Դանիական ձմեռ

Առավոտյան Էնջըլին էսէմէս եմ գրում, տեսնեմ՝ ժամանակ ունի՞ ցերեկը զբոսանքի գնալու։ Չունի, առաջարկում է շաբաթվա ընթացքում։

Նախաճաշին լուրերն ենք կարդում։ Հարցնում եմ, թե Թրամփին քանի օր է մնացել։ Ասում է, որ երեք, ու որ կարող է այս երեք օրում Իրանի դեմ պատերազմ սկսել։ Ինքը վստահ է, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմ սկսել-չսկսելը Թրամփով է պայմանավորված։ Ես այդքան վստահ չեմ։

Ես միայն սուրճ եմ խմում ու կես թխվածքաբլիթ կուլ տալիս․ կեսօրին յոգա ունեմ, շատ ծանրանալ պետք չէ։ Յոգայից հետո կգնանք զբոսանքի։

Լուսանկար այն հազվագյուտ օրերից, երբ երկինքը կապույտ էր, իսկ ես դուրս էի եկել մինչև մութն ընկնելը

Բենեդիկտի հետ յոգայի դասն արտակարգ լավ է անցնում։ Կյանքիս մեջ առաջին անգամ կարողանում ագռավի դիրքում բավական երկար մնալ, այնքան, մինչև ինքս որոշեմ դիրքից դուրս գալ, ոչ թե ընկնեմ։ Այս առցանց յոգայի դասերը դեռ անցյալ գարնանից իմ միակ փախստավայրն են դարձել ինձ շրջապատող ամեն ինչից, այն մի ժամը, երբ կտրվում եմ աշխատանքից, լուրերից, սոցիալական ցանցերից ու գլուխս պայթացնող մնացած ամեն ինչից։ Բենեդիկտը չգիտի, թե ամեն օր ինչքան եմ իրեն ու Ինգվիլդին օրհնում հոգեկան հավասարակշռությունս պահելու համար։

Յոգայի դասից հետո խոսում եմ տատիկիս հետ։ Վերջին ժամանակներս մեր ամեն մի զրույց սկսվում է Հայաստանի ներկայիս իշխանություններին հայհոյելով, իսկ ավելի ճիշտ՝ նա հայհոյում է, ես լսում եմ ու համաձայնում։ Ամեն անգամ նոր բառեր է գտնում։ Եվ հետո միայն անցնում ենք ուրիշ թեմաների, եթե դրանք լինում են ընդհանրապես։

Դուրս ենք գալիս զբոսանքի։ Որոշում ենք հեռու սուպերմարկետ գնալ։ Մորթենը փորձում է ինձ համոզել, որ ամեն օր գոնե մի անգամ տնից դուրս գամ։ Բայց գնալու տեղ չկա․ ամեն ինչ փակ է, դրսում էլ խայտառակ ցուրտ է։ Չորեքշաբթի օրը մտովի ծրագրել էի գործից հեետո քայլել դեպի մոտակա այգին, յոգայի գորգիկս փռել ու գոնե մի տասնհինգ րոպե մաքուր օդին մարզվել։ Բայց գործից հետո արդեն խայտառակ մութ էր, ու անձրև էր գալիս։ Իսկ երեկ օրինակ հաջողացրել էի բժշկի գնալ, որ մեր տնից ամբողջ երկու րոպեի քայլելու հեռավորության վրա էր, ու գնալ-գալը չորս րոպե տևեց, իսկ բժշկի կաբինետում լինելս՝ հազիվ մի րոպե։ Ուսիս վրա կոնկրետ կետ սեղմեց, ցավից գոռացի, ասաց, որ գլխացավս հեռախոսին նայելուց է, որ ուղղակի մեջքիս այդ կետը հաճախ սեղմեմ ու ցավազրկող խմեմ։

Ձեռք ձեռքի տված ես ու Մորթենը քայլում ենք փողոցներով։ Առավոտվա կապույտ երկինքն ու արևը խիստ կարճատև էին, գորշը վերադարձել է, շուտով նաև մութը կընկնի։ Շենքերի անվերջ շարաններ, չերևացող երկինք ու սարսափելի ցուրտ։ Փորձում եմ համոզել, որ տուն գնանք։ Չի ստացվում։ Անցնում ենք Վարնըդամսվայով՝ մեր թաղամասի ամենաաշխույժ փողոցով, որին նաև փոքրիկ Փարիզ են ասում։ Մյուս փողոցներից ավելի մարդաշատ է, բայց Վարնըդամսվայի շաբաթօրյա սովորական աշխուժությունը չունի։ Որոշում ենք ուշադրություն դարձնել, թե փողոցի որ խանութներն են բաց, այսինքն՝ որոնք են դիտարկվում որպես «առաջին անհրաժեշտության», որոնք՝ ոչ։ Ալկոհոլ վաճառող երկու խանութներ բաց են, գրախանութը փակ է։ Ինչու՞ է տանը փակված լինելու պայմաններում ալկոհոլն ավելի անհրաժեշտ, քան գրքերը։

Վարնըդամսվայի այդ գրախանութի մոտով անցնելիս ես ու Մորթենը միշտ ներս ենք մտնում ու երբեք գիրք չենք գնում։ Ինչ-որ տարօրինակ ձգող ուժ ունի, որ դրսից մեզ կանչում է միշտ, իսկ ներսում միշտ մեր կարդացած գրքերն են վաճառում, որոնք ձեռք բերելու կարիք չունենք, որովհետև վաղուց արդեն մեր գրապահարաններում են։ Քննարկում ենք Դանիայում գրքերի քաղաքականությունը, ու թե ոնց են դրանք մի քանի անգամ ավելի թանկ, քան Նորվեգիայում։ Առաջարկում եմ մեր գրքերը Նորվեգիայից ներմուծել։ Մորթենն ասում է՝ Բերգենի գրախանութից միշտ էլ գրքեր ենք բերելու, արդեն ավանդույթ է։

Ես նույնիսկ չգիտեմ՝ Բերգենն ամենաշատն ինչի համար եմ սիրում․ գրախանութի՞, բնությա՞ն, յոգայի՞, թե՞ պարզապես պատուհանից բացվող տեսարանի։ Գուցե իր բոլոր բաղադրիչների հանրագումարն է, այն չպղծված, անարատ փախստավայրը, որտեղ գրեթե ոչ մեկի չեմ ճանաչում ու որտեղ պարզապես ինձ լավ եմ զգում։

Սուպերմարկետից խաչապուրի թխելու պարագաներ ենք գնում։ Վերջերս Մանուի հետ խոսելիս ասաց, որ Հոլանդիայում թխում է, իմ հավեսն էլ եկավ։ Մորթենը պանիր չի ուտում, ես էլ ամբողջն ուտել չեմ կարող։ Ուղղակի թխելու եմ՝ հիշելով իմ պատանեկության այն ժամանակները, երբ իմացածս միակ բաղադրատոմսը պատրաստի խմորով խաչապուրի թխելն էր։

Տանը սկսում ենք ընթրիք սարքել։ Ու էսպես ամեն օր, նաև աշխատանքային օրերին։ Օրերն ենք գլորում՝ ինքներս մեզ տարբեր բաներով զբաղեցնելով․ պատուհանից այն կողմ գորշ դանիական ձմեռն է, իսկ էկրաններին՝ աշխարհի վերջը, ու չգիտես՝ որն է ավելի վատ։

Դասավանդումը կորոնայի օրերին

Նախկինում անդրադարձել եմ, թե Օրհուսի համալսարանում ինչպես էի պատրաստվում կորոնակիսամյակին։ Այս գրառմամբ կկենտրոնամ բուն դասավանդման մեթոդիկայի ու արդյունքների վրա։

Կիսամյակի երրորդ շաբաթն այսօր ավարտվեց։ Այսօրվանից ամբողջ պետությունն է անցնում «փափուկ» լոքդաունի (բոլորը հնարավորության դեպքում տնից են աշխատում), բայց հավանաբար համալսարաններում դասերը կշարունակվեն։ Համենայնդեպս, վերևներից պնդում են, որ վարակը ջահելների շրջանում գիշերային կյանքի, ոչ թե համալսարանում դասի նստելու արդյունքում է տարածվում։

Քանի որ դեռ ամբողջովին հեռավար ուսուցման չենք անցել, հիբրիդային ուսուցումը շարունակվում է։ Ու քանի որ հիբրիդային ուսուցում կիրառում եմ դասավանդածս առարկաներից միայն մեկի՝ էքսպերիմենտալ մեթոդներ 3֊ի համար, հենց դրան էլ կանդրադառնամ այստեղ։

Study finds completing a 10-minute activity at the beginning of a MOOC can  lead to significantly improv… | Online teaching, Advanced learning, Learn  web development

Մեր համալսարանում բոլոր առարկաների համար Բլեքբորդ կոչվող առցանց համակարգ կա։ Սովորական պայմաններում այս համակարգը դասախոսները գործածում են միայն առարկայական պլանը, կարդալու նյութերի ցանկն ու դասախոսությունների սլայդները տեղադրելու համար։ Բայց կորոնայի ժամանակներում կոնկրետ ես այս հարթակը վերածել եմ մի յուրահատուկ լսարանի։

Ամեն շաբաթվա ուսումնական նյութն առանձին մոդուլների եմ բաժանել։ Եթե կիսամյակը տասներեք շաբաթ է, ընդհանուր տասներեք մոդուլներ են լինելու։ Յուրաքանչյուր մոդուլ սկսվում է ընթերցանության նյութով. հերթով բոլոր հոդվածների հղումներն են նշված, որ ուսանողը սեղմելով բացում է հոդվածը։ Հետո գալիս են վիդեո դասախոսությունները, որոնք յուրաքանչյուր մոդուլում երկուսից չորսն են, տևում են 10-20 րոպե։ Դասախոսությունները թեմատիկ բաժանում ունեն։ Յուրաքանչյուր դասախոսության մեջ կենտրոնանում եմ մի թեմայի վրա՝ բացատրելով մեքենայական ուսուցման որևէ կոնցեպտ կամ կոդ գրելով ու հատ֊հատ ամեն տողը մեկնաբանելով։ Իսկ Մորթենի թեթև ձեռքով դասախոսություններն արտակարգ որակի են ստացվում. դասախոսությունների արտադրությունը լրիվ պրոֆեսիոնալ մակարդակով է արվում։

Վիդեո դասախոսությունների արանքում փոքր վարժություն է կամ հարց, որին ուսանողները պիտի խմբով պատասխանեն։ Այստեղ տեղին են ասելը, որ դանիական կրթական համակարգին հատուկ են ուսումնական խմբերը, որտեղ կոնկրետ թվով ուսանողներ ամբողջ կիսամյակը միասին են աշխատում, տնայինները միասին են անում, անգամ քննական առաջադրանքները միասին են կատարում։ Կրթական համակարգն էստեղ մեծ շեշտ է դնում համագործակցային հմտություններ զարգացնելու վրա։ Առիթից օգտվելով՝ ուսանողներին քաջալերում եմ նաև դասախոսությունները միասին դիտել։ Իսկ քանի որ տնային առաջադրանքը նաև քննարկման տարր ունի, ուսանողները դասախոսությունը միասին դիտելու արանքում նաև քննարկում են։ Տնային առաջադրանքը դեդլային ավարտից հետո ուղարկվում է համակուրսեցիներին, որ միմյանց աշխատանքը գնահատեն ու ֆիդբեք տան։ Մոդուլը պարունակում է նաև վիդեո դասախոսությունների սլայդները, իսկ շուտով նաև կոդերը (ուսանողների խնդրանքով)։

Ուսումնական մոդուլներից դուրս Բլեքբորդում նաև փադլեթ եմ ներդրել։ Էստեղ ուսանողները կարող են գրել իրենց անունը, մի քանի խոսք իրենց մասին ու տեղադրել նկարը։ Քանի որ էս կիսամյակում ուսանողներին ավելի հազվադեպ եմ տեսնում, բոլոր հիսունի անունները սովորելը դժվարանում է։ Իսկ նկարներն ու անունները մի տեղում ունենալն օգնում է, որ երեք շաբաթվա ընթացքում գրեթե բոլորի անուններն իմանամ։

Բլեքբորդում նաև ֆորում եմ ներդրել, որտեղ ուսանողները կարող են (իրենց նախընտրությամբ նաև անանուն) հարցեր տալ։ Ո՞վ է ասում, թե ֆորումների դարաշրջանն անցել է։ Ուսանողները շատ ակտիվ կերպով թեմաներ են բացում, հարցեր են տալիս, քննարկումներ ծավալում, ու էս բոլորն առարկայի շրջանակներում։

Առարկան ավարտվում է էսպես կոչված պորտֆոլիո քննությամբ։ Սա նշանակում է, որ կիսամյակի ընթացքում ուսանողները պիտի հինգ առաջադրանք հանձնեն, ֆիդբեք ստանան, վերջում բոլորը միասին հանձնեն։ Գործնական աշխատանքները, որ տեղի են ունենում դեմառդեմ, հենց առաջադրանքները կատարելիս ուղղություն տալու ու ֆիդբեք ստանալու համար են, որտեղ ուսանողները կարող են լիքը հարցեր տալ։

Ֆորումից ու գործնականի ընթացքում հարցերից բացի ուսանողները կարող են նաև մեյլ գրել կամ դասամիջոցին ինձ մոտենալ։ Էսպիսով, հարցեր տալու տարբեր հարթակներ եմ ստեղծել, որ ամեն ուսանող իր անձին հարմար տարբերակն ընտրի ու չքաշվի։

Թեև շատ էի վախենում, որ հիբրիդային ուսուցումը չի ստացվի, քանի որ առաջին անգամ եմ անում, այնուամենայնիվ, նույն ուսանողները, որ ընդամենը երեք շաբաթ առաջ ստիպում էին, որ դասախոսությունները լսարանում տեղի ունենան, հիմա հերթով գրում են ինձ, որ դասընթացի առցանց հատվածը շատ հաճելի պրոցես է, շատ հեշտությամբ գիտելիք են կուտակում։ Դրանից ես ավելի եմ մոտիվացվում ու դասախոսությունները նույնիսկ ավելի մեծ հաճույքով նկարահանում։

Մի խոսքով, պարզվում է՝ ճիշտ կազմակերպված առցանց/հիբրիդային ուսուցումը կարող է աշխատել։ Ուղղակի դրա համար ժամանակ, նվիրում ու տեխնիկական հնարավորություններ են պետք։

Երկրորդ ալիք․ Օրհուսը կորոնայի ժամանակ

Վերջին հինգ ամսվա մեջ առաջին անգամ մտնում եմ գրասենյակս, որ աշխատեմ։ Ոչինչ չի փոխվել. գրասեղանիս մի անկյունում կարդացված֊չկարդացված հոդվածներն են, սուրճի բաժակս ուղիղ էկրանի դիմաց, ասես հինգ րոպե առաջ էի դուրս եկել, գունավոր գրիչներս գրասեղանով մեկ շաղ տված։ Շոգ է։ Բացում եմ պատուհանը։ Այս հինգ ամիսների ընթացքում երևի ոչ ոք չի օդափոխել գրասենյակը։ Մինչև ուրբաթ կաշխատեմ գրասենյակումս, կվերադառնամ Կոպենհագեն ու հաջորդ անգամ Օրհուս ոտք կդնեմ մեկ էլ սեպտեմբերի 3֊ին՝ «էքսպերիմենտալ մեթոդներ 3» դասընթացի առաջին գործնական պարապմունքն անցկացնելու։

Կոլեգաներիս եմ տեսնում։ Միասին լանչ, սուրճ։ Ամիսների ընթացքում առաջին անգամ էս բոլորն օնլայն չէ։ Ինչ հունիսի սկզբից համալսարանը բացվել էր, նրանք բոլորը վերադարձել էին իրենց գրասենյակներ, սուրճը տեղափոխվել է իրական կյանք, իսկ ես շարունակում էի տնից աշխատել՝ զրկվելով սուրճի ընդմիջումներից։ Առաջվա պես զավզակում ենք, ու դա ավելի շատ հիշեցնում է մարտի մեր աշխատանքային վերջին օրը, երբ կորոնավիրուսի մասին սև կատակներ էինք անում, որ ճնշող մթնոլորտը ցրենք։

Իսկ Օրհուսում կյանքը եռում է։ Դանիայում վերջապես ամառ է եկել, ու բոլորը դրսում են՝ այգիներում, սրճարաններում կամ ջրանցքի ափին, իրար գլխի լցված, ասես ոչինչ չի պատահել։ Միայն ժամանակ առ ժամանակ դիմակներով անցորդների կտեսնես. մի բան, որ Կոպենհագենում խիստ հազվադեպ է հանդիպում։ Դանիայում դիմակ կրելը պարտադիր չէ, խորհուրդ է տրվում միայն հասարակական տրանսպորտում, միայն այն դեպքում, երբ մեկ մետր հեռավորություն պահպանելը հնարավոր չէ։ Դրա համար Կոպենհագեն֊Օրհուս լեփ֊լեցուն գնացքի մեր վագոնում միայն երկու հոգով էինք դիմակով։

Իսկ թվերն աճում են։

Երեկոյան Ագաթայի հետ գնում ենք գինի խմելու։ Հունվարից էս կողմ չէինք հանդիպել։ Արմունկով բարևում ենք իրար. Դանիայում բարևելու նոր ձև է գրկախառնվելու ու ձեռքսեղմման փոխարեն։ Արմունկը ֆիզիկապես լինելով ձեռքի ու ուսի արանքում՝ ֆորմալության առումով նույնպես ընկերականի ու գործնականի արանքում է։ Ընկերների հետ խիստ պաշտոնական է թվում, աշխատավայրում նոր ծանոթությունների դեպքում՝ խիստ մտերմիկ։

Նարնջագույն լուսին

Ես ու Ագաթան նստում ենք ջրի ափին՝ մեր միջև մեկ մետր հեռավորություն, մի շիշ սպիտակ գինի, թղթե բաժակներ, ձեռքերն ախտահանելու հեղուկ ու դիմակներ։ Զրուցում ենք ժամերով կորոնայի ժամանակներից, ինքնամեկուսացումից, մեր կյանքի նոր դրամաներից, որոնցից երկուսս էլ զերծ չէինք մնացել, դանիացիներից ու արձակուրդից։ Մեր աչքի առաջ մութը կամաց֊կամաց ընկնում է։ Երբեմն֊երբեմն նավեր են մոտենում, ու ափին զարկվող ալիքներ են առաջանում։ Հետո հայտնվում է նարնջագույն լուսինը ու դիմացի վերամբարձ կռունկների լույսերին խառնվում։ Լուսինն աչքներիս առաջ բարձրանում է վեր, ցրտում է։ Կուրտկաների մեջ կծկված՝ ես ու Ագաթան քայլում ենք դեպի քաղաք։ Ինքը նույն տանն է ապրում, ես՝ նախկինից մի քիչ վերև, մաթեմատիկայի ամբիոնի տանիքի տակ։

Դանիայում թվերն աճում են։ Թվերն է՛լ ավելի արագ աճում են Օրհուսում։ Մարդիկ մեղավորներ են փնտրում. ֆուտբոլ, համալսարանի քաղաքագիտության ամբիոնի քեֆ, սոմալի հայտնի մեկի թաղում։ Իսկ քաղաքում կյանքը շարունակվում է, ասես ոչինչ չի եղել։ Երկաթուղային ընկերությունը որոշում է նստատեղի տոմսի պահանջը հանել, ինչը նշանակում է, որ գնացքում կարող են լինել ավելի մեծ թվով մարդիկ, քան նստատեղ կա։ Մյուս շաբաթվանից ուժի մեջ էր մտնելու նաև վերաբացման չորրորդ փուլը, ինչը նշանակելու էր, որ համալսարանները լիարժեք բացվում են, գիշերային ակումբներն ու բարերը կեսգիշերից հետո աշխատելու են, հարյուրից ավելի մարդկանցով հավաքները թույլատրվելու են։

Ես ամեն օր գնում եմ աշխատանքի ու նկատում, թե ինչպես ենք մենք բոլորով կանոնները խախտում՝ հավաքվելով սենյակներում, որտեղ չպետք է լինենք, նստում աթոռների, որոնց չպետք է նստենք, թույլ տալիս, որ վերելակով մեզ հետ ևս մի հոգի բարձրանա։ Անընդհատ ստուգում եմ լուրերը՝ վախենալով, որ ուր որ է Օրհուսը կփակեն, կմնամ այստեղ։ Ճիշտ այնպես, ինչպես հինգ ամիս առաջ էի վախենում ու աշխատանքի գնում այնպես, որ կարողանայի վերջին հնարավոր գնացքը նստել ու հասնել Կոպենհագեն։

Չորեքշաբթի օրը գնում եմ լողավազան, հետո հանդիպում կին գրողների խմբին. հունիսից էս կողմ չէինք տեսնվել։ Գլուխս անտանելի ցավում է։ Վերագրում եմ շոգին ու ջրազրկմանը։ Հասնում եմ մաթեմատիկայի ամբիոնի իմ սենյակ, պառկում բազմոցին ու մինչև առավոտ քնում՝ընթացքում մտածելով, որ եթե կորոնավիրուսից լինի, ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ Օրհուսում երկու շաբաթ մեկուսանալու, երբ ընդամենը չորս օրվա պատրաստությամբ եմ եկել ու սենյակը միայն չորս օրով վարձել։ Առավոտյան գլխացավս անցած է լինում։

Հինգշաբթի օրը Օրհուսի քաղաքապետը մամլո ասուլիս է տալիս ու հայտնում, որ քաղաքում երեք տարածք, որտեղ մարդիկ սիրում են հավաքվել արևոտ եղանակին, ոստիկանության միջամտությանն են ենթարկվելու։ Թվերը շարունակում են աճել։ Հայտարարվում է, որ սեպտեմբերից համալսարանների կամպուսներում դասեր լինելու են անկախ ամեն ինչից։

Մաթեմատիկայի ամբիոնի տանիքի տակ

Ուրբաթ օրը Դանիայի կառավարությունը հատուկ Օրհուսի համար սահմանափակումների խորհուրդ է տալիս. գիմնազիաների դասերը երկու շաբաթով հետաձգել, հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր, առաջիկա երկու շաբաթների ընթացքում հնարավորինս տանից աշխատել։ Մեզ նամակ է գալիս, որ սեպտեմբերից լսարաններում երեսունից պակաս ուսանողներից բաղկացած խմբերում սոցիալական հեռավորության կանոնը չի գործելու։

Երեկոյան արդեն Օրհուս֊Կոպենհագեն գնացքում եմ։ Գրեթե բոլորը դիմակով են։ Տոթ է։ Հազիվ ենք շնչում։ Երբեմն թվում է՝ օդի պակասից ուշքդ կգնա։ Տեսնես Հայաստանում ամբողջ ամառ ու ամեն տեղ դիմակով ո՞նց են դիմանում։ Համալսարանի ղեկավարությունից նամակ է գալիս, որ առաջիկա երկու շաբաթը տնից աշխատենք։ Իսկ ես տան ճամփին եմ, ես էդպես էլ նախատեսել էի։ Ուրեմն երկուշաբթի օրվանից նորից Զումում ենք սուրճ խմելու, եթե, իհարկե, գործընկերներս չորոշեն կանոնը խախտել։

Թվերն աճում ու աճում են։

Տեսնես սեպտեմբերի 3֊ին լսարան կմտնե՞մ։

Բերգենը կորոնայի ժամանակ

Երբ հունվարի վերջին վերադառնում էի Բերգենից, կոկորդս բորբոքված էր, հազում էի ու փռշտում էի։ Այն ժամանակ կորոնան դեռ նոր-նոր էր հայտնվում, ու չգիտեի՝ սեզոնային սուր շնչական վարա՞կ էր, թե՞ ԿՈՎԻԴ-19։ Այն ժամանակ դեռ աշխարհն իր բնականոն հունով էր գնում, ու մտքիս ծայրով էլ չէր անցել դիմակ կրել, չվերթս հետաձգել կամ ինքնամեկուսանալ։ Բաժակը բաժակի հետևից տաք թեյ էի դատարկում, ու միակ ուզածս շուտ տուն հասնելն ու անկողին մտնելն էր։

Բերգենում բոլոր մայրամուտներն էին սիրուն։ Տեսարան մեր փողոցից կեսգիշերից քիչ առաջ

Հետո եկան կորոնայի ժամանակները, իրար հաջորդող իրար նման օրերը, տնից դուրս չգալու ու տնից աշխատելու ճոխությունը, ու Բերգենը դարձավ իմ առօրյայի անբաժանելի մասը․ գրեթե ամեն օր Բերգենի իմ սիրելի յոգայի ստուդիայում Զումով կամ տեսագրությամբ յոգա էի անում։ Ու երբ կորոնայի հետ Կոպենհագենն իր տափակ տեղանքով գնալով ավելի խեղդող դարձավ, երբ պարզ դարձավ, որ մոտ ժամանակներս ոչ մի պետություն Հայաստանի հետ սահման չի բացելու, հենց հայտարարվեց, որ Դանիան Նորվեգիայի հետ սահմանները բացում է, Կոպենհագեն-Բերգեն ուղիղ չվերթի տոմսերը գնվեցին։

Այդ օրվան երկար էինք սպասում։ Չվերթը շատ ուշ ժամի էր․ ամբողջ օրն առջևում էր։ Մինչև օդանավակայան մեկնելը լիքը բան պիտի հասցնեինք։ Բայց նախաճաշին նկատեցի, որ մեր չվերթը չեղարկվել է։ Արագ կապվել ավիաուղիների հետ, նոր չվերթ ամրագրել, ինչը նշանակում էր, որ ուղիղ վեց ժամ ավելի շուտ էինք մեկնելու, նշանակում էր, որ նախաճաշից հետո ընդամենը երկու ժամ ունեինք օդանավակայան հասնելու համար։

Կոպենհագենի օդանավակայանում ու ինքնաթիռում դիմակները պարտադիր էին։ Ես չգիտեմ՝ Հայաստանում ոնց են մարդիկ հերոսաբար ժամեր շարունակ կրում այդ դիմակները, որովհետև մենք գումարային ընդամենը երեքուկես ժամ դիմակ կրելուց հետո արդեն խեղդվում էինք․ հենց Բերգենի օդանավակայանից դուրս եկանք, դիմակները հանեցինք ու խորը շունչ քաշեցինք։ Բերգենի օդը մաքուր էր, իսկ մենք կարոտել էինք մաքուր օդը։

Ես ու քաղաքը միասին

Քաղաքը հենց այն էր, ինչ ուզում էի․ լեռներ, առուներ արշավներ, բայց նաև քաղաքային աշխույժ կյանք ու սկանդինավյան երկար ամառային գիշերներ, յոգայի դասեր։ Ու որպես բոնուս մեր՝ այնտեղ գտնվելու օրերին անձրև ահագին քիչ եկավ, իսկ դա եզակի բան է Բերգենի համար։ Այստեղ անձրևն այնքան սովորական է, որ բնակիչները քայլում են հսկայական հովանոցները թևի տակ դրած, որ անհրաժեշտության դեպքում արագ բացեն՝ հաճախ նույնիսկ չնկատելով դրա ծանրությունը։

Բերգենն իմ հայկական ինքնության ու դանիական կյանքի մի յուրահատուկ խառնուրդ է․ օտար երկիր է, բայց լեզուն ու վարքուբարքը ծանոթ են, կարողանում եմ դանիերեն հաղորդակցվել տեղացիների հետ, բայց մյուս կողմից էլ լեռներ կան, անտառներ կան, ու դրանք Հայաստանն են հիշեցնում։

«Դիլիջան»

Մենք մեր օրերն անցկացնում էինք սարերը բարձրանալով ու նկատելով, որ ոնց որ Դիլիջանում լինենք։ Այն օրերին, երբ սար չէինք բարձրանում, քաղաքում էինք թափառում, մայրամուտներ նայում, գրախանութներ այցելում։ Հասցրի երկու անգամ յոգայի գնալ։ Ինգվիլդն այս անգամ կարիք չուներ հիշողությունը փորփրելու, որ ինձ հիշի․ կարանտինի միջով ամենատարօրինակ կերպով միասին ենք անցել, իսկ կարանտինի ընկերակիցներին չեն մոռանում։

Եթե որևէ մեկին հետաքրքրում է, թե ինչու են Նորվեգիայում կորոնավիրուսի թվերն ավելի փոքր, քան Դանիայում, ապա պարզապես պետք է մեկ անգամ ոտք դնել այնտեղ։ Թեև զգուշավորության կանոններն ընդհանուր առմամբ Դանիայում ու Նորվեգիայում նույնն են, Նորվեգիայում մարդկանց վարքը խիստ տարբեր է․ այնտեղ բավական լուրջ են ընդունում բոլոր կանոնները, ի տարբերություն Դանիայի, որտեղ շատերն իրենց էնպես են պահում, ասես կորոնան չի էլ եղել։ Բերգենում մարդիկ պարտադիր հերթերում հեռավորություն էին պահում։ Շատ սրճարաններ միայն QR կոդով մենյուներ ունեին, ու սրճարանում նստած ժամանակ առցանց էիր պատվիրում։ Էդպիսով մատուցողների հետ շփումը նվազագույնի էր հասցված։ Յոգայի ստուդիայում Ինգվիլդը խիստ հետևում էր, որ բոլորը ձեռքերը լվանան դասից առաջ, գորգիկների համար գծանշված տարածքներ կային, հանդերձարանը չէր գործում, բոլորը պիտի սեփական գորգիկներով գային, Ինգվիլդը ներկաներից ոչ մեկին չէր մոտենում, ուղղումներ չէր անում։ Էս բոլոր կանոնները թեև Կոպենհագենի յոգայի ստուդիաներում էլ կան, բայց իրականում ամբողջությամբ չեն գործում։

Նորվեգիայի չքնաղ բնությունը

Էս ամենի արդյունքում Բերգենում նաև ապահովության զգացում կար։ Ու խաղաղություն կար։ Ու չէինք ուզում էնտեղից հեռանալ։ Ու գիտեմ, որ ամառային Բերգենը խաբուսիկ չէ, որ հենց էնպես չեմ ասում, թե էնտեղ կապրեի, որովհետև Բերգենում եղել եմ նաև ամենացուրտ ու ամենամութ ժամանակ, եղել եմ ամենաանձրևոտ ժամանակ ու, միևնույն է, կապրեի էնտեղ։

Վերջին օրը չվերթից առաջ․ նավարկում ենք Նորվեգիայի արևմտյան ափի ֆյորդներով ու անցնում խայտառակ սիրուն տեղերով

Մեր վերադարձի չվերթն էլ էր չեղարկվել, բայց մինչ կհասցնեինք որևէ բան անել, մեզ համար Օսլոյով չվերթ էին ամրագրել, որը փոխել չկարողացանք։ Ճանապարհին երազում էինք, որ Բերգեն-Օսլոն կամ Օսլո-Կոպենհագենը չեղարկվի կամ Բերգեն-Օսլոյից չհասնենք մեր հաջորդ չվերթին, որ մի օր էլ մնանք Նորվեգիայում, մի օրով էլ երկարացնենք արձակուրդը։ Առաջին անգամ տուն գնալ չէինք ուզում։

Բայց Բերգենով ավարտվեց մեր ամառային արձակուրդը։ Իսկ Հայաստանը մնաց մյուս անգամ։ Տեսնես ե՞րբ։

Ի՞նչ գիտելիք է տալիս հեռավար ուսուցումը

Երբ մարտի 11-ին ուշ երեկոյան Դանիայի վարչապետը հայտարարեց, որ համալսարանները փակվում են՝ անցնելով հեռավար ուսուցման, ինձ մնում էր միայն մարտի 12-ի դասախոսությունը չեղարկել ու ընթացքում փորձել հասկանալ, թե ինչպես եմ անցնելու հեռավար ուսուցման։ Ու հաջորդ շաբաթվանից արդեն անցա Զումով դասախոսությունների։

20 Tech Tools and Apps for Distance Learning - IntelligentHQ

Բայց այն, ինչ մենք հիմա անում ենք, հեռավար ուսուցում չէ, ճգնաժամային ուսուցում է։ Հեռավար ուսուցումը ենթադրում է լուրջ պատրաստվածություն՝ թե՛ նախապես համապատասխան հմտություններ ձեռք բերելով, թե՛ դասընթացը մանրամասն պլանավորելով հենց հեռավար ուսուցման համար։ Իսկ հիմա, երբ կիսամյակի կեսից հանկարծ պարզվում է, որ պիտի հաջորդ օրվանից անցնենք հեռավար ուսուցման, լավագույնը, որ կարող ենք անել, մեր կարողացածի ու իմացածի սահմաններում նյութը մատուցելն է։ Բայց այն, ինչի պիտի անեինք լսարանում, փոխարենը Զումով մատուցելը հեռավար ուսուցում չէ։ Ու դա շատ լավ հասկանում են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները․ դասախոսները դասին ներկա գտնվելու ոչ իրատեսական պահանջներ չեն դնում, իսկ ուսանողները ներողամիտ են, եթե նյութը նույն որակով չի մատուցվում։

Համալսարանը խորհուրդ է տալիս դասախոսությունները տեսագրել․ մի տարբերակ, որին դասախոսական անձնակազմը խիստ դեմ է, որովհետև մենք բոլորս վարժված ենք դասավանդման ինտերակտիվությանը, ու մեր դասախոսությունները հենց էդպես էլ կառուցում ենք։ Տեսագրության անցնելը ենթադրում է լրիվ ուրիշ տրամաբանություն․ հանել նյութի կարևորագույն ու դժվար հասկանալի մասերը, կենտրոնանալ դրանց վրա ու հինգ-տասը րոպեանոց տեսանյութեր սարքել։ Ահագին ժամանակատար է այս պայմաններում, երբ մեզ պատրաստվելու ժամանակ չի տրվել։

Բայց ուսանողների հետ խորհրդակցելու արդյունքում նաև հնարավոր եղավ պարզել, թե ինչն է ստացվում, ինչը՝ չէ։ Ըստ դրա որոշ փոփոխություններ մտցրեցի․ դասախոսությունները կրճատեցի, դարձրեցի մեկ ժամանոց, հանեցի բոլոր ինտերակտիվ վարժությունները, դրանք դարձրեցի տնային աշխատանք։ Ուսանողներին հնարավորություն տվեցի տնային աշխատանքները կատարել նույնիսկ վերջնաժամկետից հետո։ Էլի կատարյալ չէ, բայց ճգնաժամային պայմաններում ոչինչ կատարյալ չէ, ու մեր ու ուսանողների խնդիրն է անել այն, ինչ հնարավոր է՝ առանց միմյանց վրա գերմարդկային պահանջներ դնելու։ Մենք ամեն դասախոսության ավարտից հետո միմյանց շնորհակալություն ենք հայտնում, ես, որ ճգնաժամային պայմաններում կարողացել են ներկայանալ, ուսանողները՝ որ ճգնաժամային պայմաններում անում եմ ամեն ինչ, որ կարողանամ գիտելիք տալ։

Դասախոսությունները, որ կարդում եմ կոգնիտիվ գիտության բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար, «Կոնգիտիվ նեյրոգիտության ներածություն» առարկայի մաս են կազմում։ Այս դասընթացի մի մաս է կազմում նաև ֆունկցիոնալ ՄՌՏ հետազոտությունները, որ ուսանողները պիտի անեին համալսարանական կլինիկայում, հետո դրա հիման վրա էսսե գրեին, հետո գային բանավոր քննության։ Դեռ մարտի 11-ից առաջ գիտեինք, որ ՄՌՏ հետազոտությունները չեն լինելու, որովհետև հիվանդանոցը դադարեցրել էր ցանկացած ոչ անհրաժեշտ գործունեություն։ Ու դասընթացի ղեկավարը այլընտրանքային լուծումներ էր փնտրում, մինչև որ պարզվեց որ այդ լուծումներից ոչ մեկը չի աշխատելու․ համալսարանն ամբողջությամբ փակվում է։ Միակ տարբերակը մնաց արդեն հավաքված տվյալների հետ աշխատելը։

Թվում է՝ արդար լուծում է։ Բայց կան ուսանողներ, որոնք չունեն բավականաչափ հզոր համակարգիչներ, որ այդքան մեծ ծավալով տվյալների հետ աշխատեն։ Ու լուծումներ պետք է գտնել նաև նրանց համար։ Չի կարելի քննությունից կտրել ուսանողին միայն նրա համար, որ բավականաչափ գումար չունի, որ նոր համակարգիչ գնի։

Իհարկե, քննությունները հետաձգելը մի լուծում է։ Բայց քննությունները հետաձգել չհաջողվեց․ Դանիայում ամբողջ տարին շաբաթ առ շաբաթ այնքան մանրամասն է պլանավորած, որ օգոստոսին դասի գնալը կամ քննաշրջանը հունիսից օգոստոս տեղափոխելը ենթադրում է ամբողջական օրացույցի փլուզում։ Դանիացիներն իրենք էլ չեն պատկերացնում, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ․ մութուցուրտ տարիներ չեն տեսել ու չեն լսել շաբաթ օրերը դասի գնալու կամ ձմեռային արձակուրդը երկարացնելու հաշվին ամառայինը կրճատելու մասին։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք․ այս տարվա ուսանողներն առարկայից չեն ստանա նույն գիտելիքներն, ինչ նախորդ տարիներինը, քննությունը նույն գիտելիքները չի արտացոլի։ Անգամ Դանիայի պես պետությունում, որտեղ ուսումն անվճար է, ուսանողներն էլ պետությունից գումար են ստանում իրենց կարիքները հոգալու համար, սոցիալական անհավասարությունը շատ ուժեղ է իրեն զգացնել տալու։

Հայաստանում այս խնդիրը շատ ավելի սուր է՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ ուսանողներ նաև աշխատանք են կորցրել կամ չունեն սեփական համակարգիչ ու տարածք, որ կարողանան դասերին հետևել։ Իսկ դասախոսները և համալսարանները նույնիսկ շատ ավելի պակաս տեխնիկական պատրաստվածություն ունեն հեռավար ուսուցում իրականացնելու համար։ Հետևաբար, կարևոր է այս իրավիճակում հասկանալ, որ բոլորը, բացարձակապես բոլորը, ճգնաժամային իրավիճակում են ու փորձում են իրենց կարողացածի չափ կատարել իրենց աշխատանքը։ Այն կատարյալ չէ, բազմաթիվ թերություններ ունի, մատուցված գիտելիքի որակը տուժում է, բայց անհրաժեշտության դեպքում այդ պակասը մի օր կլրացվի։ Մեր օրերում փոխըմբռնումն ու կարեկցանքը շատ ավելի կարևոր են, քան կիսատ-պռատ կիսամյակը ու գնահատականի արդարությունից խոսելը․ ի վերջո, եթե դու քո համակարգչով կարողանում ես պարտաճանաչ կերպով հետևել քո դասերին ու անել բոլոր տնայինները, քեզ բախտավոր համարիր, որովհետև շատերը նույնիսկ դրանից են զրկված։

Կորոնային չմոտիվացվածություն

Նոր շաբաթը սկսվում է, ու սուրճի բաժակը ձեռքիս կամաց֊կամաց փորձում եմ անցնել աշխատանքի։ Օրվա կեսն անցնում է, մինչև բացում եմ գիտական հոդվածս ու սկսում համահեղինակներիս մեկնաբանությունների վրայով անցնել։ Հինգ րոպե կենտրոնացում, բայց դեռ առաջին էջից չեմ անցել, չի ստացվում։ Կետադրություն եմ ուղղում, մեկնաբանությունները ջնջում, նորից հետ բերում։ Գնում խոհանոց, խնձոր վերցնում ու կրծում, ֆեյսբուք մտում, պառկում բազմոցին, աչքերս փակում, նորից սուրճ սարքում, պատշգամբ դուրս գալիս, վերադառնում աշխատասենյակ ու չեմ կարողանում հոդվածիս ֆայլը բացել։ Երբ աշխարհը տակնուվրա է լինում, ու՞մ է հետաքրքրում դանիերենի ու նորվեգերենի հնչույթաբանական տարբերություններն ու ու՞մ է հետաքրքրում նախադասությունների մշակման մեր համակարգչային մոդելները։

Լինեի Օրհուսի մութ գիշերներում

80% դրույքով ու ճկուն գրաֆիկով աշխատելու ճոխություններից մեկն այն է, որ կարող եմ շաբաթվա մեջ որ օրն ուզեմ, ազատ օր վերցնեմ, կարող եմ նաև աշխատանքային ժամերս բոլոր օրերի միջև հավասարապես բաշխել։ Մտմտում եմ՝ գուցե էսօր չաշխատեմ։ Բայց եթե չաշխատեմ, ի՞նչ անեմ։

Քաղաքի օդը չի հերիքում։ Կարանտինի շնորհիվ մեքենաների թիվը կտրուկ նվազել է, ու Կոպենհագենի օդը մաքրվել է, բայց, միևնույն է, չի հերիքում։ Կյանքիս մեջ առաջին անգամ ատում եմ Կոպենհագենն ու ամենից շատ ուզում եմ ուրիշ տեղ լինել։ Լինեի Օրհուսում, իմ բլրի վրայից տեսնեի ամբողջ քաղաքը, տեսնեի ծովը ու մայրամուտները, գիշերները քայլեի թանձր մթության մեջ, գայի տուն, տաք թեյ խմեի։Լինեի Երևանում, տեսնեի կրկնակի ծիածանը։ Լինեի Բերգենում, քայլեի բլուրների վրայով, կորեի անտառներում։ Լինեի Յոենսուում, որտեղ կարանտինն ու սովորական առօրյան շատ չէին տարբերվի իրարից ու որտեղ լռություն կլիներ օրը քսանչորս ժամ։ Լինեի ամեն տեղ, միայն թե ոչ Կոպենհագենում։

Ատում եմ Կոպենհագենի մեր թաղամասը։ Մեզ մոտից հորիզոնը չի երևում։ Նույնիսկ երբ դրսում ես, թվում է՝ լիքը անծանոթ մարդկանց հետ մի հսկայական արկղի մեջ փակված ես, ու նույնիսկ եթե սոցիալական հեռավորություն ես պահպանում, միևնույն է, օդը չի հերիքում, որովհետև բոլորով նույն օդն եք շնչում։ Կարող եմ մոտակա տրամպոլինների վրա այնքան թռվռալ, մինչև շունչս կտրվի, վերջույթներս՝ ծանրանան։ Կարող եմ մոտակա այգում յոթ հարյուր պտույտ տալ, փողոցները հինգ հարյուր անգամ չափչփել, բայց դա չի թեթևացնի։ Կգամ նորից, կնստեմ հոդվածիս առաջ ու չեմ կարողանա աշխատել։ Չեմ կարողանա ու չեմ ուզենա ոչինչ անել։

Պրոդուկտիվության գուրուները խորհուրդ են տալիս ռուտին պահել, բայց ռուտին պահելը գնալով ավելի դժվար է դառնում, որովհետև այն պահելու համար պետք է նաև խախտել կարողանաս։ Սոցիալական ցանցերում դեռ լիքը մարդիկ կան, որ գլուխ են գովում, թե ինչ լավ է իրենց համար ամեն ինչ, իսկ ես մինչև հոգուս խորքը զզվել եմ պրոդուկտիվության պոռնոյից, որովհետև ամեն ինչ լավ չէ։ Վերջին երեք տարիների ընթացքում ես կանոնավոր կերպով տնից աշխատել եմ՝ ուշ արթնանալով, պիժամայով, առանց լողանալու։ Ու եղել եմ պրոդուկտիվ։ Հիմա արթնանում եմ ժամանակին, հագնվում ու լողանում, բայց, միևնույն է, հոդվածը չի գրվում։

Երևի ոմանց թվում է, թե ես էլ գերպրոդուկտիվ մեկն եմ, որովհետև սոցիալական մեդիան ողողում եմ իմ կարանտինային լուսանկարներով, բայց իրականում միայն երկու բան եմ կարողանում հետևողականորեն անել. յոգա ու գիրք կարդալ, որովհետև այս երկուսն են ինձ Կոպենհագենից ուրիշ տեղ տանում։ Ու այս երկուսն անում եմ, որ ուրիշ, ավելի կարևոր բաներ չանեմ։ Իսկ ի՞նչն է կարևոր որ մեր օրերում։ Ուսանողներս առանց այս դասախոսությունների էլ կդիմանան, գիտական աշխարհը կարող է հոդվածիս մի քիչ ավելի երկար սպասել (եթե ընդհանրապես սպասող կա), մեյլերս կարող են անպատասխան մնալ։ Ես միայն ուզում եմ յոգայի գորգիկի վրա գլխիվայր կանգնել ու գոնե շրջակայքս գլխիվայր տեսնել. էդպես տարածությունը գոնե մի քիչ մեծանում է։ Թողեք հանգիստ գլխիվայր կանգնեմ։

 

Կյանքը կորոնայից առաջ

Միանման օրերը գլորվում են իրար հետևից, ու արդեն ձևավորվել է կարանտինային ռուտինը․ առավոտյան սուրճ Օրհուսի գործընկերներիս հետ, աշխատանք, զբոսանք, յոգա, ընկերների հետ օնլայն հանդիպումներ, ընթրիք, կիթառ, ընթերցանություն, քուն։ Ու այս իրար հաջորդող, գրեթե ավտոմատացված գործողությունների արանքում կամ դրանց հետ միաժամանակ հիշում եմ։ Երբեմն մեծ ջանքերով, երբեմն հեշտությամբ վերարտադրում եմ օրերը կորոնայից առաջ։

Վերջին օրը համալսարանում բավական լարված էր։ Հաջորդ օրը դասախոսություն ունեի ու ոչ մի կերպ չէի կարողանում կենտրոնանալ։ Արդեն առաջիկա ամիսների բոլոր միջոցառումները չեղարկվել էին։ Սպասում էի, որ հաջորդ օրվա դասախոսությունս էլ չեղարկվեր։ Սպասում էի, որ ամեն ինչ փակվեր, ու մենք փակվեինք մեր տներում շաբաթներով, ամիսներով։ Այդ օրը սուրճի ընդմիջման ժամանակ բոլոր կատակները բացառապես կորոնայի մասին էր, իսկ մեր ծիծաղը՝ ներվային ու անհանգիստ․ ծիծաղում էինք, որ չլռենք։ Այդ օրը լողի պարագաները հետս էի վերցրել՝ մտածելով, որ լողավազան գնալու վերջին հնարավորությունս կլինի, գնամ, քանի չի փակվել։ Ու չգնացի։

Օսլո-Կոպենհագեն․ վայրէջք

 

Վերջին անգամ յոգայի դրա նախորդ օրն էի գնացել՝ երեքշաբթի։ Կարոլինի դասերին հազվադեպ եմ գնում․ ուշ ժամի է, բայց այդ օրը գնացի՝ մտածելով, որ գուցե վերջին անգամ եմ գնում։ Դասը սովորական էր, բայց Կարոլինը սովորականի պես չէր ուղղում դիրքերը, իսկ աշակերտներս միմյանցից երկու մետր հեռավորություն էինք պահում դեռևս առանց հրահանգների։

Վերջին անգամ ընկերներիս գրկել եմ մարտի 8-ին՝ կիրակի օրը։ Կոպենհագենի երթը չեղարկել էին, իսկ Օրհուսինը՝ ոչ․ մասնակիցների թիվը հազար հոգին հաստատ չէր գերազանցի։ Երթին եկել էին Օրհուսի գործընկերներիցս ու ընկերներիցս շատերը։ Հերթով գրկախառնվում էինք՝ նախապես հարցնելով․ «Վարչապետի ցուցումներին հետևու՞մ ենք, թե՞ չէ»։ Ու առանց պատասխանի սպասելու մոտենում էինք իրար։ Եթե իմանայինք՝ վերջին անգամն է, երկա՜ր-երկա՜ր ժամանակ վերջին անգամն է, գուցե ավելի պինդ գրկեինք իրար։

Վերջին սրճարանը, որ գնացել ենք, Մելլեմֆոլկն էր Օրհուսում՝ շաբաթ օրը։ Անպայման ուզում էի, որ Մորթենն օրը ցերեկով տեսնի այն․ այնքան հարմարավետ է, որ ոնց որ ինչ-որ մեկի հյուրասենյակը մտնես, իսկ հաճախորդները լրիվ մերոնքական են։ Մելլեմֆոլկն Օրհուսի ձախ հավաքատեղիներից է, կամավորների աշխատացրած բարեգործական սրճարան։ Մեր կողքի սեղանին Ագաթան ու Մատին էին, բայց նրանց նկատեցինք, երբ արդեն գնում էին։ «Վերջին օրերն ենք վայելում, մինչ ամեն ինչ կփակեն»։

Վերջին համերգը, որ գնացել ենք, Lady Lamb-ինն էր փետրվարի վերջին Կոպենհագենում։ Lady Lamb-ը հիվանդ էր ու ստիպված էր համերգը կիսատ թողնել։ Տեսնես՝ ի՞նչ հիվանդ էր։ Տեսնես՝ կորոնա՞ էր։

Lady Lamb-ի համերգի օրը լավ եմ հիշում, որովհետև դա նաև այն օրն էր, երբ վերջին անգամ ինքնաթիռ եմ նստել։ Օսլո-Կոպենհագեն չվերթն էր, որից հետո որոշել էի այլևս ինքնաթիռ չնստել։ Մինչև հիմա աչքիս առաջ է վայրէջք կատարող ինքնաթիռի պատուհանից երևացող ցամաքը՝ ինձ այդքան ծանոթ Ամար կղզին, որի եզրին էի ապրում մի ժամանակ, ու վազքուղին, որի վրա պիտի վայրէջք կատարեր ինքնաթիռը, ինքնաթիռի ցնցվելն ու նորից օդ բարձրանալը, մշուշը, կայծակը, նորից ու նորից ցնցվելն ու պտույտները Կոպենհագենի գլխավերևում ու վախը, որ գուցե երբեք ինքնաթիռը վայրէջք չկատարի։

Մեր վերջին արձակուրդը Բելգիայում էր, որ Եվրոպայի բոլոր քաղաքներից ընտրել էի նաև, որովհետև Մայան Բրյուսելում է, իսկ Lady Lamb-ն Անտվերպենում համերգ էր տալու։ Մայային երեքուկես տարի չէի տեսել։ Նրա բնակարանում նստած աշխարհի դարդերն էինք խառնում իրար, մինչ կատուն արդուկի սեղանին թավալ էր տալիս։ Շաբաթներ անց Մայան պատուհանից դուրս նայող ու թռչունների վրա գոռգոռացող կատվի լուսանկարներ է ուղարկում, ու գարունն անցնում է բոլորիս կողքով։ Շաբաթներ անց Մայային Կոպենհագենի մի այգու լուսանկար եմ ուղարկում։ «Հիշու՞մ ես,- գրում եմ,- Կոպենհագենի միակ դատարկ այգին է, որ կարող ես կարանտինի ժամանակ հանգիստ գնալ»։ Ուղիղ հինգ տարի առաջ Մայայի հետ այդ այգում վեր էինք ընկնում արևի տակ ու աշխարհի դարդերը ցրում գլխներիցս։

Դատարկ այգին

Իսկ այս շաբաթ Կոպենհագենում նորմալ կյանքը կամաց-կամաց վերադառնում է․ պաղպաղականոցներն ու վարսավիրանոցները բացվել են, փողոցները սովորականից մարդաշատ են, ոմանք նաև աշխատանքի են գնում, երեխաները՝ դպրոց ու մանկապարտեզ։ Բայց թվացյալ նորմալության տակ թաքնված են մայթերին գծանշումները, որ պաղպաղակի հերթ կանգնելիս սոցիալական հեռավորությունը պահպանվի, խանութների վրա նշումները, որ ներսում միայն մի հաճախորդ պետք է լինի, ձեռքերը մաքրելու ալկոհոլային միջոցներն ամեն քայլափոխին, ամեն անկյունում, իրար հանդիպող ընկերներ, որ չեն գրկախառնվում ու հեռվից են զրուցում։ Ու կյանքը կորոնայից առաջ թվում է մի հեռավոր հիշողություն, որի իրական լինելը շուտով հարցականի տակ կդնենք։ Մի ժամանակ միմյանց գրկում էինք ու յոթ-ութ հոգով հավաքվում սուրճի ապարատի մոտ, ծիծաղում, ծիծաղում, ծիծաղում։

 

 

Դյուրասի «Գրելը» կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսի օրերին կարդալ չի լինում։ Այս օրերին փնտրում եմ գրքեր, որոնք կհամապատասխանեն կարանտինային օրերի տրամադրությանը՝ տանը մնալուն, անորոշ ապագային, համընդհանուր անհանգստությանը։ Դիստոպյան վեպերի տրամադրություն չկա։ Ինձ հիմայի մասին գրքեր են պետք՝ հիմայի ամենալայն իմաստով։ Հիմա մոդիանական տրամադրություն է։ Դրա համար Մոդիանոյի «Վիլլա տրիստը» հեշտությամբ կարդացվեց, մնացած գրքերը զոռով էի կարդում։

Marguerite Duras, Ecrire au 20ème - série d'été - Première Pluie

Մարգերիտ Դյուրասի «Գրելը» կարդացի, որովհետև կարանտինի ժամանակ նաև գրել չի լինում․ գուցե գրելու մասին կարդալը տրամադրի։ Բացում եմ դեռևս անանուն վեպս ու բլոկնոտներս ու ամենաշատը մի պարբերություն գրում։ Հետո ուշադրությունս շեղվում է, չգիտեմ ուր է գնում, չգիտեմ ինչ եմ մտածում։ Բայց մի պարբերությունից չեմ անցնում։ Նույն կերպ էլ կարդում եմ։ Պարբերություն առ պարբերություն, նախադասություն առ նախադասություն։ Իսկ Դյուրասի «Գրելը» գրքում պարբերությունների միջև սպիտակ տարածությունը մեծ է, ուշադրության շեղումն ավելի բնական է ստացվում, քեզ չես մեղադրում։

Մարգերիտ Դյուրասի «Գրելը» ոնց որ էս օրերի մասին լինի․ խելագարության հասցնող միայնություն, պահեստի նկարագրություն, որտեղ պատերազմի համար սնունդ են պահեստավորում, լռություն կամ աննկատելի ձայներ, որ խախտում են լռությունը, կոտրում են բացարձակ միայնությունը։

Գրքում հավաքված են հինգ էսսեներ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնանում է հեղինակին հուզող ինչ-որ դրվագի, հույզի, գործողության կամ վայրի վրա, որոնք բոլորը պտտվում են ընդհանուր թեմայի՝ գրելու շուրջ։ Գիրքը գրված է դյուրասական ոճով՝ կարճ, պատկերավոր, երբեմն նաև կրկնվող նախադասություններով։

«Գրելը» էսսեում Դյուրասը մտորում է, թե ինչ է գրելը, ինչու է գրում, ինչպես է գրում, որտեղ է գրում, երբ է գրում։ Միայնությունն ու գրելը միախառնված են միմյանց, առանց միայնության ու լռության գրել չի լինում։ Էստեղ նաև մանրամասն նկարագրում է մի ճանճի մահ։ Ճանճի մահը կարևորվում է, որովհետև կա նկարագիր, կա ժամանակի կոնկրետ պահ, կոնկրետ վկա, որ տեսել է այդ մահը։

«Բրիտանացի երիտասարդ օդաչուի մահը» էսսեում ճանճի մահը հակադրվում է բրիտանացի օդաչուի մահվանը։ Օդաչուն երևի Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին զոհերից էր։ Պատերազմի ավարտի օրն է մահացել իր ինքնաթիռում՝ ընկնելով Ֆրանսիայի Վովիլ գյուղում ծառերի մեջ։ Նրա մահվան ժամանակը ոչ ոք չգիտի, նրա մահը ոչ ոք չի տեսել, բայց կա գերեզմանը ու կա գերեզմանի այցելուն՝ ծերունին, որ ամեն տարի գալիս է, հետո մի տարի չի գալիս, հետո էլ երբեք չի գալիս։ Երիտասարդ օդաչուն մարմնավորում է պատերազմը, մարմնավորում է նաև դրա ավարտը։

«Ռոման» Հռոմի մի հյուրանոցում երկու հոգու զրույցի արտատպում է։ Զրույցը Հռոմի մասին է, նրա գոյության ու կարևորության։ Հյուրանոցը պիացցա Նավոնայում է։ Պիացցա Նավոնա։ Փորձում եմ մտաբերել, թե ինչ տեսք ունի։ Եթե այս ապրիլին մեր Հռոմի չվերթը չեղարկվեր, ավելի թարմ հիշողություն կունենայի։ Բայց հիմա հետ եմ գնում դեպի 2016՝ իմ ու Մորթենի առաջին համատեղ ճամփորդությանը․ Հռոմ էինք գնացել։ Պիացցա Նավոնայով էլ անցանք։ Շատրվանները հիշում եմ, հիշում եմ նաև այնտեղից ցայտող ջուրը, որ շուրջբոլորը թրջում էր։ Պիտի այս շաբաթ էլ Հռոմում ժամերով թափառեինք, հոգնեինք։ Բայց Հռոմը չկա, կա կարանտինը ու կան հիշողությունները, կա Մարգերիտ Դյուրասի տեքստը Հռոմի մասին։

«Մաքուր թիվը» մաքուր բառի մասին մտորումներ են՝ որպես բառ ու որպես երևույթ։ Գիրքը եզրափակվում է «Ցուցահանդեսով», որտեղ Դյուրասը ներկայացնում է մի նկարչի ու նրա կտավները, ներկերի՝ ներկապնակից կտավին անցնելու ընթացքը։ Այստեղ արդեն ստեղծագործելու մեկ այլ ձևի մասին է խոսվում։ Գիրքը սկսվում է գրելու մասին գրելով, ավարտվում՝ նկարելու մասին գրելով։

Ավարտեցի գրելու մասին գիրքը ու էդպես էլ ոչ մի նոր բառ չգրեցի։ Վաղը նորից կփորձեմ։

 

Երաժշտությունը կորոնավիրուսի ժամանակ

Մեր սովորական երաժշտական նվագարկչին փոխարինել են ինստագրամի կենդանի համերգները։ Երբեմն նույնիսկ միաժամանակ մի քանի համերգ է լինում, ու պիտի ընտրես որին ես ուզում ներկա լինել։ Երբեմն էլ բաց թողած համերգները հաջորդ օրն ես լսում. ու անհետանում է կենդանիի ու ձայնագրվածի միջև սահմանը։ Աշխարհի տարբեր անկյուններում երաժիշտները պարբերաբար անվճար առցանց համերգներ են տալիս՝ հասկանալով, որ հիմա ավելի քան երբևէ մարդիկ այդ համերգների կարիքն ունեն։ Երաժիշտներն էլ բոլորիս պես տնից են աշխատում։ Միայն թե ի տարբերություն մնացած տնից աշխատողներիս, դրա դիմաց չեն վարձատրվում։

Այսօր տասնութերորդ օրն է, ինչ մեկուսացած ենք։ Սկզբում ահավոր դժվար էր. խուճապ, լուրեր, աշխատանք, ֆեյսբուքյան բանավեճեր, թվեր, մոդելներ։ Այս աղմուկի հետ աշխատանքի վրա կենտրոնանալը գրեթե անհնար էր դառնում, բայց հետո աղմուկը դարձավ առօրյայի մի մաս, ու բոլոր գործողություններն ուղեկցվում էին ֆեյսբուքյան անիմաստ բանավեճերով ու սևեռուն կերպով անընդհատ կորոնավիրուսով վարակվածների թվերը ստուգելով։

Մեր մեկուսացված առօրյայի մի կարևոր մաս դարձավ իմ ուկուլելեն, որ թեկնածուական թեզս հանձնելուց հետո պինդ֊պինդ պահել էի ու գրեթե երեք տարի ձեռք չէի տալիս։ Այս օրերին Հռոմում բնակվող իմ հին ընկերներից մեկը՝ Ռոզին, որին երբեք իրական կյանքում չեմ տեսել, բայց ճանաչում եմ տասնհինգ տարեկանից, իր պատշգամբից տեսանյութ տեղադրեց, որտեղ ուկուլելեով Ալանիս Մորիսեթի «Ուտոպիան» էր նվագում։ Դրանից ոգևորվեցի, ես էլ իմը հանեցի, լարեցի ու սկսեցի նվագել ու երգել հենց նույն երգը, ամեն անգամ գործիքը պատյանից հանելուց առաջ հայտարարելով “Uke o’clock!”։ Օրերը տարբերվում են միայն նրանով, թե քանի անգամ եմ նվագում «Ուտոպիան». երբեմն մի ժամ շարունակ, առանց ընդմիջման, իրար հետևից, երբեմն՝ միայն մի անգամ, երբեմն՝ մեկուկես։ Երբեմն Մորթենը միանում է կիթառով կամ ձայնակցելով, երբեմն՝ միայն վերջին «ու՜ ուուու՜ ու՜»։ Երբեմն անցնում եմ լրիվ աղմկոտ ռոքայինի, երբեմն՝ ցածրաձայն, գրեթե շշնջում եմ։ Ու երևի ամիսներ անց այս օրերի մասին խոսելիս Մորթենը ոչ թե ամսաթվերն է նշելու, այլ «այն օրը, երբ «Ուտոպիան» երկու անգամ կատարեցիր, ու ես միայն կրկներգներին ձայնակցեցի» կամ «այն օրը, երբ ցածր էիր երգում, որ հարևաններին չարթնացնես, ու ավելի շատ ոնց որ օրորոցային լիներ»։

Դեռ առաջին օրերից ամեն օր երեկոյան ժամը յոթին ամբողջ Դանիան պատշգամբներից կամ պատուհաններից երգում ու աղմկում է։ Չգիտեմ՝ մյուս տեղերում ինչպես է, բայց մեր շենքում սկզբում լավ աղմուկ էր, հետո երգերը միացան։ Բոլորն իրենց պատշգամբներից ինչպես կարողանում, միանում էին. ոմանք հարվածային գործիքներով, ոմանք՝ ֆլեյտայով կամ շեփորով, ոմանք՝ պարզապես կաթսայով ու շերեփով կամ գետնին դոփելով ու ծափ տալով։ Ամեն օր նույն ժամին պատշգամբ դուրս գալով՝ նկատում էիր, թե ինչպես են օրերը երկարում. սկզբում լրիվ մութ էր, հետո՝ օրերի հետ ավելի ու ավելի լուսավոր։ Ու երեկոյան ժամը յոթը օրվա այն հատվածն էր, երբ տեսնում էիր մարդկանց, տեսնում էիր նրանց ոչ թե որպես պատահական անցորդների, այլ մի մեծ իրադարձության մաս, որպես միասին, բայց իրենց տներում մեկուսացածների։ Ժամը յոթի այդ համերգները իրական կյանքում մարդկանց պակասը լրացնելու միակ հնարավորությունն էին։

Տեսարանը մեր պատշգամբից երեկոյան ժամը յոթին

Երեկ առաջին անգամն էր, որ ժամը յոթին դրսում էինք։ Թեքվում էինք, որ մտնենք մեր փողոց, երբ հանկարծ պատուհաններից կախված ծափ տվող երեխաների նկատեցինք, կողքի բակից կիթառի ձայներ էին լսվում, ոմանք երգում էին, ոմանք պարզապես բացականչում։ Քաղաքը մի քանի րոպեով կենդանացել էր, կոտրվել էր գրեթե երեք շաբաթ տևած լռությունը։ Երևի այդպես է ամեն օր ժամը յոթին, բայց մենք մեր պատշգամբներից ոչինչ չենք լսում։

Երգելը և երգեր լսելը տներում փակված ողջ մարդկության առաջնային սփոփիչ միջոցն է մնացել, ինստագրամային համերգները՝ այդ երգերի շուրջ միավորվելու միջոց, հիշեցում, որ բոլորս ենք մեկուսացած։ Ու չգիտեմ՝ ինչքան տներում փակված կմնանք։ Բայց այս օրերի երգերը դեռ երկար ենք հիշելու։ Կուզեի, շատ կուզեի, որ վերևներում որոշում կայացնող քաղաքական գործիչները հասկանային, որ հենց երգերի, ոչ թե խոշոր բիզնեսների շնորհիվ է, որ իրենց ղեկավարած հասարակությունները չեն խելագարվել։ Բայց կանցնի պանդեմիան, կմոռացվեն երաժիշտները, ու նորից կսկսվեն «այդ ծույլ արվեստագետների» մասին խոսակցությունները, որոնք ընդամենը ուզում են իրենց աշխատանքի դիմաց վարձատրվել, ինչպես բոլորը։

 

Կորոնավիրուսը տարբեր քաղաքներում

Երբ օրերով տնից դուրս չես գալիս, ու քո ողջ սոցիալական կյանքը տեղափոխվել է ինտերնետ, երբ հիշում ու գրում ես այնպիսի ծանոթ֊ընկերների, որոնց հետ տարիներով չէիր խոսում, երբ մարդկանցից ֆիզիկապես հեռու մնալու պատճառով ավելի ես մոտենում, երբ չնայած փակ սահմաններին, աշխարհի բնակչության մեծ մասի առօրյան խիստ միօրինակ է դարձել, մտածում ես՝ ինչ անես, որ միօրինակ օրերդ մի քիչ ավելի հետաքրքիր դառնան։ Դրա համար որոշեցի աշխարհի տարբեր կետերում ապրող մարդկանցից պատմություններ հավաքել տանը մնալու իրենց առօրյայի մասին ու դրանցով կիսվել բլոգումս։

Լուսինե Արշակյան, Լոմբարդիա (Իտալիա)

Ես հիմա Իտալիայի Լոմբարդիա նահանգում եմ, որն էս պահի դրությամբ, կորոնավիրուսից ամենաշատ տուժած տարածքներից ա: Մենք համարյա 2 շաբաթ խիստ կարանտինային ռեժիմով ենք ապրում (lockdown): Աշխատանքիս վրա էս ամենը չի անդրադարձել՝ տնից եմ աշխատում: Փորձում եմ առիթից օգտվել ու իտալական ուտելիքներ պատրաստել սովորել: Գիրք կարդալու ու համացանցի ժամանակն ա ավելացել. օնլայն դասերս ավելացրել եմ ու էս օրերին սոց. ցանցերում ավելի շատ նամակներ եմ ստանում: Շաբաթ-կիրակի օրերին ճամփորդելու փոխարեն պատշգամբն ենք սարքում, ինքն էլ իր հերթին սարկաստիկ ժպտում ու երևի մտածում ա. «Չե՜ք փախնի, մինչև չվերջացնեք՝ ոչ մի տնից դուրս գալ»:

Փոքր ժամանակ մի հարևան ունեինք որ ապակե տարաների մեջ թիթեռ էր պահում: Թիթեռները թևիկները թափահարում, բերանով կպնում էին ապակիներին, փորձում էին ոտքերով բռնվել, սղում էին ընկնում, նորից բարձրանում, նորից փորձում ու նորից մնում ապակու այն կողմում: Ապակուց էս կողմ մարդիկ գնում-գալիս նայում էին, եղունգներով կտկտացնում, բարևում իսկ ապակու ներսում միշտ նույնն էր՝ թիթեռ որ փորձում էր դուրս գալ: Ինձ թվում ա ես քնել եմ ու երազում էդ թիթեռներից եմ դարձել: Ինձ ու արևին մի պատուհան ա բաժանում. պատուհանի իմ կողմում օրն անվերջ ա, ոնց որ «Groundhog’s Day»-ը լինի, իսկ արևի հեչ վեջն էլ չի՝ սովորականի պես ծագում ու մայր ա մտնում: Դրսի սովորական աղմուկը չկա, ժամանակ առ ժամանակ շտապ օգնության մեքենայի ձայնն ա գալիս ու խլանալով հեռանում: Ժամանակի զգացողությունը պահելը շատ դժվար ա՝ թվում ա, թե օրն անվերջ ա, թե միշտ նույն օրն եմ ապրում որն անըդհատ երկարում ա ու դեռ վերջանալու միտք չունի։

Էմանուելա Ավագյան, Դրախտեն (Նիդեռլանդներ)

Արդեն գրեթե մի շաբաթ է ինչ Նիդեռլանդների կառավարությունը կարանտին է հայտարարել։ Արդյունքում համալսարանը փակվեց, հոլանդերենիս դասերը քենսլվեցին, բոլոր սիրածս կաֆեները ու խանութները փակվեցին, սքուաշի կենտրոնը փակվեց ու վերջերս լավ ակտիվացած կյանքս նորից դանդաղեց։ Հոլանդական քաղաքների տիպիկ մարդաշատությունից ու եռուզեռից բան չի մնացել։ Լավն էն է, որ ընկերս նույնպես տանից է աշխատում։ Իրար հետ գործ անելը հավես ու պրոդուկտիվ է։ Ինձ կոդ գրելու առաջադրանքներ է տալիս որ անեմ, իրար հետ գնում ենք ինչ-որ փախած տեղեր, մարդկանցից հեռու զբոսանքների, համով ճաշեր ենք սարքում, գիրք կարդում, կինոներ նայում, հարևանի կատուներին գզում, փազլ հավաքում ու ինչ ասես։ Ստատիստիկայի օնլայն կուրսերս էլ շուտով կավարտեմ ու էս արանքում ավելի շատ բան եմ հասցրել սովորել, քան մագիստրատուրայիս ամբողջ երկու տարում։ Չնայած էս ամենին, մեկ է հա լարված ու անհանգիստ եմ զգում։ Դադարել եմ առավոտները վազել ու անընդհատ տանը լինելը ահագին հոգնեցնող է։ Րոպեն մեկ նորություններն եմ կարդում, ու ուզում եմ որ էս վիճակը շուտ ավարտվի։ Նաև ինձ ահավոր անպետք եմ զգում, հա մտածում եմ, որ երանի կարողանայի մի բանով օգնել․ հիվանդանոցում կամավորություն անել, տարիքն առած մարդկանց համար գնումներ անել, դիմակներ կարել։ Բայց դե երևի ամենամեծ օգնությունը տանը վեր ընկնելն է։ Ընկերս միշտ ասում էր, որ հաճույքով բոլորից հեռու, անտառի մեջտեղը տուն կառներ, ծառերով ու կենդանիներով շրջապատված հավեսով իր համար կապրեր։ Բայց ընդամենը մի քանի օր առանց սոցիալական կոնտակտի ոնց որ թե միտքը փոխել է։ Իսկ էդ կոնտակտի պակասը վիդեոզանգերով ենք հանում, զանգում ենք մոտ մարդկանց, դեսից դենից խոսում։ Էդ առումով երևի վիրուսը մեզ ավելի շատ է մոտեցրել մեր սիրած մարդկանց։

IMG_20200321_165117
Տեսարանը Էմանուելայի պատուհանից

Ուղիղ մի շաբաթից պատրաստվում էի համարյա երկուսուկես տարի անց վերջապես Հայաստան այցելել։ Հա պլանավորում էի գնալ, բայց հա չէր ստացվում։ Էս տարի ծնունդիս ինքնաթիռի տոմս նվեր ստացա ու Հայաստան այցելելը վերջապես շատ մոտ ու իրականանալի դարձավ։ Նույն ժամանակահատվածում նաև Բյուրենք էին Հայաստանում լինելու։ Անհամբերությունից արդեն օրերն էի հաշվում, թե երբ եմ ընտանիքիս ու ընկերներիս նորից տեսնելու, երբ գրողի տարած վիրուսը համը հանեց ու ավիաընկերությունը թռիչքս քենսլեց։ Ասում եմ էս պանդեմիան հատուկ իմ համար են կազմակերպել, որ տենց էլ Հայաստան չգնամ։ Տեսնես դրանից հետո ի՞նչ են պլանավորում անել ինձ Հայաստանից հեռու պահելու համար։ Աստերոի՞դ, երրորդ համաշխարհայի՞ն։

Արփինե Վարդանյան, Երևան

Թիկունքումս անընդհատ ինչ-որ «շարժում» ու «աղմուկ» է։ Աղմուկի հետ նաև զգում եմ Դորյան Գրեյի նարցիստական ժպիտն ու հեգնող նայվածքը, «լսում» Կարմրահեր կնոջ հերթական բեմական ներկայացման մենախոսությունը… Կաֆկան, ինչպես միշտ, սուսիկ-փուսիկ իր մռայլության մեջ է (բայց մեկ է` ես իրեն սիրում եմ), Մանյունյան ու Նարինեն իրենց արկածներով… ո՞ր մեկին ասեմ… Բայց ոնց հասկացաք` մենակ չեմ, էլի։ Ու իմ օրվա մեծ մասը հենց իրենց հետ էլ անցնում է. գրախանութում եմ աշխատում։ Կորոնավիրուսը շատ բաներ փոխեց ու դեռ ինչքա՜ն բաներ է փոխելու։ Առաջին օրերին, երբ պարզ էր արդեն` հարցը լուրջ է, շոկ էր։ Նյարդերիցս նույնիսկ ուզում էի հենց գետնին նստել ու լաց լինել։ Հիմա արդեն խաղաղվել եմ։ Բայց չէ’, ամեն ինչ, բնականաբար, չի անցել։ Ո՞նց են ասում, հա՜, կինոն նոր է սկսվում։ Բայց եկել է, առանց նյարդային բռնկման, սթափ ու հաստատակամ տանելու ու հաղթահարելու այս ամենի գիտակցումը, որը արդեն լացը չի. դիմակի տակից անգամ պետք է ժպտալ։ Ես ժպտում եմ։)

Մոնիկա Գևորգյան, Մոսկվա (Ռուսաստան)

Դրսում քաոս է, աշխարհը խառնվել է իրար..լիքը պրոբլեմներ ու էդ պրոբլեմներից շատերը ծեծում են պատուհանս, իսկ ես նստած եմ ինձ համար,մտածում եմ պետք է նրանցից մի քանիսին գրողի ծոցը ուղարկել, բայց ուղարկելուց առաջ։😄

Մարիօ, Ժնև (Շվեյցարիա)

Էսօր ուղիղ մի շաբաթը լրացավ, ինչ փակված եմ Ժնևի կենտրոնում գտնվող իմ մի քանի քառակուսի մետրանոց սենյակում։ Շվեյցարիա էի եկել փետրվարի կեսին Ժնևի համալսարանում հնագիտություն սովորելու ու ասպիրանտուրայիս թեմայի վրա աշխատելու ամբիցիոզ պլաններով։ Բայց դեռ մի ամիսն էլ չէր լրացել էստեղ լինելուս, հազիվ մի կերպ նոր ապրելակերպիս սովորել ու տեղավորվել էի, ճանապարհներին ու տրանսպորտին հարմարվել, որոշ ծանոթություններ ձեռք բերել, երբ իմացա, որ Շվեյցարիան աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար դիրքերում ա ու երկրների թոփ տասնյակում ու երկրում շատ խառն ա։

Նախորդ շաբաթ Ժնևում փակվեց համալսարանը, բոլոր դպրոցներն ու գրադարանները, քաղաքապետարանը սկսեց չաշխատել, երկրում սահմանվեց արտակարգ դրություն, իսկ հեռուստացույցով հայտարարեցին՝ մնալ տանը, օնլայն ուսուցմամբ ու աշխատանքով բավարարվել, շաբաթվա մեջ մի օր տանից դուրս գալ առևտուր անելու ու ուտելիքի համար։ Էդ օրվանից սկսեց ինտերնետը շենքում վատանալ, որովհետև բոլորը տանն են ու բոլորը սկայպ քոլերի ու զումով դասեր անելու հետ են։  

Գիշերային տեսարանը Մարիօյի պատուհանից

Սկզբում ինձ թվում էր կգժվեմ մենակությունից մի քանի քայլ տարածքում, որտեղ մահճակալից, մի համակարգչից ու շորերիցս բացի ոչինչ չկա, հետո ես որոշեցի պլանավորել օրս ու սննդակարգս։ Հիմա նորմալ գրաֆիկով սնվում եմ, ժամանակ ունեմ նախաճաշելու, մրգեր ու բանջարեղեններ շատ ուտելու համար։ Օրական 2 հնագիտական հոդված եմ կարդում ու մշակումներ անում, ֆրանսերենի թարգմանություն, օրական մի կինո ու սիրելի սերիալներից մի քանի էպիզոդ։ Շաբաթվա կեսին թվիթերից ընկերներիս հետ որոշեցինք մի լավ բանով զբաղվել ու հիմա լսում ու քննարկում ենք հայկական արտադրության փոդքաստեր, համ մենք ենք մի բանով զբաղվում, համ էլ տարածում ենք դրանք, խթանում, որ շատ մարդիկ լսեն, իմանան դրանց գոյության մասին։

Միակ բանը, որ օրվա ընթացքում շատ եմ անում, սենյակս օդափոխելուց բացվող տեսարանին եմ նայում, ուրիշների տների պատուհաններին, արևին, աստղերին։ Մեկ-մեկ անտանելի նեղվում եմ, որ եկել էի լիքը պլաններով, լավ սովորելու, լիքը բաներ բացահայտելու, ճամփորդելու մտքերով, բայց փակված եմ տանը, ինչ արած։

Միլենա Առաքելյան, Բորդո (Ֆրանսիա)

Ապրում եմ գինու քաղաքում՝ Բորդոյում։ Ուսանող եմ, ու իմ օրվա 90%ը անցնում էր համալսարանում։ Մեզ մոտ կարանտինը մի քիչ տարօրինակ ու հանկարծակի սկսվեց։ Մինչև էդ պատրաստվում էինք միջանկյալների ու ապրիլ ամսին՝ արդեն վերջին քննություններին։ Ինչի հանկարծակի սկսվեց, որովհետև մինչև էդ շատ քիչ էր խոսվում կորոնավիրուսի մասին ու ընդհանրապես ոչ մեկս չէր պատկերացնում, որ ալիքը բարձրանալու ա էդքան։ Ինչևէ։ Արդեն մի շաբաթ է տանն ենք, երկրորդ օրվանից ստանում ենք էն դասերը, որոնք չէինք հասցրել վերջացնել, հարցերի դեպքում moodle հարթակում խոսում ենք ամեն ինչից ինչ թերի ա մնացել, դասախոսները վիդեոներ են պատրաստում, ուղարկում, էդ ձևով պատասխանում հարցերին, պետք եղած ժամանակ live են անում։ Ինձ համար ամեն ինչ շատ լավ ու հավես ա ընթանում, դեռ չեմ զգում, որ կարանտինի մեջ ենք ու դասերը ընդատվել են։  Ընդհանրապես հավես ա էս ամեն ինչը, մինչև էն պահը, երբ տեսնում ես, որ դրսում սիրուն ու կանաչ գարուն ա, արև ա, իսկ դու պետք ա տանը նստես, ու սպասես, երբ ա անցնելու էս տխուր, բայց իրա մեջ սիրունություն ունեցող շրջանը։

Արսեն Գևորգյան, Երևան

Իրականում ես բնույթով ինտրովերտ եմ և ինձ համար արտառոց փոփոխություւններ տեղի չի ունեցել քանի որ մինչ այս ես ևս «մեկուսացած էի» մարդկանցից այս ընթացքում ավելի մեծ ընտանեկան ջերմություն զգացի և վերականգնվեց երկար ժամանակ մոռացված ընտանիքով ընթրելու ավանդույթը դասերը իրականացվում են օնլայն տարբերակով և ես արդեն հասցրել եմ մի գիրք ընթերցել։

Enter a caption

Հ.Գ. ես կարծում եմ այս համաճարակը բնության պատասխանն է անպատասխանատու մարդկությանը

Թագուհի Թորոսյան, Կոպենհագեն (Դանիա)

Անվերջանալի թղթաբանական ոդիսականս արդեն մի քանի ամիս է, ինչ Groundhog Day֊ի զգացողություն էր հարուցել՝ բյուրոկրատական խնդիր֊գործողություն֊սպասում֊խնդրի կրկնություն֊գործողություն֊սպասում շղթան չէր քանդվում։ Վերջերս կարծես դինամիկան փոխվեց՝ լուծումներ սկսեցին երևալ, ու կյանքը կամաց֊կամաց նորմալ հունի մեջ էր մտնում, մեկ էլ՝ հոպ ու երերուն աշխատանքային պայմանների նորակառույց փխրուն աշտարակը փլվեց՝ իր տակ թողնելով անցյալի պատկերացումներն ու ապագայի պլանները։ Վերադարձ զրոյական կետին, նորից Groundhog Day:

Վերջին 3 տարվա ընթացքում «երրորդ երկրներից» եկած ընկերների հետ հաճախ ենք նկատել, որ եկել ենք վայրերից, ուր արտակարգ դրությունն այդպես էլ չի անցել։ Emergency-ի սերունդ ենք, որն էդքան էլ լավ չի կարողացել հարմարվել խաղաղ կյանքին՝ աշխատող համակարգին, պետությանը վստահելու հնարավորությանը , ներկա քաղաքական պայմաններում կենտրոնամետ ստատուս քվոն չեղարկելու ու ավելի արդար, հասանելի և ընդգրկուն քաղաքականություն զարգացնելու անհնարինությանը, աշխատանք֊կյանք բալանս պահելուն, ապագայի վախ ու տագնապ չունենալուն։ Բայց էդ նույն սերունդը լավ գիտի՝ ինչպես ապրել ու կյանքից հաճույք ստանալ հարատև անորոշության, անկանխատեսելիության մեջ։

Երբ վերապրման մեխանիզմդ՝ ներքին արտագաղթն, ինքնամեկուսացումն ու վիրտուալ կյանքը, վերածվում են իրականության միակ տիրույթի, որից փախուստի միակ վայրը բնությունն է, մարմինդ ու սենյակդ ասես սերտաճած բանտ դառնան։ Բայցևայնպես՝ արագ ես սովորում և սկսում հարմարվել։ Օրերը միաժամանակ նման են ու տարբեր՝ արթնանալ, գիտակցել՝ ինչ է կատարվում,  քմծիծաղ տալ, հեռախոսը վերցնել ու ընկղմվել լրահոսի մեջ։ Որոշ ժամանակ անց հոգնել, որոշել, որ այսօրվանից ավելի օգտակար բաներով ես զբաղվելու, նախաճաշել, սուրճ խմել, վերադառնալ լուրերին՝ ինքդ քեզ խոստանալով, որ 15 րոպեով է, հետո անձամբ քեզ համար կարևոր գործերով կզբաղվես, ընթացքում հեռազանգով խոսել մտերիմների հետ, կրկին թերթել լուրերը, գրառումներ անել, հետազոտական հոդվածներ կարդալ, քննարկել դրանք ընկերների հետ, միմյանց հետ կանխատեսումներով ու խորհուրդներով կիսվել, ծիծաղել մեմերի և նոր հյուսվող անեկդոտների վրա, վերլուծել էս շրջադարձը, օգնություն խնդրել, փորձել օգնել ուրիշներին, ու չմտածել, որ վերադարձ նույնիսկ հոգնեցրած, բայց ճանաչելի նորմալությանն այլևս չի լինելու։ Արևոտ օրերին դուրս ես գալիս քայլելու՝ գնալ֊մնալու մասին մտածելով։ 11֊ի կողմերը գիտակցում ես, որ ևս մեկ օր գնաց գրողի ծոցը՝ սակայն ինչ տարբերություն, Ֆելիցիա։

Երբ վերանում է սոցիալական ու մարմնավորված մտերմության հնարավորությունը, սոլիդարության ու փոխօգնության վիրտուալ տիրույթը քաղաքական գոյությանդ ու լավատեսությունդ վարժելու միակ միջավայրն է դառնում։ Իրավիճակը լի է դիստոպիական վտանգներով, բայց նաև հնարավորություն է՝ (տղա)մարդակենտրոն, արագացված աղետային կապիտալիզմից հրաժարվելու և հետմարդկային՝ բնության հետ ներդաշնակ ու սոցիալապես արդար նոր իրականություն ստեղծելու, որը, գուցե էկոհամակարգի և դրա բոլոր գործորդների գոյատևման վերջին շանսն է։ Կարևոր է՝ այն բաց չթողնենք։ Սա մտածելով՝ պառկում եմ քնելու։