Ֆեյսբուքի ստեղծած պատրանքը

Առիթը բաց չեմ թողնում իմ շրջապատում հայտարարելու, որ Ֆեյսբուքում չկամ: Զարմացած հայացքների ներքո երբեմն կարճ պատասխան եմ տալիս, երբեմն էլ բանավեճի մեջ մտնում ու մանրամասն բացատրում, թե ինչպես է Ֆեյսբուքում գտնվելը սահմանափակում մարդու ազատությունը: Հաճախ նաև հարցնում են՝ ո՞նց ես դիմանում, սկսում թվարկել Ֆեյսբուքի առավելությունները, պնդում, թե ինչքան բան եմ կորցնում այնտեղ չլինելով: Իսկ իմ հակափաստարկն է, որ այդ բոլոր առավելությունները թերություն են, որ կորցնելու ոչինչ չունեմ, այլ փոխարենը միայն շահում եմ:

Ֆեյսբուքից ջնջվելուց դեռ շատ առաջ ամենայն մանրամասնությամբ քննել էի այն պատճառները, թե ինչու այնտեղ կամ, ինչ կլինի, եթե չլինեմ, ինչից կզրկվեմ ու ինչպես կյանքս ավելի կդժվարանա: Այս բոլոր հարցերին պատասխաններ տալուց ու նույն ճանապարհով գնացած մի երկու հոգու հետ շփվելուց հետո հասկացա, որ ամեն դեպքում Ֆեյսբուքից դուրս կյանքը շատ ավելի հրաշալի է ու պետք է ձգտել դրան: Ավելին՝ պարզեցի նաև, որ այնտեղ գտնվելու պատճառներից շատերն իրականում պատրանքներ են, խելացի ձևով մտածված խաբելու միջոցներ, որպեսզի մարդկանց կանչեն էնտեղ: Էստեղ կքննարկեմ այդ պատրանքներից մի քանիսը:

Ֆեյսբուքը կապի միջոց է

Երբ նոր-նոր առաջին քայլերս էի անում Ֆեյսբուքում, ինձ համար անսպասելիորեն նկատեցի, որ Պրահայի դպրոցի համադասարանցիներս էլ այնտեղ կան: Հերթով բոլորին ընկերության առաջարկ ուղարկեցի, պրոֆիլներն ուսումնասիրեցի, որ տեսնեմ՝ ով ուր է հասել, մի քանիսի հետ էլ մի երկու նամակով փոխանակվեցի: Ընկերներիս մեջ կային նաև զանազան համակուրսեցիներ, տարբեր մարդիկ, որոնց հետ ծանոթացել եմ իմ կյանքի տարբեր հատվածներում, ազգականներ, նաև լրիվ անծանոթներ: Թվում է՝ Ֆեյսբուքում չլինելով անմիջապես կապը կորցնում ես նրանց հետ, ու դա քեզ հետ է պահում նման քայլի գնալուց: Բայց ես ինքս ինձ հարց տվեցի. իսկապե՞ս այդպես է:

Վերցնենք Պրահայի համադասարանցիներիս: Ինչի՞ս են պետք նրանք: Երկու հոգուց բացի մնացածներին վերջին տասնվեց տարիների ընթացքում չեմ էլ տեսել: Իսկ ում էլ տեսել եմ, մեկ է, դրանից հետո էլ առանձնապես կապ չեմ պահել: Հետո ի՞նչ, որ Ֆեյսբուքի ընկերներիս մեջ կան: Հիմա ամեն մեկն իր ճամփով է գնացել: Նույնն էլ կարելի է ասել զանազան համակուրսեցիների մասին:

Այնուամենայնիվ, կա, չէ՞, այնպիսի մարդիկ, որոնց հետ ուզում եմ հաղորդակցվել: Փառք Աստծո, այսօր կապի այնքան բազմազան միջոցներ կան, որ կարելի է շփվել Ֆեյսբուքից դուրս (օրինակ՝ Սկայփով, մեյլով, բլոգային տարածքներում, ակումբում, սփյուռքում): Վերջիվերջո, եթե ինչ-որ մեկին գտնելու կարիք ունեմ, հաստատ գետնի տակից էլ կհանեմ նրան: Նույնն էլ հակառակը. եթե ինչ-որ մեկն իսկապես ուզում է հետս կապ պահել, ինչ-որ կերպ միջոց կգտնի: Ի դեպ, հենց երեկ մեկի հետ բանավիճում էի այս թեմայով: Ասաց, որ եթե ուզենամ իր հետ կապվել, չեմ կարողանա, որովհետև մեյլի հասցեն չունեմ: Թվարկեցի լիքը մարդկանց անուններ, որոնց կարող էի դիմել նրա մեյլի հասցեն իմանալու խնդրանքով, դեռ մի բան էլ եկա տուն ու պարզեցի, որ իրականում ունեի նրա հասցեն:

Ինձ թվում է՝ Ֆեյսբուքում մենք ծանրաբեռնում ենք մեր սոցիալական միջավայրը լիքը ավելորդ մարդկանցով: Ու հենց նրանցից կախվածություն ենք ձեռք բերում: Հավատում ենք, որ նրանց ստատուսը կամ նկարը տեսնելը կարևոր է մեզ համար, մինչդեռ իրականում դա ոչինչ չի փոխում մեր կյանքում:

Ֆեյսբուքի շնորհիվ քեզ հետաքրքրող իրադարձությունները բաց չես թողնում

Մի հատ փորձեք հիշել. վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքում հայտարարված քանի՞ իրադարձության եք գնացել: Ես մի քանիսին, այն էլ դրանց մասին Ֆեյսբուքից չէ, որ իմացել եմ: Ինձ հետաքրքրող կազմակերպությունների միջոցառումների մասին տեղեկացումներ ստանում եմ մեյլով, իսկ եթե նեղ շրջանակի ընկերական հանդիպում է, ապա սովորաբար մի հատ էլ զանգում են: Ավելին՝ էստեղ քանի որ համակուրսեցիներս գիտեն, որ Ֆեյսբուքում չկամ, քանի որ մեր համալսարանում պոստդոկ անող Սիլվիան էլ չկա, սուրճ-գարեջրի գնալիս մեյլով ենք իրար տեղեկացնում:

Կարծում էի, որ Ֆեյսբուքում չլինելով իրադարձություններ բաց կթողնեմ: Իրականում բաց եմ թողնում այն իրադարձությունների մասին տեղեկացումները, որոնց էսպես թե էնպես ներկա չէի գտնվելու: Իսկ դա օգնում է, որ ուղեղս չծանրաբեռնվի ավելորդ ինֆորմացիայով:

Ֆեյսբուքում լիքը նկար ունես

Ասե՞մ, թե վերջերս ոնց է սիրտս սկսել խառնել նկարներից, հատկապես երբ ինձնից են ուզում: Հա, բան չունեմ ասելու. ես սիրում եմ աջ ու ձախ բոլորին ու ամեն ինչ նկարել, բայց դրանք Ֆեյսբուքում տեղադրելն արդեն դարձել էր գործողություն հակառակ իմ կամքի, մի բան, որ անում էի ուրիշների խնդրանքներին տեղի տալով կամ երբեմն էլ դրանք կանխարգելելով: Ավելի հաճախ դրանք լցնում էի պիկասա կամ դրոփբոքս, ու ում պետք էր, տեղն ասում էի:

Ֆեյսբուքի շնորհիվ վերջին նորություններն ես իմանում

… բայց դա քեզ պե՞տք ա: Իմ սիրտն արդեն խառնում էր ամեն առավոտ պատիս հայկական անցուդարձը, իրար կպնոցին ու քրֆոցին կարդալը: Ընկերներիցս մի քանիսին հայդ արեցի, մի քանիսին ջնջեցի: Բայց հայտնվում էին նորերը: Աննկարագրելիորեն զզվել էի ինֆորմացիայի այդպիսի մեծ քանակից: Իսկ հիմա խախանդ ապրում եմ՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության: Եթե շատ ուզենամ որևէ բան կարդալ, թվիթերը կա ու կա, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցների տեղը գիտեմ:

Ֆեյսբուքի շնորհիվ բլոգդ ավելի շատ մարդ է ընթերցում

Հաստատ: Դրա համար դեսուդեն էի վազում, գրառումներս փակի տակ դնում, նորանոր բլոգներ բացում ու մարդկանց տեղը չէի ասում, որովհետև մեծն Ֆեյսբուքն ում ասես չէր ուղարկում ինձ մոտ: Ու հա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում բլոգիս այցելությունները մի այլ կարգի անկում են ապրել, բայց ես դրանից միայն ուրախանում եմ, որովհետև հիմա արդեն անգիր գիտեմ ով է այստեղ լինում, ու դա հնարավորություն է տալիս, որ ավելի ազատ լինեմ ու ավելի անմիջական շփման գնամ ընթերցողի հետ, ոչ թե ամբողջ էջս գաղտնաբառերով զարդարեմ:

Որպես ամփոփում պիտի ասեմ, որ իրականում կյանքը շատ էլ հեշտ ու հնարավոր է առանց Ֆեյսբուքի: Պարզապես այն այնպես է կառուցված, որ պատրանք ստեղծվի, թե առանց դրա անհնար է ապրելը կամ լիքը բան բաց կթողնես: Իհարկե, Ֆեյսբուքն իր դրական կողմերն ունի. հետազոտությանս մասնակիցներից երկուսին էնտեղով գտա, բայց նույնիսկ այդ դեպքում եթե Ֆեյսբուքը չլիներ, ուղղակի ստիպված կլինեի մի քիչ շատ ջանք թափել, ինչն ամեն դեպքում անհնար չէ:

Մեկ այլ գրառմամբ էլ ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչպիսին է կյանքը Ֆեյսբուքից դուրս: