Կրթական խնդիրներ 3. շտեմարանները որպես չարիք

Կրթության մասին ուրիշ բլոգերների և իմ նախորդ գրառումները կարդալու համար սեղմեք այստեղ:

Անընդհատ ուզում եմ անցնել բուհական համակարգի խնդիրները քննարկելուն, բայց նորից ու նորից ստիպված եմ լինում հետ գնալ դեպի դպրոց, դեպի ընդունելություն, որովհետև անընդհատ խոսելու թեմա  է լինում: Չգիտեմ՝ կլինի՞ մի օր, որ կավարտեմ գրառումներիս շարքն ու թեթևացած հայտարարեմ՝ վերջ, արդեն ամեն ինչ ասել եմ:

Շտեմարաններին, ընդունելության քննություններին ու ռեպետիտորներին անդրադառնալու մտադրություն բնավ չունեի, բայց վերջերս Ֆեյսբուքի Մայրենի լեզվի դասեր խմբում հայոց լեզվի շտեմարանից որոշ հարցեր բարձրացվեցին, ու էդ ժամանակ աչքերս ճակատիս թռան. էս ինչե՞ր են պահանջում, որ տասնյոթ-տասնութ տարեկան դիմորդն իմանա հայոց լեզվի քննություն հանձնելիս:

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ դպրոցն ավարտողը քննություն է հանձնում տվյալ երկրի պետական լեզվից, ու այդ գնահատականը հաշվի է առնվում բուհ ընդունվելիս: Երևի Հայաստանում լսել են՝ նման բան կա, մտցրել են հայոց լեզվի քննություն՝ առանց հասկանալու, թե դրա նպատակը որն է:

Իրականում պետական լեզվից քննություն հանձնելն ընդամենը մեկ նպատակ է հետապնդում. պարզել, թե արդյոք տվյալ անձը կարո՞ղ է բուհում սովորելու համար բավարար մտքեր արտահայտել այդ լեզվով և հասկանալ ուրիշների արտահայտածը: Եթե նկատել եք, երբ մենք էլ փորձում ենք մեկնել արտասահման սովորելու, անպայման լեզվի՝ միջազգայնորեն ճանաչված քննության գնահատական են ուզում, որը փաստում է, որ կարող ենք տվյալ լեզվով սովորել:

Իսկ ի՞նչ է ստուգում այդ չարաբաստիկ հայոց լեզվի քննությունը: Դիմորդի մտքի ճկունությու՞նը, գրավոր ու բանավոր արտահայտվելու ունակությու՞նը, թե՞ ռեպետիտորի մոտ անցկացրած ժամանակն ու ծախսած փողերը:

Ես չգիտեմ՝ շտեմարանի ու նաև քննության հարցեր կազմողներն ինչ են հասկանում «հայոց լեզու» ասելով, բայց վստահ եմ, որ նրանք լեզվի իմացությունը լեզվաբանության իմացությունից չեն տարբերում: Ավելին՝ չգիտեն, որ կարելի է որրևէ լեզվի լեզվաբանություն իմանալ առանց այդ լեզվով կապակցված խոսք արտահայտել կարողանալու:

Հետո պարզվում է՝ միայն հայոց լեզուն չէ, որ էս վիճակում է, մնացած շտեմարաններն էլ մի բան չեն: Ախր ինչու՞: Մի՞թե հեղինակներն ուզում են դիմորդներին վատություն անել, որ չկարողանան ընդունվել: Փաստորեն՝ հա, որովհետև պարզվում է՝ հեղինակները նաև մեծ գումարներ վաստակող ռեպետիտորներն են ու ամեն ինչ անում են, որ գումարի հոսքը դեպի իրենց գրպան չդադարի:

Ի՞նչ կարելի է անել: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը, երբ շտեմարանների հեղինակները, քննության հարցեր կազմողները, ռեպետիտորներն ու ընդունելության հանձնաժողովի անդամները քչից-շատից նույն մարդիկ են:

Կարծում եմ՝ սկզբի համար արժե ուղղակի վերացնել բոլոր տեսակի ընդունելության քննությունները և բուհ ընդունել բոլորին: Եթե որևէ բուհում կամ ֆակուլտետում դիմորդների թիվը չափից դուրս մեծ է լինում, ու բոլորին կրթություն տալու պայմաններն անբավարար են լինում, առաջարկում եմ ընդունել ավելի շուտ դիմողներին: Կասեք՝ բա անվճար-վճարովի՞ն: Նախորդ գրառմանս մեջ արդեն առաջարկել եմ ինչ անել դրա հետ:

Կասեք՝ բա ո՞նց ուսանողը սովորի բուհում, եթե համապատասխան գիտելիքներ չունի: Իհարկե, չեմ բացառում անգրագետների ներխուժումը բուհեր, բայց եկեք ճիշտը խոսենք. առարկաները, որոնցից ընդունելության քննություններ ենք հանձնում, արդյոք օգնե՞լ են մեզ բուհում սովորելիս: Մեկը ես իմ փորձից եմ հիշում, որ քիմիայից քննություն չհանձնելս բնավ պատճառ չդարձավ, որ բուհում դասավանդվող քիմիան չհասկանամ: Ճիշտ է՝ դա համեմատաբար թույլ կետ էր ինձ համար, բայց մի քիչ ջանք թափելով հաղթահարվում էր: Ու կարծում եմ՝ վատ չէր լինի ուսանողի ամբողջ էներգիան ընդունելության քննություններին քամելու փոխարեն նրան մղել առաջին կուրսում մի քիչ լրացուցիչ ջանքեր թափելու, դժվարությունները հաղթահարելու:

Իմ հաջորդ գրառումներում կանդրադառնամ նաև, թե ինչ պետք է անել, որ բոլոր ընդունվողները չավարտեն բուհը:

Ընդունելության քննությունները վերացնելուց հետո հաջորդ քայլը կլինի ընդունելության նոր համակարգ մշակելը: Իհարկե, մշակութապես դեռ շատ հեռու ենք հարցազրույցներից, մոտիվացիոն ու ռեկոմենդացիոն նամակներից, դպրոցի գնահատականները վստահելի չեն, իսկ քննություններն էլ խայտառակ վիճակում են, բայց կարծում եմ՝ խնդիրները հնարավոր կլինի լուծել, եթե ամեն ինչ արվի շատ դանդաղ, քայլ առ քայլ ու մտածված, կարծում եմ՝ հնարավոր կլինի հաջողության հասնել: