Քաղցկեղից մահացության վերաբերյալ. պատասխան հենց կայքից

Հայաստանում քաղցկեղից մահացության մասին նախորդ գրառմանս մի քանի հոգի արձագանքեցին, թե՝ հաստա՞տ այդ կայքը չի ստում, և՝ ԱՀԿ-ն 2012-ից թարմ տվյալներ չունի, ո՞նց են 2014 հրապարակում: Ես էլ բռնեցի ու կայքին նամակ գրեցի՝ հարցնելով, թե ԱՀԿ տվյալներն իրենց որտեղից: Հաջորդ օրը պատասխան ստացա, ու պարզվեց, որ Հայաստանից լիքը մարդիկ են իրենց նամակ գրել: Ու ստացածս պատասխանի տոնից ու բովանդակությունից ենթադրում եմ, որ դավադրության տեսությունների մասին էլ են նամակներ ստացել. չնայած ես շատ կոնկրետ հարցրել էի, թե որտեղ կարող եմ ԱՀԿ 2014 թվի տվյալները տեսնել, պատասխանողը խորացել ու բացատրել էր, որ իրենք Հայաստանի դեմ ոչինչ չունեն ու որ Հայաստանը շատ են սիրում: ԱՀա նամակն ամբողջությամբ.

«Ողջույններ Ամերիկայից Բյուրակն… սա բազմաթիվ հարցումներից է, որ ստացել ենք հայերից՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել աշխարհում Հայաստանի քաղցկեղի թվերի մասին: Նախ թույլ տվեք բացատրել, թե ինչպես են ԱՀԿ տվյալներն աշխատում: Նրանք ամեն տարի տվյալների մեծ հավաքագրում չեն կատարում, այլ թարմացումներ են անում: Ահա թե ինչու է հրապարակման տարեթիվը կարևոր: 2014-ը հրապարակման տարեթիվը, որը կարող է տարբեր լինել կամ չլինել 2012-ից: Եվ հետո մենք չենք ասել, որ Հայաստանը քաղցկեղից ամենամեծ թվով մահացությունն ունի: Դա անհնար կլիներ՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության թիվը: Մենք դասակարգել ենք տարիքով ստանդարտիզացված մահացությունն ըստ 100 000 բնակչության: Տարիքը նույնպես կարևոր է…

Մենք հետազոտական բիզնեոսում ենք և կայքը տրամադրում ենք որպես անվճար հանրային ծառայություն… Դուք ազատ եք գործածել կամ չգործածել մեր տրամադրած տվյալները, բայց մենք չենք տրամադրում հղումներ մեր սկզբնաղբյուրներին կամ օգտագործած մեթոդներին և անվճար անհատական հետազոտություն չենք անի ձեզ համար: Ես միայն կարող եմ ասել, որ ԱՀԿ-ն է սկզբնաղբյուրը: Մենք համապատասխանեցնում ենք նրանց գործածած ՀՄԴ-10-ի կոդերին և ԱՀԿ-ն համարում ենք աշխարհի տվյալների լավագույն աղբյուրը:

Այդքանով հանդերձ, աշխարհի տվյալները միշտ չէ, որ նույնն են, ինչ առանձին պետությունների տվյալները: Եթե ուզում եք համեմատել, պետք է փոխակերպեք համաշխարհային ստանդարտների, բայց որպես ԱՀԿ անդամ երկիր Հայաստանն ԱՀԿ-ին տվյալներ տրամադրում է, ինչպես մնացած բոլոր երկրները, և եթե ԱՀԿ-ն այդ տվյալներին քիչ է վստահում, երբեմն ճշգրտումներ է կատարում: Մեր դասակարգումը հիմնում ենք նրանց հրապարակումների վրա… Դուք չեք կարող միջմշակութային համեմատություններ անել, եթե նույն աղբյուրն ու տարեթիվը չեք օգտագործում:

Մենք հասկանում ենք, որ քաղցկեղի դեպքում թիվ մեկ լինելը լավ չէ, բայց մի մտածեք, թե մենք Հայաստանի ընկերը չենք: Մենք մասնավոր ընկերություն ենք, հետևաբար չենք կարող շատ մանրամասներ հաղորդել, բայց մենք սիրում ենք ձեր երկիրը և լուրջ ներդրումներ ենք արել ձեր ժողովրդի և այլ հայկական հարցերի համար: Դրա դիմաց մենք ոչինչ չենք պահանջում: Ինքներդ կարող եք տեսնել, որ մեր կայքում գովազդ չկա… Այնպես որ զարմացած ենք, որ հիմա են շատերն ուզում իմանալ, թե մենք ով ենք էն դեպքում, երբ արդեն ութ տարի է, ինչ Հայաստանում գործ ենք անում: Վերջերս նվիրատվություն ենք ուղարկել ձեր որբերին. http://www.worldlifeexpectancy.com/almonds-for-orphans

Մենք հաջողություն ենք մաղթում ձեր հետազոտությանև և անկեղծորեն հույս ունենք, որ մեր տվյալները կնպաստեն, որ Հայաստանը լուծի քաղցկեղի լուրջ խնդիրը: Թիվ մեկը կամ տասներորդը լինելն այնքան կարևոր չէ, որքան իմանալը, թե որքան լուրջ է դա, և փորձել ուղղելը: Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է նման ցանկերի վերին հորիզոնականներում գտնվի»:

 

Հայաստանը քաղցկեղից մահացությամբ առաջին տեղում. նախարարի արձագանքը և հնարավոր պատճառները

Բժշկականում սովորելու ժամանակ կլինիկական առարկաների դասախոսներից քչերը գիտեին ապացուցողական բժշկության մասին: Ի՞նչ եմ խոսում: Քչերն էին ընդհանրապես լսարան մտնում ու դաս անցկացնում: Բայց հայտնի ամենալավ կլինիկական ամբիոններից մեկն ուրոլոգիայինն էր, որովհետև դասախոսները ոչ միայն նորմալ դաս էին անցկացնում, այլև ստուգարքը ստանալու համար պիտի պատասխանեիր, ոչ թե մնացած առարկաների պես ստորագրվեր-գնար:

Հիշում եմ՝ ուրոլոգիայի այն ժամանակվա ամբիոնի վարիչ  ու հիմիկվա առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անընդհատ շեշտում էր ապացուցողական բժշկության ու դրա ուղեցույցների կարևորության մասին: Սովետից ժառանգություն մնացած կլինիկական ամբիոններում զարմանալի բան էր արևմուտքում կիրառվող նորմերի մասին խոսելը: Բայց Արմեն Մուրադյանը բացատրում էր, թե ինչ է կրկնակի կույր պլացեբո կոնտրոլով ռանդոմիզացված հետազոտության մեթոդը (այս մեթոդի կիրառմամբ է ապացուցվում դեղի արդյունավետությունը, ոչ թե «հարևանս բուժվեց, ուրեմն օգնում ա»): Այդ հետազոտությունների հիման վրա ստեղծվում են ուղեցույցներ (ցուցումներ, թե ինչպես բուժել հիվանդությունները): Զարգացած երկրներում բժիշկներն այդ ուղեցույցների հիման վրա են բուժումներ նշանակում: Հայաստանում շատ բնագավառների համար չկային ազգային ուղեցույցներ: Բայց որոշ առաջադեմ բժիշկներ օգտվում էին ամերիկյաններից:

WHO
Կայքի ներքևում գրված է. ԱՀԿ տվյալներ, 2014թ.

Ու հիմա այդ նույն մարդը կանգնում ու հայտարարում է, որ այն տեղեկությունները, թե Հայաստանն աշխարհում առաջին տեղում է ուռուցքներից մահացությամբ, սուտ է: Ուրեմն անվստահություն է հայտնում մի կայքի տեղեկությունների նկատմամբ, որն իր տվյալները ստանում է ԱՀԿ-ից: Սուտ է անվանում ԱՀԿ-ի տվյալները: Ախր ո՞նց էլի: Մարդիկ հասնում են նախարարի աթոռին ու մոռանու՞մ են, թե որն է հավաստի գիտական աղբյուր, որը՝ չէ: Թե՞ լսարան մտնելիս ուղղակի թատրոն էր խաղում:

Նորմալ երկրի առողջապահության նախարարի (ու նաև այն մարդու, որը լսարանում ապացուցողական բժշկությունից էր խոսում) ռեակցիան կլիներ՝ հլը մի րոպե, էս ո՞նց, հանրային առողջության թիմ կհավաքեր ու կփորձեր պարզել, թե ինչու են քաղցկեղից մահացության թվերն էդքան բարձր, ոչ թե կվերցներ ու կհայտարարեր՝ սուտ է:

Բայց Արմեն Մուրադյանը նման հետազոտություն անցկացնել չի տա, որովհետև կպարզի, որ շրջակա միջավայրի (մասնավորապես՝ հանքարդյունաբերությունից) ախտոտվածությունից է, որ նորմալ կանխարգելիչ, ախտորոշիչ ու բուժական միջոցների բացակայությունից է կամ եղածների անմատչելիությունից, որ ուռուցքաբանության ինստիտուտն ընդհանրապես տխուր ու անմարդկային վիճակում է, որ Հայաստանում գնալով պակասում են նորմալ մասնագետները, որ հիվանդները սիսեռաբույժներին ավելի են վստահում, քան ապացուցողական բժշկությանը, որ Հայաստան ներմուծվող դեղամիջոցները կեղծ են: Ո՞նց կկարողանա էսպիսի ինֆորմացիա հայտնաբերել ու հրապարակել, երբ էդ հրապարակումը կենթադրի նաև որոշակի քայլերի ձեռնարկում: Բայց ո՞նց կարող է առողջապահության նախարարը հանքարդյունաբերության կամ ներմուծվող դեղամիջոցների դեմ որևէ բան ասել: Դրա համար ստիպված հայտարարում է, որ ԱՀԿ-ն ստել է:

Հա, ԱՀԿ-ն անամոթաբար ստում է, ու Հայաստանում էլ քաղցկեղ ընդհանրապես չկա: Հանքարդյունաբերությունը չի աղտոտում շրջակա միջավայրը: Ուռուցքաբանության ինստիտուտը միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն է: Տարբեր երկրների բարձրակարգ մասնագետները կռիվ են տալիս այնտեղ աշխատելու համար: Դեղերն էլ շատ էժան են, ի՞նչ է եղել որ: Իսկ սիսեռաբույժներն արևմտյան մութ ուժերի հորինած հեքիաթներն են:

Նախարարը կարող էր գոնե ավելի հեշտ պատճառներ հորինել. ողջ երկիրն ակտիվ կամ պասիվ ծխող է, կամ գոնե՝ Հայաստանում մահվան պատճառը գրանցելիս ուռուցքն են նշում որպես առաջնային պատճառ, ոչ թե օրինակ թոքաբորբը: Կամ էլ կարող էր ուղղակի ասել, որ մեզ մոտ քաղցկեղը լավ են դիագնոզում կամ որ՝ քաղցկեղից մահացությունը պետության կենսամակարդակի հետ կապ չունի (տեսեք, Դանիան էլ ութերորդ տեղում է): Բայց չէ, պիտի ասի, որ ԱՀԿ-ն ստում է, որովհետև մեզ էշի տեղ է դնում, որովհետև կարծում է՝ էնքան հիմար ենք, որ էդ ամենը որպես սուտ որակելով տակից դուրս կգա, մենք էլ կհավատանք, թե՝ Հայաստանում ամեն ինչ լավ է: Բայց կներեք, պարոն Մուրադյան, որ ձեր ասածը կասկածի տակ ենք առնում, որովհետև դուք մեզ սովորեցրել եք հավատալ միայն գիտական տվյալներին: