Համագործակցության անհրաժեշտությունը հետպատերազմյան Հայաստանում

Իմ դասավանդած էքսպերիմենտալ մեթոդներ 3 առարկայի առանձնահատկություններից մեկն այն է, որ ավարտվում է ստուգարքով։ Ուսանողները ստուգարքը կարող են ստանալ, եթե բոլոր հինգ առաջադրանքները կատարել են։ Առաջադրանքները մի քանի բաղադրիչ ունեն․ վիճակագրական խնդիրը լուծելու համար կոդի վերածել, արդյունքները մեկնաբանել և տեքստ գրել՝ նկարագրելով ողջ ընթացքն ու արդյունքները։ Պարտադիր պահանջ է խմբով աշխատելը։ Եթե մեկն ուզում է առանց խմբի, մեն-մենակ լինել, նախ համալսարանից հատուկ թույլտվություն պիտի ստանա, հետո հսկայական աշխատանքը մնալու է էդ մի հոգու ուսերին։ Հետո, յուրաքանչյուր խումբ պարտավոր է նշել, թե առաջադրանքի որ մասն ով է գրել, բայց միշտ դժվարանում են, ու իրենց դժվարանալը պատճառ ունի․ համագործակցային աշխատանքում խիստ դժվար է տարբերակելը, թե ով ինչ է արել։ Իսկ ընդհանրապես այսպիսի համագործակցային ֆորմատում շահում են բոլորը։

What Is Collaboration and Where Does It Begin? | Jesse Lyn Stoner

Ընդհանրապես, գիտական տվյալներ կան այն մասին, որ համագործակցային արդյունքը շատ ավելի լավն է, քան առանձին-առանձին վերցրած անհատական աշխատանքը։ Պատկերավոր ասած՝ համագործակցության դեպքում արդյունքը ոչ թե երկու ուղեղների չոր գումարային արդյունքն է, այլ դրանից շատ ավելին։ Հետևաբար, համագործակցությունից շահում են բոլորը՝ թե՛ համագործակցողներն առանձին-առանձին, թե՛ նրանք, ովքեր գործածելու են համագործակցության արդյունքը։

Ավելին՝ համագործակցությունը նաև էվոլյուցիոն նշանակություն ունի։ Մարդիկ ամենաշատը համագործակցող ու ավելի քիչ մրցակցող կենդանիներից են․ հազարամյակներ առաջ մարդիկ հասկացել են, որ մեն-մենակ որս անելով հազիվ մի նապաստակ բռնեն, իսկ համագործակցային որսի դեպքում կարող են միասին եղջերու բռնել, որը շատ ավելի շատերի կարող է կերակրել։ Հետևաբար, ի նպաստ բնական ըտնրության է եղել համագործակցային որսորդությունը։

Բայց համագործակցությունը Հայաստանում մի հատկանիշ է, որ շատ դժվար է ստացվում։ Սկսենք դիվանագիտությունից։ Դեռ պատերազմի օրերին շատերը գլուխ էին գովում կամ բողոքում, որ մենք երեք միլիոնով մենակ ենք մնացել 90 միլիոնի դեմ։ Իսկ ինչու՞ էինք մենակ մնացել։ 21-րդ դարում մենակ մնալը ոչ թե հպարտանալու կամ դրանից դժգոհելու թեմա է, այլ պարզապես ցույց է տալիս համագործակցության ունակության բացակայություն։ Դիվանագիտությունը չպետք է լինի «ռուսը մեզ էլի մենակ թողեց» կամ «բոլորը մեզ դավաճանեցին» մակարդակի, այլ արդյունավետ համագործակցություն, որի արդյունքից շահում են համագործակցող բոլոր կողմերը, իսկ էդպիսի համագործակցություն հնարավոր էր թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, թե՛ այլ պետությունների հետ (այս տեսահոլովակը մանրամասն քննում է ներկայիս իշխանությունների դիվանագիտական սխալներն ու խորհուրդներ տալիս նոր համագործակցային ուղղությունների համար)։

Բայց Հայաստանում համագործակցության խնդիրը ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ է, այլև պետության ներսում։ Մարդկանց միջև նախկին-ներկա սահման գծելով՝ վերացվում է որևէ տեսակի համագործակցության հնարավորությունը, մինչդեռ կան իրավիճակներ (օրինակ՝ պետական անվտանգությունը), երբ նախկինների ու ներկաների, ավելին՝ ընդհանրապես ողջ հայ ժողովրդի շահերը համընկնում են։ Հետևաբար, պատերազմի ժամանակ տասներեք կուսակցությունների համագործակցության առաջարկը չընդունելը կարելի է բացատրել կա՛մ նրանով, որ սա պարզապես ծրագրված դավադրություն էր, հետևաբար պետք չէր, որ դրա դեմն առնվի, կա՛մ բավական ինկոմպետենտ կառավարությունը համագործակցությունը ոչ թե որպես առավելագույն արդյունքի փորձ էր ընկալում, այլ դավադրություն հենց իրենց դեմ։ Մինչդեռ պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ 90-ականներին պատերազմը հաղթեցինք նաև իշխանություն-ընդդիմություն արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Եվ անգամ պատերազմից հետո, երբ կա քաղաքական կոնսենսուս, որ Փաշինյանի կառավարությունը պետք է հեռանա, երբ լուծման տարբերակներից մեկը համագործակցային կառավարության ստեղծումն է, Փաշինյանի կողմնակիցները դժվարանում են պատկերացնել ու հասկանալ, թե ինչպես կարող է նման կառավարություն ստեղծվել ու շարունակում են անուններ պահանջել, շարունակում են անհատական լուծում պահանջել մի խնդրի, որն այնքան բարդ է, որ առանց համագործակցող ուղեղների ուղղակի չի կարող լուծվել։

Բայց Հայաստանում համագործակցության անընդունակությունը չի սահմանափակվում քաղաքական վերնախավով։ Անհատապաշտությունն այնքան խորն է մտել մեր ուղեղներ, որ պատերազմի ելքը գոհացնում է շատերին, որովհետև անհատապես իրենք շահել են (օրինակ՝ Ադրբեջանը Երևան չի հասել կամ զոհերի մեջ իրենք ծանոթներ չունեն, իսկ տունը կորցրած արցախցիները հեռավոր հեքիաթ են թվում, ինչի հետ իրենք գլուխ չեն դնելու)։ Եթե անգամ այս մարդկանց փորձես բացատրել, որ նույնիսկ անհատապես իրենք չեն շահել, որովհետև վտանգը կախված է նաև նրանց գլխավերևում, որ Հայաստանի անվտանգությունն այս պահին շատ փխրուն է, որ երբ թուրք-ադրբեջանական տանդեմը հասնի իրենց դռանը, բարի-դրացիական հարաբերություն քարոզողներին, արցախցի-հայաստանցի կամ նախկին-ներկա չի տարբերակելու, միևնույն է, կշարունակես լսել բաց սահմանների ու սպասվող տնտեսական վերելքի մասին։

Ավելին՝ Հայաստանում մի ստվար զանգվածի համագործակցային ունակության թերի լինելն արտահայտվել է նաև պատերազմից դուրս տարբեր իրավիճակներում։ Մենք հաճախ ենք խոսում, որ հայերը թիմային սպորտերից լավ չեն, իսկ անհատականից լավ են։ Հայաստանում որոշակի գիտական թեմաներ ուսումնասիրելը ոմանք ընկալում են որպես սպառնալիք իրենց աշխատանքի դեմ, ոչ թե համագործակցության հնարավորություն (հանուն արդարության ասեմ, որ դրական փորձ էլ ունեմ կամ որոշ համագործակցություններ սառեցվել են զուտ իմ՝ զբաղված ու անհետևողական լինելու պատճառով) ու մերժում համագործակցության առաջարկները։ Մենք անգամ չենք ուզում հանուն հանրային շահի մեզ որևէ բանից զրկել․ պետական առողջապահական ապահովագրությանը դեմ ենք, որովհետև չենք ուզում տաքսու վարորդի առողջության համար վճարել, համահարթ հարկմանը կողմ ենք, որովհետև չենք ուզում, որ մեր վճարած հարկերից մյուսի կարիքները հոգան։

Պատերազմից հետո հաճախ է խոսվում, որ պետք է մեր ամբողջ ներուժը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում գործածենք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Եվ իրոք, դա պետք է անպայման տեղի ունենա ու պետք է տեղի ունենա արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Բայց առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ միջոցով ենք կոտրելու անհատապաշտությունն ու հասնելու նրան, որ շատերը հասկանան, որ համագործակցությունը համընդհանուր օգուտ է բերելու և որ ավելի մեծ արդյունք է ստեղծելու, քան անհատների աշխատանքը։ Այլապես ստիպված կլինենք համակերպվել այն մտքի հետ, որ համագործակցել չկարողանալու պատճառով հայերը էվոլյուցիոն տեսակետից վերացող մշակույթ են։

Ինժեներների ու թամադաների երկիրը

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած ոլորտների կրթությանն էսպես ուղղակիորեն կպավ։ Դրա համար որոշեցի անդրադառնալ իր այդ ելույթին ու ընդհանրապես հայերենն ու հայոց պատմությունը բուհերի ուսումնական ծրագրերից հանելու որոշմանը։

Image result for humanities

Առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանն իրոք մտահոգված է Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ։ Բայց այն, ինչ նա ասում է, բավական վտանգավոր է հենց Հայաստանի ապագայի համար։ Ինչ խոսք, կրթությունն աղքատությունը հաղթահարելու հիմնական պայմաններից մեկն է, բայց խնդիրը ոչ թե կրթության բովանդակությունն է, այլ հասանելիությունը. եթե կրթությունը ֆինանսապես հասանելի չեղավ նույնիսկ ամենաաղքատ խավին, երեխաները ո՛չ թամադա, ո՛չ ինժեներ դառնալու հնարավորություն չեն ունենա։ Իսկ հասանելին չի նշանակում ուսման վարձի որոշակի զեղչեր կամ անվճար ուսում սոցիալապես անապահովներին։ Ո՛չ։ Հասանելի կրթություն նշանակում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ միլիոնատիրոջ ու աղքատի երեխան նույն պայմաններում լինեն։ Այսինքն, տան վարձի, սննդի և այլնի մասին մտահոգվելու կարիք ուսանողը չունենա։ Իսկ դա նշանակում է անվճար ուսումից բացի նաև կրթաթոշակ տալ երիտասարդներին, ինչպես, օրինակ, Դանիան է անում։ Կասեք՝ Հայաստանը Դանիա չէ, փող չունի էդքան։ Իսկ կառավարության անդամների աշխատավարձը բարձրացնելու փող ունի՞։

Հիմա կրթության բովանդակային կողմին։ Նախ, միայն ինժեներներից կազմված հասարակությունը երկար գոյություն ունենալ չի կարող։ Այդ հասարակությանը պետք են բժիշկներ, բուժքույրեր, պետական ապարատում աշխատողներ և այլն, և այլն։ Սրանք դեռ ամենաակնհայտ մասնագիտություններ են։ Բայց ես կարող եմ ավելացնել, որ նաև Նիկոլ Փաշինյանի ասած «թամադաներն» էլ են մեզ պետք ու շատ են պետք, որովհետև հումանիտար կրթություն ստացած մարդիկ հենց նրանք են, ովքեր մեզ օգնում են հասկանալ այլ մարդկանց ու մշակույթներ, մեր սեփական մշակույթը։ Ավելին՝ այս դարաշրջանում, երբ մարդկությունը բևեռացված է (ու մարդկության կոնտեքստում Հայաստանի քաղաքացիները բնավ բացառություն չեն, ինչքան էլ ուրիշները հակառակը պնդեն), երբ սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները ողողված են ամեն տեսակի (հաճախ կեղծ) ինֆորմացիայով, հենց այստեղ են մեզ հումանիտար մասնագետներն են պետք, որ օգնեն հասկանանք՝ ինչ է կատարվում։ Կասեք՝ այթիիշնիկն էլ կարող է էդ բոլորը վերլուծել։ Իհարկե կարող է, բայց ոչ երբեք առանց հումանիտար մասնագետի խորհրդատվության։ Ու ոչ առանց քննադատական մտքի։ Ավելին՝ ժամանակակից աշխարհն առավել ինտերդիսցիպլինար է. ծրագրավորողը լեզվաբանություն է սովորում, որ կարողանա մեքենայական թարգմանությունների հետ գլուխ դնել, իսկ լեզվաբանը՝ ծրագրավորում, որ իր հավաքած տվյալները վերլուծի։

Ընդհանրապես, հումանիտար մասնագիտությունների վրա հարձակվում են այն քաղաքական ուժերը, որոնք վախենում են հումանիտար մտքից։ Դանիայում համալսարանների հումանիտար ֆակուլտետների վրա հարձակումը սկսել էր դեռ նախորդ՝ աջ կառավարությունը, պնդելով, որ գործազրկությունը մեծ է հումանիտար ֆակուլտետների շրջանավարտների շրջանում։ Նախ, թվերը մեծ մասամբ աղավաղված էին։ Օրինակ, ցույց էին տալիս, որ Կոպենհագենի համալսարանի ֆիններենի շրջանավարտների կեսը մի տարի անց դեռ գործազուրկ են։ Ֆիններենն այդ տարի երկու շրջանավարտ էր տվել։ Բայց ֆիններենի բաժինը փակվեց հենց այդ տվյալների հիման վրա։ Ու հիմա, եթե Դանիայում մեկն ուզում է ֆիններենի մասնագետ դառնալ, պիտի գնա Շվեդիա։ Նույն կերպ փակվեց նաև հնդեվրոպաբանությունը որպես մասնագիտություն, չնայած որ ուսումնական ծրագիրը համարվում էր աշխարհի լավագույններից մեկը։

Դանիայի նոր՝ սոցիալ֊դեմոկրատ կառավարությունը նույնիսկ ավելի ագրեսիվ արշավ է սկսել հումանիտար մասնագիտությունների դեմ (ընդհանրապես բարձրագույն կրթության դեմ, բայց հատկապես հումանիտարի)։ Իհարկե, չի հաջողվի մեծ հաջողություն ունենալ, որովհետև իշխանության մնալու համար նրանց մյուս ձախ կուսակցությունների աջակցությունն է պետք, իսկ մյուս ձախ կուսակցությունները շատ լավ են հասկանում հումանիտար մասնագիտությունների կարևորությունը։ Վերջերս էլ Կոպենհագենի համալսարանի հումանիտար ֆակուլտետի ուսանողները բողոքի ակցիա են սկսել դեկանատի դիմաց հենց կրճատումների դեմ։ Ուսանողները, բացահայտորեն որպես սոցիալիստներ դիրքավորված, պահանջում են, որ ֆակուլտետի ղեկավարությունը չեղարկի որոշ մասնագիտություններ միացնելու ու անձնակազմը կրճատելու ծրագրերը (ֆինանսավորման կրճատման պարագայում կրթական ծրագրերը միանում են իրար, անձնակազմը կրճատվում է, իսկ ղեկավարության աշխատավարձերը՝ աճում)։ Իհարկե, ո՞ր բուհը կուզի արդարություն պահանջող ուսանողներ։ Գլխացավանքից հեռու, իր սեփական բարեկեցությունից բացի ուրիշ ոչ մի բանով չմտահոգված նեոլիբերալ ուսանողներն ավելի լավ չե՞ն։ Իսկ դրա համար պետք է նախ հումանիտար մասնագիտությունները փակել, որ ոչ ոք չիմանա՝ սոցիալիզմն ու սոցիալական արդարությունն ինչ է ու ոչ ոք չքննարկի դա Հայաստանի կոնտեքստում, որ սոցիալիստական քաղաքական ուժեր երբեք ի հայտ չգան, ու նեոլիբերալն ամեն անգամ անունը փոխելով հաղթի։

Հիմա կասեք, թե պնդում եմ, որ ինժեներները քննադատական մտածողություն չունեն։ Ո՛չ, իհարկե ունեն։ Բայց դա խթանվում է հենց հումանիտար առարկաներ անցնելու շնորհիվ։ Ու հենց էստեղ էլ գալիս է հայերենի, հայոց պատմության ու փիլիսոփայության կարևորությունը։ Ես ինքս բժշկական համալսարանում սովորելու առաջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ հումանիտար առարկաներ եմ անցել. հայերեն, ռուսերեն, անգլերեն, լատիներեն, պատմություն, կրոնի պատմություն, գենդերային ուսուցում, փիլիսոփայություն, հայ մշակույթի պատմություն և բժշկական էթիկա։ Առարկաների մի մասն էլեկտիվ էին, բայց ես բոլորին էլ հաճախել եմ։ Մի մասն իրոք ժամանակի անիմաստ կորուստ էին, որովհետև բաղկացած էին անիմաստ դասախոսություններից, իսկ վերջում տետրդ ցույց էիր տալիս, ստուգարքը ստանում։ Բայց մի քանիսը հենց քննադատական միտքը զարգացնելու տեղեր էին. դասը բանավեճի նման էր ընթանում, բայց պիտի նախ տեսական նյութը սովորեիր։ Հազվագյուտ մի բան էր հայկական կրթական համակարգում, որն առանց այդ էլ քննադատական մտքից խիստ կաղում է։

Երբ հայտնի դարձավ, որ հայոց լեզուն ու հայոց պատմությունն այլևս բուհերում պարտադիր չեն լինելու, ուժեղ աժիոտաժ սկսվեց. պրոգրեսիվ երիտասարդները միանգամից սկսեցին հայտարարել, թե հայերենը ժամանակի ինչ անիմաստ կորուստ էր, իսկ ազգայնականները հայ ժողովրդի ու հայերենի գոյության վտանգված լինելը մեջտեղ բերեցին։ Բայց այստեղ հարցի մի կողմն ընդհանրապես արհամարհվում է. իսկ գուցե առարկաների բովանդակությա՞ն խնդիր կա։ Ինչ խոսք, ծրագրավորողին պետք չէ իմանալ, թե բայն ու մակբայն իրարից ինչով են տարբերվում (չնայած եթե որոշել են լեզվի տեխնոլոգիաներում մասնագիտանալ, հաստատ դա իրենց ավելի շատ է պետք, քան «թամադաներին»), բայց մտքերը հստակ ձևակերպել ու որոշակի քննադատական միտք պետք է ոչ միայն իր աշխատանքը կատարելու, այլև ակտիվ քաղաքացի լինելու համար (հա՛, թեկուզ ֆեյսբուքում ստատուս գրելու տեսքով)։ Ուրեմն գուցե պետք է քննարկել, որ հայերենն ու հայոց պատմությունը իրենց ներկայիս ձևաչափով իրենց չեն արդարացնում, բայց կարելի է փոփոխությունների ենթարկել ու այնպես անել, որ ուսանողը, անկախ մասնագիտությունից, օգուտ ստանա այդ դասընթացներից։

Ու ընդհանրապես, հայերենից ու հայոց պատմությունից էնպես են կպել, կարծես մյուս առարկաները որակային առումով գերազանց են։ Նույն բժշկական համալսարանում սովորելիս ես անցել եմ խիստ մասնագիտական առարկաներ, որոնց որակը շատ ավելի վատն էր հայերենի ու հայոց պատմության համեմատ, անցել եմ նաև էնպիսիք, որոնք իրենց որակով կարող են միջազգային հեղինակավոր համալսարանների հետ մրցել։ Ու էս բոլորը կախված էր դասախոսներից։ Դասախոսներ կային, որ նույն բովանդակությունը ըստ վերջին գիտական տվյալների էին մատուցում, դասախոսներ կային՝ 70֊ականների նյութերով։

Ուրեմն երևի կրթական համակարգի խնդիրը ոչ թե առարկաների շատ ու քիչ լինելն է, այլ դրանց բովանդակային կողմը։ Եթե կրթական բարեփոխումներ ենք ուզում, գուցե պետք է նայել ներսում ինչ է կատարվում։ Ֆորմալ առումով խնդիր չկա. մեր դիպլոմների միջուկներում հայտնված առարկաներն ու դասաժամերը մեզ չեն խոչընդոտում մեր ուսումն արտերկրում շարունակել, մասնագիտությունից կախված նաև աշխատել։ Հետևաբար, արտաքնապես մեծ մասամբ համապատասխանում ենք միջազգային ստանդարտներին։ Բայց ներսում կադրային խնդիր կա։ Ես միշտ ասել եմ ու էլի եմ ասում. Հայաստանի կրթական համակարգը բավական որակյալ կդառնա, եթե ֆինանսավորումն ավելացվի (օրինակ, դասախոսները լավ վարձատրվեն ու կաշառքների հույսին չմնան, ժամանակ ունենան նաև գիտությամբ զբաղվելու, լավ մասնագետներն ուզենան համալսարաններում աշխատել) ու թայֆայականությունը նվազեցվի (մեր ամենավատ դասախոսներն ինչ֊որ մեկի բարեկամն էին)։

Իսկ ինժեներների պահանջն այսօր կա, վաղը կարող է չլինել։ Մեզ պետք է, որ գործազուրկ դարձող հազարավոր ինժեներներ կարողանան այլ աշխատանք գտնել։ Բայց ավելի շատ պետք է, որ գործազուրկ դարձած ինժեները սոված չմնա, իսկ դրա համար ամուր սոցիալական համակարգ է պետք իր գործազրկության նպաստներով։ Գործազրկությունից բացարձակապես ոչ ոք ապահովագրված չէ։ Ի դեպ, Դանիայում նույն պահանջարկից ելնելով խիստ մեծացրեցին թվային հաղորդակցության մեջ մասնագիտացողների թիվը։ Արդյունքում՝ նրանց բավական մեծ մասը մի քանի տարի աշխատանք չէր գտնում (թվերը հաստատում էին, որ մասնագետներն ավելի շատ են, քան աշխատաշուկայի պահանջարկը)։ Ու հենց գործազրկության նպաստի շնորհիվ էր, որ այդ մարդիկ ոչ մի օր սոված չմնացին ու կարողացան տան վարձ վճարել, մինչև մի օր աշխատանք գտան։ Դրա համար պետք չէ մի մասնագիտությունն անվանել քըխ, մյուսը՝ կարևորել ու քաջալերել, որ բոլորն էդ մասնագիտությունն ընտրեն։ Առողջ հասարակությանը պետք են բոլորը. ինժեներներից մինչև թամադաներ, պատմաբաններից մինչև բժիշկներ, գիտնականներից մինչև աղբ հավաքողներ, գործազուրկներից մինչև թոշակառուներ։ Ու պետք է այս բոլորի համերաշխությունը։

Այցելություն Հայաստան

Ակումբում ժամանակին գրել եմ վերջին այցելությանս տպավորությունների մասին, ու երևի շատ բան չկա ավելացնելու։ Դրա համար ավելի շատ կգրեմ ընդհանրապես Հայաստան այցելելու մասին։

Երբ չորս տարի առաջ ուսումս վերջացրի ու վերադարձա Հայաստան, ուղեղս լիքն էր Հայաստանը զարգացնելու ընտիր գաղափարներով։ Բայց շատ արագ էդ բոլոր գաղափարները կտոր-կտոր եղան, ու ես նորից փորձեցի դրսի ճամփան բռնել։ Էն ժամանակ հեռանալիս հաստատ որոշել էի, որ առնվազն տարին երկու անգամ Հայաստան եմ գալու հնարավորինս երկար ժամանակով ու որ Հայաստանի հետ հնարավորինս պինդ կապ եմ պահելու։ Այդուհանդերձ, Հայաստան վերադառնալու ու այնտեղ ապրելու թեման ընդմիշտ փակվեց ինձ համար։

Տարիներ անց Հայաստանում վերահաստատվելու թեման դեռ փակ է ինձ համար ու կարծում եմ՝ երբևէ իմ կամքով չեմ վերադառնա։ Դրա համար ամեն անգամ այցելելիս ոչ մի դեպքում էն աչքերով չեմ նայում, թե՝ մի օր կգամ, չնայած Մորթենը միշտ ոգևորված նոր բիզնես գաղափարներով է բեռնվում, թե՝ էս կարող ենք անել, էն կարող ենք անել։

Այնուամենայնիվ, երեքուկես տարի անց վերաբերմունքս է փոխվել։ Առաջին երկու տարիներին կարողացա տարին երկու անգամ գալ, անցյալ տարի՝ ոչ։ Էս տարի էլ դեռ քննարկման պրոցեսում է․ իմ՝ բավական երկարատև ձմեռային արձակուրդը (կեցցե ֆիննական համակարգը, թե չէ Դանիայում տոն օրերից դուրս ազատ լինելու համար պիտի լրացուցիչ արձակուրդ վերցնեիր) Կոպենհագենու՞մ եմ անցկացնելու, թե՞ մասամբ Հայաստանում կամ մեկ այլ երկրում։

Իսկ թե ինչու է Հայաստանը գնալով ավելի պակաս առաջնահերթ դառնում, պատճառները տարբեր են։ Դրանում, բնական է, մեծ դեր ունի ավիատոմսերի գինը, բայց պիտի խոստովանեմ, որ եթե Հայաստան գալն էդքան կարևոր լիներ, դժվար երկար-բարակ մտածեի, որ նույն գնով կարելի է ավելի էկզոտիկ երկրում հանգստանալ։

Խնդիրներից գլխավորն այն է, որ Հայաստանից գնալով ավելի ու ավելի քիչ կախված եմ լինում։ Ժամանակին էնտեղ գնում էի լիցքաթափվելու, ընկերներիս ու ընտանիքիս անդամների հետ շփվելու ու ծիրան ուտելու։ Հիմա արդեն ես իմ ընկերական շրջապատն ունեմ Կոպենհագենում, ու Հայաստանի ընկերներիս կարիքն էդքան խորը չեմ զգում։ Ինչ խոսք, ամեն անգամ ուրախ եմ հանդիպել ու շփվել հետները, բայց դա այլևս ուժեղ պահանջ չէ։ Դրան ավելացնենք նաև, որ իմ մտերիմ ընկերներից միայն երկուսն են հենց Երևանում մնացել։ Մյուսներն արտագաղթել են, իսկ մեկն էլ Դիլիջան է տեղափոխվել ու Երևանում լինել ուղղակի չի ուզում։ Ընտանիքիս անդամներից էլ հայրս, որի հետ ամենաշատն եմ ուզում շփվել, էլի հեռացել է Հայաստանից։

Հետո գալիս է նաև Մորթենի հարցը։ Ընտանեկան հավաքույթներին ինքն ուղղակի չի կարողանում լիարժեք մասնակցել լեզվի պատճառով։ Ընկերական հավաքույթներին վիճակն էլի համեմատաբար լավ է, որովհետև միշտ էլ գտնվում են քչից-շատից անգլերեն իմացողներ, որոնք հետը շփվում են։ Բայց ամեն դեպքում ահագին հոգնեցուցիչ է լինում իր համար՝ անհասկանալի միջավայրում լինելը ու ինձ համար՝ զրույցներին մասնակցելու փոխարեն թարգմանելը։ Իհարկե, կարելի է ասել՝ առանց Մորթենի Հայաստան արի։ Բայց մենք սիրում ենք մեր արձակուրդները միասին անցկացնել, ու եթե էդպիսի հարց է առաջանում, մենք ավելի շուտ մեր արձակուրդն ուրիշ տեղ կանցկացնենք։ Դրան էլ ավելացնենք, որ Մորթենն իսկապես սիրում է Հայաստան գալ։

Իհարկե, կարելի է ավելացնել նաև լիքը մանր-մունր գործոններ, ինչպիսիք են համատարած ծուխը, Երևանի կեղտոտ օդը, հայկական անկազմակերպվածությունը, որին ոչ մի կերպ չեմ կարողանում ադապտացվել, ջահելների անհույս դեպրեսիվ վիճակը, մարդկանց՝ քիթները կյանքդ խոթելը, որն ահավոր ներվայնացնող է և այլն։ Ու անկազմակերպ վիճակի պատճառով էր, որ վերջին անգամ լիքը մարդկանց ուղղակի չհասցրի տեսնել։

Մի խոսքով, ինձ համար հիմա օրակարգում է հաջորդ անգամ երբ Հայաստան գնալ ու ինչ ֆորմատով։ Ուզում ենք Հայաստանով մեկ պտտվել ու ինքներս կազմակերպել մեր արձակուրդը՝ առանց որևէ մեկի վրա հույս դնելու։ Երևանի ժողովուրդը նեղանում է, թող նեղանա։

Ինչպես է Հայաստանը զարգացնում Վրաստանի տուրիզմը

Հրանուշ Հակոբյանը երկու տարի առաջ սփյուռքահայերին կոչ էր արել չորս տարին մեկ Հայաստանում հանգստանալ։ Ես երևի սփյուռքահայերի մեջ չեմ մտնում, որովհետև հայկական անձնագիր ունեմ, Հայաստանում՝ ընկերներ ու հարազատներ, հետևաբար Հրանուշ Հակոբյանի կոչը չէ, որ պիտի ինձ Հայաստան բերի, այն էլ չորս տարին մեկ։ Հայաստանից նոր գնացած ինձ նման շատերը կան, որ տարին երկու-երեք անգամ գալիս են Հայաստան։ Ես էլ, երբ երեքուկես տարի առաջ գնացի, որոշել էի, որ անպայման տարին երկու արձակուրդ՝ ամառայինն ու ձմեռայինը, Հայաստանում եմ անցկացնելու. ազգականներիս ու ընկերներիս կտեսնեմ, էն փողն էլ, որ ուրիշ երկրում պիտի ծախսեի, Հայաստանի փոքր բիզնեսների վրա կգնա։

Բայց որոշելը քիչ էր։ Երբ Հրանուշ Հակոբյանը նման կոչեր է անում, իրեն չի հետաքրքրում, որ Հայաստան հասնելու ավիատոմսերն անխնա թանկ են, ճանապարհը՝ անտանելի հոգնեցուցիչ։ Առավելևս չի հետաքրքրում, որ կան տարին մի քանի անգամ Հայաստան գալ ցանկացողներ, որոնք կպակասեցնեն իրենց այցելությունները հենց ճամփորդության անհարմարության պատճառով։

Անցյալ տարի միայն մի անգամ Հայաստան եկա։ Նոր տարուց առաջ, երբ փորձում էի ավիատոմս գնել, գներն աստղաբաշխական թվերի էին հասնում։ Ավելի էժան էր Նյու Յորք հասնելը։ Ի վերջո, չորս օրով մեկնեցինք Փարիզ։ Կոպենհագեն-Փարիզ հետդարձով երկու ավիատոմսը, հյուրանոցն ու միջին թանկության ռեստորաններում ընթրելը միասին Կոպենհագեն-Վիեննա-Երևան հետդարձով երկու ավիատոմսի գին կազմեցին։

Այս ամառ որոշեցի ամեն դեպքում գալ Հայաստան, չնայած էլի Նյու Յորք հասնելը կամ Եվրոպայի որևէ այլ մասում արձակուրդ անցկացնելն անհամեմատ էժան էր։ Խելքին մոտ գնով՝ 470 եվրո արժողությամբ տոմսն այնքան էլ լավ պայմաններ չէր առաջարկում. Կոպենհագեն-Ֆրանկֆուրտ-Վիեննա-Երևան-Վիեննա-Կոպենհագեն։ Ընդ որում, հետդարձին Վիեննայում մոտ տասնչորս ժամ պիտի անցկացնեինք։ Այլընտրանքը մի քիչ ավելի էժան տոմսերն էին Մոսկվայով, բայց էնտեղ էլ օդանավակայանում մոտ տասնչորս-տասնհինգ ժամ պիտի անցկացնեինք, իսկ ընկերս Դանիայի քաղաքացի է, քաղաք դուրս գալու համար վիզա էր պետք։

Նույն գնային սահմաններում մեկ այլ այլընտրանք էր Վարշավայով գալը, բայց էս դեպքում էլ Կոպենհագենից դուրս եկող չվերթն առավոտյան անտանելի շուտ էր, իսկ Վարշավայից Երևան մեկնողը՝ ուշ երեկոյան։ Ընտրելով Ֆրանկֆուրտ-Վիեննա տարբերակը՝ գոնե երկու անքուն գիշերվա փոխարեն մեկն էինք անցկացնում։

KBH-EVN

Ու էսքանով ավարտվում են օդային ճանապարհով Կոպենհագենից Երևան հասնելու խելքին մոտ տարբերակները։ Պատկերացնու՞մ եք. Սկանդինավիայի ամենամեծ օդանավակայանը Հայաստանի մայրաքաղաքին կապվում է ընդամենը երեք ճանապարհով, այն էլ բոլոր տարբերակները չլոցի են։ Իսկ թռիչքային գումարային ժամանակը Կոպենհագենից Երևան ընդամենը հինգ ժամ է։ Եթե ուղիղ չվերթ լինի, երևի ավելի քիչ էլ լինի։ Բայց մարդ քսանհինգ ժամ է ծախսում դռնից դուռ հասնելու համար։ Հասկանու՞մ եք. մայրաքաղաքից մայրաքաղաք հասնելու վրա քսանհինգ ժամ է ծախսվում։

Մի քանի տարի առաջ ոնց որ Հայաստանում ավիացիայի խնդիրներ բարձրացվեցին։ Իբր չեխական ավիաուղիների հետ բանակցեցին, որ հետ գա: Հետ եկավ, մի քանի ամիս աշխատեց, գնաց։ Հիմա էլ իբր Բրյուսելի ավիաուղիներն են մտել։ Բայց արդյոք խնդրին անդրադառնու՞մ են ըստ պատշաճի։

Հիմա շատերը Թիֆլիսով են ճամփորդում, ինձ էլ են խորհուրդ տալիս անել։ Չեմ անում զուտ էն պատճառով, որ ճամփեքին չլվելուն ավելանում է նաև Թիֆլիսից Երևան հասնելու հարցը։ Բայց հարց է առաջանում. ինչու՞ են Թիֆլիսի տոմսերը երկու-երեք անգամ ավելի էժան։ Արդյոք պատճառը Զվարթնոց օդանավակայանի դրած շատ ավելի բարձր հարկե՞րն են։ Այդ դեպքում ինչու՞ է ՀՀ կառավարությունը Զվարթնոցի ղեկավարության հետ բանակցելու փոխարեն ավիաուղիների հետ բանակցում։ Չեմ կարծում, թե ավիաուղիները հաճույք են ստանում տոմսերի գինը թանկ դնելուց, որ ոչ ոք տոմս չառնի, հետո էլ թողնել-գնալուց։

Այստեղ ոչ միայն աշխարհով մեկ ապրող հայերի հարցն է, այլ նաև պոտենցիալ տուրիստների, որոնք Հայաստան ոտք չեն դնում՝ սարսափելով տոմսերի գներից ու ճամփորդության տևողությունից։ Իբր Հայաստանում ուզում են տուրիզմ զարգացնել։ Ո՞նց եք զարգացնելու, երբ առաջին բանը, որ տուրիստը տեսնում է, Հայաստան հասնելու դժվարությունն է։

Ես չգիտեմ՝ քանի հոգի Հրանուշ Հակոբյանին կլսի ու չորս տարին մեկ Հայաստան կգա։ Չգիտեմ՝ քանի հոգի է ջղայնանում ու զարմանում, թե ինչու է Վրաստանում տուրիզմն ավելի զարգացած, քան Հայաստանում։ Միայն մի բան գիտեմ. հաջորդ անգամ Թիֆլիսում ենք իջնելու ու մի քանի օր էլ էնտեղ անցկացնենք։ Փաստորեն, Հայաստանը զարգացնում է Վրաստանի տուրիզմը։

 

Կինն ակադեմիայում․ Հայաստան ու Դանիա

Մի քանի ամիս առաջ, երբ ղեկավարիս հետ ճաշում ու զրուցում էի, ինձ ասաց, որ եթե ուզում եմ ակադեմիայում հաջողության հասնել, պիտի երեխա չունենամ։ Հետո թվարկեց ամբիոնի մի քանի պրոֆեսոր կամ դրա ճանապարհին գտնվող կանանց, որոնցից ոչ մեկը երեխա չուներ։ Ղեկավարս ինքը տղամարդ է ու երեք երեխա ունի։ Այդ նույն ղեկավարս սրանից մեկ-երկու տարի առաջ միջանցքում տեսել էր ֆիններենի կին պրոֆեսորին ու հարցրել, թե ոնց է հասցրել երեք երեխա ունենալ ու պրոֆեսոր լինել։ Ֆիններենի պրոֆեսորը հակադարձել էր․ «Իսկ դու ո՞նց ես հասցրել»։

Image result for female academics cartoon

Թեև Հայաստանի համեմատ Դանիայում տղամարդիկ անհամեմատ ավելի շատ են երեխայի խնամքը կնոջ հետ կիսում (հենց թեկուզ երկու ծնողների միջև կիսովի ֆիզիոլոգիական արձակուրդի տեսքով), գենդերային անհավասարության խնդիրն առնվազն ակադեմիայում շարունակվում է․ PhD ուսանողների 55%-ը կանայք են, բայց պրոֆեսորների միայն 19%-ն են կանայք կազմում։ Պատճառներն առայժմ լիովին բացահայտված չեն, բայց դրանց թվում կարող են լինել կանանց՝ սեփական ցանկությամբ ակադեմիայից հեռանալը կամ այն, որ տղամարդիկ տղամարդկանց են աշխատանքի ընդունում։

Բայց որևէ տեղ չի խոսվում, թե այդ 19% կանանցից քանիսը կենսաբանական երեխա ունի։ Իսկ իրականությունն այն է, որ կյանքն ակադեմիայում շարունակող յուրաքանչյուր կին մի օր կանգնում է երեխա կամ գիտություն ընտրության առաջ։ Դանիայում պոստդոկ չորս տարուց երկար չի թույլատրվում անել։ Իսկ ֆիզիոլոգիական արձակուրդ գնալիս պոստդոկի պայմանագիրը չի երկարում: Արդյունքում՝ երբ պոստդոկի ընթացքում երեխա ունեցած կինը տարիներ անց դիմում է մշտական ակադեմիական աշխատատեղի համար, նրան մրցակից տղամարդիկ կարողանում են ավելի լավ տվյալներով ներկայանալ (ավելի շատ տպագրություններ, ավելի շատ կոնֆերանսներ, ավելի շատ միջազգային համագործակցություն և այլն)։ Այսպիսով, այսօր գիտնականը դարձել է արտադրող, ու չափվում է թվերով․ եթե չես հասցրել այսինչ ժամանակահատվածում այսինչ թվով միջազգային տպագրություններ գեներացնել, ուրեմն արժանի չես գիտական դաշտում մնալուն։

Գենդերային հավասարության խնդիրը լուծելու համար տարբեր համալսարաններ կա՛մ քվոտաներ են ներմուծում, կա՛մ մրցույթն անցկացնելուց առաջ սպասում են այնքան, մինչև այդ աշխատատեղի համար կին էլ դիմի։ Քվոտաները խնդիր չեն լուծում։ Իմ մտերիմ ակադեմիական ընկեր Սիլվիան աշխարհով մեկ արդեն երեք-չորս պոստդոկ է արել ու ամեն տեղ ներկայանալիս ասում, որ ինքը երեխաներ չի սիրում ու չի ունենալու։ Իսկ քվոտաների մասին ասում է․ «Ես չեմ ուզում, որ ինձ գործի ընդունեն մենակ նրա համար, որ ծիծիկ ունեմ»։ Քվոտաներն ինչ-որ տեղ նաև վիրավորական են դառնում էսպիսի ենթատեքստով․ «Դե մենք գիտենք, որ դուք՝ կանայքդ, ավելի թույլ եք։ Դրա համար ձեր ներկայությունն ապահովելու համար քվոտաներ ենք մտցնում, որ դուք ձեր մեջ մրցեք»։

Հայկական ակադեմիայի գենդերային հավասարության մասին տվյալներ չունեմ։ Միայն գիտեմ, որ Հայաստանում գիտությունն առաջնահերթություն չէ, ու համալսարաններում ակադեմիական մշտական տեղեր զբաղեցնող դոցենտներից ու պրոֆեսորներից շատերը լուրջ գիտությամբ չեն էլ զբաղվում։ Իսկ պոստդոկի ինստիտուտի բացակայության շնորհիվ գոնե բժշկական համալսարանում մշտական աշխատանք ճարելը միաժամանակ թե՛ ավելի հեշտ է (ասենք, ավարտելուց անմիջապես հետո ամբիոնում աշխատանքի ընդունվելով), թե՛ ավելի դժվար է (շատ քչերին են «ամբիոնում պահում»)։ Ու թեև իմ հասկանալով Հայաստանում կին գիտնականը չի կանգնում «երեխա՞, թե՞ գիտություն» ընտրության առջև, այնտեղ մի ուրիշ խնդիր կա․ հասարակական ճնշումը։

Հայ հասարակության մեջ կինը մեծանում է որպես «ապագա մայր»։ Դեռ ուսանողական տարիներից իմ ընկերուհիներից շատերի հիմնական նպատակը հարմար ամուսին գտնելն ու երեխաներ ունենալն էր, ինչն ինքնին դատապարտելի չէ․ իրոք կան կանայք, որոնք նախընտրում են տանը մնալ ու երեխա մեծացնել՝ ընդհանրապես չաշխատելով կամ ունենալով քիչ վարձատրվող աշխատանք։ Բայց այն կանայք, որոնք այլ կյանք են նախընտրում, հաճախ քննադատվում են ու համարվում ոչ լիարժեք։ Բժշկականում ունեինք կին պրոֆեսորներ ու դոցենտներ, որոնք երեխաներ չունեին։ Ու թեև կարծես երեխա ունենալ-չունենալը չէր ազդում նրանց մասնագիտական որակների վրա, բայց համակուրսեցիներս հաճախ էին երեխա չունեցողներին մատով ցույց տալով, թե՝ տես, էսինչն ամուսնացած չի, երեխա չունի, էսինչի սիրուհին է եղել և այլն։

Երբ դեռ Հայաստանում էի ապրում, այդ ճնշմանը հանդիպում էի ամեն քայլափոխի թե՛ հասակակից, թե՛ տարիքն առած կանանցից ու տղամարդկանցից։ Մասնավորապես, ինձ անընդհատ քննադատում էին «խելքս գիտությանը տալու» համար ու պնդում, որ առանց ամուսնանալու երջանիկ չեմ կարող լինել կամ լիարժեք կյանք չեմ կարող ունենալ։ Հիմա էլ, երբ գնում եմ Հայաստան, մեկումեջ հանդիպում են էդպիսի մարդիկ, որոնք սպասում են «նորությունների», որովհետև սուբյեկտիվորեն երջանիկ լինելս հաշիվ չի։ Անպայման պետք է պաշտոնական ամուսնական կարգավիճակ, պետք են երեխաներ, որ համարվեմ հաջողված պրոդուկտ։

Այսօր Հայաստանում ֆեմինիզմի մի տեսակ նսեմացնում է տան աշխատանքը՝ տնային տնտեսուհիներին կոչ անելով, որ գործադուլ անեն։ Իսկ հասարակությունը նսեմացնում է տան աշխատանք չնախընտրող կանանց՝ վարկաբեկելով ու անուններ կպցնելով։ Կուզեի Հայաստանում տեսնել մի այնպիսի ֆեմինիզմ, որը կանանց ով լինելու հարց կբարձրացներ․ որ կինը՝ լինի տնային տնտեսուհի, գիտնական, թե քաղաքական գործիչ, լիարժեք մարդ է և պետք է ունենա հավասար իրավունքներ ու հնարավորություններ, ինչ տղամարդը։ Կուզեի, որ հասարակությունն էլ առավոտից երեկո լաբորատորիայում չլվող գիտնական կնոջը նույնքան լիարժեք համարեր, որքան մի քանի երեխա ունեցած, տունը մաքուր պահող ու համով ճաշեր եփող կնոջը։

Դանիայում ընտանիք չունեցող գիտնական կամ քաղաքական գործիչ կինը վաղուց արդեն չի քննադատվում «ոչ լիարժեք լինելու» համար։ Այստեղ ամենազզվելի նախարարներից մեկը, որը մի քանի ամիսը մեկ մի խելքից դուրս հակաիմիգրացիոն օրինագիծ է առաջարկում ու աչքի է ընկնում էմպաթիայի ի սպառ բացակայությամբ, չամուսնացած ու երեխա չունեցող կին է։ Նա հաճախ է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ու նրա առաջարկած օրինագծերի անհեթեթությունը բուռն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Նույնիսկ նրա հոգեկան առողջությունն է հարցականի տակ առնվում, բայց երբևէ որևէ մեկը չի կպնում նրա կին լինելու, որևէ մեկի սիրուհի չեն սարքում նրան, ընտանիք չունենալը չեն կապում էմպաթիայի բացակայության հետ։

Դանիայում ֆեմինիզմն այլ անելիքներ ունի։ Ակադեմիայում գենդերային հավասարության խնդիրը լուծելու համար առաջարկվում է դպրոցականների շրջանում գովազդել գիտությունը։ Բայց դա խնդիրը չի լուծում, որովհետև PhD ուսանողների շրջանում կանանց մեծամասնությունը ցույց է տալիս, որ կանանց գիտությամբ հետաքրքրելու խնդիր չկա։ Ֆեմինիստները նաև առաջարկում են ավելի թափանցիկ մրցույթներ անցկացնել, ինչն էլի խնդիրը լիովին չի լուծի․ պոստդոկի ժամանակ երեխա ունեցած կանանց «օբյեկտիվ» ցուցանիշները նորից կզիջեն տղամարդկանցը։

Ես առաջարկում էի ուղղակի երկարացնել պոստդոկի պայմանագիրը ֆիզիոլոգիական արձակուրդին համապատասխան ամիսներով, ինչը հնարավորություն կտա կնոջը նույն կարգի աշխատանք կատարել, ինչ տղամարդը։ Ինձ հակադարձեցին, որ ոչ մի ակադեմիական կառույցի ֆինանսապես ձեռք չի տա այդ տարբերակը։ Բայց ինչու՞ պետք է կառույցի ֆինանսական վիճակն ավելի կարևոր լինի, քան ակադեմիայում երկու սեռերի ներկայացվածությունը։ Ինձ եթե թողնեին, ընդհանրապես կվերացնեի բիբլիոմետրիկ չափանիշներն ու մրցութային ընդունելությունը։ Էս բոլորն ակադեմիան դարձնում են առևտրային կառույց, ու գիտնականը դիտարկվում է որպես եկամտի աղբյուր․ ինչքա՞ն կկարողանա տպագրվել, լավ ամսագրերում կտպագրվի՞, կկարողանա՞ գրանտներ բերել։ Ու մոռացվում են ավելի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ ինչո՞վ կարող է տվյալ գիտնականն օգնել, որ գիտական խումբն աճի։ Իսկ գիտական խումբն ինչո՞վ կարող է օգնել գիտնականին։

Ու մինչ շարունակվում են բանավեճերն ու հետազոտությունները, թե ինչու կանայք դանիական ակադեմիայում բավարար չափով ներկայացված չեն, պոստդոկի հերթական դիմումն եմ գրում՝ սիվիս հնարավորինս փայլփլուն սարքելով ու մտածելով, որ մի օր ակադեմիական այս կատաղի մրցակցությունը կվերանա, իսկ Հայաստանում գիտնական կնոջ մասին չեն ասի՝ խելքը տվել ա գիտությանը։

Բա հետո՞․ երբ կամաց-կամաց ուշքի ես գալիս թեզից հետո

Կիրակի օրը թեզս հանձնեցի։ Կիրակի օրը աշխատանքային պայմանագիրս վերջացավ, ու չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Մի քանի տեղ գործի էի դիմել։ Մի երկուսից մերժում ստացա, մի երկուսից կիսադրական պատասխան, ու դեռ սպասում եմ։ Մի երկուսին էլ դեռ դիմելու եմ։ Չնայած վերջին ամիսներին առանձնապես սթրեսված չէի, բայց էս քանի օրը նոր զգում եմ, որ կամաց-կամաց ուշքի եմ գալիս։ PhD-իս վերջերին շարունակում էի գրեթե նորմալ կյանք՝ էլի մեկումեջ շփվելով ընկերներիս հետ, համերգներ գնալով, կինո նայելով, ուրբաթ իրիկունները գարեջուր խմելով, յոգայի հաճախելով։

Image result for phd comics handing in thesis

Բայց նաև լիքը բան չէի անում․ գիրքս կիսատ էի թողել, ուկուլելե էլ չէի նվագում, ճաշ համարյա չէի եփում, բլոգս չէի թարմացնում, նամակներին կա՛մ չէի պատասխանում, կա՛մ պատասխանում էի կարճ ու կոնկրետ։ Իսկ ամենակարևորը՝ ոչինչ չէի պլանավորում։ Մենակ աղոտ որոշումներ էի կայացնում․ հենց թեզս վերջացնեմ, անգլերեն բլոգ եմ սկսելու, պատմվածքներիս ժողովածուի վրա եմ աշխատելու, Python եմ սովորելու, արձակուրդ եմ գնալու (ե՞րբ, որտե՞ղ, ինչքա՞ն ժամանակով): Բայց, միևնույն է, մայիսը ոնց որ դատարկ դաշտ լիներ, որի մասին ոչինչ չգիտեի։ Ու հիմա էդ դատարկ դաշտում եմ ապրում՝ կամաց-կամաց ուշքի գալով, վերադառնալով իրական աշխարհ։

Մի քիչ գլուխ գովամ․ ոչ ոք չէր սպասում, որ թեզս ժամանակին եմ հանձնելու։ Վերջին էքսպերիմենտս փետրվարի սկզբին էի վերջացրել։ Անգամ ղեկավարս էր զարմացել։ Նույնիսկ ես էի զարմացել, որ հասցրի, չնայած ինչ-ինչ, բայց դեդլայնին հասցնելուց ահագին լավ եմ։

Ի՞նչ պիտի անեմ հիմա։ Ասենք, առաջիկա երկու ամիսներին դեռ պիտի շարունակեմ էքսպերիմենտս։ Դեռ պիտի հոդվածներս ուղարկեմ գիտական ամսագրերի։ Դեռ պիտի պատրաստվեմ պաշտպանության։ Ու անընդհատ մտածում եմ «բա-որների մասին»։ Բա որ թեզս չհաստատեն, բա որ պաշտպանությանս ժամանակ խայտառակ լինեմ, բա որ էդպես էլ գործ չճարեմ։ Քնիցս քանի անգամ վեր եմ թռնում ու մտածում՝ թեզիս մեջ տառասխալ կա։ Քանի անգամ բացում եմ ֆայլը, ստուգում, նշված տեղում ամեն ինչ կարգին է։

Էս դատարկությունն ինչ-որ իմաստով ավելի սթրեսային է, քան թեզ գրելը։ Գրելիս ունեի շատ կոնկրետ ռուտին․ առավոտյան գնում էի օֆիս, միացնում Լիզա Հանիգանի At Swim ալբոմը, սուրճ սարքում, սկսում կենտրոնանալ։ Մի կես ժամից արդեն կոլեգաներս պիտի ականջիս տակ գոռային կամ ուսիս խփեին, որ նկատեի՝ սենյակում մարդ կա։ Էդպես յոթ-ութ ժամ աշխատում էի, գնում յոգայի կամ ուղիղ տուն գալիս։ Ամբողջ երեկոս ազատ էր, շատ էլ որ ոչ մի բանով չէի զբաղվում։ Բազմոցին կամ կոմպի դիմաց վեր էի ընկնում, մինչև քնելու ժամը գար։ Ասենք, շաբաթ-կիրակի էլ էի աշխատում, բայց գոնե անքուն գիշերներ չեմ ունեցել։ Անքուն գիշերները թեզս հանձնելուց հետո են սկսվել։

Հիմա նստած եմ էս դատարկության մեջ ու մտածում եմ՝ լավ, բա հետո՞։ Կուզեի շարունակել կյանքս Դանիայում կառուցել։ Ի վերջո, երեք տարի ապրել եմ էստեղ ու սովորել եմ մինչև մայիսի վերջ ձմեռային վերարկու հագնելուն, տարին առնվազն մի անգամ տեղափոխվելուն, ուրբաթ իրիկունները գարեջուր խնելուն։ Սովորել եմ նաև լեզուն ու տեղի վարքուբարքը։ Ի վերջո, կա նաև դանիացի ընկերս, որը նախընտրում է մնալ Կոպենհագենում։ Բայց մյուս կողմից, օգոստոսին լրանում է տան պայմանագիրը, ու նորից տան փնտրտուքի թոհուբոհի մեջ ենք։

Էսօր բլոկնոտս բացել եմ, նոր էքսպերիմենտ եմ խզբզում։ Մտածում եմ՝ վարքային հետազոտություններ անեմ, ձեռի հետ կողքից տպագրվեմ, մինչև մի քչից-շատից կայուն բան ճարեմ։ Python սովորելու զանազան օնլայն կուրսեր ճարեցի (շնորհակալություն Սերինեին ու Մորթենին)։ Վաղվանից կսկսեմ փորփրել։ Ամենաբարդ բաներից ա, երբ մի բան կիսատ-պռատ գիտես։ Սկզբից սկսելը ձանձրալի ա, իսկ մեջտեղներից սկսելը՝ դժվար ու անհասկանալի։

Էսօր էլ թեզս հանձնելուց հետո առաջին անգամ համալսարան էի գնացել։ Էքսպերիմենտս շարունակելու համար մի քանի պլանավորման հարցեր պիտի լուծեի, հետն էլ ղեկավարիս հետ հանդիպեի։ Էնքան անսովոր էր։ Հազիվ կարողացա մի ժամանոց գործի վրա կենտրոնանալ։ Հետն էլ գրասենյակս դասավորեցի․ կիրակի օրը թեզս հանձնելուց հետո էդպես գրքերով, հոդվածներով ու նշումներով թափթփված թողել, գնացել էի։ Գրքերը հավաքեցի, որ տանեմ հանձնելու։ Մեր ադմինիստրացիայի հարկում մի սենյակ կա, որտեղից վերցնում ու հանձնում ենք գրադարանից պատվիրված գրքերը։ Մեկ էլ տեսնեմ՝ ինչ-որ մեկը կոգնիտիվ նեյրոհոգեբանության, մեկ էլ լեզվի արտաբերման գրքեր է պատվիրել։ Ամբողջ ամբիոնում մենակ ես եմ զբաղվում էդ թեմաներով։ Զարմացա, ասեցի՝ ստուգեմ, թե ում անունով է։ Մեկ էլ տեսնեմ՝ իմ անունն է վրան։ Պատվիրելս հեչ չեմ հիշում։ Ահագին բան չեմ հիշում էս վերջին մի քանի շաբաթից։

Ուզում եմ ամռանը Հայաստան գալ, բայց տոմսերն աններելիորեն թանկ են։ Անցյալ ձմեռ Հայաստան գալու մի տոմսի գնով գնացինք Փարիզ, հյուրանոցում մնացինք ու ռեստորաններով ֆռֆռացինք։ Ու տոմսերը գնալով ավելի ու ավելի են թանկանում։ Ախր ինչու՞ էլի։ Արդյունքում տարին երկու անգամ գալը դառնում է տարին մի անգամ, հետո ավելի ու ավելի հազվադեպ։

Մի խոսքով, լրիվ անորոշ ապագա․ անորոշ աշխատանքային վիճակ, անորոշ բնակարան, անորոշ ամառ, անգամ անորոշ բնակավայր, իսկ ես իմ կյանքում ամենաշատը անորոշությունից եմ վախենում։ Հայաստան վերադառնա՞լ։ Ոչ մի դեպքում։ Մի անգամ արդեն խերվել եմ։

Նեթվորքինգ կամ օրինականացված կոռուպցիա

networkingՀինգ ամսից գործազուրկ եմ։ Ավելի ճիշտ, պիտի նոր աշխատանք ճարեմ։ Ակադեմիայում մնալու ցանկություն էնքան էլ չունեմ. հոգնել եմ մի քանի տարին մեկ գործազրկության վտանգի առաջ կանգնելուց։ Դրա համար կարիերայի ոչ մի վորքշոփ բաց չեմ թողնում։ Փորձում եմ պարզել՝ PhD անելուց հետո դանիական աշխատաշուկայում ինչ հնարավորություններ կան։

Սիվին սիրուն սարքելուց ու LinkedIn-ի գրավիչ պրոֆիլ ունենալուց բացի բոլորը միաձայն մի խորհուրդ են տալիս. նեթվորքինգ։ Շատ վորքշոփների ժամանակ նույնիսկ խորհուրդներ են տալիս, թե ինչպես պետք է կատարել նեթվորքինգը։

Սկզբում ընտրում ես այն ընկերությունը, որտեղ ուզում ես աշխատել։ Հետո քո ծանոթների շրջապատում գտնում ես մեկի, ով ճանաչում է այդ ընկերությունում աշխատող որևէ մեկի։ Խնդրում ես ծանոթացնել։ Հանդիպում ես նոր ծանոթիդ, հարցեր տալիս ընկերության մասին։ Երբ նրանց մոտ թափուր աշխատատեղ է հայտնվում, դիմում ես ու անպայման նշում նոր ծանոթիդ անունը։ Շանսերդ մի քանի անգամ մեծանում են։

Նեթվորքինգով գործ ճարելու ուրիշ հազար ու մի տարբերակ էլ կա։ Ամենահարմար տարբերակն այն է, երբ ծանոթներիցդ որևէ մեկի աշխատավայրում թափուր աշխատատեղ կա, զանգում է քեզ, ասում՝ էսինչ աշխատատեղն ունենք, կուզե՞ս։

Ոչ հարմար, բայց արդյունավետ տարբերակ է որևէ կոնֆերանսի կամ այլ կարևոր իրադարձության ժամանակ որևէ կարևոր մարդու հետ ծանոթանալը։ Հետո նրան նամակ ես գրում, մի գլուխ գովերգում։ Կարող ես անգամ դուռը ծեծել, ասել՝ ինձ գործ տվեք։ Երբ ասում է՝ գործ չկա, գալիս ես մի քանի ամիս հետո, նույնն ասում։ Էնքան, մինչև լինի։

Առաջին հայացքից էնքան էլ վատ չի թվում, բայց պարզվում է՝ Դանիայի աշխատատեղերի 80%-ը չեն էլ հայտարարվում ու հենց նեթվորքինգով են լցվում։ Իսկ հայտարարվելիս էլ հիմնականում արդեն նախապես իմանում են, թե ում են վերցնելու։ Անգամ իմ PhD-ի աշխատատեղն էլ է էդպիսին եղել։ Ուղղակի երջանիկ պատահականությամբ այն անձը, որի համար նախատեսված էր այդ տեղը, հանկարծ որոշել էր չդիմել, տեղը թափուր էր մնացել։ Ստիպված նորմալ մրցույթ էին անցկացրել։

Հենց նեթվորքինգի արդյունքում հաճախ աշխատանքի են անցնում պակաս կոմպետենտ մարդիկ, իսկ ավելի կոմպետենտները մնում են ստվերում մինչև էն պահը, երբ հասկանում են, որ իրենք էլ պետք է մտնեն նեթվորքինգի խաղի մեջ։

Բայց եթե խորանանք, էսքան անմեղ ու ոմանց կարծիքով պրոֆեսիոնալ հնչող «նեթվորքինգ» տերմինը ոչ այլ ինչ է, եթե ոչ բոլորիս քաջ հայտնի «ծանոթով գործի ընդունվելը», որը Հայաստանում ու մի շարք արևելաեվրոպական երկրներում համարում են կոռուպցիա։ Դանիայում դա դիտվում է որպես աշխատանք գտնելու նորմալ բաղադրիչ, ու շատ հազվադեպ է քննադատության արժանանում (վերջերս մի երիտասարդ նեթվորքինգը համեմատել էր մարմնավաճառության հետ, բայց հոդվածն առանձնապես մեծ արձագանք չստացավ):

Նեթվորքինգը միայն դանիական երևույթ չէ։ Ողջ արևմտյան աշխարհում միջազգային կոնֆերանսներ, վորքշոփներ ու այլ միջոցառումներ կազմակերպում են հենց նեթվորքինգի նպատակով (ասել կուզի՝ որ մի օր գործ պետք լինի, ծանոթն արդեն ճարված լինի):

Ամիսներ շարունակ մտածում եմ՝ որն է նեթվորքինգի ու ծանոթով գործի ընդունվելու տարբերությունը։ Վերջը գտա. եթե արևմուտքում է, ուրեմն պուպուշ է, կարելի է, կոչվում է նեթվորքինգ։ Եթե նախկին սովետական պետություն է, ուրեմն քըխ է, կոռուպցիա է, կոչվում է ծանոթով գործի ընդունվել, պետք է դրա դեմ պայքարել։

Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 2. ինտրովերտ հասարակություն

Առաջին մասն այստեղ

introvertsՎերջերս Կոպենհագենում բնակվող ընկերներիցս մեկը ֆեյսբուքում ստատուս էր գրել։ Ասում էր, որ երբեմն հարևանների կամ որդու դպրոցի երեխաների ծնողների հետ զրուցում է։ Հաճելի ու ընկերական են։ Բայց երբ նորից ինչ-որ տեղ տեսնում են իրար, չեն բարևում, ասես հեչ էլ ծանոթ չեն։ Այդ ընկերս չէր հասկանում, թե ինչու է այդպես, իսկ նրա դանիացի կինը մշակույթին էր վերագրում։ Հետևեցին բազմաթիվ այլ էքսպատների մեկնաբանություններ այն մասին, թե դանիացիներն ընդհանրապես կարճ խոսակցություն (small talk) անել չգիտեն, թե սոցիալական հմտություններ չունեն։ Մի քանիսն էլ կիսվեցին իրենց նմանատիպ փորձով։

Կիսածանոթ մարդուն չբարևելը Դանիայում մշակութային է։ Դա չի արվում որևէ մեկին արհամարհելու կամ չճանաչելու տալու համար, այլ մի քիչ դիմացինին հարգելու արդյունք է, մի քիչ էլ ուղղակի պարտադրված շփումից խուսափելու միջոց։ Դիմացինին հարգել նշանակում է, որ գուցե այդ մարդը խոսելու հավես չունի, ասելիք չունի, ուզում է իր մտքերի հետ մնալ։ Ինչու՞ անկապ սկսել եղանակից խոսել մենակ խոսելու համար։ Ու նաև հենց դանիացին հաճախ ուզում է շփումներից, կարճ խոսակցություններից զերծ մնալ։ Ինչու՞ բարևել ու խոսել, եթե դրա ցանկությունը չունես։ Եթե դիմացինը կարևոր ասելիք ունենա, ինքը կմոտենա։

Հայաստանում բոլոր տեսակի սոցիալական պարտականություններն ինձ խեղդում էին։ Զանազան հավաքույթներ, երբ գալիս, ձեռքերիցս քաշում, համոզում էին, որ տանեն պարելու։ Կամ երբ ուղղակի որևէ քեֆի ժամանակ առանձնանում էի, հազար հոգի կարող էր թափվել գլխիս ու հարցներ՝ ինչ է պատահել։ Չէ, բան չի եղել, ուղղակի չեմ կարողանում շփվել մարդկանց հետ, ուզում եմ մի քիչ մենակ մնալ։ Սրճարանում մենակ նստելն ամենատարօրինակ բանն էր (բայց էս մեկը ոնց որ վերջին տարիներին փոխվում է)։ Իսկ երբ այգիներում վեր էի ընկնում ու գիրք կարդում, պարտադիր մեկը մոտենում էր ու սկսում խոսել։

Իմ անձնական տարածքն ավելի մեծ էր, քան մեր մշակույթով սահմանվածը, ու երբ անծանոթ մեկը մոտենում, սկսում էր խոսել, շունչս կտրվում էր։ Դանիայում ահագին մեծ են անձնական տարածքները։ Ներխուժում առանձնապես չեմ նկատել։ Բայց այ հերիք է, որ գնամ Գերմանիա ու գնացքի տոմսի հերթ կանգնեմ, որ նույն «օդի պակասի» զգացողությունն առաջանա։

Ու միայն ֆիզիկական տարածքս չէր, որ ոտնահարվում էր։ Հայաստանում պետք է բոլորը բոլորի մասին ամեն ինչ իմանային։ Ուսանողական տարիներին գնահատականներն էին կամ ավարտելուց հետոյի պլանները։ Մինչև ծայրից ծայր չքրքրեին, հանգիստ չէին թողնի։ Հետո արդեն հասնում էին անձնականին, ամուսնանալուն ու նախատում, որ ուշացնել չի կարելի։ Իմ փոխարեն որոշում էին, թե որն է ճիշտ կյանքը ու ինչն է լավ ինձ համար։ Մինչև հիմա էլ անում են։ Մինչև հիմա էլ շատերը նախատում են ինձ Հայաստանից գնալու համար, ինչքան էլ փորձում եմ բացատրել, որ իմ կյանքն է, ու որոշումներ ընդունողը ես եմ։

Իհարկե, Դանիայում էլ են նման խոսակցություններ տեղի ունենում, բայց շատ զգույշ։ Ու երբ շատ ուղիղ ասում եմ, որ չեմ ուզում որևէ թեմայով խոսել, զրուցակիցն անմիջապես փոխում է թեման, ոչ թե նեղանում կամ շարունակում քրքրելը՝ մինչև իր ուզած ինֆորմացիան կորզի։ Հիշում եմ՝ մի անգամ նոր ամուսնալուծված գործընկերներիցս մեկի մասին մեկ այլ գործընկեր ասաց. «Փաստորեն, դու նորից սինգլ ես»։ Պատասխան. «Ես պիտակներ չեմ սիրում։ Եկեք փոխենք թեման»։ Ու զրույցը միանգամից ուրիշ ուղղություն ստացավ։

Այստեղ ապրելով նաև լիցքավորվելու ժամանակ եմ ունենում։ Ինձ համար կարևոր է շաբաթը մի քանի ժամ բազմոցին վեր ընկնելը, ոչ մեկի հետ չշփվելն ու ոչինչ չանելը (ոչինչ չանելու տակ հասկանանք բլոգ գրել, ֆեյսբուք բզբզալ, գիրք կարդալ ու այլ ժամանցային բաներ)։ Դա ծուլություն չէ, ֆիզիկական հոգնածություն չէ, հիվանդություն չէ։ Ուղղակի հոգեբանորեն դրա կարիքն ունեմ։ Եթե չեմ անում, հաջորդ ամբողջ շաբաթս վարի է գնում. հոգնածություն, ուշադրության կենտրոնացման դժվարություն, ոչ էնքան պրոդուկտիվ աշխատանք։ Երևանում ընդհանրապես անհնար էր էդպես վեր ընկնելը։ Հեռախոսս չէր լռում։ Եթե անջատում էի, որևէ ուրիշ բան էր մեջտեղ ընկնում։ Ու հնարավոր չէր լինում որևէ ծակ գտնել ու շունչ քաշել։ Միակ տեղը, որ դա հնարավոր էր, տատիկիս տանն էր, բայց բջջային հեռախոսների ի հայտ գալու հետ տատիկիս տանն էլ ուղղակի վեր ընկնելն անհնար դարձավ։ Դանիայում իրար զանգել հազվադեպ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում է լինում։ Մնացած դեպքերում մարդիկ շփվում են սմս-ներով ու ֆեյսբուքով։ Ու դա նույնպես թույլ է տալիս շնչել։

Ընդհանրապես, մենակ մնալու ցանկությունը կամ նույնիսկ պահանջը դանիացիների համար շատ կարևոր է, ու երբեք դիմացինը չի վիրավորվում, երբ մեկն այդ մասին բարձրաձայնում է։ Անցյալ տարի դանիական պատվիրակությամբ մեկնել էինք Անգլիա կոնֆերանսի։ Ամբողջ շաբաթ միասին էինք, լիքը մարդկանց հետ էինք շփվում, ասում-խոսում։ Բայց երբ եկավ վերջին օրը, բոլորս ուժասպառ էինք եղել։ Ու նախաճաշից հետո պայմանավորվեցինք, որ ցրվում ենք տարբեր կողմերով, զբաղվում ինչով ուզում ենք, հետո հանդիպում, միասին գնում օդանավակայան։ Հիմա պատկերացրեք էս նույն բանը հայկական պատվիրակության հետ։ Մի քանի երկուսը նեղանում են, մի երկուսը կպչում, հետդ գալիս են։ Իսկ եթե մեկն էլ ուզում է առանձնանալ, թաքուն անհետանում է, որ ոչ ոք չնեղանա ու ոչ ոք հետը չգա։

Մեկ էլ Հայաստանում գժվում էի վերջին վայրկյանին պլանների փոխվելուց։ Չգիտեմ՝ զբաղվածությունիցս էր, թե բնույթիցս, բայց ինձ ավելի հարմար էր լինում, երբ մի երկու շաբաթ առաջ նախապես պլանավորած էի լինում, թե երեկոներն ինչով եմ զբաղվելու։ Շատ ընկերներ նեղանում էին, երբ զանգում էին, առաջարկում հանդիպել, իսկ ես օրացույցս էի քրքրում ու հարմար օր փնտրում հաջորդ երկու շաբաթների ընթացքում։ Շատ ընկերներից էլ ես էի նեղանում, երբ վերջապես օրը գալիս էր, զանգում, ասում էին, որ չեն կարող գալ։

Դանիայում մարդիկ ամեն ինչ նախապես են պլանավորում, ու ճիշտ ինձ նման նեղվում են, երբ պլանները փոխվում են։ Իհարկե, մի երկու արտասահմանցի ընկեր ունեմ, որոնց հետ հանդիպելը գլխացավանք է դառնում, որովհետև միշտ առաջարկում են հանդիպել վերջին վայրկյանին, իսկ ես հազվադեպ եմ սպոնտան լինում (չնայած փորձում եմ, աշխատում եմ դրա վրա, բայց սպոնտանությունը ևս մի բան է, որ շատ արագ էներգիաս սպառում է)։ Ու մի երկուսն էլ զարմանում են դանիացիների՝ ամեն ինչ շատ շուտ պլանավորելու վրա։ Օրինակ, վերջերս ֆեյսբուքում ծննդյանս օրվա իվենթի էի բացել, հրավիրել  ընկերներիս։ Իվենթին գրեթե երկու ամիս կար։ Հրավիրելուս հաջորդ օրն ամերիկացի ընկերներիցս մեկին եմ տեսնում, ասում է՝ հո չե՞ս գժվել, երկու ամիս առաջ իվենթ ես բացել։ Ասում եմ՝ բայց մենք Դանիայում ենք։ Շառը գցում եմ Դանիայի վրա, բայց թաքուն ուրախ եմ, որ էստեղ էդպես է, որ երկու ամիս, ոչ թե երկու օր առաջ եմ իմանում ովքեր են գալու ու ինչ եմ եփելու։

Իրականում ինտրովերտ ու էքստրավերտ հասարակությունները լավ ու վատ հասարակություններ չեն, այլ տարբեր են։ Բայց ինտրովերտի համար դժվար է էքստրավերտների մեջ լինելը, էքստրավերտների համար՝ ինտրովերտների։ Դանիայում բազմաթիվ ամերիկացիներ, իսպանացիներ ու գուցե նաև հայեր նեղվում են, որ հասարակությունը «փակ» է, դանիացիները «սառն» են։ Բայց ես, որպես մասամբ ինտրովերտ, գտել եմ ինձ հարմար հասարակությունը, որտեղ կարողանում եմ մարդկանց հետ շփման ու առանձնանալու կատարյալ բալանս ապահովել ու հետևաբար ինձ լավ եմ զգում գրեթե ամեն օր։

 

Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 1. գենդերային հավասարություն

screen-shot-2013-12-11-at-2-45-56-pm-300x267Փետրվարին, երբ գրեցի, թե ինչը դուրս չի գալիս Դանիայում, հաստատ գիտեի, որ կարճ ժամանակ անց անդրադառնալու եմ նաև լավ բաներին։ Բայց ամիսներ անցան, ու չէի կարողանում գրել։ Չէի կարողանում ոչ թե նրա համար, որ Դանիայում լավ բան չկա (որովհետև շատ կա), այլ որովհետև չէի կարողանում ձևակերպել ասելիքս։ Բայց երկար մտածելուց հետո հասկացա, որ շատ բաներ կարելի է ամփոփել մեկ բառով. գենդերային հավասարություն։

Տեսականորեն գենդերային հավասարություն ասելով հասկանում ենք կնոջ ու տղամարդու հավասար իրավունքներ ու հնարավորություններ։ Սիրուն, բայց աբստրակտ երևույթ է։ Հաստատ մեկը կգտնվի ու կասի՝ կարո՞ղ ա դու Հայաստանում տղամարդկանց հավասար իրավունքներ ու հնարավորություններ չունեիր։ Իսկապես, եթե էդպես սահմանենք, ոնց որ դժգոհելու տեղ չունեմ. կրթություն ստացել եմ, աշխատանք ունեի, կարող էի մինչև ժամը հազարը փաբերում թրև գալ։

Բայց Հայաստանում շատ էի նեղվում։ Նեղվում էի բազմաթիվ պատճառներով։ Դրանցից մեկն էլ էն էր, որ ինձ թվում էր, թե իմ ներսում ի սկզբանե ինչ-որ բան սխալ է։ Կողքից ինձ անընդհատ ասում էին՝ խելքդ տվել ես ուսմանը, էդքան չի կարելի, մի քիչ արտաքինիդ հետևիր, բա անձնականը, բա սենց, բա նենց, քեզ աղջիկ ասողին (շարունակեք ցանկը)։ Միայն իմ նեղ շրջապատում էի կարողանում ես ես լինել, իսկ դրանից դուրս անընդհատ ինչ-որ բանով սխալ էի, անընդհատ նկատողությունների էի արժանանում, անընդհատ մատնանշվում էր, որ ես ինչ-որ բանով նորմալ չեմ։ Կանայք քննադատում էին ինձ, տղամարդիկ հուշտ էին լինում։ Ուղեղս դիտվում էր որպես սպառնալիք, ոչ թե որպես արժանիք։ Արդյունքում՝ ինձ թվում էր, թե կարիերայի վրա կենտրոնացած այն տգեղ կինն եմ, որը երբևէ անձնական կյանք չի ունենալու։

Բայց եկա Դանիա, ու հանկարծ ամեն ինչ փոխվեց։ Հանկարծ պարզվեց, որ խելացիությունը տղամարդկանց մենաշնորհը չէ ու գնահատվում է անկախ անձի գենդերային պատկանելությունից։ Պարզվեց նաև, որ տղամարդիկ ոչ թե հուշտ են լինում խելացի կանանցից, այլ ձգտում դեպի նրանց։ Իմ շուրջն էլ լիքը դանիացի տղամարդիկ էին պտտվում։ Ու էն զգացողությունը, որ ինչ-որ բան սխալ է իմ մեջ, վերացավ։

Այստեղ տղամարդիկ կնոջ խելքը ոչ թե սպառնալիք են համարում, այլ արժանիք։ Ու մենակ էն, որ ասում եմ՝ PhD եմ անում, հետաքրքրվածությունը կրկնապատկում է։ Որևէ մեկի մտքով չի անցնում ասել՝ խելքդ տվել ես գիտությանը։ Որևէ մեկը չի սկսում անկապ մրցակցել կամ փորձել ոչնչացնել դիմացինին՝ կպնելով արտաքինին, ինչպես հաճախ տեղի էր ունենում Հայաստանում։ Ու այ քեզ բան. պարզվեց, որ համ էլ լավ էլ սիրուն եմ առանց կոսմետիկայի։ Հայաստանում «չխնամված» եմ, էստեղ՝ կանացի։

Դանիայում կինը եփող-թափող, մաքրող ու ծննդաբերող օբյեկտ չէ, որովհետև տղամարդիկ էլ, կանայք էլ դեռ շատ վաղ տարիքից իրենք են իրենց ճաշերը եփում ու իրենց հետևից հավաքում։ Ու բնականաբար, կան տղամարդիկ ու կանայք, որոնք չեն սիրում եփել կամ հավաքել, բայց դա սեռից անկախ է։ Միայն դրսում ճաշող աղջկան չեն ասում «քեզ աղջիկ ասողին» կամ «տանողիդ տանը մնաս»։ Իսկ ճաշ եփող տղամարդը ղզիկ չէ։

Էս բոլորը տեսականորեն շատ հեշտ ու հասկանալի է թվում։ Երևի շատերդ եք կարդացել, թե «էդ կեղտոտ Եվրոպայում» ոնց են «սեռերը վերացել»։ Բայց հենց էս գենդերային հավասարությունն է, որ Դանիան շատ տարբեր է դարձնում աշխարհի բազմաթիվ երկրներից։ Ու հենց Դանիայում հասկացել եմ, որ ոչ թե իմ մեջ է ինչ-որ բան սխալ, այլ ապրում էի սխալ երկրում, որտեղ միայն ու միայն սեռիս պատճառով հասարակությունն ինձնից լրիվ ուրիշ սպասելիքներ ուներ, այնպիսի սպասելիքներ, որոնք չէի կարող արդարացնել։

Էստեղ նաև հասկացա, որ կարիերան ու անձնական կյանքը շատ էլ լավ համատեղելի են, որովհետև անձնական կյանքը ոչ թե ուրիշի համար ճաշ եփելն ու հետևից հավաքելն է, այլ երկու կյանքեր իրար միացնելը։ Ու հենց այս կիրակի օրով մինչ ես տունն էի մաքրում, ընկերս դարչնաոլոր էր թխում։ Չկա ավելի համեղ բան, քան նրա թխած դարչնաոլորը։ Ու Հայաստանյան իմ ամբողջ կյանքի ընթացքում երբևէ ինձ այնքան կանացի չեմ զգացել, ինչքան իմ դանիացի ընկերոջ կողքին։

Կրթական համակարգերից. ինչով են Հայաստանի ու Դանիայի ուսանողները տարբերվում իրարից

8izneabatԴանիական կրթական համակարգին ավելի լավ ծանոթանալու համար ընդամենը պետք էր մի կիսամյակ ամբողջական առարկա դասավանդել մագիստրատուրայի ուսանողներին: Երեկ ստուգեցի բոլոր գրավորները, նստեցի ու խորը շունչ քաշեցի. նույն առարկան Նիդեռլանդներում, Հայաստանում ու Դանիայում ու այսքան տարբե՞ր: Իհարկե, Նիդեռլանդներից կարող եմ միայն ուսանողի տեսանկյունից խոսել, ու չգիտեմ՝ դասախոսն ինչ էր մտածում մեր տեքստերը կարդալիս: Բայց մյուս կողմից, ես հո հիշում եմ իմ ու դասընկերներիս աշխատանքների որակը: Ու հո տեսնում եմ, որ այն, ինչ կարդացի վերջին օրերին, շատ հեռու էր մեր այն ժամանակվա աշխատանքից:

Ուրեմն երեք համալսարան, մագիստրատուրայի ուսանողներ, նույն առարկան, նույն պահանջը, բայց արդյունքի մեջ սարուձոր տարբերություն:

Նիդեռլանդներում մենք տարբեր երկրներից ժամանած ու մեծ մրցույթ հաղթահարած ուսանողներ էինք: Աֆազիոլոգիայի միջլեզվաբանական հիմունքներ առարկայի պահանջն էր թեստ մշակել ու դրա մասին էսսե գրել: Ինչքա՜ն ենք գլուխ ջարդել, օրերով գրադարաններում նստել, ինչքան ծանոթ-անծանոթ ունենք, Սկայփով հետազոտել: Վերջնական արդյունքը գուցե կատարյալ չէր, ու աշխատելու տեղ շատ կար: Համենայնդեպս, անում էինք մեր կարողացածը: Ու դասախոսն էլ շատ գոհ էր մեզնից:

Երևանում լոգոպեդ ուսանողներին դասավանդում էի խոսքի խանգարումների նյարդահոգեբանական ու նյարդալեզվաբանական հիմունքներ: Էլի կար նույն պահանջը. կատարել փոքրիկ հետազոտական աշխատանք ու արդյունքները ներկայացնել պրեզենտացիայում: Կային ուսանողներ, որոնք լավագույնն էին անում, բայց գրականության հետ աշխատել չէին կարող, որովհետև նախ լեզու չգիտեին, երկրորդ գոնե այն ժամանակ համալսարանը միջազգային գիտական ամսագրերի մուտք չէր ապահովում: Էլ չասեմ, որ ընդհանրապես էդ տեսակի աշխատանքի ուղղակի սովոր չէին, ու շատ բարդ է մագիստրատուրայի ուսանողի հոգեբանությունը փոխելը:

Շատ բարդ է հատկապես սովորեցնելը, որ արտագրել չի կարելի: Բազմաթիվ ուսանողներ ինձ էշի տեղ դրած ոչ էլ էդ պուճուր հետազոտությունն արել էին: Ինտերնետից նկարներ էին քաշել, հետազոտված անձանց մասին թվեր նկարել ու իրենցից գոհ պրեզենտացիա սարքել: Ու երբ տեսնում էի էդ բոլոր պրեզենտացիաները, չգիտեի՝ ղալմաղալ անեի՞, թե՞ աչքերս փակեի: Քանի որ արդեն գիտեի, որ շատ շուտով Դանիա եմ գնալու, ու ղալմաղալը ժամանակատար էր լինելու, ընտրեցի երկրորդը:

Բացի էս համատարած արտագրոցիից ու կեղծիքից, հաճախ պատահում էր, որ ուսանողներն ինձ մոտենում էին ու խնդրում «մարդկային լինել», որովհետև հղի են, որովհետև երեխա ունեն, որովհետև հիվանդ սկեսուր են պահում: Ես էլ մարդկային էի լինում, ու մինչև չէին պատասխանում, չէի դնում, որովհետև գիտելիքն ու դասերի հետ չկապված խնդիրներն իրար չեն փոխարինում:

Հետո արդեն եկավ նմանատիպ՝ աֆազիոլոգիա առարկան Դանիայում դասավանդելու ժամանակը: Պիտի սպասեի, որ մոտավորապես էնպես է լինելու, ինչպես Նիդեռլանդներում, որովհետև էստեղի ուսանողներին խորթ է արտագրելը, թվեր կեղծելն ու դասախոսներին խաբելը: Բայց պարզվեց՝ ուսանողները դասախոսին ջղայնացնելու ուրիշ միջոցներ էլ ունեն:

Էլի մագիստրատուրայի ուսանողներին էի դասավանդում (մի մասը՝ լոգոպեդ, մի մասը՝ լեզվաբան): Լսարանի երկու երրորդը դանիացիներ էին, մեկ երրորդը՝ զանազան երկրներից եկած ուսանողներ: Ի տարբերություն Հայաստանի ուսանողների, այստեղ գրականությունը հասանելի է, անգլերեն էլ բոլորը գիտեն (առարկան անգլերեն էի դասավանդում), իսկ դասավանդման էսպիսի մեթոդին ու պահանջներին սովոր են դեռ ցածր կուրսերից: Բայց արի ու տես, որ էստեղ էլ դանիացի ուսանողներն անտանելի ալարկոտ են: Եթե բոլորն էդպիսին լինեին, գուցե ինքս ինձ մեղադրեի, թե բավականաչափ խիստ չեմ եղել կամ պահանջները հստակ չեմ ձևակերպել: Բայց արի ու տես, որ հինգ լավագույն աշխատանքներից միայն մեկի հեղինակն էր դանիացի (իսկ լավագույն ասելով նկատի ունեմ այն որակի, ինչ մենք Նիդեռլանդներում էինք անում):

Էստեղ ուսանողներն ինձ չէին խաբում: Որևէ մեկի ծնողն էլ չհայտնվեց գնահատական խնդրելու: Ոչ ոք չասաց՝ դե լավ, մարդկային էղի, թեև կուրսում կային մարդիկ, որոնք մեն-մենակ երեխա էին մեծացնում կամ առողջական խնդիրներ ունեին: Բայց սարսափելի ծույլ էին: Տասը գիտական հոդված կարդալու փոխարեն մեկն էին կարդում, պրեզենտացիան պատրաստելու վրա հինգ ժամ ծախսելու փոխարեն կես ժամ էին ծախսում, թեստերի նախադասություններ կազմելու փոխարեն արդեն գոյություն ունեցողներն էին վերցնում, հարմարացնում դանիերենին: Ինձ կողքից ասում են՝ առարկադ ստուգարքային է, դրա համար էլ էդպիսի վերաբերմունք է, բայց երբ խոսում եմ այլ ֆակուլտետներում դասավանդող ընկերներիս հետ, բոլորը նույն կարծիքին են. դանիացիները շատ ավելի ծույլ են:

Դանիական կրթական համակարգի լրջագույն թերություններից է նաև այն, որ դասախոսները շատ են ուսանողների հետևից վազում: Էստեղ շատ դասախոսների ճակատագիրը կախված է ուսանողների տված գնահատականներից, հետևաբար անում են ամեն ինչ, որ ուսանողները լավ զգան: Ասենք, կարող ես լսել դժգոհություններ, թե կարդալու նյութերը շատ են: Կամ՝ էսինչ հոդվածը չենք գտնում, խնդրում եմ՝ գտի, ուղարկի: Երևի դա էլ է հանգեցնում ծուլության ամրապնդման:

Մեկ-մեկ մտածում եմ՝ ի՜նչ հրաշալի կլիներ, որ Հայաստանի լավ ուսանողներն էլ կարողանային էն ռեսուրսներից օգտվել, որոնք հասանելի են դանիացի ուսանողներին, բայց արի ու տես կարգին չեն գործածում: Մյուս կողմից էլ, փորձում եմ հասկանալ, թե ինչու են հատկապես արտասահմանցի ուսանողներն իրենց ավելի լավ դրսևորում (հիշենք, որ Նիդեռլանդներում բոլորս էլ արտասահմանցի ուսանող էինք): Չգիտեմ, երևի կրթություն ստանալու համար հեռու երկիր մեկնած մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում դասերին: Արդյոք սա նշանակու՞մ է, որ կրթության արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է բոլորին արտասահման ուղարկել: Չէ, կարծում եմ ուղղակի պետք է պահանջները խստացնել ընդհանրապես ու մոռանալ «մարդկային լինելու» մասին, որովհետև միշտ էլ կգտնվեն ուսանողներ, որոնք միայն նվազագույն պահանջները բավարարելով կավարտեն համալսարանը, բայց այդ նվազագույն պահանջը նրանց մասնագետ չի դարձնի: