Թե ինչպես է Ֆեյսբուքը կյանքը բարդացնում

Ողջույններ անդրշիրիմյան անֆեյսբուք կյանքից: Արդեն յոթ շաբաթ է, ինչ Ֆեյսբուքում չկամ: Մեկումեջ պատմում եմ իմ անֆեյսբուք կյանքից, հետևեք համապատասխան թեգին:

Դուք՝ Ֆեյսբուքում գտնվողներդ, չեք պատկերացնում, թե ինչքան է այդ անտեր սոցիալական կյանքը ներխուժել ձեր վիրտուալ կյանք: Սարսափելին այն է, որ ամեն ինչ հիմա էնպես է կառուցված, որ եթե Ֆեյսբուքի հաշիվ չունես, կյանքն ահագին դժվարանում է: Ի դեպ, խոսքը բնավ հենց էնտեղի ինֆորմացիայի մասին չէ, այլ ուրիշ կայքերի, որոնցից օգտվելու համար Ֆեյսբուքը մեծահոգաբար իր ծառայություններն է առաջարկում:

Սկզբում գուդրիդսն էր: Էնտեղ գրանցվել էի Ֆեյսբուքի հաշվով: Բարեբախտաբար, ընթացքում մեյլիս էլ էի կապել: Էնպես որ, ջնջվելուց հետո մենակ լոգին լինելը դժվարացավ. պիտի ամեն անգամ անուն-փաս հավաքեի, ոչ թե ավտոմատ լոգին լիներ:

Հետո եկան զանազան լրատվական կայքեր, որտեղ մեկնաբանելու համար պարտադիր պիտի Ֆեյսբուքի հաշիվ ունենաս: Դե ես էլ՝ լեզուս երկար, ասելիքս շատ: Ուզում եմ մի բան գրեմ, նեղվում եմ, որ ասում է՝ չես կարող, պիտի լոգին լինես Ֆեյսբուքում:

Էս ամենը դեռ ոչինչ, մի կերպ կմարսվի: Ամենադաժանը սփոթիֆայի պատմությունն էր:

Ով չգիտի, ասեմ, որ սփոթիֆայը մի էդպիսի ծրագիր է, որով անվճար երգեր ես լսում: Համարյա ամեն ինչ կա: Ճիշտ է՝ Հայաստանում դա չի աշխատում, բայց դե քանի Եվրոպաներում եմ, հավեսով լսում էի: Համ էլ եթե ռադիոն էի միացնում, շատ լավ հարմարացնում էր ճաշակիս, վատ երգ համարյա չէր լինում:

Դե քանի որ Սփոթիֆայ էլ էի Ֆեյսբուքիս հաշիվով մտնում, ջնջվելուց հետո խնդրի առաջ կանգնեցի: Ուրեմն չալարեցի, մտա Սփոթիֆայի պաշտոնական էջ, որ նոր հաշիվ բացեմ: Ու բացեցի. մեկ այլ մեյլի հասցեով գրանցվեցի ու շարունակեցի երգերս լսել: Բայց…

Մեկ էլ նկատում եմ՝ աջ  անկյունում ինչ-որ մարդկանց անուններ է բերում ու առաջարկում հետևել նրանց երաժշտական ընթացքին: Չէ՛, նրանք ինչ-որ մարդիկ չէին, նրանց բոլորին էլ շատ լավ ճանաչում էի. իմ ընկերներն էին: Կոմպից չհասկացող կարճ խելքովս մտածում եմ՝ երևի Սփոթիֆայը ջոկել է, որ նույն մարդն եմ, շատ էլ որ տարբեր մեյլերով եմ: Ինչքան էլ չլինի, նույն կոմպից եմ մտնում, նույն անուն-ազգանունով եմ: Բայց պարզվում է՝ ամեն ինչ շատ ավելի հեռու է գնում:

Ուրեմն մոտ մի տարի առաջ, երբ Ֆեյսբուքից արդեն զզվել էի ու այլընտրանք էի փնտրում, մի նոր հաշիվ բացեցի այն նույն մեյլով, որով Սփոթիֆայում գրանցվել եմ: Հետո ձանձրացա, էդ հաշիվն ապաակտիվացրեցի:  Իսկ էս անտեր Սփոթիֆայը բռնել, նորից ակտիվացրել էր: Կամ էլ ուղղակի ես էի մոռացել, իրականում էդպես թողել էի, ոչ էլ ապաակտիվացրել էի:

Մեկ էլ ահազանգ է գալիս, թե՝ դու հաստա՞տ Ֆեյսբուք չես մտնում: Ասում եմ՝ հաստատ: Հարցնում են՝ բա էս երգերն ո՞վ է լսում: Դու մի ասա, Սփոթիֆայը ոչ միայն հաշիվս ակտիվացրել է, այլև իրենից դուրս պոստեր է անում պատիս: Ջղայնացա: Մտա Սփոթիֆայի կարգավորումներ, էլ չթողեցի իմ անունից պոստել:

Էս վերջերս ընկերներիցս շատերն են շփոթվում, Ֆեյսբուքի էդ չեղած հաշվիս նամակ գրում, ընկերության առաջարկ ուղարկում ու նեղանում, երբ չեմ պատասխանում: Ջղայնացա, նորից մտա ապաակտիվացնելու: Ու արեցի: Հետո փորձեցի Սփոթիֆայ մտնել: Ավտոմատ լոգաութ էր եղել: Մեյլի հասցես հավաքելով լոգին եղա: Մեկ էլ մեյլ եմ ստանում. Ֆեյսբուքի հաշիվս ավտոմատ ակտիվացել էր:

Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ եմ անելու: Հանուն Սփոթիֆայի պահելու՞ եմ էդ հաշիվս: Չգիտեմ՝ հաշվիս հետ ինչ կանեմ, բայց սփոթիֆայից դուրս եկա այլևս էնտեղ չմտնելու նպատակով: Ինչ արած, ստիպված երգերն ապօրինի կքաշեմ կամ էլ youtube-ով կլսեմ:

Ֆեյսբուքը որպես ժամանակակեր

Ասում են՝ էսօր Երևանում ընտրություններ են, բայց էնքան կտրված եմ էդ ամենից, որ համարձակվում եմ էս «ազիզ օրով» բլոգումս լրիվ ուրիշ թեմայով գրել: Անկեղծ ասած, ուրախ եմ, որ արդեն կարողանում եմ հայկական անցուդարձից ինձ հեռու պահել, բայց դա լրիվ ուրիշ թեմա է, և այդ մասին կխոսվի մեկ այլ գրառմամբ:

Էսօր ինձ համար կարևոր օր է. լրանում է Ֆեյսբուքում չլինելուս երկու շաբաթը, այսինքն՝ այսօր վերջնականապես ջնջվում է հաշիվս, անվերադարձ վերանում եմ էնտեղից: Ավելի ճիշտ, գոնե ինձ այդպես ասաց Ֆեյսբուքը, երբ սեղմեցի ջնջելու կոճակը: Գուցե խաբել է, չգիտեմ: Բայց չեմ պատրաստվում ստուգել: Ուղղակի տոնի առթիվ կանդրադառնամ մեկ այլ թեմայի, այն է՝ Ֆեյսբուքի՝ ահռելի քանակությամբ ժամանակ խլելու մասին:

Երբևէ մտածե՞լ եք՝ Ֆեյսբուք չմտնեի, էս կանեի, էն կանեի, էս կհասցնեի, էն կհասցնեի, վայ էս Ֆեյսբուքն ինչքան ժամանակ է խլում, բայց կախվածություն ունեմ, մի օր պրծնեմ դրանից, և այլն, և այլն: Եթե այո ու եթե դեռ Ֆեյսբուքում եք, ապա շտապեմ ասել, որ չարժե իզուր ծրագրեր մշակել, երազել անելիք նորանոր բաների մասին, որովհետև Ֆեյսբուքից դուրս գալը բնավ չի նպաստում լրացուցիչ կարևոր և հետաքրքիր գործերով զբաղվելուն. օրը շարունակում է քսանչորս ժամ ունենալ: Իրականում ընդամենը օգնում է անել այն, ինչ պիտի անեիք, ուղղակի Ֆեյսբուքի պատճառով ավելի դանդաղ էիք աշխատում (ու գուցե ավելի վատ):

Հիմա բացատրեմ, թե ինչպես է դա ստացվում: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց Ֆեյսբուքն ինձ երբեք չի կտրել արտակոմպային գործերից, այսինքն՝ երբեք մարդկանց հետ հանդիպումս կիսատ չեմ թողել Ֆեյսբուք մտնելու համար կամ անքուն չեմ նստել հանուն Ֆեյսբուքի: Տեսեք, թե օրս ինչ կառուցվածք ունի. ութ ժամ քնում եմ, երկու ժամ գնում է սպորտի վրա, մեկ ժամ՝ ընթրիքի (խոհարարությունն էլ հաշված), երեկոյան չորս ժամ ծախսում եմ մտերիմներիս հետ շփվելու ու լիցքաթափվելու վրա (լինի դա հանդիպելով, թե օնլայն), առավոտյան մի ժամ անցնում է, մինչև արթնանում, պատրաստվում, դուրս եմ գալիս ու հասնում գրադարան: Տակը մնա՞ց ութ ժամ: Ութից ևս երկուսը հանենք սուրճի և ճաշի ընդմիջման, ուշադրության շեղման համար, կմնա ընդամենը վեց լավ ժամ, երբ աշխատում եմ: Էդ ընթացքում հազիվ եմ հասցնում թեզիս հետ կապված գործերս: Ֆեյսբուքը կարող էր միայն մուտք գործել երեկոյան չորս ժամերի մեջ, այն էլ շատ բան չէր փոխի, մեկ էլ աշխատանքայինների մեջ, այն էլ մեծ հաճույքով բլոկ էի անում, չէր խանգարում:

Իսկ ես ասում էի՝ Ֆեյսբուքը թարգեմ, հոլանդերե՜նս կլավացնեմ, դեռ գուցե ֆիններենն ու գերմաներե՜նն էլ հասցնեմ, մի քիչ շա՜տ կարդամ, կուրսերայի դասե՜րն անեմ: Չէ՛: Լավ, ասենք, կուրսերայի դասերս էլ եմ խցկում էդ վեց ժամվա մեջ ու մի կերպ հասցնում եմ (բայց մեկ այլ կուրսից, միևնույն է, հրաժարվեցի, որովհետև ժամանակս չէր հերիքում): Բայց մնացածը՝ հը-ը: Օրը միայն քսանչորս ժամ ունի, ու դրանից փախչել չի լինի՝ անկախ նրանից Ֆեյսբուքում կամ, թե ոչ:

Հ.Գ. Քոմենթներից և անձնական չաթերից հասկանում եմ, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ֆեյսբուքը թողնելուս գլխավոր պատճառը ժամանակն է (հատկապես այս պահին, երբ թեզս եմ գրում): Չհասկացվածությունից խուսափելու համար տեղադրում եմ այս հղումը, որտեղ քննարկում եմ Ֆեյսբուքից ջնջվելուս իրական պատճառները: Իսկ ժամանակի համար կա StayFocusd կոչվածը, ինչի շնորհիվ աշխատանքային ժամերին բլոկ եմ անում ուշադրությունս շեղող կայքերը: Օգնում է:

Ֆեյսբուքի ստեղծած պատրանքը

Առիթը բաց չեմ թողնում իմ շրջապատում հայտարարելու, որ Ֆեյսբուքում չկամ: Զարմացած հայացքների ներքո երբեմն կարճ պատասխան եմ տալիս, երբեմն էլ բանավեճի մեջ մտնում ու մանրամասն բացատրում, թե ինչպես է Ֆեյսբուքում գտնվելը սահմանափակում մարդու ազատությունը: Հաճախ նաև հարցնում են՝ ո՞նց ես դիմանում, սկսում թվարկել Ֆեյսբուքի առավելությունները, պնդում, թե ինչքան բան եմ կորցնում այնտեղ չլինելով: Իսկ իմ հակափաստարկն է, որ այդ բոլոր առավելությունները թերություն են, որ կորցնելու ոչինչ չունեմ, այլ փոխարենը միայն շահում եմ:

Ֆեյսբուքից ջնջվելուց դեռ շատ առաջ ամենայն մանրամասնությամբ քննել էի այն պատճառները, թե ինչու այնտեղ կամ, ինչ կլինի, եթե չլինեմ, ինչից կզրկվեմ ու ինչպես կյանքս ավելի կդժվարանա: Այս բոլոր հարցերին պատասխաններ տալուց ու նույն ճանապարհով գնացած մի երկու հոգու հետ շփվելուց հետո հասկացա, որ ամեն դեպքում Ֆեյսբուքից դուրս կյանքը շատ ավելի հրաշալի է ու պետք է ձգտել դրան: Ավելին՝ պարզեցի նաև, որ այնտեղ գտնվելու պատճառներից շատերն իրականում պատրանքներ են, խելացի ձևով մտածված խաբելու միջոցներ, որպեսզի մարդկանց կանչեն էնտեղ: Էստեղ կքննարկեմ այդ պատրանքներից մի քանիսը:

Ֆեյսբուքը կապի միջոց է

Երբ նոր-նոր առաջին քայլերս էի անում Ֆեյսբուքում, ինձ համար անսպասելիորեն նկատեցի, որ Պրահայի դպրոցի համադասարանցիներս էլ այնտեղ կան: Հերթով բոլորին ընկերության առաջարկ ուղարկեցի, պրոֆիլներն ուսումնասիրեցի, որ տեսնեմ՝ ով ուր է հասել, մի քանիսի հետ էլ մի երկու նամակով փոխանակվեցի: Ընկերներիս մեջ կային նաև զանազան համակուրսեցիներ, տարբեր մարդիկ, որոնց հետ ծանոթացել եմ իմ կյանքի տարբեր հատվածներում, ազգականներ, նաև լրիվ անծանոթներ: Թվում է՝ Ֆեյսբուքում չլինելով անմիջապես կապը կորցնում ես նրանց հետ, ու դա քեզ հետ է պահում նման քայլի գնալուց: Բայց ես ինքս ինձ հարց տվեցի. իսկապե՞ս այդպես է:

Վերցնենք Պրահայի համադասարանցիներիս: Ինչի՞ս են պետք նրանք: Երկու հոգուց բացի մնացածներին վերջին տասնվեց տարիների ընթացքում չեմ էլ տեսել: Իսկ ում էլ տեսել եմ, մեկ է, դրանից հետո էլ առանձնապես կապ չեմ պահել: Հետո ի՞նչ, որ Ֆեյսբուքի ընկերներիս մեջ կան: Հիմա ամեն մեկն իր ճամփով է գնացել: Նույնն էլ կարելի է ասել զանազան համակուրսեցիների մասին:

Այնուամենայնիվ, կա, չէ՞, այնպիսի մարդիկ, որոնց հետ ուզում եմ հաղորդակցվել: Փառք Աստծո, այսօր կապի այնքան բազմազան միջոցներ կան, որ կարելի է շփվել Ֆեյսբուքից դուրս (օրինակ՝ Սկայփով, մեյլով, բլոգային տարածքներում, ակումբում, սփյուռքում): Վերջիվերջո, եթե ինչ-որ մեկին գտնելու կարիք ունեմ, հաստատ գետնի տակից էլ կհանեմ նրան: Նույնն էլ հակառակը. եթե ինչ-որ մեկն իսկապես ուզում է հետս կապ պահել, ինչ-որ կերպ միջոց կգտնի: Ի դեպ, հենց երեկ մեկի հետ բանավիճում էի այս թեմայով: Ասաց, որ եթե ուզենամ իր հետ կապվել, չեմ կարողանա, որովհետև մեյլի հասցեն չունեմ: Թվարկեցի լիքը մարդկանց անուններ, որոնց կարող էի դիմել նրա մեյլի հասցեն իմանալու խնդրանքով, դեռ մի բան էլ եկա տուն ու պարզեցի, որ իրականում ունեի նրա հասցեն:

Ինձ թվում է՝ Ֆեյսբուքում մենք ծանրաբեռնում ենք մեր սոցիալական միջավայրը լիքը ավելորդ մարդկանցով: Ու հենց նրանցից կախվածություն ենք ձեռք բերում: Հավատում ենք, որ նրանց ստատուսը կամ նկարը տեսնելը կարևոր է մեզ համար, մինչդեռ իրականում դա ոչինչ չի փոխում մեր կյանքում:

Ֆեյսբուքի շնորհիվ քեզ հետաքրքրող իրադարձությունները բաց չես թողնում

Մի հատ փորձեք հիշել. վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքում հայտարարված քանի՞ իրադարձության եք գնացել: Ես մի քանիսին, այն էլ դրանց մասին Ֆեյսբուքից չէ, որ իմացել եմ: Ինձ հետաքրքրող կազմակերպությունների միջոցառումների մասին տեղեկացումներ ստանում եմ մեյլով, իսկ եթե նեղ շրջանակի ընկերական հանդիպում է, ապա սովորաբար մի հատ էլ զանգում են: Ավելին՝ էստեղ քանի որ համակուրսեցիներս գիտեն, որ Ֆեյսբուքում չկամ, քանի որ մեր համալսարանում պոստդոկ անող Սիլվիան էլ չկա, սուրճ-գարեջրի գնալիս մեյլով ենք իրար տեղեկացնում:

Կարծում էի, որ Ֆեյսբուքում չլինելով իրադարձություններ բաց կթողնեմ: Իրականում բաց եմ թողնում այն իրադարձությունների մասին տեղեկացումները, որոնց էսպես թե էնպես ներկա չէի գտնվելու: Իսկ դա օգնում է, որ ուղեղս չծանրաբեռնվի ավելորդ ինֆորմացիայով:

Ֆեյսբուքում լիքը նկար ունես

Ասե՞մ, թե վերջերս ոնց է սիրտս սկսել խառնել նկարներից, հատկապես երբ ինձնից են ուզում: Հա, բան չունեմ ասելու. ես սիրում եմ աջ ու ձախ բոլորին ու ամեն ինչ նկարել, բայց դրանք Ֆեյսբուքում տեղադրելն արդեն դարձել էր գործողություն հակառակ իմ կամքի, մի բան, որ անում էի ուրիշների խնդրանքներին տեղի տալով կամ երբեմն էլ դրանք կանխարգելելով: Ավելի հաճախ դրանք լցնում էի պիկասա կամ դրոփբոքս, ու ում պետք էր, տեղն ասում էի:

Ֆեյսբուքի շնորհիվ վերջին նորություններն ես իմանում

… բայց դա քեզ պե՞տք ա: Իմ սիրտն արդեն խառնում էր ամեն առավոտ պատիս հայկական անցուդարձը, իրար կպնոցին ու քրֆոցին կարդալը: Ընկերներիցս մի քանիսին հայդ արեցի, մի քանիսին ջնջեցի: Բայց հայտնվում էին նորերը: Աննկարագրելիորեն զզվել էի ինֆորմացիայի այդպիսի մեծ քանակից: Իսկ հիմա խախանդ ապրում եմ՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության: Եթե շատ ուզենամ որևէ բան կարդալ, թվիթերը կա ու կա, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցների տեղը գիտեմ:

Ֆեյսբուքի շնորհիվ բլոգդ ավելի շատ մարդ է ընթերցում

Հաստատ: Դրա համար դեսուդեն էի վազում, գրառումներս փակի տակ դնում, նորանոր բլոգներ բացում ու մարդկանց տեղը չէի ասում, որովհետև մեծն Ֆեյսբուքն ում ասես չէր ուղարկում ինձ մոտ: Ու հա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում բլոգիս այցելությունները մի այլ կարգի անկում են ապրել, բայց ես դրանից միայն ուրախանում եմ, որովհետև հիմա արդեն անգիր գիտեմ ով է այստեղ լինում, ու դա հնարավորություն է տալիս, որ ավելի ազատ լինեմ ու ավելի անմիջական շփման գնամ ընթերցողի հետ, ոչ թե ամբողջ էջս գաղտնաբառերով զարդարեմ:

Որպես ամփոփում պիտի ասեմ, որ իրականում կյանքը շատ էլ հեշտ ու հնարավոր է առանց Ֆեյսբուքի: Պարզապես այն այնպես է կառուցված, որ պատրանք ստեղծվի, թե առանց դրա անհնար է ապրելը կամ լիքը բան բաց կթողնես: Իհարկե, Ֆեյսբուքն իր դրական կողմերն ունի. հետազոտությանս մասնակիցներից երկուսին էնտեղով գտա, բայց նույնիսկ այդ դեպքում եթե Ֆեյսբուքը չլիներ, ուղղակի ստիպված կլինեի մի քիչ շատ ջանք թափել, ինչն ամեն դեպքում անհնար չէ:

Մեկ այլ գրառմամբ էլ ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչպիսին է կյանքը Ֆեյսբուքից դուրս: