Դանիան կորոնակիսամյակին ընդառաջ

Այս տողերը սկսում եմ գրել Դանիայի Օրհուս քաղաքի «փափուկ լոքդաունի» պայմաններում, երբ մեզ՝ Օրհուսի համալսարանի աշխատողներիս, երկու շաբաթով, հետո ևս երկու շաբաթով տուն ուղարկեցին՝ էդպիսով կիսամյակի սկիզբն անորոշության մատնելով։ Ու տողերս գրելու ընթացքում Օրհուսի քաղաքապետը հայտարարում է ռիսկի նվազման մասին ու նախատեսվածից մեկ շաբաթ շուտ մեզ թույլ տալիս աշխատավայր վերադառնալ. ուրեմն կիսամյակը նորմալ սկիզբ կունենա։

Վերևում նկարագրածն այս տարվա աշնանային կիսամյակի անորոշության ու շիլաշփոթի ընդամենը մի փոքր մասն է ներկայացնում։ Դեռ հունիսից ամեն օր մի նոր հրահանգ, նոր որոշում է գալիս, ու դասախոսներս պիտի անընդհատ փոփոխենք մեր ծրագրերը, հարմարվենք նորին։ Իսկ ինձ նման աշխատավայրից 200 կմ այն կողմ ապրողի համար էսպիսի անորոշությունը լրացուցիչ բարդություն է. ես պետք է հստակ ծրագրեմ, թե որ օրերին որ գնացքով եմ գնալու Օրհուս, քանի գիշեր եմ այնտեղ մնալու ու երբ եմ վերադառնալու։

Nobelparken Arts | Aarhus Universitet: Arts

Սկզբում խոսակցություններ էին պտտվում, թե ամբողջ կիսամյակն առցանց է լինելու։ Ավելի ուշ մեզ լղոզված հրահանգ եկավ, որ պատրաստվենք սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի պայմաններում դասավանդելուն՝ պատրաստ լինելով, որ սահմանափակումները կարող են լրիվ հանվել կամ ուսուցումը կարող է լրիվ առցանց դառնալ։ Հետո նաև ստացվեցին լսարանների տվյալները, թե սոցիալական հեռավորություն պահպանելու դեպքում որ լսարանը քանի ուսանողի կարող է ընդունել։ Իսկ որ ամենավատն էր, լսարան ամրագրող կառույցը կտրականապես մերժում էր լսարանային որևէ փոփոխություն. առարկայիդ համար այս օրն ու ժամն է տրված, կա՛մ պիտի հարմարվես, կա՛մ ուրիշ լուծում գտնես։ Հարմարվել կնշանակի, որ ուսանողներիդ թիվը լսարանի տարողունակության չափ է կամ դրանից քիչ։ Ուրիշ լուծումն առցանցն է, որովհետև այլ դասախոսների հետ պայմանավորվել, լսարաններով փոխանակվել չի թույլատրվում։ Մի ուրիշ լուծում է մեկուկես ժամանոց դասախոսությունը կրճատել, քառասունհինգ րոպեանոց դարձնել և կարդալ երկու անգամ՝ սկզբում կուրսի մի կեսի, հետո մյուս կեսի համար։ Բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին առավելություն է տրվելու, ու նրանց ուսումը հնարավորինս առկա է կազմակերպվելու։

Այս պայմաններում բավական քիչ էին այնպիսի լսարանները, որտեղ ուսանողները տեղավորվում էին սոցիալական հեռավորության պայմաններում, հետևաբար փաստացիորեն լիարժեք առկա ուսուցում կազմակերպելն ահնար էր դառնում։ Ուսանողների ու դասախոսների բազմաթիվ բողոքներից հետո մինչև 30 հոգանոց կուրսերի դեպքում սոցիալական հեռավորության կանոնը չի գործելու, այսինքն՝ մինչև 30 հոգանոց կուրսերը կարող են հանգիստ իրենց դասերն անցկացնել նախատեսված լսարաններում, բայց եթե կուրսում թեկուզ 31 հոգի կա, ուրեմն պետք է հաշվի առնել սոցիալական հեռավորությունը։

Այս կիսամյակ երկու առարկա եմ դասավանդելու. ճանաչողական սեմիոտիկայի (cognitive semiotics) մագիստրատուրայի առաջին կուրսում սոցիալական ճանաչողություն (social cognition) և ճանաչողական գիտության (cognitive science) բակալավրի երկրորդ կուրսում էքսպերիմենտալ մեթոդներ 3։ Առաջին առարկայի դեպքում ամեն ինչ շատ սիրուն տեղավորվում է պահանջների մեջ. 14 ուսանողի տարողությամբ լսարան, կուրսում 14 հոգի, ոչ մի խնդիր։ Երկրորդի դեպքում կուրսում 53 ուսանող է գրանցված։ Դասախոսության լսարանն ավելի փոքր տարողություն ուներ։ Բոլորի կյանքը հեշտացնելու համար առաջարկեցի նախապես տեսագրված կարճ դասախոսություններ ու դրանց հետ զուգակցված առցանց վարժություններ՝ Զումով կենդանի դասախոսությունների փոխարեն։ Տեսագրված դասախոսությունները, ի դեպ, երկար ծանրութեթև արած մանկավարժական ընտրություն է, որ թեև իմ աշխատանքը մի քիչ բարդացնելու է, բայց օգնելու է ուսանողներին. նրանցից շատերը չունեն արագ ինտերնետ, ու Զումով չեն կարող կտրտված ձայնով հետևել։ Երկար առցանց դասախոսության դեպքում ուշադրությունը կարող է շեղվել, կարևոր մասերը բաց թողնեն։ Իսկ տեսագրված կարճ դասախոսությունը կարող են ուզածի չափ դիտել, դադարներ տալ, լրացուցիչ ժամանակն օգտագործել առաջադրանքները կատարելու համար։

Էքսպերիմենտալ մեթոդաբանություն 3֊ը նաև գործնականներ ունի, որտեղ ուսանողները կիսվում են երկու մասի։ Այս դեպքում ունենում ենք 30֊ից փոքր խմբեր 27 հոգի տարողունակությամբ լսարանում, հետևաբար նորից խնդիր չի լինում։ Գործնականները հատկապես կարևոր են լսարանում կազմակերպելը, որովհետև առարկան լրիվ կոդ գրելու վրա է հիմնված, ու ուղղություն ցույց տալն ու խնդիրներ հայտնաբերելն ավելի հեշտ է, երբ ուսանողի հետ անձամբ ես հաղորդակցվում։

Թվում է՝ կիսամյակն ինձ համար գոնե կազմակերպված է, ամբիոնի վարիչը հաստատել է որոշումներս, ու մնում է միայն դասերը պատրաստելը։ Բայց Օրհուսը դառնում է Դանիայում կորոնավիրուսի նոր օջախ, նոր սահմանափակումներ են մտցվում՝էդպիսով ամեն ինչ շատ անորոշ դարձնելով։ Մյուս կողմից, ճանաչողական գիտության երկրորդ կուրսի ուսանողները բողոքում են առցանց ուսուցման դեմ, որ թե նախորդ կիսամյակ ոչինչ չեն սովորել, որ առցանցը կրթություն չէ և այլն։ Ու նորից ընկնում ենք, սկսում լուծումներ փնտրել՝ վերադառնալով հենց սկզբնական մոդելին, որովհետև, միևնույն է, լսարաններ ամրագրող կառույցն անսասան է, ու ավելի մեծ լսարան մեզ չի առաջարկի։

Չնայած սահամնափակումներին, հայտարարվում է, որ մենք կարող ենք աշխատանքի գնալ միայն դասավանդելու նպատակով։ Էջերով նորանոր նամակներ ու կանոններ ենք ստանում համալսարանի ղեկավարությունից. ամեն դասից առաջ ու հետո պետք է լսարանն օդափոխել, պետք է հետևել, որ ուսանողները ձեռքերը և իրենց շրջապատը մաքրեն մաքրող հեղուկով։ Դասախոսների պատասխանատվությունն է նաև հետևելը, որ լսարաններում մաքրող հեղուկ կա։ Հիվանդ ուսանողները տանն են մնում (ինչպես նաև մեկուսացվում է նրանց 30 հոգանոց խումբը)։ Հաճախումները որպես պարտադիր պայման վերացվում է։ Մեզ նաև կորոնավիրուսի ժամանակ լսարանում ճիշտ վարքի սլայդներ են ուղարկում, որ դասի ժամանակ ուսանողներին ցույց տանք։

Այս պահին, երբ գրում եմ այս տողերը, նախատեսում եմ, որ վաղը կնկարահանեմ առաջին դասախոսությունս ու կտեղադրեմ մեր առցանց հարթակում, հինգշաբթի դիմակս կդնեմ, կնստեմ գնացք, կհասնեմ Օրհուս ու երկու խմբերին էքսպերիմենտալ մեթոդներ 3֊ի գործնականը կդասավանդեմ, ուրբաթ առավոտյան՝ սոցիալական ճանաչողությունը։ Օրվա երկրորդ կեսին կմիանամ գործընկերներիս հետ գրելու ակումբին, որտեղ մի երեք ժամ գիտությամբ կզբաղվեմ, հետո դիմակս կդնեմ, կնստեմ գնացք, կվերադառնամ Կոպենհագեն։ Բայց հաշվի առնելով, թե ինչքան արագ է ամեն ինչ փոխվում վերջին ամիսներին՝ չգիտեմ, թե առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրածիս որ մասն իրականություն կդառնա։

Վայլե․ ամառային փաթեթ

Դեռ ամառվա սկզբին մենք իմացանք, որ մեծ մասամբ Դանիայում փակված ենք մնալու, ինչն անսպասելի չէր։ Կորոնավիրուսի համավարակը հաջողությամբ հաղթահարած Դանիայի կառավարությունն անցնում էր տնտեսությունն աշխուժացնելուն, ու փակ սահմանների պատճառն ավելի շատ ոչ թե վարակի տարածումը կանխելն էր, այլ դանիացիների՝ արձակուրդներին ծախսած փողերը Դանիայի ներսում պահելը։ Հետագայում, իհարկե, բացվեցին սահմանները, բայց դանիացիներից շատերն արդեն ծրագրել էին արձակուրդը երկրի ներսում անցկացնել։ Իսկ պետությունն աջակցում էր բնակիչներին ամառային փաթեթի տեսքով․ ուսանողներին, թոշակառուներին ու մնացած ցածր եկամուտ ունեցողներին միանվագ 1000 կրոն (մոտ 74 000 դրամ) «պաղպաղակի ու սուրճի» փող, հասարակական տրանսպորտի՝ մեկ շաբաթ անսահմանափակ ողջ պետության տարածքով մեկ կիրառելիությամբ էժան տոմսեր, թանգարանների ու այլ զվարճանքի վայրերի տոմսերի կես գին։

Վայլեի նավահանգիստը մայրամուտին

Մենք էլ որպես մեր չեղարկված չվերթներից հոգնած ու ամիսներ շարունակ տանը փակվածներ ձեռք բերեցինք տրանսպորտի տոմսերից ու հետո սկսեցինք մտածել՝ ուր գնանք։ Ես, որ քաղաքի մարդաշատությունից ու սարերի բացակայությունից անընդհատ նվնվում էի, դեմ չէի նորից Վայլե գնալ (առաջին անգամվա մասին՝ Կորոնաֆուտբոլում)։ Մորթենը, որ մինչև երկու տարեկան Վայլեում է ապրել ու անթիվ-անհամար ամառային արձակուրդներ անցկացրել այնտեղի տատիկ-պապիկի մոտ, նույնպես դեմ չէր Վայլե գնալ։ Իսկ խայտառակ եղանակի պատճառով նորից ու նորից Դանիայի ավելի հեռուները հասնելը հետաձգվեց մինչև հաջորդ առիթ։

Վայլեն Մորթենի հետ լրիվ ուրիշ էր՝ Օրհուսի գրող կանանց համեմատ։ Վերջինիս դեպքում մենք բոլորս օտար էինք այնտեղ ու քչփորում էինք քաղաքն իսկական տուրիստների պես, իսկ Մորթենը գիտեր քաղաքի ամեն ծակուծուկը, նրան քարտեզներ պետք չէին այս կամ այն տեղը հասնելու համար։ Ու թերևս Վայլե կատարած երկու ճամփորդություններին միավորում էր միայն մի բան․ այն տունը, որ էյրբիընբիով վարձել էինք գրող կանանցով, նույն շենքում էր, որտեղ Մորթենն ապրել էր ծնողների հետ մինչև երկու տարեկան։ Դա հասկացանք միայն այն ժամանակ, երբ Մորթենն ինձ այդ տան մոտ տարավ։ Զարմացած նայում էինք շենքին ու մտածում՝ հավանականությունն ինչքան էր, որ հենց այդ շենքում կհայտնվեինք գրող կանանցով։

Վայլեում, ինչպես և Կոպենհագենում, կորոնավիրուսը հիշեցնող միակ տարրերն ամեն խանութի ու սրճարանի պատուհաններին փակցված ցուցանակներն էին՝ հինգ կանոններով, որ արդեն անգիր գիտենք, ու մուտքերի մոտ տեղադրված ձեռքերի ախտահանիչ միջոցները, որ ամեն տեղ մտնելիս արդեն սովորություն է դարձել հայացքով գտնելն ու գործածելը։ Երբեմն-երբեմն դիմակներով հատուկենտ մարդիկ են անցնում, բայց առայժմ դիմակները հիմնականում դեղատներում են։

Մենք գնացինք Վայլեի բլուրն ի վեր, որտեղ Մորթենի տատիկ-պապիկի տունն էր։ Մորթենը մի ուղղաձիգ վերելք էր հիշում, որ բարձրանալիս «քիչ է մնում՝ մեջքի վրա ընկնես»։ Մորթենը մի հսկայական սար էր հիշում, որ բարձրանալիս անընդհատ կանգնում ու շունչ ես քաշում։ Ես ծիծաղում էի, որովհետև Դանիայի ամենաբարձր կետը 171 մետր է ու Վայլեում չէ։ Ծիծաղում էի ու պնդում, որ Դանիայում չկա բարձրություն, որ Բաղրամյանի դիքից դժվար լինի հաղթահարելը։

Երբ անցանք ուղղաձիգ ճանապարհով ու րոպեներ անց բլրի գագաթին էինք՝ առանց շնչակտուր լինելու ու մեջքի վրա ընկնելու, Մորթենը սկսեց պնդել, որ այն ժամանակ իսկապես մեծ էր բլուրը ու դժվար հաղթահարելի։ Մեր մանկական հիշողություններն են, որ պստիկ բլուրը որպես հսկայական սար է պահպանում, նեղլիկ առվակը՝ անանցանելի գետ։

Բլուրն ի վեր

Տունը նույնությամբ մնացել էր այնտեղ, բայց ուրիշ մարդիկ էին ապրում։ Մենք քայլեցինք անտառներով, հասանք մորու թփերին, որոնք այնքա՜ն պարզ էր Մորթենը հիշում։ Բայց սեզոնը չէր, ու միայն ծաղկած թփեր տեսանք, չկարողացանք տռզելու չափ մորի ուտել, ինչպես երեխա ժամանակ Մորթենն էր անում ամեն ամառ։ Չկային նաև անտառում ազատ վազվզող շներ․ հիմա արդեն շները տերերին կիպ կպած էին ու թոկով էին։

Տարիների ընթացքում Վայլեում նոր բաներ են ավելացել։ Օրինակ, 120 տարի նույն տեղում գտնված հացի փուռը տեղափոխվել է ուրիշ տեղ։ Կառուցվել է նաև դանիացի-իսլանդացի արվեստագետ Օլաֆուր Էլիասոնի նախագծած Ֆյորդատունը՝ ջրի մեջ վեր խոյացող մի կառույց, որի ստորին հարկում ջուրն ազատ ելումուտ է անում ու պատկերներ ստեղծում։ Կենտրոնական փողոցում բացվել է նաև մի սրճարան, որը հայտնի է իր բարձրորակ սուրճով ու պոեզիայի գործարանով։ Այնտեղից կարող ես ձեռագիր կամ մեքենագրված բանաստեղծություններ գնել կամ որոշակի ժամերի մոտենալ ու լսել Վայլեի պոետների կարդացած պոեզիան, որ այնքան բարձր է հնչում, որ լսվում է կենտրոնական փողոցի բոլոր հատվածներում։

Սրճարանում բանաստեղծություններ մեքենագրողները

Վայլեն փոքր քաղաք է։ Մեկ օրը լրիվ հերիք է ամեն ինչ տեսնելու համար։ Հիշողություններ ու պատմություններ են պետք այնտեղ ավելի երկար մնալու համար։ Մեկ էլ ամառային փաթեթ է պետք, որ այնտեղ կանգ առնես։ Ու մենք՝ որպես Դանիայի պարտաճանաչ բնակիչներ, օգտվում ենք ամառային փաթեթի նաև այլ բարիքներից՝ գնացքով այսուայնտեղ ուղևորվելով ու թանգարաններ գնալով ու ծախսելով մեր արձակուրդային փողերը, որ պիտի Հայաստանում ծախսվեին, եթե միայն կորոնան չլիներ։ Եթե միայն կորոնան չլիներ, գուցե Վայլե այս ամառ էլ չգնայինք։

Մարդիկ ամեն տեղ նույնն են, ղեկավարներն են տարբեր

Մարդկանց վարքը Հայաստանում ու Դանիայում

Հիշու՞մ եք 2018֊ի հեղափոխությունը։ Հիշու՞մ եք Նիկոլ Փաշինյանի մատի մի շարժումով ժողովուրդը ոնց էր բացում ու փակում փողոցները, հավաքվում Հանրապետության հրապարակում կամ տուն գնում հայտարարված ժամին։ Իսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ այդ նույն ժողովուրդը հրաժարվում է դիմակ հագնել կամ սոցիալական հեռավորություն պահպանել։ Սոցիալական ցանցերով մեկ ու իրական կյանքում շատերը նկատողություն են անում դիմակ չկրողներին, վիրավորում ու բողոքում, թե էս ինչ մշակույթ է, էս ժողովուրդը բան չի հասկանում։ Այդ նույն ժողովուրդը 2018֊ին հեղափոխություն էր արել։ Ուրեմն ի՞նչ է կատարվում հիմա։

Կոպենհագենի կենտրոնը լոքդաունի բացվելուց հետո։ Ոչ ոք ըստ էության որևէ կանոն չի խախտել, բայց փողոցը մարդաշատ է

Համավարակի ժամանակ մշակույթի մասին խոսակցությունները միայն Հայաստանին չեն հատուկ։ Դեռ փետրվարի վերջերին ու մարտի սկզբին շատ դանիացիներ ռասիստաբար պնդում էին, որ համավարակը Դանիային մեծ վնաս չի տա, որովհետև ի տարբերություն իտալացիների ու պարսիկների, իրենք ավելի լավ են հետևում հիգիենային։ Բայց օրեր անց թվերը սկսեցին խայտառակ տեմպով աճել, որովհետև ժողովուրդը չէր ենթարկվել Դանիայի կառավարության հորդորներին. Իտալիա չմեկնել, իսկ էնտեղից վերադառնալուց հետո տասնչորս օր ինքնակարանտինի մեջ մնալ, ձեռքով չբարևել, չգրկախառնվել։ Նույնիսկ ամբողջական դասարաններ իրենց ճամփորդությունը չչեղարկեցին։ Վերադարձողներից շատերն էլ ոչ միայն կարանտինի մեջ չմնացին, այլև գիշերային ակումբներ ու այլ վայրեր այցելեցին։ Արդյունքում՝ մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում Դանիայում նոր դեպքերն աճում էին երկրաչափական պրոգրեսիայով ու շատ ավելի արագ, քան դա երբևէ եղել է Հայաստանում։ «Շատ ավելի հիգիենիկ» ու «պետությանը ենթարկվող» դանիացիների պատճառով Դանիան աղետի առաջ էր կանգնած։

Բայց ամիսներ անց դանիացիների վարքագիծը խիստ փոխվել է։ Սոցիալական հեռավորություն պահպանելը, ընկերներին առանց գրկախառնվելու բարևելը, մեծ հավաքույթներ չանելը, հանդիպումները հնարավորինս բացօթյա տարածքներում կազմակերպելը, խանութ մտնելիս ձեռքերը ախտահանելը դարձել է նորմ, ինչը չէիր ասի Հայաստանի մասին. հենց սահմանափակումները հանվեցին, մարդիկ շարունակեցին պաչիկով բարևել, իրար գլխի հավաքվել ու դիմակ չկրել։ Ուրեմն ինչու՞ դանիացիների վարքը փոխվեց, հայերինը՝ ոչ։ Երբ այս թեմայով բանավիճում եմ սոցիալական ցանցերում, ինձ ասում են՝ դանիացիներն ավելի քաղաքակիրթ են։ Բայց ոչ, դանիացիներն էլ են իրար գլխի լցվում, դանիացիներն էլ գրկախառնվում ու ձեռքով բարևում, դանիացիներն էլ հրաժարվում դիմակ կրել. մարդիկ ամեն տեղ նույնն են, նրանց ղեկավարողներն են տարբեր։

Դանիան լոքդաունի ժամանակ

Երբ չնայած Դանիայի կառավարության հորդորներին թվերը շարունակեցին աճել, մարտի 11֊ին վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը առանց երկար֊բարակ մտածելու լոքդաուն հայտարարեց՝ էդպիսով Եվրոպայում Իտալիայից հետո լինելով առաջին պետությունը, որը պետության ներսում ամեն ինչ փակեց ու անտեսեց հնարավոր տնտեսական վնասները։ Դանիայի պառլամենտը հոտնկայս ու միաձայն հակահամաճարակային օրենք ընդունեց։ Այդ օրերին պառլամենտում ներկայացված բոլոր ինը կուսակցությունները միաձայն էին։ Քաղաքական հակամարտություններն ու շահարկումները հետո սկսվեցին։

Չնայած ամեն ինչի փակ լինելուն, օրինախախտներ միշտ էլ կային։ Հանրակացարաններում ուսանողները մեծ քեֆեր էին կազմակերպում։ Արևոտ օրերին դանիացիները խմբվում էին բացօթյա տարածքներում (թույլատրվում էր միայն մինչև տասը հոգանոց հավաքույթներ)։ Ոստիկանությունը զգուշացումներ էր տալիս կամ տուգանում։ Անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ կարգավորումներ մտցնում։ Օրինակ, կոպենհագենցիները սիրում են զբոսանքի ու ֆիզիկական վարժությունների դուրս գալ լճերի շուրջ։ Ոստիկանությունը կարգադրեց, որ միայն ժամսլաքի ուղղությամբ զբոսնեն այնտեղ. այդպիսով, անծանոթ մարդիկ իրար դեմ֊դիմաց դուրս չեն գա։ Քաղաքի լողափներից մեկում մոտ երկու հարյուր հոգի իրար գլխի էին հավաքվել։ Ոստիկանությունը ցրեց հավաքույթը ու լողափը փակեց նաև հաջորդ օրերի համար։

Երբ մարդկանց վարքը չէր փոխվում, նաև Դանիայի թագուհին ելույթ ունեցավ ու խիստ նախատեց բոլորին։ Վարչապետն էլ սպառնաց, որ եթե չենթարկվեն, սահմանափակումներն ավելի խիստ են դառնալու։ Էս ամենը, իհարկե, մեծ էմպաթիա ցուցաբերելով բնակիչների նկատմամբ, մտնելով դրության մեջ, հասկանալով նրանց։ Վարչապետն անգամ առանձին առցանց հանդիպում կազմակերպեց երեխաների հետ, որտեղ երեխաները կարող էին իրենց հուզող հարցերը տալ։

Լոքդաունի ժամանակ արված գրաֆիթի. թող հարուստները վճարեն COVID 19֊ի համար

Լոքդաունի ժամանակ գործազրկությունն աճեց։ Դա կանխելու համար Դանիայի ղեկավարությունն օգնության փաթեթներ առաջարկեց։ Մասնավորապես, պետությունը վճարում էր մասնավոր սեկտորի աշխատողների աշխատավարձի առյուծի բաժինը միայն այն պայմանով, որ ընկերությունը ոչ մեկի աշխատանքից չազատի։ Հայտնվեցին փաթեթին միացած խոշոր բիզնեսներ, որոնք պարզվեց վերջին տարիներին ոչ մի կոպեկ հարկ չէին մուծել։ Այս բիզնեսները սկսեցին դժգոհել, թե օգնության փաթեթները բավականաչափ մեծ չեն։ Հայտնվեց Դանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, որը հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատեց, հետո նոր միացավ օգնության փաթեթին (փաթեթին միանալուց առաջ աշխատանքից չազատելու պայման չկար)։

Ու սկսվեցին քաղաքական շահարկումները։ Այժմ ընդդիմություն, լիբերալ կուսակցության անդամ նախկին վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենը դժգոհում էր, թե խիստ լոքդաունի արդյունքում տնտեսությունն այնքան կտուժի, որ առողջապահությանը գումար չի մնա, մարդիկ ուրիշ հիվանդություններից կմեռնեն։ Իրեն պատասխանեցին՝ առաջնահերթությունների հարց է. եթե առողջապահական համակարգի պետական ֆինանսավորումն առաջնահերթություն լինի, գումար միշտ էլ կգտնվի։ Իսկ այդ նույն նախկին վարչապետի իշխանության օրոք պետական առողջապահությունն առաջնահերթություն չէր. կրճատել էր ֆինանսավորումը, բոլոր տեսակի պահուստային միջոցներից ազատվել, զարկ տվել մասնավոր հիվանդանոցներին, որոշակի հարկային թեթևացումներ մտցրել հատկապես հարուստների համար։ Ներկայիս կառավարությունը նաև ստիպված էր նախկին իշխանությունների գործած սխալներն ուղղել՝ վերականգնելով պահուստային միջոցները ու ավելացնելով պետական առողջապահության ֆինանսավորումը։ Իսկ հասարակ բնակիչներս անընդհատ երանի էինք տալիս, որ համավարակն այս տարի է, ոչ թե անցյալ, երբ Լարս Լյոկե Ռասմուսենը դեռ վարչապետ էր։

Քայլ առ քայլ դեպի նոր նորմալ

Չնայած տարատեսակ քաղաքական շահարկումներին, Դանիայում լոքդաունն աշխատեց ու աշխատեց նախատեսվածից լավ։ Կանխատեսված պիկն այդպես էլ չգրանցվեց, հիվանդանոցների կորոնավիրուսային բաժանմունքները շարունակեցին կիսադատարկ մնալ։ Ու սկսվեց երկիրը վերաբացելու դանդաղ ու զգույշ գործընթացը՝ նախատեսվածից շուտ։

Լոքդաունից մոտ մեկ ամիս անց ու Զատիկից անմիջապես հետո առաջինը տարրական դպրոցներն ու մանկապարտեզները բացվեցին։ Այս ամենը պետք է տեղի ունենար հազար ու մի կանոնի հետևելով. երեխաներին ենթախմբերի են բաժանում, դասերի մեծ մասը դրսում անցկացնում, մի քանի ժամը մեկ ձեռքերը լվանում ու էլի բազմաթիվ կարգավորումներ։ Սպասեցինք մի շաբաթ։ Թվերը շարունակեցին իջնել։ Սկսեցին նաև մասնավոր բիզնեսները կամաց֊կամաց բացել։ Ու էդպես խիստ վերահսկելով, խիստ կանոններով, թվերին հետևելով քայլ առ քայլ Դանիան շարունակեց բացվել։ Այս պահին գրեթե ամեն ինչ բաց է, բայց ամեն ինչ խիստ կանոններով է գործում։ Կանոններին չհետևողը տուգանվում է։ Դիմակ գրեթե ոչ ոք չի հագնում. կանոնների մաս չէ։ Բայց մարդիկ շարունակում են որոշակիորեն կանոնները խախտել։ Պարզապես ոչ այնքան, որ դեպքերի թիվը շատ մեծանա։

Հայաստանի ու Դանիայի անցած ճանապարհների տարբերությունները

Երբ մտածում եմ, թե Դանիան ու Հայաստանն ինչու այսքան իրարից արմատապես տարբեր ճանապարհներ անցան կորոնավիրուսի դեմ պայքարում, հիմնական բացատրությունը գտնում եմ երկու պետությունների ղեկավարման մեջ։ Երբ Մետտե Ֆրեդերիկսենն ասուլիսներ էր տալիս ու կոչ անում իրավիճակին լուրջ մոտենալ, Նիկոլ Փաշինյանը դեռ կորոնավիրուսը պինցետով ու արաղով էր բուժում ու հանրահավաքներ անում։ Համավարակի ընթացքում և ոչ մի պահի Դանիայի վարչապետը որևէ մեղավոր չի փնտրել, որևէ մեկի անունը չի տվել, չնայած որ մեր ընկերական շրջանակներում դահուկ քշող հարուստներին էինք հայհոյում վարակը Իտալիայից բերելու համար։ Նիկոլ Փաշինյանը սկսեց Էջմիածնի կնոջից, վերջացրեց ձեռնոց չհագած մատուցողով, հետո անցավ լուսանկարներին։ Լուծումներ փնտրելու փոխարեն մեղավորներ է փնտրում։ Մետտե Ֆրեդերիկսենի քաղաքական հակառակորդները շատ կուզենային նրան բռնացնել սահմանափակումներից որևէ մեկին չենթարկվելիս, բայց էդպիսի բան ոչ մի անգամ տեղի չունեցավ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն Արցախում մեծ հավաքույթի է մասնակցում ու դրական թեստից հետո մեկուսանալու փոխարեն պարետատան նիստեր է անում։ Մետտե Ֆրեդերիկսենի ֆեյսբուքյան էջում նկարներ են հայտնվում, թե ինչպես է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հետ հեռախոսազրույց ունենում ու փորձի փոխանակում անում, իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների անձնական նկարներ է հրապարակում։ Բայց կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր է ոչ այնքան երկու ղեկավարների տարբեր անձնային ու վարքային առանձնահատկությունները, որքան նրանց քաղաքական օրակարգը։

Դանիայի ամենամեծ տաքսի ծառայություններից մեկի տաքսու մեջ։ Վարորդի և ուղևորի միջև թափանցիկ պատուհան է տեղադրված, ուղևորի համար՝ ձեռքերն ախտահանելու միջոց

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոցներով գիտությունն է ապահովում, բայց այդ միջոցներից որոնք և ինչպես ընտրելը քաղաքական որոշում է։ Քաղաքական է նաև առաջնահերթությունները որոշելը։ Դանիայի ներկայիս սոցիալ֊դեմոկրատական կառավարությունը (պառլամենտում սոցիալ֊լիբերալների և երկու սոցիալիստական կուսակցությունների աջակցությամբ) իր պետության բնակիչների կյանքն ու առողջությունն առաջնահերթություն համարեց։ Դրա համար առանց հետևանքների մասին երկար֊բարակ մտածելու լոքդաունի անցավ, հետո նոր սկսեց ռազմավարություն մշակել։ Այս ամբողջ ընթացքում երկիրը վերաբացելու ողջ ռազմավարությունն ուղղված էր բնակչության անվտանգությանը և միայն ավելի ուշ սկսեցին անվտանգությունը զուգակցել տնտեսության հետ։ Օրինակ, սահմանները փակ պահելով բազմաթիվ պետությունների հետ՝ դանիացիները ստիպված ամառային արձակուրդը Դանիայում են անցկացնելու, փողերը Դանիայում են ծախսելու։ Բայց դա ներկայացվում է որպես անվտանգությունից, ոչ թե տնտեսությունից բխող որոշում։

Հայաստանում որոշումները տնտեսությունից են բխում։ Տնտեսությունը տուժում է, թվերը աճում են, բայց եկեք բացենք ամեն ինչ, որ չտուժի։ Թքած, որ հարյուրավոր կյանքեր են վտանգի տակ դրվում։ Իհարկե, Հայաստանը Դանիայի հնարավորությունները չունի, որ բնակչությանը սոցիալական փաթեթներով ապահովի։ Բայց կարող ենք հիշել չէ՞ բյուջեի ամբաղ֊զամբաղ ծախսերը պարգևավճարների, Աննա Հակոբյանի մեյքափի ու այլ ոչ անհրաժեշտ ծախսերի տեսքով։ Ի վերջո, եթե բնակչության անվտանգությունն առաջնահերթություն լիներ, կարելի էր չէ՞ փող գտնելու տարբերակներ մտածել (պարտք վերցնել, սփյուռքից դրամահավաք կազմակերպել, օլիգարխներին ստիպել, որ «մուծվեն» և այլն)։ Բայց Նիկոլ Փաշինյանն առաջնորդվեց նորազատական գաղափարներով ու որոշեց, որ քաղաքացին միայն ինքն է պատասխանատու իր սեղանին հաց դնելու համար ու անպաշտպան ժողովրդին պարզապես հանձնեց վարակին՝ որպես պայքարի կենտրոնական միջոց ընտրելով ամենակասկածելի արդյունավետություն ունեցող ու ամենաթանկ միջոցներից մեկը՝ դիմակները ու մեղադրելով անպաշտպան խավին։ Ու հենց նորազատականությունից է բխում նաև այն, որ պետությունը դիմակ ձեռք բերելու ու այն կրելու բեռը դնում է քաղաքացու վրա. գնային կարգավորման կամ բնակիչներին անվճար դիմակներ բաժանելու մասին խոսք անգամ չկա։

Իսկ ինչու՞, այնուամենայնիվ, ժողովուրդը Հայաստանում էդպես պնդաճակատորեն չի ենթարկվում կանոններին։ Իհարկե, 2018֊ի համեմատ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը խիստ ընկել է, հետևաբար այլևս անհնար է մատի մի շարժումով ողջ ժողովրդին ստիպել որևէ բան անել։ Բայց ուրիշ պատճառ էլ կա։ Դանիայում Օրհուսի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ մարդիկ սահմանափակումներին ենթարկվում են երկու դեպքում. երբ վախենում են ու երբ գիտեն, որ իրենց վարքային փոփոխությունն օգուտ տալու է։ Առաջին դեպքում Նիկոլ Փաշինյանը դեռ մարտին կորոնավիրուսն ում շունն էր համարում ու պինցետով ու արաղով էր բուժում մարդկանց տեղը տեղին վախեցնելու ու զգոն պահելու փոխարեն, իսկ երկրորդ դեպքում կենտրոնանալով ամենահակասական տեղեկություններով մեթոդի՝ դիմակների վրա, Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տապալում է մարդկանց՝ սահմանափակումներին հետևելով վարքը փոխելը։ Շատերը վստահ չեն դիմակն օգուտ տալիս է, թե ոչ, շոգին կրելը տհաճ է, անընդհատ նորը գնելը՝ մեծ ծախս։ Ուրեմն ինչու՞ կրեն։ Բայց Հայաստանում հավանաբար մի երրորդ գործոն էլ կա։

Ի տարբերություն Դանիայի, աշխատողները Հայաստանում պաշտպանված չեն։ Շատերը դժգոհում են քիթը դիմակի տակից հանող խանութի աշխատողներից, իսկ Նիկոլ Փաշինյանն ինքը Գլորիայի աշխատողների լուսանկարն է տեղադրում՝ նրանց մեղադրելով ռեկորդային թվերի համար։ Բայց գործատուի պատասխանատվությունից ոչ ոք չի խոսում։ Ի՞նչ է անում գործատուն, որ իր աշխատողը չվարակվի։ Արդյոք վարակված աշխատողին տուն ուղարկու՞մ է։ Չաշխատած օրերի դիմաց աշխատավարձ վճարու՞մ է։ Դանիայում մարդկանց հետ շատ շփում ունեցողները՝ վաճառողներն ու վարորդները, գործատուի ջանքերով պաշտպանված են։ Որոշ ձախ կուսակցություններ անգամ առաջարկում էին կորոնավիրուսը դարձնել աշխատանքային հիվանդություն, ինչը կնշանակեր, որ գործատուն պատասխանատվություն է կրում իր աշխատողի վարակվելու համար։ Դանիայի սուպերմարկետներում վաճառողների ու հաճախորդների միջև թափանցիկ պլաստիկ պատ կա, խանութների մոտ ձեռքերը ախտահանող միջոց կա, իսկ ավտոբուսներում առաջին շարքում նստել չի կարելի, դիմացի դռներն էլ չեն բացվում։ Ու ամեն տեղ հաղորդագրություններ կտեսնես, թե՝ մենք մտածում ենք մեր աշխատողի առողջության մասին, հեռավորություն պահպանիր, ձեռքերդ մաքրիր ներս մտնելիս։

Եթե Հայաստանում անպաշտպան աշխատողները հիվանդանան ու չկարողանան աշխատանքի գնալ, արդյոք դա՞ էլ տնտեսությանը վնաս չի լինի։ Եթե թվերը շարունակեն աճել, բազմաթիվ պետություններ սահմանները փակեն, զբոսաշրջիկներ չգան, դա՞ էլ տնտեսությանը վնաս չի լինի։ Լոքդաունով, թե առանց համավարակները միշտ էլ տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունենում։ Ուրեմն կարելի է ընտրել կործանված տնտեսություն ու բազմաթիվ մահեր կամ միայն կործանված տնտեսություն տարբերակը։ Հայաստանը, ցավոք, ընտրել է առաջինը։