Դանիական ձմեռ

Առավոտյան Էնջըլին էսէմէս եմ գրում, տեսնեմ՝ ժամանակ ունի՞ ցերեկը զբոսանքի գնալու։ Չունի, առաջարկում է շաբաթվա ընթացքում։

Նախաճաշին լուրերն ենք կարդում։ Հարցնում եմ, թե Թրամփին քանի օր է մնացել։ Ասում է, որ երեք, ու որ կարող է այս երեք օրում Իրանի դեմ պատերազմ սկսել։ Ինքը վստահ է, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմ սկսել-չսկսելը Թրամփով է պայմանավորված։ Ես այդքան վստահ չեմ։

Ես միայն սուրճ եմ խմում ու կես թխվածքաբլիթ կուլ տալիս․ կեսօրին յոգա ունեմ, շատ ծանրանալ պետք չէ։ Յոգայից հետո կգնանք զբոսանքի։

Լուսանկար այն հազվագյուտ օրերից, երբ երկինքը կապույտ էր, իսկ ես դուրս էի եկել մինչև մութն ընկնելը

Բենեդիկտի հետ յոգայի դասն արտակարգ լավ է անցնում։ Կյանքիս մեջ առաջին անգամ կարողանում ագռավի դիրքում բավական երկար մնալ, այնքան, մինչև ինքս որոշեմ դիրքից դուրս գալ, ոչ թե ընկնեմ։ Այս առցանց յոգայի դասերը դեռ անցյալ գարնանից իմ միակ փախստավայրն են դարձել ինձ շրջապատող ամեն ինչից, այն մի ժամը, երբ կտրվում եմ աշխատանքից, լուրերից, սոցիալական ցանցերից ու գլուխս պայթացնող մնացած ամեն ինչից։ Բենեդիկտը չգիտի, թե ամեն օր ինչքան եմ իրեն ու Ինգվիլդին օրհնում հոգեկան հավասարակշռությունս պահելու համար։

Յոգայի դասից հետո խոսում եմ տատիկիս հետ։ Վերջին ժամանակներս մեր ամեն մի զրույց սկսվում է Հայաստանի ներկայիս իշխանություններին հայհոյելով, իսկ ավելի ճիշտ՝ նա հայհոյում է, ես լսում եմ ու համաձայնում։ Ամեն անգամ նոր բառեր է գտնում։ Եվ հետո միայն անցնում ենք ուրիշ թեմաների, եթե դրանք լինում են ընդհանրապես։

Դուրս ենք գալիս զբոսանքի։ Որոշում ենք հեռու սուպերմարկետ գնալ։ Մորթենը փորձում է ինձ համոզել, որ ամեն օր գոնե մի անգամ տնից դուրս գամ։ Բայց գնալու տեղ չկա․ ամեն ինչ փակ է, դրսում էլ խայտառակ ցուրտ է։ Չորեքշաբթի օրը մտովի ծրագրել էի գործից հեետո քայլել դեպի մոտակա այգին, յոգայի գորգիկս փռել ու գոնե մի տասնհինգ րոպե մաքուր օդին մարզվել։ Բայց գործից հետո արդեն խայտառակ մութ էր, ու անձրև էր գալիս։ Իսկ երեկ օրինակ հաջողացրել էի բժշկի գնալ, որ մեր տնից ամբողջ երկու րոպեի քայլելու հեռավորության վրա էր, ու գնալ-գալը չորս րոպե տևեց, իսկ բժշկի կաբինետում լինելս՝ հազիվ մի րոպե։ Ուսիս վրա կոնկրետ կետ սեղմեց, ցավից գոռացի, ասաց, որ գլխացավս հեռախոսին նայելուց է, որ ուղղակի մեջքիս այդ կետը հաճախ սեղմեմ ու ցավազրկող խմեմ։

Ձեռք ձեռքի տված ես ու Մորթենը քայլում ենք փողոցներով։ Առավոտվա կապույտ երկինքն ու արևը խիստ կարճատև էին, գորշը վերադարձել է, շուտով նաև մութը կընկնի։ Շենքերի անվերջ շարաններ, չերևացող երկինք ու սարսափելի ցուրտ։ Փորձում եմ համոզել, որ տուն գնանք։ Չի ստացվում։ Անցնում ենք Վարնըդամսվայով՝ մեր թաղամասի ամենաաշխույժ փողոցով, որին նաև փոքրիկ Փարիզ են ասում։ Մյուս փողոցներից ավելի մարդաշատ է, բայց Վարնըդամսվայի շաբաթօրյա սովորական աշխուժությունը չունի։ Որոշում ենք ուշադրություն դարձնել, թե փողոցի որ խանութներն են բաց, այսինքն՝ որոնք են դիտարկվում որպես «առաջին անհրաժեշտության», որոնք՝ ոչ։ Ալկոհոլ վաճառող երկու խանութներ բաց են, գրախանութը փակ է։ Ինչու՞ է տանը փակված լինելու պայմաններում ալկոհոլն ավելի անհրաժեշտ, քան գրքերը։

Վարնըդամսվայի այդ գրախանութի մոտով անցնելիս ես ու Մորթենը միշտ ներս ենք մտնում ու երբեք գիրք չենք գնում։ Ինչ-որ տարօրինակ ձգող ուժ ունի, որ դրսից մեզ կանչում է միշտ, իսկ ներսում միշտ մեր կարդացած գրքերն են վաճառում, որոնք ձեռք բերելու կարիք չունենք, որովհետև վաղուց արդեն մեր գրապահարաններում են։ Քննարկում ենք Դանիայում գրքերի քաղաքականությունը, ու թե ոնց են դրանք մի քանի անգամ ավելի թանկ, քան Նորվեգիայում։ Առաջարկում եմ մեր գրքերը Նորվեգիայից ներմուծել։ Մորթենն ասում է՝ Բերգենի գրախանութից միշտ էլ գրքեր ենք բերելու, արդեն ավանդույթ է։

Ես նույնիսկ չգիտեմ՝ Բերգենն ամենաշատն ինչի համար եմ սիրում․ գրախանութի՞, բնությա՞ն, յոգայի՞, թե՞ պարզապես պատուհանից բացվող տեսարանի։ Գուցե իր բոլոր բաղադրիչների հանրագումարն է, այն չպղծված, անարատ փախստավայրը, որտեղ գրեթե ոչ մեկի չեմ ճանաչում ու որտեղ պարզապես ինձ լավ եմ զգում։

Սուպերմարկետից խաչապուրի թխելու պարագաներ ենք գնում։ Վերջերս Մանուի հետ խոսելիս ասաց, որ Հոլանդիայում թխում է, իմ հավեսն էլ եկավ։ Մորթենը պանիր չի ուտում, ես էլ ամբողջն ուտել չեմ կարող։ Ուղղակի թխելու եմ՝ հիշելով իմ պատանեկության այն ժամանակները, երբ իմացածս միակ բաղադրատոմսը պատրաստի խմորով խաչապուրի թխելն էր։

Տանը սկսում ենք ընթրիք սարքել։ Ու էսպես ամեն օր, նաև աշխատանքային օրերին։ Օրերն ենք գլորում՝ ինքներս մեզ տարբեր բաներով զբաղեցնելով․ պատուհանից այն կողմ գորշ դանիական ձմեռն է, իսկ էկրաններին՝ աշխարհի վերջը, ու չգիտես՝ որն է ավելի վատ։

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում․ օր 4, քայլեր ջրի վրայով

Աչքերս բացեցի, ու արևը լցվել էր սենյակս։ Էսպիսի սիրուն օրը տանն անցկացնելը հանցագործություն էր։ Դեռ երեկ խոսում էինք այսօր լիճ գնալու ու վրայով քայլելու մասին։ Արևը տեսնելուն պես մտածեցի՝ եթե աղջիկները հավես չանեն կամ զբաղված լինեն, մենակով կգնամ լճի վրայով քայլելու։ Մտածեցի ու անցա նախորդ գիշերվա գինու առաջացրած գլխացավը վերացնելուն։

Բայց ուսանողս գրեց շուտով, թե՝ մի ժամից մեր տանը եղիր, գնում ենք լիճ։ Արագ-արագ ավարտեցի նախաճաշս ու ճամփա ընկա։ Ինչ ձյունը նստել է, առաջին անգամ էի անտառի միջով անցնում։ Ընդհանրապես, քանի որ քաղաքի կենտրոնում եմ ապրում, ու կամպուսից հեծանիվով հինգ րոպեի հեռավորության վրա եմ, հազվադեպ եմ իմ կոմֆորտի երկու կիլոմետրանոց շառավղից դուրս գալիս։ Ու այսօր այդ օրերից էր։

DSC_1660.jpg

Հավես էր անտառով քշելը։ Դրսում -11 էր, բայց արագ քշելու արդյունքում սկսել էի շոգել։ Չգիտեմ ոնց սկզբում լճի մոտ հայտնվեցի։ Ուզում էի գրել ուսանողիս, որ միանգամից լիճ գան, բայց հետո մտածեցի՝ հեռու չեմ տնից, ոչինչ, հասնեմ, ու դուրս գանք։ Բայց մի քիչ էլ անտառի միջով քշելուց հետո հայտնվեցի կամպուսի մոտ, այսինքն՝ ճանապարհի գրեթե սկզբնակետին։ Լրիվ ոնց որ սարսափ կինո լիներ․ ուղիղ գնում ես, բայց վերադառնում ես սկզբնակետին։ Էստեղ արդեն հասկացա, որ էլ ժամանակ չունեմ կորցնելու, քարտեզը բացեցի ու ամենամեծ արագությամբ տեղ հասա։ Ուսանողս շշմել էր, որովհետև ընդամենը յոթ րոպե առաջ գրել էի, որ կամպուսի մոտերքում էի։

Ու գնացինք լիճ։ Սկզբում երեքով էինք՝ ուսանողս, իր կինը ու ես։ Հետո ուսանողներիցս ևս մեկը միացավ մեզ։ Ու մենք քայլեցինք սառած լճի վրայով դեպի մոտակա կղզի։ Դեռ հեռվից նկատեցինք, որ կղզու վրա տնակ կար։ Ասում եմ՝ էնտեղ կախարդ է ապրում։ Ուսանողներիցս մեկն ասում է՝ ընկերներիցդ կլինի, գնանք մոտը թեյ խմելու։ Ու քանդվում ենք։

Իսկ կղզում ցամաք բարձրանալը բավական բարդ էր․ անընդհատ խրվում էինք ձյան մեջ, ու ձյան խորությունը գուշակելը դժվար բան էր, որովհետև այդ մասերով ոչ ոք չէր անցել։ Ի վերջո, հասանք կղզու կենտրոնին ու նկատեցինք, որ մեծ տնից բացի մի փոքրիկ տնակ կար։ Մտածեցի՝ սաունա կլինի։ Մոտեցանք։ Իրոք սաունա էր, բայց լրիվ լքված ու սառցակալած։ Իսկ հետևում արևը մանրից պատրաստվում էր մայրամուտին։ Ուսանողս ասում է՝ սարսափ ֆիլմերն էսպես են սկսվում․ մայրամուտ, անմարդաբնակ կղզի ու լքված տնակ։

DSC_1676.jpg

Հետո արդեն լրիվ սառցակալած հետ քայլեցինք։ Ցրտից մեր հեռախոսները հերթով անջատվեցին։ Հետ եկանք ուսանողիս տուն, որ տաք բան խմենք ու հալվենք։ Ասում եմ՝ գնամ, հերթով ձեր բոլոր հարևանների դռները ծեծեմ, ասեմ՝ ու՞ր են ձեր տնայինները։ Ծիծաղից թուլանում ենք։ Բայց դե ոչ բոլոր ուսանողներիս հետ կարող եմ ինձ թույլ տալ էսքան ջրիկ լինել։

DSC_1683.jpg

Տան ճամփին էլ ձնե ժողովուրդ տեսա, կանգնեցի, ուսումնասիրեցի։ Ու տուն հասա լրիվ ուժասպառ եղած, բայց էս անգամ՝ ֆիզիկապես։ Հիմա տանը նստած երաժշտություն եմ լսում, թեյ խմում ու մտածում մարդկանց մասին։ ԿՄ-ի հին գրառումներից փորփրեցի, որտեղ պնդում էի, որ վատ մարդիկ չկան։ Գրել էի դա տասնութ տարեկանում։ Ու հիմա էլ նույն կարծիքին եմ․ կան մարդիկ, որոնք քեզ սիրում են, ու կան մարդիկ, որոնք քեզ չեն սիրում, որոնք քեզ հասկանում են կամ չեն հասկանում, բայց վատ մարդիկ չկան։ Ու հանկարծ ամեն տեսակի ջղայնություն անցավ ու խաղաղվեցի։ Երևի լիճն էր՝ քայլերը ջրի վրայով։

Էսօրվանից մի երկու նկար փակ գրառմամբ ԿՄ-ում առանձին կդնեմ։

Հունվարը Յոենսուում

Սիրում եմ Յոենսուն հունվարին։ Տարվա միակ ամիսն է, երբ քաղաքը ձևեր չի թափում, այլ այն է, ինչ կա․ լուռ, ձյունածածկ, ցուրտ ու տխուր, որտեղ սեղմվում ես ուսանողների ու թոշակառուների միջև ու ինքդ քեզ հարցնում․ ի՞նչ եմ կորցրել էստեղ։

IMG-20180122-WA0001.jpg

Հունվարին Յոենսուում ձյունը ոտքերիդ տակ խրթխրթում է, երկինքն ավելի պարզ է, քան մնացած ամիսներին, իսկ ցուրտը նյարդերիդ վրա չի ազդում, դեռ մի բան էլ հաճելի է։ Օրերն արագ տեմպերով երկարում են, չնայած ձյան հետ մութն այնքան էլ անտանելի չէ։ Իսկ երբ դրսում շատ ցուրտ է, ձյունը դառնում է ապակենման ու մթության մեջ փայլում է։ Եվ նույնիսկ հեծանիվիդ սառած կողպեքն այլևս չի անհանգստացնում․ ինչքան էլ պետք լինի, կքայլես։

Ինչ-որ ձգող բան ունի հունվարի Յոենսուն։ Դեռ հինգ տարի առաջ հենց հունվարի օրերն էին ինձ համոզել, որ մի օր կվերադառնամ Յոենսու։ Ապակենման ձյանն ու պուլլայի համի՞ն էի խաբվել, թե՞ գրադարանում աշխատելու ներդաշնակությանը, որ մի տարով Յոենսու գալն էնքան ահավոր չթվաց ինձ։

DSC_1529-EFFECTS.jpg

Հունվարին, ինչպես և մնացած ամիսներին, Յոենսուում անելիք չկա։ Օրերս անցնում են աշխատանքի, լողավազանի, տան ու հյուրերի միջև։ Անցյալ շաբաթ-կիրակի Սիլվիան էր եկել, ու միասին փորձեցինք սաունայից ձյան մեջ վազվզել, իսկ հետո նաև սառը ջուրը մտնել։ Մորթենի ասած՝ սառույցի վրա փորած ծակը։ Հինգ տարի առաջ կհամարձակվեի՞ նման բան անել։

Երբ մտնում ես սառը ջուրը, քեզ ավելի կենդանի ես զգում, քան երբևէ։ Ամբողջ մարմինդ խառնվում է իրար, չգիտի՝ ինչ զգա․ սաունայի տաքությու՞նը, թե՞ ջրի սառնությունը։ Հետո արդեն մարմինդ սովորում է, ու սաունայում էլ չես դիմանում, իսկ ջուրը բավականաչափ սառը չէ։ Մարմնիդ ձյուն ես շփում։ Չլիներ հունվարի Յոենսուն, կմտնեի՞ արդյոք սառցակալած լիճը։

Իսկ հաջորդ օրը Յոենսուի ամենացուրտ օրն էր։ Սիլվիային ճանապարհում էի դեպի կայարան՝ շոգելով իմ աներևակայելի տաք շորերի մեջ։ Նախորդ օրը լողազգեստով դրսում, հաջորդ օրը՝ հազար շերտի մեջ փաթաթաված։ Մազերիս ծայրերը սառցակալել էին։ Սիլվիան մեկընդմեջ կանգնում, հիանում էր արևով, հիանում էր ձյունով ու ֆոտոներ անում։ Սիլվիան սովոր էր ցրտին․ Իսլանդիայում է ապրել։

Այսօր ինձ ասացին, որ Յոենսուն կկարոտեմ ու կուզենամ վերադառնալ։ Յոենսուն հաստատ չեմ կարոտի, բայց կկարոտեմ հունվարը, կկարոտեմ նաև աշխատանքս, որը թեև ինձ հոգեկան հավասարակշռությունից հանում էր, ամեն դեպքում գժի պես սիրում էի (ու երևի հենց էդքան սիրելու պատճառով էր, որ ինձ չէի խնայում ու գնալով ավելի էի ինձ կորցնում)։ Կկարոտեմ նաև աշխատակիցներիս․ ոչ մի ուրիշ աշխատավայրում էսքան լավ աշխատակիցներ չեմ ունեցել։ Երևի հատուկ բնավորություն ու դիմացկունություն է պահանջվում Յոենսուում ակադեմիական կարիերա անելու համար։ Բայց ամենաշատը կկարոտեմ լողավազանի մի ծայրին հասնելը, դրսի բռնակից բռնելն ու ամբողջ մարմնով դեպի ներքև ձգվելը։ Այդ մի քանի վայրկյանների ընթացքում աշխարհում ամեն ինչ վերանում է, ու թվում է՝ մարմինդ լողում է անծայր տիեզերքում։

Ինձ մնաց հինգ շաբաթ Յոենսուում ու չորս վիքենդ, որոնցից մեկի ժամանակ Մորթենը հաստատ էստեղ կլինի։ Ուրեմն մնաց երեքը։ Մնաց երեք հյուր գտնեմ։

29. Պատմություն ինչ-որ բան հաճույքով անելու մասին

Սովորել շատ եմ սիրում, բայց սիրում եմ դրա ոչ պարտադիր, ոչ քննական մասը, էն որ դու ինքդ ընտրում ես ավելին անել կամ հաճախել ինչ-որ դասերի, որոնք քեզ դիպլոմ չեն տալու, սիվիիդ մեջ գրել-չգրելը բան չի փոխելու, քննությունը չհանձնելու դեպքում ոչ մի տեղից դուրս չես մնալու:

Էս տարվա սկիզբն էր` հունվար: Օրերն ահավոր շուտ էին մթնում: Կարելի էր ասել` ցերեկային լույս կարգին չէինք էլ տեսնում: Կես մետր ձյուն էր նստած: Ապրում էի համալսարանից 5կմ հեռու` բլրի վրա: Հավաքել էի կիսամյակի համար անհրաժեշտ գրեթե բոլոր կրեդիտները: Վերջնական 30-ն ունենալու համար կարող էի կամ լրացուցիչ կուրսերի հաճախել (ինչն անում էին գրեթե բոլորը), կամ էլ որևէ առարկայից լրացուցիչ էսսե գրել: Բնականաբար, ընտրեցի երկրորդը, որ հաճույքով անեմ:

Ու էդպես ամեն առավոտ լույսը բացվելուն պես արթնանում էի (առավոտյան ժամը տասին), նախաճաշում, հեծանիվով տնից դուրս էի գալիս (ավելի ուշ, երբ հեծանիվս արդեն վաճառել էի, ոտքով էի գնում-գալիս), հասնում համալսարան, մի երկու ժամ աշխատում գրադարանում, դուրս գալիս ճաշելու, ևս մի քանի ժամ աշխատում, դուրս գալիս պուլլա ուտելու ու սուրճ խմելու, էլի աշխատում էնքան, մինչև գրադարանը փակվում էր: Հետո քշում էի տուն: Սկզբում մարմինս սառցակալում էր, բայց երբ անցնում էի կամուրջը ու դիքով բարձրանում, քրտնում էի անգամ այն ժամանակ, երբ դրսում -25 էր: Անցնում էի ամեն օր, նայում երկնքին` էն հույսով, որ հյուսիսափայլ կտեսնեմ:

Հասնում էի տուն, մոմերը վառում, որ ուրախ լինի, ընթրիք սարքում: Էլի մի երկու ժամ աշխատում էի էսսեիս վրա, պառկում քնելու: Ու էդպես մի ամիս շարունակ…

Հիմա որ հետ եմ նայում, էնքան լավ եմ հիշում էն հաճույքը, որով աշխատում էի: Ոչ մի պրոկրաստինացիա, ոչ մի ծուլություն, ոչ մի նվնվոց: Արդյունքում` ժամանակին ավարտեցի առանց անքուն գիշերների, առանց կոֆեինի անխիղճ դոզաների, առանց ներվայնությունից պատեպատ խփվելու: Հետո էդ էսսես ձևափոխեցի, թեզիս մեջ մտցրի: Էն նույն թեզիս,  որն ինձ ներվահան էր անում, զոռով էի գրում, քիչ էր մնում` գժվեի: Թեզս էլ գերազանց գնահատվեց, բայց մեծ կասկածներ ունեմ` հենց էդ հաճույքով գրած էսսեն էր որակն էդքան բարձրացրել:

Մտածում եմ` էդ ամիսն էն միակ ամիսն էր, որ ակադեմիական առումով մի այլ կարգի հաճույք ստացա: Ու պիտի անվերջ փնտրեմ, գտնեմ աշխարհում մի անկյուն, որտեղ ամեն օր ոչ թե մի ամիս, այլ ամբողջ կյանքս հաճույքով կաշխատեմ ու կսովորեմ:

 

Յոենսուի մի օրը

DSCF2801Առավոտն արթնանում ես, արևը սենյակդ ա մտած լինում: Հա, գիտես, որ էդ նշանակում ա, որ երեկվա համեմատ առնվազն մի 10 աստիճանով ավելի ցուրտ ա, բայց մեկ ա ուրախանում ես… մրսելով վազում ես խոհանոց, որ նայես՝ մինուս ինչքան ա դրսում, մեկ էլ տեսնում ես՝ ձյունածածկ սոճու վրա սկյուռիկ ա վազվզում ու պոչով ճյուղերի ձյունը թափ տալիս: Ու գիտես՝ սա քո նախավերջին երկուշաբթին ա էս երկրում:

Առավոտյան սուրճդ մի այլ կարգի հաճելի ա, երկուշաբթին նոր էներգիա ա բերել, ու թքած լարվածության վրա: Անհամբեր ես, թե երբ պիտի հասնես գրադարան, որ մի կուշտ աշխատես հոդվածիդ վրա, էդպես էլ քեզնից գոհ չլինելով հաջորդ հատվածն ուղարկես դասախոսիդ ու շունչդ պահած պատասխանի սպասես:

Ու դուրս ես գալիս, միացնում երաժշտությունը: Սառը օդը միանգամից դեմքիդ ա փչում, բայց կայֆ ա. տաք ես հագնվել ու սիրում ես ցուրտը: Դրա մասին երբեք չէիր իմանա, եթե չգայիր Յոենսու:

Նստում ես սառած հեծանիվդ ու ճամփա ընկնում: Երևի վերջին անգամ, որովհետև երեկ մոռացել էիր հայտարարություն դնել Ֆեյսբուքում: Էսօր կդնես, ու գուցե վաղն արդեն ծախես: Սիրեցիր ձյան մեջ հեծանիվ քշելը:

Ճամփին մեկ էլ լսում ես էն քո տասներկու տարեկան ժամանակների երգը, էն որ սաղ Հայաստանը սիրում էր, իսկ դու ասում էիր՝ Ալանիսն ավելի լավ երգեր ունի, էն որ թիթիզ աղջիկները զանգում, իրենց մամաներին էդ երգն էին նվիրում, դու էլ մեծ-մեծ ասում էիր՝ թե սա ի՞նչ մամաներին նվիրելու բան է:

Դու էլ չէիր հասկանում, թե ինչի մասին է երգը: Հասկանում էիր բառերը, չէիր հասկանում, թե ինչ է ասում: Էսօր նոր տեղ հասավ:

You mean we actually are all one…

Հա, բոլորս մեկ ենք, մեկ: Հետ ես գնում ու հիշում քո նարցիստիկ ձգտումները, ինքնասիրահարվածությունը, մեծամտությունը, «Աստված ոչ անի միջին լինեմը», դրան հետևած ցածր ինքնագնահատականդ: Ու կրկնում ես. «Մենք բոլորս մեկ ենք»: Եվ ուզում ես, շատ ես ուզում, որ ինքնագնահատականդ բարձրանա, մեծամտությունդ՝ չէ:

Հասնում ես համալսարան: Մտնում Ագորա մասնաշենք, որտեղ պայմանավորված ես դասախոսիդ հետ: Զարմացած նկատում ես, որ շեղաչն էլ էնտեղ, որովհետև տնից դուրս գալիս ասաց, որ գրադարան է գնում: Չոր ասում ես, որ պայմանավորվածություն ունես, որովհետև հիշում ես, թե ինչպես նախորդ անգամ պոչիցդ կպավ ու ներկա գտնվեց դասախոսի հետ սխալների քննարկմանը: Էս անգամ չես թույլ տա:

– Գնա,- ասում ես,- դեռ երեք րոպե կա:

Չէ, պոչիցդ բռնած գալիս է: Պարտադրում ես, որ քեզնից հետո մտնի:

Իսկ դասախոսդ.

– Դու արժանի ես գերազանցի:

 

Ուզում ես պատմել, որ դա ամբողջ կյանքում քո խնդիրն է եղել, որ դասախոսներդ քեզ վրա ավելի վստահ են եղել, քան դու ինքդ, որ ամեն հարցման ժամանակ քեզնից գերազանց են սպասել, իսկ դու լավ ես պատասխանել, որ էդպես է քեզ հետ, ու չգիտես՝ ինչ անես դրա դեմ:

– Կարո՞ղ եք վարժություններ ուղարկել, որ մի քիչ պարապեմ: Ինչքան ինքնավստահ լինեմ, էնքան քիչ կլարվեմ:

Դուրս ես գալիս կաբինետից, դեմքիդ՝ լայն ժպիտ: «Դու արժանի ես գերազանցի»,- անընդհատ կրկնում ես ու գնում գրադարան, որտեղ պիտի օրվա մնացած մասն անցկացնես հոդվածդ գրելով:

Իսկ էդ հոդված գրելը հենց էն flow-ն ա, որի մասին երազում էիր տարիներ առաջ: Էս աշխատանքը չպիտի վատ ստացվի, որովհետև մինչև վերջ նվիրվում ես դրան, ազատ ժամանակ դրա մասին մտածում, բլոկնոտդ հետդ խոհանոց տանում, որ եթե հանկարծ ճաշ էփելիս մի լավ միտք ծագի, անմիջապես գրի առնես:

Ճաշի ժամանակ լրիվ անկապ ասում ես, որ լարված ես: Շեղաչին դուր ա գալիս, էս ամիսների ընթացքում առաջին անգամ մի վատ բան լսեց:

– Երևի արդեն կարոտում ես Յոենսուն,- խայթեց,- թեզդ ստեղ գրի:

Շեղաչն ատում է Յոենսուն ու չի հասկանում, թե ինչու և ինչն ես սիրում: Դու էլ չես հասկանում:

Վերադառնում եք գրադարան: Սուրճի ժամն է գալիս: Շեղաչը չկա: Մենակ կգնաս: Կարելիա մասնաշենքից դուրս ես պրծնում առանց վերարկուդ կոճկելու ու սառած մտնում Ագորա, որովհետև էնտեղի սրճարանն ավելի ես սիրում, որովհետև էնտեղ են անցել դասերիդ մեծ մասը կիսամյակի ընթացքում:

Սովորականի պես անկաթ-անշաքար սուրճը և պուլլան գրկած նստում ես դատարկ սեղաններից մեկի մոտ: Մեն-մենակ: Էստեղ Մարիա չկա, որ ասես՝ չգնա՞նք սուրճ խմելու: Էստեղ կան գերմանուհիներ, որոնք սուրճ խմելու գնալիս քեզ ձեն չեն տալիս՝ հավանաբար մտածելով, որ դու մենակություն ես սիրում: Էստեղ կա նաև շեղաչ, որն էդքան երկար չի մնում գրադարանում, որ սուրճ խմելու գա:

Բաժակը սեղմում ես սառած ձեռքերիդ մեջ ու պատուհանից դուրս նայում: Մութն արդեն ընկնում է: Կծում ես պուլլան: Երևի վերջին անգամ: Յոենսուում: Որովհետև նախորդ օրը գտել էիր ռեցեպտը, խնամքով դրել ճամպրուկիդ մեջ, որ հետդ Նիդեռլանդներ տանես:

Շուրջդ միջազգային ուսանողներ չկան: Մենակ ֆիններեն: Երկար բաղաձայններ, որ հայկական ականջիդ որպես վանկարկում է հնչում:

Գրադարանում նորից flow-ի մեջ: Նորից գլուխ ես ջարդում, գրում, ջնջում, վայելում աշխատանքդ: Սա էիր փնտրել էսքան տարի: Ափսոսում ես, որ էսքան ուշ ես գտել: Ու չգիտեմ՝ որտեղից եկավ, ինչու եկավ, ինչպես եկավ: Դեռ անցյալ տարի էս ժամանակներն ինձ զոռում էի, որ նստեմ, մի երկու ակադեմիական տող գրեմ:

Բարձրախոսը հայտարարում է, որ գրադարանը հեսա կփակվի: Արագ-արագ ստուգում ես ավրորա բորեալիսի տեսությունը, փաթաթվում ձմեռային հագուստիդ մեջ ու դուրս գալիս: Նայում ես երկնքին: Չէ, էսօր ավրորա չտեսար: Նստում ես հեծանիվդ ու սարնիվեր՝ դեպի տուն:

Մոմը վառում ես ու մտնում սենյակդ: Հոգնած ու երջանիկ ու անընդհատ ինքդ քեզ հարցնելով. «Չէ, բայց ինչու՞ եմ Յոենսուն սենց սիրում»: