Հեծանվային մշակույթը Հայաստանում և Եվրոպայում

Սեպտեմբերին, երբ նոր էի վերադարձել Հայաստան, ինձ հաճախ հարցնում էին. «Ի՞նչն ա փոխվել Հայաստանում»: Ես միանգամից պատասխանում էի. «Հեծանվորդներն են շատացել»: Շատերը կարծում էին, թե կատակում եմ, թե նկատի ունեմ՝ ոչինչ էլ չի փոխվել: Բայց էդպես չէ. հեծանիվ քշելն ամբողջ մտածելակերպ է փոխում:

Եթե դու հեծանվորդ ես, անկախ ես բոլորից. քեզ պետք չէ կանգառում ժամերով երթուղայինի կամ ավտոբուսի սպասել, գիշերը շուտ տուն գնալ, որ տրանսպորտ լինի, փող ծախսել տաքսիների վրա, ժամերով լռվել խցանումներում: Հեծանվորդը բոլորի համեմատ ամենաազատ տեղաշարժվողն է, ամենաշատն իր ժամանակի տերը՝ շատ լավ իմանալով, թե մի կետից մյուսը որքան ժամանակում կհասնի: Դրա համար ինչ-որ իմաստով հեծանվորդների շատանալը նշանակում է, որ շատացել են անկախ մարդիկ, իսկ դա արդեն շատ լավ է (էլ չեմ խոսում հեծանիվի բնապահպանական, ֆինանսական ու առողջական օգուտների մասին):

Հեծանիվների կայանատեղին իմ աշխատավայրի դիմաց. իրար կողք կանգնած են ուսանողների ու պրոֆեսորների հեծանիվները
Հեծանիվների կայանատեղին իմ աշխատավայրի դիմաց. իրար կողք կանգնած են ուսանողների ու պրոֆեսորների հեծանիվները

Այնուամենայնիվ, չնայած Երևանում հեծանվորդների թվի մեծացմանը, հայկական հեծանվային մշակույթը դեռ շատ է տարբերվում եվրոպականից, ինչն իր և՛ դրական, և՛ բացասական կողմերն ունի: Փորձենք տեսնել, թե որտեղ են այդ տարբերությունները:

Երևանում հեծանիվը փոխադրամիջոց չէ
Ինչ խոսք, չեմ ժխտում, որ Երևանում կան մարդիկ, որոնք բացառապես կամ առավելապես հեծանիվով են տեղաշարժվում քաղաքում (շատերին ճանաչում եմ, ես էլ էի էդպիսին), բայց ընդհանուր առմամբ նրանք դեռ փոքրամասնություն են կազմում: Գերակշռում են արշավների գնացողները կամ մարդիկ, որոնք դուրս են գալիս հատուկ հեծանիվ քշելու: Իհարկե, սա ունի իր բացատրությունը. ի վերջո, Երևանը բնավ հարմար քաղաք չէ հեծանիվով տեղաշարժվելու համար. մի կողմից դիքերը, մյուս կողմից հեծանվային ճանապարհների բացակայությունը: Բայց որ ինձ հարցնեք, կասեմ, որ Երևանը շատ ավելի անհարմար է չորս անիվով տեղաշարժվելու համար. ու՞մ են հաճելի խցկված երթուղայինները կամ անվերջ թվացող խցանումները:

Իսկ հիմա նայենք եվրոպական քաղաքների մեծ մասին: Շատերը վաղուց հասկացել են, որ մեքենայով կամ հասարակական տրանսպորտով մի կետից մյուս հասնելու համար նույնքան ժամանակ է պետք, որքան հեծանիվով (իսկ որոշ տեղերում հատուկ էնպես է արած, որ ավելի երկար տևի, օրինակ՝ հոլանդական Խրոնինգեն քաղաքում): Էլ ինչու՞ նյարդ ու գումար քայքայես սպասելու ու խցանումների վրա: Դու ես ու քո հեծանիվը, քո ժամանակի տերը: Անգամ երեխաներին տեղափոխելու համար հատուկ նստատեղեր և վագոններ կան: Հետևաբար, մեքենայից օգտվելու անհրաժեշտություն լինում է, երբ շատ հեռու տեղ պիտի գնաս (այլ քաղաք), երբ մեծ գնումներ ես անում կամ մեծ բեռ ես տեղափոխում: Իսկ հասարակական տրանսպորտում հիմնականում ծերերն են, օտարերկրացիներն ու շատ փոքր երեխաներով կանայք:

Երևանում ամեն հագուստով հեծանիվ չես քշի
Սա նորից պայմանավորված է որպես փոխադրամիջոց օգտագործել-չօգտագործելու հետ: Ինչ խոսք, եթե աշխատանքի կամ դասի ես գնում հեծանիվով, ուրեմն կրում ես քո ամենօրյա հագուստը: Բայց հաճախ քաղաքում տեսնում ես հեծանվային համազգեստով տղաների և սպորտային հագուստով աղջիկների: Այն, ինչ երբեք Երևանում չեմ տեսել, փողկապով ու կոստյումով հեծանվորդն է (Վահագնի ակցիաները չհաշված): Ես էլ երբ յուբկայով էի քշում, քյառթուները հաճախ հետևիցս շվացնում էին:

Խրոնինգենի համալսարանի ակադեմիական մասնաշենքի դիմացի կայանատեղին
Խրոնինգենի համալսարանի ակադեմիական մասնաշենքի դիմացի կայանատեղին

Իսկ եվրոպական քաղաքներում հեծանիվներին կտեսնես ամենատարբեր հագուստով մարդկանց. աղջիկներն իրենց երեկոյան զգեստով ու բարձրակրունկ կոշիկներով կամ կարճ յուբկաներով, տղամարդիկ՝ փողկապով ու կոստյումով (հետն էլ ուսապարկ), ջինսերով, սպորտային շորերով. մի խոսքով, այն, ինչ մարդ արարածը կարող է հագնել: Իսկ համազգեստավորները հիմնականում կա՛մ պրոֆեսիոնալներ են, կա՛մ հսկայական տարածություններ են քշում: Օրինակ, Կոպենհագենում կան մարդիկ, որոնք կողքի քաղաքներից են աշխատանքի գալիս: Նրանք հեծանվային համազգեստ են կրում, մեծ արագությամբ սլանում են աշխատանքի, այնտեղ ցնցուղ ընդունում, հագուստը փոխում, նոր անցնում գործի:

Երևանում ամեն հեծանիվ չես քշի
Ինչպես ցանկացած իրի, այնպես էլ հեծանիվի նկատմամբ պաշտամունք կա Հայաստանում: Ինչ խոսք, քանի որ դեռ նոր մշակույթ է, հեծանիվների գները սարսափելի են, ընտրությունը՝ փոքր: Բայց բազմիցս նկատել եմ, որ շատերը գնում են լավ ու ավելի լավ հեծանիվի հետևից, հաճախ վաճառում են նախորդը նորը գնելու համար, տեսնելով որևէ ծանոթի հեծանիվ, անպայման մի լավ չափչփում են, որ հասկանան՝ իրե՞նցն է ավելի լավը, թե՞ այդ մեկը:

Եվրոպայում մարդիկ նույն հեծանիվը քշում են այնքան, մինչև այն վերածվում է մետաղի ջարդոնի: Քշում են տարիներով: Ուսանողներն էլ սովորաբար օգտագործած հեծանիվ են գնում ու ոչ թե հաշվի են, որ առնում այս կամ այն պարամետրը լավը լինի, այլ որ համապատասխանի իրենց մինիմալ պահանջներին: Հեծանիվն էստեղ ոնց որ մարմնի մաս լինի, ու մի տեսակ անպատկերացնելի է, թե ոնց կարող ես դիմացինին ասել, թե գիտես, հեծանիվիդ էսինչ-էնինչ պարամետրը լավը չէ:

Երևանում հեծանիվների մասին ավելի շատ բան գիտեն (տղաները)
Եվրոպայում երկու տարի քշելուց հետո այնքան բան չիմացա հեծանիվների մասին, ինչքան Երևանում անցկացրածս կես տարվա ընթացքում: Իհարկե, մի կողմից կարող եմ ասել, որ Եվրոպայում երբեք հեծանիվներս այդքան խնդիրներ չունեցան, ինչքան այդ մեկը Երևանում, ու ստիպված անընդհատ տանում էի տարբեր մարդկանց մոտ կամ դիմում էի ընկերներիս, որ սարքեն: Բայց զարմանալի էր տեսնելը, թե տղա հեծանվորդներն ինչքան բան գիտեն հեծանիվների մասին: Ամեն դեպքում, երևի դա պրոֆեսիոնալ հետաքրքրության արդյունք է. ի վերջո, Երևանում հեծանիվ քշում են ոչ թե բոլորը, այլ կոնկրետ հետաքրքրություն ունեցողները:

Եվրոպայում հեծանիվներից էդպես գլուխ հանող միայն մի հոգու եմ հանդիպել, այն էլ կիսապրոֆեսիոնալոտ տիպ էր. մրցումների էր մասնակցում, Գերմանիայից Հոլանդիա քշում, իսկ Բեռլինից Պոտսդամ ամեն օր հեծանիվով էր դասի գալիս (մի ուղությունը 40կմ): Մնացածները միայն տարրական բաներ գիտեն: Եթե խնդիրը գերազանցում է իրենց տարրական գիտելիքները, միանգամից վազում են արհեստանոց: Բայց մյուս կողմից, աղջիկներն ավելի պատրաստված են: Երևանում ինձ նույնիսկ թույլ չէին տալիս անիվներս փչել, իսկ այստեղ մի անգամ մտա արհեստանոց ու խնդրեցի, որ նստատեղն իջեցնեն: Ինձ ասացին՝ գործիքները անկյունում են, վերցրու, ինքդ արա:

Լույսեր
Լույս օգտագործող հեծանվորդները բավական քիչ են Երևանում. միևնույն է, դրա վերաբերյալ օրենք չկա, տուգանող չկա, մինչդեռ հենց Երևանում լույսերն ավելի լուրջ անհրաժեշտություն են, քան Եվրոպայում. մեր փողոցները դարուփոս են, իսկ մեքենաներն էլ սովոր չեն հեծանիվներին: Եվրոպական քաղաքներում մութն ընկնելուն պես բոլորը (որոշ բացառություններով) լույսերը միացնում են: Մի կողմից, տուգանքից են վախենում: Մյուս կողմից, մտածում են սեփական անվտանգության մասին:

Կայանատեղիներ
Երևանում կայանատեղիների բացակայության կամ քչության պատճառով միշտ հեծանիվը կայանելու խնդիր է առաջանում: Իսկ տուն գնալիս էլ պիտի շալակես ու հետդ բարձրացնես. դրսում դնելու տեղ չկա:

Բայց մյուս կողմից, պայմանավորված մշակույթի ձևավորված չլինելու հետ, հեծանվային գողությունը դեռ այնքան պրոֆեսիոնալ չէ, ու կարելի է յոլա գնալ հասարակ բարակ փականներով: Ինքս էլ էի այդ հասարակներից գործածում, ուրիշների մոտ էլ եմ տեսել: Բայց փորձիր եվրոպական մեծ քաղաքում դրանցով կապել հեծանիվդ: Կես ժամ հետո դու դրա տերը չես լինի: Կոպենհագենում հեծանիվս կապելու համար երկու շատ լուրջ փական եմ օգտագործում:

Խրոնինգենի մի սովորական փողոց ձմռանը
Խրոնինգենի մի սովորական փողոց ձմռանը

Հեծանվորդների նկատմամբ վերաբերմունք
Եվրոպայում հիմնականում մեքենաները պարտավոր են հեծանվորդներին զիջել: Հետիոտնի մասով տարբեր է. որոշ տեղերում հեծանվորդն է պարտավոր զիջել, որոշ տեղերում՝ հետիոտնը: Հեծանվային ճանապարհների հարցն էլ է տարբեր. Կոպենհագենում կամ հոլանդական տարբեր քաղաքներում եթե հեծանվային ճանապարհ չկա տվյալ հատվածում, պետք է փողոցով գնաս, մինչդեռ, օրինակ, ֆիննական Յոենսու քաղաքում եթե փողոցու հայտնվեիր, հնարավոր է՝ մեքենան վրայովդ անցներ, որովհետև հեծանվային ճանապարհի բացակայության դեպքում պետք էր մայթերով քշել:

Բայց բոլոր դեպքերում, որտեղ էլ եղել եմ, հեծանվորդները միշտ կարևոր են եղել ու հատուկ վերաբերմունքի արժանացել: Իսկ Երևանում նրանց բոլորն ատում են. ատում են մեքենայի վարորդները, ատում է հետիոտնը: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Եվրոպայում նույն հետիոտնը կամ մեքենայի վարորդը նաև հեծանվորդ է, իսկ Երևանում՝ ոչ:

Երևանում հեծանվորդն ամենախոցելի, ամենաարհամարհված տեղաշարժվողն է: Փողոցում մեքենաների վարորդներն են գոռում, թե՝ մայթով քշի: Չես կարողանում բացատրել, որ նախ մայթերը դրա համար նախատեսված չեն, երկրորդ ուղղակի սարսափելի անհարմար են թեքհարթակներ չունենալու պատճառով: Մայթերով քշելիս էլ (երբեմն մայթով քշելու ծայրահեղ անհրաժեշտություն է առաջանում) հետիոտն է մուննաթ գալիս, թե՝ իջիր փողոց, ազդանշաններիդ ռեակցիա չի տալիս, քայլում է ծուռտիկ-մուռտիկ, ու հատուկ ակրոբատիկ շարժումներ են պետք լինում նույնիսկ քեզ ընդառաջ եկող ու քեզ տեսած հետիոտնին չհարվածելու համար:

Դեռ շատ ժամանակ պիտի անցնի, որ Հայաստանում էլ հեծանվային մշակույթն այնքան զարգանա, որ հասնի եվրոպականին: Բայց դրա համար նախևառաջ պետք է, որ «վերևներից» էլ աջակցեն՝ հեծանվային ճանապարհներ կառուցելով, հեծանվային երթևեկությունը կանոնակարգեն ու հեծանվորդներին արտոնություններ տան: Ու շատ ապրեն Հայաստանում հեծանվային մշակույթ տարածողները:

Լավ բաները Հայաստանում

hetso5Քանի որ վերջին երկու ամիսներին ինչ ասես գլխիս չի գալիս ու քանի որ անընդհատ քիչ է մնում` իրերս հավաքեմ, նորից գնամ Հայաստանից, նստեցի ու սկսեցի մտածել, թե էստեղ ինչն է ինձ ուրախացնում: Կետերը շարում եմ առանց հատուկ հերթականության:

1. Հեծանիվ – ամեն անգամ հեծանիվ նստելիս ու A կետից B-ն շարժվելիս ինքս ինձ ասում եմ, թե որքան երջանիկ մարդ եմ, որ հասարակական տրանսպորտի հույսին չեմ: Երբեմն պատահում է, որ ուզած-չուզած երթուղայինից, ավտոբուսից կամ տաքսուց եմ օգտվում, ինչի արդյունքում համոզվում եմ, թե որքան լավ է, որ հեծանիվ ունեմ:

2. Յոգա – Հայաստան եկած-չեկած առաջին բանը, որ արեցի, յոգայի դասեր գտնելն էր: Հիմա հաճախում եմ Հիմալայան յոգայի կենտրոն, ու դա մի այլ կարգի երջանկություն է ինձ համար, հատկապես ժամերով կոմպի մոտ նստած աշխատելուց հետո: Դասից հետո ներվերս անջատած տուն եմ գալիս:

3. Ամերիկյան համալսարանի գրադարան – երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ արթուն ժամերս ավելի շատ էնտեղ են անցնում, քանը տանը կամ մի ուրիշ տեղ; Մտավոր աշխատանք կատարելու համար տրամադրող մթնոլորտ է: Ձեռի հետ էլ հին ու նոր ընկերներիս եմ տեսնում, հաճելի ընդմիջումներն ապահովված են:

4. Ուսանողներս – ի՞նչ էի անելու, եթե մանկավարժականում շաբաթը մեկ դասերս չլինեին: Իսկ ես էդ դասերից մի այլ կարգի հաճույք եմ ստանում հենց ուսանողների, նրանց հետաքրքրվածության ու վերլուծական ունակությունների շնորհիվ: Համ էլ մի տեսակի ինչ-որ բանի համար պիտանի եմ զգում ինձ:

5. Համով մրգերը – մեկ էլ ինձ համար դրախտային երջանկություն է ամեն երեկո հայկական միրգ ուտելը: Պայուսակիս մեջ միշտ խնձոր է լինում (ամերիկյանում հանդիպածս ընկերները կհաստատեն, իրենց էլ եմ հյուրասիրում), տանն էլ անընդհատ դեղձ ու տանձ եմ ուտում: Հրաշք:

6. Փոսթքրոսինգ ու բացիկներ – էն ամենաներվային ժամանակ բացիկներս հանում եմ, սկսում դասավորել, նորերն եմ գրում, որ ուղարկեմ: Նյարդերս լավ անջատվում են: Ու ընդհանրապես ինչ Հայաստան եմ եկել, ինձ սկսել են լավ նայել.  ոչ թե առանձին մի բացիկ եմ ստանում, այլ միանգամից երեք-չորսը, սիրուն նամակներ, իսկ մի անգամ նույնիսկ գիրք եմ ստացել:

Քանի որ էսօր դրական բաներից էինք խոսում, մոռանում ենք բացասականների ցուցակը. միևնույն է, առանց դրանց մասին բարձրաձայնելու էլ անընդհատ պտտվում են գլխավերևումս ու թունավորում առօրյաս:

Մտքեր Երևանի օրվան նվիրված հեծանվարշավի մասին

hetsoԵրբ հեծանվարշավի մասին հայտարարությունը կարդացի, շատ չխորացա, թե ով ինչ ինչի համար է. օրերը ցրտում են, իսկ ես հեծանիվ նոր եմ ձեռք բերել: Ուզում էի գոնե մի անգամ հասցնել այդքան պոպուլյար դարձած հեծանվարշավին մասնակցել:

Առավոտյան հավաքվեցինք քաղաքապետարանի մոտ: Ասում եմ` չխորացա, բայց գիտեի, որ քաղաքի օրվան ու Թարգմանչաց տոնին նվիրված հեծանվարշավ է: Այնուամենայնիվ, մտքովս չէր անցել, որ մեզ գրեթե կպարտադրեն լոգոյով մայկաներ հագնել ու դրոշակներ ամրացնել մեր հեծանիվներին: Ավելին` տղաներից շատերի հեծանիվներին ավելի մեծ ու ծանր դրոշներ ամրացրին, որոնցով քշելը հետագայում խնդիրներ էր առաջացնելու:

Այս դրոշների ու մայկաների մասին ասում էին` պարտադիր ա: Նեղվում էի էդ «պարտադիր» արտահայտությունից, որովհետև դա հիշեցնում էր ուսանողական տարիներս, երբ ՀՀԿ միջոցառումներին գլխանաքանակ ապահովելու համար մեր հոսքի ավագը դիմում էր խմբի ավագներին ու վերջում ավելացնում. «Պարտադիր ա, ներկա-բացակա են անելու»:

Ես հագա շապիկը ու հեծանիվիս ամրացրի լոգոյով դրոշակ, բայց ոչ թե նրա համար, որ «պարտադիր ա», այլ որովհետև ընդհանուրից առանձնանալու կամ հակաճառելու հավես չունեի. ի վերջո, իմ ոտքով էի եկել հեծանվարշավին, որևէ մեկն ինձ սպառնալիքներով չէր ուղարկել:

Չնայած կազմակերպչի հորդորներին, ես անընդհատ շոկ էի ապրում, թե ոնց են որոշ տղաներ թիթիզանալով առաջ ընկնում ու ինչ-որ կրկեսային համարներ ցույց տալիս: Ու՞մ էին ինչ-որ բան ապացուցում, ի՞նչ էին ցույց տալիս; Էստեղ ես համոզվեցի, որ բազմաթիվ հայ տղաներ ինքնագնահատականի խնդիր ունեն, ու դա փորձում են լուծել մեքենաները կամ հեծանիվները մրցման հանելով, մինչդեռ իմ կարծիքով նրանք շատ ավելի տղամարդ կլինեին, եթե կարգապահ քշեին, երբեմն էլ վերջից գալով ու հետևելով, որ ոչ ոք հետ չի մնում (ու էստեղ հատուկ շնորհակալություն էն տղաներին, որ հենց էդպես էլ անում էին):

Երբ վերադարձանք Երևան ու հասանք Հանրապետության հրապարակ, մի տեսակ ջղայնություն իջավ վրաս. շքերթի մասնակիցներն էին, որոնց երևի «ներկա-բացակա են անելու» սպառնալիքով էին բերել, բեմից ինչ-որ սովետահոտ ելույթներ էին հնչում մեր քաղաքի մասին: Բայց դրանից հետո եկավ հեծանվարշավի ամենահավես պահը, երբ ընթանում էինք քաղաքի փակ փողոցներով` առանց երթևեկությունից վախենալու: Ու հենց այդ ժամանակ մտածեցի, որ երևի լավ էր տոնը ոչ թե իր ռաբիզ համերգներով ու անկապ միջոցառումներով, այլ հենց միայն հեծանվարշավով: Երևի քաղաքապետարանն ավելի խելոք կլիներ, որ միայն ու միայն քաղաքի փողոցները փակեր ու հեծանվորդներին թույլ տալ ուզածների չափ պտտվել: Իսկ եթե քաղաքապետարանը նույնիսկ ավելի խելոք լիներ, կենտրոնի փողոցներն ամեն շաբաթ-կիրակի մի քանի ժամով կփակեր: Մեքենաների վարորդները սկզբում կջղայնանային, կհայհոյեին, կդժգոհեին խցանումներից, բայց հետո կամաց-կամաց կհասկանային, որ ուղղակի չարժե այդ ժամերին փողոց դուրս գալ, գուցե մեքենայի փոխարեն հեծանիվ կվերցնեին ու կմիանային մնացած հեծանվորդներին: Դա իսկապես մեր քաղաքի համար մեծ նվեր կլիներ. ամեն շաբաթ մի քանի ժամով մաքուր օդ կշնչեինք:

Իրականում ես շատ շնորհակալ եմ հեծանվարշավի կազմակերպիչներին: Ես շնորհակալ կլինեմ բոլոր հեծանվարշավների կազմակերպիչներին` անկախ քաղաքական պատկանելությունից, անկախ հետին ու թաքուն մտքերից, որովհետև սա լավ միջոցառում է, իսկ լավ միջոցառումներ ես միշտ էլ ուզում եմ մեր քաղաքում տեսնել:

Ամառային շաբաթ օրը Խրոնինգենում

Հետևում թողեցի տրանսպորտի թանկացման հետ կապված զարգացումները Երևանում. երեկոյան կնայեմ վիդեոները, կկարդամ հոդվածները: Հագա ջինսից յուբկաս, որովհետև շոգ էր, շալվարով կշոգեի: Դեմ գնալով քյառթուական բոլոր օրենքներին՝ հագա նաև սպորտային կոշիկներս, որպեզի երեկոյան տուն գալիս չսառեմ ու տանից դուրս եկա: Նստեցի իմ անվճար փոխադրամիջոցը, որը միշտ էլ անվճար է լինում անկախ տրանսպորտի թանկացումներից, իսկ տրանսպորտը, ասում են, այս տարի թանկացել է էստեղ: Չգիտեմ, չեմ օգտվում: Եվ ուղևորվեցի դեպի քաղաքի կենտրոնում:

Խրոնինգենում մարդ չի մնացել: Ուսանողներն էլ, մշտական բնակիչներն էլ, մի խոսքով՝ բոլոր-բոլորը, բացառությամբ մագիստրոսական թեզ գրող դժբախտներից ու նրանց դժբախտությանը ծառայող գրադարանի աշխատակիցներից, գնացել են քաղաքից: Վերադարձել են իրենց տները կամ մեկնել են այնտեղ, որտեղ իսկական արև կա: Քաղաքը թողել են տուրիստներին:

Հենց մտա կենտրոն, նկատեցի, որ ինչ-որ շատ են քարտեզները ձեռքին դեսուդեն նայող տուրիստները: Ու կապ չունի՝ նրանք հոլանդերեն, գերմաներեն, անգլերեն, թե մեկ այլ լեզվով են խոսում: Խրոնինգենը տուրիստական քաղա՞ք: Երևի աշխարհում էլ տեղ չի մնացել, որոշել են էստեղ գալ:

DSCF4576Կենտրոնը, այնուամենայնիվ, մարդաշատ է: Եղանակն էլ կապ ունի, շաբաթվա օրն էլ: Մոտերքից երաժշտություն է լսվում: Փնտրում եմ, որ գտնեմ աղբյուրը: Տանգո: Մի քանի զույգ տանգո են պարում: Հայտարարությունն ասում է՝ ամեն շաբաթ օր մինչև օգոստոսի եսիմքանիսը, այս ժամից այս ժամն այսինչ տեղում: Հոլանդացի զույգերը եկել էին տանգո պարելու: Առաջին անգամ էր, որ հոլանդուհու կանացիությունն ու նրբությունը տեսա: Պարզ զգեստի մեջ գծագրվում էին հսկայական մարմնի նուրբ ուրվագծերը: Ու ճոճվում էր հոլանդուհի իր զույգի ձեռքերում, ծալվում, ճկվում: Բարձրակրունկների մեջ ոտքերը նրբորեն բարձրանում էին, թեքվում, առաջ գալիս, հետ գնում: Կյանքիս մեջ առաջին անգամ տեսա բարձրակրունկների հմայքը, որոնք այդքան փչացրել է մեր հասարակությունը՝ դարձնելով ամենօրյա հանդերձանքի բաղադրամաս:

DSCF4578Թողեցի պարողներին, առաջ գնացի: Մի հեծանիվ էր կանգնած, վրան՝ լիքը իրեր: Գրությունը՝ աշխարհի շուրջ արդեն երեք տարի, կողքը՝ մի ջահել տղա: Սկսեցի զրուցել հետը: Լավ անգլերեն էր խոսում: Հարցրեց՝ որտեղից եմ: Հայաստա՞ն, ես ուզում եմ գալ ձեր երկիրը: Չէ՜, վա՜յ, դա Վրաստանն էր, բայց Հայաստան էլ եմ ուզում գալ: Ձեր բոլորի ազգանունները նույն վերջավորությունն ունեն, չէ՞: Ասաց, որ առայժմ միայն Եվրոպայով է ճամփորդում ու սովորում, սովորում, սովորում: Ինքը Հունգարիայից է՝ գնչու: Հարցրի, թե արդյոք հեծանիվով է ուզում Հայաստան գալ: Ուղտով, նավով, փղով, ինչով պատահի,- պատասխանեց:

 

DSCF4580

Մի քիչ էլ առաջ, ու մտա Հերեստրատ՝ քաղաքի ամենակենտրոնական փողոցը, որտեղ նույնիսկ հեծանիվների մուտքն է արգելված: Գետնին նստած էր փողոցային արտիստը ու տեղում արվեստ էր ստեղծում, որը վաղն արդեն հաստատ չէր լինելու, որովհետև նրան էլի եմ տեսել նույն գործի վրա ուրիշ պատկերներ ստեղծելիս:

 

Մի քիչ զբոսանք, հետո վերադարձ դեպի Խրոտը մարկտ, «Երեք քույրեր» սրճարան-փաբ-ռեստորան կամ ինչ անուն ուզում եք, տվեք: Բացօթյա տարածքում հազիվ մի սեղան գտա ու սառույցով բիթեր լեմոն պատվիրեցի: Մատուցողուհին ժպտում էր: Զարմանալիորեն: «Երեք քույրերում» ու ընդհանրապես Խրոնինգենում մենք սովորել էինք սպասարկման ոլորտի ներկայացուցիչների վատ վերաբերմունքին: Հետո հասկացա. ինձ տուրիստի տեղ է դրել: Մի քիչ կարդացի, մի քիչ գրեցի՝ հայացքս Մարտինի աշտարակի ժամացույցին, որ չուշանամ:

Երբ ժամը եկավ, ուղևորվեցի դեպի Պինտելիեր, որտեղ Սրջանին էի հանդիպելու գարեջուր խմելու: Արևը հեռացել էր Պինտելիերի բակից, մի քիչ ցրտոտ էր: Ամեն դեպքում, դրսում նստեցինք: Մատուցողուհին ասաց, որ շատ սիրուն մազեր ունեմ: Սրջանը թե՝ իմ մազերին էլ կոմպլիմենտ արա: Հա, լավն է,- ասաց աղջիկը,- ոնց որ դաշնակահարը լինես: Լավ աղջիկ է,- վրա բերեց Սրջանը,- ոնց որ հոլանդացի չէ: Բելգիացի կլինի, բայց Խրոնինգենի առոգանություն ունի:

Պատմություն 6. որը ոչ մեկի չեմ պատմել

Էլի ու էլի հիշեցնում եմ, որ նախագծին մասնակցող բլոգերների գրառումների հղումները, ինչպես նաև պատմությունների թեմաները կարող եք գտնել այստեղ: Էլի ու էլի շնորհակալություն մասնակիցներին. շատ հավես ա:

Պատմություն, որը ոչ մեկի չե՞մ պատմել: Բարդ ա, շատ բարդ, որովհետև ես բերանբաց մեռնում եմ, ու եթե ինձ տանջող որևէ բան է լինում, մինչև գոնե մի հոգու չեմ պատմում, չեմ հանգստանում: Ուրեմն էս պատմությունը, որ ընտրեցի այս թեմայի համար, էստեղի համակուրսեցիներս քչից-շատից գիտեն, մի անգամ էլ մի բլոգերի եմ պատմել, անցել-գնացել է, բայց էն ժամանակ շատ ուժեղ սթրեսի մեջ էր ինձ գցել:

Երբ նոր էի հեծանիվ քշել սովորել, իմ ամենամեծ խնդիրը վախն էր: Հենց մեքենա էի տեսնում կամ որևէ այլ վախենալու բան, միանգամից խառնվում էի իրար, հավասարակշռությունս կորցնում ու ընկնում: Արդյունքում՝ պիտի մի օր մի օյին գլխիս գար: Էդպես էլ եղավ:

Համալսարանից տուն էի գնում: Չէ՛, ավելի ճիշտ, որոշել էի սկզբում խանութ գնալ, հետո՝ տուն: Արդեն մտել էի մեր փողոց: Էսպես պատկերացրեք. մայթին մոտ մեքենաներ են կանգնած, ընթացող տրանսպորտի համար մենակ մի գիծ կա: Էնպիսի վիճակ է, որ միաժամանակ իրար կողք չեն կարող կանգնած մեքենան, հեծանվորդը և ընթացող մեքենան գտնվել առանց մեջտեղի գիծն անցնելու:

Էդպես ինձ համար հանգիստ գնում էի: Մեկ էլ լսեմ՝ հետևիցս մեքենա է գալիս: Դե ես էլ նոր սովորած, հաստատ գլուխս չէի թեքի, նայեի՝ ով ում բարեկամն է: Իմ հիշելով՝ խառնվեցի իրար, բախվեցի կանգնած մեքենաներից մեկին ու հետևիցս եկող մեքենային, բայց թե որը որից հետո էր, ոնց հայտնվեցի գետնին, չեմ հիշում: էնքան տարօրինակ զգացողություն էր: Մտածում էի՝ վերջ, մեռա, էս մեքենան գլխիս խփեց, վրայովս անցավ:

Բայց մի քանի վայրկյան անց ոտքի կանգնեցի: Երկու տղամարդ մոտեցան ինձ, հարցրին, թե արդյոք օգնության կարիք ունեմ, ասացին, որ անպայման սպասեմ, որ մեքենայի վարորդը գա:

Շուտով նա հայտնվեց: Ու մինչ քաղավարությամբ կասեի, որ չանհանգստանա, ես լավ եմ, սառը, ոչինչ չասող դեմքով հայտարարեց.

– Բայց իմ մեքենան վնասվել է: Ինձ ձեր տվյալներն են պետք:

Սուսուփուս պայուսակիցս անձը հաստատող փաստաթուղթ հանեցի: Ինձ օգնության եկած տղամարդիկ ասացին՝ հանկարծ որևէ բան չստորագրեմ: Հետո հոլանդերեն ինչ-որ բան խոսեցին վարորդի հետ, շուռ եկան, թարգմանեցին.

– Նա ասում է, որ դու ես խփել մեքենային: Բայց մենք շատ լավ տեսանք. հայտնվել էիր երկու մեքենաների արանքում, կարծես սեղմվել էիր:

Վարորդն անուն-ազգանունս, հասցես վերցրեց, գնաց, ասաց, որ իր ապահովագրական ընկերությունը կկապվի ինձ հետ: Տղամարդկանցից մեկն իր անուն-ազգանունը, հասցեն ու հեռախոսի համարը գրեց ու ասաց.

– Եթե վկայի կարիք լինի, կարող ես կապվել:

Էլ խանութ չգնացի: Տուն հասա ու պառկեցի: Վնասվածք առանձնապես չէի ստացել, բայց ահավոր վախեցել էի:

Մի երկու օր ընդհանրապես հեծանիվ չքշեցի: Հետո սկսեցի մենակ այգում քշել, որտեղ մեքենաներ չկային, մի շաբաթ անց նոր կարողացա նորից փողոց դուրս գալ: Իսկ էդ ընթացքում…

Ապահովագրական ընկերությունից նամակ եկավ: Հոլանդացի ընկերներիցս մեկին խնդրեցի, որ թարգմանի: Ասում էր, որ հեծանիվիս վնասը տանեմ գնահատելու, չեկն ուղարկեմ իրենց: Ծիծաղեցի: Ախր հեծանիվիս բան չէր եղել, եթե չհաշվենք, որ հետևի առանց այդ էլ չաշխատող լույսը ջարդվել էր: Կարծեմ հենց էդպես էլ պատասխան նամակ ուղարկեցի, թե ընդհանրապես արհամարհեցի, չեմ հիշում:

Կարծեցի, թե էդքանով վերջացավ պատմությունը, բայց չէ… Մի ամիս անց մի հսկայական ծրար ստացա, որտեղ մանրամասն նկարագրվում էր մեքենայի վնասը (ընդամենը մի հատ խազ), պատահարի ընթացքն ըստ վարորդի, վնասի գինը (1200 եվրո՜) ու որ ես պատասխանատու եմ վնասի համար, հետևաբար պիտի վճարեմ: Հետն էլ ասում էր, թե իմ հեծանիվը ջարդվել էր (բա ո՜նց, դրա համար արխային քշում էի նույն հեծանիվը): Գժվեցի: Արդեն մտածում էի՝ ինչ անեմ, ինչ չանեմ, էդքան փող ունեմ, բայց եթե տամ, լրիվ անփող կմնամ: Դե լավ, ոչինչ, մի ամիս մի կերպ յոլա կգնամ, մինչև հաջորդ թոշակս գա:

Ուրեմն մինչ շարունակությանն անցնելն ասեմ, որ Նիդեռլանդների ճանապարհային օրենքներն էնպիսին են, որ թույլի մոտ միշտ ուժեղն է մեղավոր, հեծանվորդն ինչ էլ անի, փողոցի կենտրոնում ինչքան էլ պար գա, եթե բախվել է մեքենային, միևնույն է, մեքենան է մեղավոր: Ըստ երևույթին, ապահովագրական ընկերությունը հարիֆ էր գտել, որոշել էր հարիֆցնել: Ու էստեղ որոշեցի իմ իրավունքները որոշեցի պաշտպանել: Զանգեցի նամակում տրված համարով, դեպքի նկարագիրն ու համարն ասացի ու պնդեցի, որ ես մեղավոր չեմ: Աշխատողն էլ հարցրեց, թե արդյոք ապահովագրված եմ, եթե այո, կապվեմ իմ ապահովագրական ընկերության հետ, նրանք հարցերը լուծեն:

Էդպես էլ արեցի: Էդ անտեր հսկայական նամակը դրեցի նոր ծրարի մեջ, դեպքի իմ վերսիան շարադրեցի՝ ավելի ճիշտ գծագիր տալով (շուստրի վարորդն իր վերսիայում կանգնած մեքենաների ու մի գծի մասին ոչինչ չէր գրել), վկայի տվյալներն էլ ավելացրեցի և ուղարկեցի Բրյուսել՝ իմ ապահովագրական ընկերությանը:

Մի շաբաթ անց մեյլ ստացա, որ ստացել են փաստաթղթերը, ու դեպքին ընթացք կտան: Դրանից հետո ոչինչ չեմ լսել: Էդպես էլ չիմացա՝ ով հաղթեց: