Ինչո՞վ է Դեմ եմ-ը յուրահատուկ

Չգիտեմ՝ նախորդ քաղաքական և քաղաքացիական շարժումներից քաղած դասե՞րն էին պատճառը, թե՞ Դեմ եմ-ում ուղղակի ուրիշ տիպի մարդիկ են հավաքված, բայց պիտի ասեմ, որ ինձ համար մինչև հիմա Հայաստանում գործող ամենագրագետ շարժումն է: Ամենևին չթերագնահատելով մնացած բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները (որովհետև եթե դրանք չլինեին, գուցե Դեմ եմ-ն էլ երբեք չլիներ)՝ կփորձեմ բացատրել, թե ինչով է Դեմ եմ-ը յուրահատուկ:

1. Պահանջի կոնկրետ ձևակերպում

Դեմ եմ-ն իր պահանջը շատ կոնկրետ էր ձևակերպել. «Դեմ եմ պարտադիրին»: Հիանալի է, որ այդ պահանջը շարժման սկզբից մինչև վերջ մնաց նույնը, չդարձավ քաղաքական պահանջ, չաղավաղվեց: Բացի դրանից, լակոնիկ է, պարզ, հասկանալի, առանց խուճուճ ձևակերպումների:

2. Պիտակավորումներից խուսափում

Երբևէ չեմ տեսել, որ Դեմ եմ թիմի որևէ անդամ որևէ քաղաքական գործչի, որևէ քաղաքացու և անգամ որևէ կուսակցության հասցեին որևէ վիրավորական արտահայտություն անի կամ պիտակավորի: Կարծում եմ՝ պատճառներից մեկը հենց դա էր, որ ստիպված եղան հաշվի նստել նախաձեռնության հետ:

3. Քաղաքականության ճիշտ օգտագործում

Մի կողմից, Դեմ եմ-ը քաղաքական շարժում չի, որովհետև չունի քաղաքական պահանջ: Մյուս կողմից, քաղաքական ուժերին չի  վռնդում, այլ հակառակը՝ համախմբում է իր շուրջ: Թույլ չի տալիս, որ քաղաքականությունն օգտագործի իրեն, այլ քաղաքականությունն է ծառայեցնում իր նպատակի համար: Ավելին՝ քաղաքական գործիչները ելույթ են ունենում իրենց հարթակից, հնչեցնում մաքուր քաղաքական պահանջներ: Նրանց ոչ ոք չի արգելում դա: Բայց, այնուամենայնիվ, Դեմ եմ-ը չի փոխում իր պաշտոնական պահանջը՝ մնալով հավատարիմ «Դեմ եմ պարտադիրին»:

4. Հասարակության կրթում

Սա, կարծում եմ, ամենակարևոր կետն է: Երբեք չհնչեցին արտահայտություններ այն մարդկանց մասին, որոնք չէին գալիս բողոքի ակցիաներին, երբեք նախաձեռնությունն իրեն վեր չդասեց չիրազեկված քաղաքացիներից: Փոխարենը ջանք ու եռանդ չէր խնայվում, որ ինֆորմացիան տեղ հասներ, որ բանից անտեղյակ քաղաքացին հասկանա՝ ինչն ինչոց է ու ինչու պետք է դեմ լինել պարտադիրին: Արդյունքում՝ մարդիկ, որոնք երբեք որևէ տեսակի հանրահավաքի կամ բողոքի ցույցի չեն եկել, որոնք վաղուց արդեն պիտակվել էին որպես «անտարբեր մեծամասնություն», ոտքի ելան ու ոչ միայն մասնակցեցին Դեմ եմ-ի ակցիաներին, այլև այնքան գրագետ դարձան, որ կարողացան խելացի բանավեճերի մեջ մտնել, սկսեցին նաև հետաքրքրվել երկրում կատարվածով:

Կարծում եմ՝ անկախ ՍԴ-ի որոշումից (չնայած դա էլ աննախադեպ բան է արդեն ու մեծ հաղթանակ), Դեմ եմ-ը շատ բան փոխեց Հայաստանում՝ ցույց տալով, թե ինչպես պետք է գրագետ պայքար մղել նպատակակետին հասնելու համար: Ու հույս ունեմ՝ Դեմ եմ-ը միշտ դեմ կմնա մենակ պարտադիրին, իսկ այլ հարցեր լուծելու համար կձևավորվեն նոր շարժումներ՝ օգտագործելով Դեմ եմ-ի հաջողված մոդելը:

Պարտադիր բժշկական ապահովագրության մասին

Մինչ մենք պայքարում ենք մի պարտադիրի դեմ, մեկ այլ պարտադիր, բայց այս անգամ բժշկական ապահովագրության տեսքով կամաց-կամաց սողոսկում է մեր առօրյա: Կենսաթոշակայինների մասին արդեն ամեն ինչ ասվել է և ասվել է հազար անգամ: Ամեն դեպքում, եթե կա մարդ, որ դեռ տեղյակ չէ, խորհուրդ եմ տալիս սեղմել այստեղ: Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ մյուս պարտադիրին ու փորձել հասկանալ` ինչով է դա վատ կամ լավ:

Պարտադիր բժշկական ապահովագրություն վաղուց պիտի ներդնեին, ինչ-որ իմաստով, կարելի է նույնիսկ ասել, որ ուշացել են: Այն շատ ավելի կարևոր է, քան կուտակային կենսաթոշակային ֆոնդերը, որովհետև առողջությունը մեր ներկան է, իսկ կենսաթոշակը` ապագան: Ինչպե՞ս կարող ենք ապագայի մասին մտածել, երբ ներկայի խնդիրները դեռ լուծված չեն:

Պարտադիր բժշկական ապահովագրության դրական կողմերից կլինի նաև այն, որ բժիշկն այլևս ստիպված չի լինի հիվանդի գրպանին նայել, որ երբ մեկի մոտ ծանր հիվանդություն ախտորոշվի, ֆեյսբուքյան դրամահավաքների կարիք չի լինի, որ հիվանդին անհապաղ օգնություն կցուցաբերվի ընդամենը ապահովագրական համարը վերցնելուց հետո, որ պետպատվերի տակ անցկացնելու անիմաստ քաշքշուկներ այլևս չեն լինի:

Հա՞ որ: Հաստա՞տ: Եթե էդպես նայենք, կուտակայինն էլ վատ բան չէ, չէ՞: Ի վերջո, պետությունն ուզում է, որ իր ժողովուրդն առոք-փառոք ծերություն ունենա: Այ որ խորանում ես մանրուքների մեջ, էդ ժամանակ հասկանում ես, որ պետության ուզածը բնավ էլ դա չէ, որովհետև եթե իրոք մտահոգված լիներ, ոչ թե հեռավոր ապագայով կզբաղվեր, այլ ներկան կփորձեր բարելավել:

Եթե նորմալ պետություն ունենայինք, հավանաբար պարտադիր բժշկական ապահովագրությունը, որը կապահովեր բժշկական մինիմալ ծախսերը, պետությունն ինքը կվճարեր: Փող որտեղի՞ց: Բա պետպատվերը կվերանար, չէ՞: Դա չէ՞ր հերիքի ողջ բնակչության համար գոնե նվազագույն ապահովագրական վճար մուծել: Իսկ եթե կգտնվեին իրենց առողջությամբ ավելի շատ մտահոգված ու ավելի շատ փող ունեցող մարդիկ, գուցե ընտրեին ոչ պարտադիր մասնավոր ապահովագրությունը:

Իսկ ի՞նչ կլինի իրականում : Աշխատավարձից կսկսեն ավելի շատ պահել: Պետպատվերը կվերանա, հետևաբար դրան տրամադրվող մի կլորիկ գումար ևս կանհետանա ինչ-որ մեկի գրպանում: Իսկ բժիշկների աշխատավարձը երբեք չի բարձրանա (դեռ մի բան էլ կնվազի. ի վերջո, բժիշկն էլ առողջություն ունի), հետևաբար նորից հիվանդի հույսին կմնա, հիվանդն էլ նորից ստիպված կլինի բացի ապահովագրավճար մուծելուց, նաև բժշկի գրպանը փող դնել: Կտուժենք մենք, կհարստանան ոմանք:

Որտեղի՞ց էսքանը գիտեմ, կհարցնեք դուք: Գիտեմ, որովհետև նույնիսկ եթե հավատանք, որ պետությունը մեր վատը չի ուզում, ոչ ոք չի կասկածում, որ այնտեղ նստած որոշումներ ընդունում են ոչ թե լուրջ մասնագետներ, այլ սովորական միջակություններ, ու ստացվում է արդեն սովորություն դարձած պատկերը. գաղափարը լավն է, մոտիվները` կասկածելի, դետալները` չմշակված: