2016-ի ամփոփում

Սկսեմ մի քիչ մզմզալ 2016-ից։ Երևի էնքան մանրամասն գրել չստացվի, ինչպես նախորդ տարիներին, որովհետև էս անգամ տարվա վերջին շաբաթն անցնող տարվա մասին մտածելու փոխարեն Փարիզում զվռնում էի ընկերոջս հետ, իսկ տարվա առաջին շաբաթն անցնելու է աշխատանքի մեջ թաղված։ Բայց ինչ հասցնեմ, կգրեմ։

1. Ի՞նչ ես արել 2016-ին, որ նախկինում չես արել:
Նորվեգերեն գիրք եմ կարդացել։ Մեկ էլ վիրահատվել եմ։

2. Նոր տարվա որոշումներիդ հավատարի՞մ ես մնացել և արդյոք ավելի շատ որոշումներ կկայացնես հաջորդ տարի:

Ուզում եմ առողջությունովս զբաղվել ու վստահ լինել, որ մարմինս պատրաստ է երեխա ունենալուն:

Զբաղվել եմ առողջությունովս։ Կարայի ավելի լավ զբաղվեի, բայց դժգոհ չեմ։

Ուզում եմ նաև 2016-ին դանիերեն 3 քննությունը հանձնել:

Հանձնել եմ։

Իսկ մասնագիտական ոլորտում ուզում եմ առնվազն երեք հոդված ամսագրի ուղարկած լինել:

Մենակ մեկն ա առայժմ, երկրորդն ու երրորդը կիսատ գրված են։ Բայց պիտի որ տարվա առաջին ամիսներին զբաղվեմ դրանցով։

Ուզում եմ սովորել շատ աշխատել և աշխատանքը կարևորել:

Ոնց որ ստացվել ա։ Թեև ոչ էնքան, ինչքան հույս ունեի։ Համենայնդեպս, մենակ վերջին մեկ-երկու ամսում էի աշխատում էնպես, ինչպես կուզեի, բայց ամեն դեպքում առաջընթացն արձանագրում եմ։

3. Քո մտերիմներից մեկը երեխա ունեցե՞լ է:

Հա 🙂 Հորաքրոջս աղջիկը։ Ու ահավոր ուրախացել եմ։

4. Քո մտերիմներից որևէ մեկը մահացե՞լ է:
Փառք Աստծո, չէ:

5. Ո՞ր երկրներն ես այցելել:
Հայաստան, Նիդեռլանդներ, Իտալիա, Գերմանիա (երկու անգամ), Ավստրիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, դե Դանիայում էլ ապրում եմ, առաջին անգամ Օրհուս քաղաք եմ գնացել

6. Ի՞նչ կուզենայիր ունենալ 2016-ին, որ պակասում էր 2015-ին:
Կայունություն։ Չորս ամսից պայմանագիրս վերջանում ա, ու ես գաղափար չունեմ՝ ինչ ա լինելու դրանից հետո։ Կուզենայի կայուն աշխատանք ունենալ։

7. 2016-ի ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:
Հուլիսի 11։ Էդ օրը վիրահատվեցի։

8. Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2016-ին:
Մորթենի հետ հարաբերության ամրապնդումն ու ի վերջո միասին ապրելը։ Ոնց որ թե առայժմ լավ ա ստացվում։

9. Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:
Էնքան չաշխատելը, ինչքան ուզում էի։

10. Ի՞նչ հիվանդություն ես ունեցել:
Նույնը՝ լեղաքարային։ Բայց էլ չունեմ, ու դա էնքան լավ ա։

11. Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:
Ձմեռային վերարկուս

12. Ու՞մ վարքը կուզեիր գովել:
Մորթենի։ Ուղղակի հրաշք ա ինքը։

13. Ու՞մ վարքը քեզ դեպրեսեց:
Ղեկավարիս։ Բայց արդեն սովորել եմ։

14. Ի՞նչ ես արել փողերիդ մեծ մասը:
Համերգների ու ուտելիքի վրա եմ ծախսել։

15. Ի՞նչն ամենաշատը քեզ ոգևորեց:
Երբ էքսպերիմենտս վերջապես սկսեց աշխատել։

16. Ո՞ր երգը քեզ միշտ 2016-ը կհիշեցնի:
Lisa Hannigan – “We the Drowned”

17. Անցյալ տարվա այս ժամանակի համեմատ դու ավելի.

i. երջանի՞կ ես, թե՞ տխուր – երջանիկ
ii.չա՞ղ, թե՞ նիհար – նիհար
iii. հարու՞ստ, թե՞ աղքատ – հարուստ

18. Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:
Աշխատել։ Բայց արդեն ոչ թե կուզեի, այլ ստիպված եմ, թե չէ վերջս լավ չի լինի։

19. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:
Հիվանդանոցից տուն քշելիս ալարել ու ճամփի կեսից գնացք նստել։

20. Ինչպե՞ս ես անցկացնելու տոները:
Քրիսմըսի արձակուրդը Մորթենի հետ Փարիզում անցկացրի։ Իսկ Նոր տարին մեր ընկերներից մեկի՝ Ապրիլի տանն ենք դիմավորելու։ Առաջին անգամ դանիական Նոր տարի եմ տեսնելու։

22. Սիրահարվե՞լ ես 2016-ին:
Հա։ Մորթենին։ Նորից։ Անընդհատ։

23. Քանի՞ մի գիշերվա սեր ես ունեցել:
Ոչ մի, հասկանալի պատճառներով։

24. Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:
Չեմ նայում ոչ մի բան:

25. Ատու՞մ ես որևէ մեկի, որին չէիր ատում անցյալ տարի այս ժամանակ:
Չէ, ես մարդկանց չեմ ատում:

26. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:
Ջենիֆեր Իգանի “A Visit from the Goon Squad”-ը

27. Ո՞րն էր քո ամենամեծ երաժշտական հայտնագործությունը:
Էս անգամ ոնց որ տենց հայտնագործություններ չկային։ Բայց Լիզա Հանիգանի նոր ալբոմը շատ լավն էր։

28. Ի՞նչ էիր ուզում և ստացար:
Կայուն բնակավայր։ Առաջիկայում եթե էլի հասցե փոխեմ, ապա դա կլինի մենակ էն դեպքում, երբ ավելի լավ տարբերակի հանդիպեմ։

29. Ի՞նչ էիր ուզում և չստացար:
Մի քիչ կայունության հեռանկար

30. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմն այս տարի:
Լոբստեր

31. Ի՞նչ արեցիր ծննդյանդ օրը և քանի՞ տարեկան դարձար:
Բուն ծննդյանս օրն աշխատանքի էի, հետո դանիերենի։ Իսկ ավելի ուշ մեծ քեֆ արեցինք մոտ 25 հոգով։ Դարձա 30 տարեկան։

32. Ի՞նչն էր պակասում, որ տարիդ ավելի շատ բավարարեր քեզ:
Աշխատանքային անկախությունը։ Շատ հարցերում ուրիշներից կախված էի։ Դրա համար գործս առաջ չէր գնում։ Դրանից ահագին տառապեցի։

33. Ինչպե՞ս կբնութագրես քո անձնական նորաձևությունը:
Բան չի փոխվել։

34. Ի՞նչը քեզ ողջամիտ պահեց:
Մորթենն իր ներկայությամբ ու աջակցությամբ, թե չէ կխելագարվեի։

35. Ո՞ր հայտնի մարդուն ամենաշատը հավանեցիր:
Պատի Սմիթին

36. Ո՞ր քաղաքական հարցը քեզ ամենաշատն անհանգստացրեց:
Սիրիայի պատերազմն իր բոլոր նյուանսներով

37. Ու՞մ կարոտեցիր:
Չգիտեմ ինչու, բայց ընկերուհուս՝ Թերեզային եմ ամենաշատը կարոտում։

38. Ո՞վ էր ամենալավ մարդը, որի հետ ծանոթացար:
Ապրիլը

39. Պատմիր 2016-ի ամենաարժեքավոր դասդ:
Երբ քեզ մի բան պետք ա, գնա, դռներ թակի, զզվացրու մարդկանց, մինչև ստանաս ուզածդ։ Ուրիշ տարբերակ չկա։

40. Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են քո 2016-ը:
Հիմա որևէ բան չեմ կարողանում մտաբերել։ Եթե գտնեմ որևէ երգ, կխմբագրեմ էս գրառումը։

2013-ի կենսափորձս

Եթե չեմ սխալվում, սա էլ ա Ռիփից գողացած (մի հատ էլ կա իրա կողմերից, բայց էն մեկը լիքը կրկնվող հարցեր ունի, հավես չարեցի լրացնեմ):

2013-ին ես սովորեցի
Երկու ձեռքի վրա կանգնել

2013-ին ես իմացա
Որ Հայաստանի հոգեբուժությունը շուտով մեռնելու ա

2013-ին ես առաջին անգամ եղա
Բարսելոնայում

2013-ին ես ծանոթացա
Լիքը լավ հայ ջահելների հետ, որոնք ոնց որ լույս լինեն: Մեկ էլ Ջանեթի հետ ծանոթացա:

2013-ին ես կարդացի
27 հատ մասնագիտական և ոչ մասնագիտական գրքեր: Գեղարվեստականի առումով սա կյանքիս ռեկորդն էր երևի:

2013-ին ես առաջին անգամ փորձեցի
Սիգար

2013-ին ես դիտեցի
Անկապ, չտպավորվող ֆիլմեր

2013-ին ես ձեռք բերեցի
Նոր ու լավ ընկերներ

2013-ին ես առաջին անգամ հագա
Լեգինգ

Տարվա ամփոփում

Շարունակում ենք զանազան հարցաթերթիկներ լրացնելը :)) Էս մեկն էստեղից էր:

1. Ի՞նչ ես արել 2013-ին, որ նախկինում չես արել:
Յոգայով զբաղվելը, full-time աշխատելը, Երևանում հեծանիվ քշելը

2. Նոր տարվա որոշումներիդ հավատարի՞մ ես մնացել և արդյոք ավելի շատ որոշումներ կկայացնես հաջորդ տարի:
Անցյալ Նոր տարուն մի հատ ապուշ որոշում ունեի, էն էլ ոնց եմ հավատարիմ մնացել: Բայց քանի որ տարին վերջանում է, հանգիստ կարող եմ շեղվել դրանից:

3. Քո մտերիմներից մեկը երեխա ունեցե՞լ է:
Հա 🙂 Մտերիմ ընկերուհիս երկրորդ պստոն ունեցավ

4. Քո մտերիմներից որևէ մեկը մահացե՞լ է:
Փառք Աստծո, չէ:

5. Ո՞ր երկրներն ես այցելել:
Նիդեռլանդներ, Գերմանիա, Ֆինլանդիա, Դանիա, Հայաստան, Իսպանիա, Չեխիա (անցյալ տարվան չի հասնի, բայց էլի քիչ չի)

6. Ի՞նչ կուզենայիր ունենալ 2014-ին, որ պակասում էր 2013-ին:
Սթրվածություն: Հետաքրքիր ա, որ անցյալ տարի գրել էի` ավելի շատ մտերիմ մարդկային շփում, որտեղ էլ լինեմ: Ու ստացել եմ ուզածս:

7. 2013-ի ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:
Դեկտեմբերի 2: Կյանքումս առաջին անգամ հայտնվել էի ոստիկանությունում:

8. Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2013-ին:
Մարդիկ: Ես էնքան ուրախ եմ, որ արդեն եղած լիքը հարաբերություններ ամրացան ու խորացան, հայտնվեցին նաև նոր ու լավ լիքը մարդիկ:

9. Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:
Հայաստանում չհարմարվելը:

10. Ի՞նչ հիվանդություն ես ունեցել:
Մի անգամ թունավորվել եմ Հոլանդիայում եղած ժամանակ: Կյանքում չեմ մոռանա:

11. Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:
Հեծանիվս

12. Ու՞մ վարքը կուզեիր գովել:
Հայ ջահելության

13. Ու՞մ վարքը քեզ դեպրեսեց:
Հին ընկերներիս

14. Ի՞նչ ես արել փողերիդ մեծ մասը:
Բերել եմ Հայաստան

15. Ի՞նչն ամենաշատը քեզ ոգևորեց:
Ուսանողներս

16. Ո՞ր երգը քեզ միշտ 2013-ը կհիշեցնի:
Շատ են: Բայց երևի Zaz-ի La lune-ը

17. Անցյալ տարվա այս ժամանակի համեմատ դու ավելի.

i. երջանի՞կ ես, թե՞ տխուր – տխուր
ii.չա՞ղ, թե՞ նիհար – նիհար
iii. հարու՞ստ, թե՞ աղքատ – աղքատ

18. Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:
Գիտություն

19. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:
Պրոկրաստինացիա: Հետաքրքիր ա, որ անցյալ տարի գրել էի` քնել: Ու երևի սա կյանքիս մեջ առաջին տարին էր, որ շատ նորմալ քնի ռիթմ ունեի (դե անքնության առանձին դեպքերը չհաշված):

20. Ինչպե՞ս ես անցկացնելու տոները:
Դիմավորելը տանը: Հետո` չգիտեմ: Առաջարկնե՞ր

22. Սիրահարվե՞լ ես 2013-ին:
Հա, ուֆ: Բայց ավելի լավ ա չհիշեմ:

23. Քանի՞ մի գիշերվա սեր ես ունեցել:
Ոչ մի

24. Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:
Չեմ նայում ոչ մի բան:

25. Ատու՞մ ես որևէ մեկի, որին չէիր ատում անցյալ տարի այս ժամանակ:
Չէ, ինձ չեմ ծանրաբեռնում սենց մանրուքներով:

26. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:
Կունդերայի «Անտեղյակությունը» կառանձնացնեմ որպես անձնապես ինձ վրա ուժեղ ազդած գիրք:

27. Ո՞րն էր քո ամենամեծ երաժշտական հայտնագործությունը:
Coeur de pirate

28. Ի՞նչ էիր ուզում և ստացար:
Աշխատանք

29. Ի՞նչ էիր ուզում և չստացար:
Նորմալ աշխատանք

30. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմն այս տարի:
Les beaux jours

31. Ի՞նչ արեցիր ծննդյանդ օրը և քանի՞ տարեկան դարձար:
Հեծանիվ քշեցի, Հեմինգուեյում խմեցի: Մի քանի օր անց էլ բուսաբանականում էկլերով ու թեյով կեսօր անցկացրի երկու մտերիմ ընկերուհիներիս հետ:

32. Ի՞նչն էր պակասում, որ տարիդ ավելի շատ բավարարեր քեզ:
Նորմալ աշխատանքը Հայաստանում, որ կբավարարեր իմ երեք պահանջները. կրթություն, գիտություն, կլինիկա:

33. Ինչպե՞ս կբնութագրես քո անձնական նորաձևությունը:
Յոգայի պատճառով էս տարի շատ էի լեգինգ+յուբկա հագնում:

34. Ի՞նչը քեզ ողջամիտ պահեց:
Ընկերներս

35. Ո՞ր հայտնի մարդուն ամենաշատը հավանեցիր:
Զազին:

36. Ո՞ր քաղաքական հարցը քեզ ամենաշատն անհանգստացրեց:
Մաքսային միությունը ու դրա հետ կապված բոլոր հարցերը

37. Ու՞մ կարոտեցիր:
Ինչ-որ տարօրինակ ա, ոնց որ թե ոչ մեկին էլ չեմ կարոտել, կամ էլ ում կարոտել եմ, ստացել եմ:

38. Ո՞վ էր ամենալավ մարդը, որի հետ ծանոթացար:
Մանուն, մեկ էլ Աննան

39. Պատմիր 2013-ի ամենաարժեքավոր դասդ:
Հայաստանը միջակությունների երկիր ա, եթե չես ուզում միջակություն դառնալ, պիտի փախնես էստեղից:

40. Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են քո 2013-ը:
Կներեք մեծամտությանս համար, բայց…
I am a magnet for all kinds of deeper wonderment
I am a wunderkind oh oh oh oooooh
And I lift the envelope pushed far enough to believe this
I am a princess on the way to my throne 

Ալանիսի հարցերը 2013-ի և 2014-ի մասին

2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
Հունվարի 1-ին հոլանդական ավանդույթի համաձայն ծովափ գնալն ու տաք շոկոլադը
– Լայդենում Նոր տարուն Հրաչ Մարտիրոսյանենց հյուր գնալը
– Պինտելիերում Յաելի հետ գարեջուրը
– Խրոնինգենի էն լուռ առավոտը, երբ ճամպրուկս փողոցում գլորելով ընկերներիս տնից քայլեցի դեպի կայարան
– Յոենսուում ձյուների մեջ ոտքով համալսարան գնալ-գալը
– Գրադարանում կլինիկական լեզվաբանության էսսես գրելը
– Գրադարանում պարապմունքս ընդմիջելիս սուրճն ու պուլլան
– Կոպենհագենում ձյան տակ թափառելը
– Քրիստիանիան
– Կոպենհագենի հոսթելի բարում նստած շուրջս ուսումնասիրելը
– Դելֆտում Վալենտինի օրն ինքս ինձ համար բացիկ գրելը
– Մարտ-ապրիլի երեկոներն Ազատության հրապարակում
– Առավոտները Խրոնինգենում Սոֆյայի հետ սուրճ խմելը
– Զազի առաջին համերգի ժամանակ հայկական դրոշը ծածանելը
– Կոյկենհոֆի կակաչները
– Սոֆյայի հետ անձրևի տակ հեծանիվով Լայդենից Հարլեմ քշելը (կակաչ տեսնելու հույսով) 
– Հենկ Հելմանտելի տանը
– Բարսելոնան իր ամեն ինչով
– Զեմֆիրայի համերգն ու այդ ժամանակ Հայաստանի դրոշը ձեռքիցս վերցնելը
– Զազի երկրորդ համերգի ժամանակ թափվող անձրևն ու Déterre երգը
– Զազին անձամբ հանդիպելը
– Քյոլնի տաճարի աստիճաններին նստած գնացքիս սպասելը

– Մի արևոտ շաբաթ օր Խրոնինգենում թափառելը
– Դելֆզայլում թափառումներս
– Սխիրմոնիկոուխում վիքենդը հոսթեցիների հետ
– Յոգայի առավոտյան դասերը
– Ջանեթի հետ սուրճը
– Լյուբեկն իր ամեն ինչով
– Պրուհոնիցեն Աննայի հետ
– Դասերս մանկավարժականում
– Դիլիջանում Լիլիթի հետ թափառելը
– Դիլիջանում Լիլիթի ու Թերեզի հետ ջրիկ երեկոն
– Վարդի ու Ռիփի Երևան գալը, Թումանյանի այգում կապիկություններն ու պիցցան
– Բուսաբանական այգում թերմոսով թեյով ու էկլերներով ծնունդս
– Մանուի հետ թեյը
– Աննայի հետ թեյը
– Քրիստի հետ թեյը
2013թ. սիրածս գրքերը
– Բրեդբերիի «Մարսյան քրոնիկները»
– Կունդերայի «Անտեղյակությունը»
– Օրուելի «1984»-ը

2013թ. սիրածս ֆիլմերը
Les beaux jours երևի, չնայած որ ասեմ խելագարվում եմ էս ֆիլմի համար, սուտ կլինի:

2013թ. սիրածս հոդվածները
Գիտական կլինի՞: Մոգենսենի հոդվածը REF մոդելի մասին: Կյանքս շուռ տվեց էս հոդվածը:

2013թ. սիրածս համերգները
Զազի երկու համերգները, մեկ էլ Զեմֆիրան

2013թ. սիրածս երգերը/կատարողները
– Alanis Morissette – Wunderkind
– Zaz – Recto Verso ալբոմի գրեթե բոլոր երգերը
– Զեմֆիրայի նոր ալբոմից մի երեք-չորս երգ
– Coeur de pirate-ն ընդհանուր որպես հայտնագործություն
– Լիլիթ Բլեյանի նոր ալբոմը

2013թ. սիրածս հեռուստահաղորդումները
Ես հեռուստացույց չեմ նայում 

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.
Չորս ամիս ֆեյսբուքում չլինելով

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Նորից գնալու պլաններ մշակելս

Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2012-ի դեկտեմբերին Ֆինլանդիա-Գերմանիա-Հոլանդիաներում էի, հիմա` Հայաստանում

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Չէ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Հա, չափից դուրս շատ:

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Ցավոք, ոչ: Ամենակարևոր ոչը երևի հունվարի սկզբին կասեմ:

2014-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Նորից Եվրոպա տեղափոխվելը

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
PhD

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Տպագրված աշխատանք
– Դանիերեն

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Դանիայի վիզա ստանալը

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Իմ կյանքում դրանք անպակաս են: Ամեն դեպքում, վիկինգներից մեծ սպասելիքներ չունեմ:

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Պրոկրաստինացիա

 

Նոր անցնում էի էս ցուցակի վրայով, հատկապես առաջին կետի: Ի տարբերություն 2012-ի, որը մենակության տարի էր, 2013-ը ոտքից գլուխ մարդկանց տարի էր, գրեթե բոլոր ամենալավ պահերը մարդկանցով էին պայմանավորված:

Հետադարձ հայացք 2013-ին

Սրտիկը գլխի գցեց

2013-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Խրոնինգեն վերադառնալը
Չգիտեմ` ոգևորությունս էդքան արժեր, թե չէ: Ամեն դեպքում, լավն էր իմ վերջին կես տարին Եվրոպայում

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Թեզ պաշտպանել, Հայաստան վերադառնալ ու կյանքիս մեջ առաջին անգամ լրիվ դրույքով աշխատանք փնտրել:
Գրողը տանի, սաղ արել եմ:

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2013-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
Եթե մյուս տարվա դեկտեմբերին դեռ փոշմանած չլինեմ Հայաստան գնալուս համար, ուրեմն հպարտությամբ կարձանագրեմ 🙂
Երևի հպարտանալու տեղ չունեմ 😦 ափսոս…

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Հայաստան վերադառնալ: Սարսափում եմ:
Ճիշտ էլ անում էի, իսկապես վախենալու էր:

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Խրոնինգենում՝ գուցե: Բայց Հայաստանում ոչ մի դեպքում:
Այ սա շատ հետաքրքիր էր, որովհետև Խրոնինգենում հենց առանձնապես կարիք չունեցա նոր ընկերների (դե Ջանեթն էր միակ նոր ընկերս), իսկ Հայաստանում մի ամբողջ նոր շրջապատ ստեղծեցի:

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Մեծանալ
Հեհե, հա, երևի չեմ մեծացել, չնայած երբեմն դիտմամբ փորձում էի մեծ երևալ: