Գիտություն և կոկտեյլներ Քրիստիանիայում

Ժամանակին խոստացել էի Քրիստիանիայի մասին էլի գրել: Այն ժամանակ բնավ մտքովս չէր անցնում, որ Կոպենհագենն իմ նոր տունն է դառնալու, իսկ Քրիստիանիան՝ վայր, որտեղ հաճախ եմ լինելու զանազան առիթներով: Ու հիմա բավականաչափ շատ գիտելիքներ եմ կուտակել իրեն անկախ հռչակած այս թաղամասի մասին, որ մանրամասն պատմեմ էնտեղի անցուդարձից:

Այս գրառմամբ կներկայացնեմ Քրիստիանիայի մի բոլորովին այլ կողմ, որի մասին սովորաբար չի խոսվում զանազան տուրիստական ձեռնարկներում:

Քրիստիանիան շատերն ընկալում են որպես ուռողների, թափառականների և այլ «ցածր» դասի մարդկանց հավաքատեղի: Տեղացիները հաճախ վերևից են նայում էնտեղ գնացողներին: Մոտավորապես՝ յա՜, Քրիստիանիայու՞մ էիր, ֆի՜: Բայց ինքն իրեն անկախ հռչակած այս թաղամասի «Քաղաքի լույս» կոչվող կինոթատրոնում պարբերաբար տեղի են ունենում «Գիտություն և կոկտեյլներ» կոչվող միջոցառումները:

Իմաստն այն է, որ գալիս է ինչ-որ հռչակավոր պրոֆեսոր, մոտ մեկ ժամանոց հանրամատչելի դասախոսություն կարդում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների համար: Դասախոսությունից հետո ներկաները կոկտեյլներ են խմում: Կարող են նաև հարցեր տալ պրոֆեսորին:

Մի հատ պատկերացրեք. գիտությու՜ն, պրոֆեսո՜ր: Ո՞վ դրա զահլան ունի: Երեկոն կարելի է ավելի հետաքրքիր անցկացնել:

Բայց արի ու տես, որ չէ: Այս միջոցառումները չափազանց պոպուլյար են: Այն կարգի, որ հաճախ այնքան շատ մարդ է գալիս, որ տեղ չեն անում, դռները փակում են, մի մասին այլևս ներս չեն թողնում: Ու գալիս են ամենատարբեր մարդիկ՝ ուսանողներ, դասախոսներ, մարդիկ, որոնք ակադեմիայի հետ կապ չունեն, ջահելներ, մեծահասակներ: Գալիս են հավեսով, ուշադիր լսում են, հարցեր են տալիս:

Դռները բացվելուց տասնհինգ րոպե առաջ հերթը մուտքի մոտ
Դռները բացվելուց տասնհինգ րոպե առաջ հերթը մուտքի մոտ

Երեկվա թեման էլ հետևյալն էր. «Ուրախ միտքը. հաճույքի և երջանկության նեյրոգիտությունը»: Ներկայացնում էր պրոֆեսոր Մորտեն Կրինգելբախն Օքսֆորդի համալսարանից: Եղանակն ահավոր էր. անձրև, ցուրտ, քամի: Կինոթատրոնի դռները բացվելու էին դասախոսությունից մի ժամ առաջ, իսկ դրանից առաջ մարդիկ արդեն հերթ էին կանգնել՝ հաշվի չառնելով ահավոր եղանակը:

Բախտներս բերեց. մենք շուտ էինք գնացել, կարողացանք նստելու տեղ ճարել, բայց էդպես թրջված ու սառած դեռ մի ժամ էլ ներսում պիտի սպասեինք: Ամեն դեպքում, արժեր:

Մորտեն Կրինգելբախը շատ հանրամատչելի կերպով ներկայացրեց հաճույքի մասին իր հետազոտությունները՝ սկսած շոկոլադից, վերջացրած երաժշտությունով (կարծում եմ՝ վիդեոն կտեղադրվի կայքում, եթե հետաքրքրում է, կարող եք նայել): Ու այդ ամենը համեմված էր ուժեղ հումորով: Պատկերացնու՞մ եք՝ լուրջ գիտական թեման բեմի վրա պարերով, զանազան սուր կատակներով ու լիքը ծիծաղով; Ու էնպես ներկայացրեց բոլորին հասկանալի լեզվով՝ սկսած կոշկակարից, վերջացրած դոկտոր-պրոֆեսորներով:

DSCF7319

Վերջում ինձ համար take home message-ն էս էր. «Երջանկությունը հենց այստեղ ու հենց հիմա է»: Ուրիշ բան է, երբ հավատում ես դրան, բայց լրիվ ուրիշ է, երբ լսում ես Օքսֆորդի պրոֆեսորից, որն իր կյանքը նվիրել է երջանկության ուսումնասիրությանը:

Այս միջոցառումների շարքը կոտրում է ստերեոտիպները Քրիստիանայի ու գիտության մասին, այստեղ հավաքում ամենատարբեր մարդկանց ու ցույց տալիս, որ գիտությունը կարող է հետաքրքրել մարդկանց: Պարզապես պետք է այն ճիշտ մատուցել:

Մտածում եմ՝ լավ կլիներ, որ նման մի բան էլ Հայաստանում նախաձեռնվեր: Կարելի էր, ասենք, աշխարհահռչակ հայ ու ոչ միայն հայ գիտնականների պարբերաբար հրավիրել դասախոսություններ կարդալու: Գիտության նկատմամբ վերաբերմունքը կփոխվեր, հասարակությունն էլ ավելի շատ գիտելիք կունենար, էլ պսևդոգիտնականները սնկի պես չէին աճի:

Ազատ քաղաք Քրիստիանիա

Քրիստիանիա որոշեցի գնալ Ռիփի այ էս գրառումից հետո: Եթե անկեղծ լինենք, մինչև այս թեմայի հայտնվելը, Կոպենհագենում հայտնվելն էնպես, մի տեսակ հեռավոր ծրագիր էր, որ գիտեի՝ երբեք չեմ իրագործելու: Բայց երբ Քրիստիանիայի մասին կարդացի Ռիփի էս տողերը. «Քրիսթիանիայի գաղափարների հիմքում մարդն է, անհատականությունը, ով ազատ է ամբողջովին արտահայտել իրեն: Շատերի համար Քրիսթիանիան դառնում է երջանիկ ապրելու վերջին հույս, տաք ապաստարան՝ մեծ աշխարհում ծնված մենակության ու անպետքության զգացումը մեկընդմիշտ բնաջնջող», երբ ակումբում բուռն քննարկում ծավալվեց, ու տարբեր կարծիքներ հնչեցին, ընդ որում՝ կարծիք արտահայտողներից ոչ մեկն անձամբ էնտեղ չէր եղել, որոշեցի իմ աչքով տեսնել ու եզրակացություն անել:

Ամենալավ առիթը երկու օր առաջ էր, երբ Յոենսուից Խրոնինգեն տեղափոխվելու բառիս բուն իմաստով ճամփին իջա Կոպենհագեն ու ջրահարսին, պալատները, Նյուհավնը և մնացած բոլոր տեսարժան վայրերի մոտ հայտնվելուց առաջ առավոտ գիշերով վազեցի Քրիստիանիա:

Մինչև քաղաքի գլխավոր մուտքին հասնելը մի կամար տեսա, վրան գրված էր «Ազատություն»: Ասեցի՝ կա-չկա, սա էլ է դեպի Քրիստիանիա տանում: Բռնեցի ու էդ մեկով մտա:

DSCF2895

Սկզբում ամայություն էր, զանազան աղբակտորներից սարքած արվեստի նմուշներ: Էնպիսի տպավորություն էր, որ ով ինչ հասցրել, սարքել, թողել էր փողոցում:

DSCF2900

Քիչ այն կողմ քաղաքի գլխավոր մուտք/ելքն է. «Դուք հիմա մտնում եք ԵՄ», իսկ դրսի կողմից ուղղակի ասում է՝ Քրիստիանիա:

DSCF2901

Հետո հասանք կանաչ լապտերների թաղամաս, որտեղ հաշիշի ազատ առքուվաճառք է ու որտեղ լուսանկարել չի կարելի: Ապարատս հանեցի, որ թաղամասի օրենքները նկարեմ: Էդ պահին տեղացիներից մեկն էր անցում, ջղայնացած ասաց՝ no photo ու գնաց:

DSCF2909

Քրիստիանիայից ազատության հոտ է գալիս, բայց դա մի էնպիսի ազատություն է, որին մենք սովոր չենք, ու չի տեղավորվում մեր ուղեղի մեջ: Էդ ազատությունը սկսվում է սահմանափակումներով. զենքը, բռնությունը, գողությունը, ուժեղ թմրանյութերը (հաշիշը թույլ է), ավտոմեքենաների մուտքը և պայթուցիկներն արգելված են: Բայց էստեղ բնակիչների ազատությունը տեսնում ես ինքնարտահայտման մեջ: Կնկատես սիրուն առանձնատներ ու գարաժներ, փայտե տնակներ: Մեկի վրա գրաֆիտի, մյուսը՝ սմայլիկապատ, էն մեկը ոնց որ անտառի տնակ:

DSCF2917

DSCF2936

Քրիստիանիա մտնելուց հետո ուրիշ տեղ գնալու ցանկությունը կորում է: Ուզում ես հերթով բոլոր տները հատիկ-հատիկ տեսնել, որովհետև մեկը մյուսից խիստ տարբերվում է: Ուզում ես նաև շփվել տեղացիների հետ, իմանալ՝ ովքեր են էդ պատերի ներսում, բայց արի ու տես, որ հետս մի հարամչի կար, որը սահմանափակում էր իմ ազատությունն ու անհամբեր սպասում էր, թե երբ պիտի Քրիստիանիայից դուրս գանք:

DSCF2911