Վերջին ուրբաթը Խրոնինգենում

Եղանակի տեսություն. քսանվեց աստիճան, անձրև: Նայում եմ պատուհանից դուրս: Երկինքը կապույտ է, արևոտ է, թեև մի քիչ ցուրտ է: ՍՄՍ Մարայեին. «10:30-ից 15:00-ը գրադարանում եմ լինելու: Հանդիպե՞նք ճաշին կամ սուրճի համար»: Պատասխան. «13:00 գրադարանի կաֆետերիա ճաշի»:

Դուրս եմ գալիս տնից: Հարևանների կատուները բակում չեն: Սլանում եմ կենտրոն: Էսօր վերջին ուրբաթն է Խրոնինգենում: Մյուս ուրբաթ էս ժամերին Լյուբեկի ճանապարհին կլինեմ:

Գրադարանում բզբզում եմ կոմպի մոտ, փորձում պոստերս սարքել: «Երկլեզվության մասին բազմաթիվ սխալ պատկերացումներ կան…»: Ֆեյսբուքի նոր հաշիվ եմ բացում, բոլոր ընկերներիս տեսակավորում: Սրանից հետո ոչ մի ավելորդ մարդ, ոչ մի ավելորդ ինֆորմացիա իմ ֆիդում:

Ես ու Մարայեն լուռ քայլում ենք դեպի կաֆետերիա: Ինքն իր սենդվիչն է ուտում, ես՝ մանանեխով սուպը, Խրոնինգենի իսկական մանանեխով սուպ:

– Ֆեյսբուքի նոր հաշիվ եմ բացել,- ասում եմ: Էս ամիսների ընթացքում Մարայեն ինձ անընդհատ մեյլով տեղեկացնում էր Ֆեյսբուքի անցուդարձից, ու եթե ինքը չլիներ, դժվար Սխիրմոնիկոուխի վիքենդի մասին իմանայի,- սրանից հետո ոչ մի անծանոթ մարդ:

– Գիտես, իմ ընկերների մեջ չկա մեկը, որին իրականում չեմ տեսել: Չկա մեկը, որի հետ սուրճ չէի խմի:

«…որի հետ սուրճ չէի խմի»:

– Նորդերզոնի մասին գիտե՞ս:

– Երեկ ինձ նման մի բան ասացին: Երևի գնամ էս քանի օրը:

– Մենք էսօր գնում ենք: Կգա՞ս:

– Չէ, երեկոյան Քրինան է գալիս ընթրիքի: Գուցե վաղը:

Մարայեին գրկեցի ու հաջող ասեցի էնպես, կարծես ոչինչ չէր եղել, կարծես վաղը նորից տեսնելու էինք իրար:

***

Շարունակեցի պոստերիս վրա բզբզալ: Սրջանը զանգեց:

– Գնա՞նք սուրճ խմելու: Գալիս եմ գրադարան:

Հավաքեցի իրերս, կորչի պոստերս: Քայլեցինք դեպի Լա պլաս, որի տերասը Յակոլինը երեկ էր ցույց տվել: Խրոնինգենի ամենագեղեցիկ վայրն է:

– Կկարոտեմ Մարտինի աշտարակը,- մի կում եմ անում սուրճիցս,- նայիր ինչ սիրուն է:

Լա պլասի տերասից աշտարակն առանձնահատուկ գեղեցկություն ունի, իսկ այսօր հայացքս կտրել չէի կարողանում. շուրջը կապույտ երկինք ու սպիտակ ամպիկներ էին: Գժվելու բան:

– Մյուս շաբաթ գնու՞մ ես:

– Ուրբաթ օրը: Երևի մի օր էլի կգամ: Մի օր PhD կանեմ:

***

Քրինան մեյլ է գրել. «Կլինի՞ 18:30 գամ»: Ավելի լավ, շուտ եմ տուն եկել: Բացում եմ պատուհանը: Ուժեղ քամի է, օդափոխիչ համակարգը սկսում է աղմկել: Թեթևակի փակում եմ: Գիրմային սմս եմ գրում. «Վաղն ընթրիքի չեմ կարող գալ: Քիչ ժամանակ է մնացել ու շատ անելիքներ»: Քիչ ժամանակ է մնացել ու շատ մարդիկ, նորերի հետ մտերմանալ չեմ ուզում:

– Հոլանդերե՞ն ես կարդում,- հարցնում է Քրինան՝ գրքերիս մեջ տեսնելով Քոնի Պալմենի «Ընկերությունը»:

– Փորձում եմ: Առաջին էջն արդեն հաղթահարել եմ:

– Եվ հասկացե՞լ ես:

– Բառարանով:

Երեկոն դանդաղ առաջ է սահում: Քրինայի հետ խոսում ենք աշխարհի ամեն տեսակի թեմաներից՝ սկսած քաղաքականությունից, պատերազմից, վերջացրած մեր կրտսեր եղբայրներով:

– Նորդերզոնի մասին գիտե՞ս: Կուզե՞ս՝ գնանք:

Քրինան օգնում է, որ ափսեները լվանամ, դուրս ենք գալիս միասին:

– Եղանակը ո՞նցն է, ժակետ վերցնեմ:

– Լավն էր: Չէի մրսում:

– Չեմ վստահում հոլանդական եղանակին:

Ժակետը հագս եմ քաշում:

– Անձրև է եկել,- հոտոտում է խոնավ օդը,- դեռ գալիս է,- հարցական նայում է դեմքիս:

– Ոչինչ, դրա դեմ ոչինչ անել չենք կարող:

Նստում ենք հեծանիվները ու գնում Նորդերպլանտսուն: Քրինան փորձում է Նիրաջին զանգել, ես՝ Մարայեին: Երկուսն էլ անհասանելի են: Քայլում ենք բազմաթիվ վրանների կողքերով, համերգ փնտրում: Երաժշտություն չկա: Միայն աղմուկ է, մարդկային անկանոն աղմուկ:

Մարայեն զանգում է: Հանդիպում ենք: Մի մեծ ընկերախմբով է: Հերթով ներկայանում են. «Թերեզիտա», «Յանիտա» և այլ -իտաներ: Հետագայում միայն Ռինեկեին պիտի հիշեի, որովհետև ինձ նման կարճահասակ լինելու պատճառով հովանոցը մտնելու էր մազերիս մեջ, ու ես ձևացնելու էի, թե ջղայնացել եմ:

Տեղավորվում ենք գլխավոր բեմի մոտ, որտեղ Bosnian Rainbows կոչվող խումբը համերգ է տալու:

– Աշխարհի ամենալավ կիթառահներից է,- ասում է Նիրաջը:

Համերգի ժամանակ ինչ-որ բան էն չէ: Բոլորը բոլորի հետ զրուցում են, իսկ ես փորձում եմ հասկանալ, թե ինչն է սխալ: Հասկացա. ոչ ոք չի պարում: Սոֆյան: Ուզեցի սմս գրել ու պատմել չպարող հոլանդացիների մասին: Բայց Սոֆյան արդեն Նոր Զելանդիայում է ու երևի առավոտյան նոր-նոր արթնանում է:

Անձրև սկսվեց: Մանրակաթիլ:

– Չե՞ս մրսում,- հարցնում է Ռինեկեն՝ տեսնելով, որ ժակետը ձեռքիս է, թևերս՝ բաց:

– Չէ, սիրում եմ անձրև, համենայնդեպս, երբ ցուրտ չէ:

Անձրևը մերթ ուժեղանում է, մերթ՝ թուլանում: Տեսնես ինչի՞ց է, որ ամեն անգամ մեկնելուց կարճ ժամանակ առաջ եմ մարդկանց հետ ավելի մտերմանում:

Խմբում մի հոլանդուհի կա, որը չի ուզում անգլերեն խոսել:

– It’s difficult,- ասում է:

– Dat is niet moeilijk,- պատասխանում եմ:

Անձրևը նորից ուժեղանում է, հոսում մեր մազերի միջով:

– Ի՞նչ կխմեք,- հարցնում է Մարայեն:

– Something zonder alcohol,- երկրորդ բաժակ գարեջրից հետո արդեն մոռանում եմ, որ անգլերեն-հոլանդերեն կոդանցումը նախատեսված է միայն համակուրսեցիներիս հետ օգտագործելու համար:

Մարայեն վերադառնում է ութ բաժակ խմիչքով, երկուսն առանց ալկոհոլի: Անձրևի կաթիլները մեկումեջ բաժակների մեջ են լցվում:

– Լավ է,- ասում եմ,- գնում եմ Հայաստան, էնտեղ հանգիստ կարող եմ հոլանդերեն սովորել:

Մարայեն ծիծաղում է:

– Այսուհետ միայն հոլանդերեն:

Անձրևը թուլանում է:

Քայլում ենք դեպի հեծանիվները: Ամբողջ խումբը Վինկհաուզեն թաղամասում է ապրում, բացի ինձնից:

– Չեմ սիրում հրաժեշտ տալ,- ասում է Մարայեն,- հույս ունեմ՝ կհանդիպենք: Դու ամեն անգամ գնում ես, հետո նորից հայտնվում ես:

– Հա,- էս անգամ չեմ ուզում շեշտել, որ սա ուրիշ գնալ է,- երբ վեց տարի առաջ Ամստերդամից հեռանում էի, ինքս ինձ խոստացա, որ վերադառնալու եմ այս երկիրը: Եվ վերադարձա:

Պինդ գրկում եմ Մարայեին:

Իմ ու Քրինայի հեծանիվներն իրար կողք են կանգնած:

– Երևի էլ չենք տեսնվի,- գրկում է:

– Առայժմ: Մի օր կգամ երևի:

– Հույս ունեմ՝ մի օր գրածներդ անգլերեն կարդալ:

– Մի օր…

Պինդ գրկում եմ Քրինային: Կկարոտեմ:

Նստում եմ հեծանիվս ու շարժվում Վինկհաուզենի հակառակ ուղղությամբ: Փորձում եմ լացել: Չի ստացվում: Անձրևն ուժեղանում է:

Իմ ստացված հանգիստը Սխիրմոնիկոուխում

DSCF4652Այն ժամանակ փետրվար էր՝ գորշ ու ցուրտ, իսկ անձրևի բացակայությունն արդեն լավ եղանակ էր համարվում: Հիմա օգոստոս է, արևի ու անգամ ջուրը մտնելու հույս կա: Հիմա բոլորովին ուրիշ կազմով եմ Սխիրմոնիկոուխ գնացել:

Մի վիքենդ պիտի մոռանայի թեզիս մասին (որը, ի դեպ, վերջացրել եմ արդեն, մնում է ֆորմատավորում ու խմբագրում), պիտի որոշեի վերջապես մարդկանց հետ շփվել կամ ոչ թե վերջապես, այլ վերջին անգամ կամ որպես հրաժեշտ կամ որպես արձակուրդ: Մի խոսքով, որոշեցի մոռանալ, որ ընդամենը երկու շաբաթ ունեմ Խրոնինգենում, ամեն ինչ մի կողմ թողեցի ու հոսթեցիների հետ գնացի Սխիրմոնիկոուխ՝ կղզի Նիդեռլանդների հյուսիսում:

Չկար այն փետրվարյան գորշությունը: Կղզին գույներ էր առել: Արևածաղիկներ, կապույտ երկինք, երկնքում հանդարտ ճախրող ճայեր, քամուց խոնարհվող ու խշշացող բարձր խոտեր, անտարբեր արածող գառներ, չալպտուրիկ հոլանդական կովեր ու խաղաղություն, լի՜քը խաղաղություն:

Տունը, որտեղ պիտի անցկացնեինք շաբաթ-կիրակին, անգամ կղզու գյուղակում էլ չէր: Բայց էնքա՜ն ձուլված էր բնությանը, էնքա՜ն իսկական էր: Կտուրի տակ ծիծեռնակը բույն էր դրել, ու ժամանակ առ ժամանակ ուտելիք էր բերում ճտերին: Կանգնեիր բակում ու ժամերով նայեիր, թե ոնց են դեղին կտուցները բացվում ու ճվճվում մայր ծիծեռնակին նկատելիս:

Հոսթեցիներից կային մարդիկ, որոնց առաջին անգամ էի տեսնում: Կային այնպիսիք, որոնց էլի տեսել էի, բայց մտերիմ չեմ եղել: Կար նաև Դանիկան, որին մի հինգ անգամ արդեն հրաժեշտ եմ տվել՝ «մի օր» նորից հանդիպելու ակնկալիքով: Կար Լինդան, որին վերջին անգամ մեկուկես տարի առաջ էի տեսել: Կար Գրետան, որին չէի տեսել, բայց որի հարսանիքի ամեն մանրամասնություն գիտեի, անգամ շորն էի տեսել, որովհետև ճանաչում էի նրա մտերիմ ընկերուհուն: Վերջապես, կար նաև Քրինան, որն այն քիչ ոչ հայերից է, որի հետ շփվելիս չեմ զգում, որ օտար լեզվով եմ խոսում:

Ծովափ գնացինք: Ոմանք լողացան, ոմանք էլ ուղղակի կոշիկները հանեցին ու ափով զբոսնեցին: Ավազաբլուրների մեջ բռնոցի խաղացինք: Շաբաթ օրվա մնացած մասն անցկացրեցինք տան պարտեզում գիրք կարդալով: Մաֆիա խաղացինք շատ անկապ ու հեշտ կանոններով: Խաղացինք նաև այլ խաղեր, որոնցից՝ murder game-ը: Սիրեցի էդ խաղը:

Առավոտյան նախաճաշին Դանիկան նկատեց, որ շատերս երկար ժամանակ իրար չենք տեսնելու:

– Գուցե երբեք,- արտաբերեցի՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է նշանակում Հայաստան վերադառնալ: Դանիկան չհամաձայնեց, չհամոզվեց: Հիշեցրեց, թե ինչպես ենք իրար հազար անգամ հրաժեշտ տվել ու նորից հանդիպել: Չէ, ուրիշ էր դա, էդ ժամանակ դեռ Եվրոպայում էի մնում:

Նայեցի շուրջս, նայեցի բոլոր դեմքերին: Գրողը տանի, սիրում եմ էս մարդկանց: Հասցրել եմ սիրել: Ու ատեցի ինքս ինձ, որ ամեն անգամ գլխիս էսպիսի բան եմ բերում՝ կապվելով մարդկանց հետ, բաժանվելով, իսկ հետո կարոտելով, անդուր կերպով կարոտելով՝ չիմանալով, թե արդյոք երբևէ նորից կտեսնե՞մ նրանց:

Կտեսնեմ, ուզում եմ հավատալ, որ կտեսնեմ, ինչքան էլ նախկին փորձս հակառակը ցույց տա:

Եթե չլիներ ինտերնետը…

Վերջերս հաճախ եմ ինքս ինձ այս հարցը տալիս. երբ ինտերնետ չկար, մարդիկ ո՞նց էին ծանոթանում, ո՞նց էին գաղափարակիցներ ու հետաքրքրությունները կիսողներ գտնում: Այդ հարցը ծագեց, երբ մի քանի շաբաթ առաջ հայտնաբերեցի իմ հին օրագրերից մեկը, որտեղ մի չաթի մասին էի պատմում, ու անկեղծորեն զարմացել էի, որ զրուցակիցս Սելինջեր էր կարդացել: Լավ, մի՞թե էդքան տխուր էր կյանքն այն ժամանակ, որ անգամ Սելինջերի ամենածեծված գործը կարդացած լինելն այդքան հազվագյուտ երևույթ էր իմ շրջապատում:

Երկար մտածեցի այս հարցի մասին: Սկսեցի ինտերնետում գտածս ընկերներիս համեմատել իրական կյանքում գտածներիս հետ, հաշվեցի պլյուսներ ու մինուսներ, փորձեցի պարզել, թե որտեղ են մեր հետաքրքրություններն ու գաղափարները հատվում ու որտեղ իրար ընդհանրապես չեն հանդիպում: Ու լիքը հետաքրքիր բաներ նկատեցի, որոնք կփորձեմ ամփոփել այս գրառման մեջ:

Շատ քիչ է պատահել, որ իմ վիրտուալ ընկերներին նպատակային կերպով իրականություն եմ տեղափոխել: Հիմնականում նրանց հանդիպել եմ զանազան միջոցառումների ժամանակ, երբեմն պատահաբար, երբեմն էլ նախապես իմացել եմ, որ այս կամ այն վիրտուալ ընկերս այս կամ այն միջոցառմանը ներկա է գտնվելու: Եթե հաշվի առնենք ընդհանրապես Հայաստանի ու հատկապես Երևանի փոքրությունը, կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե ինտերնետը չլիներ, էսպես թե էնպես այդ մարդկանց հանդիպելու էի: Ինձ թվում է՝ հա, հաստատ հա: Ուղղակի հարաբերություններն ուրիշ որակի կլինեին, եթե ընդհանրապես լինեին:

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ինտերնետում մարդիկ կարողանում են ներկայանալ էնպիսին, ինչպիսին ուզում են: Էստեղ սկսվում է զանազան ֆեյքերի, իրենց երազած մարդու տեղ դնելու, վիրտուալ ու իրական կերպարների կտրուկ տարբերությունների ու լիքը այլ ծեծված ու շատերիս հոգնեցրած պատմություններ: Բայց բնավ դա նկատի չունեմ: Վերադառնանք գրառմանս սկզբում բերած օրինակին: Ես որտեղի՞ց իմացա, որ չաթում զրուցակիցս Սելինջեր է կարդացել: Հո օդից չգրեցի՞, թե՝ «Տարեկանի արտը» քեզ ինչ-որ բան ասու՞մ ա: Չէ: Ուղղակի զանազան խայտաբղետ ծածկանունների կողքին նկատեցի վիպակի հերոսուհու անունը: Հենց դա ինձ ստիպեց հարցնել, թե արդյոք Սելինջեր կարդացել է: Մեկ այլ դեպքում էլ մի ուրիշը գուշակել է, որ Թորի Էյմոս եմ լսում, որովհետև ծածկանունս նրա երգերից մեկի վերնագիրն է եղել: Ու հենց էդպես է սկսվել մեր բազմամյա մտերմությունը, որը հետագայում նաև իրական կյանք է տեղափոխվել:

Ծածկանվան ընտրությունը մի օրինակ է: Մեկ այլ օրինակ կարող է լինել մարդկանց թեմատիկ կայքերում հանդիպելը. եթե այսինչ անձն ակտիվ է Ալանիս Մորիսեթի ֆորումում, ուրեմն մեծ հավանականություն կա, որ նա էլ է լսում այդ երգչուհուն: Կամ եթե բլոգում հաճախ է գրքերի մասին գրում, ուրեմն շատ է կարդում:

Հիմա տեղափոխվենք իրական կյանք: Էնտեղ մենք մեր սեփական անուններն ունենք, որոնք ոչինչ չեն ասում մեր հետաքրքրությունների մասին, մեր սիրած երգերի ու գրքերի մասին էլ սովորաբար ամեն պատահածի հետ չենք խոսում: Ու ստացվում է, որ ինքներս մեզ ներկայացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Էդպես կարող ես տարիներ շարունակ ապրել հետաքրքրություններդ կիսողի հետ ու երբեք չիմանալ այդ մասին: Այ, էդպիսի օրինակ է իմ հոլանդուհի ընկերուհի Քրինան, որի հետ ծանոթացել եմ իրական կյանքում, բայց շատ երկար ժամանակ չգիտեի, որ ինքն էլ է գրում ու կարդում, մինչև մի օր բոլորովին պատահաբար չհայտնաբերեցինք, որ երկուսս էլ մասնակցել ենք նույն գրական մրցույթին:

Ստացվում է, որ իրական կյանքում պատահականություններն են մեզ մոտեցնում, իսկ վիրտուալում մեր ուզած կերպով մեզ ներկայացնելու շնորհիվ գտնում ենք համախոհների կամ ուղղակի մեզ նման մարդկանց: Ստացվում է, որ վիրտուալը ինքներս մեզ ներկայացնելու ավելի լայն հնարավորություններ է տալիս, քան իրականությունը:

Բայց էստեղ գալիս է հարցի մյուս կողմը. ինչքանո՞վ է դա մեզ պետք: Հիմա կհիշեմ akumb.am-ը, որի առաջին հանդիպումներն իրական կյանքում ուղղակի չէին ավարտվում, որովհետև չէր սպառվում միմյանց հետ զրույցի թեման: Չգիտեմ՝ մյուսների մասին, բայց ես ահագին զարմացել էի հայտնաբերելով, որ Հայաստանում ինձ մի քիչ նման ուրիշ մարդիկ էլ կան, ու էդ հանդիպումները կարծես տարիներ շարունակ կուտակած զրուցելու պահանջը բավարարելու համար էին:

Լավ, ասենք դա ակումբն էր: Իսկ հետո՞: Ինտերնետով գտել եմ լիքը մարդկանց, որոնք գրում են, որոնք լսում են նույն երաժշտությունը, ինչ ես, սիրում են հայերենը,  հետաքրքրվում են գրականությամբ, եղել են այն քաղաքներում, որտեղ ես էլ եմ եղել, կիսում են քաղաքական հայացքներս: Հետո ի՞նչ: Ինձ պե՞տք է դա: Չէ՞ որ շարունակում եմ ռոք համերգներ գրեթե միշտ մենակ գնալ, կարդացածս գրքերը չքննարկել, քաղաքական զրույցներից ամեն կերպ խուսափել, մեն-մենակ ճամփորդել, ու եթե ինտերնետով ծանոթացած լիքը մարդիկ դարձել են շատ լավ ընկերներ նաև իրական կյանքում, բնավ ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ չէ, որովհետև դրանք վիրտուալից դուրս գրեթե չեն շոշափվում: