Լիզա Հանիգանը, Դուբլինն ու ես

Շատ լավ հիշում եմ այդ երեկոն։ Հուլիսի վերջերն էր, թե օգոստոսի սկիզբը։ Կոպենհագենի միջազգային տան ձեղնահարկի խոհանոցում հավաքված ընթրիք էինք սարքում։ Մոռացել եմ, թե էլ ով կար ու ինչ ի վերջո սարքեցինք։ Բայց շատ լավ հիշում եմ գարեջրի բանկաս ձեռքիս ու իմ զրուցակից տղային։ Մոռացել եմ, թե ինչպես հասանք դրան, բայց.
— Միայն մի անգամ եմ ծանոթ խառնել, որ ինձ կուլիսներ մտցնի, այն էլ սիրածս կատարողի տեսնելու համար,֊ ասաց։
— Ո՞վ է սիրածդ կատարողը,֊ հարցրի։
— Լիզա Հանիգանը,֊ պատասխանեց,֊ լսե՞լ ես։ Իռլանդացի է։
— Անունը ծանոթ է, բայց չէ։

img_20181008_000913_449

Այդ երեկո գնացի տուն ժպիտը դեմքիս։ Տղան հեռախոսիս համարը կամ կապի որևէ միջոց չէր վերցրել, բայց վստահ էի, որ ինձ գտնելու էր։ Իսկ մինչ նրանից նամակ կստանայի, փնտրեցի Լիզա Հանիգանի անունն ու երգերը լսեցի։ Երբ վերջապես տղան ինձ չգիտեմ ոնց գտավ ու գրեց, պատասխանեցի. «Լիզա Հանիգանը հրաշալի է, ո՞նց մինչև հիմա չէի լսել»։

Տղայի հետ այլևս չեմ շփվում։ Ութ ամիս տևած վայրիվերումներից, իրարից հեռանալ֊մոտենալուց ու ցավից հետո ընդամենը մի քանի անգամ եմ տեսել նրան, որոնցից վերջինը՝ պատահաբար, Կոպենհագենում Լիզա Հանիգանի համերգի ժամանակ։ Ութ ամիս հետո տղայից երկու բան մնաց ինձ. լիքը ցավ ու Լիզա Հանիգանը։

Ես վերցրի Լիզային, դարձրի լրիվ իմը, իմ առօրյայի մի մասը։ Դեռ այն ժամանակ ես էի, որ հայտնաբերեցի չթողարկված We, The Drowned երգը ու միացրի նրա համար։ Դեռ այն ժամանակ սեփականացրի Լիզային, երգերը մտցրի մաշկիս տակ ու սկսեցի շնչակտուր սպասել նոր՝ At Swim ալբոմին։

img_20161001_000302
Մի անգամ էսպես նստած էի տանը, Մորթենը նկատեց նմանությունը, ֆոտո արեց ու ֆոտոշոփեց

Մորթենի հետ առաջին ժամադրության ժամանակ երբ հարցրեց ով է իմ սիրած կատարողը, մնացածների անունները մի կողմ դրած Լիզա Հանիգանի անունը տվեցի։ Ու դրանից հետո սովորություն դարձրի։ Լիզան ասես իմ սիրած կատարողների թեմայից խուսափելու միջոց լիներ. նրան ոչ ոք չէր ճանաչում, ոչ ոք երգերը չգիտեր, ոչ ոք չէր կարող ինձ թարս նայել նրա անունը լսելով։

Բայց Մորթենը գիտեր։ Գիտեր նաև Դամիեն Ռայսին։ Եղել էր համերգին, երբ Լիզան արդեն հեռացել էր խմբից։ Եղել էր նաև Լիզայի մի առանձին համերգի։ Գիտեր երգերը։ Ու երևի պատճառներից մեկն էլ հենց դա դարձավ, որ Մորթենին նորից տեսա, հետո՝ նորից ու նորից, հետո՝ ամբողջ կյանքում։

Կոլեգայիս հենց Լիզա Հանիգանի երգերը խնդրեցի միացնել, երբ պիտի պառկեի յոթ տեսլայանոց սկաների մեջ, որ ստուգումներ աներ։ Ու ամիսներ անց այս պատմությունը պիտի պատմեի Լիզային, պիտի ծիծաղեր։ Հենց Լիզայի երգերն էի լսում ամեն օր, երբ թեզս էի գրում։ Ռիտուալ էր դարձել. հասնում էի գրասենյակ, միացնում կոմպս, միացնում At Swim ալբոմը, լսում այնքան, մինչև թեզիս տեքստը սկսեր ինքնաբերաբար հոսել էկրանին։ Մինչև հիմա էլ երբ պիտի աշխատանքիս վրա կենտրոնանամ, միացնում եմ նույն ալբոմը։ Ընդամենը երկու֊երեք անց խրվում եմ այն գործի մեջ, որի վրա մի քանի ժամ շարունակ չէի կարողանում կենտրոնանալ։

Լիզայի անունը անգամ թեզիս շնորհակալությունների բաժնում կա. «Այս թեզը չէր գրվի առանց ուղեկցող լավ երաժշտության։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երաժիշտներին, որոնք իրենց երաժշտությամբ ակամայից նպաստել են գրելու ընթացքին։ Հատուկ շնորհակալություն Լիզա Հանիգանին, որին հայտնաբերել եմ իմ PhD֊ի ամենասկզբում և որի երաժշտությունը լսել եմ ամեն օր թեզս վերջացնելիս»։

Այս ամռանն էր, երբ Դուբլինի փողոցներով քայլելիս Լիզա Հանիգանի պաստառը տեսանք. Դուբլինի ազգային համերգասրահում Stargaze կոչվող դասական երաժիշտների խմբի հետ հոկտեմբերին երկու համերգ է տալու։ Համերգները Լիզայի պաշտոնական էջերից ոչ մեկում նշված չէին։ Այդ օրերին էլ ամերիկացի շեֆս պիտի Օրհուսում լիներ, այսինքն՝ պետք էր այնպես ճամփորդել, որ չբացակայեի նրա՝ էստեղ գտնվելու օրերին։ Բայց ամեն ինչ էնքան լավ դասավորվեց, որ հարմարացրեցինք Դուբլինում Լիզայի երկու համերգներին էլ ներկա գտնվել։

Դուբլինն այս անգամ ավելի հարազատ էր, քան երբևէ։ Սարսափելի ցուրտ էր ու աշուն։ Մի տեսակ ավելի իռլանդական էր, ավելի իսկական, ավելի բնական։ Այն ամառներն ու արևները, որ տեսել եմ այնտեղ, արհեստական էին։ Ամառվանից հետո նաև հասցրել էի իռլանդացի հեղինակ Սալլի Ռունիի երկու գրքերը կարդալ, որոնք երկուսն էլ Դուբլինում են տեղի ունենում, ու ամեն ծանոթ տեղով անցնելիս ասում էի՝ տե՛ս, սա Ռունիի գրքից է։

Իսկ Լիզա Հանիգանի երկու համերգներն իր Դուբլինում իմ կյանքի մի բացառիկ փորձառություն էին։ Դասական գործիքները Լիզայի երգերը կախարդական էին դարձրել։ Մարմինս փշաքաղվում էր դրանք լսելիս։ Իսկ իմ ամենասիրած We, The Drowned֊ի կատարումը երբևէ լսածս ամենասքանչելի կատարումներից էր։ Էն կարգի, որ հույս ունեի՝ համերգը վինիլով կթողարկվի, որ կարողանամ նաև տանը լսել նորից ու նորից։

Բայց մինչ այդ կան նաև ստուդիայի ձայնագրությունները, որոնք լսում եմ նորից ու նորից, որովհետև այսօր երեքշաբթի է, ամերիկացի շեֆս էստեղ է, ու ես պիտի կենտրոնանամ աշխատանքիս վրա անգամ ուշ երեկոյան։

Դուբլին, Ալանիս Մորիսեթ ու 90֊ականներ

Դուբլինի մասին վաղուց եմ ուզում գրել։ Ուզում եմ գրել, քանի թարմ է, քանի չեմ մոռացել: Բայց արդեն ավելի քան մի ամիս է անցել, ու այնտեղ անցկացրածս ամեն մի վայրկյանը պինդ֊պինդ պահում եմ հիշողությանս մեջ։

Երբ փոքր էի, երկու մեծ երազանք ունեի. Իռլանդիա գնալ ու Ալանիս Մորիսեթի համերգին ներկա գտնվել։ Մեծանալով Հայաստանում՝ ես կարող էի ինքս ինձ թույլ տալ այսքան իրականանալի ու այսքան շոշափելի երազանքներ ունենալ, որոնք Եվրոպայում մեծացող դեռահասի համար սովորական բաներ են։

Բայց երկու երազանքներս էլ իրականացրեցի 2012֊ին։Ալանիս Մորիսեթին տեսա Բեռլինում, իսկ դրանից երկու ամիս անց մեկնեցի Իռլանդիա: Բայց 2012֊ին մտքովս չէր անցնում, որ մի օր երկու երնեկ մի տեղում են հայտնվելու։ Մի օր Ալանիս Մորիսեթի համերգին ներկա էի գտնվելու Դուբլինում, ու այնտեղ լինելու էի սիրածս մարդու հետ։

Իմ ու Մորթենի ծանոթությունից շատ քիչ եմ գրել։ Բայց մեր հարաբերությունների զարգացման մեջ առանձնահատուկ դեր ունեցավ երկուսիս հետաքրքրվածությունը երաժշտությամբ ու մասնավորապես երկուսիս հետաքրքրվածությունը հենց Ալանիս Մորիսեթով։ Հետևաբար, միասին նրա համերգին ներկա գտնվելը միայն ու միայն կախված էր Ալանիս Մորիսեթի՝ երաժշտական աշխարհ վերադառնալուց։

Բայց Դուբլինը միայն Ալանիս Մորիսեթը չէր։ Հայտարարված շրջագայությունից հենց Դուբլինն էինք ընտրել, որովհետև այն քաղաք էր ինքն իրենով, որտեղ կարելի էր անվերջ վերադառնալ ու չհոգնել, որտեղ կարելի էր ամառային արձակուրդի մի մասն անցկացնել, որտեղ պարզապես լիքը գրականություն ու երաժշտություն կա, ու հաստատ ոչ մի վայրկյան չես ձանձրանա։

Վարձեցինք հենց այն նույն հյուրատունը, որտեղ երեք տարի առաջ մնացել էի. համերգը նույն տեղում էր, ինչ երեք տարի առաջ Դամիեն Ռայսինը։ Իսկ ես շշմել էի, որ մեզ բաժին ընկավ հենց այն նույն սենյակը, ինչ երեք տարի առաջ։ Բայց հիմա երկուսով էինք երեք հոգանոց սենյակում։ Սենյակում ամեն ինչ նույնն էր, անգամ թեյի բաժակներն էին նույնը։ Միակ տարբերությունն այն էր, որ տոթ էր, ու պատուհանները բաց էինք թողնում գիշերը։ Իսկ երեք տարի առաջ սենյակի անկյունի դատարկ մահճակալի վրա անձրևի կաթիլներն էին կտկտում։

Երեք տարի առաջ Իռլանդիայում հայտնվել էի լրիվ կոտրված։ Գնացել էի այնտեղ վերականգնվելու, ու երևի ստացվեց, որովհետև երեք տարի անց նորից Իռլանդիայում էի, նորից նույն սենյակում ու կյանքիս ամենալավ հատվածում։

DSC_2350.JPG

Առաջին օրը ես ու Մորթենը Դուբլինում թափառեցինք։ Երկրորդ օրը նույնպես թափառեցինք։ Երրորդ օրն էլ։ Մորթենը նախկինում Դուբլինում շատ կարճ ժամանակով էր եղել, իսկ ես բոլոր հետաքրքիր ծակուծուկերը գիտեի։ Հերթով անցնում էինք իմ սիրելի վայրերով, ու պատմություններ էի պատմում։

Բայց մեր այցելության գլխավոր իրադարձությունը հենց համերգն էր, իսկ առաջին շարքերում տեղ զբաղեցնելու համար այգում հայտնվել էինք դեռ կեսօրին, որ հերթի մեջ տեղ պահենք։ Ու անհամբեր էինք։

Ալանիսը շատ էր մեծացել։ Եվ սա ասում եմ ոչ միայն 1995֊ի համեմատ, երբ քսանմեկ տարեկան էր ու երբ նրան միայն էկրանից էի տեսնում, այլ հենց 2012֊ի։ Բեմի վրա վազվզելու համար երբեմն էներգիան չէր հերիքում, երբեմն բառերն էր մոռանում։ Բայց ո՞վ էր սպասելու, որ Ալանիսը հիշի բառերը։ Հանդիսատեսն ինքն էր երգում։ Հանդիսատեսը լրիվ մեկ էր դարձել, ու կարծես բոլորս հավաքվել էինք մեր դեռահասությունը հիշելու։ Ու հանդիսատեսը ներողամիտ էր, որովհետև հանդիսատեսն էլ էր մեծացել։

IMG_20180705_205541.jpg

Ալանիս Մորիսեթի երգերի տակ մի ամբողջ սերունդ է մեծացել։ Մի ամբողջ սերունդ նրա բոլոր երգերն անգիր գիտի։ Կանանց մի ամբողջ սերունդ ազդվել է ու ավելի անկախ, ավելի անվախ ու ավելի անկեղծ դարձել։ Ու այդ սերունդը հավաքված էր Դուբլինում, այդ սերունդը ձայնակցում էր, այդ սերունդը հուզվում էր։

Իսկ ես մեծացել էի Հայաստանում։ Մեծացել էի Ալանիս Մորիսեթի երգերը ռադիոներից կասետների վրա ձայնագրելով, Պրահայից բերված երաժշտական ամսագրերից նրա նկարները կտրտելով, ամեն անգամ Հայաստանից դուրս գնացող ծանոթ֊բարեկամիս խնդրելով, որ նրա ձայնասկավառակներից բերի։ Մեծացել էի որպես իմ շրջապատից տարբերվող, որպես Հայաստանում Ալանիս Մորիսեթի երգերի տակ մեծացող միակ դեռահաս, որին բոլորը մատով էին ցույց տալիս ու «փոքրիկ Ալանիս» ասում։ Մեծացել էի առանց իմանալու, որ Դուբլինում Ալանիս Մորիսեթի երգերն իմանալու մեջ արտառոց բան չկար։

Համերգից հետո գնացինք մեկ այլ «համերգ»։ Մոտակա մի ակումբում Sing Along Social նախագիծն Ալանիս Մորիսեթի երեկո էր անցկացնում։ Ասել կուզի՝ հնչելու էր նրա Jagged Little Pill ալբոմն ամբողջությամբ, իսկ ներկաները հետը երգելու էին։ Ու համերգի ժամանակ կենդանի Ալանիսին ձայնակցող հանդիսատեսը համերգից հետո արդեն հարբած վիճակում լցվել էր ակումբ։ Ակումբում ներկաներն այլևս հանդիսատես չէին, այլ կատարող էին։ Բեմի վրա, պատերի տակ, բարի հերթի մեջ, սեղանների շուրջ, դռան մոտ։ Ներկաների կազմը բավական միապաղաղ էր. մոտ հարյուր կին մոտավորապես իմ տարիքի, մի քանի նույնասեռական տղամարդ, ու մեկ էլ Մորթենը։

Ինձ զարմացրել էր, թե իռլանդացիներն ինչպես են կարողանում ամենայն անկեղծությամբ ուրախանալ։ Ինձ զարմացրել էր, թե ինչպես էին բոլորը միաձայն երգում, բոլորը միասին պարում, ինչպես բոլորը բոլոր երգերի բառերը գիտեին, ինչպես էին մոտենում ու խոսում անծանոթների հետ, գրկում անծանոթներին։ Ակումբում ամենամաքուր ուրախությունն էր, որը զուրկ է ցանկացած ձևականությունից։

Ակումբում ինչ֊որ մի պահ ինչ֊որ մեկը սկսեց պլաստմասայե գդալներ բաժանել։ Սկզբում չէի հասկանում՝ ինչի համար էին։ Բայց երբ հնչեց Ironic֊ը, այդ բոլոր գդալներն օդ բարձրացան “It’s like ten thousand spoons” տողի հետ։

Իսկ Ալանիս Մորիսեթից հետո դիջեյը 90֊ականների այլ կին կատարողների երգեր միացրեց։ Մեկը մյուսի հետևից հնչում էին 90֊ականների սիրածս կատարողները սիրածս երգերով։ Ու բոլորը միասին երգում ու պարում էին։ Զարմացել էի։ Զարմացել էի նաև, որ այս երգերն ուրիշներն էլ անգիր գիտեն, որ սրանց տակ պարել կարելի է, որ ավելի քան հարյուր հոգի պարում է դրանց տակ։ Զարմացել էի, որովհետև երբ դեռահաս էի, զանազան քեֆերի ներկայանում էի հենց այս նույն փլեյլիսթով ու հենց այս նույն երգերը ոչ ոք միացնել չէր սիրում։ Ինձ միշտ ասում էին՝ սրանց տակ պարել հնարավոր չէ։ Ասում էին, ու հավատում էի։ Հավատում էի մինչև այդ գիշերը Դուբլինում։

Դուբլինում մեր հաջորդ օրն անցկացրինք թափառելով, գրախանութից գրախանութ մտնելով, լեպրեկոնների թանգարան գնալով, Ջոյսին բարև տալով ու դեռ չպատմված մնացած պատմություններով։

Հոկտեմբերին էլի ենք գնալու Դուբլին։ Այս անգամ Լիզա Հանիգանի համերգին, այս անգամ միանգամից երկուսը։ Ալանիս Մորիսեթն իմ դեռահասության կատարողն է, Լիզա Հանիգանը՝ հասունության, իսկ Դուբլինն այն քաղաքն է, որտեղ իմ Եսի բոլոր կտորները հանդիպում են իրար։

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 9, Կապույտ երազ

Յոենսուի լավ կողմերից մեկն այն է, որ քանի որ քաղաքում ոչինչ չի կատարվում, ամեն հետաքրքիր բան իրականացնելը քեզ վրա է։ Կարող ես զբաղվել էնպիսի բաներով, որոնց համար առաջ երբեք ժամանակ չէիր գտնում։ Ավելին՝ կարող ես միանալ հետաքրքրություններդ կիսող մարդկանց ու նրանց հետ զբաղվել քո ուզած բանով։

Երբ նոր էի տեղափոխվել էստեղ, ես էլ էդպիսի պայծառ մտքեր ունեի է՛լ ֆիլմի դիտումների, է՛լ հայերենի լեզվի կաֆե անցկացնելու, է՛լ ընթերցանության ակումբի, է՛լ երաժշտական երեկոների։ Բայց անիմաստ լավատես էի, որովհետև շուտով խրվելու էի աշխատանքի մեջ, ու միակ բանը, որ կարողանալու էի երբեմն-երբեմն կազմակերպել, սրճելը կամ տանն ընթրիքներն էին։

Այնուամենայնիվ, վերջերս Դինարան ֆեյսբուքով մեկ շուխուռ գցեց, որ հավաքում է բոլոր նրանց, ովքեր միասին նվագել-երգելու հավես ունեն, թե հետաքրքրվողներ կան, թող ձայն հանեն։ Միանգամից գրանցվեցի, հետն էլ սկսեցի ԴԴՏ-ի Это всё-ն ուկուլելեով պարապել։ Թե ինչու էդ երգը, չեմ կարող հստակ բացատրել։ Մենակ էն գիտեմ, որ նկատել էի, որ խմբում լիքը ռուսներ ու ռուսախոսներ կան։ Ուզեցի ռուսերեն որևէ երգ ընտրել, քանի որ ընտրված բոլոր երգերը կա՛մ անգլերեն էին, կա՛մ ֆիններեն։ Это всё-ն իմացածս ռուսերեն երգերից երևի ամենաանշառն էր։ Բայց որ պարզվեց՝ ուկուլելեով ահագին հեշտ է, էդ հաստատ։

Բազմալեզու երաժշտական ակումբի (այդպիսի անուն էր Դինարան տվել խմբին) առաջին հանդիպումն էսօր էր։ Ճիշտ է՝ իմ աշխատանքի համեմատ ցերեկային ժամ էր, բայց որոշեցի գործս ընդհատել, միանալ մի երկու ժամով, մանավանդ որ հենց մեր մասնաշենքի լսարաններից մեկում էլ հանդիպելու էինք։

Ընդհանրապես, Դինարան իմ Յոենսուի սոցիալական շրջանակի կարևոր մաս է կազմում։ Հետաքրքիր բան է․ երբ առաջին անգամ հանդիպել էի նրան, հաստատ գիտեի, որ երբեք մտերիմ ընկերներ չենք լինի։ Հիմա էլ եմ դրանում վստահ։ Բայց Դինարան կարևոր ներդրում ունի Յոենսուի սոցիալական կյանքում։ Իր էքստրավերտության շնորհիվ չի քաշվում նոր մարդկանց հետ ծանոթանալուց, այդ նոր մարդկանց տարբեր տեղեր կանչելուց կամ զանազան միջոցառումներ կազմակերպելուց։ Հա, ու մեկ-մեկ էլ միասին լանչի ենք գնում, երբեմն՝ Սաթուն էլ մեզ հետ։

Մի խոսքով, էսօր էդ օրն էր։ Դինարան եկավ Իրինայի հետ՝ մի ռուս տիկին, որը տասնութ տարի է, ինչ Ֆինլանդիայում է։ Իրինան պրոֆեսիոնալ դաշնակահարուհի է, ու պիտի նվագակցեր նապապես ընտրված հինգ երգերին։ Փնփնթաց, թե Ռիչարդ Մարքսի Right Here Waiting for You-ն ահագին բարդ երգ է, չենք կարողանալու երգել։ Հետաքրքիրն այն է, որ ի վերջո ամենալավ ստացված երգերից մեկը հենց դա էր։ Երևի նրանից էր, որ բոլորիս ծանոթ էր։

Հերթով սկսեցին գալ տարբեր ազգության ջահելներ։ Մի ֆին էլ կիթառով էր։ Ես իմ ուկուլելեն մի խորը տեղ պահեցի, որ ոչ ոք չասի՝ նվագի։ Սկսեցինք մի ֆիննական օրորոցայինով՝ Sininen uni (Կապույտ երազ)։ Հետաքրքիր է՝ երգի ինչ տարբերակ գտնում եմ Յություբում, ոչ մեկն էնքան սիրուն չի հնչում, ինչքան մեր կատարումն էր։ Իսկ ես դժգոհում էի, թե երգել չգիտենք։

Հետո անցանք Yesterday-ին։ Երևի եղածներից միակ երգն էր, որ քնից էլ հանեին, կերգեի։ Տարիներ առաջ, երբ կիթառի էի գնում, նվագում ու երգում էի Yesterday-ը։ Հիշում եմ՝ կիթառով ահագին բարդ էր։ Ուզեցի ուկուլելեով էլ փորձել, բայց էլի բարդ էր, զահլա չարեցի։

Մեկ էլ Голубой вагон-ը երգեցինք։ Էն երգերը, որոնք մեծամասնությունը չգիտեին, սկզբում մի երկու անգամ լսում էինք Յություբով։ Голубой вагон-ն էլ բացառություն չէր, բայց պարզվեց՝ երգի ֆիններեն ու անգլերեն տարբերակներն էլ կան։ Ու քանի որ ներկաների միայն կեսը ռուսերեն գիտեին, Դինարան որոշեց անգլերենի վրա կենտրոնանալ։ Ու էն տարբերակը, որը հնչեց էկրանից, ուղղակի կախարդական էր։

Կատարեցինք երգը ու վերջում մի տուն նաև ռուսերեն երգեցինք։ Հետաքրքիր զգացողություն էր․ կանգնած ես ֆիննական մի կորած քաղաքում ու երգում ես քո մանկության երգերից մեկը ուրիշ՝ քո չափահասության, պրոֆեսիոնալ ու անձնական կյանքի լեզվով։ Հետո պիտի գայի տուն ու փորփրեի այս աղջկա ալիքը ու լիքը սիրուն կատարումներ գտնեի։

Երաժշտական ակումբի հանդիպմանը մինչև վերջ չմնացի։ Հետ գնացի աշխատասենյակս ստատիստիկայի տնայինները ստուգելու ու այլ մանր-մունր պոչերով զբաղվելու, որ հանգիստ շաբաթ-կիրակին վայելեմ․ գիշերը Մորթենը գալիս է։ Բայց երաժշտական ակումբը շատ հավես բան էր։ Հիշեցի այն կիրակնօրյա առավոտը, երբ Մառլենը մեզ հյուր էր եկել, ու երեքով զանազան երգեր էինք նվագում ու երգում ու հարևաններին գժվացնում։

Bang

Ընդհանրապես, երգեր հազվադեպ եմ տեղադրում բլոգումս, բայց էս մեկն ուղղակի չեմ կարող չտեղադրել։ Թորի Էյմոսի Bang-ը 2017-ի իմ ամենասիրած երգն էր և ընդհանրապես բոլոր ժամանակների սիրածս երգերից է։

Ընդհանրապես, չեմ սիրում, երբ իմ սիրելի կատարողների երգերը որևէ ուրիշ մեկը վերակատարում է։ Մի տեսակ ջղայնություն է իջնում վրաս․ թե չէիր կարող ավելի լավ, չանեիր։ Մի կողմից էլ ինչ-որ բանի գողացվածության զգացողություն է։

Բայց էս մի վերակատարումն ուղղակի հրաշք է։ Մարմնովս սարսուռ անցավ լսելիս, աչքերս էլ մի քիչ լցվեցին։ Վայելեք։

 

Պրոֆեսորները ռոք անել չգիտեն

Թե ինչպես սոցիալիզացիայի ի սպառ բացակայությունն ընդամենը մի օրում վերածվեց սոցիալական գերծանրաբեռնվածության, ու ես սկսեցի վախենալ, որ աշխատանքս չեմ հասցնի, մի առանձին երկար պատմություն է, ու անպայման դրա մասին մոտ ժամանակներս կգրեմ։ Բայց հենց այդ թոհուբոհի ընթացքում էր, որ գնացի Քերուբի՝ պրոֆեսորների ռոքը լսելու։

Իսկ պրոֆեսորների ռոքն ամենամյա միջոցառում է, որին մասնակցում են ֆիննական համալսարանների դասախոսական անձնակազմից բաղկացած երաժշտական խմբեր։ Այս տարի Յոենսուն էր հյուրընկալում միջոցառումը։

Էնտեղ չէի հայտնվի, եթե Դինարան՝ մեր ամբիոնի PhD ուսանողներից մեկը չգրեր։ Իրականում հայտարարության էկրաններին վաղուց էի տեսել, որ այս շաբաթ Քերուբիում նման բան է սպասվում։ Բայց ականջի հետև էի գցել, որովհետև հետս գնացող չունեի, ու աշխատանքի մեջ էլ խեղդվում էի։

Թե ինչպես Դինարայի հետ ծանոթացա, վերևում նշված պատմության մի մաս է կազմում, ու այստեղ չեմ մանրամասնի։ Պարզապես ասեմ, որ առաջին անգամ պիտի Քերուբիում հանդիպեինք։

Քանի որ Դինարան վոլեյբոլի էր, իսկ ես երեկոյան ազատ էի, որոշեցի նրանից շուտ գնալ Քերուբի ու լսել նաև մեր համալսարանը ներկայացնող խմբին։ Այդ խմբով հատկապես հետաքրքրված էի, որովհետև նրանց մեներգչուհին Ֆինլանդիայի տաղանդի հաղթողներից էր։ Էդպես ուսապարկիցս հանեցի ամենակարևոր բաները, որ հետս վերցնեմ․ հեռախոս, կրեդիտ քարտ ու բանալիներ։ Մտածեցի՝ անձը հաստատող փաստաթղթի կարիք չի լինի, բայց դե մարդ ես, վերցրի հետս։

Ու ճիշտ արեցի, որովհետև Քերուբիի աշխատողն ինձնից անձը հաստատող փաստաթուղթ պահանջեց։

— Էդքան ջահե՞լ եմ երևում,- հարցրի։
— Որպես կոմպլիմենտ ընդունիր,- ասաց, մինչ ես կհանեի նույնականացման քարտս։ Երբ ցույց տվեցի, աչքերը թռան ճակատին, ծիծաղեց։ Իսկ ես ինձ հույս տվեցի, որ հավանաբար ցածր հասակս ու գունավոր գլխարկս էին պատճառը, որ ինձ անչափահասի տեղ դրեց։

Ներս մտնելուց հետո հաջորդը բանը, որ նկատեցի, շեֆս էր։ Այ քեզ բան․ ինքն էնտեղ է։ Մնում էր հուսալ՝ ուսանողներիցս էլ կլինեն, որ բալանսը պահպանվի։ Շեֆիս քեֆը լավ էր․ երևի արդեն մի երկու բաժակ գարեջուր հասցրել էր։ Մի քիչ դասեր-մասերից խոսեցինք, հետո ինձ մենակ թողեց։

Իսկ դահլիճում կատաստրոֆիկ վիճակ էր։ Ներկաները բոլորը պլպլան շորերով էին, ու ես իմ ջինսերի մեջ ինձ վատ զգացի։ Հետո մտածեցի՝ ռոք համերգ ո՞վ է պլպլան շորերով գնում։ Էստեղ սխալն իրենք են, ոչ թե ես։ Իսկ բեմի դիմացը լրիվ դատարկ էր․ մարդիկ խմբվել էին դահլիճի ծայրում ու մոտ չէին գալիս։

Երբ Ֆինլանդիայի տաղանդը սկսեց երգել, պլպլան շորերով մի քանի կանայք հայտնվեցին դահլիճի կենտրոնում ու սկսեցին տուտուզներն աջ ու ձախ շարժել․ պարում էին։ Ու էս դասարանի քեֆային վիճակները հակադրվում էին Էնսիֆերումի՝ երկու շաբաթ առաջվա համերգին, երբ բեմի դիմաց մարդիկ այնքան խիտ էին դասավորվել, որ անհնար էր շարժվել առանց կողքինիդ կպնելու։ Ու բոլորը միասին գլուխներն էին թափ տալիս։ Անկեղծ ու բաց մթնոլորտ էր։

Իսկ այսօր կենտրոնում հավաքված բոլոր մարդկանց վրայից կեղծիքը թափվում էր, ու դա մի տեսակ ծիծաղելի էր, բայց հետս մարդ չկար, որ ծիծաղեի։ Ֆինլանդիայի տաղանդի խումբն էլ ահավոր մի բան էր։ Այն աստիճանի, որ կեսից դուրս եկա միջանցք, որ չտեսնեմ ու չլսեմ նրան։

Դինարան եկավ մի ժամ անց։ Ասաց, որ ինքը պարել շատ է սիրում ու հույս ունի՝ երաժշտությունը լավը կլինի, ոչ թե մետալ, որի ժամանակ մարդիկ գլուխներն են թափ տալիս։ Նայեցի Դինարային, նայեցի բեմից հնչող երաժշտությանը ու հասկացա, որ երեկոն երկար է լինելու, շա՜տ երկար։

Ու քիչ անց Դինարան թևիցս քաշեց, բերեց դահլիճի կենտրոն՝ պարահրապարակ, ու մենք դարձանք այն պարողները, որոնք քիչ առաջ այնքա՜ն ծիծաղելի էին թվում։ Մի կերպ կաշկանդված շարժումներ էի անում՝ դահլիճի ծայրում շեֆիս հայացքը մեջքիս վրա զգալով և ուղղակի ամբողջ ինտրովերտ կողմս ջրի երես հանած՝ երազելով հարմարավետ բազմոցի ու տաք թեյի մասին։ Տեսնողը չէր հավատա, որ ընդամենը երկու շաբաթ առաջ ես էի Էնսիֆերումի համերգին էնպես տժժում, որ ամբողջ երկու օր վիզս բռնվել էր։

Հանկարծ հայտնվեց Ռիտա Սարգսյանի ճիշտ նմանակը ու նրա պես պարելով անցավ դահլիճի մի ծայրից մյուս ծայրը։ Ու ես հաստատ կմտածեի, թե Ռիտա Սարգսյանն է, եթե չգար ու ֆիններեն չհարցներ․ Kuka sinä olet? Քանի որ Ռիտա Սարգսյանի հետ ծանոթանալու ցանկություն բնավ չունեի, ինձ լրիվ էշի տեղ դրեցի ու ասացի, որ ֆիններեն չեմ հասկանում։

Իսկ այդ արտահայտությունը, որ նշանակում է «Ո՞վ ես դու», հանկարծ շատ կոպիտ թվաց։ Լսարանային տարածքում երբևէ հարցականի տակ չէի դրել արտահայտության քաղաքավարության աստիճանը ու երբեք չէի մտածել, որ այն իսկապես գործածում են ֆինները ծանոթանալիս։ Ու փաստորեն Ռիտա Սարգսյանը հայտնվել, հարցնում էր՝ «Ո՞վ ես դու»։

Դինարայի աչքից չվրիպեցին իմ անհավես պարային շարժումները, ու առաջարկեց նստել։ Ասաց, որ հոգնած եմ երևում։ Իսկապես հոգնած էի․ անտանելի ծանր շաբաթ էր, ու դեռ շաբաթ-կիրակի էլ պիտի հասցնեի, որ մյուս շաբաթվա դասավանդվելիք տասը ժամին հասցնեի։ Բայց եթե համերգը ձանձրալի չլիներ, դժվար երկու լոնկեռոյից հետո այդքան անհավես լինեի։

Տամպերեի համալսարանը ներկայացնող խումբը գոնե էսթետիկորեն նայվում էր․ խմբի բոլոր անդամները տարիքն առած սպիտակամազ պրոֆեսորներ էին, ու հավես էր նրանց բեմի վրա տեսնելը։ Բայց երաժշտական առումով նույն ախմախությունն էր։

Չէ, պրոֆեսորները հեչ չեն կարող ռոք նվագել։ Ավելի լավ է՝ իրենց գիտությամբ զբաղվեն։

Նախասիրություններ․ երաժշտություն

Քանի որ իմ բլոգային կենսագրության ընթացքում բոլոր նախասիրություններիս մասին բոլ-բոլ գրել եմ, որոշեցի էս թեմայի շրջանակներում անդրադառնալ դրանցից մեկին, բայց ոչ թե հենց էնպես, այլ թե ինչպես են սովորություններս փոխվել հարաբերության ներսում։

Ավելի քանի երկու տարի առաջ ակումբում մի էսպիսի գրառում արեցի․

Էս վերջերս ես ինձ համար հայտնագործություն եմ արել. կարևոր ա ոչ թե ինչ երաժշտություն ա մարդ լսում, այլ՝ ոնց ա լսում: Ինձ համար դա ֆունդամենտալ հարց ա, դա նենց բան ա, առանց որի հարաբերություններ չեն ստացվի: Բացատրեմ ինչու: Ես արթուն ժամանակ միշտ երաժշտություն եմ լսում: Հենց էս պահին էլ լսում եմ: Ու շատ եմ գնում կենդանի համերգների, սաղ փողերս դրանց վրա եմ ծախսում: Ու լինել մի մարդու հետ, որն էս ամենը չի հասկանում, ես ուղղակի չեմ պատկերացնում: 

Ոմանք զարմացան, ոմանք հիվանդագին համարեցին նման մոտեցումը, բայց հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ամեն ինչ բառ առ բառ ճիշտ եմ գրել, ու իրոք բավական բարդ կլիներ ինձ համար ապրել մի մարդու հետ, ով էս մի նախասիրությունս չի կիսում։ Հենց դրա համար էլ բոլորի միջից ընտրեցի մեկին, ով ինձ նման երաժշտասեր է ու ամբողջ օրը երաժշտություն է լսում ու համերգների գնում։

Մենք մոտավորապես նույն տիպի երաժշտություն ենք լսում։ Ճիշտ է՝ երևի չկա էնպիսի կատարող, որին երկուսս էլ հավասարապես սիրենք։ Բայց նաև շատ քիչ են էնպիսիք, որոնց մեկս սիրում է, մյուսը՝ տանել չի կարողանում։ Լուծումը շատ հեշտ է․ երբ երկուսս էլ տանն ենք, այդ կատարողներից ոչ մեկին չենք լսում։

Բայց միասին ապրելու արդյունքում փոխվել են նաև երաժշտություն լսելու միջոցներս։ Ժամանակին իմ սիրելի կատարողների ձայնասկավառակներն էի գնում ու ընդհանուր առմամբ երաժշտությունը Սփոթիֆայից լսում։ Հիմա ձայնասկավառակ լսելու տեխնիկական հնարավորության բացակայության ու տանը վինիլային սկավառակ լսելու հնարավորության առկայության պայմաններում դադարեցրել եմ ձայնասկավառակների գնումը՝ անցնելով վինիլային սկավառակների։

Հետո, Մորթենը ձայնի որակով շատ է տարված։ Դրա համար տանը մենակ որակյալ բարձրախոսներ են, ու ընդհանրապես երաժշտությունը կա՛մ վինիլներով ենք լսում, կա՛մ Մորթենի բարձրորակ թվային նվագարկիչով։ Մինչև բոլորովին վերջերս Սփոթիֆայի հաշիվս էլ էինք գործածում․ ի վերջո, հարմար տարբերակ էր, երբ մեր ուզած երաժշտությունը ոչ մի ֆորմատով չունեինք։ Բայց բաժանորդագրությունս դադարեցրի այս ամիս։ Պատճառներից մեկն այն էր, որ հանկարծ շատ ուժեղ զգացի որակյալ թվային ֆորմատի ու Սփոթիֆայի որակային տարբերությունը։ Բայց մնացած ավելի լուրջ պատճառների մասին առանձին գրառման տեսքով մի օր կպարզաբանեմ։

Համերգները շարունակում են առօրյայիս մասը մնալ։ Ավելին՝ ինչ միասին ենք, ավելի հաճախ ենք համերգ գնում, որովհետև ի վերջո մենք ունենք առանձին կատարողների ցուցակ, որոնց ուզում ենք տեսնել, ու ցուցակը ոչ միշտ է համընկնում (մինչև հիմա երևի միայն երկու դեպք է եղել, երբ երկուսս էլ հավասարապես ցանկացել ենք նույն համերգին գնալ․ Փաթի Սմիթ ու Garbage): Իհարկե, եթե Մորթենն է ուզում մեկի համերգին գնալ, դա բնավ չի նշանակում, որ ես կտրականապես դեմ եմ նրա հետ գնալուն։ Ավելին՝ դա օգնում է, որ ինքս ինձ համար նոր կատարողների բացահայտեմ կամ փորձեմ ծանոթ կատարողին մի քիչ ուրիշ աչքերով նայել։ Նույնն էլ իր դեպքում է։ Ասենք, Թորի Էյմոսին մինչև ինձ հետ ծանոթանալն ինքը գիտեր, բայց միայն մի քանի երգով։ Ու միայն ինձ հանդիպելուց հետո սկսեց ավելի խորը ուսումնասիրել դիսկոգրաֆիան ու նաև ինձ հետ համերգներին գնալ։

Մորթենն էլ ինձ նման սիրած կատարողի համերգին ներկա գտնվելու համար կհասնի ուրիշ երկիր։ Ավելին՝ ինձ կընկերակցի, եթե իմ սիրած կատարողի համերգն է։ Էդպես մի անգամ Համբուրգ ենք գնացել Զեմֆիրային տեսնելու։ Էս շաբաթ էլ Բեռլին ենք գնալու իմոնցից Թորի Էյմոսին ու Մորթենի սիրելիներից Վաքսահաչիին տեսնելու։ Իրականում երկուսն էլ Կոպենհագենում էլ համերգ ունեն, որոնց գնացել/գնալու ենք։ Բայց որոշեցինք էս անգամ մի քիչ մեզ երես տալ։

Երաժշտության նկատմամբ մեկ այլ փոփոխություն է նաև այն, որ սկսել եմ նաև նվագել ու երգել։ Մորթենն ամեն կերպ քաջալերում է ուկուլելե կամ կիթառ նվագելս։ Յոենսուում էլ տանը դաշնամուր կա, որը մեկ-մեկ ծլնգացնում եմ։ Հետո նաև ահագին երգում եմ։

Մեկ էլ սիրում ենք իրար երաժշտական հարցեր տալ․ ո՞վ է երգում, երգի անունն ի՞նչ է, ո՞ր ալբոմից է և այլն։ Էդպես նաև հաճախում ենք երաժշտական քուիզների ու գրեթե միշտ հաղթում ենք։ Տանն էլ հաճախ կարող ենք ամբողջ երեկո անցկացնել իրար հարցեր տալով։

Մի խոսքով, էս մի նախասիրությունս գոնե ահագին շահել է հարաբերությունիցս։ Հիմա որ հետ եմ նայում, մտածում եմ՝ ինչքան ահավոր կլիներ, եթե երաժշտություն չսիրող մեկի հետ լինեի։ Ու հասկանում եմ, որ ընտրություն անելիս իրոք կարևոր չափանիշ էի դրել իմ առաջ, որից միայն շահել եմ։

 

Starsailor-ը տասներեք տարի անց

Ինձ հիշում եմ տասնվեց տարեկանում, երբ երեկոյան կենսաբանության պարապմունքից տուն էի գնում ու ականջակալներով Starsailor-ի Tie Up My Hands-ն էի լսում: Հիշում եմ նաև մեր հավաքույթները Նոնայենց տանը: Երբ այդ երգը միանում էր, անջատվում ու պառկում էի գետնին ու մյուսները ֆոտոներ էին անում: Հիշում եմ Պրահայում խմբի առաջին ալբոմը գնելն ու այն երգերն անգիր անելու աստիճանի լսելը: Հիշում եմ նաև, թե ինչպես էին ընկերներս դիսկը ձեռքից ձեռք խլում, կասետների վրա ձայնագրում կամ կոմպերի, իսկ ավելի ուշ՝ հեռախոսների մեջ գցում երգերը:

2003-ին խմբի երկրորդ ալբոմը դուրս եկավ, որը ճարվում էր նաև Երևանում: Լսեցի: Լավն էր, բայց շատ լավը չէր: Ու դրանից հետո չիմացա՝ ինչ եղավ նրանց: Մի քանի երգ հեռախոսիս մեջ ման էի տալիս, ընկերական հավաքույթներին էլի լսում էինք նրանց, բայց միայն այդքանը: Իսկ երբ Եվրոպա տեղափոխվեցի ու սկսեցի փորփրել, թե երբևէ իմացածս կատարողներից ով երբ է համերգ տալու, հայտնաբերեցի, որ Starsailor-ը 2009-ից հետո ցրվել է: Ուրեմն նրանց երբևէ կենդանի տեսնելու հույս չկար: Բայց այս տարվա օգոստոսին հանկարծ պարզում եմ, որ այս աշուն շրջագայում են ու Կոպենհագենում համերգ են տալու: Այդ համերգը երեկ էր: Գնացի համերգին ու գնացի ոչ մենակ: Գնացի մեկի հետ, որի հետ համերգները նույնիսկ ավելի լավ են անցնում, քան երբ մենակ եմ լինում:

Պիտի տեղի ունենար մեծ Վեգայում, բայց համերգից մոտ մի շաբաթ առաջ տեղափոխեցին փոքր Վեգա. տոմսերը շատ չէին ծախվել: Իսկ փոքր Վեգան ցածր բեմով պստիկ դահլիճ է, ու եթե առաջին շարքում ես կանգնում, թվում է՝ կատարողի հենց քթի տակ ես: Եվ անգամ փոքր Վեգան առանձնապես լիքը չէր. մարդիկ իրարից հեռու-հեռու էին կանգնել:

Համերգը սկսվեց Four to the Floor-ի ձայնագրությամբ, որի ընթացքում երաժիշտները բեմ բարձրացան: Վերջում նոր հենց ուղիղ մեր գլխավերևում հայտնվեց խմբի առաջնորդ Ջեյմս Ուոլշը: Համերգը բացեցին Poor Misguided Fool-ով: Երևի խմբի ամենահայտնի երգն է: Եթե այս գրառումս կարդացողները երբևէ լսել են Starsailor, ապա ամենայն հավանականությամբ հենց այդ երգն է:

Հետո հերթով կատարեցին երգեր հիմնականում առաջին՝ Love Is Here դիսկից (ալբոմի տասնմեկ երգերից յոթը հնչեց բեմից), բայց արանքներում մտցնելով նաև մնացած ալբոմների երգերից: Հետաքրքիր էր, որ բեմի վրա ավելի ռոքոտ էին, քան ձայնագրություններում: Ջեյմսն էլ մի տեսակ ոնց որ մեծացած լիներ էդ երգերի համար ու էնքան էլ չսազեր դրանց: Համենայնդեպս, ձայնի մելանխոլիկ տոնը չկար: Բայց մեկ է, հավեսով էր կատարում դրանք: Էն նույն սիրուն Սքոթն էր՝ նրբիկ դիմագծերով ու թիթիզ սանրվածքով: Ձախ ձեռքին ամուսնական մատանին էր, որը պարզ երևում էր, երբ կիթառի գրիֆի վրայով անցնում էին մատները:

Հանդիսատեսը հիմնականում իմ հասակակիցներից էր բաղկացած՝ էն ժամանակվա տասնվեց տարեկաններից: Ու զգացվում էր, որ շատերը լավ ծանոթ են խմբին, որովհետև ամբողջ ընթացքում հետները երգում էին: Անգամ ինքս ինձ վրա զարմացա, որ էդքան երգ անգիր գիտեմ: Ամենահավեսն Alcoholic-ն էր, երբ Ջեյմսը տեղ-տեղ միկրոֆոնը պարզում էր հանդիսատեսին, ինքը լռում: Ու ամբողջ ընթացքում անհամբեր սպասում էի Tie Up My Hands-ին: Տեսնես ի՞նչ կլիներ ինձ հետ այն վերջապես կենդանի լսելիս:

Բայց քանի որ բեմի վրա ավելի ռոքոտ էին, ռոքոտ էր նաև Tie Up My Hands-ը, այսինքն՝ շատ ուրիշ էր ձայնագրությունից: Ու մեկ է էդ լավ էր: Լավ էր, որ այն չէր հնչում այնպես, ինչպես լսել եմ տասներեք տարի շարունակ: Լավ էր, որ գետնին պառկելու փոխարեն կարող էի ուղղակի գրկել կողքինիս:

Իսկ երբ բեմից հեռացան ու լույսերը հանգեցին, հանդիսատեսը սովորականի պես սկսեց encore-ի կանչելը: Վերջում երկու երգ կատարեցին. Four to the Floor-ը և Good Souls-ը: Վերջինիս անունով է կոչվում նաև նրանց լավագույն հիթերի հավաքածուն, ու սիրուն երգ էր համերգն ավարտելու համար:

Լավ համերգ էր: Լավ էր իմ տասնվեց տարեկանի սիրելի խմբին բեմի վրա տեսնելը: Ու հատկապես լավ էր, որ այնտեղ էի սիրելի մարդու հետ. նրա ներկայությունից էմոցիաներս բազմապատկվում էին: Բայց կարծում եմ՝ Starsailor-ը սպառված խումբ է: Նրանց համերգներին էլ չեմ գնա:

Լանքասթերի երաժշտական փառատոնը

Վերցրի ուսապարկս, ուղևորվեցի Անգլիայի Լանքասթր քաղաք, որտեղ հոկտեմբերի 8-12-ը տեղի էր ունենալու Լանքասթրի երաժշտական փառատոնը, Լիլիթ Բլեյանն էլ ելույթ էր ունենալու:

Տրամադրություն. անձրևի մեղմ երգով

Սա մեր իմացած սովորական փառատոններից չէ, երբ մեծ բեմերին մեծ երաժիշտներ են ելույթներ ունենում, խելառ հանդիսատեսն էլ յոթ օր-յոթ գիշեր քեֆ է անում: Լանքասթրի փառատոնն էնպես էր կազմակերպված, որ գալիս էին մարդիկ ընտանիքներով՝ երեխաների հետ: Համերգները տեղի էին ունենում փաբերում, սրճարաններում, հյուրանոցների դահլիճներում, մեկ էլ Լանքասթրի պալատի բացօթյա տարածքում: Ելույթ ունեցողներն էլ տեղացի կամ միջազգային ոչ այնքան հայտնի կատարողներ էին: Ընդ որում, համերգներն իրար զուգահեռ էին: Թե հավես ունեիր, մեկից մյուսին վազիր:

Լիլիթենք The Hall-ում

Ու էդպես ուրբաթ երեկոյան հասա Լանքասթր՝ Լիլիթից բացի գաղափար չունենալով, թե ինչ կատարողներ են լինելու փառատոնի ընթացքում: Լանքասթրն էնքան պստիկ էր, որ կայարանից դուրս գալուց երեք րոպե անց հայտնվեցի Robert Gillow փաբում, որտեղ շատ շուտով Լիլիթենք էին երգելու: Ուրբաթ երեկո, քաղաքն աշխույժ, գարեջրի բաժակները ձեռքներին փաբից փաբ են գնում: Հաստատ Լիլիթի մեղմ երգերը փաբում հանդիսատես չեն հավաքի, իսկ երաժշտությունն այնքան էլ բարձր չէ, որ լռեցնի բոլոր շատախոսներին: Դրա համար առաջին համերգը լսեցի շուխուռի մեջ՝ ականջներս լարելով ու փորձելով երաժշտությունը որսալ:

Լիլիթ Բլեյան տրիո

Լիլիթենցից հետո The Balkanics տեղական խումբն էր: Բալկանների երաժշտություն էին նվագում ու էնքան բարձր, որ ոչ ոք չէր կարող զրույցի բռնվել: Կա՛մ պիտի պարեիր, կա՛մ թողնեիր, գնայիր: Երբ վեր կացա, որ շարժվեմ, կողքիս կինը թե՝ էս ու՞ր, Լանքասթրը հիմա աշխարհի կենտրոնն է: Փաբում շարժվելու տեղ չկար: Հանդիսատեսի մի մասն էլ դրսի կողմից էր կուտակվել: Մի խոսքով, էս խմբից էլ բան չհասկացա:

Հաջորդ օրը Լիլիթենք դիմացի մայթի հյուրանոցի ռեստորանում նվագեցին: Էնտեղ արդեն քար լռություն էր տիրում, ու հանդիսատեսը սուս արած լսում էր: Երևի ամենալավ համերգն էր էդ մեկը: Վերջապես կարգին լսեցի նոր երգերը (ասեմ, իմանաք, ահագին լավն են): Իսկ հին երգերը մի նոր ձևով սիրեցի: «Սպասող գնացքները» հիշեցրին, որ Կոպենհագենում ինչ-որ մեկի կարոտում եմ, իսկ «Տրամադրությունը» լրիվ դանիական hygge-ն էր:

Տեղացիներից Մոլլի Վարբուրթոնը

Հետո արդեն մի փաբից մյուսն էի վազում, մեկ Լիլիթենց լսում, մեկ տեղական զանազան կատարողների: Քաղաքը լրիվ երաժշտական էր դարձել. դուրս ես գալիս փողոց, անպայման մի անկյունից մի երգ լսվում է: Գնում, մտնում, լսում ես մի քիչ, դուրս ես գալիս: Ու փողոցներում էլ լիքը փողոցային երաժիշտներ են:

Ինձ ամենաշատը The Hall սրճարանը դուր եկավ: Երբ չէի իմանում՝ ինչ անեմ, գնում էի, որ տեսնեմ՝ էնտեղ ինչ կա-չկա: The Balkanics-ն էստեղ էլ ելույթ ունեցավ, ու լրիվ ուրիշ էֆեկտ էր: Հանդիսատեսն ավելի փոքրաթիվ էր, լիքը տարածք կար պարելու, լիքը էրեխեք կային: Ու բոլորով միասին մի լավ տժժացինք:

The Balkanics խումբը պատրաստվում է ելույթին The Hall-ում

Կիրակի Լիլիթենք պալատում ելույթ ունեցան: Դա լրիվ ուրիշ՝ իսկական բեմով իսկական հանդիսատեսով իսկական համերգ էր: Հավես էր, որ հայկական երաժշտությամբ հետաքրքրվողներ կային: Ինձ էլ մի քանի անգամ հարցրին, թե արդյոք Լիլիթի քույրն եմ (դե միշտ առաջին շարքերում, ոգևորված, ֆոտոներ ու վիդեոներ անելով, լրիվ ֆանատ վիճակների մեջ):

The Hall-ի կրեատիվ զուգարանը

Երկու օր անց արդեն էնպիսի զգացողություն էր, որ ամբողջ քաղաքին դեմքով ճանաչում եմ: Փողոցներում մարդիկ իրար բարևում էին, մի խմբի երաժիշտները մյուսի համերգներին ներկայանում էին որպես հանդիսատես, խոսում իրար հետ, քննարկում էս կամ էն կատարողին:

Իսկ երեկոյան կողմ գնացի երաժշտական փաբ քուիզի: Ինձ խցկեցի մի թիմի կազմում: Ու նորից առաջս եկավ փաբ քուիզների հարաբերականությունը, այն, որ խելքն էնքան կապ չունի, ինչքան՝ թե ինչ մշակույթից ես ու ով ես: Իմ թիմակիցներից մեկը, որը բավական դեբիլոտ աղջիկ էր, կարողացավ պատասխանել այն հարցին, թե ՄԹ-ում այս տարվա առաջին յոթ շաբաթներին որ երգն է առաջին հորիզոնականում գտնվել:

Fake Hearing Disorder. ինձ ամենաշատը դուր եկած տեղական խումբը

Հարցերի մեծ մասը շատ ՄԹ-ոտ էին, ու երբ ասացի, որ տեղացի չեմ, տեղական հարցերին չեմ կարող պատասխանել, թիմի անդամներից մեկը վրա տվեց.

-Տեղական չեն, ամբողջ ՄԹ-ի մասին են:

Ու դրա համար գաղափար չունեին, որ Ռոսկիլդե փառատոնը Դանիայում է տեղի ունենում, հարց, որը Դանիայի որևէ փաբ քուիզում երբևէ չէիր լսի:

Քուիզից հետո գնացի Robert Gillow, որտեղ իսկական տժժիկ էր. երգ-պար-ուրախություն, մինչև եկավ ավտոբուս նստելու ու տուն վերադառնալու ժամը:

Փաթի Սմիթը թագավորական թատրոնում

Horses ալբոմի շապիկը: Համերգի ժամանակ ֆոտո անելն արգելված էր, դե ես էլ դեռ նոր կամերա չունեմ: 

Իմ երաժշտական ճաշակն ինքնուրույն է ձևավորվել: Շատ քիչ կատարողներ կան, որոնց ծնողներիցս եմ «ժառանգել»: Էդ քչերից մեկը Փաթի Սմիթն է:

90-ականներին հայրս Փաթի Սմիթ էր լսում: Կարծեմ Պրահայում համերգին էլ է գնացել: Ինձ նրա Gone Again ալբոմի կասետն էր տվել, մեկ-մեկ լսում էի: Հետո որ մի քիչ մեծացա, Փաթիի մյուս ալբոմներն էլ փորփրեցի, ահագին դուրս եկան: Էդպես Փաթին հայտնվեց սիրելի կատարողների ցանկում, բայց ոչ ամենասիրելի, որի համար կճամփորդեի մի երկրից մյուսը:

Երբ արդեն տեղափոխվել էի Եվրոպա, միշտ մտածում էի՝ մի օր գնամ Փաթիի համերգին: Բայց ամեն անգամ հետաձգում էի, ասում էի՝ լավ, մյուս անգամ: Թարսի պես էլ Փաթին հաճախ էր հայտնվում հենց այն քաղաքներում, որտեղ ապրում էի:

Էս տարի որոշեցի, որ ոչ մի դեպքում բաց չեմ թողնելու: Բայց քանի որ Փաթին բացի Կոպենհագեն գալուց նաև ինձ հետաքրքրող երկու փառատոններում էր ելույթ ունենալու, մտածում էի՝ էդպես կբռնացնեմ:

Փառատոններին չգնացի, իսկ Կոպենհագենի համերգի տոմս շատ մեծ դժվարությամբ ճարեցի, որովհետև տոմսերն արդեն սպառվել էին: Ուրեմն համերգից մի քանի ժամ առաջ վերջապես տոմսը ձեռքիս էր, ու ես անհամբեր սպասում էի, թե երբ եմ գնալու թագավորական թատրոն:

Ես թագավորական թատրոն ասեմ, դուք հենց էդպես էլ պատկերացրեք: Ճոխ, միջնադարյան դահլիճ էր: Համերգից առաջ շուրջս ուսումնասիրեցի: Բոլորը զուգված-զարդարված էին եկել: Ու զարմանալիորեն հանդիսատեսը բավական երիտասարդ էր, չնայած Փաթին յոթանասունականներից եկած երգչուհի է: Հեչ մտքովդ չէր անցնի, որ րոպեներ անց էնտեղ Փաթի Սմիթի համերգն էր տեղի ունենալու:

Բայց շուտով բեմ բարձրացավ Փաթին, ու պարզվեց, որ այդ միջավայրին ամենաանհամապատասխան հագնվածը հենց ինքն է. սև ջինս, հասարակ մայկա՝ վրան եսիմինչ նկարած, հին պիջակ, որը հետո շոգելու էր ու հաներ: Երկար, սպիտակ մազերնով, ոչ մի շպար, ոչ մի զարդարանք, բացի ամուսնական մատանուց: Ինքը լրիվ հասարակ, կանացիության ստերեոտիպներից դուրս, յոթանասունին մոտ, մեկ-մեկ էլ թքում էր բեմին, բայց պետք էր տեսնել, թե ինչ օրը գցեց դահլիճը հաջորդ երկու ժամերի ընթացքում:

Էս տարի Փաթիի Horses ալբոմի քառասուն ամյակն է լրանում: Դրա պատվին համերգների ժամանակ Փաթին հերթով կատարում է ալբոմի բոլոր երգերը: Ու Կոպենհագենում էլ սկսեց Gloria-ով: Հանդիսատեսը ոգևորված էր, բայց բոլորը նստած էին: Անսովոր բան է ռոք համերգին նստած լինելը:

Եթե Horses-ը լսել եք, ուրեմն գիտեք, որ այն միայն երաժշտական ալբոմ չէ, մեջը պոեզիա էլ կա. Փաթին իր բանաստեղծություններն է կատարում, որոնք տեղ-տեղ սահուն անցնում են երգերի: Համերգն էլ էր էդպիսին: Փաթին մենակ երգչուհի չէր, նաև պոետ էր ու դերասան: Իսկ հանդիսատեսը տաքանալ էր որ տաքանում էր:

Break It Up-ի ժամանակ փորձեց հանդիսատեսին երգացնել: Բայց քանի դեռ ներկաները նստած էին, շատ բան չէր ստացվելու: Ու Land-ի ժամանակ էր, երբ առաջին շարքերում մեկը կանգնեց, սկսեց պարել: Հետո մնացածներն էլ կանգնեցին ու սկսեցին պարել:

-Եկեք, այստեղ եկեք,- ասաց Փաթին, ու հանդիսատեսը լցվեց ուղիղ բեմի դիմաց, ես էլ հետները:

Կանգնել էի առաջին շարքում՝ հենց բեմի դիմաց, Փաթիից սանտիմետրերի հեռավորության վրա: Բեմը շատ ցածր էր: Էդ պահից սկսած հանդիսատեսը դարձավ համերգի մասնակից: Փաթին ժամանակ առ ժամանակ մոտենում էր որևէ մեկին, միկրոֆոնը պարզում, երգացնում: Ինձ էլ պարզեց, բայց ես բառերը չգիտեի, պապանձվեցի:

Horses-ի երգերը ճիշտ հերթականությամբ ավարտելուց հետո Փաթին մի քանի երգ էլ կատարեց ու սկսեց արանքներում ավելի շատ խոսել: We Three երգը, ասաց, որ Ջիմի Հենդրիքսի մասին է, բայց նվիրում է բոլոր մահացածներին: Երգի վերջում սկսեց անուններ թվարկել. Ջիմի Հենդրիքս, Ջիմ Մորիսոն, Քուրթ Քոբեյն, Էյմի Ուայնհաուզ, Ֆրեդ Սոնիք Սմիթ (Փաթիի հանգուցյալ ամուսինն է): Աչքերը լցվել էին: Ու եթե Փաթին լացում էր, էլ ո՞վ պիտի ամաչեր արցունքներից: Բեմի մոտ հավաքվածներից բոլորի աչքերը լցվել էին:

Հաջորդ երգը նվիրեց «կյանքին»: Ասաց, որ ինքը մի հարյուր տարի ապրել է, ու հաստատ արժե ապրել:

Պատմեց նաև Because the Night-ի պատմությունը: Ասում է՝ իր պրոդյուսերը գրել էր երաժշտությունն ու կրկներգի բառերը, կասետը տվել, ասել՝ լսի: Ինքն էլ հա հետաձգում էր: Էդ ժամանակներում ինքը Նյու Յորքում էր ապրում, ընկերը՝ Դեթրոյթում: Շաբաթը մեկ էին հեռախոսով խոսում, որովհետև թանկ էր: Էդպես մի օր անհամբեր սպասում էր զանգին, կասետը վերցրել, լսել է, ընթացքում գրել բառերը: Իսկ Դեթրոյթում բնակվող ընկերը Ֆրեն Սոնիք Սմիթն էր:

Մի քանի երգ էլ կատարեց Փեթին՝ հանդիսատեսին լիքը մեսիջներ ուղարկելով.

-Դուք եք ապագան, իսկ ապագան հիմա է… Դուք եք աշխարհի տերը, վեր կացեք, տեր կանգնեք:

Չեմ հիշում՝ որ երգի ժամանակ էր, բայց բառերը փոխել էր, Կոպենհագենն ու Քրիստիանիան էր հիշատակում: Քրտինքի մեջ կորել էր: Մազերը կպել էին դեմքին: Վերջում էլ կիթառի լարերը հերթով պոկեց, հանդիսատեսի վրա վարդի թերթիկներ շաղ տվեց ու գնաց:

Երբ լույսերը վառվեցին, հեչ մտքովդ չէր անցնի, որ րոպեներ առաջ էդտեղ Փաթի Սմիթը երկրաշարժներ էր անում: Համերգից ինձ մնաց պարզ ու հասարկ, փոքրամարմին Փաթին՝ մերթ բղավելիս, մերթ արտասվելիս, մերթ ժպտալիս, մի քանի վարդի թերթիկ, սեթլիսթն ու երկու մեդիատոր՝ վրան գրված. “Patti Smith, Horses.” Երկրորդը մեկին նվեր եմ տալու: Դեռ չգիտեմ ում:

Տասնհինգ ժամ Հելսինկիում

Երկար էի մտածում՝ հիմա, երբ ստիպված եմ մենակ գնալ, արժե՞ հասնել Հելսինկի: Կամ գուցե գրեմ ու հարցնեմ, թե արդյոք գալու է ինքը: Չէ, ոչ մի դեպքում կոնտակտի չեմ գնա: Ուրեմն տեղը տեղին ճամփորդելու փոխարեն ուղղակի կվազեմ Հելսինկի, կլսեմ համերգը և հետ կգամ Կոպենհագեն: Ինձ ավելին պետք չէ:

Բայց ունեմ լրացուցիչ տոմս, որի հետ չգիտեմ՝ ինչպես վարվել: Մեկ անվճար էի առաջարկում, մեկ փորձում էի վաճառել: Ոչ ոք չէր հետաքրքրվում: Ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ կողքիս աթոռը դատարկ է լինելու, ու չեմ կարողանալու երգերի ընթացքում ծանոթ աչքերի մեջ նայել: Ես սովոր եմ մենակ համերգ գնալուն, բայց երբևէ չէր եղել, որ պլանավորեի ինչ-որ մեկի հետ գնալ, ու նա չգար: Չգար էն պատճառով, որ իրար հետ չէինք խոսում:

Վախենում էի իմ էմոցիոնալ վիճակից, վախենում էի՝ դեպրեսվեի ողջ ընթացքում ու փոշմանեի, որ գնացել եմ, վախենում էի ուշքի չգալ օրերով: Քանի՜ անգամ է պատահել, որ առավոտյան արթնացել եմ, որոշել երկու տոմսերն էլ վաճառել, հետո միտքս փոխել եմ, ասել եմ՝ չէ, պիտի գնամ: Ու միայն հիմա եմ հասկանում, որ դա իմ կյանքի ամենակարևոր որոշումներից է եղել:

Դեռ առավոտյան, երբ տնից դուրս եկա ու նստեցի մետրո, երբ կարդում էի Թորի Էյմոսի «Կտոր-կտոր» գիրքը, աչքերս սկսեցին լցվել: Դա այն դեպքերից էր, որ եթե գրքի նույն էջերը ցանկացած մարդու տայիր, կկարդար ու կասեր՝ բայց ի՞նչ կա հուզվելու: Նույնը կասեի նաև ես, եթե կարդայի ինչ-որ այլ ժամանակ, այլ վիճակում: Զգացի, որ ներսիցս ինչ-որ բան սկսել է դուրս գալ, ու դա լավ էր, թեթևացնում էր: Զգացողությունը հիշեցնում էր Once ֆիլմը, և ուրախ էի, որովհետև գիտեի, որ հաջորդ օրն արդեն լավ եմ լինելու:

Համերգասրահի մոտ
Համերգասրահի մոտ

Իսկ ինքնաթիռս ուշացումով Հելսինկի հասավ: Զարմանալիորեն արագ ու առանց մտածելու կարողացա համերգասրահ հասնել: Եվ իմ արագության վրա զարմացա միայն այն ժամանակ, երբ վերջապես ճարված գնորդն հարցրեց, թե արդյոք ինձ դիմավորել են օդանավակայանում:

Հետո տեսա Սեմիին ու Ռիկկային՝ ֆին երկրպագուներին, որոնց հետ ֆեյսբուքով էի շփվում, ու պայմանավորվել էինք համերգից առաջ ու հետո հանդիպել: Գնացին մոտակա բլրի գագաթին պիկնիկի, իսկ ես վազեցի սուպերմարկետից ուտելիք գնելու:

Հելսինկին գիտեի: Չնայած այնտեղ նախկինում միայն մի քանի անգամ եմ եղել մի քանի ժամով, բայց ինձ քարտեզ պետք չէր կողմնորոշվելու համար: Հարազատություն կար քաղաքի մեջ: Երեք տարի անց վերադարձել էի: Վերադարձել էի ամռանը: Ու մեկ էլ այստեղ սկսեցի լացել: Դուրս էի թողնում: Ներսումս կուտակվածը դուրս էր թափվում, ազատագրում, մաքրում ինձ: Ու գիտեի, որ հաջորդ առավոտ արդեն լավ էի լինելու:

Սուպերմարկետից պուլլա ու Կարելիայի բրնձակարկանդակ գնեցի, քայլեցի դեպի բլուրը: Անձրևից հետո դեռ թաց էր ու ցուրտ: Սեմիի ու Ռիկկայի հետ փորձարկեցի ֆիններենիս մնացորդները, իսկ նրանց դուր էր գալիս, երբ իմ բերանից իրենց մայրենի լեզուն էին լսում:

Իսկ համերգի ժամանակ կողքիս նստատեղն իրոք դատարկ էր, բայց ոչ այն մեկը, որի տոմսը սկզբում գնել էի: Մյուս կողքս Վիվին էր՝ տոմսի գնորդը: Թորիից շատ տեղյակ չէր: Զգուշացրի, որ գուցե հիասաթափվի, որովհետև Թորին համերգների ժամանակ հիթեր չի կատարում, ու նրան լավ չճանաչողները դժգոհ են մնում: Էդպես էլ չիմացա՝ ինչ տպավորություն ստացավ, որովհետև encore-ներից առաջ բեմի մոտ վազեցի, հետո էլ չտեսա նրան:

Թորին
Թորին

Բայց համերգն ամեն ինչով վերջն էր: Թորին երկու օր առաջվա համերգից ընդամենը երկու երգ կրկնեց: Մնացածն ուրիշ կազմ էր: Իսկ համերգասրահի ակուստիկան հզոր էր, Թորիի ձայնն էլ հիանալի վիճակում: Հզոր էր հնչում համերգը: Անգամ եթե չիմանայիր, չսիրեիր, մարմնովդ սարսուռ էր անցնում նրա ձայնային ելևէջներից: Ու սովորականի պես հաղորդակցվում էր հանդիսատեսի հետ, ինչպես ֆիննական թերթերն են գրում, «Թորին հանդիսատեսին ափի պես գիտի»:

Չգիտեմ՝ The Power of Orange Knickers-ն արդյոք ի պատասխան Դամիեն Ռայսի պատվերի՞ս կատարեց, թե՞ մեկ ուրիշն էր հատուկ խնդրել, բայց երբ սկսեց, մտածեցի՝ Թորին լավ հումոր ունի (նամակով խնդրել էի Դամիեն Ռայսի վերակատարում, իսկ նշված երգի ալբոմային տարբերակում Դամիենը ձայնակցում է Թորիին):

Ժամը տասնմեկն էր, երբ դուրս եկանք համերգասրահից: Լրիվ լույս էր, ոնց որ ցերեկ:

– Էս չի մթնել,- ասում եմ:

– Չի մթնում հիմա,- բացատրեցին ֆինները:

Համերգից հետո Ռիկկան, Սեմին, Տուլլան (մեկ այլ ֆիննուհի), Յանը (շվեդ, որին անցյալ տարվա Կոպենհագենի համերգից գիտեմ) և Կլեմենսը (երկու օր առաջ Դանիայում գնացքում բռնացրել էր ինձ) գնացինք գեյ բար՝ կարաոկե երգելու: Ճամփին Կլեմենսը խոստովանեց, որ ոչ թե գրքի կազմից էր հասկացել, որ Թորիի համերգին եմ գնում, այլ փորձել էր հասկանալ, թե ինչ լեզվով է գիրքը, հայացք էր գցել ու կարդացել տվյալ հատվածի վերնագիրը. The Power of Orange Knickers:

Կարաոկեում զանազան մարդիկ հետույքները ճղելով երգում էին էնպես, որ հնարավորինս լավ ստացվի: Ի՞նչ լավ երգելու մասին է խոսքը: Սեմին արագ-արագ Թորիի մի քանի երգ պատվիրեց: Հինգ-վեց հոգով կանգնում էինք, միասին երգում: Սկսեցինք Spark-ով: Երբ Թորիի պես մռնչում էինք, մեզ չէին հասկանում, թարս էին նայում: Հետո երգեցինք նաև Precious Things-ն ու Caught a Lite Sneeze-ը: Professional Widow-ն էլ էինք պատվիրել (գնալ ու ստուգել երգի բառերը 😀 ), բայց բարը փակվեց, մեզ դուրս հանեցին:

Իսկ դրսում մի խումբ հարված ժողովուրդ էր ման գալիս: Ծանոթ դեմքեր էին. նրանք էլ համերգին կային: Օրորվելով փորձում էին կարաոկե մտնել, քֆրտում էին, որ փակ է:

– Էս ինչ հարբած են,- ասացի:

– Ես էլ եմ հարբած,- ասաց Ռիկկան:

– Դու հարբած չես:

– Ֆիններն էսպես են հարբում,- ասաց,- շատախոս են դառնում:

Ֆինները մի հետաքրքիր հատկանիշ ունեն. իրենք իրենց ազգային ստերեոտիպներից լավ տեղյակ են ու ոչ թե քաշվում, խուսափում են դրանցից, այլ իրենք իրենց ձեռ առնում: Ռիկկան ցերեկն էլ էր շփվող, երբ դեռ ալկոհոլ չէր ընդունել:

Մութը լրիվ չէր ընկել: Երկնքի մոտ մեկ քառորդը բաց կապույտ էր:

– Սա Հելսինկիի ամառային գիշերն է,- բացատրեց Տուլլան:

Սեմին մեզ ուղեկցեց կողքի գեյ բարը, որտեղ ակումբային երաժշտություն էր հնչում, ու պարահրապարակ կար: Հարբած խումբը չուզեց մեզ միանալ՝ դժգոհելով, թե էնտեղ մարդ չկա, ու գնացին «ավանդական ֆիննական կարաոկե ճարելու», չնայած Սեմիի հորդորներին, թե երկուշաբթի գիշերով Հելսինկիում ամեն ինչ փակ է, ու, միևնույն է, մյուս կարաոկեները Թորի չունեն:

Ակումբում ոչ ոք չէր պարում: Չորսով էինք մենակ (Կլեմենսն ու Յանն արդեն գնացել էին): Սեմին երգը երգի հետևից պատվիրում էր, դիջեյը միացնում էր: Մեկ էլ Թորիի Professional Widow-ն միացավ: Ու էդ պահին որտեղից որտեղ բարի տարբեր անկյուններից թորիասերները հայտնվեցին, սկսեցին պարել: Գժանոց բան էր, երբ բոլորս միասին երգում էինք (նորից. ստուգել երգի բառերը 😀 ): Երգի ավարտից հետո ոնց հայտնվել էին, էդպես էլ նորից անհետացան, ու էլի մնացինք չորսով:

Ժամը երեք անց կես այս ակումբն էլ փակվեց, ու մենք դուրս եկանք փողոց, որտեղ արևն արդեն փայլում էր: Դրսում հատուկենտ հարբած մարդիկ էին ման գալիս:

– Երկուշաբթի գիշերով Հելսինկիում միայն Թորիի համերգին եկածներն են,- ասացի:

Կայարանի խաչմերուկին հասնելով պիտի բաժանվեինք: Չորսով իրար պինդ գրկեցինք. չորսս էլ ահագին երջանիկ էինք: Սեմին, Ռիկկան ու Տուլլան ուղևորվեցին տներով, ես՝ դեպի օդանավակայան, որ վերադառնամ Կոպենհագեն:

Ու ժամեր անց Կոպենհագենում էի՝ երջանիկ, հանգիստ, տպավորությունների տակ ու աշխույժ, չնայած գիշերը չէի քնել:

Հիմա նստած մտածում եմ, թե ինչքան լավ բան արեցի, որ գնացի Հելսինկի, ինչքան լավ էր, որ մենակ գնացի, ինչքան լավ էր, որ հյուրանոց չվերցրի: Սա հաստատ իմ կյանքի եզակի փորձառություններից է, ու միշտ հիշելու եմ, միշտ հետս ման եմ տալու: Ու մտածում եմ՝ էս ամենը չէի զգալու, եթե համերգին մենակ չգնայի:

Երբ հասկանում ես, որ առանց մի կոնկրետ մարդու շատ ավելի լավ է, քան նրա հետ, մտնում ես ապաքինման մի նոր փուլ ու կյանքիդ կոնկրետ մի հատված խորը թաքցնում հիշողություններիդ անկյունում՝ վրան կպցնելով պիտակը. «անցած»:

Այլևս երբեք համերգի երկու տոմս չեմ գնի: