Ջինա Ռիփոնի «Գենդերացված ուղեղը» կոտրում է կանացի ուղեղի մասին միֆերը

Ընդհանրապես, ոչ գիտահանրամատչելի գրքեր խիստ հազվադեպ եմ կարդում. իմ մասնագիտական գիտական հոդվածներն ինձ լրիվ հերիք են։ Բայց նեյրոգիտնական Ջինա Ռիփոնի «Գենդերացված ուղեղ. թարմ նեյրոգիտությունը, որ մաս֊մաս է անում կնոջ ուղեղի մասին միֆերը» պատվիրեցի մի գեղեցիկ օր, երբ լսեցի, թե ինչպես է տղամարդ զեկուցողը հայտարարում, որ մտավոր ռոտացիան ինտելեկտի ամենալավ ցուցանիշն է, ու թե ինչպես են տղամարդիկ մտավոր ռոտացիայից ավելի լավ։

Image result for mental rotation task
Մտավոր ռոտացիայի առաջադրանք. արդյոք ձախ կողմի պատկերը նու՞յնն է, ինչ աջ կողմինը

Հիշեցի շաբաթներ առաջ Քրիստիանիայի գիտություն և կոկտելյների հյուրը Ջինա Ռիփոնն էր, որ մոտ մեկ ժամանոց հանրամատչելի դասախոսություն կարդաց կանացի ուղեղի, դրա մասին հետազոտությունների ու էն մասին, որ կանանց ու տղամարդկանց ուղեղներն առանձնապես չեն տարբերվում։ Ու պատվիրեցի Ռիփոնի գիրքը, որ ավելի մանրամասն ու խորությամբ ծանոթանամ թեմային ու որ անհրաժեշտ գրականությունն ամբողջությամբ ձեռքիս տակ լինի. հաստատ էլի է պետք գալու։

Image result for gendered brain

«Գենդերացված ուղեղը» Ռիփոնը սկսում է պատմական ակնարկով՝ անդրադառնալով, թե ինչպես դարեր շարունակ անընդհատ առիթներ են փնտրվել կանանց ստորադասությունն ընդգծելու համար։ Դրանցից մեկը, օրինակ, ֆրանսիացի գիտնական Լը Բոնի այն պնդումն է, թե բարձր ինտելեկտով կանայք այնքան հազվադեպ են հանդիպում, ինչքան երկգլխանի գորիլան։

Երկգլխանի գորիլայից իհարկե երկար ճանապարհ ենք անցել, ու հիմա մեծ մասամբ նման հարցադրումների չենք հանդիպի։ Բայց դա չի խանգարում, որ անգամ քսաներորդ դարի վերջին ու քսանմեկերորդ դարում գիտնականները կանանց ու տղամարդկանց ուղեղների տարբերությունների որսի դուրս գան ու ամեն ինչ անեն այդ տարբերությունները ցույց տալու համար։

Ջինա Ռիփոնը հերթով վերլուծում է այդ հետազոտությունները, ցույց տալիս թերացումները կամ էֆեկտի շատ փոքր լինելը, ինչը նշանակում է, որ շատ դեպքերում կանանց ու տղամարդկանց ուղեղներն ու վարքը շատ ավելի նման են իրար, քան տարբեր։ Անդրադառնում է նաև այդ չարաբաստիկ մտավոր ռոտացիային, որ այն տղամարդ գիտնականն այդքան հպարտությամբ նշել էր։ Այո, մտավոր ռոտացիայի հանձնարարություններում տղամարդիկ ավելի բարձր միավորներ են հավաքում, քան կանայք։ Բայց պարզվում է՝ այդ տարբերությունը վերանում է, երբ կանայք մի քանի ժամ տետրիս են խաղում, վերանում է նաև, երբ հաշվի է առնվում համակարգչային խաղերի հետ ունեցած փորձը։

Գրքում Ջինա Ռիփոնը պնդում է, որ գենդերացված աշխարհն է ստեղծում գենդերացված ուղեղ։ Նույն մտավոր ռոտացիայի օրինակով ցույց է տալիս, որ կանայք շատ ավելի լավ են կատարում առաջադրանքը, երբ իրենց ասվում է, որ այդ առաջադրանքից կանայք լավ են, ու ավելի վատ, երբ ասվում է, որ կանայք մտավոր ռոտացիայից վատ են։

Ավելին՝ գենդերացված աշխարհը սկսվում է շատ վաղ՝ երեխային կապույտ կամ վարդագույն հագցնելուց, գենդերացված խաղալիքներ երեխաների դիմաց դնելուց ու «աղջիկը չպիտի, տղան չպիտի» արտահայտություններից սկսած։ Բայց պարզվում է՝ նույնիսկ այսպիսի գենդերացված աշխարհում կանանց ու տղամարդկանց նմանությունները շատ ավելին են, քան տարբերությունները (էստեղ չենք խոսում որոշակի անատոմիական ու ֆիզիոլոգիական, այլ զուտ մտավոր վարքային տարբերությունների մասին)։

Գրքում քննարկվում է նաև, թե ինչու են կին գիտնականներն այդքան քիչ։ Նախ, փոքրուց եկած ազդակներն են իրենց դերը խաղում. աղջիկները մաթեմատիկայից վատ են, գիտությունը կնոջ համար չէ և այլն։ Հետո, հենց գիտական միջավայրերն են, որտեղ կանանց ներկայությունն այնքան էլ չի ողջունվում. ի վերջո, կանանց ու տղամարդկանց ուղեղների միջև տարբերություններ գտնելու հուսահատ փորձերը հենց գիտական միջավայրերից են դուրս գալիս։

Հետո, անդարդարձ է կատարվում հասարակական նորմերի պատճառով առաջացած վարքային տարբերություններին։ Մասնավորապես, հաճաճ տղամարդիկ շատ ավելի ինքնավստահ են ու ոչ միշտ համապատասխանաբար կոմպետենտ, մինչդեռ կանայք հաճախ անինքնավստահ են ու ցածր ինքնագնահատականով, ինչի արդյունքում էլ հաճախ սխալ պատկերացում է ստեղծվում տղամարդկանց ու կանանց ունակությունների տարբերությունների մասին։ Թե ինչպես է այս վարքագիծը ձևավորվում, լրացուցիչ հարցեր տալու ու հետազոտելու միջոցով կարելի է պարզել։

Վերջում Ջինա Ռիփոնն անդրադառնում է գենդերին՝ որպես հասարակության ստեղծած երևույթ։ Առաջարկում է գենդերային ինքնության խնդիրները նույնպես տեսնել հենց այդ լույսի ներքո. եթե հասարակությունը որոշել է, որ կոնկրետ անատոմիայով մարմինը կոնկրետ տեսակի վարք պիտի ունենա, կոնկրետ մասնագիտություն ընտրի, ուրեմն իհարկե այդ ամենին հակասող վարք ունեցողը պիտի անհաշտ լինի իր անատոմիայի հետ ու վիրաբուժական լուծում փնտրի։

Ջինա Ռիփոնը գիրքը եզրափակում է նրանով, որ կանանց ու տղամարդկանց տարբերությունների մասին հարցադրումները պետք է ճիշտ կատրավեն. ինչու՞ է դեպրեսիան կանանց մոտ ավելի հաճախ, աուտիզմը՝ տղամարդկանց։ Սա ֆիզիոլոգիական տարբերություններո՞վ է պայմանավորված, թե՞ այլ գործոններով։

Եթե երբևէ ֆեյսբուքում տեսել եք կամ անգամ կիսվել եք կանանց ու տղամարդկանց տարբերությունների մասին պսևդոգիտական նյութերով, եթե հավատում եք այդ տարբերություններին կամ ուզում եք հարցին խորապես ծանոթանալ հենց գիտական տեսանկյունից, խորհուրդ եմ տալիս կարդալ Ռիփոնի «Գենդերացված ուղեղը»։ Ինձ համար այս գիրքը մասնագիտականի ու հավեսի համար կարդալու մի հրաշալի համադրություն էր. մի կողմից, կոգնիտիվ նեյրոգիտություն՝ իմ հիմնական զբաղմունքը, մյուս կողմից՝ կոգնիտիվ նեյրոգիտության այն հատվածներից, որոնք իմ ուսումնասիրման թեման չեն, բայց որոնք կարևոր է իմանալը։ Կարևոր է յուրաքանչյուր կին գիտնականի, յուրաքանչյուր կնոջ, յուրաքանչյուր տղամարդու համար, որովհետև պակաս գենդերացված աշխարհը ավելի շատ պայծառ մտքեր կծնի։

Կինն ակադեմիայում․ Հայաստան ու Դանիա

Մի քանի ամիս առաջ, երբ ղեկավարիս հետ ճաշում ու զրուցում էի, ինձ ասաց, որ եթե ուզում եմ ակադեմիայում հաջողության հասնել, պիտի երեխա չունենամ։ Հետո թվարկեց ամբիոնի մի քանի պրոֆեսոր կամ դրա ճանապարհին գտնվող կանանց, որոնցից ոչ մեկը երեխա չուներ։ Ղեկավարս ինքը տղամարդ է ու երեք երեխա ունի։ Այդ նույն ղեկավարս սրանից մեկ-երկու տարի առաջ միջանցքում տեսել էր ֆիններենի կին պրոֆեսորին ու հարցրել, թե ոնց է հասցրել երեք երեխա ունենալ ու պրոֆեսոր լինել։ Ֆիններենի պրոֆեսորը հակադարձել էր․ «Իսկ դու ո՞նց ես հասցրել»։

Image result for female academics cartoon

Թեև Հայաստանի համեմատ Դանիայում տղամարդիկ անհամեմատ ավելի շատ են երեխայի խնամքը կնոջ հետ կիսում (հենց թեկուզ երկու ծնողների միջև կիսովի ֆիզիոլոգիական արձակուրդի տեսքով), գենդերային անհավասարության խնդիրն առնվազն ակադեմիայում շարունակվում է․ PhD ուսանողների 55%-ը կանայք են, բայց պրոֆեսորների միայն 19%-ն են կանայք կազմում։ Պատճառներն առայժմ լիովին բացահայտված չեն, բայց դրանց թվում կարող են լինել կանանց՝ սեփական ցանկությամբ ակադեմիայից հեռանալը կամ այն, որ տղամարդիկ տղամարդկանց են աշխատանքի ընդունում։

Բայց որևէ տեղ չի խոսվում, թե այդ 19% կանանցից քանիսը կենսաբանական երեխա ունի։ Իսկ իրականությունն այն է, որ կյանքն ակադեմիայում շարունակող յուրաքանչյուր կին մի օր կանգնում է երեխա կամ գիտություն ընտրության առաջ։ Դանիայում պոստդոկ չորս տարուց երկար չի թույլատրվում անել։ Իսկ ֆիզիոլոգիական արձակուրդ գնալիս պոստդոկի պայմանագիրը չի երկարում: Արդյունքում՝ երբ պոստդոկի ընթացքում երեխա ունեցած կինը տարիներ անց դիմում է մշտական ակադեմիական աշխատատեղի համար, նրան մրցակից տղամարդիկ կարողանում են ավելի լավ տվյալներով ներկայանալ (ավելի շատ տպագրություններ, ավելի շատ կոնֆերանսներ, ավելի շատ միջազգային համագործակցություն և այլն)։ Այսպիսով, այսօր գիտնականը դարձել է արտադրող, ու չափվում է թվերով․ եթե չես հասցրել այսինչ ժամանակահատվածում այսինչ թվով միջազգային տպագրություններ գեներացնել, ուրեմն արժանի չես գիտական դաշտում մնալուն։

Գենդերային հավասարության խնդիրը լուծելու համար տարբեր համալսարաններ կա՛մ քվոտաներ են ներմուծում, կա՛մ մրցույթն անցկացնելուց առաջ սպասում են այնքան, մինչև այդ աշխատատեղի համար կին էլ դիմի։ Քվոտաները խնդիր չեն լուծում։ Իմ մտերիմ ակադեմիական ընկեր Սիլվիան աշխարհով մեկ արդեն երեք-չորս պոստդոկ է արել ու ամեն տեղ ներկայանալիս ասում, որ ինքը երեխաներ չի սիրում ու չի ունենալու։ Իսկ քվոտաների մասին ասում է․ «Ես չեմ ուզում, որ ինձ գործի ընդունեն մենակ նրա համար, որ ծիծիկ ունեմ»։ Քվոտաներն ինչ-որ տեղ նաև վիրավորական են դառնում էսպիսի ենթատեքստով․ «Դե մենք գիտենք, որ դուք՝ կանայքդ, ավելի թույլ եք։ Դրա համար ձեր ներկայությունն ապահովելու համար քվոտաներ ենք մտցնում, որ դուք ձեր մեջ մրցեք»։

Հայկական ակադեմիայի գենդերային հավասարության մասին տվյալներ չունեմ։ Միայն գիտեմ, որ Հայաստանում գիտությունն առաջնահերթություն չէ, ու համալսարաններում ակադեմիական մշտական տեղեր զբաղեցնող դոցենտներից ու պրոֆեսորներից շատերը լուրջ գիտությամբ չեն էլ զբաղվում։ Իսկ պոստդոկի ինստիտուտի բացակայության շնորհիվ գոնե բժշկական համալսարանում մշտական աշխատանք ճարելը միաժամանակ թե՛ ավելի հեշտ է (ասենք, ավարտելուց անմիջապես հետո ամբիոնում աշխատանքի ընդունվելով), թե՛ ավելի դժվար է (շատ քչերին են «ամբիոնում պահում»)։ Ու թեև իմ հասկանալով Հայաստանում կին գիտնականը չի կանգնում «երեխա՞, թե՞ գիտություն» ընտրության առջև, այնտեղ մի ուրիշ խնդիր կա․ հասարակական ճնշումը։

Հայ հասարակության մեջ կինը մեծանում է որպես «ապագա մայր»։ Դեռ ուսանողական տարիներից իմ ընկերուհիներից շատերի հիմնական նպատակը հարմար ամուսին գտնելն ու երեխաներ ունենալն էր, ինչն ինքնին դատապարտելի չէ․ իրոք կան կանայք, որոնք նախընտրում են տանը մնալ ու երեխա մեծացնել՝ ընդհանրապես չաշխատելով կամ ունենալով քիչ վարձատրվող աշխատանք։ Բայց այն կանայք, որոնք այլ կյանք են նախընտրում, հաճախ քննադատվում են ու համարվում ոչ լիարժեք։ Բժշկականում ունեինք կին պրոֆեսորներ ու դոցենտներ, որոնք երեխաներ չունեին։ Ու թեև կարծես երեխա ունենալ-չունենալը չէր ազդում նրանց մասնագիտական որակների վրա, բայց համակուրսեցիներս հաճախ էին երեխա չունեցողներին մատով ցույց տալով, թե՝ տես, էսինչն ամուսնացած չի, երեխա չունի, էսինչի սիրուհին է եղել և այլն։

Երբ դեռ Հայաստանում էի ապրում, այդ ճնշմանը հանդիպում էի ամեն քայլափոխի թե՛ հասակակից, թե՛ տարիքն առած կանանցից ու տղամարդկանցից։ Մասնավորապես, ինձ անընդհատ քննադատում էին «խելքս գիտությանը տալու» համար ու պնդում, որ առանց ամուսնանալու երջանիկ չեմ կարող լինել կամ լիարժեք կյանք չեմ կարող ունենալ։ Հիմա էլ, երբ գնում եմ Հայաստան, մեկումեջ հանդիպում են էդպիսի մարդիկ, որոնք սպասում են «նորությունների», որովհետև սուբյեկտիվորեն երջանիկ լինելս հաշիվ չի։ Անպայման պետք է պաշտոնական ամուսնական կարգավիճակ, պետք են երեխաներ, որ համարվեմ հաջողված պրոդուկտ։

Այսօր Հայաստանում ֆեմինիզմի մի տեսակ նսեմացնում է տան աշխատանքը՝ տնային տնտեսուհիներին կոչ անելով, որ գործադուլ անեն։ Իսկ հասարակությունը նսեմացնում է տան աշխատանք չնախընտրող կանանց՝ վարկաբեկելով ու անուններ կպցնելով։ Կուզեի Հայաստանում տեսնել մի այնպիսի ֆեմինիզմ, որը կանանց ով լինելու հարց կբարձրացներ․ որ կինը՝ լինի տնային տնտեսուհի, գիտնական, թե քաղաքական գործիչ, լիարժեք մարդ է և պետք է ունենա հավասար իրավունքներ ու հնարավորություններ, ինչ տղամարդը։ Կուզեի, որ հասարակությունն էլ առավոտից երեկո լաբորատորիայում չլվող գիտնական կնոջը նույնքան լիարժեք համարեր, որքան մի քանի երեխա ունեցած, տունը մաքուր պահող ու համով ճաշեր եփող կնոջը։

Դանիայում ընտանիք չունեցող գիտնական կամ քաղաքական գործիչ կինը վաղուց արդեն չի քննադատվում «ոչ լիարժեք լինելու» համար։ Այստեղ ամենազզվելի նախարարներից մեկը, որը մի քանի ամիսը մեկ մի խելքից դուրս հակաիմիգրացիոն օրինագիծ է առաջարկում ու աչքի է ընկնում էմպաթիայի ի սպառ բացակայությամբ, չամուսնացած ու երեխա չունեցող կին է։ Նա հաճախ է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ու նրա առաջարկած օրինագծերի անհեթեթությունը բուռն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Նույնիսկ նրա հոգեկան առողջությունն է հարցականի տակ առնվում, բայց երբևէ որևէ մեկը չի կպնում նրա կին լինելու, որևէ մեկի սիրուհի չեն սարքում նրան, ընտանիք չունենալը չեն կապում էմպաթիայի բացակայության հետ։

Դանիայում ֆեմինիզմն այլ անելիքներ ունի։ Ակադեմիայում գենդերային հավասարության խնդիրը լուծելու համար առաջարկվում է դպրոցականների շրջանում գովազդել գիտությունը։ Բայց դա խնդիրը չի լուծում, որովհետև PhD ուսանողների շրջանում կանանց մեծամասնությունը ցույց է տալիս, որ կանանց գիտությամբ հետաքրքրելու խնդիր չկա։ Ֆեմինիստները նաև առաջարկում են ավելի թափանցիկ մրցույթներ անցկացնել, ինչն էլի խնդիրը լիովին չի լուծի․ պոստդոկի ժամանակ երեխա ունեցած կանանց «օբյեկտիվ» ցուցանիշները նորից կզիջեն տղամարդկանցը։

Ես առաջարկում էի ուղղակի երկարացնել պոստդոկի պայմանագիրը ֆիզիոլոգիական արձակուրդին համապատասխան ամիսներով, ինչը հնարավորություն կտա կնոջը նույն կարգի աշխատանք կատարել, ինչ տղամարդը։ Ինձ հակադարձեցին, որ ոչ մի ակադեմիական կառույցի ֆինանսապես ձեռք չի տա այդ տարբերակը։ Բայց ինչու՞ պետք է կառույցի ֆինանսական վիճակն ավելի կարևոր լինի, քան ակադեմիայում երկու սեռերի ներկայացվածությունը։ Ինձ եթե թողնեին, ընդհանրապես կվերացնեի բիբլիոմետրիկ չափանիշներն ու մրցութային ընդունելությունը։ Էս բոլորն ակադեմիան դարձնում են առևտրային կառույց, ու գիտնականը դիտարկվում է որպես եկամտի աղբյուր․ ինչքա՞ն կկարողանա տպագրվել, լավ ամսագրերում կտպագրվի՞, կկարողանա՞ գրանտներ բերել։ Ու մոռացվում են ավելի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ ինչո՞վ կարող է տվյալ գիտնականն օգնել, որ գիտական խումբն աճի։ Իսկ գիտական խումբն ինչո՞վ կարող է օգնել գիտնականին։

Ու մինչ շարունակվում են բանավեճերն ու հետազոտությունները, թե ինչու կանայք դանիական ակադեմիայում բավարար չափով ներկայացված չեն, պոստդոկի հերթական դիմումն եմ գրում՝ սիվիս հնարավորինս փայլփլուն սարքելով ու մտածելով, որ մի օր ակադեմիական այս կատաղի մրցակցությունը կվերանա, իսկ Հայաստանում գիտնական կնոջ մասին չեն ասի՝ խելքը տվել ա գիտությանը։

Ֆեմինիստական ուտոպիան Գիլմանի «Հերլանդում»

«Այդ «կանացի հմայքը», որով այդքան հիացած ենք, ընդհանրապես կանացի չէ, այլ պարզապես արականի արտացոլանք է»,- եզրակացնում է գրքի հերոսներից մեկը՝ նկատելով, որ Հերլանդի կանայք չեն փայլում կանացիությամբ, զարդեր չեն կրում, չեն սեթևեթում և, ինչպես հետո ենք իմանում, անգամ սեքս անել չեն ուզում:

Շառլոթ Փերքինս Գիլմանը «Հերլանդ» վեպում երեք ճամփորդ տղամարդ մոլորվում են, հայտնվում մի հասարակությունում, որի բոլոր անդամները կանայք են: Նախապես լսած լինելով նման հասարակության գոյության մասին՝ նրանք թերահավատորեն են վերաբերվում դրան ու պատկերացնում հիստերիկների ու նախանձների մի կույտ: Սակայն, հանդիպելով երկրի բնակիչներին, սովորելով նրանց լեզուն, ծանոթանալով միջավայրին և պատմությանը, պարզում են, որ նրանք իրենց քաղաքակրթությամբ ոչ միայն ավելի առաջ են, այլ էնպիսի «կանացի» բնավորության գծեր, ինչպիսին է դյուրագրգռությունը, ի սպառ վերացած է:

Հերլանդում երկու հազար տարի է, ինչ տղամարդ չի եղել: Կանայք բազմանում են կուսածնությամբ: Հասարակության գլխավոր գաղափարը մայրությունն է, ամեն ինչ կենտրոնացած է դրա շուրջ, սակայն յուրաքանչյուրը մեկ երեխայից շատ չպետք է ունենա, որպեսզի տարածքի բնական ռեսուրսները հերիքեն: Բոլորն էստեղ աշխատում են, կատարում նաև «տղամարդու» գործեր: Նրանք տղամարդկանց պաշտպանության կարիքը չունեն, որովհետև չկան տղամարդիկ, որոնցից պետք է պաշտպանվեն:

Հերլանդի կանայք ֆիզիկապես շատ ուժեղ են, խելացի, հանգիստ: Էստեղ կրթությունը շատ կարևոր է. երեխային ծնված օրվանից կրթում են, բայց ամենազարմանալին այն է, որ դա չի արվում ֆորմալ կրթությամբ: Փոքրիկ աղջիկներն ուսման ողջ պրոցեսից հաճույք են ստանում, որովհետև չկա պարտադրանք:

Գրքում առնականության ու կանացիության լիքը հետաքրքիր հարցեր են բարձրացվում, որոնց մասին երբեք չես մտածել, մտքովդ չի անցել, որ մեր կյանքում առկա այս կամ այն բանը տղամարդկանց թելադրանքի հետևանքն է: Ու էս ամենը վեր հանելուն օգնում են Հերլանդի միամիտ բնակիչները, որոնք արու հերոսներին մեր աշխարհի մասին բազմաթիվ հարցեր են տալիս:

Երբ նոր սկսեցի գիրքը կարդալ, մտածեցի՝ Հերլանդն էս ի՜նչ լավ տեղ է: Կուզեի էնտեղ ապրել: Ստիպված չես զուգվել-զարդարվել, սիրուն շորեր հագնել, որովհետև «կնոջն այդպես է վայել», ֆիզիկապես ուժեղ լինելը բոլորովին զարմանալի չէ, խելքն էլ տղամարդու հատկանիշ չի համարվում: Էլ չեմ ասում կրթական համակարգի մասին. իմ սիրտն արդեն խառնում է ֆորմալ կրթությունից:

Բայց հետո համը սկսեց դուրս գալ: Մի տեսակ չափից դուրս կատարյալ էր ներկայացված ամեն ինչ, իսկ մայրությունը կյանքի գերնպատակ սարքելով համը հանում էր: Մի տեսակ տափակ, անհետաքրքիր էին կերպարները (ի դեպ, ոչ միայն կանայք, այլև երեք տղամարդ հերոսները), մի տեսակ ոչինչ չէր կատարվում այնտեղ: Ու էդպես ոչինչ չկատարվելով էլ ավարտվեց պատմությունը՝ ընթերցողին թողնելով «հետո ինչ եղավը»: