Ամառները

Էս քանի օրը ֆեյսբուքում ստատուսներ են պտտվում սեպտեմբերի մեկի մասին: Ոմանք իրենց առաջին դասարան գնացող երեխաների ֆոտոներն են դնում, ոմանք հիշում են իրենց առաջին սեպտեմբերը: Ու էդպես զանազան պատմություններ են հյուսվում, երկխոսություններ ծավալվում, մարդիկ ընկնում են հիշողությունների գիրկը:

Ես էլ ինչ-որ բաներ հիշեցի իմ առաջին սեպտեմբերի մեկից, բայց որոշեցի դա պահել մյուս տարվա համար, իսկ էսօր խոսել ամառվանից: Որովհետև էս քանի օրը ում հանդիպում եմ, միշտ առաջին հարցը լինում է.

-Ամառդ ո՞նց անցավ:

Մեկ ուզում ես ասել՝ ու՞ր էր էնտեղ ամառ, մեկ՝ հրաշալի էր, վաղուց էսքան լավ ամառ չէի ունեցել:

2000 թվականի ամառն իմ կյանքի լավագույն ամառն էր: Մինչև էդ հայրս կարճ ժամանակով ԱՄՆ էր մեկնել: Էնտեղից մամայիս համար մի քանի բաժնով, գրիչի տեղով ու գրպանիկներով բլոկնոտ էր բերել: Ծնողներս վաղուց արդեն բաժանված էին: Դրա համար հայրս չտեսավ, թե ինչպես մայրս էդ բլոկնոտն ինձ տվեց: Չեմ հիշում՝ ե՞ս ուզեցի, թե՞ տեսավ չի օգտագործում, որոշեց ինձ տալ: Բայց որոշ ժամանակ անց տատիկիս տանը հայրս պիտի տեսներ էդ բլոկնոտն ու ջղայնանար, որ մայրս ինձ է տվել:

-Հատուկ ժուռնալիստի բլոկնոտ ա,- պիտի ասեր:

Հետո պիտի բացեր ու առաջին էջին մեծ-մեծ տառերով կարդար. «Իմ ամառային արձակուրդը. 2000»: Ու պիտի թույլ չտայի մնացած էջերը թերթեր:

Էդ բլոկնոտում օր առ օր գրանցված է իմ 2000 թվի ամառային արձակուրդը: Էդ տարի Երևանում եմ մնացել, ոչ մի տեղ չեմ գնացել: Ու գրանցել եմ բոլոր մանրամասները, որովհետև դեռ առաջին շաբաթներից համոզված էի, որ իմ կյանքի լավագույն արձակուրդն է, ու որովհետև պարզապես այն ժամանակ ամեն օր օրագիր գրելու սովորություն ունեի:

Էն ժամանակ Անահիտը կար ու առողջ էր: Գրեթե ամեն երեկո գնում էինք Օղակաձև զբոսայգի, նստում շատրվանների մոտ ու բարձրաձայն մեր օրագրերը կարդում միմյանց համար: Ցերեկները ռադիո էինք լսում, զանգում, երգեր պատվիրում, մրցույթների մասնակցում, բանաստեղծություններ ու սերիալներ գրում: Գնում էինք ռադիոներ ու պատերին խզբզում: Մեկ-մեկ էլ, եթե ռոք համերգներ էին լինում, հագնում էինք մեր ճղած ջինսերը, բանդանաները կապում ու համերգ գնում: 2000-ի ամառը լրիվ Երևանն էր ու Անահիտն էր:

2000-ից հետո շատ ամառներ գնացին-եկան, բայց ոչ մեկն էդքան լավը չէր: Մտածում էի՝ երևի մեծանում եմ, ու թինեյջերական լավագույն ու վատագույնը փոխարինվում է «էս տարի էլ էր լավով»: Մտածում էի՝ գուցե Անահիտի բացակայությունից էր. 2001-ին արդեն քիչ էր երևում, որովհետև ընդունելության քննություններին էր պատրաստվում, 2002-ին հիվանդ էր, իսկ 2003-ին չկար: Համենայնդեպս, այլևս երբեք որևէ ամառվա մասին չասացի. «Սա իմ կյանքի լավագույնն էր»:

Բայց էս ամառն ուրիշ էր: Ուրիշ էր նրանով, որ մայիսի վերջին մի անծանոթ սենյակում արթնանալուց հետո որոշեցի վերջ տալ կյանքիս խառնաշփոթին: Ու սթրեսների միջով խարխափելով մի կերպ հասա արձակուրդի առաջին օրվան:

Էս ամառ մատների վրա հաշված օրեր են եղել, երբ երեսունից բարձր ջերմաստիճան եմ տեսել: Գումարային երևի հազիվ մի ամիս է եղել, որ ընդհանրապես քսան աստիճանից բարձր է եղել: Ծիրանից չեմ հագեցել: Լիքը թրջվել եմ անձրևների տակ: Բայց էս ամառն ուրիշ էր:

Միշտ հիշելու եմ 2015-ի ամռանը կարդացածս բոլոր գրքերը, որոնք մեկը մյուսից սարեր-ձորեր տարբեր էին: Հիշելու եմ գնացածս համերգները՝ թե՛ մենակ, թե՛ ընկերներիս հետ: Հիշելու եմ ընկերներիս՝ Կոպենհագենում, Երևանում (ու հատկապես Բաղրամյանում), Վիեննայում ու Նյուքասըլում: Հիշելու եմ բոլոր առումներով ոչ ստանդարտ ճամփորդությունս դեպի Իռլանդիա: Հիշելու եմ Լուիզիանայի գրական փառատոնը: Հիշելու եմ պարբերաբար ծովափ գնալս ու ինքնաթիռներին նայելս: Հիշելու եմ իմ անձնական ճամփորդությունն ու աճը:

Երևի ափսոս, որ 2015-ին ամեն օր օրագիր չէի գրում, իսկ բլոգումս ամեն ինչ շատ կցկտուր է: Ու չգիտեմ՝ այս ամառն էր լավը, թե 2000-ինը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. վերջին տասնհինգ տարվա մեջ կյանքիս լավագույն ամառն էր: Ու լավագույն ամառն էր, որովհետև 2015-ի գարունն ամենավատն էր:

Մեր ժամանակների երաժշտությունը

Մի քանի օր առաջ հին ընկերներով հավաքվել էինք: Մեզ միացնող հիմնական թեման երաժշտությունն է, հետևաբար ընթացքում սովորականի պես անդրադարձանք «ի՞նչ երաժշտական նորություն կա» հարցին: Զեմֆիրան նոր ալբոմ ունի, մի երկու նոր հայտնաբերած հին կատարող, ու դրանով կավարտվեր թեման, բայց մերոնցից մեկն ասաց, որ իրեն թվում է, թե հիմիկվա երաժշտությունը շատ միատոն է ու ձանձրալի: Էստեղ երկար քննարկում ծավալվեց:

Ճիշտ է, որ մենք` 90-ականների թինեյջերներս (մի քանի տարի պլյուս-մինուս),  այսօրվա երաժշտությունը չենք հանդուրժում: Բնավ չի նշանակում, թե հիմա չկան հրաշալի երգեր կամ երաժիշտներ: Առավելևս չի նշանակում, որ մենք առաջինն ենք կամ վերջինը: Սա մի երևույթ է, որ գոյություն է ունեցել ռոքի ստեղծման պահից սկսած:

Վերջերս ռոքի պատմություն եմ ուսումնասիրում Կուրսերայով: Զարմանալի մի բան. 50-ականներին, երբ ծնվեց ռոքընռոլը, թիրախային լսարանը հենց թինեյջերներն էին: Հետո, երբ նրանք մեծացան, ու առաջ եկավ Beatles-ը, էլի լսարանը հիմնականում թինեյջերներից էր կազմված: Ու էդպես շարունակ:

Դասընթացի ժամանակ լսում եմ նաև տվյալ ժամանակաշրջանը բնութագրող երգեր: Զարմանում եմ, թե դրանք որքան միանման են, մինչդեռ կատարողները միմյանցից լրիվ տարբեր մարդիկ են: Ու զարմանում եմ նաև, թե որքան տարբեր են առանձին ժամանակաշրջաններ ներկայացնող երգերը. Beach Boys-ին հաստատ Էլվիսի հետ չես շփոթի:

Էստեղ հիշում եմ նաև, թե ինչպես էին 70-80-ականների թինեյջերները քննադատում 90-ականների երաժշտությունը, իսկ նրանցից շատերը Ջոան Օզբորնին, Մերեդիթ Բրուքսին ու Ալանիս Մորիսեթին միմյանցից չէին տարբերվում: Ժամանակին զարմանում էի, վիրավորվում. ո՞նց, ախր նրանք էդքան տարբեր երգչուհիներ են: Ո՞նց կարելի է Bitch-ի տակ Ալանիս Մորիսեթի անունը գրել կամ չիմանալ, որ սկանդալային One of Us-ը Ջոան Օզբորնն է երգում: Բայց մոռացել էի, որ նրանք բոլորը նույն հոսանքի ներկայացուցիչներ են, ինչպես 50-ականներին Էլվիսն ու Չաք Բերին էին:

Հետո գալու էր մի օր, երբ ես էլ, իմ սերնդակիցներից շատերն էլ, չէինք նկատելու, թե ինչ է կատարվում երաժշտական աշխարհում կամ նկատելու էինք, բայց մեկը մյուսից չէինք տարբերելու: Զարմանալու էինք ու հիշեինք մեր թինեյջերական տարիքը, երբ մենք էինք զայրանում մեր լսածը քննադատողների վրա:

Ու հիմա մտածում եմ` մարդու երաժշտական ճաշակն առավելապես ձևավորվում է թինեյջերական տարիքում ու հիմնվում է էդ ժամանակաշրջանում տարածում գտած երգերի վրա: Դա այդպես է եղել ռոքի առաջին օրերից սկսած ու շարունակվելու է այնքան, քանի դեռ ռոքը գոյություն ունի: Ու ինչքան էլ շեղվենք աջ ու ձախ, փորփրենք ավելի հները, հատուկենտ նորեր հայտնաբերենք, տրտնջանք սիրելիների անկապ նոր ալբոմներից, միևնույն է, միշտ հավատարիմ ենք մնալու մեր թինեյջերական հոսանքին` հազարավոր ձայների միջից տարբերելով սիրելի կատարողին: