եմ, ես էլ էի էդպիսին), բայց ընդհանուր առմամբ նրանք դեռ փոքրամասնություն են կազմում: Գերակշռում են արշավների գնացողները կամ մարդիկ, որոնք դուրս են գալիս հատուկ հեծանիվ քշելու: Իհարկե, սա ունի իր բացատրությունը. ի վերջո, Երևանը բնավ հարմար քաղաք չէ հեծանիվով տեղաշարժվելու համար. մի կողմից դիքերը, մյուս կողմից հեծանվային ճանապարհների բացակայությունը: Բայց որ ինձ հարցնեք, կասեմ, որ Երևանը շատ ավելի անհարմար է չորս անիվով տեղաշարժվելու համար. ու՞մ են հաճելի խցկված երթուղայինները կամ անվերջ թվացող խցանումները:

Իսկ հիմա նայենք եվրոպական քաղաքների մեծ մասին: Շատերը վաղուց հասկացել են, որ մեքենայով կամ հասարակական տրանսպորտով մի կետից մյուս հասնելու համար նույնքան ժամանակ է պետք, որքան հեծանիվով (իսկ որոշ տեղերում հատուկ էնպես է արած, որ ավելի երկար տևի, օրինակ՝ հոլանդական Խրոնինգեն քաղաքում): Էլ ինչու՞ նյարդ ու գումար քայքայես սպասելու ու խցանումների վրա: Դու ես ու քո հեծանիվը, քո ժամանակի տերը: Անգամ երեխաներին տեղափոխելու համար հատուկ նստատեղեր և վագոններ կան: Հետևաբար, մեքենայից օգտվելու անհրաժեշտություն լինում է, երբ շատ հեռու տեղ պիտի գնաս (այլ քաղաք), երբ մեծ գնումներ ես անում կամ մեծ բեռ ես տեղափոխում: Իսկ հասարակական տրանսպորտում հիմնականում ծերերն են, օտարերկրացիներն ու շատ փոքր երեխաներով կանայք:

Երևանում ամեն հագուստով հեծանիվ չես քշի
Սա նորից պայմանավորված է որպես փոխադրամիջոց օգտագործել-չօգտագործելու հետ: Ինչ խոսք, եթե աշխատանքի կամ դասի ես գնում հեծանիվով, ուրեմն կրում ես քո ամենօրյա հագուստը: Բայց հաճախ քաղաքում տեսնում ես հեծանվային համազգեստով տղաների և սպորտային հագուստով աղջիկների: Այն, ինչ երբեք Երևանում չեմ տեսել, փողկապով ու կոստյումով հեծանվորդն է (Վահագնի ակցիաները չհաշված): Ես էլ երբ յուբկայով էի քշում, քյառթուները հաճախ հետևիցս շվացնում էին:

Խրոնինգենի համալսարանի ակադեմիական մասնաշենքի դիմացի կայանատեղին
Խրոնինգենի համալսարանի ակադեմիական մասնաշենքի դիմացի կայանատեղին

Իսկ եվրոպական քաղաքներում հեծանիվներին կտեսնես ամենատարբեր հագուստով մարդկանց. աղջիկներն իրենց երեկոյան զգեստով ու բարձրակրունկ կոշիկներով կամ կարճ յուբկաներով, տղամարդիկ՝ փողկապով ու կոստյումով (հետն էլ ուսապարկ), ջինսերով, սպորտային շորերով. մի խոսքով, այն, ինչ մարդ արարածը կարող է հագնել: Իսկ համազգեստավորները հիմնականում կա՛մ պրոֆեսիոնալներ են, կա՛մ հսկայական տարածություններ են քշում: Օրինակ, Կոպենհագենում կան մարդիկ, որոնք կողքի քաղաքներից են աշխատանքի գալիս: Նրանք հեծանվային համազգեստ են կրում, մեծ արագությամբ սլանում են աշխատանքի, այնտեղ ցնցուղ ընդունում, հագուստը փոխում, նոր անցնում գործի:

Երևանում ամեն հեծանիվ չես քշի
Ինչպես ցանկացած իրի, այնպես էլ հեծանիվի նկատմամբ պաշտամունք կա Հայաստանում: Ինչ խոսք, քանի որ դեռ նոր մշակույթ է, հեծանիվների գները սարսափելի են, ընտրությունը՝ փոքր: Բայց բազմիցս նկատել եմ, որ շատերը գնում են լավ ու ավելի լավ հեծանիվի հետևից, հաճախ վաճառում են նախորդը նորը գնելու համար, տեսնելով որևէ ծանոթի հեծանիվ, անպայման մի լավ չափչփում են, որ հասկանան՝ իրե՞նցն է ավելի լավը, թե՞ այդ մեկը:

Եվրոպայում մարդիկ նույն հեծանիվը քշում են այնքան, մինչև այն վերածվում է մետաղի ջարդոնի: Քշում են տարիներով: Ուսանողներն էլ սովորաբար օգտագործած հեծանիվ են գնում ու ոչ թե հաշվի են, որ առնում այս կամ այն պարամետրը լավը լինի, այլ որ համապատասխանի իրենց մինիմալ պահանջներին: Հեծանիվն էստեղ ոնց որ մարմնի մաս լինի, ու մի տեսակ անպատկերացնելի է, թե ոնց կարող ես դիմացինին ասել, թե գիտես, հեծանիվիդ էսինչ-էնինչ պարամետրը լավը չէ:

Երևանում հեծանիվների մասին ավելի շատ բան գիտեն (տղաները)
Եվրոպայում երկու տարի քշելուց հետո այնքան բան չիմացա հեծանիվների մասին, ինչքան Երևանում անցկացրածս կես տարվա ընթացքում: Իհարկե, մի կողմից կարող եմ ասել, որ Եվրոպայում երբեք հեծանիվներս այդքան խնդիրներ չունեցան, ինչքան այդ մեկը Երևանում, ու ստիպված անընդհատ տանում էի տարբեր մարդկանց մոտ կամ դիմում էի ընկերներիս, որ սարքեն: Բայց զարմանալի էր տեսնելը, թե տղա հեծանվորդներն ինչքան բան գիտեն հեծանիվների մասին: Ամեն դեպքում, երևի դա պրոֆեսիոնալ հետաքրքրության արդյունք է. ի վերջո, Երևանում հեծանիվ քշում են ոչ թե բոլորը, այլ կոնկրետ հետաքրքրություն ունեցողները:

Եվրոպայում հեծանիվներից էդպես գլուխ հանող միայն մի հոգու եմ հանդիպել, այն էլ կիսապրոֆեսիոնալոտ տիպ էր. մրցումների էր մասնակցում, Գերմանիայից Հոլանդիա քշում, իսկ Բեռլինից Պոտսդամ ամեն օր հեծանիվով էր դասի գալիս (մի ուղությունը 40կմ): Մնացածները միայն տարրական բաներ գիտեն: Եթե խնդիրը գերազանցում է իրենց տարրական գիտելիքները, միանգամից վազում են արհեստանոց: Բայց մյուս կողմից, աղջիկներն ավելի պատրաստված են: Երևանում ինձ նույնիսկ թույլ չէին տալիս անիվներս փչել, իսկ այստեղ մի անգամ մտա արհեստանոց ու խնդրեցի, որ նստատեղն իջեցնեն: Ինձ ասացին՝ գործիքները անկյունում են, վերցրու, ինքդ արա:

Լույսեր
Լույս օգտագործող հեծանվորդները բավական քիչ են Երևանում. միևնույն է, դրա վերաբերյալ օրենք չկա, տուգանող չկա, մինչդեռ հենց Երևանում լույսերն ավելի լուրջ անհրաժեշտություն են, քան Եվրոպայում. մեր փողոցները դարուփոս են, իսկ մեքենաներն էլ սովոր չեն հեծանիվներին: Եվրոպական քաղաքներում մութն ընկնելուն պես բոլորը (որոշ բացառություններով) լույսերը միացնում են: Մի կողմից, տուգանքից են վախենում: Մյուս կողմից, մտածում են սեփական անվտանգության մասին:

Կայանատեղիներ
Երևանում կայանատեղիների բացակայության կամ քչության պատճառով միշտ հեծանիվը կայանելու խնդիր է առաջանում: Իսկ տուն գնալիս էլ պիտի շալակես ու հետդ բարձրացնես. դրսում դնելու տեղ չկա:

Բայց մյուս կողմից, պայմանավորված մշակույթի ձևավորված չլինելու հետ, հեծանվային գողությունը դեռ այնքան պրոֆեսիոնալ չէ, ու կարելի է յոլա գնալ հասարակ բարակ փականներով: Ինքս էլ էի այդ հասարակներից գործածում, ուրիշների մոտ էլ եմ տեսել: Բայց փորձիր եվրոպական մեծ քաղաքում դրանցով կապել հեծանիվդ: Կես ժամ հետո դու դրա տերը չես լինի: Կոպենհագենում հեծանիվս կապելու համար երկու շատ լուրջ փական եմ օգտագործում:

Խրոնինգենի մի սովորական փողոց ձմռանը
Խրոնինգենի մի սովորական փողոց ձմռանը

Հեծանվորդների նկատմամբ վերաբերմունք
Եվրոպայում հիմնականում մեքենաները պարտավոր են հեծանվորդներին զիջել: Հետիոտնի մասով տարբեր է. որոշ տեղերում հեծանվորդն է պարտավոր զիջել, որոշ տեղերում՝ հետիոտնը: Հեծանվային ճանապարհների հարցն էլ է տարբեր. Կոպենհագենում կամ հոլանդական տարբեր քաղաքներում եթե հեծանվային ճանապարհ չկա տվյալ հատվածում, պետք է փողոցով գնաս, մինչդեռ, օրինակ, ֆիննական Յոենսու քաղաքում եթե փողոցու հայտնվեիր, հնարավոր է՝ մեքենան վրայովդ անցներ, որովհետև հեծանվային ճանապարհի բացակայության դեպքում պետք էր մայթերով քշել:

Բայց բոլոր դեպքերում, որտեղ էլ եղել եմ, հեծանվորդները միշտ կարևոր են եղել ու հատուկ վերաբերմունքի արժանացել: Իսկ Երևանում նրանց բոլորն ատում են. ատում են մեքենայի վարորդները, ատում է հետիոտնը: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Եվրոպայում նույն հետիոտնը կամ մեքենայի վարորդը նաև հեծանվորդ է, իսկ Երևանում՝ ոչ:

Երևանում հեծանվորդն ամենախոցելի, ամենաարհամարհված տեղաշարժվողն է: Փողոցում մեքենաների վարորդներն են գոռում, թե՝ մայթով քշի: Չես կարողանում բացատրել, որ նախ մայթերը դրա համար նախատեսված չեն, երկրորդ ուղղակի սարսափելի անհարմար են թեքհարթակներ չունենալու պատճառով: Մայթերով քշելիս էլ (երբեմն մայթով քշելու ծայրահեղ անհրաժեշտություն է առաջանում) հետիոտն է մուննաթ գալիս, թե՝ իջիր փողոց, ազդանշաններիդ ռեակցիա չի տալիս, քայլում է ծուռտիկ-մուռտիկ, ու հատուկ ակրոբատիկ շարժումներ են պետք լինում նույնիսկ քեզ ընդառաջ եկող ու քեզ տեսած հետիոտնին չհարվածելու համար:

Դեռ շատ ժամանակ պիտի անցնի, որ Հայաստանում էլ հեծանվային մշակույթն այնքան զարգանա, որ հասնի եվրոպականին: Բայց դրա համար նախևառաջ պետք է, որ «վերևներից» էլ աջակցեն՝ հեծանվային ճանապարհներ կառուցելով, հեծանվային երթևեկությունը կանոնակարգեն ու հեծանվորդներին արտոնություններ տան: Ու շատ ապրեն Հայաստանում հեծանվային մշակույթ տարածողները:

29. Պատմություն ինչ-որ բան հաճույքով անելու մասին

Սովորել շատ եմ սիրում, բայց սիրում եմ դրա ոչ պարտադիր, ոչ քննական մասը, էն որ դու ինքդ ընտրում ես ավելին անել կամ հաճախել ինչ-որ դասերի, որոնք քեզ դիպլոմ չեն տալու, սիվիիդ մեջ գրել-չգրելը բան չի փոխելու, քննությունը չհանձնելու դեպքում ոչ մի տեղից դուրս չես մնալու:

Էս տարվա սկիզբն էր` հունվար: Օրերն ահավոր շուտ էին մթնում: Կարելի էր ասել` ցերեկային լույս կարգին չէինք էլ տեսնում: Կես մետր ձյուն էր նստած: Ապրում էի համալսարանից 5կմ հեռու` բլրի վրա: Հավաքել էի կիսամյակի համար անհրաժեշտ գրեթե բոլոր կրեդիտները: Վերջնական 30-ն ունենալու համար կարող էի կամ լրացուցիչ կուրսերի հաճախել (ինչն անում էին գրեթե բոլորը), կամ էլ որևէ առարկայից լրացուցիչ էսսե գրել: Բնականաբար, ընտրեցի երկրորդը, որ հաճույքով անեմ:

Ու էդպես ամեն առավոտ լույսը բացվելուն պես արթնանում էի (առավոտյան ժամը տասին), նախաճաշում, հեծանիվով տնից դուրս էի գալիս (ավելի ուշ, երբ հեծանիվս արդեն վաճառել էի, ոտքով էի գնում-գալիս), հասնում համալսարան, մի երկու ժամ աշխատում գրադարանում, դուրս գալիս ճաշելու, ևս մի քանի ժամ աշխատում, դուրս գալիս պուլլա ուտելու ու սուրճ խմելու, էլի աշխատում էնքան, մինչև գրադարանը փակվում էր: Հետո քշում էի տուն: Սկզբում մարմինս սառցակալում էր, բայց երբ անցնում էի կամուրջը ու դիքով բարձրանում, քրտնում էի անգամ այն ժամանակ, երբ դրսում -25 էր: Անցնում էի ամեն օր, նայում երկնքին` էն հույսով, որ հյուսիսափայլ կտեսնեմ:

Հասնում էի տուն, մոմերը վառում, որ ուրախ լինի, ընթրիք սարքում: Էլի մի երկու ժամ աշխատում էի էսսեիս վրա, պառկում քնելու: Ու էդպես մի ամիս շարունակ…

Հիմա որ հետ եմ նայում, էնքան լավ եմ հիշում էն հաճույքը, որով աշխատում էի: Ոչ մի պրոկրաստինացիա, ոչ մի ծուլություն, ոչ մի նվնվոց: Արդյունքում` ժամանակին ավարտեցի առանց անքուն գիշերների, առանց կոֆեինի անխիղճ դոզաների, առանց ներվայնությունից պատեպատ խփվելու: Հետո էդ էսսես ձևափոխեցի, թեզիս մեջ մտցրի: Էն նույն թեզիս,  որն ինձ ներվահան էր անում, զոռով էի գրում, քիչ էր մնում` գժվեի: Թեզս էլ գերազանց գնահատվեց, բայց մեծ կասկածներ ունեմ` հենց էդ հաճույքով գրած էսսեն էր որակն էդքան բարձրացրել:

Մտածում եմ` էդ ամիսն էն միակ ամիսն էր, որ ակադեմիական առումով մի այլ կարգի հաճույք ստացա: Ու պիտի անվերջ փնտրեմ, գտնեմ աշխարհում մի անկյուն, որտեղ ամեն օր ոչ թե մի ամիս, այլ ամբողջ կյանքս հաճույքով կաշխատեմ ու կսովորեմ:

 

Համերգները Եվրոպայում ու Երևանում

Թեման, որի շուրջ ծավալվելու եմ, հաստատ Հայաստանի գլխավոր խնդիրներից չէ, ու թող ինձ ներեն ավելի լուրջ հարցերով մտահոգված մարդիկ, որ ես մեր երկրի բոլոր դարդերը թողած իմ ժամանցի հարցերն եմ փորձում լուծել: Պարզապես ինձ համար սա նույնքան կարևոր հարց է, ու եթե երբևէ հարցնեն, թե ինչու կուզեի Եվրոպայում մնալ, ես ո՛չ ավելի որակյալ կյանքը կնշեի, ո՛չ ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, ո՛չ անգամ աշխատանքի դիմաց գնահատված լինելը, այլ որպես առաջին ու գլխավոր պատճառ կբերեի սիրելի կատարողների համերգներին ներկա գտնվելու հնարավորությունը, որը, իհարկե, անուղղակիորեն կապ ունի նախորդ պատճառների հետ: Նախապես ասեմ, որ սա շատ զգայուն թեմա է ինձ համար, հետևաբար ընդունվում է միայն առողջ քննադատություն կառուցողական քննարկում: Ոչ մի տեսակի «բայց» կամ «բա որ» լսել չեմ ուզում:

Այս երկու տարիների ընթացքում Եվրոպայում ներկա եմ գտնվել իմ սիրելի կատարողների տասնչորս համերգների, որոնցից գրեթե բոլորի համար ստիպված եմ եղել ուրիշ քաղաք գնալ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ուրիշ երկիր: Արդյունքում՝ ահագին բան եմ սովորել այն մասին, թե ինչպես են Եվրոպայում համերգները կազմակերպվում ու տոմսագնային ինչպիսի քաղաքականություն են տանում: Ու պիտի ասեմ, որ այդ ամենն արմատականորեն տարբերվում է Հայաստանում տեսածիցս:

Եվրոպայում համերգները տեղի են ունենում պստլիկ, մի քանի հարյուր հոգանոց ակումբներում, թատրոններում կամ հազարների տեղավորող հսկայական համերգասրահներում ու բացօթյա տարածքներում՝ կախված կատարողի նախընտրությունից կամ նրա պահանջարկից: Զարմանալին այն է, որ Հայաստանում այդպիսի ակումբներ, թատրոններ ու համերգասրահներ չկան: Ի՞նչ ունենք մենք: Հսկայական մարզադաշտեր, որոնք բնավ համերգների համար նախատեսված չեն, Մարզահամերգային համալիր, որի փոքր դահլիճը էլի մի կերպ կուտվի, բայց մեծը նորից բնավ հարմար չէ համերգների համար, Մեցցոյատիպ գլամուր տեղեր, որտեղ մարդիկ գալիս են զուգված-զարդարված ու իրենց թույլ են տալիս ողջ համերգի ժամանակ հռհռալ, Ստոպի պես շատ փոքր ակումբներ, որոնք եթե հարյուր հոգու տեղավորեն, շատ երջանիկ կլինենք, թատրոններ, որոնց նստարանները չեն տեղաշարժվում (վերջիններս մեծ առավելություն կունենային, եթե միայն հնարավոր լիներ տարածքն ազատել նստարաններից), մեկ էլ դասական համերգների համար նախատեսված քչից-շատից հարմար դահլիճներ, որոնցում ռոք համերգ կազմակերպելը հաստատ սրբապղծություն կլինի:

Իսկ ո՞րն է Երևանի դահլիճների անհարմարությունը: Առաջին հերթին կանգնելու տեղերի բացակայությունն է: Ըստ դասական պատկերացումների, մարդիկ համերգներին նստում ու լսում են: Բայց այս պատկերացումը դասական համերգների համար է: Ժամանակակից երաժշտության ներկայացուցիչները սիրում են, երբ հանդիսատեսը մասնակցում է համերգին, ոչ թե պասիվ խոտի նման նստում ու զմայլվում: Ավելին՝ շատերը նույնիսկ նեղվում են, երբ շարժում չեն տեսնում: Բնական է՝ նստատեղերով դահլիճներում հնարավոր չէ հարյուրավորների կամ հազարավորների կանգնեցնել:

Հետո գալիս է տոմսերի գնի խնդիրը: Երբ Երևան գալիս էին լեգենդար կատարողներ, ու նրանց առաջին շարքերի տոմսերի գները հասնում էին աստղաբաշխական թվերի (այսինքն՝ մի քանի հարյուր հազար դրամի), երբ ասում էին, թե հովանավորներով-բանով հազիվ էին կարողանում համերգի գինը հանել, երբ հազիվ կարողանում էինք վերջին շարքերի տոմսեր գնել, որոնք անհամեմատ ավելի էժան էին, ես մտածում էի՝ Եվրոպայում երևի ավելի թանկ կլինի, ու էդ նույն վերջին շարքերի համար ստիպված կլինեմ մի քանի հարյուր եվրո վճարել: Դրա համար մտածում էի՝ եթե երկու տարվա ընթացքում գոնե Ալանիս Մորիսեթի համերգին գնամ, ահագին գոհ ու երջանիկ կլինեմ: Սխալվում էի:

Եվրոպայում բոլորովին ուրիշ գնային քաղաքականություն է տարվում: Մինչև հիմա գնացածս ամենաթանկ համերգը Բոբ Դիլանինն էր, որի համար վճարել եմ վաթսուն եվրո (մոտ 30 000 դրամ) ու կանգնել եմ չորրորդ շարքում, բայց եթե մի քիչ ավելի շուտ տեղ հասնեի, առաջին շարքում էլ կհայտնվեի: Ի դեպ, նույն Բոբ Դիլանի համերգի համերգի համար կային նաև նստելու տեղերի տոմսեր, որոնք կանգնելուններից երկու անգամ ավելի թանկ էին, բեմից էլ երկու անգամ ավելի հեռու, հետևաբար հնարավորություն էր տրվում իսկական երաժշտասերին համեմատաբար քիչ վճարելով դիմացը կանգնել, իսկ եթե ավելորդ փող ունեցողներ կային ու ուզում էին Բոբ Դիլանի անվան դիմաց պտիչկա դնեին, իրենց համար հանգիստ տեղավորվում էին հեռավոր նստատեղերում:

Ընդհանուր առմամբ, բոլոր տոմսերի գները տատանվում էին 13 – 60 եվրո սահմաններում: Իհարկե, միշտ չէ, որ կանգնելու համերգներ են եղել: Օրինակ, Ալանիս Մորիսեթի երկու համերգներն էլ նստատեղերով էին (ի դեպ, ինչը շատ զայրացրել էր երկրպագուներին, բայց դա առանձին թեմա է), տեղերը՝ կատեգորիաներով, գնային տարբերություններով: Բայց օ՜ զարմանք: Առաջին ու վերջին շարքի միջև տարբերությունը ոչ թե մի քանի հարյուր եվրո էր (ինչպես երևանյան համերգների գնային քաղաքականությանը սովորածները կպատկերացնեին), այլ ընդամենը քսան եվրո, այսինքն՝ նորից երկրպագուները չէին զրկվում առաջին շարքերում հայտնվելու հնարավորությունից:

Երևանում կար նաև տոմսերի սև շուկա կոչվածը: Հիշու՞մ եք մի քանի տարի առաջ Սերժ Թանկյանի համերգը, երբ կոնկրետ գնային կատեգորիայի տոմսեր տարօրինակ կերպով սպառվել էին պաշտոնական վաճառքից առաջ: Եվրոպայում էլ սև շուկա կա, երբ որոշ մարդիկ արագ-արագ գնում են առաջին շարքերի կամ շատ արագ սպառվող տոմսերը, հետո ինտերնետային խանութներում մի քանի անգամ թանկ վաճառոմ (վերջերս շուխուռ էր ընկել, որ կարծեմ Muse-ինը հասել էր 1000 եվրոյի): Բայց եթե դու բավականաչափ ուշադիր ես, կարող ես առաջին շարքի տոմսն իր իսկական գնով ձեռք բերել, որովհետև նախապես հայտարարվում է, թե որ ժամից է սկսվելու տոմսերի վաճառքը: Ընդամենը պետք է հենց առաջին վայրկյաններից տոմսը պատվիրել: Ավելին՝ որոշ տոմսային համակարգեր նույնիսկ այնպես են ստեղծված, որ վերավաճառքն ուղղակի անհնար է դառնում, արդյունքում՝ բացառելով սև շուկայի ձևավորումը:

Իսկ ի՞նչ է կատարվում Երևանում: Իսկական երկրպագուները, սովորաբար չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, գնում են վերջին շարքերի տոմսեր՝ բեմից հեռու, պարում ու թռվռում են այնտեղ պատահաբար հայտնված կանանց տեսադաշտը փակելով՝ այդպես էլ չկարողանալով իրենց սիրելի կատարողին մոտիկից տեսնել: Առաջին շարքում փառավոր տեղավորվում են ֆոլգա շորերով հարուստ կնանիք, որոնք կարծում են, թե դասական համերգի են եկել ու որոնք այդ տեղերը գրավելու համապատասխան կապեր կամ ֆինանսական միջոցներ ունեն, ու դեմքների ոչ մի մկանը չի շարժվում համերգի ողջ ընթացքում, մինչ բեմի վրա գտնվող կատարողներն անընդհատ սպասում են, որ առաջին շարքերում աշխուժություն նկատվի:

Մենք մի ուրիշ խնդիր էլ ունենք: Անվտանգության աշխատակիցներն են, որոնք առաջին շարքերում հայտնված երկրպագուներին արգելում են պարել, արգելում են մոտենալ բեմին՝ այդպիսով հարամելով կատարողի հաղորդակցությունը հանդիսատեսի հետ: Իհարկե, արդարության համար պիտի նշեմ, որ նման բան տեսել եմ նաև Գերմանիայում, երբ Ալանիս Մորիսեթի համերգների ժամանակ ֆաշիստական արտաքինով անվտանգության աշխատակիցներն անընդհատ պահանջում էին նստել կանգնող երկրպագուներին, բայց սովորաբար դա երկար չէր տևում, որովհետև ինչ-որ երգից սկսած բոլորը մի մարդու նման ոտքի են կանգնում, ու ավելորդ պահանջներ դնելն արդեն անհնար է դառնում: Երևանում, բնականաբար, առաջին շարքերի հանդիսատեսը մի մարդու նման ոտքի չի կանգնի, քանի դեռ էնտեղ տեղավորված են նաև ֆոլգա շորերով կնանիք, որոնք փնթփնթում են, թե բեմը չեն տեսնում, երբ իրենց դիմացինը կանգնում է:

Կանգելու ու նստատեղերով տոմսերի մասին խոսեցի, բայց չասացի, որ կա նաև տոմսերի երրորդ տեսակը, այն է՝ նստելով, բայց ազատ տեղերով, այսինքն՝ ով առաջինը գա, նա դիմացը կնստի: Դա էլ է լավ աշխատող մեխանիզմ: Բոլորը վճարում են նույն գինը, գնում են նույն տոմսը, բայց եթե առաջին շարք են ուզում, պիտի մինչև համերգասրահի դռները բացվելը հայտնվեն մուտքի մոտ ու սպասեն: Ի դեպ, եթե այս մեխանիզմը Երևանում էլ գործեր, այլևս ոչ ոք ուշացումով չէր ժամանի համերգներին:

Հա, Եվրոպայում համերգները միշտ ժամանակին են սկսվում: Եթե նույնիսկ ուշացում լինում է, ապա ոչ թե պատճառն ուշացող հանդիսատեսն է կամ տեխնիկական խնդիրները, այլ հենց կատարողի քմահաճույքը (ի դեպ, դրանից ահագին ներվայնանում եմ, բայց դե բան չես կարող անել. մարդիկ աստղային հիվանդություն ունեն):

Վերևի տեքստով փորձում էի հասկանալ, թե ինչ ունի Եվրոպան, որ մենք չունենք: Իսկ հիմա կփորձեմ լուծումներ գտնել: Ամեն ինչ պետք է սկսել այն հարցից, թե ինչու երաժիշտները չեն գալիս մեզ մոտ (հա, Հայաստանում ինչ-որ բերովի է, ոչ թե էկովի): Կարծում եմ՝ սխալ քաղաքականության արդյունք է: Մի հատ եկեք նայենք մեր աշխարհագրական դիրքին: Ոչ ոք ո՛չ Հայաստան է գալիս, ո՛չ Վրաստան (բայց գոնե Զեմֆիրան էնտեղ գնում է), ո՛չ Պարսկաստան: Այսինքն՝ մենք կարող ենք մեր տարածքի համար համերգային կենտրոն դառնալ, համերգային տուրիզմը զարգացնել: Կարող ենք ունենալ էժան հոսթելներ, որ հարևան երկրներից ժամանած երաժշտասերները կարողանան գիշերել, հարմար ակումբներ, որոնք սովորական օրերին կարող են տեղական խմբերին ծառայել, բացօթյա բեմեր, որոնք կարող են անգամ քաղաքից դուրս գտնվել, որոնց շուրջը ճամբարային տարածք կլինի ու որտեղ հնարավորություն կլինի ամբողջական փառատոններ անցկացնելու:

Իսկ եթե տոմսերը չվաճառվե՞ն: Բայց մի րոպե… եկեք էդքան հսկայական տարբերություն չդնենք առաջին ու վերջին շարքերի տոմսերի միջև, եկեք ճիշտ նույն գները դնենք, ինչ Եվրոպայում (գուցե ավելի էժան, որովհետև ինչքան գիտեմ՝ Գերմանիայում գները համեմատաբար բարձր են կապված շոու-բիզնեսի բարձր հարկերի հետ, իսկ ես իմ տասնչորս համերգներից տասնմեկը Գերմանիայում եմ գնացել): Տեսնենք՝ ո՞վ չի ուզենա տարին մեկ-երկու անգամ 20 – 30 000 դրամ վճարել սիրելի կատարողի համերգին ներկա գտնվելու համար, հատկապես երբ դա լինելու է առաջին շարքերում, ոչ թե վերևներում ծվարած: Եթե ես իմանամ, որ նման հնարավորություն կլինի, հաստատ գումար կհավաքեմ: Ինձ խելախոսներ, այփեդներ ու եսիմինչ լեփթոփներ պետք չեն, ես ուզում եմ իմ գումարը համերգների վրա ծախսել:

Ըհը, հավեսով երազեցի: Մնում է սպասել ու տեսնել՝ Զեմֆիրան կամ Զազը կգա՞ն Հայաստան: Ու եթե գան, որտե՞ղ ելույթ կունենան: