Համագործակցության անհրաժեշտությունը հետպատերազմյան Հայաստանում

Իմ դասավանդած էքսպերիմենտալ մեթոդներ 3 առարկայի առանձնահատկություններից մեկն այն է, որ ավարտվում է ստուգարքով։ Ուսանողները ստուգարքը կարող են ստանալ, եթե բոլոր հինգ առաջադրանքները կատարել են։ Առաջադրանքները մի քանի բաղադրիչ ունեն․ վիճակագրական խնդիրը լուծելու համար կոդի վերածել, արդյունքները մեկնաբանել և տեքստ գրել՝ նկարագրելով ողջ ընթացքն ու արդյունքները։ Պարտադիր պահանջ է խմբով աշխատելը։ Եթե մեկն ուզում է առանց խմբի, մեն-մենակ լինել, նախ համալսարանից հատուկ թույլտվություն պիտի ստանա, հետո հսկայական աշխատանքը մնալու է էդ մի հոգու ուսերին։ Հետո, յուրաքանչյուր խումբ պարտավոր է նշել, թե առաջադրանքի որ մասն ով է գրել, բայց միշտ դժվարանում են, ու իրենց դժվարանալը պատճառ ունի․ համագործակցային աշխատանքում խիստ դժվար է տարբերակելը, թե ով ինչ է արել։ Իսկ ընդհանրապես այսպիսի համագործակցային ֆորմատում շահում են բոլորը։

What Is Collaboration and Where Does It Begin? | Jesse Lyn Stoner

Ընդհանրապես, գիտական տվյալներ կան այն մասին, որ համագործակցային արդյունքը շատ ավելի լավն է, քան առանձին-առանձին վերցրած անհատական աշխատանքը։ Պատկերավոր ասած՝ համագործակցության դեպքում արդյունքը ոչ թե երկու ուղեղների չոր գումարային արդյունքն է, այլ դրանից շատ ավելին։ Հետևաբար, համագործակցությունից շահում են բոլորը՝ թե՛ համագործակցողներն առանձին-առանձին, թե՛ նրանք, ովքեր գործածելու են համագործակցության արդյունքը։

Ավելին՝ համագործակցությունը նաև էվոլյուցիոն նշանակություն ունի։ Մարդիկ ամենաշատը համագործակցող ու ավելի քիչ մրցակցող կենդանիներից են․ հազարամյակներ առաջ մարդիկ հասկացել են, որ մեն-մենակ որս անելով հազիվ մի նապաստակ բռնեն, իսկ համագործակցային որսի դեպքում կարող են միասին եղջերու բռնել, որը շատ ավելի շատերի կարող է կերակրել։ Հետևաբար, ի նպաստ բնական ըտնրության է եղել համագործակցային որսորդությունը։

Բայց համագործակցությունը Հայաստանում մի հատկանիշ է, որ շատ դժվար է ստացվում։ Սկսենք դիվանագիտությունից։ Դեռ պատերազմի օրերին շատերը գլուխ էին գովում կամ բողոքում, որ մենք երեք միլիոնով մենակ ենք մնացել 90 միլիոնի դեմ։ Իսկ ինչու՞ էինք մենակ մնացել։ 21-րդ դարում մենակ մնալը ոչ թե հպարտանալու կամ դրանից դժգոհելու թեմա է, այլ պարզապես ցույց է տալիս համագործակցության ունակության բացակայություն։ Դիվանագիտությունը չպետք է լինի «ռուսը մեզ էլի մենակ թողեց» կամ «բոլորը մեզ դավաճանեցին» մակարդակի, այլ արդյունավետ համագործակցություն, որի արդյունքից շահում են համագործակցող բոլոր կողմերը, իսկ էդպիսի համագործակցություն հնարավոր էր թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, թե՛ այլ պետությունների հետ (այս տեսահոլովակը մանրամասն քննում է ներկայիս իշխանությունների դիվանագիտական սխալներն ու խորհուրդներ տալիս նոր համագործակցային ուղղությունների համար)։

Բայց Հայաստանում համագործակցության խնդիրը ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ է, այլև պետության ներսում։ Մարդկանց միջև նախկին-ներկա սահման գծելով՝ վերացվում է որևէ տեսակի համագործակցության հնարավորությունը, մինչդեռ կան իրավիճակներ (օրինակ՝ պետական անվտանգությունը), երբ նախկինների ու ներկաների, ավելին՝ ընդհանրապես ողջ հայ ժողովրդի շահերը համընկնում են։ Հետևաբար, պատերազմի ժամանակ տասներեք կուսակցությունների համագործակցության առաջարկը չընդունելը կարելի է բացատրել կա՛մ նրանով, որ սա պարզապես ծրագրված դավադրություն էր, հետևաբար պետք չէր, որ դրա դեմն առնվի, կա՛մ բավական ինկոմպետենտ կառավարությունը համագործակցությունը ոչ թե որպես առավելագույն արդյունքի փորձ էր ընկալում, այլ դավադրություն հենց իրենց դեմ։ Մինչդեռ պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ 90-ականներին պատերազմը հաղթեցինք նաև իշխանություն-ընդդիմություն արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Եվ անգամ պատերազմից հետո, երբ կա քաղաքական կոնսենսուս, որ Փաշինյանի կառավարությունը պետք է հեռանա, երբ լուծման տարբերակներից մեկը համագործակցային կառավարության ստեղծումն է, Փաշինյանի կողմնակիցները դժվարանում են պատկերացնել ու հասկանալ, թե ինչպես կարող է նման կառավարություն ստեղծվել ու շարունակում են անուններ պահանջել, շարունակում են անհատական լուծում պահանջել մի խնդրի, որն այնքան բարդ է, որ առանց համագործակցող ուղեղների ուղղակի չի կարող լուծվել։

Բայց Հայաստանում համագործակցության անընդունակությունը չի սահմանափակվում քաղաքական վերնախավով։ Անհատապաշտությունն այնքան խորն է մտել մեր ուղեղներ, որ պատերազմի ելքը գոհացնում է շատերին, որովհետև անհատապես իրենք շահել են (օրինակ՝ Ադրբեջանը Երևան չի հասել կամ զոհերի մեջ իրենք ծանոթներ չունեն, իսկ տունը կորցրած արցախցիները հեռավոր հեքիաթ են թվում, ինչի հետ իրենք գլուխ չեն դնելու)։ Եթե անգամ այս մարդկանց փորձես բացատրել, որ նույնիսկ անհատապես իրենք չեն շահել, որովհետև վտանգը կախված է նաև նրանց գլխավերևում, որ Հայաստանի անվտանգությունն այս պահին շատ փխրուն է, որ երբ թուրք-ադրբեջանական տանդեմը հասնի իրենց դռանը, բարի-դրացիական հարաբերություն քարոզողներին, արցախցի-հայաստանցի կամ նախկին-ներկա չի տարբերակելու, միևնույն է, կշարունակես լսել բաց սահմանների ու սպասվող տնտեսական վերելքի մասին։

Ավելին՝ Հայաստանում մի ստվար զանգվածի համագործակցային ունակության թերի լինելն արտահայտվել է նաև պատերազմից դուրս տարբեր իրավիճակներում։ Մենք հաճախ ենք խոսում, որ հայերը թիմային սպորտերից լավ չեն, իսկ անհատականից լավ են։ Հայաստանում որոշակի գիտական թեմաներ ուսումնասիրելը ոմանք ընկալում են որպես սպառնալիք իրենց աշխատանքի դեմ, ոչ թե համագործակցության հնարավորություն (հանուն արդարության ասեմ, որ դրական փորձ էլ ունեմ կամ որոշ համագործակցություններ սառեցվել են զուտ իմ՝ զբաղված ու անհետևողական լինելու պատճառով) ու մերժում համագործակցության առաջարկները։ Մենք անգամ չենք ուզում հանուն հանրային շահի մեզ որևէ բանից զրկել․ պետական առողջապահական ապահովագրությանը դեմ ենք, որովհետև չենք ուզում տաքսու վարորդի առողջության համար վճարել, համահարթ հարկմանը կողմ ենք, որովհետև չենք ուզում, որ մեր վճարած հարկերից մյուսի կարիքները հոգան։

Պատերազմից հետո հաճախ է խոսվում, որ պետք է մեր ամբողջ ներուժը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում գործածենք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Եվ իրոք, դա պետք է անպայման տեղի ունենա ու պետք է տեղի ունենա արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Բայց առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ միջոցով ենք կոտրելու անհատապաշտությունն ու հասնելու նրան, որ շատերը հասկանան, որ համագործակցությունը համընդհանուր օգուտ է բերելու և որ ավելի մեծ արդյունք է ստեղծելու, քան անհատների աշխատանքը։ Այլապես ստիպված կլինենք համակերպվել այն մտքի հետ, որ համագործակցել չկարողանալու պատճառով հայերը էվոլյուցիոն տեսակետից վերացող մշակույթ են։

Մարդիկ ամեն տեղ նույնն են, ղեկավարներն են տարբեր

Մարդկանց վարքը Հայաստանում ու Դանիայում

Հիշու՞մ եք 2018֊ի հեղափոխությունը։ Հիշու՞մ եք Նիկոլ Փաշինյանի մատի մի շարժումով ժողովուրդը ոնց էր բացում ու փակում փողոցները, հավաքվում Հանրապետության հրապարակում կամ տուն գնում հայտարարված ժամին։ Իսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ այդ նույն ժողովուրդը հրաժարվում է դիմակ հագնել կամ սոցիալական հեռավորություն պահպանել։ Սոցիալական ցանցերով մեկ ու իրական կյանքում շատերը նկատողություն են անում դիմակ չկրողներին, վիրավորում ու բողոքում, թե էս ինչ մշակույթ է, էս ժողովուրդը բան չի հասկանում։ Այդ նույն ժողովուրդը 2018֊ին հեղափոխություն էր արել։ Ուրեմն ի՞նչ է կատարվում հիմա։

Կոպենհագենի կենտրոնը լոքդաունի բացվելուց հետո։ Ոչ ոք ըստ էության որևէ կանոն չի խախտել, բայց փողոցը մարդաշատ է

Համավարակի ժամանակ մշակույթի մասին խոսակցությունները միայն Հայաստանին չեն հատուկ։ Դեռ փետրվարի վերջերին ու մարտի սկզբին շատ դանիացիներ ռասիստաբար պնդում էին, որ համավարակը Դանիային մեծ վնաս չի տա, որովհետև ի տարբերություն իտալացիների ու պարսիկների, իրենք ավելի լավ են հետևում հիգիենային։ Բայց օրեր անց թվերը սկսեցին խայտառակ տեմպով աճել, որովհետև ժողովուրդը չէր ենթարկվել Դանիայի կառավարության հորդորներին. Իտալիա չմեկնել, իսկ էնտեղից վերադառնալուց հետո տասնչորս օր ինքնակարանտինի մեջ մնալ, ձեռքով չբարևել, չգրկախառնվել։ Նույնիսկ ամբողջական դասարաններ իրենց ճամփորդությունը չչեղարկեցին։ Վերադարձողներից շատերն էլ ոչ միայն կարանտինի մեջ չմնացին, այլև գիշերային ակումբներ ու այլ վայրեր այցելեցին։ Արդյունքում՝ մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում Դանիայում նոր դեպքերն աճում էին երկրաչափական պրոգրեսիայով ու շատ ավելի արագ, քան դա երբևէ եղել է Հայաստանում։ «Շատ ավելի հիգիենիկ» ու «պետությանը ենթարկվող» դանիացիների պատճառով Դանիան աղետի առաջ էր կանգնած։

Բայց ամիսներ անց դանիացիների վարքագիծը խիստ փոխվել է։ Սոցիալական հեռավորություն պահպանելը, ընկերներին առանց գրկախառնվելու բարևելը, մեծ հավաքույթներ չանելը, հանդիպումները հնարավորինս բացօթյա տարածքներում կազմակերպելը, խանութ մտնելիս ձեռքերը ախտահանելը դարձել է նորմ, ինչը չէիր ասի Հայաստանի մասին. հենց սահմանափակումները հանվեցին, մարդիկ շարունակեցին պաչիկով բարևել, իրար գլխի հավաքվել ու դիմակ չկրել։ Ուրեմն ինչու՞ դանիացիների վարքը փոխվեց, հայերինը՝ ոչ։ Երբ այս թեմայով բանավիճում եմ սոցիալական ցանցերում, ինձ ասում են՝ դանիացիներն ավելի քաղաքակիրթ են։ Բայց ոչ, դանիացիներն էլ են իրար գլխի լցվում, դանիացիներն էլ գրկախառնվում ու ձեռքով բարևում, դանիացիներն էլ հրաժարվում դիմակ կրել. մարդիկ ամեն տեղ նույնն են, նրանց ղեկավարողներն են տարբեր։

Դանիան լոքդաունի ժամանակ

Երբ չնայած Դանիայի կառավարության հորդորներին թվերը շարունակեցին աճել, մարտի 11֊ին վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը առանց երկար֊բարակ մտածելու լոքդաուն հայտարարեց՝ էդպիսով Եվրոպայում Իտալիայից հետո լինելով առաջին պետությունը, որը պետության ներսում ամեն ինչ փակեց ու անտեսեց հնարավոր տնտեսական վնասները։ Դանիայի պառլամենտը հոտնկայս ու միաձայն հակահամաճարակային օրենք ընդունեց։ Այդ օրերին պառլամենտում ներկայացված բոլոր ինը կուսակցությունները միաձայն էին։ Քաղաքական հակամարտություններն ու շահարկումները հետո սկսվեցին։

Չնայած ամեն ինչի փակ լինելուն, օրինախախտներ միշտ էլ կային։ Հանրակացարաններում ուսանողները մեծ քեֆեր էին կազմակերպում։ Արևոտ օրերին դանիացիները խմբվում էին բացօթյա տարածքներում (թույլատրվում էր միայն մինչև տասը հոգանոց հավաքույթներ)։ Ոստիկանությունը զգուշացումներ էր տալիս կամ տուգանում։ Անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ կարգավորումներ մտցնում։ Օրինակ, կոպենհագենցիները սիրում են զբոսանքի ու ֆիզիկական վարժությունների դուրս գալ լճերի շուրջ։ Ոստիկանությունը կարգադրեց, որ միայն ժամսլաքի ուղղությամբ զբոսնեն այնտեղ. այդպիսով, անծանոթ մարդիկ իրար դեմ֊դիմաց դուրս չեն գա։ Քաղաքի լողափներից մեկում մոտ երկու հարյուր հոգի իրար գլխի էին հավաքվել։ Ոստիկանությունը ցրեց հավաքույթը ու լողափը փակեց նաև հաջորդ օրերի համար։

Երբ մարդկանց վարքը չէր փոխվում, նաև Դանիայի թագուհին ելույթ ունեցավ ու խիստ նախատեց բոլորին։ Վարչապետն էլ սպառնաց, որ եթե չենթարկվեն, սահմանափակումներն ավելի խիստ են դառնալու։ Էս ամենը, իհարկե, մեծ էմպաթիա ցուցաբերելով բնակիչների նկատմամբ, մտնելով դրության մեջ, հասկանալով նրանց։ Վարչապետն անգամ առանձին առցանց հանդիպում կազմակերպեց երեխաների հետ, որտեղ երեխաները կարող էին իրենց հուզող հարցերը տալ։

Լոքդաունի ժամանակ արված գրաֆիթի. թող հարուստները վճարեն COVID 19֊ի համար

Լոքդաունի ժամանակ գործազրկությունն աճեց։ Դա կանխելու համար Դանիայի ղեկավարությունն օգնության փաթեթներ առաջարկեց։ Մասնավորապես, պետությունը վճարում էր մասնավոր սեկտորի աշխատողների աշխատավարձի առյուծի բաժինը միայն այն պայմանով, որ ընկերությունը ոչ մեկի աշխատանքից չազատի։ Հայտնվեցին փաթեթին միացած խոշոր բիզնեսներ, որոնք պարզվեց վերջին տարիներին ոչ մի կոպեկ հարկ չէին մուծել։ Այս բիզնեսները սկսեցին դժգոհել, թե օգնության փաթեթները բավականաչափ մեծ չեն։ Հայտնվեց Դանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, որը հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատեց, հետո նոր միացավ օգնության փաթեթին (փաթեթին միանալուց առաջ աշխատանքից չազատելու պայման չկար)։

Ու սկսվեցին քաղաքական շահարկումները։ Այժմ ընդդիմություն, լիբերալ կուսակցության անդամ նախկին վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենը դժգոհում էր, թե խիստ լոքդաունի արդյունքում տնտեսությունն այնքան կտուժի, որ առողջապահությանը գումար չի մնա, մարդիկ ուրիշ հիվանդություններից կմեռնեն։ Իրեն պատասխանեցին՝ առաջնահերթությունների հարց է. եթե առողջապահական համակարգի պետական ֆինանսավորումն առաջնահերթություն լինի, գումար միշտ էլ կգտնվի։ Իսկ այդ նույն նախկին վարչապետի իշխանության օրոք պետական առողջապահությունն առաջնահերթություն չէր. կրճատել էր ֆինանսավորումը, բոլոր տեսակի պահուստային միջոցներից ազատվել, զարկ տվել մասնավոր հիվանդանոցներին, որոշակի հարկային թեթևացումներ մտցրել հատկապես հարուստների համար։ Ներկայիս կառավարությունը նաև ստիպված էր նախկին իշխանությունների գործած սխալներն ուղղել՝ վերականգնելով պահուստային միջոցները ու ավելացնելով պետական առողջապահության ֆինանսավորումը։ Իսկ հասարակ բնակիչներս անընդհատ երանի էինք տալիս, որ համավարակն այս տարի է, ոչ թե անցյալ, երբ Լարս Լյոկե Ռասմուսենը դեռ վարչապետ էր։

Քայլ առ քայլ դեպի նոր նորմալ

Չնայած տարատեսակ քաղաքական շահարկումներին, Դանիայում լոքդաունն աշխատեց ու աշխատեց նախատեսվածից լավ։ Կանխատեսված պիկն այդպես էլ չգրանցվեց, հիվանդանոցների կորոնավիրուսային բաժանմունքները շարունակեցին կիսադատարկ մնալ։ Ու սկսվեց երկիրը վերաբացելու դանդաղ ու զգույշ գործընթացը՝ նախատեսվածից շուտ։

Լոքդաունից մոտ մեկ ամիս անց ու Զատիկից անմիջապես հետո առաջինը տարրական դպրոցներն ու մանկապարտեզները բացվեցին։ Այս ամենը պետք է տեղի ունենար հազար ու մի կանոնի հետևելով. երեխաներին ենթախմբերի են բաժանում, դասերի մեծ մասը դրսում անցկացնում, մի քանի ժամը մեկ ձեռքերը լվանում ու էլի բազմաթիվ կարգավորումներ։ Սպասեցինք մի շաբաթ։ Թվերը շարունակեցին իջնել։ Սկսեցին նաև մասնավոր բիզնեսները կամաց֊կամաց բացել։ Ու էդպես խիստ վերահսկելով, խիստ կանոններով, թվերին հետևելով քայլ առ քայլ Դանիան շարունակեց բացվել։ Այս պահին գրեթե ամեն ինչ բաց է, բայց ամեն ինչ խիստ կանոններով է գործում։ Կանոններին չհետևողը տուգանվում է։ Դիմակ գրեթե ոչ ոք չի հագնում. կանոնների մաս չէ։ Բայց մարդիկ շարունակում են որոշակիորեն կանոնները խախտել։ Պարզապես ոչ այնքան, որ դեպքերի թիվը շատ մեծանա։

Հայաստանի ու Դանիայի անցած ճանապարհների տարբերությունները

Երբ մտածում եմ, թե Դանիան ու Հայաստանն ինչու այսքան իրարից արմատապես տարբեր ճանապարհներ անցան կորոնավիրուսի դեմ պայքարում, հիմնական բացատրությունը գտնում եմ երկու պետությունների ղեկավարման մեջ։ Երբ Մետտե Ֆրեդերիկսենն ասուլիսներ էր տալիս ու կոչ անում իրավիճակին լուրջ մոտենալ, Նիկոլ Փաշինյանը դեռ կորոնավիրուսը պինցետով ու արաղով էր բուժում ու հանրահավաքներ անում։ Համավարակի ընթացքում և ոչ մի պահի Դանիայի վարչապետը որևէ մեղավոր չի փնտրել, որևէ մեկի անունը չի տվել, չնայած որ մեր ընկերական շրջանակներում դահուկ քշող հարուստներին էինք հայհոյում վարակը Իտալիայից բերելու համար։ Նիկոլ Փաշինյանը սկսեց Էջմիածնի կնոջից, վերջացրեց ձեռնոց չհագած մատուցողով, հետո անցավ լուսանկարներին։ Լուծումներ փնտրելու փոխարեն մեղավորներ է փնտրում։ Մետտե Ֆրեդերիկսենի քաղաքական հակառակորդները շատ կուզենային նրան բռնացնել սահմանափակումներից որևէ մեկին չենթարկվելիս, բայց էդպիսի բան ոչ մի անգամ տեղի չունեցավ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն Արցախում մեծ հավաքույթի է մասնակցում ու դրական թեստից հետո մեկուսանալու փոխարեն պարետատան նիստեր է անում։ Մետտե Ֆրեդերիկսենի ֆեյսբուքյան էջում նկարներ են հայտնվում, թե ինչպես է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հետ հեռախոսազրույց ունենում ու փորձի փոխանակում անում, իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների անձնական նկարներ է հրապարակում։ Բայց կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր է ոչ այնքան երկու ղեկավարների տարբեր անձնային ու վարքային առանձնահատկությունները, որքան նրանց քաղաքական օրակարգը։

Դանիայի ամենամեծ տաքսի ծառայություններից մեկի տաքսու մեջ։ Վարորդի և ուղևորի միջև թափանցիկ պատուհան է տեղադրված, ուղևորի համար՝ ձեռքերն ախտահանելու միջոց

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոցներով գիտությունն է ապահովում, բայց այդ միջոցներից որոնք և ինչպես ընտրելը քաղաքական որոշում է։ Քաղաքական է նաև առաջնահերթությունները որոշելը։ Դանիայի ներկայիս սոցիալ֊դեմոկրատական կառավարությունը (պառլամենտում սոցիալ֊լիբերալների և երկու սոցիալիստական կուսակցությունների աջակցությամբ) իր պետության բնակիչների կյանքն ու առողջությունն առաջնահերթություն համարեց։ Դրա համար առանց հետևանքների մասին երկար֊բարակ մտածելու լոքդաունի անցավ, հետո նոր սկսեց ռազմավարություն մշակել։ Այս ամբողջ ընթացքում երկիրը վերաբացելու ողջ ռազմավարությունն ուղղված էր բնակչության անվտանգությանը և միայն ավելի ուշ սկսեցին անվտանգությունը զուգակցել տնտեսության հետ։ Օրինակ, սահմանները փակ պահելով բազմաթիվ պետությունների հետ՝ դանիացիները ստիպված ամառային արձակուրդը Դանիայում են անցկացնելու, փողերը Դանիայում են ծախսելու։ Բայց դա ներկայացվում է որպես անվտանգությունից, ոչ թե տնտեսությունից բխող որոշում։

Հայաստանում որոշումները տնտեսությունից են բխում։ Տնտեսությունը տուժում է, թվերը աճում են, բայց եկեք բացենք ամեն ինչ, որ չտուժի։ Թքած, որ հարյուրավոր կյանքեր են վտանգի տակ դրվում։ Իհարկե, Հայաստանը Դանիայի հնարավորությունները չունի, որ բնակչությանը սոցիալական փաթեթներով ապահովի։ Բայց կարող ենք հիշել չէ՞ բյուջեի ամբաղ֊զամբաղ ծախսերը պարգևավճարների, Աննա Հակոբյանի մեյքափի ու այլ ոչ անհրաժեշտ ծախսերի տեսքով։ Ի վերջո, եթե բնակչության անվտանգությունն առաջնահերթություն լիներ, կարելի էր չէ՞ փող գտնելու տարբերակներ մտածել (պարտք վերցնել, սփյուռքից դրամահավաք կազմակերպել, օլիգարխներին ստիպել, որ «մուծվեն» և այլն)։ Բայց Նիկոլ Փաշինյանն առաջնորդվեց նորազատական գաղափարներով ու որոշեց, որ քաղաքացին միայն ինքն է պատասխանատու իր սեղանին հաց դնելու համար ու անպաշտպան ժողովրդին պարզապես հանձնեց վարակին՝ որպես պայքարի կենտրոնական միջոց ընտրելով ամենակասկածելի արդյունավետություն ունեցող ու ամենաթանկ միջոցներից մեկը՝ դիմակները ու մեղադրելով անպաշտպան խավին։ Ու հենց նորազատականությունից է բխում նաև այն, որ պետությունը դիմակ ձեռք բերելու ու այն կրելու բեռը դնում է քաղաքացու վրա. գնային կարգավորման կամ բնակիչներին անվճար դիմակներ բաժանելու մասին խոսք անգամ չկա։

Իսկ ինչու՞, այնուամենայնիվ, ժողովուրդը Հայաստանում էդպես պնդաճակատորեն չի ենթարկվում կանոններին։ Իհարկե, 2018֊ի համեմատ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը խիստ ընկել է, հետևաբար այլևս անհնար է մատի մի շարժումով ողջ ժողովրդին ստիպել որևէ բան անել։ Բայց ուրիշ պատճառ էլ կա։ Դանիայում Օրհուսի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ մարդիկ սահմանափակումներին ենթարկվում են երկու դեպքում. երբ վախենում են ու երբ գիտեն, որ իրենց վարքային փոփոխությունն օգուտ տալու է։ Առաջին դեպքում Նիկոլ Փաշինյանը դեռ մարտին կորոնավիրուսն ում շունն էր համարում ու պինցետով ու արաղով էր բուժում մարդկանց տեղը տեղին վախեցնելու ու զգոն պահելու փոխարեն, իսկ երկրորդ դեպքում կենտրոնանալով ամենահակասական տեղեկություններով մեթոդի՝ դիմակների վրա, Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տապալում է մարդկանց՝ սահմանափակումներին հետևելով վարքը փոխելը։ Շատերը վստահ չեն դիմակն օգուտ տալիս է, թե ոչ, շոգին կրելը տհաճ է, անընդհատ նորը գնելը՝ մեծ ծախս։ Ուրեմն ինչու՞ կրեն։ Բայց Հայաստանում հավանաբար մի երրորդ գործոն էլ կա։

Ի տարբերություն Դանիայի, աշխատողները Հայաստանում պաշտպանված չեն։ Շատերը դժգոհում են քիթը դիմակի տակից հանող խանութի աշխատողներից, իսկ Նիկոլ Փաշինյանն ինքը Գլորիայի աշխատողների լուսանկարն է տեղադրում՝ նրանց մեղադրելով ռեկորդային թվերի համար։ Բայց գործատուի պատասխանատվությունից ոչ ոք չի խոսում։ Ի՞նչ է անում գործատուն, որ իր աշխատողը չվարակվի։ Արդյոք վարակված աշխատողին տուն ուղարկու՞մ է։ Չաշխատած օրերի դիմաց աշխատավարձ վճարու՞մ է։ Դանիայում մարդկանց հետ շատ շփում ունեցողները՝ վաճառողներն ու վարորդները, գործատուի ջանքերով պաշտպանված են։ Որոշ ձախ կուսակցություններ անգամ առաջարկում էին կորոնավիրուսը դարձնել աշխատանքային հիվանդություն, ինչը կնշանակեր, որ գործատուն պատասխանատվություն է կրում իր աշխատողի վարակվելու համար։ Դանիայի սուպերմարկետներում վաճառողների ու հաճախորդների միջև թափանցիկ պլաստիկ պատ կա, խանութների մոտ ձեռքերը ախտահանող միջոց կա, իսկ ավտոբուսներում առաջին շարքում նստել չի կարելի, դիմացի դռներն էլ չեն բացվում։ Ու ամեն տեղ հաղորդագրություններ կտեսնես, թե՝ մենք մտածում ենք մեր աշխատողի առողջության մասին, հեռավորություն պահպանիր, ձեռքերդ մաքրիր ներս մտնելիս։

Եթե Հայաստանում անպաշտպան աշխատողները հիվանդանան ու չկարողանան աշխատանքի գնալ, արդյոք դա՞ էլ տնտեսությանը վնաս չի լինի։ Եթե թվերը շարունակեն աճել, բազմաթիվ պետություններ սահմանները փակեն, զբոսաշրջիկներ չգան, դա՞ էլ տնտեսությանը վնաս չի լինի։ Լոքդաունով, թե առանց համավարակները միշտ էլ տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունենում։ Ուրեմն կարելի է ընտրել կործանված տնտեսություն ու բազմաթիվ մահեր կամ միայն կործանված տնտեսություն տարբերակը։ Հայաստանը, ցավոք, ընտրել է առաջինը։

Ինժեներների ու թամադաների երկիրը

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած ոլորտների կրթությանն էսպես ուղղակիորեն կպավ։ Դրա համար որոշեցի անդրադառնալ իր այդ ելույթին ու ընդհանրապես հայերենն ու հայոց պատմությունը բուհերի ուսումնական ծրագրերից հանելու որոշմանը։

Image result for humanities

Առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանն իրոք մտահոգված է Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ։ Բայց այն, ինչ նա ասում է, բավական վտանգավոր է հենց Հայաստանի ապագայի համար։ Ինչ խոսք, կրթությունն աղքատությունը հաղթահարելու հիմնական պայմաններից մեկն է, բայց խնդիրը ոչ թե կրթության բովանդակությունն է, այլ հասանելիությունը. եթե կրթությունը ֆինանսապես հասանելի չեղավ նույնիսկ ամենաաղքատ խավին, երեխաները ո՛չ թամադա, ո՛չ ինժեներ դառնալու հնարավորություն չեն ունենա։ Իսկ հասանելին չի նշանակում ուսման վարձի որոշակի զեղչեր կամ անվճար ուսում սոցիալապես անապահովներին։ Ո՛չ։ Հասանելի կրթություն նշանակում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ միլիոնատիրոջ ու աղքատի երեխան նույն պայմաններում լինեն։ Այսինքն, տան վարձի, սննդի և այլնի մասին մտահոգվելու կարիք ուսանողը չունենա։ Իսկ դա նշանակում է անվճար ուսումից բացի նաև կրթաթոշակ տալ երիտասարդներին, ինչպես, օրինակ, Դանիան է անում։ Կասեք՝ Հայաստանը Դանիա չէ, փող չունի էդքան։ Իսկ կառավարության անդամների աշխատավարձը բարձրացնելու փող ունի՞։

Հիմա կրթության բովանդակային կողմին։ Նախ, միայն ինժեներներից կազմված հասարակությունը երկար գոյություն ունենալ չի կարող։ Այդ հասարակությանը պետք են բժիշկներ, բուժքույրեր, պետական ապարատում աշխատողներ և այլն, և այլն։ Սրանք դեռ ամենաակնհայտ մասնագիտություններ են։ Բայց ես կարող եմ ավելացնել, որ նաև Նիկոլ Փաշինյանի ասած «թամադաներն» էլ են մեզ պետք ու շատ են պետք, որովհետև հումանիտար կրթություն ստացած մարդիկ հենց նրանք են, ովքեր մեզ օգնում են հասկանալ այլ մարդկանց ու մշակույթներ, մեր սեփական մշակույթը։ Ավելին՝ այս դարաշրջանում, երբ մարդկությունը բևեռացված է (ու մարդկության կոնտեքստում Հայաստանի քաղաքացիները բնավ բացառություն չեն, ինչքան էլ ուրիշները հակառակը պնդեն), երբ սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները ողողված են ամեն տեսակի (հաճախ կեղծ) ինֆորմացիայով, հենց այստեղ են մեզ հումանիտար մասնագետներն են պետք, որ օգնեն հասկանանք՝ ինչ է կատարվում։ Կասեք՝ այթիիշնիկն էլ կարող է էդ բոլորը վերլուծել։ Իհարկե կարող է, բայց ոչ երբեք առանց հումանիտար մասնագետի խորհրդատվության։ Ու ոչ առանց քննադատական մտքի։ Ավելին՝ ժամանակակից աշխարհն առավել ինտերդիսցիպլինար է. ծրագրավորողը լեզվաբանություն է սովորում, որ կարողանա մեքենայական թարգմանությունների հետ գլուխ դնել, իսկ լեզվաբանը՝ ծրագրավորում, որ իր հավաքած տվյալները վերլուծի։

Ընդհանրապես, հումանիտար մասնագիտությունների վրա հարձակվում են այն քաղաքական ուժերը, որոնք վախենում են հումանիտար մտքից։ Դանիայում համալսարանների հումանիտար ֆակուլտետների վրա հարձակումը սկսել էր դեռ նախորդ՝ աջ կառավարությունը, պնդելով, որ գործազրկությունը մեծ է հումանիտար ֆակուլտետների շրջանավարտների շրջանում։ Նախ, թվերը մեծ մասամբ աղավաղված էին։ Օրինակ, ցույց էին տալիս, որ Կոպենհագենի համալսարանի ֆիններենի շրջանավարտների կեսը մի տարի անց դեռ գործազուրկ են։ Ֆիններենն այդ տարի երկու շրջանավարտ էր տվել։ Բայց ֆիններենի բաժինը փակվեց հենց այդ տվյալների հիման վրա։ Ու հիմա, եթե Դանիայում մեկն ուզում է ֆիններենի մասնագետ դառնալ, պիտի գնա Շվեդիա։ Նույն կերպ փակվեց նաև հնդեվրոպաբանությունը որպես մասնագիտություն, չնայած որ ուսումնական ծրագիրը համարվում էր աշխարհի լավագույններից մեկը։

Դանիայի նոր՝ սոցիալ֊դեմոկրատ կառավարությունը նույնիսկ ավելի ագրեսիվ արշավ է սկսել հումանիտար մասնագիտությունների դեմ (ընդհանրապես բարձրագույն կրթության դեմ, բայց հատկապես հումանիտարի)։ Իհարկե, չի հաջողվի մեծ հաջողություն ունենալ, որովհետև իշխանության մնալու համար նրանց մյուս ձախ կուսակցությունների աջակցությունն է պետք, իսկ մյուս ձախ կուսակցությունները շատ լավ են հասկանում հումանիտար մասնագիտությունների կարևորությունը։ Վերջերս էլ Կոպենհագենի համալսարանի հումանիտար ֆակուլտետի ուսանողները բողոքի ակցիա են սկսել դեկանատի դիմաց հենց կրճատումների դեմ։ Ուսանողները, բացահայտորեն որպես սոցիալիստներ դիրքավորված, պահանջում են, որ ֆակուլտետի ղեկավարությունը չեղարկի որոշ մասնագիտություններ միացնելու ու անձնակազմը կրճատելու ծրագրերը (ֆինանսավորման կրճատման պարագայում կրթական ծրագրերը միանում են իրար, անձնակազմը կրճատվում է, իսկ ղեկավարության աշխատավարձերը՝ աճում)։ Իհարկե, ո՞ր բուհը կուզի արդարություն պահանջող ուսանողներ։ Գլխացավանքից հեռու, իր սեփական բարեկեցությունից բացի ուրիշ ոչ մի բանով չմտահոգված նեոլիբերալ ուսանողներն ավելի լավ չե՞ն։ Իսկ դրա համար պետք է նախ հումանիտար մասնագիտությունները փակել, որ ոչ ոք չիմանա՝ սոցիալիզմն ու սոցիալական արդարությունն ինչ է ու ոչ ոք չքննարկի դա Հայաստանի կոնտեքստում, որ սոցիալիստական քաղաքական ուժեր երբեք ի հայտ չգան, ու նեոլիբերալն ամեն անգամ անունը փոխելով հաղթի։

Հիմա կասեք, թե պնդում եմ, որ ինժեներները քննադատական մտածողություն չունեն։ Ո՛չ, իհարկե ունեն։ Բայց դա խթանվում է հենց հումանիտար առարկաներ անցնելու շնորհիվ։ Ու հենց էստեղ էլ գալիս է հայերենի, հայոց պատմության ու փիլիսոփայության կարևորությունը։ Ես ինքս բժշկական համալսարանում սովորելու առաջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ հումանիտար առարկաներ եմ անցել. հայերեն, ռուսերեն, անգլերեն, լատիներեն, պատմություն, կրոնի պատմություն, գենդերային ուսուցում, փիլիսոփայություն, հայ մշակույթի պատմություն և բժշկական էթիկա։ Առարկաների մի մասն էլեկտիվ էին, բայց ես բոլորին էլ հաճախել եմ։ Մի մասն իրոք ժամանակի անիմաստ կորուստ էին, որովհետև բաղկացած էին անիմաստ դասախոսություններից, իսկ վերջում տետրդ ցույց էիր տալիս, ստուգարքը ստանում։ Բայց մի քանիսը հենց քննադատական միտքը զարգացնելու տեղեր էին. դասը բանավեճի նման էր ընթանում, բայց պիտի նախ տեսական նյութը սովորեիր։ Հազվագյուտ մի բան էր հայկական կրթական համակարգում, որն առանց այդ էլ քննադատական մտքից խիստ կաղում է։

Երբ հայտնի դարձավ, որ հայոց լեզուն ու հայոց պատմությունն այլևս բուհերում պարտադիր չեն լինելու, ուժեղ աժիոտաժ սկսվեց. պրոգրեսիվ երիտասարդները միանգամից սկսեցին հայտարարել, թե հայերենը ժամանակի ինչ անիմաստ կորուստ էր, իսկ ազգայնականները հայ ժողովրդի ու հայերենի գոյության վտանգված լինելը մեջտեղ բերեցին։ Բայց այստեղ հարցի մի կողմն ընդհանրապես արհամարհվում է. իսկ գուցե առարկաների բովանդակությա՞ն խնդիր կա։ Ինչ խոսք, ծրագրավորողին պետք չէ իմանալ, թե բայն ու մակբայն իրարից ինչով են տարբերվում (չնայած եթե որոշել են լեզվի տեխնոլոգիաներում մասնագիտանալ, հաստատ դա իրենց ավելի շատ է պետք, քան «թամադաներին»), բայց մտքերը հստակ ձևակերպել ու որոշակի քննադատական միտք պետք է ոչ միայն իր աշխատանքը կատարելու, այլև ակտիվ քաղաքացի լինելու համար (հա՛, թեկուզ ֆեյսբուքում ստատուս գրելու տեսքով)։ Ուրեմն գուցե պետք է քննարկել, որ հայերենն ու հայոց պատմությունը իրենց ներկայիս ձևաչափով իրենց չեն արդարացնում, բայց կարելի է փոփոխությունների ենթարկել ու այնպես անել, որ ուսանողը, անկախ մասնագիտությունից, օգուտ ստանա այդ դասընթացներից։

Ու ընդհանրապես, հայերենից ու հայոց պատմությունից էնպես են կպել, կարծես մյուս առարկաները որակային առումով գերազանց են։ Նույն բժշկական համալսարանում սովորելիս ես անցել եմ խիստ մասնագիտական առարկաներ, որոնց որակը շատ ավելի վատն էր հայերենի ու հայոց պատմության համեմատ, անցել եմ նաև էնպիսիք, որոնք իրենց որակով կարող են միջազգային հեղինակավոր համալսարանների հետ մրցել։ Ու էս բոլորը կախված էր դասախոսներից։ Դասախոսներ կային, որ նույն բովանդակությունը ըստ վերջին գիտական տվյալների էին մատուցում, դասախոսներ կային՝ 70֊ականների նյութերով։

Ուրեմն երևի կրթական համակարգի խնդիրը ոչ թե առարկաների շատ ու քիչ լինելն է, այլ դրանց բովանդակային կողմը։ Եթե կրթական բարեփոխումներ ենք ուզում, գուցե պետք է նայել ներսում ինչ է կատարվում։ Ֆորմալ առումով խնդիր չկա. մեր դիպլոմների միջուկներում հայտնված առարկաներն ու դասաժամերը մեզ չեն խոչընդոտում մեր ուսումն արտերկրում շարունակել, մասնագիտությունից կախված նաև աշխատել։ Հետևաբար, արտաքնապես մեծ մասամբ համապատասխանում ենք միջազգային ստանդարտներին։ Բայց ներսում կադրային խնդիր կա։ Ես միշտ ասել եմ ու էլի եմ ասում. Հայաստանի կրթական համակարգը բավական որակյալ կդառնա, եթե ֆինանսավորումն ավելացվի (օրինակ, դասախոսները լավ վարձատրվեն ու կաշառքների հույսին չմնան, ժամանակ ունենան նաև գիտությամբ զբաղվելու, լավ մասնագետներն ուզենան համալսարաններում աշխատել) ու թայֆայականությունը նվազեցվի (մեր ամենավատ դասախոսներն ինչ֊որ մեկի բարեկամն էին)։

Իսկ ինժեներների պահանջն այսօր կա, վաղը կարող է չլինել։ Մեզ պետք է, որ գործազուրկ դարձող հազարավոր ինժեներներ կարողանան այլ աշխատանք գտնել։ Բայց ավելի շատ պետք է, որ գործազուրկ դարձած ինժեները սոված չմնա, իսկ դրա համար ամուր սոցիալական համակարգ է պետք իր գործազրկության նպաստներով։ Գործազրկությունից բացարձակապես ոչ ոք ապահովագրված չէ։ Ի դեպ, Դանիայում նույն պահանջարկից ելնելով խիստ մեծացրեցին թվային հաղորդակցության մեջ մասնագիտացողների թիվը։ Արդյունքում՝ նրանց բավական մեծ մասը մի քանի տարի աշխատանք չէր գտնում (թվերը հաստատում էին, որ մասնագետներն ավելի շատ են, քան աշխատաշուկայի պահանջարկը)։ Ու հենց գործազրկության նպաստի շնորհիվ էր, որ այդ մարդիկ ոչ մի օր սոված չմնացին ու կարողացան տան վարձ վճարել, մինչև մի օր աշխատանք գտան։ Դրա համար պետք չէ մի մասնագիտությունն անվանել քըխ, մյուսը՝ կարևորել ու քաջալերել, որ բոլորն էդ մասնագիտությունն ընտրեն։ Առողջ հասարակությանը պետք են բոլորը. ինժեներներից մինչև թամադաներ, պատմաբաններից մինչև բժիշկներ, գիտնականներից մինչև աղբ հավաքողներ, գործազուրկներից մինչև թոշակառուներ։ Ու պետք է այս բոլորի համերաշխությունը։

Բեռնարդ Շլինկի «Ընթերցողը»

Ուշադրություն. գրառումը պարունակում է բազմաթիվ սփոյլերներ:

Հոլոքոսթի մասին գրքեր ու ֆիլմեր շատ կան: Գերմանացիներն էլ հիմա մեծանում են մեղքի զգացումը վզներին: Իմ սերնդակիցները հաճախ ասում են. «Ախր մեր պապիկ-տատիկների սերունդն էր, ինչու՞ են մեզ դպրոցում սովորեցնում մեղքի զգացում ունենալ»:

Բեռնարդ Շլինկն «Ընթերցողը» վեպում Հոլոքոսթը ներկայացնում է մյուս՝ գերմանական տեսանկյունից, թե ինչու դա եղավ և ինչպես են սերունդներն ընկալում այն: Ամբողջ գիրքը կարդալիս սերնդակիցներս աչքիս առաջ էին:

Գրքում դեռահաս Միքայելը սիրահարվում է երեսունն անց Հաննային: Առաջին մեկ երրորդը նրանց սիրավեպն է նկարագրում: Հետո Հաննան անհետանում է, Միքայելի կյանքը խառնվում է իրար: Մեկ էլ Հաննային հանդիպում ենք դատարանում: Մեղադրվում է հրեա կանանց եկեղեցում վառելու մեջ: Ասում են՝ բանալիները մոտն էին, բայց չի բացել, դուրս չի թողել:

Էստեղից սկսած գիրքը բարդանում է: Իմանում ենք, որ Հաննան անգրագետ է: Անգրագետ է, բայց այդ մասին չի ասում, նախընտրում է մեղքն ընդունել, թե ինքն է դեպքերի զեկույցը գրել, հետևաբար մեղքի մեծ բաժինն իր վրա է ընկնում: Հաննան ամաչում է իր գրել-կարդալ չիմանալուց ու դա թաքցնում է բոլորից: Բայց իմանու՞մ է արդյոք, որ եթե իր անգրագիտությունը ջրի երես հանի, ավելի մեղմ պատիժ կստանա:

Դատավարության ժամանակ մի տեսարան կա, երբ դատավորը հարցնում է, թե ինչու եկեղեցու դուռը չբացեց: Հաննան պատասխանում է.

– Իսկ եթե դուք լինեիք իմ տեղը, ի՞նչ կանեիք:

Այս նախադասությունը պատմության հիմնական մեխն է: Մի կողմից, Հաննան իր անգրագիտությամբ Հոլոքոսթն իրականացրած գերմանացիների ներկայացուցիչն է: Ինքը վատ մարդ չէ, բայց ընկնելով համակարգի ազդեցության տակ, չունենալով բավարար գիտելիքներ ու կրթություն՝ չի հասկանում, թե ինչ է անում: Մյուս կողմից, կողքից մեղադրողներն են: Իսկ եթե դուք լինեիք նրանց փոխարեն, ի՞նչ կանեիք:

Քննվում է նաև Միքայելի մեղքի զգացումը. ինքը սիրել է հանցագործին, ու չի կարողանում ինքն իրեն ներել դրա համար: Ոնց որ Գերմանիայի նոր սերունդներն են, որ ապրում են և՛ մեղքի զգացումով, և՛ չեն կարող չսիրել իրենց տատիկ-պապիկներին: Նաև Միքայելի խորտակված կյանքն է. այլևս ոչ մի կնոջ չի կարողանում սիրել: Ներկայիս գերմանացիները շարունակում են Հոլոքոսթի կոմպլեքսով ապրել:

Բայց Հաննան գիտելիքի ծարավ ունի: Ու երբ դա հասկանում է Միքայելը, սկսում է գրքեր կարդալ ու ձայնագրել ու բանտ ուղարկել: Ի վերջո, Հաննան սովորում է գրել կարդալ, Միքայելին նամակներ է գրում:

Միքայելը Հաննայի մյուս կողմն է տեսնում: Տեսնում է ոչ թե դաժանաբար կանանց եկեղեցում այրած ֆաշիստի, այլ անգրագետ ու միամիտ մեկի, որն այդ ժամանակներում բանակից բացի ուրիշ տեղ աշխատանք չէր կարողացել գտնել գրել-կարդալ չիմանալու ու դրանից ամաչելու պատճառով: Տեսնում է ոչ թե թույլ աղջիկներին տանջող մեկի (Հաննան առավել թույլերին տանում էր մոտը, բարձրաձայն կարդալ տալիս), այլ մեկի, որը փորձել է աղջիկների կյանքի վերջին ամիսն ավելի տանելի դարձնել:

Բայց վերջում, երբ Հաննան արդեն չի լինում, ու Միքայելը կտակը հասցնում է Հոլոքոսթ վերապրած հրեա աղջկան ու պատմում իր պատմությունը, աղջիկը Հաննային հայհոյում է, թե՝ մի երեխայի կյանք էլ խորտակեց էդ կինը: Ու չես կարող աղջկան մեղադրել. էդ կնոջ պատճառով քիչ էր մնացել, որ ինքն այրվեր եկեղեցում:

Երբ գիրքը փակում ես, չես իմանում՝ ինչ մտածես Հաննայի մասին: Մենակ մի բան գիտես. անգրագիտությունն ու անկրթությունն ահավոր բան է, բոլոր չարիքների պատճառը: Դրա համար անգրագետ հասարակություն ունենալը շատ վտանգավոր է:

Ընտրությունները Դանիայում

Երեք շաբաթ առաջ առավոտյան գործի գնալիս մեկ էլ տեսնեմ՝ հերթով բոլոր սյուների վրա ինչ-որ ժպտացող դիմանկարներ են հայտնվում: Դեբիլ պետք էր լինել չհասկանալու համար, որ մոտակա ժամանակներս ընտրություններ են սպասվում: Սկսեցի շրջապատիս դանիացիներին ու ինտերնետը փորփրել:

Մինչև գտածոներիս անդրադառնալս կուզեի կարճ պատմել, թե էդ ոնց եղավ, որ թագուհի-թագավոր Դանիան հանկարծ սահմանադրություն ունեցավ: Ուրեմն 1848 թվին մի բուռ ցուցարար վեր կացան, գնացին թագավոր Ֆրեդերիկ 7-րդի պալատի մոտ ցույցերի ու ժողովրդավարություն պահանջեցին: Ֆրեդերիկն էլ դիմադրելու կամ դեմները զորք հանելու փոխարեն ասաց, թե՝ ուզում եք, կստանաք, մենակ թե ցրվեք տներով: Ու մի տարվա մեջ խոստումը կատարեց: Էդպես Դանիան դարձավ սահմանադրական միապետություն:

Ու հիմա խորհրդարանական ընտրություններն են: Առաջին խոսակցությունս կոլեգաներիցս մեկի հետ էր: Քաղաքական գործիչների հասցեին մի տոննա քֆրտոցից հետո հարցրեց.

– Ջոն Էրիկ Վագների պաստառը տեսե՞լ ես:

Ես թե՝ չէ, էդ ով ա, ինչ ա: Ինքը.

– Առանձին առաջադրված թեկնածու: Պաստառի վրա տկլոր ա: Պուպուլն էլ էրևում ա:

Դրանից հետո ուշադրություն դարձրի, Լանգեբրոյի վրա մի պաստառ տեսա: Ասում են՝ հատուկ հանձնաժողով կա էստեղ, նախընտրական պաստառներն աչքի է անցկացնում, որոշում՝ թույլ տալ, թե չէ: Էս տկլոր պաստառը թույլ էին տվել, բայց երևի հետո փոշմանել էին, որովհետև անցյալ շաբաթ-կիրակի երկար ման եկա, ուզում էի ինձ հյուր եկած ընկերուհուս ցույց տալ, էն էլ չկար:

Մի ուրիշ թեկնածու էր սկանդալային պոետ Յայա Հասանը: Էս պոետը հասարակ պոետ չէ. 100 000 օրինակով վաճառված գիրք ունի: Չլսված-չտեսնված բան է պոետի համար: Բայց դա էլ հերիք չէ, անընդհատ ինչ-որ ծեծուջարդի ու այլ սկանդալային պատմությունների մեջ է: Իմ շրջապատի դանիացիներն ասում են՝ էս տղան չգիտի, թե ոնց անի, որ մարդկանց ուշադրությունը չսևեռի իր վրա:

Իսկ երբ սկսեցի կուսակցություններն ուսումնասիրել, իմացա, որ Venstre (բառացի՝ ձախ) կոչվող կուսակցությունն իրականում աջ է: Իմացա նաև, որ իշխող սոցիալ դեմոկրատներից ժողովուրդը դժգոհ է: Իսկ դե դանիացի ժողովրդական կուսակցության մասին քֆրտոցներն էստեղ գալուս առաջին օրվանից էի լսում. աջեր են, ոմանք նույնիսկ ասում են՝ ֆաշիզմի հասնող:

Մի քանի օր առաջ դանիերենի դասին մեր էրեխեքից մեկը Դանիայի քաղաքական համակարգի մասին պրեզենտացիա էր անում: Քննարկում ծավալվեց: Դասախոսից հարցրի, որ եթե բոլորը քֆրտում են դանիացի ժողովրդական կուսակցությանը, ո՞նց են էդքան ձայն հավաքում:

– Դու շփվում ես համալսարանում աշխատող կիրթ մարդկանց հետ,- ասաց,- գյուղերը գնա, տես:

Հա, մեկ էլ նկատեցինք, որ ընտրությունները հինգշաբթի օրով են: Խմբի ավստրացիներն ու գերմանացիներն ասացին, որ իրենց երկրներում կիրակի են նշանակում:

– Ո՞նց կիրակի,- զարմացավ դասատուն,- մենք կիրակի օրերն ամառանոց ենք գնում:

Երեկ էլ ռումինացի ընկերուհուս հետ փաբում նստած էինք, մեկ էլ մի կին ներս մտավ, սկսեց թերթիկներ բաժանել:

– Էստեղ չունե՞ն լռության օրենքը,- հարցրի. ընտրություններն էսօր էին:

– Ունեն, ոնց չունեն,- ասաց,- էս քարոզարշավը տեղից էնքան վատն էր, որ մի լռություն խախտելը բան չի փոխում:

Էսօր ընդմիջմանը բնականաբար ընտրությունները գլխավոր թեման էին: Առիթն օգտագործեցի, որ ճշտեմ, թե էս քարոզարշավն ինչով էր վատը:

– Բանավեճերի մակարդակը շատ ցածր էր,- ասաց մեկը,- մենակ իրար վրա գոռգոռում էին, ասում՝ դու սուտ ես ասում, չէ դու ես սուտ ասում:

Մեկ էլ ընտրությունների նախորդ օրվա քարոզարշավի մասին հարցրի:

– Օրենք չկա,- ասաց մեկը,- բայց կա ներքին պայմանավորվածություն, որ նախորդ օրը սուս պիտի մնան:

Իսկ կոլեգաներիցս մի ուրիշը.

– Անցյալ գիշեր թաղապետն էր եկել մեր տուն, թերթիկներ էր բաժանում: Անձրև էլ գալիս էր: Ասաց. «Ավելի քիչ հարկեր»: Մինչև էդ որևէ կարծիք չունեի իրա մասին: Էդ որ ասեց, լրիվ հիասթափվեցի: Էժան տրյուկ էր:

Հետո պատմեցին, որ գործի գալու ճամփին գլխավոր փողոցներում քաղաքական գործիչների են տեսել, որոնք կանգնած ձեռքով էին անում անցորդներին:

Իմացա նաև, որ քրիստոնյա-դեմոկրատներն էնքան փոքր կուսակցություն են, որ ամբողջ քարոզարշավը մենակ մի հոգի էր անցկացնում, էն էլ երեկ չի դիմացել, ուշքը գնացել է:

Իսկ ամենակարևորը. ավանդույթի համաձայն երեկոյան բոլոր կուսակցությունները (ասել կուզի՝ փարթիները) փարթի են կազմակերպում: Դռները բաց են, ժողովուրդը կարող է ազատ գնալ, խմիչքն էլ ձրի է: Միասին հետևում են ընտրությունների արդյունքներին և ուրախանում կամ տխրում թվերի փոխվելու հետ:

– Ես կգնամ քրիստոնյա-դեմոկրատների փարթիին,- ասաց տղաներից մեկը,- էնտեղ ալկոհոլ չի լինի, մենակ հանքային ջուր:

Աղջիկներից մեկն էլ պատմեց, որ երբ ինքը փոքր էր, զարմանում էր, թե ինչու են ընտրություններ անցկացնում:

– Մտածում էի՝ չե՞ն կարող մի մեքենա ստեղծել, որը կորոշի, թե ով է ամենահարմար մարդը վարչապետ լինելու համար:

– Կա էդ մեքենան,- ասաց տղաներից մեկը,- դա կոչվում է ժողովրդավարություն:

Սիրո պակաս

Մեր երկրում սեր չկա: Մենք չենք սիրում մեր կողքիններին: Մենք մեզ փակում ենք մեր պղպջակների մեջ՝ ինքներս մեզ ընդունելով որպես միակ ճիշտ քաղաքացի, քննադատելով մնացածներին: Մենք մեզ անվանում ենք «առաջադեմներ» ու փակվում փաբերում: Մենք մեզ անջատում ենք այլ փաբերում փակվող այլ «առաջադեմներից»՝ նրանց անվանելով ձևիստներ: Մենք մեզ առանձնացնում ենք «քյառթուներից»՝ համոզված լինելով, որ նրանք ոչինչ չեն հասկանում: Մենք մեզ քյառթուներից խելացի ու Հայաստանով մտահոգված ենք համարում: Մենք վերևից ենք նայում բոլոր նրանց, ովքեր մեզ նման չեն:

Մենք ատում ենք արտագաղթողներին, որովհետև նրանք թույլ էին ու չմնացին պայքարելու: Մենք ատում ենք ներգաղթողներին, որովհետև տաք ու փափուկ կյանքը թողած եկել են Հայաստանում մի բան փոխելու: Մենք ատում ենք մնացողներին, որովհետև նրանք այդպես էլ չեն հասկանում, որ ոչինչ չի փոխվելու:

Մենք ծաղրում ենք ռաբիզ լսողներին, որովհետև նրանք չեն հասկանում, թե իսկական երաժշտությունը որն է: Մենք արհամարհում ենք գիրք չկարդացողներին, որովհետև նրանց «ուղեղը չի հասնում»: Մենք վերևից ենք նայում սերիալ նայողներին, որովհետև նրանք «բանուգործ չունեն»:

Ավագ սերունդն ատում է երիտասարդներին՝ համարելով նրանց թոկից փախածներ ու այլասերվածներ: Երիտասարդներն ատում են ավագ սերնդին՝ «հին», «սովետոտ» անունները կպցնելով:

Գարեջուր խմողը գինի խմողին համարում է թիթիզ, գինի խմողը գարեջուր խմողին՝ պռադվինուտի ձևիստ: Իսկ խմողները միասին չխմողներին համարում են հաճույքներից գլուխ չհանող: Չխմողները խմողներին «անհույս կորած» պիտակն են կպցնում:

Կույսերն ատում են ակտիվ սեռական կյանքով ապրող կանանց՝ համարելով նրանց փչացած: Ակտիվ սեռական կյանքով ապրողներն ատում են կույսերին՝ համարելով նրանց քյառթու հետամնաց: Առաքելականներն ատում են բողոքականներին, թաքուն ատում են նաև կաթոլիկներին, աթեիստներին, բուդիստներին ու մնացած բոլոր կրոնների հետևորդներին կամ չհետևորդներին: Աթեիստները ծաղրում են հավատացյալներին: Ազգայնականներն ատում են այս բոլորին միասին, իսկ ազգայնականներին ատում են բոլորն առանձին-առանձին:

Փողոց դուրս եկողները քննադատում են «անտարբերներին», որովհետև նրանք մտահոգված չեն Հայաստանի ապագայով: «Անտարբերները» դժգոհում են «ակտիվիստներից», որովհետև համոզված են, որ ոչինչ փոխել հնարավոր չէ: Հեղափոխականներն էվոլյուցիայի կողմնակիցներին մոլորվածներ են համարում, էվոլյուցիայի կողմնակիցները հեղափոխականներին՝ մութ ուժերին ծախվածներ: Ընդդիմությունն ատում է իշխանությանը, իշխանությունը՝ ընդդիմությանը: Ընդդիմության ներսում ատում են իրար, նույնը՝ իշխանության ներսում:

Մենք չենք սիրում միմյանց, ու զարմանում ենք՝ ինչու երկիրն առաջ չի գնում: Մենք ագրեսիվ ենք նրանց նկատմամբ, ովքեր մեզ նման չեն, մենք պատրաստ չենք ընդունել բազմակարծություն, բազմակերպություն, բազմաբովանդակություն: Մենք մեզ համար գծել ենք մեր միակ ճիշտը և ուզում ենք բոլորին տեղավորել դրա մեջ: Ու դրանից ստեղծվել են բազմաթիվ պղպջակներ, որոնց մեջ փակված ապրում են մարդկանց փոքր խմբեր՝ ամեն կերպ հրաժարվելով այլ պղպջակների միանալուց:

Մարդիկ, հերիք է ատենք իրար, հերիք է իրար դեմքի թռնենք, հերիք է մեր ճիշտն առաջ բրդենք՝ կարծիքները միմյանց վզին փաթաթելով, միմյանց վիրավորելով ու պիտակներ կպցնելով: Եկեք նստենք, հանգիստ զրուցենք, չհամաձայնենք, բայց հարգենք միմյանց կարծիքները: Եկեք սովորենք միմյանցից ու սովորեցնենք իրար: Մի խոսքով, եկեք ուղղակի սիրենք իրար, ու կտեսնեք, որ դրանից մեր երկիրը շա՜տ կփոխվի:

Ժողովրդավարության սկիզբը

Երկու տարի առաջ մի ամառային դպրոցի էի մասնակցում, որի դասախոսներից մեկը Խորվաթիայից Շվեյցարիա տեղափոխված մի պրոֆեսոր էր:
– Շվեյցարիան աշխարհի ամենաժողովրդավար պետությունն է,- ասում էր:
Պատմեց, որ էնտեղ տեղափոխվելու հենց հաջորդ օրն իր դուռը ծեծել են՝ ասելով, որ կաթի թանկացման դեմ ստորագրահավաք են անում: Հետո իմացել է, որ քաղաքում մի կամուրջ պետք է կառուցվի, բայց դեռ չի կառուցվում: Սկզբում հանրաքվե էին արել, որոշել, որ այդ կամուրջը պետք է: Բայց հետո քննարկել էին, ու ամեն անգամ մի բան էն չէր լինում, ժողովրդի համաձայնությունը չէի ստանում, էդպես ձգձգվում էր: Էդքանով հանդերձ շվեյցարական «Ո՞վ է ուզում դառնալ» միլիոնատեր խաղի միլինոնանոց հարցն է՝ ով է Շվեյցարիայի նախագահը:

Էս ընթացքում շատ եմ եվրոպացիների հետ քաղաքականությունից խոսել, ծանոթացել հասարակ քաղաքացիների տեսանկյուններին: Օրինակ, մի անգամ, երբ սերբ համակուրսեցուս սրտնեղած ասացի, որ Հայաստանում ընտրություններն էլի կեղծվել են, զարմացավ, պատասխանեց, որ «նման բաներ» իրենց մոտ 90-ականներին էին անում: Իսկ նույնը, երբ մի հրեուհի լսեց, զարմացավ. «Ես կարծում էի՝ ձեզ մոտ ժողովրդավարություն է»:

Ընդհանուր առմամբ, էս տարիների ընթացքում մի քանի հետաքրքիր երևույթ եմ նկատել: Նախ, գրեթե բոլոր ժողովուրդները բողոքում են իրենց իշխանություններից: «Բա ինչու՞ եք ընտրել»,- հարցնում եմ: «Ես չեմ ընտրել, մյուսներն են ընտրել»,- ստացվում է պատասխան: Շատերը համոզված են, որ նույնիսկ ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժերն արժանի չեն երկիրը ղեկավարելու, որ հաճախ քարոզարշավները խաբեություններ են պարունակում և այլն: Մտածեցի՝ մեզ մոտ էլ է նույն պատկերը, բայց էն տարբերությամբ, որ մեր իշխանությունները չեն ստանում ժողովրդի քվեն (չնայած սա երկար ու վիճելի հարց է, առանձին թեմայով քննարկվելիք):

Բողոքի ցույցերի մասին էլ եմ խոսել: «Բան փոխվու՞մ է էդ ցույցերի արդյունքում»,- հարցնում եմ: «Հա, ո՞նց չի փոխվում,- պատասխանում են,- եթե բանի տեղ չդնեն, էլ չեն ընտրվի: Վախենում են»: Էստեղ ես արեցի մեկ այլ կարևոր հայտնագործություն. ժողովրդի մասին մտածող իշխանություններ չկան, ամեն մեկն իր շահի հետևից է: Հայաստանում էդ շահը փող դիզելն է, արևմուտքում՝ նորից ընտրվելը: Չէ, մի րոպե… Հայաստանում էլ նորից ընտրվելն ինչ-որ դեր ունի: Հիշու՞մ եք Մաշտոցի պուրակը: Շատերն ասում էին՝ եթե ընտրություններից առաջ չլիներ, տեսնեմ ո՞նց էին հարցը լուծելու: Բայց հասկանու՞մ եք, որ դա շատ լավ է, երբ հարցն ընտրություններից առաջ է լուծվում: Նշանակում է՝ իշխանություններն ամեն դեպքում հարյուր տոկոսով վստահ չեն իրենց վրա ու ինչ-որ առումով կախված են մեր քվեից, հետևաբար գնում են ինչ-որ քայլերի այն ստանալու համար:

Հիմա ի՞նչ էի էսքան ասում: Տրանսպորտի թանկացման հետ կապված վերջին օրերի ակտիվությունը քեֆս բերեց: Մի կողմ, որ ընդհանրապես բողոքի ակցիաներ կային, դա արդեն դրական է: Բայց էդ ամենն էնքան սիրուն էր կազմակերպվել, էնքան հետաքրքիր ու նոր կրեատիվ մտքերով, էնքան ճիշտ նպատակակետին ուղղված, առանց թացը չորին խառնելու, որ բավական արագ իր նպատակին հասավ: Հիմա վստահ եմ, որ ավագ սերնդի հոռետես ներկայացուցիչները հաստատ նստած ուրիշ պատճառներ են փնտրում, թե՝ սա շոու էր, թե՝ ՀՀԿ-ին սենց էր ձեռք տալիս, թե հեսա մեկ ա նորից թանկացնելու են, սենց-նենց: Իսկ ես կասեմ, որ չէ, սա հստակ ու ճիշտ կազմակերպված պայքարի արդյունքն էր: Անգամ վարչապետին վերջապես տեղ հասավ, որ պետք է հաշվի նստել հասարակության հետ, այսինքն՝ վերջապես հասկացավ, որ ժողովրդավար պետությունում է ապրում:

Իրականում էսպես է սկսվում ժողովորդավարությունը, երբ մի բան դուրդ չի գալիս, կանգնում, դրա դեմ պայքարում ես, որովհետև, նորից եմ կրկնում, չկան ժողովրդի մասին մտածող քաղաքական ուժեր, կան միայն սեփական շահեր հետապնդողներ: Ու այս պահին իշխանությունների շահերից է բխում ժողովրդի հետ հաշվի նստելը, որովհետև էդ ժողովուրդը սուսուփուս կուլ չի տալիս ամեն անկապ որոշում, այլ կանգնում, իր ձայնը տեղ է հասցնում:

Ես հավատում եմ, որ եթե էսպես շարունակվի, մի օր էլ մեր դուռը կծեծեն ու կաթի թանկացման դեմ ստորագրություն կուզեն, մի օր էլ մեր «Միլիոնատերի» ամենադժվար հարցը կլինի՝ ո՞վ է մեր պետության նախագահը: