Հին օրերի առաջացրած ժպիտը

Անընդհատ նայում էի սենյակիս պատերին, պահարաններին ու չէի կշտանում: Իրոք շատ էի կարոտել: Երբեմն էլ բացում էի դարակները, գրքերը շոշափում, տարբեր իրեր հայտնաբերում: Գրապահարանիս ներքևում կա մի դարակ, որտե ղ զանազան բլոկնոտներ, տետրեր ու թղթապանակներ եմ պահում: Մինչև հիմա մենակ բացում ու նայում էի, բայց էսօր այս գրառումը կարդալուց հետո ոգևորվեցի և ուզեցի տեսնել` ինչ կա այնտեղ:

Դարակի առավել մութ անկյունում իրար վրա կուտակված էին օրագրերս, որոնք իմ ամբողջ պատմությունն էին պարունակում ու որոնցից հուշտ էի լինում վերջին տարիներին, իսկ ավելի վաղուց սիրում էի կարդալ ու վերապրել հին զգացմունքներս:

Մտածեցի` մեկը վերցնեմ ու բացեմ: Ուշադրությունս գրավեց  հանրահայտ կապույտ օրագիրս, որն այնքան մեծ էր, որ բոլորը գիտեին` օրագիրս է: Ստիպված հատուկ թաքցնում էի, որ եղբայրս չգողանա ու կարդա: Էնտեղ ամփոփված են զառանցանքներս 2004-2006թթ.: Մի քիչ թերթեցի, որոշ հատվածներ կարդացի ու ժպտացի: Որոշ տեղերում գտա մարդկանց անուններ, որոնք այն ժամանակ իմ ամբողջ աշխարհն էին, բայց հիմա նույնիսկ մոռացել եմ նրանց գոյության մասին: Կարոտեցի մի տեսակ: Ուզում եմ մի քանի ժպիտ առաջացրած հատված մեջբերել:

23.08.2004

Այսօր չաթում մեկը Phoebe նիքով էր: Հարցրի, թե արդյոք “Catcher in the Rye”-ից է վերցրել այդ անունը: Պարզվեց, որ այո: Ես ուրախացա, որովհետև բացի հորիցս նա իմ հանդիպած առաջին մարդն էր, որ այդ գիրքը կարդացել է:

Փաստորեն, էդքան նեղն էի էն ժամանակներում, որ շրջապատումս կարդացող մարդ  չկար:

30.08.2004

Սիրելի’ բախտավոր կամ դժբախտ կամ ինչպես ուզում ես, եթե գտել ես այս տետրս, ապա հետևյալ հասցեն էլ քեզ համար գաղտնիք չէ. http://www.livejournal.com/users/byurie

26.09.2004

– Դուք Amy-ն եք, չէ՞:

Զարմացա. նիքս էլ գիտի: Այն հարցիս, թե որտեղից գիտի, ասաց, որ Ալանիս միայն ես եմ լսում:

03.10.2004

Ես չեմ սիրում, որ երբ որևէ սիրային բանաստեղծության մասին բացասական կարծիք եմ հայտնում, ինձ ասում են, որ չեմ սիրահարվել, դրա համար էլ չեմ հասկանում:

Երևի էսքանը հերիք է, չնայած շատ ավելի շատ ժպտացի, քան գրել եմ էստեղ: Հետաքրքիր էր, թե ինչ ապրումներ էի ունենում, ինչերի միջով էի անցնում 7-9 տարի առաջ: Ու չնայած ահագին  տանջվում էի, ուրախ եմ, որ էդ ամենը ժպիտով եմ կարդում ու հիշում հիմա: Ափսոս: Կուզեի հիմա էլ ձեռագիր օրագիր ունենալ ու նույնքան անկեղծ ու մանրամասն գրել: