2020-ը

2020-ը, ինչպես գրեթե բոլոր նախորդ տարիները, սկսվեց հրավառությամբ։ Կոպենհագենում Անջելայենց տանն էինք։ Մեզ հետ նաև մի քանի այլ հյուրեր էին, որոնց չէինք ճանաչում։ Երեխաներ կային։ Ինչպես ամեն տարի, սկզբում թագուհու ելույթը լսեցինք։ Հետո ընթրեցինք։ Հետո դուրս եկանք պատշգամբ՝ հրավառությունը տեսնելու։ Ամեն րոպե կայծերն ավելի ու ավելի էին մեզ մոտենում։ Ներս մտանք, ներսից շարունակեցինք դիտել։ Ու մեկ էլ՝ կայծն ընկավ ուղիղ պատշգամբին, այրեց մի փոքր հատված։ Եթե ժամանակին ներս եկած չլինեինք, մեզնից մեկին էր դիպչելու։ 2020-ը սկսված էր։

Տխրած Երևանը

2020-ի առաջին օրերին հոգեբանի մոտ էի գնում։ Նստում էի, նայում դեմքին, ինքը՝ իմ դեմքին։ Ես էլ, ինքն էլ չէինք հասկանում, թե ինչու եմ այնտեղ։ Հոգեբանի դիմել էի 2019-ի դեկտեմբերին, բայց մինչև ամբողջ բյուրոկրատական հարցերը լուծվեցին, տարին վերջացավ։ Տարվա վերջին շատ էի հալից ընկել՝ համարյա բըրնաութ վիճակ։ Բայց տոնական արձակուրդը եկավ, մի լավ հանգստացա, հունվարից նոր թափով գործի անցա, ու հոգեբանի օգնությունը լրիվ անիմաստ դարձավ։

Հաջորդ երկու ամիսները պիտի փնթփնթալով աշխատեի․ պայմանագիրս վերջանում էր, իսկ երկարատև լուծում դեռ չէի գտել։ Մինչև հիմա էլ չեմ գտել։ Մի ամսվա մեջ երկու անգամ պիտի Նորվեգիա գործուղվեի։ Այդ երկու ճամփորդություններից ամենալավը վերադարձն եմ հիշում։ Առաջինից վերադառնալիս հիվանդ էի։ Գուցե չարաբաստիկ կորոնավիրուսն էր, գուցե՝ ուրիշ վիրուս։ Բայց անընդհատ կոճապղպեղով թեյ էի խմում ու երազում տուն հասնելու ու տաք անկողնում պառկելու մասին։ Երկրորդից վերադառնալիս երազում էի, որ ինքնաթիռը վերջապես վայրէջք կատարի․ կայծակը խփել էր, բարձրացել էր վեր, վատ եղանակի պատճառով վայրէջք չէր կարողանում կատարել։

Բայց 2020-ի միայն առաջին երկու ամիսներն էին իմ մասին։ Հետո ամեն ինչ տակնուվրա եղավ․ կորոնավիրուսի համավարակն արդեն հասել էր բոլորիս։ Տներում փակված բոլորս մեկ եղած պատմում էինք մեր պատուհանից այն կողմ տիրող աշխարհից, երեկոներին պատշգամբներում երգում էինք, մինչև հոգնեցինք ու էլ դուրս չեկանք, դժգոհում կամ համեմատում մեր պետությունների ու քաղաքների սահմանափակումները, նոր հոբբիներ հորինում, որ չձանձրանանք, գլուխ գովում, որ անչափ պրոդուկտիվ ենք դարձել կամ պրոդուկտիվության պոռնոն ձեռ առնում։ Կարոտում էինք ուրախ հավաքույթները, համերգները, ճամփորդությունները, կինոթատրոնները, սրճարաններն ու ռեստորանները։ Կարոտում էինք մեր ընկերներին ու բարեկամներին, որոնց սկսեցինք ավելի հաճախ տեսնել էկրանից այն կողմ։ Սովորել էինք ամեն ինչ առցանց անել․ սուրճ խմել, սեղանի խաղեր խաղալ, դասավանդել։ Այդ ընթացքում մեր կողքով անցնում էր գարունը, որ այդպես էլ չտեսանք։

Կորոնավիրուսի համավարակից սկսած կորել էր Եսը, դարձել էինք մենք։ Ու 2020-ին այդ մենքն անընդհատ կերպարափոխվում էր, տարբեր կազմ ստանում։ Ոմանք ասում էին՝ լոքդաունը մի՛ ռոմանտիզացրեք, հիմա շատերն աշխատանք են կորցրել, սոված են, շատերը հարազատ են կորցրել, սգում են։ Բայց հիմա՝ 2021-ի հունվարին ես համարձակվում եմ կարոտախտով հիշել այն օրերը, երբ անդարդ փակված էինք տներում ու պարապությունից նոր գործիք նվագել էինք սովորում։ Որքա՜ն կուզենայի, որ 2020-ի մասին հաջորդ սերունդներին մեր պատմելիքը հենց կորոնավիրուսի համավարակի մասին լիներ, թե ինչպես էր ամբողջ աշխարհը կանգ առել, քաղաքների օդը մաքրվել, իսկ վայրի կենդանիները փողոցներ լցվել։

Երբ հասնում եմ 2020-ի աշնանը, չգիտեմ ինչ գրել։ Բառերը կորում են, անէանում, որովհետև ասելու բան չկա։ Ի՞նչ ասես հազարավոր զոհերից ու վիրավորներից ու կորցրած հայրենիքից հետո։ Հիշում եմ էկրանից գամված օրերս, շրջապատող աշխարհից կտրված վիճակս, հայկական ու դանիական զուգահեռ իրականությունները․ մեկում զոհեր ու ավերածություններ, մյուսում՝ սրճարաններում անհոգ հավաքված ջահելություն, մեկում՝ վտանգված գոյություն, մյուսում՝ Թրամփի կորոնավիրուս, իսկ ես՝ այդ երկու իրականությունների մեջտեղում իմ այլ հայրենակիցների պես երկու կես էի լինում։ Հարցեր էին, որ տալիս էի ինքս ինձ իմ ինքնության, իմ արժեհամակարգի ու իմ ընտրությունների մասին։ Հարցեր էին, որոնց պատասխանները փնտրում էի առավոտյան սուրճ խմելիս, ուսանողներիս նամակներին պատասխանելիս, խանութում գնումներ անելիս, գնացքով աշխատանքի գնալիս։ Ու էդպես էլ մոլորված մնում։

Հարցերի պատասխանները պիտի ստանայի նոյեմբերի 9-ից հետո, երբ հայտնաբերեցի, որ իմ շրջապատում շատերից ավելի ազգայնական եմ, որովհետև հենց ազգային ինքնությունս է վտանգված, երբ հասկացա, որ Հայաստանի ապիկար ղեկավարությանը սատարողները ոչ թե չգիտեն, թե ինչ ենք կորցրել ու ինչ վտանգի առաջ ենք կանգնած որպես ազգ, այլ պարզապես ազգային ինքնություն չունեն ու ապրումակցել չգիտեն։ Ավելի շուտ էի հասկացել, բայց չգիտեի, թե ինչ աստիճանի վտանգավոր են։

Ու կապեր խզեցի։ Սկսեցի ջնջել բազմաթիվ ընկերների առանց հետ նայելու ու ափսոսալու։ Ես չէի կարող այլևս ինձ ընկեր համարել մեկին, ով մեր գոյությունը վտանգած գլխավոր մեղավորին դեռ աջակցում էին, հաճախ՝ «անվերապահորեն»։ Հետո նաև մտածում էի՝ ինչ կարելի է անել։ Անօգնականությունից պատեպատ խփվում, ինչպես իմ բազմաթիվ ընկերներ։

Դեկտեմբերի վերջին արդեն Երևանում էի։ Դանիական հերթական լոքդաունից հետո ծանր էր Երևանի աղմուկը, բայց նաև ծանր էր տրամադրությունը։ Ոմանց համար պատերազմն ավարտվել էր «զոհերի մեջ ոչ մի ծանոթ չունեմ, տունս չի վնասվել» պնդումներով, տրամադրությունները՝ բարձր, տոնական։ Բայց մնացածը ոտքից գլուխ ցավի մեջ, ժպիտները կորած, գլխիկոր։ Ու ընկերներս էին, որ անօգնականությունից խելագարվում էին՝ հասկանալով, որ հայրենիքը փրկելու համար օր առաջ պետք է իշխանություններին հեռացնել, բայց չգիտեին ոնց ու չգիտեին ինչ անել հետո։

Եկավ 2021-ը, եկավ առանց հրավառության, լուռ ու խաղաղ փողոցներում։ Ամբողջ աշխարհը թեթևացած շունչ քաշեց, որ այն անիծյալ տարին վերջապես ավարտվեց, իսկ մենք շունչներս պահում ենք, որ հանկարծ 2021-ը 2020-ից վատ չլինի։ Մենք անընդհատ խոսում ենք իրար հետ ու փորձում լուծումներ գտնել, որ հանկարծ 2021-ն ավելի վատը չլինի։ Երանի՜ հաջողենք։

2019. էմոցիոնալ վիճակ

2019֊ը շատերի համար ահավոր տարի էր։ Ինձ համար էլ։ Ավելի ճիշտ, ձեռքբերումների հետ բազմաթիվ վատ բաներ եղան։

  1. Կարգին գործ – ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել անցնող տարում:
    Հպարտացել եմ տպագրածս գրքով։ Ինչ ասես չեղավ էդ ընթացքում, բայց ամեն դեպքում կարողացա ավարտին հասցնել։ Մեկ էլ հպարտացել եմ տարեվերջին չնայած բավական սթրեսված վիճակիս, շեֆերիս հստակ ու հանգիստ բացատրելով, թե ինձ ինչ ա պետք։
  2. Ներում – ինչի՞ համար կարող եմ ինձ ներել:
    Երբեմն անկողնուց դուրս գալ չկարողանալու համար
  3. Երախտիք – ինչի՞ համար եմ շնորհակալ:
    Նորից ու նորից շնորհակալ եմ Մորթենին, որ ցանկացած դժվար ու հեշտ, ուրախ ու տխուր իրավիճակում կողքիս ա եղել։ Շնորհակալ եմ նաև ընտանիքիս համար․ իրոք որ հազվադեպ բան ա սենց լավ ընտանիք ունենալը։ Ու նաև շնորհակալ եմ բոլոր կանանց, որ տարվա ընթացքում հանդիպել են ինձ․ հեռու-մոտիկ ընկերուհիներիս, կոլեգաներիս, նոր ու հին ծանոթներիս, կարդացածս կին գրողներին ու լսածս երգչուհիներին
  4. Խաղաղություն – ո՞ր պահերին եմ ամենախորը խաղաղությունը զգացել:
    Իսպանիայում Սիլվիայենց տանը, մեկ էլ Ֆրանսիայում Ալիսենց տանը։ Վայրի բնությունն ահագին թերապևտիկ ազդեցություն ուներ։
  5. Աջակցություն – ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք ամենաշատն աջակցեցին:
    Մորթենը։ Ու լիքը տարբեր կանայք։
  6. Իմ մասերը – իմ անձի ո՞ր մասերը նորովի բացահայտվեցին:
    Երևի վախս հաղորդակցությունից։ Ավելի ճիշտ, թե երբեմն ինչ ծավալների կարա հասնի մարդկանց հետ հաղորդակցությունից վախս։ Ասենք թե ոնց էի ամենահասարակ հաղորդագրությունները հազար անգամ գրում֊ջնջում ուղարկելուց առաջ։
  7. Անսպասելին – անցյալ տարում ի՞նչն ամենաշատն ինձ զարմացրեց:
  8. Հումոր – ո՞րն էր ամենածիծաղելի պատմությունը, ինչքա՞ն հաճախ եմ ծիծաղել:
    Քրոջս ծնունդը միաժամանակ թե՛ ամենաուրախ, թե՛ ամենածիծաղելի պատմությունն էր։ Մինչև հիմա էլ հենց ասում եմ քույր, դեմքիս ժպիտ ա հայտնվում։
  9. Ոլորտներ, որոնք ուշադրության կարիք ունեն – ո՞ր ոլորտներն ավելի մեծ ուշադրության կարիք ունեն:
    Իմ շահերը։ Պիտի մի քիչ իմ շահերի վրա կենտրոնանամ, որովհետև ծառայելով լիքը տարբեր մարդկանց շահերին՝ հանկարծ իմ սեփականը վերջին պլան է մղվել։
  10. Սահմաններ – ի՞նչ սահմաններ եմ դրել, որոնց մասին հպարտությամբ կխոսեի:
    Ակումբցիներից շատերից ուղղակի, առանց ձևականությունների հեռու մնալը։
  11. Տխրություն – ի՞նչն է ինձ տխրեցրել։
    Մամայիս առողջությունը։
  12. Սնունդ – ի՞նչ նոր սննդային սովորություններ ունեմ, որոնցով հպարտանում եմ:
    Առանձնապես ոչ մի։
  13. Առատաձեռնություն – որքա՞ն առատաձեռն եմ եղել այս տարի:
    Ահագին։
  14. Ուշադրություն – ինչի՞ն եմ ամենաշատն ուշադրություն դարձրել: Իսկ ամենաքի՞չը:
    Ամենաշատը կենտրոնացել եմ երկու քաղաքներում կյանքս հավասարակշռելու վրա։ Տարվա վերջին կարծես ամեն ինչ շատ ավելի հեշտ էր ստացվում տարվա սկզբի համեմատ։ Բայց դրա արդյունքում Կոպենհագենում լիքը հին ընկերական հարաբերություններ են սառել, որոնք կենդանացնելու ժամանակն ա։
  15. Կորուստ – ի՞նչ ափսոսանքներ կան, որոնք խանգարում են առաջ գնալ:
    Քանի որ 2019֊ի վերջին շատերն ավելի շատ տասնամյակից էին խոսում, ավելի շատ տասնամյակի վրա հետադարձ հայացք գցեցի։ Ու մի հետաքրքիր միտում նկատեցի. տասնամյակի ընթացքում ես երբեք որևէ աշխատանքի առաջարկ չեմ մերժել, ինչի արդյունքում իմ ուզածն անելու փոխարեն գլխիս կուտակել եմ հմտություններ ու գիտելիքներ, որոնցից գուցե լավ եմ, բայց իմ ուզածը չեն։ Թեթևակի ափսոսանք զգացի դրա համար, բայց որոշեցի փորձել 2020֊ին ուղղել դա։
  16. Ընկերություն – ի՞նչ նոր ընկերական հարաբերություններ կան, որոնց համար շնորհակալ եմ: Ի՞նչ հին հարաբերություններ կան, որոնք ինձ ուրախացնում են:
    Ագաթան ու Էնջըլը միանշանակ։ Հներից Մառլենը, Մանուն, Լիլիթը, Սոնան, Աննան, Թերեզան, Անան, Մայան, Սիլվիան, Սիրանուշը։

Նայելով առաջ

  1. Ոգևորություն – ի՞նչն է ամենաշատը ոգևորում 2020-ի մասին:
    Առանձնապես ոգևորված չեմ 2020֊ով։ Բայց երևի ամենամեծ առաջնահերթությունս էս գժական երկու քաղաքում ապրելու կյանքին վերջ տալը ու վերջապես մենակ մի քաղաքով սահմանափակվելն ա՝ լինի դա Կոպենհագեն, Օրհուս, թե ուրիշ տեղ։
  2. Նպատակներ – ի՞նչ ռեալիստական նպատակներ ունեմ:
    Մի տեսակ դժվարանում եմ հստակ նպատակներ դնել իմ առաջ, որովհետև 2020֊ն ահագին մշուշոտ ա։ Երևի հիմնական նպատակս կլինի պարզելը, թե վերջապես ինչով եմ ուզում զբաղվել իմ կյանքում ու էդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը։ Լավ, մեկ էլ մեր սերիալի առաջին սերիան նկարած ունենալը։ Կուզեի նաև ասել՝ վեպիս սևագիրը պատրաստ ունենալ, բայց գիտեմ, որ դա էլ ռեալ չէ։
  3. Աջակցություն – ի՞նչ աջակցություն ունեմ դեպի ապագա շարժվելու համար:
    Մորթենը, ինչպես միշտ։ Անան ու Մայան՝ ուոթսափով մեր մշտական չաթերի տեսքով։ Էնջըլը Կոպենհագենում։
  4. Մտքեր և գործողություններ – ի՞նչ նոր սովորություններ եմ ուզում ձեռք բերել և ամրապնդել մյուս տարի:
    Ուզում եմ ֆեյսբուք ու ակումբ շատ քիչ մտնել։ Ուզում եմ անիմաստ քննարկումների մեջ այլևս չմտնել։ Իսկ էդ ժամանակի հաշվին լիքը կարդալ։ Առայժմ ստացվում է։
  5. Դեպի անիմանալին – բացի սովորական ընտրություններից, կա՞ն այնպիսի բաներ, որ փորձելու եմ մյուս տարի: Դիմելու՞ եմ ռիսկերի, որոնցից վախենում եմ։
    Չգիտեմ։ Իմ կյանքը Դանիայում, էն էլ ակադեմիայում առանց էդ էլ բարձր ռիսկային կյանք է։ Սրանից ավելի ռիսկերի դժվար դիմեմ, եթե հանկարծ չորոշեմ Դանիայից գնալ։
  6. Ամենակարևորի մասին – եթե իմանայի, որ շատ կարճ ժամանակ է մնացել ինձ ապրելու համար, ի՞նչ կանեի:
    Սիրելի մարդկանց հետ կանցկացնեի ժամանակս։
  7. Ամենախորը երազանքները – եթե իմանայի, որ կորցնելու բան չունեմ, ինչո՞վ կուզեի զբաղվել:
    Կուզեի հանգստանալ։ Մի քանի ամիս, ուղղակի ամեն առավոտ վեր կենալ ու էդ օրը որոշել ինչով եմ ուզում զբաղվել։
  8. Ձեռքերը տարածած – ի՞նչ կուզենայի ստանալ հաջորդ տարի:
    Կուզեի հոգեպես ավելի լավ վիճակում լինել 2020֊ին, հատկապես՝ տարվա վերջին։
  9. Մաղթանքներ – ի՞նչ մաղթանքներ ունեմ ինձ և իմ շրջապատին։
    Ավելի լավ տարի, քան 2019֊ն էր։

Ալանիսի հարցերը 2018֊ի մասին ու դեպի 2019

2018թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
– Առաջին այցելությունս Օրհուս որպես իրենց աշխատկցուհի
– Սանդբյերգում երեկոն, երբ մեր գիտական խմբով վիսկի էինք խմում ու դեբիլ խաղեր խաղում
– Դեպի Հռոմ կատարած ճամփորդությունն իր բոլոր դետալներով՝ սկսած պատշգամբում երգելուց, վերջացրած կատուների ապաստարան այցելությամբ
– Փարիզն ամբողջությամբ՝ քաղաքում զվռնելով, Քորթնի Բարնեթի ու Վաքսահաչիի համերգով գրախանութներով անցնելով
– Դուբլինը հուլիսին, երբ արևի տակ քաղաքը ոտքի տակ տվեցինք
– Ալանիս Մորիսեթի համերգը Դուբլինում
– Ալանիս Մորիսեթի համերգից հետոյի փարթին Դուբլինում (դա երևի կյանքիս ամենաերջանիկ պահերից էր, գտնված մի բան)
– Երևանում Անուկին սկզբում առանձին, հետո նաև ընտանիքով ու Ամառուի հետ հանդիպելը
– Երևանում Աննայի ու Սոնայի հետ Շանթիում թեյ խմելը
– Դիլիջանում Լիլիթի հետ սար բարձրանալը
– Դիլիջանում Լիլիթի տանը ինքնաբուխ համերգը
– Մեծ պապիս արձանի բացումը Գյումրիում
– Երևանի վերջին երեկոն Նանեի, Նարեի ու մյուսների հետ
– Կոպենհագենում ծովափին Մագդայի հետ վերընկնել ու պաղպաղակ ուտելը
– Կոպենհագենում Մորթենի հետ մի քանի անգամ ծովափ գնալն ու ջրում լողալը, մինչ Մորթենը ափին գիրք կկարդար
– Օրհուսում կին գիտնականների վորքշոփը ու մարդիկ, որոնց հետ այնտեղ ծանոթացա
– Օգոստոսին Օրհուսում գործից հետո ծովափ գնալը
– Վենետիկում Սիլվիայի, Սեչկինի ու մյուսների հետ ընթրիքը
– Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելությունը
– Դուբլինը հոկտեմբերին, երբ արդեն կարդացել էինք Սալլի Ռունիի երկու գրքերը, ու քաղաքի ամեն անկյունը գրքից մի դրվագ էր հիշեցնում
– Դուբլինում Սեդային հանդիպելը ու ինչ֊որ պարտեզներ գնալը (անունը չեմ հիշում)
– Բերգենում յոգայի դասերը
– Բերգենում Ստոլցըկլայվեն բարձրանալը
– Բերգենի առավոտները, հատկապես երբ անձրև չէր գալիս
– Քորթնի Բարնեթի համերգը Կոպենհագենում
– Վալերիայի հետ տաք շոկոլադ խմելու գնալը
– Յոենսու վերադառնալը ու իմ սիրելի սրճարանում մի քանի ժամ նստելը
– Մարի֊Լուիզի պաշտպանությունը
– Մանուի այցելությունը Կոպենհագեն

2018թ. սիրածս գրքերը
Էս տարի ահագին շատ եմ կարդացել ու ահագին շատ լավ գրքեր։ Փորձեմ մի քանիսն առանձնացնել.
– Հելլե Հելլե ֊ «Տուն֊տեղ»
– Հելլե Հելլե ֊ «Նրանք»
– Սյուզան Բրյոգեր ֊ «Նեֆրիտե կատուն»
– Սալլի Ռունի ֊ «Նորմալ մարդիկ»
– Սալլի Ռունի ֊ «Զրույցներ ընկերների հետ»
– Ռոբերտո Բոլանյո ֊ «2666. մաս I ու II» (ուղղակի շարունակությունը դեռ չեմ կարդացել, բայց առաջին ու երկրորդ մասերն իրենք իրենցով առանձին գրքեր են)
– Դորթե Նորս ֊ «Կանադայի քարտեզ» պատմվածքների ժողովածուից մի քանի պատմվածք


2018թ. սիրածս ֆիլմերը
«Մեղավորը»

2018թ. սիրածս հոդվածները
Որևէ բան չեմ մտաբերում։

2018թ. սիրածս համերգները
Ալանիս Մորիսեթի, Քորթնի Բարնեթի և Լիզա Հանիգանի երկու համերգները, Վաքսահաչիի մեկ համերգը

2018թ. սիրածս երգերը/կատարողները
– Lisa Hannigan – էլի At Swim ալբոմը․ երևի էս ալբոմն ամեն տարի նշելու եմ։ Արդեն պայմանական ռեֆլեքս ա առաջացել, որովհետև ամեն անգամ կենտրոնանալ փորձելիս հենց էս ալբոմն եմ միացնում
– Waxahatchee – Great Thundar
– Courtney Barnett – ամբողջ դիսկոգրաֆիան
– Լիլիթ Բլեյանի «Թափանցիկ երգերը»

2018թ. սիրածս հեռուստահաղորդումները
Առանձնապես բան չեմ նայել։

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2018թ.
Միաժամանակ երկու քաղաքում ապրելու դժվարությունը պատվով հաղթահարելը ու քչից֊շատից աշխատող լուծումներ գտնելը

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Ներում եմ ընկերական շրջապատիցս ու ընտանիքիցս սովորականից ավելի կտրված լինելու համար։

Ո՞րն է 2017 և 2018թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Անցյալ տարվա դեկտեմբերն ահավոր էր, ահավոր բաներ էին կատարվում։ Հիմա ամեն ինչ ավելի լավ է, ավելի լավատես եմ, ու ապագայից չեմ վախենում։

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Հենց բավականաչափ։

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Հենց բավականաչափ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Երևի մի քիչ ավելի քիչ, քան պետք էր, բայց էս տարին առանձնահատուկ էր նաև նրանով, որ ահագին խորացել էի «ոչ» չասելու պատճառների մեջ, ու թե ինչն է դրդում ինձ անել բաներ, որոնք չեմ ուզում։ Ու էդ ինքնավերլուծության ֆոնի վրա ահագին բան սովորեցի։

2019-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Գժական զբաղված կիսամյակը, որի ընթացքում պիտի թե՛ հիմնական գործերս անել, թե՛ նոր հմտություններ ձեռք բերել։ Ընդհանրապես, 2019֊ին ավելի եմ կենտրոնանալու սովորելու վրա ու կանոնավոր կերպով նոր հմտություններ ձեռք բերեմ։ Մասնավորապես, անհամբեր սպասում եմ բայեզյան ստատիստիկայի գրքիս։

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Գիրք տպագրել

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2018-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Գիրքս տպագրել
– Առնվազն երկու տպագրված հոդված, առնվազն մեկը՝ ընթացքի մեջ
– Նոր աշխատանք/ֆինանսավորում գտնել 2020֊ի համար
– Բայեզյան ստատիստիկան գոնե էն մակարդակով իմանալ, որ իմ աշխատանքում կարողանամ օգտագործել
– Ավելի շատ մասնագիտական գրականություն կարդալ ու սովորություն դարձնել պարբերաբար նոր հոդվածներ կարդալը
– Դանիերեն վարժ խոսել (ենթադրում ա զրույցի կեսից անգլերենի չանցնելը)
– Յոգայի գլխիվայր դիրքն առանց պատի անել
– Մի բան էլ, բայց չեմ ասի

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Գրանտներ գրելը/նոր աշխատանք ճարելը, բայց հավատում եմ, որ լավ կլինի։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Կուզեի Օրհուսի նոր֊նոր ձեռք բերածս շրջապատն ավելի ամրապնդել։ Կուզեի նաև արդեն եղած ընկերներիս հետ մտերմությունն ավելի ամրապնդել, որովհետև 2018֊ին աշխարհագրական խնդիրներով պայմանավորված գրեթե բոլոր ընկերներիս բարձիթողի էի արել ու գրեթե ոչ մեկի հետ չէի շփվում ո՛չ իրական կյանքում, ո՛չ վիրտուալում։

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Սոցիալական ցանցերում ու ակումբում ժամանակ ու նյարդեր քայքայել։ Էդ ժամանակը կարելի ա ավելի կարևոր բաների վրա ծախսել։

2018. հետադարձ հայացք

2018֊ը կամաց֊կամաց ավարտվում է, ու ժամանակն է կամաց֊կամաց հետադարձ հայացք գցելու ու նոր պլաններ կազմելու։ Սկզբի համար երևի ուղղակի նայեմ 2018֊ի ծրագրերիս ու սպասելիքներիս, որ գրել էի 2017֊ի վերջին ու տեսնեմ, թե ուր եմ հասել։

2018-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Նորից Իռլանդիա գնալու հեռանկարը, նոր աշխատանքը Կոպենհագենում, որը դեռ հորիզոնում չի երևում, բայց հույս ունեմ՝ կգտնեմ

Նորից Իռլանդիա իհարկե գնացի, գնացի երկու անգամ, ու երկուսն էլ հրաշալի ճամփորդություններ էին։ Գտա նաև նոր աշխատանք ընդամենը այս գրառումն անելուց մի քանի օր հետո, բայց Կոպենհագենում չէր, Օրհուսում էր, ինչից հեչ դժգոհ չեմ։

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Գիրք տպագրել

Տպագրել չհասցրի, բայց արդեն կա գիրքը իր տասնհինգ պատմվածքներով ու վերնագրով։ Մնում է խմբագրել ու սրբագրել։ Իմ մասը մինչև տարվա վերջ հաստատ կհասցնեմ, հետո կուղարկեմ սրբագրիչներին ու խմբագիրներին, ու հույս ունեմ՝ 2019֊ի առաջին կեսին լույս կտեսնի։

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2018-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Աշխատանք Կոպենհագենում
Կոպենհագեն չէր, Օրհուս էր, բայց ուրախությամբ արձանագրում եմ
– Տպագրված գիրք
Տեղափոխվեց 2019
– Առնվազն երկու նոր տպագրված հոդված
Հենց երկու հատ էլ ունեմ։
– Մի բան էլ, բայց չեմ ասի
Սա էլ տեղափոխվեց 2019

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Յոենսու վերադառնալը։ Հենց մյուս ուրբաթ։ Ուղղակի սարսափում եմ։
Հունվար֊փետրվար՝ վերջին երկու ամիսները Յոենսուում այնքան էլ սարսափելի չէին, ինչքան առաջին չորս ամիսները։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Եթե կարողանայի հները Կոպենհագենում պահել, երջանկությունից կթռվռայի։ Բայց նոր աշխատանքը կարող է նաև նոր բնակավայր ու նոր շրջապատ ենթադրել
Նոր շրջապատը, նոր ծանոթությունները կան, բայց մարդկանց հետ կապ պահպանելը դժվարացել է։ Ավելի մանրամասն առաջիկա գրառումներում կանդրադառնամ դրան։

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Շաբաթ-կիրակի աշխատել։ Բայց երևի հունվար-փետրվարին դեռ անելու եմ
Ստացվեց։ Շաբաթ֊կիրակի և տոն օրերին խիստ հազվադեպ եմ աշխատում։ Հիմա էլ, երբ տոնական արձակուրդ է, հայտարարել եմ, որ ինձ չանհանգստացնեն, որովհետև մատս մատիս չեմ խփելու մինչև հունվարի 2֊ը։

Ալանիսի հարցերը 2017-ի մասին ու դեպի 2018

2017թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
– Սիլվիայի ու Մարիայի հետ գարեջրվելը
– Իմ ու Մորթենի՝ միասին լինելու մեկուկես ամյակի տոնումը քաղաքի ամենալավ ռեստորաններից մեկում
– Կարոյի հետ զբոսանքը Կոպենհագենում ու զրույցները Հայաստան վերադառնալու մասին
– Լիզա Հանիգանի համերգը
– Սրջանի, Սանայի ու Միրենի պաշտպանությունը Խրոնինգենում
– Թեզս գրելու վերջին օրերը Զատկի արձակուրդի ժամանակ, երբ համալսարանում մենակ ես ու Սառան էինք
– Թեզս հանձնելու պահը
– Պորտոյում անվերջ զվռնելը
– Ֆրեյի հետ հանդիպումը Կոպենհագենի կենտրոնում ու երկու ժամ դանիերեն զրուցելը
– Արշակի հետ զբոսանքը Կոպենհագենում
– Մեր գրողական խմբի հանդիպումը տարիներ անց ու դրան հետևած հայկական պարերը
– Մառլենի ու Մորթենի հետ Վիեննայում զվռնելը
– Սյուզանի հետ Հելսինկիում ճաշն ու սուրճը
– Լուիզիանայի գրական փառատոնը
– Լիզա Հանիգանը Հեյվըն փառատոնի ժամանակ
– Թեզիս պաշտպանությունը ու դրան հաջորդած ընդունելությունն ու քեֆը
– Թորի Էյմոսի հետ հանդիպումը Կոպենհագենում
– Բեռլինում Թիերգարտենում Մորթենի ու իմ անուշ քունը
– Թորի Էյմոսի համերգները Կոպենհագենում ու Բեռլինում
– Մորթենի, Կարոյի ու մյուսների հետ Բեռլինում կոկտեյլ խմելը
– Ծննդյանս օրվա երեկոն Մորթենի, Թոյվոյի ու Նաստյայի հետ
– Արուսի ու Մանուի հետ Յոենսուում մեր խոհարարությունը
– Էնսիֆերումի համերգը Յոենսուում
– Պաուլայի հետ սուրճ խմելս
– Կլինիկական լեզվաբանության քուիզը
– Երկու ընթրիքները Մանուի, Սիմոնիի ու Դայանիի հետ
– Գիտություն և կոկտեյլները Կոպենհագենում այնտեղ վեց շաբաթ չլինելուց հետո
– Հելսինկիում գեյ կարաոկեն
– Մառլենի, Մորթենի ու Անդրեասի հետ կիրակնօրյա հանդիպումը Կոպենհագենում
– Օստերբրոյի լողավազան ու սպա գնալը
– Մագդայի հետ տոնական Կոպենհագենում զվռնելը
– Վեստերբրոյի լողավազանում լողալն ու սաունայում մտորելը
– Կարինեի ու Յոնասի հետ ընթրիքը
– Նանեի ու Նարեի ու մյուսների հետ Վան Գոգում հանդիպումը
– Իլիկի հետին մասում մի գիշեր անկապ լիքը վիճելը

2017թ. սիրածս գրքերը
Հետաքրքիր դիտարկում․ էս տարի անհամեմատ քիչ եմ կարդացել նախորդ տարիների համեմատ, բայց սիրածս գրքերն ահագին շատ են
– Պատրիկ Մոդիանո – «Կորած երիտասարդության սրճարանում»
– Ջոնաթան Սաֆրան Ֆոեր – «Ահա ես»
– Հելլե Հելլե – «Ռոդբյու-Փութգարդեն»
– Ֆրանկ ՄաքՔուրթ – «Անջելայի մոխիրները»
– Ջենիֆեր Իգան – «Զմրուխտ քաղաք»
– Աստրիդ Լինդգրեն – «Ավազակադուստր Ռոնյան»

2017թ. սիրածս ֆիլմերը
Էս տարի էնքան կինո եմ նայել, որ արդեն չեմ հիշում, բայց մի քանիսը․
– «Մայրը»
– «Ինչպես սպանել սուրբ եղնիկ»

2017թ. սիրածս հոդվածները
Էնքան շատ եմ կարդացել, որ ոչ մի հոդված հիմա չեմ հիշում։

2017թ. սիրածս համերգները
Լիզա Հանիգանի սոլո և փառատոնային համերգները, երկու Թորի Էյմոսները և Էնսիֆերումը

2017թ. սիրածս երգերը/կատարողները
– Tori Amos – Native Invader ալբոմը, բայց մասնավորապես Bang երգը, որն իմ ամենա-ամենասիրելի երգերից է դարձել
– Lisa Hannigan – էլի At Swim ալբոմը․ թեզս ամբողջությամբ սրա տակ եմ գրել, բայց մասնավորապես We, the Drowned երգը
– Waxahatchee – Out in the Storm ալբոմը
– Julia Stone-ը նորից ու նորից
– Լիլիթ Բլեյանի Կանաչ արևն ամբողջությամբ
– Alanis Morissette – նորից ու նորից Uninvited երգը, մեկ էլ Offer-ը ու Rest-ը
– Lady Lamb – Tender Warriors Club, մասնավորապես Tangles երգը

2017թ. սիրածս հեռուստահաղորդումները
Last Week Tonight

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2017թ.
Թեզս ժամանակին հանձնելով, մեկ էլ անտանելի բարդ մարդկային իրավիճակներում հնարավորինս հասուն ինձ պահելով

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Ներում եմ մի մարդու վրա չափից դուրս շատ հույս դնելու համար

Ո՞րն է 2016 և 2017թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Յոենսուի ու Կոպենհագենի միջև ճղված լինելը, մեկ էլ ամսվա կեսին արագ Հայաստան վերադառնալու անհրաժեշտությունը

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Չէ, սովորականից քիչ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Չէ, որովհետև հարցնողներ չեն եղել

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Երևի, չգիտեմ

2018-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Նորից Իռլանդիա գնալու հեռանկարը, նոր աշխատանքը Կոպենհագենում, որը դեռ հորիզոնում չի երևում, բայց հույս ունեմ՝ կգտնեմ

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Գիրք տպագրել

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2018-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Աշխատանք Կոպենհագենում
– Տպագրված գիրք
– Առնվազն երկու նոր տպագրված հոդված
– Մի բան էլ, բայց չեմ ասի

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Յոենսու վերադառնալը։ Հենց մյուս ուրբաթ։ Ուղղակի սարսափում եմ։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Եթե կարողանայի հները Կոպենհագենում պահել, երջանկությունից կթռվռայի։ Բայց նոր աշխատանքը կարող է նաև նոր բնակավայր ու նոր շրջապատ ենթադրել

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Շաբաթ-կիրակի աշխատել։ Բայց երևի հունվար-փետրվարին դեռ անելու եմ

 

2017-ը

Դեռ չորս օր կա մինչև տարվա ավարտը, ու շունչս պահած սպասում եմ, որ հանկարծ մի նոր բան չգա գլխիս: Մեկ-մեկ զարմանում եմ, թե էսքան բանը ոնց հասցրեց միանգամից գլխիս գալ մի տարում, երբ 2016-ը հանգիստ ու առանց լուրջ իրադարձությունների տարի էր։ Ո՞նց ամեն ինչ էդպես դրամատիկորեն փոխվեց ու տակնուվրա արեց իմ անդարդ ու հանգիստ կյանքը։

Այս տարվա իմ ամենալուրջ մարտահրավերն իմ սոցիալական դերերն էին։ Ինչպե՞ս միաժամանակ լինել ենթակա, բայց ղեկավարիցդ ստանալ ուզածդ։ Ինչպե՞ս լինել միաժամանակ դասախոս և ընկեր։ Ինչպե՞ս միաժամանակ լինել լավ աշխատող ու լավ կին։ Ինչպե՞ս միաժամանակ լինել դուստր և բժիշկ։ Ինչպե՞ս միաժամանակ լինել տղամարդուդ նվիրված կին ու ընտանիքիդ պատասխանատու անդամ։ Ու ի վերջո, ինչպե՞ս այս բոլորը համատեղել մի անձի մեջ այնպես, որ կոնֆլիկտներ չլինեն, այնպես, որ ոչ մի կողմից չսայթաքես, սխալ թույլ չտաս, որ բոլորը գոհ լինեն, ոչ ոք չնեղվի, ու ինքդ էլ առողջ բանականությունդ չկորցնես։

Ու միշտ չէր, որ դա հաջողվում էր։ Եղել են պահեր, երբ ինձ կորցնում էի, երբ որոշ դերեր այնքան էին իրար հակասում, որ քիչ էր մնում՝ հրաժարվեի մեկից, երբ ուզում էի ամեն ինչ թողնել ու փախչել մի տեղ, որտեղ ոչ ոք չկա, որովհետև էս բոլորը ծանրանում էր ուսերիս ու գետնին գլորում ինձ։ Լինում էին պահեր, երբ ոչ մի որոշում ճիշտ չէր թվում, որովհետև դրանցից անպայման ինչ-որ մեկը դժգոհ էր լինելու։ Ու այդ պահերին կորցնում էի ինձ, իմ սեփական պահանջները զոհում, ինչի արդյունքում ինձնից ոչինչ չէր մնում։

2017-ի սկզբին իմ հիմնական մարտահրավերը գիտափորձս, իսկ դրանից հետո նաև թեզս ժամանակին վերջացնելն էր, ու դրանից հետո կարիերայի քայլեր անելը, որոնք այնքա՜ն հեշտ էին թվում։ Հիմա երբ հետ եմ նայում, ինչե՜ր կտայի, որ ամեն ինչ այդտեղ կանգ առներ, ու չանցնեի էս բոլորի միջով։

Թեզս ժամանակին վերջացնելը հրաշքի պես մի բան էր։ Բայց դրանից հետոյի համար պիտի կռիվ տայի, ղեկավարիցս պիտի բառացիորեն պահանջեի, որ ինձ մի քանի ամսով աշխատանքի ընդունի թեզս հանձնելուց հետո։ Պիտի սկսվեր անորոշ մի փուլ, երբ աշխատանքի դիմումներ էի տոննաներով ուղարկում, երբ կամաց-կամաց հասկանում էի, որ իմ ապագան Կոպենհագենում մեծ հարցականի տակ է, ու վերջապես աշխատանքի առաջարկ էի ստանալու առանց ֆորմալ դիմում ուղարկելու։

Թեզ ավարտելուց կարճ ժամանակ առաջ մենք իմացանք, որ շուտով պետք է նոր տուն ճարենք։ Բնակարանատեր լինելու այդքա՜ն մոտ ու շոշափելի հնարավորությունը հանկարծ ջուրն ընկավ մեր հարևանի քմահաճույքի պատճառով, ու ամիսներ շարունակ տևած փնտրտուքից հետո օգոստոսի վերջին վերջապես հանգրվանեցինք Վեստերբրոյի մեր բնակարանում։ Այդ օրվանից օրեր անց հաջողությամբ թեզս պաշտպանեցի ու վերցրի ճամպրուկս՝ ուղևորվելով Յոենսու, որ սկսեմ նոր աշխատանքս։

Յոենսուի մասին այնքան եմ գրել, որ ավելորդ եմ համարում տարին ամփոփելիս նորից ու նորից այն հիշելը։ Բայց այստեղ էր, որ ճղվում էի երազանքների աշխատանքի ու մենության միջև։ Այստեղ էր, որ ինձ խեղդում էի աշխատանքով, որ մենությունս չնկատեմ, ու դրա համար մի օր էդ բոլորը պայթեց իմ գլխին։ Այստեղ էր, որ անընդհատ տալով սպառվում էի ու չունեի աղբյուր, որտեղից կվերալիցքավորվեի։ Այստեղ էր, որ կորցրի մի ընկերություն, ու մինչև հիմա շոկի մեջ եմ դրանից։ Շոկի մեջ եմ, որ այսքան տարիների ընթացքում չէի կարողացել այդքան լավ ճանաչել այդ մարդուն ու հետևաբար սխալ սպասումներ ունեի նրանից։ Շոկի մեջ եմ, որովհետև ինքն էլ ինձնից սխալ սպասումներ ուներ՝ հուսալով, որ իրենից բացի ուրիշների կարիք չեմ ունենա։

Յոենսուում աշխատելու արդյունքում էր, որ հասկացա, որ Կոպենհագենում եմ ուզում անցկացնել իմ մնացած ամբողջ կյանքը, երբ սկսեցի էնտեղ վերադառնալու ուղիներ որոնել։ Ու թեև ընկերներիցս շատերն արդեն հեռացել են Կոպենհագենից, հենց էնտեղի կյանքս է, որ ներդաշնակ է ամեն ինչով, ու միակ բանը, որ պակասում է, աշխատանքն է։

Հետո Կոպենհագենն էր ու էնտեղ մի ամբողջ երջանիկ ամիս անցկացնելու հեռանկարը։ Բայց առաջին շաբաթը կորավ Յոենսուի տրավմաները մաքրելու վրա, իսկ երկրորդ շաբաթվա վերջին արդեն իմ տրավմաները կարևոր չէին, որովհետև պետք էր արագ Երևան հասնել։ Էդպես ես ու Մորթենն ամեն ինչ թողեցինք ու առաջին հնարավոր օրը եկանք Երևան։ Եկանք, ու սկսվեց տարվա ամենաբարդ հատվածը, որը կշարունակվի մինչև մյուս տարի ու չգիտեմ՝ ինչքան։

Ու էս ամբողջ թոհուբոհի ընթացքում իմ կողքին են եղել իմ հրաշալի ընկերները՝ լինի դա ֆիզիկապես, թե ինտերնետով։ Չեմ դադարել գնահատելուց ու ուրախանալուց, թե որքան բախտավոր մարդ եմ, որ այսքան սրտացավ ու ազնիվ մարդկանցով եմ շրջապատված։ Չգիտեմ՝ ինչի նման կլիներ այս տարին առանց նրանց։ Ու երջանիկ եմ նաև, որ Մորթենին ունեմ, որ բոլոր խնդիրները միասին ենք լուծում ու հասուն մարդկանց պես։ Իսկ իմ հանգստավայրը լողավազանն էր, որտեղ մի ամբողջ ժամով կտրվում էի բոլորից ու մտածում ոչ մի բանի մասին։ Միայն լողում էի, մի ամբողջ ժամ լողում։

Առաջիկա գրառումներումս ավելի մանրամասն կանդրադառնամ բոլորին, կանդրադառնամ նաև երջանիկ պահերին ու 2017-ի դրական կողմերին, որոնք նույնպես քիչ չէին։ Ծայրահեղությունների տարի էր 2017-ը։

2016-ի ամփոփում

Սկսեմ մի քիչ մզմզալ 2016-ից։ Երևի էնքան մանրամասն գրել չստացվի, ինչպես նախորդ տարիներին, որովհետև էս անգամ տարվա վերջին շաբաթն անցնող տարվա մասին մտածելու փոխարեն Փարիզում զվռնում էի ընկերոջս հետ, իսկ տարվա առաջին շաբաթն անցնելու է աշխատանքի մեջ թաղված։ Բայց ինչ հասցնեմ, կգրեմ։

1. Ի՞նչ ես արել 2016-ին, որ նախկինում չես արել:
Նորվեգերեն գիրք եմ կարդացել։ Մեկ էլ վիրահատվել եմ։

2. Նոր տարվա որոշումներիդ հավատարի՞մ ես մնացել և արդյոք ավելի շատ որոշումներ կկայացնես հաջորդ տարի:

Ուզում եմ առողջությունովս զբաղվել ու վստահ լինել, որ մարմինս պատրաստ է երեխա ունենալուն:

Զբաղվել եմ առողջությունովս։ Կարայի ավելի լավ զբաղվեի, բայց դժգոհ չեմ։

Ուզում եմ նաև 2016-ին դանիերեն 3 քննությունը հանձնել:

Հանձնել եմ։

Իսկ մասնագիտական ոլորտում ուզում եմ առնվազն երեք հոդված ամսագրի ուղարկած լինել:

Մենակ մեկն ա առայժմ, երկրորդն ու երրորդը կիսատ գրված են։ Բայց պիտի որ տարվա առաջին ամիսներին զբաղվեմ դրանցով։

Ուզում եմ սովորել շատ աշխատել և աշխատանքը կարևորել:

Ոնց որ ստացվել ա։ Թեև ոչ էնքան, ինչքան հույս ունեի։ Համենայնդեպս, մենակ վերջին մեկ-երկու ամսում էի աշխատում էնպես, ինչպես կուզեի, բայց ամեն դեպքում առաջընթացն արձանագրում եմ։

3. Քո մտերիմներից մեկը երեխա ունեցե՞լ է:

Հա 🙂 Հորաքրոջս աղջիկը։ Ու ահավոր ուրախացել եմ։

4. Քո մտերիմներից որևէ մեկը մահացե՞լ է:
Փառք Աստծո, չէ:

5. Ո՞ր երկրներն ես այցելել:
Հայաստան, Նիդեռլանդներ, Իտալիա, Գերմանիա (երկու անգամ), Ավստրիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, դե Դանիայում էլ ապրում եմ, առաջին անգամ Օրհուս քաղաք եմ գնացել

6. Ի՞նչ կուզենայիր ունենալ 2016-ին, որ պակասում էր 2015-ին:
Կայունություն։ Չորս ամսից պայմանագիրս վերջանում ա, ու ես գաղափար չունեմ՝ ինչ ա լինելու դրանից հետո։ Կուզենայի կայուն աշխատանք ունենալ։

7. 2016-ի ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:
Հուլիսի 11։ Էդ օրը վիրահատվեցի։

8. Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2016-ին:
Մորթենի հետ հարաբերության ամրապնդումն ու ի վերջո միասին ապրելը։ Ոնց որ թե առայժմ լավ ա ստացվում։

9. Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:
Էնքան չաշխատելը, ինչքան ուզում էի։

10. Ի՞նչ հիվանդություն ես ունեցել:
Նույնը՝ լեղաքարային։ Բայց էլ չունեմ, ու դա էնքան լավ ա։

11. Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:
Ձմեռային վերարկուս

12. Ու՞մ վարքը կուզեիր գովել:
Մորթենի։ Ուղղակի հրաշք ա ինքը։

13. Ու՞մ վարքը քեզ դեպրեսեց:
Ղեկավարիս։ Բայց արդեն սովորել եմ։

14. Ի՞նչ ես արել փողերիդ մեծ մասը:
Համերգների ու ուտելիքի վրա եմ ծախսել։

15. Ի՞նչն ամենաշատը քեզ ոգևորեց:
Երբ էքսպերիմենտս վերջապես սկսեց աշխատել։

16. Ո՞ր երգը քեզ միշտ 2016-ը կհիշեցնի:
Lisa Hannigan – “We the Drowned”

17. Անցյալ տարվա այս ժամանակի համեմատ դու ավելի.

i. երջանի՞կ ես, թե՞ տխուր – երջանիկ
ii.չա՞ղ, թե՞ նիհար – նիհար
iii. հարու՞ստ, թե՞ աղքատ – հարուստ

18. Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:
Աշխատել։ Բայց արդեն ոչ թե կուզեի, այլ ստիպված եմ, թե չէ վերջս լավ չի լինի։

19. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:
Հիվանդանոցից տուն քշելիս ալարել ու ճամփի կեսից գնացք նստել։

20. Ինչպե՞ս ես անցկացնելու տոները:
Քրիսմըսի արձակուրդը Մորթենի հետ Փարիզում անցկացրի։ Իսկ Նոր տարին մեր ընկերներից մեկի՝ Ապրիլի տանն ենք դիմավորելու։ Առաջին անգամ դանիական Նոր տարի եմ տեսնելու։

22. Սիրահարվե՞լ ես 2016-ին:
Հա։ Մորթենին։ Նորից։ Անընդհատ։

23. Քանի՞ մի գիշերվա սեր ես ունեցել:
Ոչ մի, հասկանալի պատճառներով։

24. Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:
Չեմ նայում ոչ մի բան:

25. Ատու՞մ ես որևէ մեկի, որին չէիր ատում անցյալ տարի այս ժամանակ:
Չէ, ես մարդկանց չեմ ատում:

26. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:
Ջենիֆեր Իգանի “A Visit from the Goon Squad”-ը

27. Ո՞րն էր քո ամենամեծ երաժշտական հայտնագործությունը:
Էս անգամ ոնց որ տենց հայտնագործություններ չկային։ Բայց Լիզա Հանիգանի նոր ալբոմը շատ լավն էր։

28. Ի՞նչ էիր ուզում և ստացար:
Կայուն բնակավայր։ Առաջիկայում եթե էլի հասցե փոխեմ, ապա դա կլինի մենակ էն դեպքում, երբ ավելի լավ տարբերակի հանդիպեմ։

29. Ի՞նչ էիր ուզում և չստացար:
Մի քիչ կայունության հեռանկար

30. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմն այս տարի:
Լոբստեր

31. Ի՞նչ արեցիր ծննդյանդ օրը և քանի՞ տարեկան դարձար:
Բուն ծննդյանս օրն աշխատանքի էի, հետո դանիերենի։ Իսկ ավելի ուշ մեծ քեֆ արեցինք մոտ 25 հոգով։ Դարձա 30 տարեկան։

32. Ի՞նչն էր պակասում, որ տարիդ ավելի շատ բավարարեր քեզ:
Աշխատանքային անկախությունը։ Շատ հարցերում ուրիշներից կախված էի։ Դրա համար գործս առաջ չէր գնում։ Դրանից ահագին տառապեցի։

33. Ինչպե՞ս կբնութագրես քո անձնական նորաձևությունը:
Բան չի փոխվել։

34. Ի՞նչը քեզ ողջամիտ պահեց:
Մորթենն իր ներկայությամբ ու աջակցությամբ, թե չէ կխելագարվեի։

35. Ո՞ր հայտնի մարդուն ամենաշատը հավանեցիր:
Պատի Սմիթին

36. Ո՞ր քաղաքական հարցը քեզ ամենաշատն անհանգստացրեց:
Սիրիայի պատերազմն իր բոլոր նյուանսներով

37. Ու՞մ կարոտեցիր:
Չգիտեմ ինչու, բայց ընկերուհուս՝ Թերեզային եմ ամենաշատը կարոտում։

38. Ո՞վ էր ամենալավ մարդը, որի հետ ծանոթացար:
Ապրիլը

39. Պատմիր 2016-ի ամենաարժեքավոր դասդ:
Երբ քեզ մի բան պետք ա, գնա, դռներ թակի, զզվացրու մարդկանց, մինչև ստանաս ուզածդ։ Ուրիշ տարբերակ չկա։

40. Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են քո 2016-ը:
Հիմա որևէ բան չեմ կարողանում մտաբերել։ Եթե գտնեմ որևէ երգ, կխմբագրեմ էս գրառումը։