Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի ուսումնական ծրագրի առանձնահատկությունները

Ինչպես Ծլնգին խոստացել էի, այս գրառմամբ անդրադառնում եմ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի կրթական ծրագրերին։

Սկսեմ նրանից, որ այստեղ ուսումնական տարին երկու կիսամյակից է բաղկացած, ինչպես գրեթե ամեն տեղ, բայց կիսամյակներն էլ իրենց հերթին երկուական study period-ներից են բաղկացած, ինչպես հին ու բարի Սովետում քառորդներ գոյություն ունեին։ Ի տարբերություն կիսամյակների, study period-ների սկզբի ու ավարտի միջև արձակուրդ կամ պաշտոնական անցում չկա։ Միայն չոր օրացուցային օրեր են, ու կարիքի դեպքում կարելի է դրանք թեթևակի խախտել։

Հենց study period-ներով է պայմանավորված, որ գրեթե ոչ մի առարկա մի ամբողջ կիսամյակ չի ձգվում, այլ ավարտվում է մոտավորապես տվյալ study period-ի ավարտին։ Բայց քանի որ ես դասավանդում եմ Էրազմուս մունդուսի կլինիկական լեզվաբանության միջազգային մաստերում, իմ կյանքը մի քիչ տարբերվում է սովորական ֆիննական ծրագրերում դասավանդողներինից թե՛ լավ, թե՛ վատ իմաստով։

Այս մաստերի ուսումնական ծրագիրն ու օրացույցը հարմարեցված է համագործակցող մյուս համալսարաններին, ու այդ ուսանողները միաժամանակ թե՛ օրենքից, թե՛ կիսամյակային բաժանումներից մի քիչ դուրս են։ Այդ ուսանողները Յոենսուում պետք է անցկացնեն մի կիսամյակ, ինչը համապատասխանում է էստեղի համալսարանի երեք study period-ի (երկուսն առաջին կիսամյակից, մեկը՝ երկրորդից)։ Փաստորեն, ստացվում է այնպես, որ երկրորդ կիսամյակի երկրորդ կեսին դասավանդելու պարտականություն չունեմ, եթե, իհարկե, նոր բաներ վզիս չփաթաթեն։

Հիմա գանք այն հինգուկես առարկաներին ու տեսնենք, թե ոնց է ստացվում, որ շնչելու ժամանակ, այնուամենայնիվ, մնում է։ Այդ առարկաներից յուրաքանչյուրը տասներկու կոնտակտային ժամ ունի, որոնք հիմնականում ձգվում են երեք շաբաթ՝ ամեն շաբաթ չորսական ժամով։ Այդ մի շաբաթը, երբ ութ կոնտակտային ժամ ունեմ, պայմանավորված է նրանով, որ առաջին study period-ը վերջանում է, երկրորդն է սկսվում, ու մի առարկայի վերջը համընկնում է երկրորդի սկզբի հետ։ Էդպիսի համընկնումներ կարող էին լինել նաև հենց առաջին study period-ի ներսում, բայց քանի որ մեթոդոլոգիա առարկայի ուղիղ կեսն էի դասավանդելու, մյուս կեսը դասավանդող պրոֆեսորիս հետ էնպես հարմարացրի, որ ոչ միայն չհամընկան, այլև մի ամբողջ շաբաթ դասավանդելու ժամեր չունեի։

Փաստորեն, եթե այս հինգուկես առարկաները համեմատեինք նորմալ, կիսամյակով մեկ ձգվող առարկաների հետ, կստացվեր ընդամենը երկուսը կամ երեքը՝ նայած ինչպես հաշվենք, ու դա կլիներ նորմալ ծանրաբեռնվածություն։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի կիսամյակով մեկ ձգվող երկու առարկա այս հինգուկեսի փոխարեն, որովհետև ամեն առանձին առարկա նաև լիքը ադմինստրատիվ աշխատանք է խլում ու առանձին մի քանի օր գնում է պլանավորելու ու նյութերն ընտրելու վրա։ Բայց էստեղ գալիս եմ իմ մյուս պարտականություններն ու ընդհանրապես այս համալսարանի ուսումնական ծրագրերի յուրօրինակությունները։

Այս բոլոր առարկաներից, որ դասավանդում եմ, հնարավոր է 1 – 10 կրեդիտ հավաքել։ Ուսանողը, օրինակ, ներկա գտնվելով հոգելեզվաբանության բոլոր դասերին ու քննությունը հաջողությամբ հանձնելով ստանում է 1 կրեդիտ։ Բայց ցանկության դեպքում կարող է 10 ստանալ, իսկ դրա համար պետք է լրացուցիչ առաջադրանք կատարի, ինչը նշանակում է լսարանից դուրս ուսանողի հետ անհատական աշխատանք։ Իհարկե, դա այնքան էլ վատ չէ, բայց միայն այդ մաստեր ծրագրում 23 ուսանող կա, ու նրանցից յուրաքանչյուրն առնվազն մեկ առարկայից լրացուցիչ աշխատանք կատարելու է, որ կարողանա կիսամյակային բոլոր կրեդիտները հավաքել։ Դրան էլ ավելացնենք, որ իմ դասերին հաճախում են նաև այդ մաստերից դուրս ֆին ու փոխանակային ուսանողներ։ Արդյունքում՝ կոնտակային ժամերից շատ ավելի շատ ժամանակ եմ անցկացնելու ուսանողներին ղեկավարելու վրա։

Բարեբախտաբար, այն կես առարկան, որ դասավանդել եմ, լրացուցիչ առաջադրանքի հնարավորություն չուներ, իսկ այս մեկը, որ հիմա եմ դասավանդում, ֆիքսված լրացուցիչ առաջադրանք ունի․ ով ուզում է նախատեսվածից շատ կրեդիտ ստանալ, քննությանն իրեն լրացուցիչ հարց կտրվի լրացուցիչ գրականությունից։ Բայց այ երբ կլինիկական լեզվաբանությունն ու հոգելեզվաբանությունը սկսվեն, չգիտեմ՝ ինչ է կատարվելու։

Էստեղի ուսումնական ծրագրի մեկ այլ առանձնահատկություն են էսպես կոչված գրքային քննությունները․ առարկան ոչ մի կոնտակտային ժամ չունի, ուսանողը նախատեսված գիրքը կարդում է, գալիս քննության։ Էդպես ես մոտ ութ առարկայի գրքային քննություն եմ կոորդինացնում։ Դրանցից հինգը նաև նրանք են, որոնք նաև կոնտակտային ժամեր ունեն, ու ինքս դասավանդում եմ, բայց մյուս երեքի հետ, կարելի է ասել, կապ չունեմ։

Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ այս գրքային քննություններն աշխարհի ամենաանհեթեթ բանն են։ Փաստորեն, քննություն եմ ընդունում էնպիսի գրքերից, որոնք ինքս էլ չեմ կարդացել։ Ինչ խոսք, հասկանալի է, թե ինչու այս ֆորմատն ընդհանրապես գոյություն ունի։ Ֆինլանդիան բավական նոսր բնակեցված մեծ երկիր է, ու գրքային քննությունները հնարավորություն են տալիս հեռակա սովորել։ Հենց էդ պատճառով Յոենսուն նաև MOOC-երով ու իր սեփական օնլայն կուրսերով է դասավանդում։ Բայց քննություն ընդունել գրքերից, որ ինքս ոչ միայն չեմ կարդացել, այլև ոլորտից միայն պերիֆերիկ գիտելիքնե՞ր ունեմ։ Այս դեպքում կարելի էր գոնե ցենզորների վերցնել, ինչպես Կոպենհագենի համալսարանն է անում․ ոչ մի քննություն առանց ցենզորի չի անցնում։

Մի խոսքով, ոնց որ սրանք էին դասավանդման հետ կապված պարտականություններս։ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի այլ առանձնահատկություններից ուրիշ առիթով կգրեմ։

 

Յոենսուն մի շաբաթ անց

Առաջին շոկս եղանակն էր։ Ճիշտ է՝ Կոպենհագենում այս տարի ամառ չէր եկել, բայց գոնե ցուրտ էլ չէր, ու գիշերային ժամերին յոթից ութ աստիճանն արդեն անսպասելի էր։ Ինձ հետ միայն աշնանային հագուստ էի բերել՝ մտածելով, որ ձմեռայինները սեպտեմբերի վերջին կբերեմ։ Իսկ առավոտները տնից դուրս գալիս մի քանի շերտ հագուստ էի հագնում ու փաթաթվում շարֆիս մեջ, որ չմրսեմ։ Համալսարան հասնելուն պես նույն հաջողությամբ հանում էի բոլոր շերտերը՝ թողնելով մեկը․ ֆիննական շենքերն էնպես են կառուցված, որ անգամ առանց ջեռուցման ներսում բավական տաք է՝ անկախ դրսի ջերմաստիճանից։

Բայց առաջին օրերն արևոտ էին։ Կողքից ֆիններն անընդհատ ասում էին՝ ամառը վերջապես եկավ։ Իմ ոչ մի իրականության մեջ տասնչորս աստիճանն ամառ չէ։ Ու եթե շուրջբոլորս կանաչ չլիներ, հաստատ կմտածեի, որ կյանքիցս երկու ամիս կորել է, հայտնվել եմ նոյեմբերում։

Տեսարանն իմ բաց պատուհանից

Ընդամենը մի շաբաթ առաջ Յոենսուում ամեն ինչ կանաչ էր, ու աշնան հետքը չէր երևում (եթե ջերմաստիճանը չհաշվենք), իսկ այսօր արդեն փողոցում լիքը թափված դեղին տերևներ կան։ Այստեղ աշունը կարծես արագացված լինի, ու ընդամենը մի քանի շաբաթից սկսվելու է ձմեռը՝ սկզբում մութ, սղլիկ ու դեպրեսիվ, հետո՝ կես մետրանոց ձյունով ու ցրտով։

Երկրորդ շոկս լռությունն էր։ Տանտերս ինձ մի քանի անգամ զգուշացրեց, որ երեկոյան իննից հետո տանը շշուկով խոսեմ։ Երևի ասածներն ականջի հետև գցեի, եթե չնկատեի, որ ընդհանրապես օրվա ընթացքում քաղաքն էնքան լուռ է, որ անգամ ճանճի տզզոցը կլսվի։ Բայց այդ լռությունն ինձ համար անսովոր էր։ Թարսի պես շարժական սպիկերս մոռացել էի Կոպենհագենում, ու անգամ որակյալ ձայնով երաժշտություն լսելու հնարավորություն չկար։ Էդպես սովորեցի ինքս ինձ հետ խոսել, որ գոնե որևէ տեսակի ձայն լսեմ։

Երբ Մորթենին Սկայփով պատմեցի լռության կանոնի մասին, ջղայնացավ ու ասաց, որ մարդիկ պիտի ապրեն։ Հասկանալի է, որ չի կարելի ուշ ժամի տանը պարել ու բարձր երաժշտություն միացնել, բայց խոսե՞լ։ Նաև չհավատաց կանոնի լրջությանը։ «Վիքենդների նկատմամբ մեղմ կլինեն»,- ասաց։

Երևի իրոք այդպես էր, որովհետև ուրբաթ երեկոյան հարևանը բարձր երաժշտություն էր միացրել։ Բայց երկար չտևեց․ 21:30 մի ջղային հարևանուհի նրանց դուռը թակեց, գոռգոռաց, ինչից հետո բոլոր ձայները լռեցին, ու ամեն ինչ վերադարձավ իր նախնական վիճակին։ Շաբաթ գիշերն էլ հարևանները կարաոկե էին անում, ու աղմուկն այնքան մեծ չէր։ Մտածեցի՝ երևի մի թեթև աղմկել կարելի է։ Բայց նորից նույն ժամին նույն հարևանուհին դուռը թակեց, ու նորից ամեն ինչ լռեց։

Քաղաքը կամրջի վրայից

Երրորդ շոկս քաղաքում մի ամբողջ սերնդի բացակայությունն է։ Այստեղ կտեսնես հիսունն անց մարդկանց և ջահել ուսանողների, բայց իմ սերնդի մարդ չկա։ Երբ տանտերս հայտնեց, որ ռումմեյթս ֆրանսուհի է լինելու, աղոտ հույս փայփայեցի, որ ինձ հասակակից կլինի։ Ռումմեյթս՝ Մանին (Մանուի հետ չշփոթել) տասնինը տարեկան է։ Յոենսուի ռումմեյթներիս տարիքը նույնն է մնում, միայն ես եմ մեծանում։

Առաջին շաբաթվա մեջ արդեն համոզվեցի, որ սոցիալիզացիան էստեղ գրեթե բացառված է․ հիսունն անց պրոֆեսորներն իրենց ընտանիքների հետ են, իսկ քսան-քսանմեկ տարեկան ուսանողների ուշքն ու միտքը հարբելն է։ Ուրեմն ինքս պիտի իմ ճարը տեսնեմ։

Ինձ այդքան չի գժվացնում սոցիալիզացիայի բացակայությունը, որքան դրա հնարավորության բացակայությունը։ Եթե չիմանայի, թե ինչքան կարևոր է մարդկանց հետ շփումը հոգեկան առողջության համար, գուցե էդքան ծանր չտանեի էդ հնարավորության բացակայությունը։ Ինչ խոսք, կարող եմ հանկարծ իմ կյանքում հայտնված էսքան ազատ ժամանակն ավելի արդյունավետ ծախսել ու հասցնել բոլոր կիսատ թողած գործերս։ Բայց մարդկանց բացակայությունը սպանում է նաև մոտիվացիան, ու անգամ մյուս շաբաթվա դասախոսություններս դեռ մինչև վերջ չեմ պատրաստել։

Յոենսուի հիմնական բնակիչները սկյուռիկներն են․ նրանք ամենուր են ու անվախ

Մարդկանց ներկայությունը հաշվի առնելով էի վարձել մի տուն, որտեղ մենակ չէի լինելու։ Բայց Մանին ամբողջ շաբաթվա ընթացքում ծնողների հետ էր։ Միայն երեկ ծնողները գնացին, ու Մանին տուն եկավ։ Իմ սենյակում պառկած էի այդ ժամանակ։ Երևի չգիտեր, որ տանն եմ, որովհետև հանկարծ շատ բարձր հեկեկոց լսեցի (կամ բարձր չէր, պարզապես լռությունն էր նպաստում, որ լավ լսվի):

Մանին էլ էր տառապում այս քաղաքի ոչմիբանությունից։ Կարծում էի՝ ուսանողների համար ավելի հեշտ է, որովհետև ինձ համար գոնե ավելի հեշտ էր հինգ տարի առաջ, ու միշտ կարոտով էի Յոենսուն հիշում։ Բայց ասաց, որ սարսափելի է, որ ոչինչ չկա քաղաքում, ոչինչ հնարավոր չէ անել վիքենդին։ Նրան պատմեցի իմ սերնդի բացակայության մասին, ու որոշեցինք, որ տանը լիքը բաներ միասին կանենք, որ չձանձրանանք։

Տան պատերն էլ էին մեզ խեղդում, որովհետև պատուհանները չէին բացվում։ Ես վերջապես վերցրի գործիքը ու տասնհինգ րոպե շարունակ տառապելուց հետո սենյակիս հսկայական պատուհանը բացեցի։ Թարմ օդ մտավ, ու հոգնածությունս, որը ոչ մի սուրճով սպանել չէր լինում, ժամանակավորապես անցավ։ Կամաց-կամաց միանում եմ ամենաշատ սուրճ գործածող պետոթւյան վիճակագրությանը։

Երեկոյան Մանին փարթի գնաց։ Ես կարող էի տանը նստել ու ոչնչով չզբաղվել։ Բայց որոշեցի դուրս գալ ու քայլել․ կուսումնասիրեմ, թե ինչպես են ֆիններն անցկացնում շաբաթ գիշերը։ Գիրքս էլ հետս վերցրի․ կկարդամ, եթե հանկարծ այդ ժամին բաց սրճարան գտնեմ։

Տնից դուրս եկա ու ականջակալներով միացրի Թորի Էյմոսի նոր ալբոմից Bang երգը։ Հենց երգը միացավ, ու հետանձրևային սառը օդը փչեց երեսիս, հիշեցի, թե ինչու էի Յոենսուն սիրում․ էստեղ երգերն ու ես մենակ ենք մնում։ Վերջին օրերին երևի երեսուներորդ անգամ եմ Bang-ը լսում, ու երևի այն դառնալու է Յոենսուն խորհրդանշող բազմաթիվ երգերից մեկը։ Հինգ տարի առաջ էդպես 144 անգամ Անգուս ու Ջուլյա Սթոունների Sadder Than You-ն էի լսում։ Տարիներ անց այդ նույն երգը պիտի հնչեր իմ ու Մորթենի երկրորդ ժամադրության ժամանակ, ու ես զարմանալու էի, որովհետև դա դուոյի ամենահայտնի երգերից չէ։

Կենտրոնով քայլելիս կարաոկե բարի կողքով անցա։ Քաղաքում կարաոկե, հարևանների տան կարաոկեն․ ահա թե ինչով են ֆինները զբաղված շաբաթ երեկոյան։ Իսկ կարաոկեի մասին մտածելիս առաջինը Հելսինկիում Թորի Էյմոսի համերգն եմ հիշում։ Իմ բոլոր ֆիննական հիշողությունները ջերմ են, իսկ ներկան՝ սառը ու ձանձրալի։

Չորրորս շոկս ամեն առավոտ ժամը ութին ոտքի վրա լինելն է։ Մորթենը տեսնի, չի հավատա․ Կոպենհագենում միայն կրակելով էր հնարավոր իննից շուտ ինձ արթնացնել։ Բայց քանի որ տասից առաջ ոչ ոք համալսարանում ինձ չի սպասում, իսկ ճանապարհն էլ շատ կարճ է, առավոտվա այդ երկու ժամերն օրվա իմ սիրած պահն են, երբ նախաճաշիս հետ բլոգներ եմ փորփրում, կարդում ու քոմենթում կամ ինքս գրում։

Այսօր կիրակի է, ու անգամ կիրակի օրով ինձ չկարողացա անկողնում երկար պահել։ Բայց որովհետև կիրակի է, ու համալսարան չեմ գնալու, կարող եմ հանգիստ ամբողջ առավոտը խոհանոցում անցկացնել գրելով։ Մանին արթուն է, բայց անկողնուց դուրս չի գալիս։