Մարդ-կենդանիներ հակադրությունը Օլգա Տոկարչուկի «Քո գութանը մեռյալների ոսկրերի վրայով տար» վեպում

Լեհ գրող Օլգա Տոկարչուկի մասին գիտեի դեռ մինչև Նոբելյան մրցանակ ստանալը. 2016-ին Լուիզիանայի գրական փառատոնի ծրագրում կարդացել էի նրա անունը, նկարագիրը չէր ձգել։ Բայց Նոբելյան ստանալուց հետո հետաքրքրությունս աճեց, «Քո գութանը մեռյալների ոսկրերի վրայով տար» վեպը ձեռքս ընկավ, որոշեցի կարդալ։

Tokarczuk, Olga | forfatterweb

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Լեհաստանի՝ Չեխիայի հետ սահմանամերձ մի կորած-մոլորած բնակավայրում։ Ամբողջ պատմությունը պատմում է Յանինա անունով տարիքն առած մի կին, որ Բլեյք է թարգմանում, աստղագուշակությամբ է զբաղվում ու ոստիկաններին զզվացնում է իր այցերով ու նամակներով՝ բողոքելով ապօրինի որսորդությունից։ Յանինան ստերեոտիպային «ցնդած պառավ» է, որի այցելություններից քթի տակ ծիծաղում են ոստիկանները, փողոցում անցորդները նրան նույնիսկ չեն նկատում, նրա խոսքերին կարևորություն չեն տալիս։

Բայց Յանինայի ձանձրալի կյանքի նկարագրությունները տեղ-տեղ ընդհատվում են տեղաբնակների մահերով։ Մահացողներից բոլորը որսորդության հետ ինչ-որ կապ ունեն։ Յանինան տեսություն ունի. կենդանիները վրեժ են լուծում մարդկանցից իրենց դաժանությունների համար։

Տոկարչուկին հաջողվել է հրաշալի կերպար ստանալ՝ պատմությունն այնպես պատմելով այդ կերպարի տեսանկյունից, որ ընթերցողին մնում է միայն նրա կողմը բռնել։ Ու միայն օրեր անց հասկանում ես, թե գիրքն իրականում ինչի մասին է։

Այստեղ հակադրվում են կենդանասիրությունն ու կենդանատյացությունը։ Տոկարչուկը երկուսի ծայրահեղ դրսևորումներն անհամատեղելի է համարում. ծայրահեղ կենդանասերը մարդու կյանքը ստորադասում է կենդանիներին, իսկ ծայրահեղ կենդանատյացը՝ կենդանիների կյանքը մարդու կյանքին։ Սրանք միասին չեն կարող գոյություն ունենալ, որովհետև ծայրահեղ կենդանասերն ի վերջո կստորադասի կենդանատյացի կյանքը կենդանիներին կյանքին։ Իսկ կենդանատյացն էլ իր հերթին աջ ու ձախ վերացնում է կենդանիներին՝ առանց հաշիվ տալու ինչի համար է անում, խախտում է էկոհամակարգերի հավասարակշռությունը, որոշ տեսակների դնում վերացման եզրին։

Այս երևույթը հեշտությամբ տեղափոխվում է հայկական իրականություն, որտեղ կան ծայրահեղ կենդանասեր մարդիկ, որ վեգան են, որ ամեն փողոցային շան ու կատվի կյանքի համար կռիվ են տվել, բայց Հայաստանի գլխին եկած մեծ աղետը դժվարանում են լիովին ընկալել. կարծես կորսված ու վտանգված մարդկային կյանքերը նրանցից շատերի համար նույն կարևորությունը չունեն, ինչ կենդանիների։

Ու աշխարհում համատարած վեգան շարժումների համատեքստում Տոկարչուկը կարևոր զրույց է սկսում. որտե՞ղ է սահմանը, որից այն կողմ կենդանու կյանքը չպետք է ստորադասվի մարդու կյանքին, որտե՞ղ կարող է մարդու կյանքը ստորադասվել կենդանու կյանքին և կարո՞ղ է արդյոք։ Կարո՞ղ են մարդն ու կենդանիներն առանց միմյանց ոչնչացնելու գոյություն ունենալ։