Մոդիանոյի անունը լսած կայի՞ք մինչև Նոբելյան մրցանակ ստանալը: Ես լսել էի, անգամ կարդացել նրա ոչ հայտնի գործերից մեկը: Բայց երբ Նոբելյանը ստացավ, ռիսկով որոշեցի հայտնիներն էլ կարդալ: Սկսեցի «Մութ կրպակների փողոցից»:
«Ես ոչինչ եմ»,- հենց այս նախադասությամբ է սկսվում գիրքը, ու շուտով իմանում ենք, որ գրքի հերոսը՝ Գի Ռոլանը, սկսում է որոնել ինքն իրեն: Անհասկանալի պատճառներով ամնեզիա ունի ու չի հիշում՝ ով է եղել ինքը, ո՛չ անունը, ո՛չ ազգությունը, ոչ մի բան: Որոնումների ընթացքում տարբեր մարդկանց է հանդիպում, տարբեր հետքերի վրա հայտնվում:
Առաջին հայացքից սովորական դետեկտիվ վեպ է, բայց էստեղ գործ ես ունենում անցյալը կորցրած մարդու հուսահատության հետ: Փնտրում է իր ինքնությունը, փորձում պատկերացնել, թե ինչպիսին է եղել հիշողությունը կորցնելուց առաջ, լցնում բացերը: Սկզբում իրեն սխալ մարդու տեղ է դնում, հետո կամաց-կամաց պարզում է անուն-ազգանունը և ազգությունը: Իսկ այն մարդիկ, որոնք անմիջականորեն կապ են ունեցել հետը, կորած են, ստվերների նման հայտնվում են պատմության մեջ, նորից անհետանում:
Հիշողության պատառիկներ վերադառնում են: Ու դրանց մեջ նոստալգիա կա, ցավ կա, հուսահատություն կա: Բայց լիքը բաներ էդպես էլ բաց են մնում, հանելուկ, ընթերցողն է լցնում դրանք:
Ընթերցողը հասկանում է, թե օտարերկրացիների համար ինչքան դժվար է եղել կյանքը Փարիզում պատերազմի տարիներին: Հեղինակը չի ծամում, դնում բերանդ, այլ փոքրիկ ակնարկներ է անում: Այդ տարիներին մարդիկ կեղծ անձնագրեր են ձեռք բերում, փորձում սահման հատել, կորում ձյան մեջ, կորցնում հիշողությունը, կորցնում իրենց ինքնությունը: Իսկ վերջում պարզում ենք, որ գրքի հերոսը բնակվել է Հռոմի Մութ կրպակների փողոցում: Ասում են՝ հրեական գեթո է:
Ես սովորաբար երբ մի գիրք կարդում-վերջացնում եմ, բլոգումս գրմրում եմ, հետո սկսում եմ փնտրել, թե ուրիշներն ինչ են գրել էդ գրքի մասին: Միշտ մանթո եմ մնում, որովհետև ուրիշները լիքը բան են մեջը տեսած լինում, ես՝ չէ: Ճիշտ է՝ ոնց որ Հեմինգուեյի դեպքում, շատ ժամանակ ձուկն ուղղակի ձուկ է, բայց դե…
Մոդիանոյի «Մութ կրպակների փողոցի» դեպքում լրիվ հակառակ էֆեկտն էր: Կարդացածս վերլուծությունները շատ մակերեսային էին ու վերջանում էին նրանով, որ Գի Ռոլանը տենց էլ չի իմանում, թե էդ բոլոր մարդկանցից որ մեկն է ինքը: Իսկ ինձ թվում է՝ լավ էլ իմանում է, բայց դա բավարար չի լինում ինքնությունը վերականգնելու համար: Մեկ էլ ասվում է՝ էդ սաղ հիշողությունները չես հասկանում՝ իսկակա՞ն են, թե՞ մտացածին: Իմ կարծիքով, հեղինակը շատ հստակ տարբերակում է դնում երևակայության ու վերականգնվող հիշողության միջև: Ու մեկ էլ չնայած էստեղ թեման կոնկրետ կերպարի անձնական ողբերգության մասին է, իրականում դու տեսնում ես պատերազմի տարիների երիտասարդության ողբերգությունը, էստեղ մի այլ կորած սերունդ է նկարագրում Մոդիանոն, բառիս բուն իմաստով կորած: