Յոգան ու ես

Յոգայով սկսեցի զբաղվել հինգուկես տարի առաջ։ Խրոնինգենում մագիստրոսական թեզս էի գրում։ Իմ համակուրսեցի Սոֆյան հարցրեց՝ կուզենա՞մ իր հետ յոգայի գնալ։ Ես էլ առանց երկար֊բարակ մտածելու համաձայնեցի։

Յոգայի գնում էինք մի ֆիթնես կենտրոնում, որն ուսանողների համար բավական էժան բաժանորդագրություն ուներ։ Մեր ուսուցիչներն էին Խեռին (կներեք արտահայտությանս համար) ու Ջինան։ Մի երրորդն էլ կար, բայց անունը չեմ հիշում, հետո ինքը ավելի հազվադեպ էր դասավանդում ու համեմատաբար թույլ էր։ Բայց Խեռին ու Ջինան հրաշալի ուսուցիչներ էին։

Հենց սկզբից ահավոր սիրեցի յոգան։ Ինձ համար դարձել էր մարմինս ճանաչելու միջոց։ Դրան գումարած նաև ֆիզիկական ակտիվություն էր առանց իր հետ եկող տհաճ բաներով. քրտնել, դասից հետո ցնցուղ ընդունել, հսկայական պայուսակ ման տալ և այլն, էս բոլորը չկար։ Յոգայի հագուստը թեթև էր ու նկատելի ծանրություն չէր ավելացնում ուսապարկիս։ Քրտնել գրեթե չկար, ու կարելի էր հեշտությամբ առօրյայի մասը դարձնել։

Էդպես ես ու Սոֆյան գնալով ավելի հաճախ սկսեցինք դասերի գնալ, մինչև դա դարձավ ամեն օր, երբեմն օրը երկու անգամ։ Հիշում եմ՝ ոնց էի սիրում երկուշաբթի առավոտները սկզբում յոգայի գնալ, հետո գրադարանում թեզիս վրա աշխատել։

person rolling green gym mat
Photo by rawpixel.com on Pexels.com

Խրոնինգենի յոգայի խմբի առանձնահատկություններից մեկը նաև այն էր, որ խմբային զգացողություն կար. անընդհատ նույն մարդիկ էին գնում, ոմանց անուններով գիտեինք։ Ուսուցիչներն էլ մեզ բոլորիս անուններով գիտեին ու անհատական մոտեցում էին ցույց տալիս։ Էլ չասեմ, որ յոգան բավական դրական անդրադարձավ ոչ մի այն մարմնիս տեսանելի կողմին (քաշ առանձնապես չկորցրեցի, բայց մարմինս ավելի ձիգ ու սիրուն դարձավ), այլև առողջական կողմին։ Հետևաբար, Հայաստան վերադառնալիս իմ թիվ մեկ խնդիրը յոգայի դասերը շարունակելն էր։

Էդպես գտա Վահագնին ու Նելլիին, գնացի իրենց խմբակը։ Հիմնականում Նելլին էր դասավանդում։ Մի հրաշալի ուսուցիչ էլ նա էր։ Ճիշտ է՝ էս դեպքում ամեն օր դաս ունենալու ճոխությունը չկար, բայց շաբաթը երկու անգամն էլ հրաշալի էր։ Նելլին սովորեցրեց գլխիվայր վարժությունները, ու ինչպես Խեռին ու Ջինան էին, բոլորին անունով գիտեր ու բոլորին անհատական մոտեցում էր ցույց տալիս։ Էդպես Երևանում շարունակվեց իմ մարմնի ճանաչումը։

Բայց սա էլ կարճ տևեց, որովհետև Հայաստանից գնացի շուտով։ Կոպենհագենում յոգայի տեղ գտնելու փնտրտուքների մեջ չընկա։ Գրանցվեցի առաջին պատահած ֆիթնեսում՝ մտածելով, որ Խրոնինգենի պես կլինի։ Բայց Խրոնինգենի պես չէր։ Այս ֆիթնեսը երկրով մեկ հարյուրավոր կենտրոններ ուներ (Խրոնինգենինն ընդամենը երկուսն էր ու միայն քաղաքում)։ Էստեղ խմբերը բավական անդեմ էին։ Ուսուցիչների որակն էլ լրիվ սկսնակ ու ահավոր վատից տատանվում էին մինչև գիտակ ու փորձառուները։ Բայց նույնիսկ վերջիններս ոչ միշտ էին անհատական մոտեցում ցուցաբերում։

Հիշում եմ՝ մի ուսուցիչ կար Լուիզ Յուստեսեն անունով։ Իրեն ամբողջ քաղաքում գիտեին։ Իր դասերին գրանցվել չէր լինում, որովհետև երբ մտնում էիր, քեզնից առաջ 40-50 հոգի կար հերթագրված։ Բայց մի անգամ երեք շաբաթ առաջ գրանցվելով՝ հաջողացրի նրա դասին գնալ։ Ինչ խոսք, Լուիզը սիրուն մարմին ուներ, ճկուն էր, բոլոր դիրքերը լավ էր անում, բայց լավ ուսուցի՞չ։ Ամբողջ խումբը դիտարկում էր որպես անդեմ զանգված, ինչպես մյուս ուսուցիչները։

Ֆիթնեսում յոգա անելու ամենավախենալու կողմն այն էր, որ գլխիվայր վարժությունների ժամանակ շատ բացատրություններ չէին տրվում, թե ինչ պետք է արվի։ Ուսուցիչներն էլ ուշադրություն չէին դարձնում։ Սկզբում ինքս անում էի մտքիս մեջ Նելլիի ձայնով կրկնելով ինստրուկցիաները։ Հետո սկսեցի վախենալ ու այլևս չանել։

Ֆիթնեսում մի լավ ու գոնե մի միջին լավ ուսուցիչ ամեն դեպքում գտա։ Մեկը Էլլին էր։ Հղի էր, բայց էդ ո՜նց էր դասավանդում, ո՜նց էր սենյակի մի ծայրից մյուսը թռվռում ու հերթով բոլորին անհատական մոտեցում ցուցաբերում։ Հետո գնաց ֆիզարձակուրդ ու այլևս չվերադարձավ։ Միջին ուսուցիչը Վիբեկեն էր։ Ինքն էնքան մեծ փորձ չուներ։ Փորձում էր անհատական մոտեցում ցուցաբերել, որը ոչ միշտ էր լավ ստացվում։ Ամեն դեպքում, շուտով տեղափոխվեցի քաղաքի մյուս ծայրը, ու Վիբեկեի դասերին այլևս չգնացի։

էստեղ տեղին կլինի ասելը, որ մի քանի տարի առաջ մեջքս սկսել էր ցավել։ Գնացել էի բժշկի։ Ասել էր, որ պիտի մկաններս մարզեմ։ Ասացի, որ յոգայով եմ զբաղվում ու մտածում եմ, որ դասի ժամանակ եմ վնասել։ Ասաց, որ չի հավատում, չի կարող նման բան լինել։ Էդպես որոշեցի ֆիթնեսից հրաժարվել ու գրանցվեցի յոգայի մի խմբում մեր տնից ոչ շատ հեռու։ Էդ ժամանակ արդեն Մորթենի հետ էի ապրում։ Էստեղ էլ մի լավ ուսուցչի գտա, բայց շուտով ինքը գնաց այդ խմբից։ Մնացած ուսուցիչները ոչինչ, միջինոտ էին։ Բայց մեծ մասամբ տղամարդիկ ու մեծ մասամբ մոռանում էին, որ խմբում հիմնականում կանայք են տարբեր մկանային զանգվածով ու տարբեր ճկունությամբ։ Գուցե իրենց դասերը լավ լինեին իրենց կառուցվածքով տղամարդկանց համար, բայց խմբում մենք բոլորս տանջվում էինք։

Յոենսու գնալիս այս խմբից էլ հրաժարվեցի։ Իսկ Յոենսուում յոգայի երկու դասի եմ գնացել միայն էլի ոչ այնքան լավ ուսուցչի մոտ։ Հետո, երբ կարճ ժամանակով Կոպենհագենում էի, գնացի Բյորնի դասին, ու գժվելու չափ լավն էր։ Բայց Բյորնի դասերը ցաքուցրիվ էին, անընդհատ ճամփորդում էր, յոգայի խմբից խումբ տեղափոխվում։ Էդպես մի օր հոգնեցի անընդհատ հետևելուց, թե հաջորդ անգամ որտեղ է լինելու։ Վերջնականապես վերադառնալով Դանիա՝ Օրհուսում գտա մի խումբ, հետո նաև Կոպենհագենում, ու կախված երբ որ քաղաքում էի, գնում էի դասերին։ Կոպենհագենի ուսուցիչները համեմատաբար լավն էին, Օրհուսինը՝ էնքան էլ չէ։ Բանը հասել էր նրան, որ ամեն անգամ Օրհուսում յոգայի գնալիս վինյասայի ժամանակ ինչ֊որ պահից սկսած մեջքիս ցավն էնքան անտանելի էր դառնում, որ ստիպված էի լինում դադար տալ։ Ես հասկանում էի, որ ինչ֊որ բան սխալ եմ անում։ Բայց ուսուցիչը չէր ուղղում։ Մտածում էի նաև, որ գուցե ինչ֊որ բան սխալ անելու արդյունքում վնասել եմ մեջքս, ու հիմա եթե նույնիսկ դիրքը ճիշտ եմ անում, միևնույն է, ցավում է մեջքս։

Էդպես տարիների ընթացքում յոգան դարձավ իմ առօրյայի մի մաս, պարտականության նման մի բան, որը ստիպված էի անում, որովհետև գիտեի, որ մարմնիս համար լավ է։ Լինում էին դեպքեր, երբ հաճույք էի ստանում, լինում էին դեպքեր, որ ոչ այնքան։ Բայց շարունակում էի գնալ՝ լողի հետ դարձնելով իմ ֆիզիկական ակտիվության մի մաս։

Ու երբ եկա Բերգեն, յոգայով զբաղվելը նույնիսկ ավելի կարևոր դարձավ, որովհետև եթե Օրհուսում ու Կոպենհագենում հեծանիվով տեղաշարժվելն ապահովում է որոշակի ֆիզիկական ակտիվություն, ապա Բերգենում հեծանիվ չէի քշում ու շատ քիչ էի քայլում. համալսարանը տնից հինգ րոպե հեռավորության վրա էր, սուպերմարկետը՝ հենց տան տակ, ես էլ ապրում էի կենտրոնում։

Բերգենում ահագին դժվար եղավ յոգայի դասեր փնտրելը։ Սկզբում էքսպատների խմբում գրել, խորհուրդ էի հարցրել։ Երկու տեղ էին խորհուրդ տվել։ Մի տեղում դասերը միշտ լիքն էին, մյուսն էլ անհասկանալի գնային պայմաններ ուներ։ Գուգլեցի ու գտա յոգասենյակը, որը երկու շաբաթով էժան տարբերակ էր առաջարկում իրենց կենտրոն առաջին անգամ հաճախողների համար։ Ինձ հենց էդ էլ պետք էր. երկու շաբաթից, միևնույն է, գնում էի։

Սկզբում Ինգվիլդի դասին գնացի։ Ամբողջ դասն անգլերեն անցկացրեց իմ խաթր։ Հետո Բենեդիկտի դասին գնացի։ Ինքը նորվեգերեն էր խոսում (իսկ նորվեգերեն մի քիչ հասկանում եմ, քանի որ դանիերենին շատ մոտ է), բայց երբ առանձին ինձ էր ինստրուկցիա տալիս, անցնում էր անգլերենի։ Երկուսն էլ հրաշալի ուսուցիչներ էին։ Ամբողջ մարմնի անատոմիան անհատական տարբերություններով անգիր գիտեին։ Մկան առ մկան այնպես էին անում, որ դիրքը ճիշտ անես։ Մանրամասն ինստրուկցիաներ էին տալիս ամեն դիրքի համար, որ սկսած ոտքի մատների ծայրից մինչև ականջներդ գիտեիր՝ ինչ անես։ Յոգային գիտական մոտեցում էին ցուցաբերում ու հասնում նրան, որ դասը դառնում էր թե՛ ֆիզիկական ակտիվություն, թե՛ ինքնաճանաչում, թե՛ հանգստանալու միջոց։ Ամեն դասից հետո մկաններս հաճելիորեն թեթևակի բռնվում էին։ Էստեղ տեղին է ասելը, որ Օրհուսում ու Կոպենհագենում մկաններս երբեք չէին բռնվում, ու ես սխալմամբ մտածում էի, որ էնքան մարզված եմ, որ էլ չեն բռնվում։ Միայն Բերգենում հասկացա, որ իրականում բոլոր դիրքերը բավական ծույլ ու սխալ ձևերով էի անում, ուղղող էլ չկար։

Ու մեկ էլ, ով զարմանք, վինյասայի ժամանակ մեջքի ոչ մի ցավ։ Այդ ցավը, որ արդեն խրոնիկ է դարձել, անհետացավ։ Կարծես նորից մարմնիս հետ կապ հաստատեի ու սկսեի ճանաչել այն։ Դասից դուրս սկսել էի մարմինս զգալ, ինչպես Խրոնինգենում ու Երևանում էր։ Սկսեցի նաև իմ առօրյայում անընդհատ ժամանակ ազատել, որ ամեն օր յոգայի գնամ։ Ճիշտ նույն հաճույքով էի դասերին հաճախում, ինչ հինգուկես տարի առաջ Խրոնինգենում։ Ու տխուր էր, որ այս ամենը պիտի վերջանար։

Էստեղ հասկացա, որ տարիներ շարունակ հենց էսպիսի մոտեցմամբ ուսուցիչներ էի փնտրում ու չէի գտնում։ Բայց չէի էլ հասկանում՝ ինչ էի փնտրում։ Արդեն այնքան ժամանակ էր անցել Խրոնինգենից ու Երևանից, որ լավ ուսուցիչն ինձ համար սահմանվում էր նրանով, որ դասից մի քիչ հաճույք ստացա։ Մտածում էի՝ կորցնում եմ յոգայի հանդեպ հետաքրքրությունս, երևի ուրիշ բան պետք է մտածել։

Բայց վերջին օրը Ինգվիլդին ու Բենեդիկտին նամակ գրեցի՝ շնորհակալություն հայտնելով, որ հնարավորություն տվեցին մարմնիս հետ նորից կապ հաստատել։ Պատասխանեցին, որ ուրախ էին, հետն էլ Կոպենհագենում մի յոգայի կենտրոնի խորհուրդ տվեցին, որտեղ ո՛չ եղել էի, ո՛չ էլ զարմանալիորեն նույնիսկ անունը լսել։ Իմ հին տեղում դեռ վեց դաս ունեմ։ Մտածում եմ՝ չսպասեմ նույնիսկ լրանալուն, գնամ, այդ նոր տեղը փորձեմ։

 

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 5, յոգա թանգարանում

Ամիսներ առաջ համալսարանի սպորտային ակումբում գրանցվելս լրիվ անիմաստ էր․ յոգայի դասերը սովորաբար ցերեկվա ժամերին էին լինում, երբ աշխատում էի։ Հատուկենտ առավոտյան դասերը սկսնակների համար էին, բայց, միևնույն է, կգնայի, եթե կարողանայի գրանցվել․ գրանցումը բացվում է մեկ շաբաթ առաջ ու վայրկենական լցվում։

Առաջին կիսամյակում համալսարանի սպորտային ակումբի ծառայություններից միայն մի անգամ օգտվեցի՝ մասնակցելով յոգայատիպ մի դասի, որի համար ստիպված էի հասնել Տիկարինե։ Թեև քաղաքի կենտրոնից շատ հեռու չէ, բայց կամպուսը տեղակայված է բլրի վրա, ու այս ձյուն-սառույցին էնտեղ բարձրանալ-իջնելն ամենահարմար բանը չէ։

Հենց էս սենյակում էր դասը

Մի խոսքով, էս բոլոր հանգամանքները համատեղելու արդյունքում ուղղակի սկսել էի յոգայով ընդհանրապես չզբաղվել։ Ի՞նչ յոգա։ Ընդհանրապես որևէ ֆիզիկական ակտիվություն չունեի օրը տասը րոպե հեծանիվ քշելուց բացի։ Ու զգում էի, թե ոնց էր մարմինս կամաց-կամաց փտում։ Չէ՛, չէի չաղանում, որովհետև առանձնապես չէի էլ ուտում։

Բայց հունվարից այս կողմ մի քիչ բախտն ինձ ժպտաց, մի քիչ էլ  որոշեցի ինձնով զբաղվել, ու հայտնվեցին յոգայի դասեր ցերեկները՝ աշխատանքային օրվա ուղիղ մեջտեղում, բայց որոնց գրանցվելիս երբևէ խնդիր չէր լինում, որովհետև էջում մեծ-մեծ տառերով գրված էր, որ դասերը սկսնակների համար չեն։ Տեղն էլ էր հարմար՝ հենց քաղաքի կենտրոնում, հետևաբար կարող էի գործից մեկուկես ժամով պոկվել, նորից հետ գնալ։

Էսօր երկրորդ անգամ էի էնտեղ։ Էնպես էր ստացվել, որ դասերիցս մեկը ծրագրվել էր յոգայի ժամին։ Եթե անցյալ կիսամյակ լիներ, հաստատ դասն առաջնահերթություն կլիներ։ Բայց էս անգամ գցեցի-բռնեցի ու մտածեցի՝ կարելի է դասը կես ժամով հետաձգել ու երկուսն էլ հասցնել։

Ու լանչին Սաթուի հետ Յոենսուի վերջին նորությունը՝ ձնե ժողովուրդը, քննարկելուց հետո մի ժամ էլ աշխատեցի և ուղևորվեցի թանգարան։ Հա՛, ճիշտ եք կարդում․ թանգարան։ Յոգայի դասը թանգարանում էր։ Չգիտեմ՝ ում պայծառ մտքով է անցել երկուշաբթի օրերին, երբ թանգարանը փակ է, այն յոգայի սրահի վերածելը, բայց պիտի ասեմ, որ հրաշալի գաղափար է․ գորգիկդ փռում ես փայտե հատակին, ու շուրջդ լիքը թանգարանային նմուշներ են։ Մթնոլորտն էլ հանգիստ է, ու ոչ մի ձայն շուրջդ չի լսվում։

Պիտի ասեմ, որ ուսուցիչն ամենահաջողներից չէ ու դասի ընթացքում ինձ համար անընդունելի բաներ է ասում կամ անում։ Բայց Յոենսուում երևի էսքանից ավելին սպասել չեմ կարող, ու պարզապես հարմարվում եմ․ եթե երգի բառերը չեմ հասկանում, կարող եմ ուղղակի չկրկնել նրա հետևից։

Իսկ դասը նախորդ անգամվա համեմատ ավելի հաճելի էր։ Մարմինս էլ էնքան ժանգոտած չէր, ինչքան անցյալ անգամ, ու ավելի թեթև էի շարժվում։ Ու էնքա՜ն կարոտել էի մարմնիս վրա կենտրոնանալն ու նրա հնարավորություններն ուսումնասիրելը։ Կարևորը՝ կարողացա դասի ժամանակ մի բոլ անջատվել։ Դասից հետո գորգիկս գցեցի ուսիս ու վազեցի համալսարան։ Ուսանողներս արդեն սպասում էին։

Վերջերս ամեն անգամ լսարան մտնելուց հետո զգում եմ, թե ինչ աստիճանի արձակուրդի կարիք ունեմ։ Ու գնալով այդ կարիքը մեծանում է։ Մյուս շաբաթվանից գոնե դաս չեմ ունենա, գրաֆիկս ավելի թեթև կլինի, ու երևի կհասցնեմ մի քիչ հանգստանալ մինչև նոր արկածներ սկսելս։

 

Լավ բաները Հայաստանում

hetso5Քանի որ վերջին երկու ամիսներին ինչ ասես գլխիս չի գալիս ու քանի որ անընդհատ քիչ է մնում` իրերս հավաքեմ, նորից գնամ Հայաստանից, նստեցի ու սկսեցի մտածել, թե էստեղ ինչն է ինձ ուրախացնում: Կետերը շարում եմ առանց հատուկ հերթականության:

1. Հեծանիվ – ամեն անգամ հեծանիվ նստելիս ու A կետից B-ն շարժվելիս ինքս ինձ ասում եմ, թե որքան երջանիկ մարդ եմ, որ հասարակական տրանսպորտի հույսին չեմ: Երբեմն պատահում է, որ ուզած-չուզած երթուղայինից, ավտոբուսից կամ տաքսուց եմ օգտվում, ինչի արդյունքում համոզվում եմ, թե որքան լավ է, որ հեծանիվ ունեմ:

2. Յոգա – Հայաստան եկած-չեկած առաջին բանը, որ արեցի, յոգայի դասեր գտնելն էր: Հիմա հաճախում եմ Հիմալայան յոգայի կենտրոն, ու դա մի այլ կարգի երջանկություն է ինձ համար, հատկապես ժամերով կոմպի մոտ նստած աշխատելուց հետո: Դասից հետո ներվերս անջատած տուն եմ գալիս:

3. Ամերիկյան համալսարանի գրադարան – երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ արթուն ժամերս ավելի շատ էնտեղ են անցնում, քանը տանը կամ մի ուրիշ տեղ; Մտավոր աշխատանք կատարելու համար տրամադրող մթնոլորտ է: Ձեռի հետ էլ հին ու նոր ընկերներիս եմ տեսնում, հաճելի ընդմիջումներն ապահովված են:

4. Ուսանողներս – ի՞նչ էի անելու, եթե մանկավարժականում շաբաթը մեկ դասերս չլինեին: Իսկ ես էդ դասերից մի այլ կարգի հաճույք եմ ստանում հենց ուսանողների, նրանց հետաքրքրվածության ու վերլուծական ունակությունների շնորհիվ: Համ էլ մի տեսակի ինչ-որ բանի համար պիտանի եմ զգում ինձ:

5. Համով մրգերը – մեկ էլ ինձ համար դրախտային երջանկություն է ամեն երեկո հայկական միրգ ուտելը: Պայուսակիս մեջ միշտ խնձոր է լինում (ամերիկյանում հանդիպածս ընկերները կհաստատեն, իրենց էլ եմ հյուրասիրում), տանն էլ անընդհատ դեղձ ու տանձ եմ ուտում: Հրաշք:

6. Փոսթքրոսինգ ու բացիկներ – էն ամենաներվային ժամանակ բացիկներս հանում եմ, սկսում դասավորել, նորերն եմ գրում, որ ուղարկեմ: Նյարդերս լավ անջատվում են: Ու ընդհանրապես ինչ Հայաստան եմ եկել, ինձ սկսել են լավ նայել.  ոչ թե առանձին մի բացիկ եմ ստանում, այլ միանգամից երեք-չորսը, սիրուն նամակներ, իսկ մի անգամ նույնիսկ գիրք եմ ստացել:

Քանի որ էսօր դրական բաներից էինք խոսում, մոռանում ենք բացասականների ցուցակը. միևնույն է, առանց դրանց մասին բարձրաձայնելու էլ անընդհատ պտտվում են գլխավերևումս ու թունավորում առօրյաս:

Վերջին երկուշաբթին (Խրոնինգենում)

Գուցե շաբաթվա մնացած օրերին քնած մնամ, մինչև տասնմեկն ալարկոտ շուռումուռ գամ անկողնում, բայց դա երբեք տեղի չի ունենում երկուշաբթի օրերին. հենց զարթուցիչը ժամը ութն ազդարարում է, ես անմիջապես ոտքի եմ կանգնում: Երկուշաբթի առավոտյան յոգայի սիրածս դասն է:

Այսօր էլ, մնացած երկուշաբթիների նման սպորտային շորերով տնից դուրս եկա: Խեռին (յոգայի դասատուն, կներեք արտահայտությանս համար, բայց նրա անունն էդպես է) անսովոր բարձր տրամադրություն ուներ: Սկզբում սխալ (էլեկտրոնային երաժշտություն միացրեց): «Պատկերացնու՞մ եք սրա տակ դիսկո յոգա անենք,- ասաց,- դիրքերն արագ-արագ փոխելով»:

Ահավոր սիրում եմ երկուշաբթի առավոտյան յոգայի դասից հետոյի զգացողությունը, երբ նյարդերս ինչքան ուժ ունեն անջատված են, երբ լիքը խնդիրներ ունեմ, բայց թքած ունեմ դրանց վրա, երբ թուլացած եմ, բայց քնել չեմ ուզում: Էդ զգացողությունը մի քանի ժամ շարունակվում է, հաճախ նույնիսկ ամբողջ օրը:

Յոգայից հետո գնացի գրադարան: Սկզբում բարձրացա կաֆետերիա սուրճ խմելու ոչ էնքան կարիքից, որքան սովորության համաձայն: Երկուշաբթի առավոտները սուրճը չի օգնում, ու շարունակում եմ անջատված մնալ ողջ օրվա ընթացքում:

Հետո կոմպի մոտ բզբզացի ու էդպես էլ չկարողացա պոստերը սարքել: Չեմ հասկանում՝ թեմա ընտրելու դժվարությունի՞ց է, թե՞ անինքնավստահությունից, որ ոչ մի քայլ առաջ չի գնում: Իրականում պոստեր սարքելն ընդամենը մի ժամվա գործ է: Միայն թե կենտրոնանալ է պետք:

Ժամը երկուսին Հարմոնիա մասնաշենքի մոտ հանդիպեցինք Սրջանը, Սոֆին ու ես, գնացինք Սայմոն սուրճ խմելու: Էնքան լավ էր, որ Սոֆին էստեղ էր: Լրիվ դրական մարդ, հումորով ու կատակներով պատմում էր, թե Պոտսդամում թեզի հետ կապված ինչ դժվարություններ է ունեցել: Մի քիչ էլ հոլանդացիների ու հոլանդերենի թեմայով զվարճացանք: Խոստովանեցի, որ ախենդա պահելն ինձ համար ծիծաղելի չէ, որովհետև ես նույն օրի եմ, անգամ երբ Հայաստանում էի: Կարծում եմ՝ Սոֆիի համար էլ ծիծաղելի չէր, որովհետև գերմանացիներին էլ խորթ չէ ամեն ինչ նախապես պլանավորելու երևույթը:

Սայմոնում վերջին անգամ էի սուրճ խմում: Քանի որ քարտս լրացել էր, էսօր անվճար սուրճ ստացա: Ուզեցի վերադառնալ գրադարան, բայց զգացի, որ էսօր բանի պետք չեմ, Սրջանի ու Սոֆիի հետ մի քիչ թափառեցի խանութներով:

Անձրևի սպառնալիքի տակ Սոֆին որոշեց վերադառնալ Հարեն, ես էլ գնացի Խրոնինգենի քաղաքային գրադարան՝ մինչև պիլատեսի ժամը կգար: Հենց էդ ժամանակ էր, որ մամաս հղում ուղարկեց, թե՝ Ալ-Քաիդան պատրաստվում է Եվրոպայում արագընթաց գնացքներ գմփացնել ու որ զգույշ լինեմ: Աչքս լույս: Ինչի՞ համար զգույշ լինեմ, ո՞նց զգույշ լինեմ: Եթե տեռորիստը որոշել է պայթացնել իմ գնացքը, ի՞նչ կարող եմ անել: Ու ընդհանրապես, էս շուխուռն անողն ԱՄՆ-ն է, մի պետություն, որին մեղմ ասած չեմ վստահում:

Տոմսերս էսօր տպել էի, փորփրեցի, տեսա, որ ICE գնացք (հոդվածներում հիմնականում հենց այս գնացքների մասին էին խոսում) ամեն դեպքում նստելու եմ: Կիրակի օրը Լյուբեկից Բեռլին ճանապարհի վերջին կտորը Համբուրգից սկսած դրանով եմ անցնելու: Ըհը, ուրեմն տեռորիստների զոհը դառնալու շանսեր ունեմ: Փաստորեն, այս երկուշաբթին կարող է ոչ միայն վերջինը լինել Խրոնինգենում, այլև ընդհանրապես վերջինը: Միայն թե վախենում եմ՝ հսկայական ճամպրուկով ինձ տեսնելիս տեռորիստի տեղ չդնեն:

Հետո մի վերջին անգամ պիլատեսի գնացի, որին հաջորդեց մի վերջին անգամ body balance-ը Ջինայի հետ ու նախավերջին անգամ ընդհանրապես (չորեքշաբթի Խեռին է դասը վարում): Էս անգամ հավասարակշռության վարժությունները բավական լավ արեցի: Մոռացել էի աշխարհում գոյություն ունեցող բոլոր մարդկանց, դահլիճում կանգնած տասներկու կանանց ու դասը վարող Ջինային, ուղղակի կանգնել էի մի ոտքի վրա, մյուսը պարզել դեպի վեր՝  ձգվելով դեպի առաստաղ:

Դասից հետո Ջանեթն առաջարկեց չորեքշաբթի միասին սուրճ խմել որպես հրաժեշտ: Մարտինան հարցրեց, թե արդյոք նորից ինձ տեսնելու է: «Կգրանցեմ ախենդայումս»,- եզրափակեց Ջանեթը:

 

Պատմություն 1. մի բանի մասին, որ ոչ ոք չէր սպասի՝ ես կանեմ

Արդեն մի պատմություն կա այստեղ, բավական հետաքրքիր ու ստեղծագործ մոտեցում է ցուցաբերել Տանամասին: Ես էլ եմ սկսում իմ 30 պատմությունները, որ չասեք՝ եկավ շուխուռ արեց, ինքը գնաց: Քանի որ Գերմանիա-Հոլանդիաներում կռված աղջիկ եմ, պատմությունները կտեղադրեմ այն հերթականությամբ, ինչ գրել եմ ցուցակում:

Հա, ուրեմն երբ երեկ կազմում էի ցուցակը, չէի մտածում՝ բա ես ո՞նց եմ տակից դուրս գալու: Ինչ մտքիս փչում էր, գրում էի: Հենց էս վերնագրի տակ սկզբում պատկերացնում էի մի էսպիսի բան. «Բոլորը մտածում են, թե էս ինչ լավն ես, պուպուշ ես, բայց անում ես մի բան, որ բոլորը զարմանում են. դու ո՞նց կարայիր սենց բան անեիր, քեզնից չէի սպասում, ամոթ քեզ և այլն»: Երբ երկար մտածեցի, որոշեցի հակառակն անել, այսինքն՝ մի էնպիսի բան ընտրել, որ մարդիկ կարծում են, թե ինչքան վատն ու անհաջող եմ, բայց արի ու տես, կարողացել եմ զարմացնել նրանց:

Դե ուրեմն մի հատ նայեք ինձ: Կոլոտ ու չաղ, սպորտերից կիլոմետրերով հեռու, չմարզված, անզգույշ, քսանչորս տարեկան, 360 օրականում նոր հեծանիվ քշել սովորած, հիպոդինամիկ, ամբողջ օրերը մտավոր աշխատանքի մեջ թաղված: Մի խոսքով, ես ուր, մարմնի հետ կապված վարժություններն ուր: Բայց արի ու տես, որ էնքան էլ էդպես չի:

Յոգայով սկսել եմ զբաղվել մի քանի շաբաթ առաջ: Հենց սկզբից ոչ մի դիրք ինձ համար բարդ չէր, ու տարիներ շարունակ յոգայով զբաղվողները զարմանում էին, որ ամեն ինչ շատ հեշտ ստացվում է: Դե սկզբում ամենահեշտ դասերին էի գնում: Հետո միացա նաև body balance-ին, որը մի քիչ ավելի բարդ է: Էնտեղ էլ ընդամենը մի դիրք կա, որ չի ստացվում, բայց դա դասատուն էլ չի կարողանում: Հա, ուրեմն էդ դասի ժամանակ է, որ կա full bridge կոչվող դիրքը, ու մի անգամ, երբ բանից բեխաբար ինձ համար դասատուի հրահանգին ի պատասխան հայտնվեցի հենց էդ դիրքում, պարզվում է՝ մեջքի վրա պառկած կողքիններս ահագին զարմացել էին ու եզրակացրել, որ մարմնի քաշն ու բոյը, նույնիսկ մարզվածությունը հեչ կապ չունեն ճկունության հետ: Հա, չունեն:

Բայց դե bird-ը չի ստացվում ու երևի երբեք էլ չստացվի, որովհետև ինչ-ինչ, բայց իմ ձեռքերը թույլ են, շա՜տ թույլ: