Veils-ն ու հոլանդացի հանդիսատեսը

Veils-ն էն խմբերից է, որ հաստատ կսիրեի, եթե տասնվեց-տասնյոթ տարեկանում հայտնաբերած լինեի, կսիրեի էնքան, ինչքան ասենք Starsailor-ին: Բայց նրանց առաջին ալբոմը թողարկվել է 2004-ին, երբ ես արդեն գլուխս կորցրած, երաժշտության մասին մոռացած բժշկականում գլուխ էի ջարդում: Ու էս օրերին, երբ լսում եմ խմբի երգերը, տարօրինակ զգացողություն է առաջանում: Թվում է՝ ես նրանց սիրել եմ հենց թինեյջերական տարիներից, ու հիմա որ լսում եմ, էն օրերից մնացած սերն է, էս պահին չեմ սիրում: Մի խոսքով, զարմանալի նոստալգիկ վիճակ:

Համերգին գնալը նորից Սոֆյայի գաղափարն էր. ինքը վաղուց է նրանց երկրպագուն: Ավելին՝ ինչ-որ ընդհանուր ծանոթներ-բաներ ունի. ինչքան չլինի, խմբի մենակատարը ու երաժիշտներից մեկը կիվի են: Էս անգամ բախտներս բերել էր. Խրոնինգենում էր, հետևաբար շտապելու տեղ չունեինք: Տեղի էր ունենալու համակուսեցիներիս սիրելի հանրահայտ Վերա ակումբում, որտեղ բոլորովին պատահաբար երկուսս էլ դեռ ոչ մի անգամ չէինք եղել:

Ակումբ հասանք բավական ուշ՝ բացումն անող խմբի ելույթի վերջերին: Հենց էդ ժամանակ հոլանդացի հանդիսատեսը մեզ առաջին շոկը հասցրեց. չնայած էդքան ուշ գալուն, մենք շատ հանգիստ ճեղքեցինք բազմությունը ու վայրկյաններ անց հայտնվեցինք երկրորդ շարքում: Առաջին անցնել չկարողացանք, որովհետև էնտեղ մի շարքով անշարժ կանգնել էին հոլանդական հսկայական մարմիններ ու ավելի կարճահասակներին զիջելու մտադրություն բնավ չունեին:

Բացումն անող խումբը հոլանդական էր, բայց մենակատարուհու ձայնը Ջուլիա Սթոունին էր հիշեցնում: Անուշ, փափուկ խումբ էր, որի ելույթի ժամանակ կարելի էր թեթևակի շարժվել: Բայց մեկ էլ Սոֆյան ականջիս ասաց.

– Պահը բռնացրու, մի հատ հետ նայի հանդիսատեսի դեմքերին:

Անմիջապես շրջվեցի: Ոչ մի միմիկա, հաճույքի ոչ մի նշան: Ոչինչ չասող զույգ-զույգ աչքեր մթության մեջ, անշարժ կանգնել էին, ասես չգիտեին ուր են եկել:

Շուտով Veils-ը բեմ բարձրացավ: Մտածում էինք՝ գոնե նրանց ելույթի ժամանակ հանդիսատեսը կաշխուժանա, բայց երևի գերագնահատում էինք հոլանդացի հանդիսատեսին, որովհետև նրանք մնացին ճիշտ նույն դիրքում, առանց ցույց տալու, որ խումբը նրանց հետաքրքրում է: Իսկ ես ու Սոֆյան, թքած ունենալով, թե ինչ կմտածեն մեր մասին, թքած ունենալով համատարած անշարժությանը, սկսեցինք թռվռալ, գլուխներս թափահարել ու գոռալ՝ երբեմն մեջքներիս վրա նկատելով ծանրացած հոլանդական հայացքները:

Խումբը լավն էր, Ֆինը՝ խմբի մենակատարը, հզոր էր: Ինքն իր մեջ փակված, ինքն իր երգերից հաճույք ստանալով, հանդիսատեսի մասին մոռացած, դեմքը ծամածռելով կատարում էր երգը երգի հետևից: Մեկ-մեկ հանդիսատեսին ամաչելով հարցնում էր՝ ոնց եք, որպես պատասխան մի քանի տեղից եկող գոռոցներ ստանում:

Ինձ համար շատ յուրահատուկ չէր համերգը: Քանի որ անհամապատասխան տարիքում էի սկսել նրանց լսել, չէի կարողացել էնպես սիրել, ինչպես կսիրեի տասը տարի առաջ: Բացի դրանից, երբ որևէ կատարողի հայտնաբերում եմ այն ժամանակ, երբ արդեն որոշակի գործունեություն ունի իր հետևում, էդպես էլ չեմ կարողանում ամբողջ խորությամբ հասկանալ, որովհետև մարսելու նյութը միանգամից շատ է լինում: Ինչևէ, համերգը վայելում էի, ինչպես կվայելեի ցանկացած ռոք համերգ:

DSCF4157Թարսի պես իմ սիրած երգերից միայն մեկը կատարեց՝ Lavinia-ն: Ասում է՝ տասնչորս տարեկանում է գրել: Encore-ներից մեկն էլ You Belong To Me-ի վերակատարումն էր: Շա՜տ սիրուն էր: Ամենա-ամենավերջում Ֆինը խնդրեց, որ ձեռքով անենք, որովհետև մեզ նկարելու են, ուղարկեն մամային: Էդ պահին էր, երբ Սոֆյան գոռաց.

– Թե կարող ես, էնպես արա՝ սրանք պարեն:

Ծիծաղից ուշքս գնաց, բայց դե ոչ ոք բանի տեղ չդրեց: Համերգից հետո մարդիկ մեզ մոտենում էին, կարծում էին՝ յանները տարած ֆանատներ ենք: Դե Սոֆյան՝ հա, համեմատաբար ֆանատ ա, բայց ես լրիվ բեխաբար էի, ինձ ռոք համերգ տվեք, ես տժժամ, կապ չունի՝ բեմի վրա Veils-ն ա, թե հայկական չխկլիկ խումբ, որի անունը հաջորդ օրը չեմ հիշելու:

Հենց համերգը պրծավ, առաջին շարքում կանգնած հոլանդացիները արագ-արագ բեմից թռցրին սեթլիսթները, հետո էլ վազեցին սրահի մի անկյուն, որտեղ Veils-ի պլակատներ էին բաժանում, սկսեցին իրար ձեռքից խլել:

Սոֆյան ուզում էր կուլիսներ գնալ, բայց տատանվում էր: Ասեցի՝ դավայ, արի: Ու սկսեցինք ուսումնասիրել էնտեղ հասնելու ճանապարհները, երբ Վարնարին՝ Սոֆիի ընկերոջը տեսանք (էստեղ տեղին է նշելը, որ գերմանուհի Սոֆիին կամ Զոֆիին, որը հիմա Բեռլինում է թեզը գրում, չի կարելի շփոթել կիվի Սոֆյայի հետ): Էս կողմ-էն կողմ, խնդրեցինք, որ մեզ կուլիսներ տանի: Մի քանի րոպե անց Վարնարը Ֆինին բերեց:

Ֆինը՝ կապույտ աչքերով, նիհար, գլխարկը մշտապես գլխին, ամաչկոտ, ձեռքը մեկնեց ու ներկայացավ.

– Ֆին:

Սոֆյան ասաց, որ ինքը կիվի է, որ իրենց էլի է տեսել, հարցրեց, թե ոնց էր բեմի վրա, երբ հանդիսատեսն էդքան անռեակցիա էր: Ֆինը խուսափեց պատասխանից, ասաց.

– Ես տեսա ձեզ պարելիս… Պիտի գնամ, էնտեղ սպասում են ինքնագրերին:

Հոլանդացի հանդիսատեսը, որը համերգի ժամանակ մի մկան անգամ չէր շարժել, կռիվ էր անում սեթլիսթների, պոստերների ու ինքնագրերի համար:

– Էլ ինչու՞ են համերգ անում որ: Թող միանգամից սեթլիսթ ու պոստեր բաժանեն:

Երբ ինքնագրերի պահն էլ վերջացավ, Սոֆյան քաջությունը հավաքեց, ասաց՝ գնացինք: Ու երկուսով մտանք կուլիսներ: Մեր հետևից ինչ-որ մեկը վազելով եկավ, որ չթողնի, բայց Սոֆյան էնքան հաստատակամ էր քայլում, որ մինչ եկողն ինչ-որ բան կասեր, նա արդեն մտել էր երաժիշտների սենյակ ու ասում էր.

– Տղաներ, եկել ենք ձեզ հետ գարեջուր խմելու:

Հարմարվեց դատարկ աթոռներից մեկին ու զրույցի բռնվեց կիվի երաժշտի հետ, որի անունը Դեն է. Ֆինն անկյունում այլ ֆանատներով էր զբաղված: Բայց ամբողջ ընթացքում նույն ամաչկոտ համեստն էր: Սոֆյան նորից հարցրեց սառած հանդիսատեսի մասին:

– Բեմից տեսնում էի, որ մեկ-մեկ բերանները բացում փակում էին,- ասաց Դենը,- դա էլ իրենց վայելելու ձևն է:

Էնքան տարօրինակ էր էդ վիճակը: Կուլիսներում լուռ նստած էի մի խմբի հետ, որի ֆանատը կարող էի լինել, բայց չեմ, շվարած շուրջս էի նայում ու լսում մյուսների զրույցները:

Շուտով դուրս եկանք: Միացրի փլեյերս ու Զեմֆիրայի երգերի տակ սլացա տուն: Հաջորդը՝ Դյուսելդորֆում Զեմֆիրա:

Հոլանդացիների քարտամոլությունը

Էսքան երկրեերկիր պտտվել եմ, ոչ մի տեղ չեմ տեսել, որ ամեն ինչ էս աստիճանի էլեկտրոնայնացված լինի, ինչքան Նիդեռլանդներում:

Առաջին անգամ էս կողմերում հայտնվել եմ մոտ վեց տարի առաջ, երբ Ամստերդամի մի հիվանդանոցում պրակտիկա էի անցնում: Հենց սկզբից իմ նկարով մի քարտ ստացա, որը պիտի որպես բեջ վրաս կպցնեի, բայց բազմաթիվ այլ ֆունկցիաներ էլ էր կատարում. փակ դռներ էր բացում, լվացքատանը մաքուր խալաթ էր տալիս ու ամենակարևորը՝ ճաշի համար վճարում էր: Բայց վերջինիս համար պետք է ունենայիր մեկ այլ՝ բանկի քարտ, որպեսզի փող փոխանցեիր վրան: Ու ամենացավալին այն էր, որ հիվանդանոցի ճաշարանում միայն այդ բեջ-քարտով կարող էիր վճարել, կանխիկ դրամ չէին ընդունում: Մեկումեջ բժիշկները լիցքավորում էին քարտս կամ իմ փոխարեն վճարում, ես էլ կանխիկն իրենց էի տալիս:

Երկու տարի անց նորից եկա Նիդեռլանդներ: Պարզվեց՝ տրանսպորտի համար վճարման նոր համակարգ է ներմուծվում, այն է՝ առաջվա տոմսերի փոխարեն լինելու են քարտեր, որոնց վրա կարելի է փող դնել ու մտնել-դուրս գալուց անպայման ծնգացնել: Մոռանալու դեպքում տուգանվում ես: Էն ժամանակ էդ համակարգը նոր էր, ես էլ խիստ ժամանակավոր էի, կարելի էր առանց դրա ապրել: Ավելին՝ անցյալ տարի էլ առանց քարտի հանգիստ գոյատևեցի, բայց այս տարի արդեն, երբ գնացքի համար զեղչ էր պետք, ստիպված ես էլ քարտավորվեցի:

Նախանցյալ տարի, երբ նոր էի եկել էստեղ սովորելու, պարզվեց, որ քսերոքսի ու պրինտի համար հատուկ քարտեր են պետք, որոնք վաճառվում էին քոփիշոփերում: Սակայն շուտով այդ համակարգը վերացավ, ու պետք էր օնլայն լիցքավորել հաշիվդ, հետո այն կապել տրանսպորտիդ կամ չիպ պարունակող որևէ այլ քարտի: Իհարկե, տեսականորեն կարելի է առանց քարտի յոլա գնալ, բայց ամեն անգամ տպելիս ու քսերոքս անելիս էդ փոքր ապարատի վրա պիտի լոգին լինես, իսկ դա շատ անհարմար բան է: Այնուամենայնիվ, մինչև վերջերս որևէ քարտ չէի կապել հաշվիս, ամեն անգամ մի բան տպելիս լոգին-փասս հավաքում էի:

Էս մեր գրադարանի կաֆետերիայում սուրճի ապարատներ կան, որոնցից օգտվում ենք ժամը երեքից հետո, երբ կաֆետերիայի աշխատող մասը փակվում է: Բայց վերջերս շոկ ապրեցինք՝ հայտնաբերելով, որ մանրադրամի համար նախատեսված անցքերն անհետացել են, փոխարենը քարտի տեղ է հայտնվել: Ուսանողականը փորձեցինք, չեղավ: Վազեցի պրինտերների մոտ, տրանսպորտի քարտս կապեցի հաշվիս: Նորից փորձեցի ապարատը: Սուրճ տվեց: Ձևը գտանք:

Բայց պարզվում է՝ ես այն հազվագյուտ բախտավորներից էի, որ ձևը գիտեր, իսկ Սոֆյան ընդհանրապես տրանսպորտի քարտ չուներ, իմից էր օգտվում: Հաճախ է պատահում, որ ժամը երեքից հետո էնտեղ նստած սուրճ ենք խմում ու տեսնում ենք, թե քանի հոգի է գալիս, զարմանում, որ չի կարող սուրճ գնել, թողնում-գնում:

– Պատկերացնում եմ՝ ինչքան վնաս են կրում էս նոր համակարգի պատճառով,- անընդհատ ասում է Սոֆյան՝ առաջարկելով թաքնված տեսախցիկով նկարել բոլոր մոտեցողներին ու ճարահատյալ հեռացողներին:

Իհարկե, լինում են ֆայմովներ, որ մոտենում են մեզ, հարցնում, թե արդյոք քարտ ունենք: Ես էլ սիրով բոլորին տրամադրում եմ քարտս՝ դիմացը կանխիկ մանրադրամ վերցնելով:

– Բիզնես արա,- առաջարկում է Սոֆյան,- ամեն բաժակ սուրճի դիմաց լրացուցիչ կես եվրո ուզիր:

Հիմա հետս լիքը տարբեր քարտեր եմ ման տալիս: Մեկը բանկինն է, որով խանութներում վճարումներ եմ անում. էստեղ նույնիսկ մի եվրոյանոց առևտուր անելիս կարող ես քարտով վճարել: Մեկը սպորտային ակումբինն է. ամեն անգամ մտնելիս պետք է ծնգացնել: Երրորդը սուպերմարկետի բոնուս քարտն է, չորրորդը՝ ուսանողականս, որի բազմաթիվ ֆունկցիաներից մեկը նաև գրադարանում գիրք տալն է, հինգերորդը կացության իրավունքս, վեցերորդը՝ տրանսպորտի քարտը, որ ժամը երեքից հետո առանց սուրճի չմնամ:

Արևն ու հյուսիսային ազգերը

Էս Խրոնինգենում երկու օր ա, ինչ վերջապես նորմալ տաք եղանակ ա անում (այսինքն՝ քսան աստիճան էլի, ավել բան չեմ ասում), հետն էլ արևոտ ա: Ուրեմն մեր գրադարանի շենքում  մի հատ սրճարան կա, որը բացօթյա հատված էլ ունի: Բնականաբար, լավ եղանակին բոլորը ձգտում են էնտեղ գնալ:

Էրեկ առավոտյան հավաքվում ենք սրճելու: Դուրս եմ գալիս պատշգամբ, որ մեզ համար սեղան պահեմ: Նայում եմ շուրջս, տեսնում, որ չնայած սարսափելի մարդաշատությանը, մի սեղան ազատ ա: Զարմանում եմ, նստում մոտը, էրեխեքն էլ են գալիս, ասում են թե՝ ուխ, էս ինչ լավ սեղան ես ընտրել: Բայց մեկ էլ սաղս ջոկում ենք ինչ ա կատարվում: Ուրեմն էս չորսս էլ արևոտ երկրներից ենք ու գիտենք, որ երբ արև ա լինում, պետք ա ստվերում նստել: Իսկ էս ախմախ հոլանդացիներն ու գերմանացիներն արևին կարոտ են, էշ-էշ ստվերը թողել, խցկվել են ուղիղ ճառագայթների տակ: Դրա համար  ստվերում գտնվող սեղանն ազատ ա մնացել:

Հա, ու մեկ էլ նկատում ենք, որ սաղ տկլորվել են. կարճ շորտիկներ, պլեչիկներով մայկաներ, ոտաբոբիկ: Նենց տպավորություն ա, որ ծովափ են եկել: Մենք դեռ նենց համեստ կարճթևով ենք, ժակետն էլ հետներս: Ասում ենք՝ տո սրանք ի՞նչ գիտեն շոգն ինչ ա: