Ասում են՝ էսօր Երևանում ընտրություններ են, բայց էնքան կտրված եմ էդ ամենից, որ համարձակվում եմ էս «ազիզ օրով» բլոգումս լրիվ ուրիշ թեմայով գրել: Անկեղծ ասած, ուրախ եմ, որ արդեն կարողանում եմ հայկական անցուդարձից ինձ հեռու պահել, բայց դա լրիվ ուրիշ թեմա է, և այդ մասին կխոսվի մեկ այլ գրառմամբ:
Էսօր ինձ համար կարևոր օր է. լրանում է Ֆեյսբուքում չլինելուս երկու շաբաթը, այսինքն՝ այսօր վերջնականապես ջնջվում է հաշիվս, անվերադարձ վերանում եմ էնտեղից: Ավելի ճիշտ, գոնե ինձ այդպես ասաց Ֆեյսբուքը, երբ սեղմեցի ջնջելու կոճակը: Գուցե խաբել է, չգիտեմ: Բայց չեմ պատրաստվում ստուգել: Ուղղակի տոնի առթիվ կանդրադառնամ մեկ այլ թեմայի, այն է՝ Ֆեյսբուքի՝ ահռելի քանակությամբ ժամանակ խլելու մասին:
Երբևէ մտածե՞լ եք՝ Ֆեյսբուք չմտնեի, էս կանեի, էն կանեի, էս կհասցնեի, էն կհասցնեի, վայ էս Ֆեյսբուքն ինչքան ժամանակ է խլում, բայց կախվածություն ունեմ, մի օր պրծնեմ դրանից, և այլն, և այլն: Եթե այո ու եթե դեռ Ֆեյսբուքում եք, ապա շտապեմ ասել, որ չարժե իզուր ծրագրեր մշակել, երազել անելիք նորանոր բաների մասին, որովհետև Ֆեյսբուքից դուրս գալը բնավ չի նպաստում լրացուցիչ կարևոր և հետաքրքիր գործերով զբաղվելուն. օրը շարունակում է քսանչորս ժամ ունենալ: Իրականում ընդամենը օգնում է անել այն, ինչ պիտի անեիք, ուղղակի Ֆեյսբուքի պատճառով ավելի դանդաղ էիք աշխատում (ու գուցե ավելի վատ):
Հիմա բացատրեմ, թե ինչպես է դա ստացվում: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց Ֆեյսբուքն ինձ երբեք չի կտրել արտակոմպային գործերից, այսինքն՝ երբեք մարդկանց հետ հանդիպումս կիսատ չեմ թողել Ֆեյսբուք մտնելու համար կամ անքուն չեմ նստել հանուն Ֆեյսբուքի: Տեսեք, թե օրս ինչ կառուցվածք ունի. ութ ժամ քնում եմ, երկու ժամ գնում է սպորտի վրա, մեկ ժամ՝ ընթրիքի (խոհարարությունն էլ հաշված), երեկոյան չորս ժամ ծախսում եմ մտերիմներիս հետ շփվելու ու լիցքաթափվելու վրա (լինի դա հանդիպելով, թե օնլայն), առավոտյան մի ժամ անցնում է, մինչև արթնանում, պատրաստվում, դուրս եմ գալիս ու հասնում գրադարան: Տակը մնա՞ց ութ ժամ: Ութից ևս երկուսը հանենք սուրճի և ճաշի ընդմիջման, ուշադրության շեղման համար, կմնա ընդամենը վեց լավ ժամ, երբ աշխատում եմ: Էդ ընթացքում հազիվ եմ հասցնում թեզիս հետ կապված գործերս: Ֆեյսբուքը կարող էր միայն մուտք գործել երեկոյան չորս ժամերի մեջ, այն էլ շատ բան չէր փոխի, մեկ էլ աշխատանքայինների մեջ, այն էլ մեծ հաճույքով բլոկ էի անում, չէր խանգարում:
Իսկ ես ասում էի՝ Ֆեյսբուքը թարգեմ, հոլանդերե՜նս կլավացնեմ, դեռ գուցե ֆիններենն ու գերմաներե՜նն էլ հասցնեմ, մի քիչ շա՜տ կարդամ, կուրսերայի դասե՜րն անեմ: Չէ՛: Լավ, ասենք, կուրսերայի դասերս էլ եմ խցկում էդ վեց ժամվա մեջ ու մի կերպ հասցնում եմ (բայց մեկ այլ կուրսից, միևնույն է, հրաժարվեցի, որովհետև ժամանակս չէր հերիքում): Բայց մնացածը՝ հը-ը: Օրը միայն քսանչորս ժամ ունի, ու դրանից փախչել չի լինի՝ անկախ նրանից Ֆեյսբուքում կամ, թե ոչ:
Հ.Գ. Քոմենթներից և անձնական չաթերից հասկանում եմ, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ֆեյսբուքը թողնելուս գլխավոր պատճառը ժամանակն է (հատկապես այս պահին, երբ թեզս եմ գրում): Չհասկացվածությունից խուսափելու համար տեղադրում եմ այս հղումը, որտեղ քննարկում եմ Ֆեյսբուքից ջնջվելուս իրական պատճառները: Իսկ ժամանակի համար կա StayFocusd կոչվածը, ինչի շնորհիվ աշխատանքային ժամերին բլոկ եմ անում ուշադրությունս շեղող կայքերը: Օգնում է: