Երկրորդ ալիք․ Օրհուսը կորոնայի ժամանակ

Վերջին հինգ ամսվա մեջ առաջին անգամ մտնում եմ գրասենյակս, որ աշխատեմ։ Ոչինչ չի փոխվել. գրասեղանիս մի անկյունում կարդացված֊չկարդացված հոդվածներն են, սուրճի բաժակս ուղիղ էկրանի դիմաց, ասես հինգ րոպե առաջ էի դուրս եկել, գունավոր գրիչներս գրասեղանով մեկ շաղ տված։ Շոգ է։ Բացում եմ պատուհանը։ Այս հինգ ամիսների ընթացքում երևի ոչ ոք չի օդափոխել գրասենյակը։ Մինչև ուրբաթ կաշխատեմ գրասենյակումս, կվերադառնամ Կոպենհագեն ու հաջորդ անգամ Օրհուս ոտք կդնեմ մեկ էլ սեպտեմբերի 3֊ին՝ «էքսպերիմենտալ մեթոդներ 3» դասընթացի առաջին գործնական պարապմունքն անցկացնելու։

Կոլեգաներիս եմ տեսնում։ Միասին լանչ, սուրճ։ Ամիսների ընթացքում առաջին անգամ էս բոլորն օնլայն չէ։ Ինչ հունիսի սկզբից համալսարանը բացվել էր, նրանք բոլորը վերադարձել էին իրենց գրասենյակներ, սուրճը տեղափոխվել է իրական կյանք, իսկ ես շարունակում էի տնից աշխատել՝ զրկվելով սուրճի ընդմիջումներից։ Առաջվա պես զավզակում ենք, ու դա ավելի շատ հիշեցնում է մարտի մեր աշխատանքային վերջին օրը, երբ կորոնավիրուսի մասին սև կատակներ էինք անում, որ ճնշող մթնոլորտը ցրենք։

Իսկ Օրհուսում կյանքը եռում է։ Դանիայում վերջապես ամառ է եկել, ու բոլորը դրսում են՝ այգիներում, սրճարաններում կամ ջրանցքի ափին, իրար գլխի լցված, ասես ոչինչ չի պատահել։ Միայն ժամանակ առ ժամանակ դիմակներով անցորդների կտեսնես. մի բան, որ Կոպենհագենում խիստ հազվադեպ է հանդիպում։ Դանիայում դիմակ կրելը պարտադիր չէ, խորհուրդ է տրվում միայն հասարակական տրանսպորտում, միայն այն դեպքում, երբ մեկ մետր հեռավորություն պահպանելը հնարավոր չէ։ Դրա համար Կոպենհագեն֊Օրհուս լեփ֊լեցուն գնացքի մեր վագոնում միայն երկու հոգով էինք դիմակով։

Իսկ թվերն աճում են։

Երեկոյան Ագաթայի հետ գնում ենք գինի խմելու։ Հունվարից էս կողմ չէինք հանդիպել։ Արմունկով բարևում ենք իրար. Դանիայում բարևելու նոր ձև է գրկախառնվելու ու ձեռքսեղմման փոխարեն։ Արմունկը ֆիզիկապես լինելով ձեռքի ու ուսի արանքում՝ ֆորմալության առումով նույնպես ընկերականի ու գործնականի արանքում է։ Ընկերների հետ խիստ պաշտոնական է թվում, աշխատավայրում նոր ծանոթությունների դեպքում՝ խիստ մտերմիկ։

Նարնջագույն լուսին

Ես ու Ագաթան նստում ենք ջրի ափին՝ մեր միջև մեկ մետր հեռավորություն, մի շիշ սպիտակ գինի, թղթե բաժակներ, ձեռքերն ախտահանելու հեղուկ ու դիմակներ։ Զրուցում ենք ժամերով կորոնայի ժամանակներից, ինքնամեկուսացումից, մեր կյանքի նոր դրամաներից, որոնցից երկուսս էլ զերծ չէինք մնացել, դանիացիներից ու արձակուրդից։ Մեր աչքի առաջ մութը կամաց֊կամաց ընկնում է։ Երբեմն֊երբեմն նավեր են մոտենում, ու ափին զարկվող ալիքներ են առաջանում։ Հետո հայտնվում է նարնջագույն լուսինը ու դիմացի վերամբարձ կռունկների լույսերին խառնվում։ Լուսինն աչքներիս առաջ բարձրանում է վեր, ցրտում է։ Կուրտկաների մեջ կծկված՝ ես ու Ագաթան քայլում ենք դեպի քաղաք։ Ինքը նույն տանն է ապրում, ես՝ նախկինից մի քիչ վերև, մաթեմատիկայի ամբիոնի տանիքի տակ։

Դանիայում թվերն աճում են։ Թվերն է՛լ ավելի արագ աճում են Օրհուսում։ Մարդիկ մեղավորներ են փնտրում. ֆուտբոլ, համալսարանի քաղաքագիտության ամբիոնի քեֆ, սոմալի հայտնի մեկի թաղում։ Իսկ քաղաքում կյանքը շարունակվում է, ասես ոչինչ չի եղել։ Երկաթուղային ընկերությունը որոշում է նստատեղի տոմսի պահանջը հանել, ինչը նշանակում է, որ գնացքում կարող են լինել ավելի մեծ թվով մարդիկ, քան նստատեղ կա։ Մյուս շաբաթվանից ուժի մեջ էր մտնելու նաև վերաբացման չորրորդ փուլը, ինչը նշանակելու էր, որ համալսարանները լիարժեք բացվում են, գիշերային ակումբներն ու բարերը կեսգիշերից հետո աշխատելու են, հարյուրից ավելի մարդկանցով հավաքները թույլատրվելու են։

Ես ամեն օր գնում եմ աշխատանքի ու նկատում, թե ինչպես ենք մենք բոլորով կանոնները խախտում՝ հավաքվելով սենյակներում, որտեղ չպետք է լինենք, նստում աթոռների, որոնց չպետք է նստենք, թույլ տալիս, որ վերելակով մեզ հետ ևս մի հոգի բարձրանա։ Անընդհատ ստուգում եմ լուրերը՝ վախենալով, որ ուր որ է Օրհուսը կփակեն, կմնամ այստեղ։ Ճիշտ այնպես, ինչպես հինգ ամիս առաջ էի վախենում ու աշխատանքի գնում այնպես, որ կարողանայի վերջին հնարավոր գնացքը նստել ու հասնել Կոպենհագեն։

Չորեքշաբթի օրը գնում եմ լողավազան, հետո հանդիպում կին գրողների խմբին. հունիսից էս կողմ չէինք տեսնվել։ Գլուխս անտանելի ցավում է։ Վերագրում եմ շոգին ու ջրազրկմանը։ Հասնում եմ մաթեմատիկայի ամբիոնի իմ սենյակ, պառկում բազմոցին ու մինչև առավոտ քնում՝ընթացքում մտածելով, որ եթե կորոնավիրուսից լինի, ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ Օրհուսում երկու շաբաթ մեկուսանալու, երբ ընդամենը չորս օրվա պատրաստությամբ եմ եկել ու սենյակը միայն չորս օրով վարձել։ Առավոտյան գլխացավս անցած է լինում։

Հինգշաբթի օրը Օրհուսի քաղաքապետը մամլո ասուլիս է տալիս ու հայտնում, որ քաղաքում երեք տարածք, որտեղ մարդիկ սիրում են հավաքվել արևոտ եղանակին, ոստիկանության միջամտությանն են ենթարկվելու։ Թվերը շարունակում են աճել։ Հայտարարվում է, որ սեպտեմբերից համալսարանների կամպուսներում դասեր լինելու են անկախ ամեն ինչից։

Մաթեմատիկայի ամբիոնի տանիքի տակ

Ուրբաթ օրը Դանիայի կառավարությունը հատուկ Օրհուսի համար սահմանափակումների խորհուրդ է տալիս. գիմնազիաների դասերը երկու շաբաթով հետաձգել, հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր, առաջիկա երկու շաբաթների ընթացքում հնարավորինս տանից աշխատել։ Մեզ նամակ է գալիս, որ սեպտեմբերից լսարաններում երեսունից պակաս ուսանողներից բաղկացած խմբերում սոցիալական հեռավորության կանոնը չի գործելու։

Երեկոյան արդեն Օրհուս֊Կոպենհագեն գնացքում եմ։ Գրեթե բոլորը դիմակով են։ Տոթ է։ Հազիվ ենք շնչում։ Երբեմն թվում է՝ օդի պակասից ուշքդ կգնա։ Տեսնես Հայաստանում ամբողջ ամառ ու ամեն տեղ դիմակով ո՞նց են դիմանում։ Համալսարանի ղեկավարությունից նամակ է գալիս, որ առաջիկա երկու շաբաթը տնից աշխատենք։ Իսկ ես տան ճամփին եմ, ես էդպես էլ նախատեսել էի։ Ուրեմն երկուշաբթի օրվանից նորից Զումում ենք սուրճ խմելու, եթե, իհարկե, գործընկերներս չորոշեն կանոնը խախտել։

Թվերն աճում ու աճում են։

Տեսնես սեպտեմբերի 3֊ին լսարան կմտնե՞մ։

Առաջին օրերը Օրհուսում

Յոենսուն նման էր մի համար փոքր ոտքս սեղմող կոշիկի, որը հանելուց հետո անասելի թեթևություն է իջել վրաս։ Ու նոր, գրեթե անծանոթ քաղաք տեղափոխվելն ու նոր աշխատանք սկսելն ուղղակի երանություն են Յոենսուի համեմատ։ Երանություն է նաև այն զգացողությունը, որ ոտքդ գրասենյակից դուրս ես դնում, ու գիտես, որ կարող ես ուղեղդ անջատել ու աշխատանքովդ չզբաղվել։ Դանիական ակադեմիայում էլ աշխատում ես պայմանգրումդ գրված ժամերից շատ, բայց դա դառնում է երանություն Յոենսուի անխիղճ պայմանների համեմատ։

Օրհուսում առաջին օրը մարդ չկար, որ ինձ դիմավորեր։ Գրասենյակս անգամ պատրաստ չէր։ Բայց ես անհոգ վազում էի մի տեղից մյուսը, փորձում ամեն ինչ խելքի բերել։ Իսկ երեկոյան հոգնել էի ու վեր ընկել մահճակալիս։ Օրհուսում սոցիալական կյանք չունեմ, բայց առայժմ չեմ էլ փորձում ունենալ, ու դա ինձ բնավ չի խանգարում։ Էն միայնության զգացումը, որ խեղդում էր ինձ Յոենսու ոտք դնելուս հենց առաջին օրվանից, էստեղ չկա։

DSC_1768.jpg

Կամաց-կամաց փորձում եմ էստեղ ռուտին ձևավորել։ Ուսումնասիրում եմ լողավազաններն ու յոգայի սրահները։ Խանութներն եմ փորփրում․ գրախանութը գտել եմ, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Տանս մոտ երկու սուպերմարկետ վերջապես ճարեցի։ Հեծանիվ արդեն ունեմ․ ամեն անգամ նոր քաղաք ոտք դնելիս առաջին բանը, որ անում եմ, հեծանիվ ձեռք բերելն է։ Այս անգամ նորը գնեցի։ Ու Օրհուսի բլուրների համար շատ հարմար է։

Օրհուսը նորի ու հնի էնպիսի միասնություն է, որ ինձ ոչ միայն չի խանգարում, այլև հաճույք է պատճառում։ Անծանոթ փողոցներով քայլելով ու նորանոր անկյուններ հայտնաբերելով մեկ էլ հասնում եմ խանութների, որտեղ գիտեմ՝ ինչ են վաճառում, գիտեմ՝ որ սուպերմարկետների ցանցն եմ նախընտրում ու փնտրում, գտնում եմ Օրհուսում։ Օրհուսը նոր է, որովհետև էստեղ չեմ ապրել, բայց հին է, որովհետև շատ բաներով նման է Կոպենհագենին։

DSC_1770.jpg

Քաղաքի ամենամեծ տարբերությունը բլուրներն են։ Համալսարանը բլրի վրա է, տունս՝ նույն բլրով մի քիչ ավելի վերև, իսկ կայարանը՝ ամենաներքևում։ Ուրբաթ օրը, երբ հեծանիվովս իջնում էի կայարան, ու անընդհատ պիտի արգելակները սեղմած պահեի, որ արագությունը կառավարելի լիներ, մտածեցի՝ հետ գալուց էս դիքը բարձրանալը գլխացավանք է լինելու։

Էդ գլխացավանքն էսօր էր։ Օրհուսում ձնաբուք էր, երբ ավտոբուսս երկուսուկես ժամ ուշացումով տեղ հասավ։ Ձնածածկ հեծանվուղի ու դիքով դեպի վեր․ էնքան էլ հաճելի պրոցես չէր։ Յոենսուում անցկացրած կես տարվանից հետո ոտքերիս մկանները հետ էին վարժվել, իսկ մարմինս սովոր չէր ֆիզիկական աշխատանքի։ Ու այդ երեք կիլոմետրը բարձրանալն իսկական տանջանք էր։ Բայց ինչ-որ տեղ նաև ծանոթ էր։ Ոնց որ Բաղրամյանի դիքը լիներ։ Ոնց որ Երևանը լիներ։ Ուրեմն Օրհուսը Կոպենհագենի ու Երևանի խառնուրդն է։

Պիտի շատ քշեմ, որ մկաններս նորից մարզվեն։ Վաղը նաև լողավազան կգնամ։ Իսկ երեկոս անցկացնում եմ մահճակալիս փռված, կողքիս էլ Հռութն է՝ տանտիրուհու կատուն։ Տունս ծովին ու անտառին մոտ է, իսկ ընտրելուս գլխավոր պատճառը Հռութն էր, բայց երևի կտեղափոխվեմ․ փոքր է, բայց որ ամենաահավորն է՝ լուռ է։ Լռությունը Յոենսուն է հիշեցնում։