Լյուբեկը վերևից

Ամելի Նոթոմբի «Ձմեռային ճամփորդության» այն արտահայտությունից հետո, թե որևէ քաղաք սիրելու համար պետք է վերևից նայել, ու երևի դրա համար է Աստված մարդկանց սիրում, որովհետև միշտ վերևից է նայում, սկսեցի ավելի գիտակցված ձգտել դեպի աշտարակները:

Լյուբեկը սիրելու համար կարիք չկար աշտարակ բարձրանալ: Բայց երբ առաջին պտույտս կատարեցի քաղաքում, մտածեցի, թե ինչ սքանչելի տեսարան կլինի վերևից: Ու նաև համոզված էի, որ անհնար է՝ քաղաքը չունենա բարձրանալու տեղ: Փորփրեցի ու հայտնաբերեցի, որ հոսթելիս հետևի Սբ. Պետրոս եկեղեցու աշտարակն ընդունում է այցելուներ:

DSCF4742

Այս առավոտ նախաճաշից հետո միանգամից նետվեցի Սբ. Պետրոս: Երևի առաջին այցելուն էի: Մեն-մենակ էի վերևում: Լյուբեկն ավելի հեքիաթային էր բարձրից: Եղանակը լավն էր, հետևաբար տեսարանը չէր մխտռվում: Ուրիշ տուրիստներ չկային, ու ականջիս միայն քաղաքի ձայներն էին հասնու:

Իջա միայն այն ժամանակ, երբ զգացի, որ մրսում եմ: Իջա ու եկեղեցու դռան մոտ տեսա ժամանող տուրիստական խմբեր: Փաստորեն, լավ միտք էր առավոտյան շուտ էնտեղ գնալը:

 

Լյուբեկ. հանգստի քաղաքը

Լյուբեկում անցկացվելիք վիքենդը պիտի որ այս տարվա միակ իսկական արձակուրդս լիներ, որ զոռով քամել, պոկել էի Էրասմուս մունդուսից: Բայց ղեկավարիս ուշացնելու պատճառով թեզս դեռ հանձնված չի, ու ուղեղս լրիվ անջատելը դառնում է անհնար:

Այնուամենայնիվ, պարբերաբար ինքս ինձ հիշեցնում եմ, որ էստեղ եկել եմ հանգստանալու, որ պետք է մոռանալ կյանքի բոլոր չարիքները, թուլանալ ու հաճույք ստանալ: Դրա համար դուրս գալիս անգամ կոմպս հետս չվերցրի: Պայուսակիս մեջ միայն ապարատս, գիրքս, բլոկնոտ ու քրիչս, մի շիշ ջուրն ու խնձորն էին: Դուրս եկա Լյուբեկն ուսումնասիրելու:

Առաջին հայացքից՝ իսկապես, տիպիկ գերմանական քաղաք է: Ավելին՝ տիպիկ Հանզեատիկ կամ գուցե տիպիկ հյուսիսեվրոպական: Շատ բաներով Բրեմենը, Բրանդենբուրգը, Համբուրգն ու Կոպենհագենն է հիշեցնում: Որ շատ խորանամ, Քյոլնն ու Դյուսելդորֆն էլ կավելացնեմ:

DSCF4697

Բայց Լյուբեկը մի էական տարբերություն ունի: Քաղաքի մի մասը բլրի վրա է, հետևաբար վերև-ներքև կա: Նիդեռլանդների տափակությանը սովորած աչքերիս համար դա խիստ անսովոր էր, բայց մյուս կողմից էլ լրացուցիչ հմայք էր հաղորդում:

Սկսեցի ջրանցքի ափին զբոսնելով: Մի կին էր գետնին նստած, կողքին՝ ինչ-որ խմիչքի մետաղյա տարա: Էնպես մենակ ու անհոգ էր: Քայլեցի կամրջով, որտեղ սիրահարների ծանոթ կողպեքներն էին ամրացված: Առաջին անգամ դրանք Պրահայում եմ տեսել, բայց ո՞ր քաղաքն է դրանց հայրենիքը:

DSCF4695

Հետո մի հատ էլ գնացի դարպասների դիմաց: Իսկապես շատ սիրուն էր: Տուրիստական կենտրոնից թանգարանների բուկլետ վերցրի ու որոշեցի առնվազն մի թանգարան գնալ: Քչփորեցի ու գտա. «Գունթեր Գրասի տուն»: Օրորալով-շորորալով, շուրջս նայելով, հետ ու առաջ անելով քայլեցի դեպի թանգարան: Մինչ այդ պիտի քաղաքապետարանի հրապարակով անցնել: Մի բան, որ երևի առանց բացառության գերմանական ամեն մի քաղաք ունի: Մենակ Բեռլինում չեմ տեսել, բայց Բեռլինն իր ամեն ինչով ոչ ստանդարտ քաղաք է, էնպես որ հաշիվ չէ:

Հրապարակի կողքի փողոցները երթևեկելի չէին, լցված էին մարդկանցով ու խանութներով: Առաջին անգամ մտքովս անցավ, թե ինչ անհարմար բան է, երբ քաղաքի հին մասում էսքան խանութներ են տնկում: Հնությունը մի տեսակ կորում է:

Աներթևեկելի փողոցներում ամեն քայլափոխին փողոցային երաժիշտներ էին ու բավական որակյալ համերգներ էին տալիս: Լյուբեկը բավական երաժշտական քաղաք դուրս եկավ: Իմ տեսածներից երևի միայն իռլանդական քաղաքներին է զիջում:

DSCF4712

Հասա Գունթեր Գրասի թանգարան: Աշխատողը չէր ուզում ներս թողնել, որովհետև քառասունհինգ րոպեից փակվում էին: Ինքս ինձ ու նմանատիպ թանգարանները լավ իմանալով ասացի, որ դա ինձ հերիք է: Իսկապես, նայելու բան շատ քիչ կար, պատերին գրվածներն էլ մենակ գերմաներեն էին, իսկ ես ուղեղիս զոռ տալու հավես հեչ չունեի: Տոմսը գնելիս ինձ մի անգլերեն բուկլետ տվեցին, որտեղ Գունթեր Գրասի կենսագրությունն էր գրված: Էդպես մտա վերջին սենյակը, փռվեցի աթոռներից մեկին ու սկսեցի կարդալ: Ընդհանրապես, սիրում եմ գրողների թանգարաններում անջատվել: Բայց արի ու տես, որ Գրասը ոչ միայն գրող է, այլև նկարիչ ու քանդակագործ: Այ քեզ բազմատաղանդ:

DSCF4715

Թանգարանից դուրս գալիս հիշեցի, որ դեռ ժամեր առաջ պիտի սուրճ խմեի ու հա հետաձգում էի: Որոշեցի, որ ժամանակն է դոզաս ստանալու, ուղևորվեցի դեպի հացի խանութ (bakery-ին հայերեն ո՞նց են ասում :D), մի բաժակ սուրճ ու շոկոլադե մաֆին վերցրի, նստեցի ու մամայիս բացիկ գրեցի, որն ինձնից ուշ Երևան կհասնի:

Լյուբեկ. ես ու ճամպրուկս մեն-մենակ

Բեռլին հասնելուց առաջ ուզում էի մի երկու օրով ուղեղս անջատել, հայտնվել օտար քաղաքում ու մոռանալ ամեն ինչի մասին: Բնականաբար, ամենալավ տարբերակը ճանապարհին որևէ տեղ կանգ առնելն էր: Ռիփը Լյուբեկը խորհուրդ տվեց, գաղափարը դուրս եկավ: Ասաց՝ տիպիկ գերմանական քաղաք է:

Բայց առաջին զարմանալի տարբերությանը, որ հանդիպեցի, այն էր, որ հոսթելներն առանձին մենակ աղջիկների ու տղաների սենյակներ ունեին, ու կարևորը՝ դրանք խառը սենյակներից թանկ չէին: Իսկ մնացած նմանություն-տարբերություններին պիտի հանդիպեի քաղաքում հայտնվելուց հետո:

Կայարանից դուրս եկա ու սկսեցի ճամպրուկս առաջ գլորել: Ծանր էր, դժվար էր գնում: Փաստորեն մոռացել էի, թե ինչ գլխացավանք է ամբողջ ունեցվածքդ պարունակող ճամպրուկով ճամփորդելը: Կամ գուցե Հելսինկիում ու Կոպենհագենում այնքան էլ բարդ չէր, որովհետև Լիլին էլ էր հետս, ու կարող էի ճամպրուկս մի քանի վայրկյանով թողնել նրա հսկողության տակ, վազել, ցուցատախտակները ստուգել: Իսկ էսպես անգամ գնացքում զուգարան գնալիս խառնվում էի իրար: Չէ՛, գողացվելուց չէի վախենում. 170 կմ/ժ արագությամբ սլացող գնացքում հազիվ թե ինչ-որ մեկը հասցնի կոտրե բավական ամուր կողպեքը, իմ հագած շորերի մեջ իրեն պետքականը գտնել ու թաքնվել, որ չբռնվի: Ուղղակի անտեր ճամպրուկները վտանգավոր են պայթյունների տեսանկյունից:

Հա, ուրեմն, մի կերպ ճամպրուկս դուրս բերեցի Լյուբեկի կայարանից ու սկսեցի առաջ գնալ: Հազիվ էր շարժվում: Հե՞տ եմ սովորել ճամպրուկ գլորելուն: Գուցե անիվները մաշվել են: Կամ էլ Լյուբեկի ասֆալտը լավը չէ: Մի խոսքով, բավական տաժանակիր աշխատանք էր ճամփի առաջին մասն անցնելը: Իսկ երբ հանկարծ աչքիս առաջ բացվեցին քաղաքի միջնադարյան դարպասները, շունչս կտրվեց: Ես հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ արել Լյուբեկ գալով:

Շուրջս նայելով կամաց-կամաց առաջ գնացի: Ոնց որ արդեն սովորել էի ճամպրուկիս: Վերջապես հասնում եմ հոսթելի փողոցին: Գտնում եմ հասցեն, մտնում ներս: Տերն իտալացի է: Ազգանունս չի գտնում ռեզերվ արածների մեջ: Թուղթս է նայում, ասում՝ սա ուրիշ հոսթել է: Ասում եմ՝ հա, ուրիշը ուրիշ, բայց ես մեյլ եմ ստացել, որտեղ գրել էին, որ չեքին էս հասցեում լինեմ: Չէ որ չէ, չկա տենց բան: Նյարդերս խախտվում են: Առավոտյան վեց անց կեսից ոտքի վրա եմ, մի կերպ իմ բոյաչափ ճամպրուկով հասել եմ տեղ, հիմա ասում է՝ էստեղ չէ, մի կես կմ էլ պիտի գնամ:

Ջղայնացած դուրս եմ գալիս: Քարտեզը հանում ու հոսթելի իսկական հասցեն փնտրում: Լավ, շատ հեռու չէ: Երրորդ փողոցը ձախի վրա: Բայց վրաս հալ չկա, սատկում եմ արդեն: Մի կողմից էլ արևը: Շոգից երբեք չէի դժգոհի, բայց երբ առավոտից ճամփեքին ես, ու վրադ էդքան բեռ կա, լրացուցիչ քրտնարտադրությունն ուղղակի ներվայնացնող է:

Մի երկու քայլ առաջ եմ գնում, հասնում առաջին փողոցին ձախից: Ու էստեղ հիստերիկաս բռնում է: Ախր սա էր էն փողոցը, որի մասին մեյլում նշվել էր: Չգիտեմ՝ ոնց էի էն մեկում հայտնվել: Ուղղակի փողոցների անունները նման էին, իտալացին էլ չէր նկատել, որ ուրիշ է: Բայց էստեղ մի նոր մարտահրավեր է առաջ գալիս. փողոցը դիք է, պիտի բարձրանամ: Դա հերիք չէ, սալահատակ է, այսինքն՝ ճամպրուկս հաստատ չի գլորվի: Խորը շունչ եմ քաշում, վերջին ուժերս հավաքում ու առաջ շարժվում: Ըհը, գտա հոսթելը: Մտքիս մեջ ասում եմ՝ բա որ մենակ չեքինն էստեղ լինի, ուղարկեն մյուս տեղը: Կգժվեմ, կասեմ ինձ ավտո նստացրեք, տարեք կամ տաքսի կանչեք: Բայց չէ, բախտս բերեց,  նույն տեղում էի գիշերելու:

Սենյակս կոչվում էր Էդինբուրգ:

– Երրորդ հարկ,- ասաց ընդունարանի աշխատողը:

– Վերելակը որտե՞ղ է,- հարցրի:

– Չկա, աստիճաններով:

Էստեղ քիչ մնաց գոռայի: Լրիվ ուժասպառ էի: Էդ ճամպրուկով երեք հարկ (հայերեն ասած՝ չորս) բարձրացողը չէի: Բայց դե սուսուփուս բեռս քաշեցի մուտքի մոտից ու քայլեցի դեպի աստիճանները: Էդ պահին ընդունարանի աշխատակցուհին տարածքի բանվորներից մեկին բռնեց.

– Էս ճամպրուկը Էդինբուրգ բարձրացրու:

Նման դեպքերում միշտ հրաժարվում եմ օգնությունից: Բայց էս անգամ լայն ժպտացի և շնորհակալություն հայտնեցի:

Սենյակում ինձնից բացի մեկ էլ մի կին կար, էն էլ քնած: Միայն իգական սենյակների լավն էլ հենց էդ է, որ երբեք լիքը չեն լինում: Արագ դուշ ընդունեցի, շորերս փոխեցի ու դուրս՝ Լյուբեկն ուսումնասիրելու:

շարունակելի