Վերջին շաբաթ օրը Խրոնինգենում

Քանի որ երբ վերջը մոտենում է, բոլոր զգացողություններդ ավելի են սրվում, առօրյադ ուրիշ անկյուններից ես սկսում նկատել, որոշեցի հերթով պատմել Խրոնինգենում անցկացրած վերջին օրերի մասին:

DSCF4681

Զարթուցիչ չեմ միացնի: Եթե շուտ արթնանամ, պիլատեսի կգնամ, եթե չէ, ինձ չեմ ստիպի:

Հաշվի առնելով, որ անցյալ գիշեր ժամը հազարին էի գնացել քնելու, որ շաբաթ առավոտյան էնքան էլ մեծ խանդավառությամբ չեմ արթնանում, որովհետև Օստերկադե հասնել չեմ սիրում, որ պատուհանից այն կողմ ամպերը ծանրացրել ու գորշացրել էին առավոտը, պիտի որ քնած մնայի: Բայց չէ… Ձգվեցի դեպի ժամացույցս. 09:15, իսկ դասն ուղիղ մի ժամից է:

Հարևանի շեկ աչքերով կատուն ճանապարհի մեջտեղին նստել էր, մի ոտքը ձգել ու սեռական օրգաններն էր լվանում: Բարևեցի: Բանի տեղ չդրեց. լուրջ գործի վրա էր:

Օստերկադե հասա դասից երկու-երեք րոպե առաջ: Քունս տանում էր, մկաններս ինձ չէին ենթարկվում: «Պիտի քնեի»,- մտածեցի: Ու դասից հետո միայն հասկացա, թե ինչու Օստերկադեն չեմ սիրում: Փորձում էի գորգիկը կախել, բոյս չէր հասնում: Թռնում էի, տանջվում, միևնույն է, չէր հասնում: Ինձնից մի քիչ բոյով Սոֆյան չկար, որ կանգներ մատների ծայրերի վրա ու իմ գորգիկն էլ կախեր: Ստիպված օգնություն խնդրեցի:

Պիլատեսից հետո քշեցի թելի խանութ Սոֆյայի թելերը գնելու: Խրոնինգենում բազմաթիվ խանութներ արձակուրդ էին գնացել, ու Սոֆյան չէր հասցրել մեկնելուց առաջ նվեր քարտն օգտագործել: Դրա համար խնդրել էր, որ ես էդ հարցով զբաղվեմ ու թելերը Նոր Զելանդիա ուղարկեմ:

Հեծանիվիս շղթան էի արձակում, երբ ինչ-որ մեկը կողքովս անցավ ու բարևեց: Գլուխս բարձրացրի: Ղեկավարս էր հեծանիվով հավանաբար տուն գնում, որովհետև դեպի Նորդերպլանտսուն էր շարժվում: Ես էլ նույն ճամփան բռնեցի. ուզում էի Նորդերզոնը ցերեկով էլ տեսնել:

Նորդերպլանտսունն անցյալ գիշերվա պես մարդաշատ չէր, բայց էլի աշխուժություն էր տիրում: Նորդերպլանտսունը, որտեղ հեծանվամարզանքներ էի անում երկու տարի առաջ…

Այգուց դուրս գալիս դիմացովս Հերմանն անցավ ու բարևեց: Քաղաքը հարազատանում է էն ժամանակ, երբ սկսում ես փողոցում պատահաբար ծանոթ մարդկանց տեսնել ու հատկապես երբ դա չի սահմանափակվում համալսարանի սահմանափակ տարածքով:

Տանը մի գլուխ գործ: Տասը կիլոյանոց արկղը շալակեցի, փոստ տարա: Սկզբում ուզում էի Սրջանին զանգել, որ գա օգնի, բայց հետո միտքս փոխեցի: Ամբողջ ճանապարհին ինձնից գոհ գլուխս բարձր քայլում էի, հիանում իմ ուժով, ուրախանում, որ կարողանում եմ գրեթե իմ բոյաչափ արկղն էդքան հեշտ տեղափոխել:

– Ութսունհինգ եվրո,- ասաց փոստի աշխատակցուհին:

– Ութսուհի՞նգ,- զարմացա:

– Ամենաէժան տարբերակն է:

Քթիս տակ ծիծաղեցի: Դե անգլերեն թվերը ճիշտ սովորեք էլի այ հոլանդացիներ:

Ձեռքերս թափ տալով տուն վերադարձա: Ճամփին այգին էր, որն առաջին անգամ տեսնելիս մտածեցի՝ երբ օրերը տաքանան, էստեղ կփռվեմ: Օրերն այդպես էլ չտաքացան կամ տաքացան, բայց ես այլևս չկայի: Այգում արդեն աշնան հոտ էր փչում, ճիշտ էնպիսին, ինչպիսին մի քանի օր առաջ Ջանեթը նկարագրեց: Բայց ծառերի հետևում երկինքը կապույտ էր:

Հետո լվացք, հետո թղթերը տեսակավորելու սուրբ արարողությունը, ճամպրուկ դասավորելը, պատիցս հերթով բացիկները հանելը… Ու նորից չեմ տեղավորվում: Կլինի՞ մի օր առանց ավելորդ քաշից վախենալու ճամփա ընկնեմ:

Պատերս դատարկ են, անդեմ ու տխուր: Մնացել են միայն դռանս փակցված թղթիկները, որոնք երեկ զարմացրին Քրինային: Դրանք գնալուցս առաջ անելիքներն են: Թվով տասնյոթը: Էսօր չորս-հինգ հատ ջնջվեց:

Շաբաթս թեթև անցավ. որևէ մեկի հրաժեշտ չէի տալիս:

Ամառային շաբաթ օրը Խրոնինգենում

Հետևում թողեցի տրանսպորտի թանկացման հետ կապված զարգացումները Երևանում. երեկոյան կնայեմ վիդեոները, կկարդամ հոդվածները: Հագա ջինսից յուբկաս, որովհետև շոգ էր, շալվարով կշոգեի: Դեմ գնալով քյառթուական բոլոր օրենքներին՝ հագա նաև սպորտային կոշիկներս, որպեզի երեկոյան տուն գալիս չսառեմ ու տանից դուրս եկա: Նստեցի իմ անվճար փոխադրամիջոցը, որը միշտ էլ անվճար է լինում անկախ տրանսպորտի թանկացումներից, իսկ տրանսպորտը, ասում են, այս տարի թանկացել է էստեղ: Չգիտեմ, չեմ օգտվում: Եվ ուղևորվեցի դեպի քաղաքի կենտրոնում:

Խրոնինգենում մարդ չի մնացել: Ուսանողներն էլ, մշտական բնակիչներն էլ, մի խոսքով՝ բոլոր-բոլորը, բացառությամբ մագիստրոսական թեզ գրող դժբախտներից ու նրանց դժբախտությանը ծառայող գրադարանի աշխատակիցներից, գնացել են քաղաքից: Վերադարձել են իրենց տները կամ մեկնել են այնտեղ, որտեղ իսկական արև կա: Քաղաքը թողել են տուրիստներին:

Հենց մտա կենտրոն, նկատեցի, որ ինչ-որ շատ են քարտեզները ձեռքին դեսուդեն նայող տուրիստները: Ու կապ չունի՝ նրանք հոլանդերեն, գերմաներեն, անգլերեն, թե մեկ այլ լեզվով են խոսում: Խրոնինգենը տուրիստական քաղա՞ք: Երևի աշխարհում էլ տեղ չի մնացել, որոշել են էստեղ գալ:

DSCF4576Կենտրոնը, այնուամենայնիվ, մարդաշատ է: Եղանակն էլ կապ ունի, շաբաթվա օրն էլ: Մոտերքից երաժշտություն է լսվում: Փնտրում եմ, որ գտնեմ աղբյուրը: Տանգո: Մի քանի զույգ տանգո են պարում: Հայտարարությունն ասում է՝ ամեն շաբաթ օր մինչև օգոստոսի եսիմքանիսը, այս ժամից այս ժամն այսինչ տեղում: Հոլանդացի զույգերը եկել էին տանգո պարելու: Առաջին անգամ էր, որ հոլանդուհու կանացիությունն ու նրբությունը տեսա: Պարզ զգեստի մեջ գծագրվում էին հսկայական մարմնի նուրբ ուրվագծերը: Ու ճոճվում էր հոլանդուհի իր զույգի ձեռքերում, ծալվում, ճկվում: Բարձրակրունկների մեջ ոտքերը նրբորեն բարձրանում էին, թեքվում, առաջ գալիս, հետ գնում: Կյանքիս մեջ առաջին անգամ տեսա բարձրակրունկների հմայքը, որոնք այդքան փչացրել է մեր հասարակությունը՝ դարձնելով ամենօրյա հանդերձանքի բաղադրամաս:

DSCF4578Թողեցի պարողներին, առաջ գնացի: Մի հեծանիվ էր կանգնած, վրան՝ լիքը իրեր: Գրությունը՝ աշխարհի շուրջ արդեն երեք տարի, կողքը՝ մի ջահել տղա: Սկսեցի զրուցել հետը: Լավ անգլերեն էր խոսում: Հարցրեց՝ որտեղից եմ: Հայաստա՞ն, ես ուզում եմ գալ ձեր երկիրը: Չէ՜, վա՜յ, դա Վրաստանն էր, բայց Հայաստան էլ եմ ուզում գալ: Ձեր բոլորի ազգանունները նույն վերջավորությունն ունեն, չէ՞: Ասաց, որ առայժմ միայն Եվրոպայով է ճամփորդում ու սովորում, սովորում, սովորում: Ինքը Հունգարիայից է՝ գնչու: Հարցրի, թե արդյոք հեծանիվով է ուզում Հայաստան գալ: Ուղտով, նավով, փղով, ինչով պատահի,- պատասխանեց:

 

DSCF4580

Մի քիչ էլ առաջ, ու մտա Հերեստրատ՝ քաղաքի ամենակենտրոնական փողոցը, որտեղ նույնիսկ հեծանիվների մուտքն է արգելված: Գետնին նստած էր փողոցային արտիստը ու տեղում արվեստ էր ստեղծում, որը վաղն արդեն հաստատ չէր լինելու, որովհետև նրան էլի եմ տեսել նույն գործի վրա ուրիշ պատկերներ ստեղծելիս:

 

Մի քիչ զբոսանք, հետո վերադարձ դեպի Խրոտը մարկտ, «Երեք քույրեր» սրճարան-փաբ-ռեստորան կամ ինչ անուն ուզում եք, տվեք: Բացօթյա տարածքում հազիվ մի սեղան գտա ու սառույցով բիթեր լեմոն պատվիրեցի: Մատուցողուհին ժպտում էր: Զարմանալիորեն: «Երեք քույրերում» ու ընդհանրապես Խրոնինգենում մենք սովորել էինք սպասարկման ոլորտի ներկայացուցիչների վատ վերաբերմունքին: Հետո հասկացա. ինձ տուրիստի տեղ է դրել: Մի քիչ կարդացի, մի քիչ գրեցի՝ հայացքս Մարտինի աշտարակի ժամացույցին, որ չուշանամ:

Երբ ժամը եկավ, ուղևորվեցի դեպի Պինտելիեր, որտեղ Սրջանին էի հանդիպելու գարեջուր խմելու: Արևը հեռացել էր Պինտելիերի բակից, մի քիչ ցրտոտ էր: Ամեն դեպքում, դրսում նստեցինք: Մատուցողուհին ասաց, որ շատ սիրուն մազեր ունեմ: Սրջանը թե՝ իմ մազերին էլ կոմպլիմենտ արա: Հա, լավն է,- ասաց աղջիկը,- ոնց որ դաշնակահարը լինես: Լավ աղջիկ է,- վրա բերեց Սրջանը,- ոնց որ հոլանդացի չէ: Բելգիացի կլինի, բայց Խրոնինգենի առոգանություն ունի: