Վիքենդը Լոնդոնում

Լոնդոնն ինձ համար էմոցիաների քաղաք է: Նույնիսկ առաջին անգամվա գրառումներս կարդալիս ես ոչինչ չտեսա բուն քաղաքի կամ այնտեղ տեսածներիս մասին: Ամբողջն էմոցիա էր: Ու հիմա էլ նույնն է լինելու:

Շաբաթ առավոտ: Լոնդոն հասնելուց կարճ ժամանակ անց Թեյթի վերևում սուրճ ենք խմում ու նայում քաղաքին: Լռություն
Շաբաթ առավոտ: Լոնդոն հասնելուց կարճ ժամանակ անց Թեյթի վերևում սուրճ ենք խմում ու նայում քաղաքին: Լռություն

Լոնդոնում անցկացրածս վիքենդն իմ կյանքի ամենատարօրինակ ճամփորդությունն էր: Տարօրինակ էր սկսած այնտեղ գնալու առաջարկից, վերջացրած նրանով, թե ում հետ գնացի և ինչ արեցինք ողջ երկու օրերի ընթացքում: Այդ ամենի հետ մեկտեղ թանկ են էնտեղ ունեցածս զգացողությունները, խոսակցությունները, որոնց բովանդակությունը ցանկացած մեկի համար բոլորովին աննորմալ կթվային ու տուրիստական ախմախությունների գրեթե բացակայությունը: 

Հայդ պարկ: Սիրուն են Լոնդոնի մայրամուտները: Ու լռություն
Հայդ պարկ: Սիրուն են Լոնդոնի մայրամուտները:

Շուրջս նայելիս քիչ էր մնում մշակութային շոկ ապրեի, որովհետև Լոնդոնում դասակարգային տարբերությունները շատ ավելի ընդգծված ու հստակ են: Նիդեռլանդներում ու Դանիայում նման արտաքին տարբերություններ երբևէ չեմ տեսել: Ինձ զարմացրել էր նաև, թե ինչքան անմիջական էին այնտեղ սպասարկման ոլորտում աշխատողները: Ու որքան որակյալ էր սպասարկումը: Լոնդոնում ամեն-ամեն ինչ էր սարսափելի որակյալ: Ոնց որ աշխարհի որակներն այնտեղ հավաքված լինեին:

Այնտեղ հավաքվել էին նաև բոլոր էմոցիաներս: Աչքիս առաջով նախորդ այցելությանս օրերն ու պահերն էին սահում, հետո դանդա՜ղ տեղափոխվում էի դրան հաջորդած կյանքիս: Լոնդոնը կարճլիկ դադար էր մղձավանջից, որ հետո պիտի լիներ իմ կյանքում: 

Կիրակի երեկո: Գնում ենք Թեյթ Մատիսի ցուցահանդեսին: Կարծեմ Լոնդոն մեկնելու գլխավոր նպատակը հենց դա էր
Կիրակի երեկո: Գնում ենք Թեյթ Մատիսի ցուցահանդեսին: Կարծեմ Լոնդոն մեկնելու գլխավոր նպատակը հենց դա էր

Այս անգամ Լոնդոնը վերադարձ էր իրականություն: Հանդիպում էր իմ, մյուսների, աշխարհի տարօրինակությունների հետ, հայտնագործություն էր, ինքնաճանաչում էր, խելագարություն էր ու պարզապես հանգիստ իմ սովորական դանիական առօրյայից, որին վերադառնալ այլևս չի հաջողվում:

Էրեսունից այն կողմ

Կոպենհագենի հարավի կղզին՝ Աման, Էրեսուն կամրջով միանում է Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքին: Դանիայի մայրաքաղաքի կենտրոնից նստում ես ավտոբուս ու մեկ ժամ անց հայտնվում ես Մալմյոյի կենտրոնում: Այստեղ նույնիսկ նեղություն չես քաշում, որ նավ նստես (ինչպես Հելսինոր-Հելսինբորի դեպքում էր): Էրեսուն կամուրջը հենց նրա համար է կառուցվել, որ Շվեդիայի հարավը կապվի Դանիային, իսկ այնտեղից՝ ամբողջ Եվրոպային:

Դեպի Շվեդիա
Դեպի Շվեդիա

Սկզբում ցամաքը վերջանում է, ավտոբուսը թունել է մտնում: Հետո անցնում է արհեստական կղզու վրայով և հետո նոր սկսվում է իսկական կամրջային մասը: Հրաշալի տեսարան է. նեղուցը, ամպերը, առագաստանավերը և հեռվում երևացող ցամաքը:

Մալմյոն մեծությամբ Շվեդիայի երրորդ քաղաքն է: Արտաքնապես տիպիկ սկանդինավյան քաղաք է իր մանր աղյուսե շինություններով, մի քանի ջրանցքներով ու զբոսափողոցներով: Ու նորից. եթե չլսես, որ ուրիշ լեզվով են խոսում, ստիպված չլինես այլ դրամով վճարել (որը, ի դեպ, նույնպես կրոն է կոչվում), չես էլ զգա, որ Դանիայից դուրս ես եկել:

Մարդաշատ կամուրջ
Մարդաշատ կամուրջ

Մեր այցելության ժամանակ բավական աշխույժ էր: Չգիտեմ՝ միայն Ultra Bowl-ն էր պատճառը, թե այլ առիթներ էլ կային: Փողոցները մարդաշատ էին: Տպավորություն էր, որ Մալմյոյում ով կա-չկա խոսքները մեկ են արել, տներից դուրս եկել: Հրապարակներից մեկում մեծ բեմ էր դրված, ու հանդիսատեսներից ամենանվիրյալներն արդեն դրա դիմաց տեղ էին պահել, որ համերգի ժամանակ առաջին շարքերում լինեն: Մեկ այլ հրապարակում բազմաթիվ վրաններ էին տեղադրված, որոնց տակ զանազան ուտելիքներ էին վաճառում: Զբոսափողոցի ամեն անկյունում կարելի էր երաժիշտներ տեսնել կամ ծայրահեղ դեպքում ուղղակի երաժշտություն էր միացված: 

Փողոցային երաժիշտ
Փողոցային երաժիշտ

Խանութները բաց էին ու մարդաշատ: Երևում է՝ փորձում էին ամառային վերջին զեղչերից օգտվել: Հաճախ ականջի պոչով ABBA-ի երգերը կորսայիր: Սովորակա՞ն երևույթ է, թե՞ քաղաքի զբոսաշրջիկներին շվեդական մշակույթի նմուշներից մեկին ծանոթացնելու միջոց:

Մալմյոյից Կոպենհագեն. կամրջին չհասած
Մալմյոյից Կոպենհագեն. կամրջին չհասած

Երեկոյան նստեցինք ավտոբուս ու վերադարձանք Դանիա: Ճանապարհին մտածում էի՝ ինչքան խելոք պիտի լինեն մարդիկ, որ հարևանների հետ իրար միս ուտելու փոխարեն միմյանց երկրները կապող կամուրջ կառուցեն: Դա, իհարկե, չի խանգարում, որ շվեդներն ու դանիացիները թաքուն իրար չսիրեն ու իրար ձեռ առնեն:

Անդերսենի ծննդավայրը

Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է Դանիայի Ֆյուն կղզու Օդենսե քաղաքում: Մենք երկու ժամում Կոպենհագենից Ֆյուն հասանք: Բայց տասնիններորդ դարում տասնչորսամյա Անդերսենին երեք օր պետք եկավ պրովինցիալ Օդենսեից մայրաքաղաք հասնելու համար: Այն ժամանակ չկար Զիլանդը Ֆյունին կապող մեծ կամուրջը, որը, ի դեպ, հյուսիսային Եվրոպայում ամենամեծն է: Չկային նաև մեքենաներ ու գնացքներ:

Փողոցը, որտեղ գտնվում է Անդերսենի ծննդավայրը
Փողոցը, որտեղ գտնվում է Անդերսենի ծննդավայրը

Անդերսենը ծնվել է Օդենսեի ամենաաղքատ թաղամասում: Այնտեղ իրար գլխի լցված տնակներ էին, որոնցից յուրաքանչյուրը կարող էր մինչև քսանհինգ բնակիչ ունենալ: Անդերսենի ծննդավայրը միացրել են նորակառույց մի շենքի ու ընդհանուր մեծ թանգարան սարքել: Իսկ փողոցի տնակները հիմա սիրուն ներկված ու խնամված են: Երևում է՝ բնավ աղքատ թաղամաս չէ այլևս:

Թանգարանի բակը
Թանգարանի բակը

Մենք այցելեցինք թանգարանը, մտանք նաև տան հատվածը: Ծուռտիկ դռներ-պատուհաններ էին, ցածր առաստաղ ու փոքր սենյակներ: Գիդը պատմեց, որ ժամանակին առաստաղից սավան էին կախում, որ խուսափեն տանիքից թափվող կեղտից ու առնետներից: Հատակն էլ մերկ է եղել, հիմիկվա փայտը որ կա, առաջ չի եղել: Օդենսեի երբեմնի ամենաաղքատ, ծուռտիկ-մուռտիկ, ոչ ճիշտ կառուցված թաղամասը, որը նաև կռիսանոց էր, ոչ թե մի օր քանդել, տեղը ժամանակակից շենքեր են կառուցել, այլ վերանորոգել ու ներկել են: Այսօր Օդենսեում միակ տեսարժան վայրն է:

Անդերսենի ծննդավայրը
Անդերսենի ծննդավայրը

Գիդը մեծ ոգևորությամբ էր պատմում Անդերսենի մասին: Տեղ-տեղ աչքերը լցվում էին, տեղ-տեղ ժպտում էր, տեղ- տեղ փշաքաղվում էր: Երևում էր՝ Անդերսենին շատ էր սիրում և ուզում էր, որ թանգարանի այցելուներն էլ սիրեն: «…Այդ բարձրահասակ, մեծ քթով պատանին իր գրեթե փակ աչքերով ու չափից դուրս բաց մազերով ուզում էր պարող դառնալ: Դրա համար ցանկացավ Կոպենհագեն գնալ»:

Սենյակը, որտեղ ծնվել է Անդերսենը
Սենյակը, որտեղ ծնվել է Անդերսենը

Անդերսենի հայրը կոշկակար էր, մայրը՝ լվացարարուհի: Խիստ աղքատ էին: Չնայած լինելով հասարակության ստորին խավից, հայրը գրել-կարդալ գիտեր ու մեծ գրադարան էր թողել որդուն: Ավելին՝ ծնողներն անընդունելի էին համարում բռնությունը դպրոցում, ու ստիպված եղան Անդերսենին հանել չքավորների դպրոցից այն բանից հետո, երբ իմացան, որ այնտեղ ծեծում են աշակերտներին:

Գիդը պատմեց նաև Անդերսենի անհաջող սերերի մասին, թե ինչպես իր մի սերը հասել էր Կոպենհագեն, որ ասեր՝ ուրիշի հետ է ամուսնանում, իսկ մյուսը շամպայնի բաժակը բարձրացրել էր ու խմել «իր եղբոր» կենացը: «Լեգենդներ են պտտվում Անդերսենի մասին, թե հոմոսեքսուալ էր, հրեա, թագավորի որդի: Ես կարծում եմ՝ բոլորն էլ սուտ են»,- պատմում էր գիդը ու հերթով հիմնավորումներ բերում, թե ինչու չի հավատում լեգենդներին: Մեծ քիթ… կարելի է այս ցուցակին ավելացնել Անդերսենի հայ լինելը:

Հայերեն Անդերսեն
Հայերեն Անդերսեն

Թանգարանի մի առանձին բաժին գրադարան էր: Ներկայացված էին տարբեր լեզուներով Անդերսենի գործերի թարգմանությունները: Հայերեն էլ կար: Տարբեր անկյուններում էլ հեքիաթներից դրվագներ էին: Մի սենյակ էլ նվիրված էր Անդերսենի վախերին. ասում են՝ հետը պարան էր ման տալիս, որ եթե հրդեհ լինի, կարողանա պատուհանից փախչել: Իսկ Փարիզում մի անգամ չորրորդ հարկում է եղել հյուրանոցային համարը: Դրա պատճառով ամբողջ գիշեր չի քնել, որովհետև պարանը կարճ է եղել:

Թագավորի նոր հագուստը
Թագավորի նոր հագուստը

Թանգարանում պտտվելուց հետո գիդը մեզ ազատ թողեց: Ես գնացի գրադարան ու սկսեցի թարգմանություններն ուսումնասիրել: Գիդը մոտեցավ ինձ ու պատմեց, որ կենդանության օրոք Անդերսենը տասնյոթ լեզուներով է թարգմանվել, իսկ հիմա արդեն 157 լեզվով կա: Հարցրեց, թե որն է իմ մայրենի լեզուն: Հետո ավելացրեց. «Որոշ լեզուներով, իհարկե, նրա մահվանից հետո նորից են թարգմանվել. անգլերեն սկզբնական տարբերակը շատ վատն է եղել: Դիքենսի թարգմանությունն էլ շատ ռոմանտիկ էր: Անդերսենը ռոմանտիկ գրող չէ… ասում են՝ մանկական գրող… հեչ մանկական չէ, հեչ»:

Անդերսենի հեքիաթներից շատերի նյութը հենց Օդենսեից է: Պետք էր հասնել այնտեղ էդ բոլորը հասկանալու ու տեսնելու համար: Քաղաքի ամեն անկյունում Անդերսենն էր. մի տեղ արձանը, մի տեղ ծննդավայրը, մի տեղ մանկության տունը, մի տեղ նրա անվան այգին: Սուվենիրների խանութներում հեքիաթներից զանազան պարագաներ էին վաճառում: Ափսո՜ս իմ սիրած հեքիաթը՝ «Լուցկիներով աղջիկը», ոչ մի տեղ չէր հիշատակվում:

Անդերսենի արձանը. այստեղ նրա քիթը շատ ավելի փոքր է սարքած
Անդերսենի արձանը. այստեղ նրա քիթը շատ ավելի փոքր է սարքած

Ասում են՝ Օդենսեն երկու պատվավոր քաղաքացի ունի: Մեկն Անդերսենն է, մյուսը՝ թագավոր Քրիստիան յոթերորդը: Նրանք ապրել են նույն ժամանակներում, բայց մեկը՝ ամենավերևներից, մյուսը՝ ամենաներքևներից: