«Փաստեր Ֆինլանդիայի մասին»․ Էռլենդ Լո

Հունվարին երբ մտա Բերգենի իմ սիրելի գրախանութն ու ուզեցի նորվեգերեն գիրք գնել, վաճառողն Էռլենդ Լոյի «Նաիվ։ Սուպերն» առաջարկեց։ Ռիսկ չարեցի․ նորվեգերեն էդքան կձգե՞մ որ, անգլերեն թարգմանությունը գնեցի։ Գիրքն ահագին դուրս եկավ։ Իսկ կորոնայի օրերին էնքան շատ էի նորվեգերենի մեջ, որ երբ հաջորդ անգամ հայտնվեցի Բերգենում, առանց երկար-բարակ մտածելու նույն գրախանութից ձեռք բերեցի Լոյի՝ արդեն նորվեգերեն «Փաստեր Ֆինլանդիայի մասին» գիրքը։ Հետո, երբ պիտի սկսեի տարբեր մարդկանց խորհուրդ տալ գիրքը կարդալ, պիտի հայտնաբերեի, որ այն երբևէ անգլերեն չի թարգմանվել։

Ժամանակակից նորվեգերեն կարդալն էնքան էլ հեշտ գործ չէր։ Ուղղագրությունը մտքիդ մեջ վերածում ես դանիերենի, որ հասկանաս, որոշ բառեր անծանոթ են, պիտի բառարանում նայես, չգիտես անգամ կարդացածդ ոնց է արտասանվում (երբեմն Մորթենի համար բարձրաձայն կարդում էի դանիերեն հնչողությամբ)։ Բայց արժեր հանուն էսպիսի հրաշալի գրքի մի քիչ տառապել նորվեգերենի ձեռքը։

«Փաստեր Ֆինլանդիայի մասին» գրքի հերոսը Նորվեգիայում Ֆինլանդիայի դեսպանատան պատվերով Ֆինլանդիան նորվեգացի զբոսաշրջիկների համար գովազդող բրոշյուր պետք է պատրաստի։ Եթե երբևէ Սկանդինավիայում ապրել եք, կիմանաք, որ էս փաստն ինքնին ծիծաղելի է․ Սկանդինավիայի բնակիչների համար Ֆինլանդիան վերջին պետությունն է, որտեղ մտքներով կանցնի հանգստանալ։ Այն հայտնի է իր տափակ մակերեսով ու միապաղաղ անտառներով ու լճերով։

Ամբողջ գիրքը կառուցված է հենց էդ բրոշյուրը ստեղծելու շուրջ։ Գրքի հերոսը հերթով փորձում է տարբեր փաստեր հիշել Ֆինլանդիայի մասին, որոնք արժե ներառել։ Հիշում է նրանց սերն ալկոհոլի նկատմամբ, հիշում է, որ էնտեղ լիքը ջուր կա (ինքը հիդրոֆոբ է, ջրի հետ կապված ամեն ինչից սարսափում է), հիշում է Նոկիան, ֆիննական դիզայնը և այլն, և այլն։ Ու էս ամեն ինչն էն սկանդինավյան հատուկ հումորով է պատմում, որով սկանդինավցիները սիրում են խոսել իրենց հարևանների մասին։ Կարդալու ողջ ընթացքում հռհռոցս դրել էի։

Ու էս ամենի հետ մեկտեղ քննարկում է նաև այլ հարցեր։ Գլխավոր հերոսը սկզբում հարցնում է, թե ինչու են մարդիկ տեղից տեղ տեղափոխվում, թե ինչու են իմիգրանտները թողնում իրենց տները, գալիս, լցվում Նորվեգիա։ Իսկ գրքի վերջում քննադատում է ֆիններին, որ իրենցից մի քիչ տարբերվող մարդկանց հանդեպ անհանդուրժող են։ Ծաղրելով Ֆինլանդիան՝ ծաղրում է նաև Նորվեգիան․ Ֆինլանդիայի փոխարեն պատվիրում է Նորվեգիայի նկարներ։ Եթե ֆյորդներ մեջը չլինեն, Նորվեգիան Ֆինլանդիայի տեղ կանցնի։

Քննվում է նաև հերոսի միայնությունը։ Ինքը քննարկում է ընկերուհի ունենա, թե չէ։ Բայց հաճելի կնոջը նորից հանդիպելու համար երկրորդ անգամ մեքենան ապօրինի կայանում է, որ գնա, տուգանային հրապարակից վերցնելու, նորից հանդիպի սպասարկող կնոջը։ Հետո, երբ այդ նույն կնոջ տանը գիշերը կնոջ փոքր եղբորը՝ մտավոր խնդիրներ ունեցող Բիմին է հետևում, զանազան մտքեր են այցելում տան ու միայնության մասին ու թե ինչպես ինքը տուն չունի․ «Բայց ես տուն եմ ուզում, ամեն գնով տուն եմ ուզում, բայց այլևս տուն չունեմ, ոչ մի բան տուն չէ, ու հենց դա է ցավը, դա է բոլորը մեկում, ջուրն այստեղից է գալիս, դա հենց ինքն աղբյուրն է, որ ամեն ինչ տունն է և ոչինչ տունը չէ, որ երբեք հնարավոր չի լինի տուն վերադառնալ, որովհետև տուն գալ նշանակում է սովորել հեռվում ապրել»։

Այս նույն հերոսը, որ գրքի սկզբում իմիգրանտների գալուց նեղվում է, Բիմին փրկում է ֆաշիստների ձեռքից ու փորձում ֆաշիստական մտքերը Բիմի ուղեղից հանել։ Դե Բիմն էլ, որ սկզբում իսլանադական սագաներով էր տարված, հետո սկսում է ֆաշիստական ու Հոլոքոսթը հերքող մտքեր է արտահայտել, հայտարարում, որ մեծ հաճույքով Լենի Ռիֆենշտալի գիրքն է կարդում, որովհետև ուզում է ռեժիսոր դառնալ։

Գիրքն ամբողջությամբ անանուն գլխավոր հերոսն է պատմում, ու մտնում ես նրա աշխարհը։ Ինքն էն տիպիկ «փոքր քաղաքի», «մեծ աշխարհ չտեսած», «քառակուսի մտածող» սկանդինավցիներից է, բայց հեղինակը հերոսին սիրել է տալիս, ընթերցողին ցույց է տալիս նրա հաճախ միամիտ, բարի ու հակասական, բայց նաև կարծրատիպերով առաջնորդվող արժեհամակարգը։ Ու ի վերջո, հերոսը, ինչպես մնացած բոլորս, ընդամենը մի բան է ուզում․ միայնակ չլինել։

«Փաստեր Ֆինլանդիայի մասին» գրքի հերոսը «Նաիվ։ Սուպերի» հերոսին շատ նման է․ նույն միամիտ, նեղմիտ ու բարի աշխարհայացքն է։ Բայց եթե «Նաիվ։ Սուպերում» հումորն ուղղակի էստեղ-էնտեղ էր շպրտվում, ապա «Ֆինլանդիայում» այն ավելի կատարելագործվել ու իմաստավորվել էր, ավելի նպատակաուղղված էր ծաղրելու Ֆինլանդիան, Նորվեգիան ու ընդհանրապես Սկանդինավիան։

Մտածում եմ՝ գիրքը հայերեն թարգմանեմ։ Լավ հեշտ կթարգմանվի։

Քաղաքը նույնն էր, ես էի փոխվել

DSC_2976.JPGՀենց ինքնաթիռից իջա, սկսեցի սրթսրթալ։ Ձյուն էր նստել։ Շտեֆանը գրել էր ինձ, որ այդ օրը տարվա առաջին ձյունն էր գալիս։ Պատասխանել էի, որ ուրախ եմ, երևի այս տարի այլևս ձյուն չտեսնեմ։

Իսկապես ուրախ էի։ Բայց անգամ վերարկուիս ու շարֆիս մեջ փաթաթվելը չօգնեց, որ չմրսեմ։ Մոռացել էի, թե ցուրտն ինչ է։ Յոենսուում առաջվա պես ցուրտ էր։

Հյուրանոցն իմ սիրելի սրճարանի վերևում էր։ Սիրելին ո՞րն է։ Յոենսուում միակ սրճարանն էր, որը վեցից հետո ու կիրակի օրերին բաց էր։ Ընտրությունը մեծ չէր։ Այդ սրճարանում բազմաթիվ երեկոներ եմ անցկացրել՝ փորձելով փախչել միայնությունից, փորձելով թաքնվել, բայց հանդիպելով ծանոթ դեմքերի։ Իսկ հիմա այն ներքևի հարկում է։

Առավոտյան, երբ դուրս եկա, որ գնամ համալսարան, ինչ֊որ ծանրություն իջավ ուսերիս։ Թվաց՝ Յոենսուից երբեք չեմ հեռացել ու թվաց՝ երբեք չեմ հեռանալու։ Իսկ Յոենսուում ամեն ինչ նույնն էր. անգիր գիտեի, թե փողոցների որ եզրերում է ձյունը փխրուն ու վտանգավոր հեծանիվի համար, գիտեի նաև, թե մայթերի որ հատվածներում է մերկասառույցը։ Բոլոր տեղերը նույնն էին։ Քայլում էի հերթով թվարկելով փողոցների անունները, բայց երբ հասա այն փողոցին, որտեղ ապրել եմ, անունը մոռացա։ Ես երբեք իմ փողոցների անունները չեմ մոռանում։ Այդ մեկը չէի հիշում։

Համալսարանի սրճարանի աշխատողը նույնն էր, ճաշարանի աշխատողը նույնն էր, հավաքարարը նույնն էր։ Հավաքարարը եկավ ինձ գրկեց, հարցրեց, թե ոնց եմ։ Ինքը անգլերեն նույնքան գիտի, որքան ես՝ ֆիններեն։ Բայց չգիտեմ ոնց հաղորդակցվում ենք։ Երևի գերագնահատում ենք լեզվի դերը։ Առանց լեզվի էլ է հնարավոր։

Նույնն էին նաև դասախոսությանս սլայդները. քանի որ այս առարկայի մի մասը դասավանդել էի անցյալ տարի, պատրաստվելու համար շատ ջանք չպահանջվեց։ Անգամ ուսանողներից մի քանիսն էին նույնը, ու ստիպված էի ասել, որ նյութն անցյալ տարի լսել են։

Գրադարանում ականջնակալները հագած աշխատում էի։ Նույնն էր նաև մինչև ուշ երեկո աշխատելուս սովորությունը, բայց անցյալ տարի գրասենյակումս էր, վեց տարի առաջ՝ գրադարանի առաջին հարկում, որովհետև լավ կոմպ չունեի։ Զգացողություններն էին նույնը։

Նույնն էին նաև լողավազանն ու սաունան։ Զարմացա, թե որքան փոքր է այն. սովորել եմ Օրհուսի օլիմպիական լողավազանին։ Զարմացա, թե ինչքան շատ են ֆինները սաունայում խոսում։ Դանիայում սաունան լռության տեղ է։

Իմ սիրելի սրճարանն էլ էր նույնը իր մենյուով ու աշխատողով։ Սուպերմարկետները լրիվ նույնն էին, նույնն էր նաև իմ սիրելի ռեստորանն ու ֆասթֆուդների տեղերը։ Ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր փոխվել Յոենսուում։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում հեղափոխություն էր տեղի ունեցել, Օրհուսում մի քանի տուն էի փոխել, նոր աշխատանքի անցել ու լիքը նոր մարդկանց հետ ծանոթացել, Դանիայի քաղաքական դաշտը խառն էր, ամառ էր եկել ու գնացել, բայց Յոենսուում ամեն ինչ նույնն էր՝ ցուրտ, ծածկված ձյան տակ։ Ու միայն ես էի փոխվել։

Ցտեսություն Յոենսու

Ժամը յոթից ոտքի վրա էի։ Մի կողմից անհանգստություն էր, մյուս կողմից էլ անցյալ գիշեր ահագին շուտ էի քնել։ Մի բաժակ սուրճից ու սուտի նախաճաշի հետ մի քիչ աշխատելուց հետո անցա վերջին իրերս ճամպրուկս ճխտելուն։ Այդ կապույտ ճամպրուկն ինձ հետ Բեռլինից Յոենսու էր եկել հինգ տարի առաջ, ու հիմա միասին հեռանում ենք։ Բարձրացրի այն։ Ծանր չէր։ Անթիվ-անհամար տեղափոխություններից հետո այլևս կշեռքի կարիք չունեմ պարզելու համար, թե արդյոք ճամպրուկը գերազանցում է թույլատրելի քաշը։

Հետո եկա համալսարան։ Էստեղ առանձնապես անելիք չունեի, ավելի ճիշտ՝ անելիք աշխատանքի իմաստով։ Մանր-մունր գործեր էին մնացել․ կոմպից ֆայլերս ջնջել, որոշ դիմումներ գրել, բանալիները վերադարձնել, ղեկավարիս հետ վերջապես զրուցել իմ գնալու թեմայով և այլն։

Գրասենյակս օտարացել էր․ ուրբաթ օրը դասավորել էի, իրերս տեղափոխել, ու թեև հիմա կոկիկ է ու սիրուն, ինձ հիշեցնող ոչինչ չունի այստեղ այլևս։ Բանալիներս հատիկ-հատիկ առանձնացրի ու դրեցի տեսանելի մի տեղում, որ գնալիս քարտուղարուհուն հանձնեմ։ Հետո գտա մի ծրար ու էնտեղ տեղադրեցի հեծանիվիս երկրորդ բանալին։ Մարկ յոենսուցին գնել էր հեծանիվս, ու երբ կողպեքը հանձնեցի նրան, կարծում էի՝ երկրորդ բանալին կորցրել եմ։ Բայց երեկ տունը մաքրելիս գտա ու տեղեկացրի նրան, որ գտել եմ։ Ասաց, որ որևէ տեղ դնեմ, որ գտնի։ Էդպես էլ արեցի ու գրեցի նրան․ «Բանալին ծրարի մեջ է, ծրարն ամրացված է նստարանի տակ։ Նստարանը Կարելիա մասնաշենքի մուտքի մոտ է՝ աստիճանների հետևում, հայելու դիմաց»։ Հույս ունեմ՝ կգտնի։

Գրասենյակումս նստած փորձում էի մտաբերել, թե էլ ինչ անելիք է մնացել, երբ եկավ կոլեգաներիցս մեկը, ում անունը մինչև հիմա չգիտեմ։ Ինքն ամեն երեկո գրասենյակիս մոտով անցնելիս կանգնում, բարևում էր ու ասում, որ պետք չէ երեկոյան երկար աշխատել։ Կատակներ էր անում, փորձում անունս արտասանել։ Սպիտակ բեղերով մի պապիկ է, որ մինչև այսօր կարծում էի՝ ռուս է։ Այսօր էլ հարցրեց, թե ոնց եմ։ Ասացի, որ գնում եմ Դանիա։ Հարցրեց՝ ինչքան ժամանակով։ Ասացի՝ ընդմիշտ։ Հարցրեց՝ ինչու՞ եմ գնում, մատնեմատը ցույց տվեց, թե՝ ամուսնանալու՞։ Ասացի՝ աշխատանք եմ ճարել։ Հարցրեց՝ պրոֆեսո՞ր։ Ասացի՝ պոստդոկ։ Շնորհավորեց։ Հարցրեց՝ Կոպենհագե՞ն, թե՞ Օրհուս։ Հարցրեց՝ ե՞րբ եմ գնում։ Ասացի՝ մի քանի ժամից։ Ցնցվեց։ Ձեռքը մեկնեց, որ սեղմեմ։ Աչքերը լցվեցին, ու առաջին անգամ նկատեցի, որ կանաչ են աչքերը։ Հաջողություն մաղթեց։

Հետո եկավ Շտեֆանը։ Ֆոտո արեց։ Ասաց, որ արխիվի համար է։ Ասացի, որ արդեն հավաքվել եմ, սա նման չէ իմ գրասենյակին։ Եկավ ուսանողներիցս Փոլը։ Շաբաթվա ընթրիքին ուսանողներիցս մեկը խնդրել էր կշեռքը վերցնել վերադարձնելու պայմանով։ Ու հիմա Փոլն էր վերադարձնում։ Հարցրեց, թե երբ եմ մեկնում։ Ասացի՝ մի քանի ժամից։ Ինքը վաղն է գնում Խրոնինգեն։

Եկան նաև Մանուն ու Սիմոնին ինձ հաջող ասելու։ Հիմա արդեն չեմ հիշում՝ ինչ խոսեցինք, որովհետև վայրկյաններ անց Շտեֆանը հայտնվեց, ու հրաժեշտը կիսատ մնաց։ Ու երկուսով լանչի գնացինք։ Շտեֆանը հրաշալի ղեկավար էր։ Երևի երբեք էսքան լավ ղեկավար չեմ ունեցել։ Նրան չասացի այդ մասին։ Երևի մեյլ գրեմ, որովհետև Յոենսուում աշխատելու փորձից հասկացել եմ, թե որքան կարևոր են նման բառերը մարդկանց համար, հատկապես ակադեմիայում, որտեղ շնորհակալություններն ու գովասանքներն առատությամբ չեն փայլում։

Իսկ հետո արդեն հետոն էր։ Վերջին մի երկու ժամն էր՝ ահագին էմոցիոնալ ու տանը վերջին անելիքները։ Հիմա օդանավակայանն է ու ուշացող օդանավս։ Հինգ տարի առաջ էլ, երբ հեռանում էի Յոենսուից, գնում էի Կոպենհագեն, բայց այն ժամանակ Կոպենհագենն ընդամենը մի տրանզիտ քաղաք էր Խրոնինգենի ճանապարհին, ու չգիտեի, որ հինգ տարի անց այդ քաղաքն իմ տունն է լինելու։

Մի բաժակի պատմություն

Էսօր Սաթուն ասաց, որ տարիներ առաջ Englannin pikakurssi (անգլերենի կարճ դասընթաց) կոչվող բաժակն անգլերենի ուսանողների երազանքների բաժակն էր, ու իրար ձեռքից ձեռք էին թռցնում։ Սաթուն էս բոլորը պատմեց, որովհետև տեսել էր ֆեյսբուքի գրառումս այդ հանրահայտ բաժակի մասին։

Հինգ տարի առաջ, երբ Յոենսուից հեռանում էի, ուզեցի քաղաքը հիշեցնող որևէ իր գնել ինձ համար։ Մտածեցի՝ բաժակը լավագույն տարբերակը կլինի, որովհետև սովորություն ունեմ, որ ուր գնում եմ, իմ բաժակը հետս տանում եմ։ Բայց անգլիական դրոշով բաժակս ստիպված էի Պոտսդամում թողնել, որովհետև իրերս շատ էին։ Ու ժամանակն էր, որ Յոենսուում Յոենսուն հիշեցնող նորը գնեի։

cup
Հայտնի բաժակը Կոպենհագենի համալսարանի իմ գրասենյակում՝ իմ սովորական ուտելիքների հետ

Էնքա՜ն պարզ եմ հիշում էդ օրը։ Երկար ժամանակ անցկացրի քեյ-սիթի-մարքեթի բաժակների բաժնում։ Հերթով վերցրի, տեղը դրեցի։ Ու մեկ էլ հանկարծ աչքովս ընկավ անգլերենից ֆիններեն թարգմանությամբ լիքը գրություններով բաժակը։ Ըհը, հենց էդ էր որ կար․ կօգնի նաև, որ ֆիններենը չմոռանամ։

cup2
Բաժակը Քեսթրուփի իմ տանը ֆիննական պուլլայի հետ

Այդ օրվանից բաժակն ինձ հետ ճամփորդել է բոլոր տեղերով, որտեղ եղել եմ։ Հետս եկել է Խրոնինգեն մագիստրոսական թեզ գրելու։ Հետո դասավորվել է ճամպրուկիս մեջ ու հասել Լյուբեկ, էնտեղից՝ Բեռլին, հետո՝ Պրահա ու ի վերջո Երևան, որտեղ պիտի ամեն առավոտ արթնանայի, սուրճս խմեի ու տառապեի սկզբում գործազրկությունից, հետո՝ գործից, իսկ վերջում՝ ուշացող վիզայից։

Ֆիննական բաժակս հետս նաև Կոպենհագեն եկավ ու շրջեց իմ բոլոր յոթ բնակարաններով։ Որոշ ժամանակով նաև գրասենյակս էի տարել, ու ուղեկցում էր թեզս գրելու մի հատվածին։ Ինձ հետ նաև Յոենսու եկավ՝ որտեղից գնվել էր։ Բայց Յոենսու բերեցի նաև Մորթենի նվիրած մեկ այլ ֆիննական բաժակ՝ մումիններով։

Չգիտեմ ինչու, ինձ թվում էր՝ Englannin pikakurssi բաժակս ինձ հետ Կոպենհագեն չէր վերադառնալու։ Ու ճիշտ էր թվում, որովհետև մի քանի օր առաջ առանց որևէ մեկի միջամտության սեղանի վրա դրված ժամանակ պոչը պոկվեց-ընկավ։Կարծես նշան լիներ, որ Յոենսուում էլ կմնա, հետս չի ճամփորդի այլևս։ Մոտ օրերս նորից կգնամ քեյ-սիթի-մարքեթ ու նոր բաժակ կգնեմ, որ այս անգամվա Յոենսուն հիշեցնի։

Վերջին 26 օրը Ֆինլանդիայում․ օր 19, վերջին շաբաթվա սկիզբը

Էնքան տարօրինակ է թվում, որ մյուս շաբաթվա կեսից նոր աշխատանքի եմ անցնելու։ Հին աշխատանքը ոչ մի վայրկյանով չի նվազում, ու առաջվա պես երեկոյան նստած օրվա մանր-մունր պոչերն եմ մաքրում։ Մի պահ նույնիսկ վախենում եմ, որ անգամ նոր աշխատանքի հետ հինը չի նվազի, ու կշարունակեմ նույն տեմպերով։ Բայց ուսանողներս մյուս շաբաթվանից նոր կիսամյակ են սկսում Խրոնինգենում, ու հավանաբար նրանցից քչերը Յոենսուի հարցերով կանհանգստանան։

Էսօր ուսանողներս իրենց պրոյեկտներն էին ներկայացնում։ Երեք խմբերից միայն մեկն էր իմ ղեկավարածներից։ Բայց ամեն դեպքում էնքա՜ն հուզիչ էր տեսնելը, թե ուր են հասել էս կես տարվա ընթացքում, ինչքա՜ն մեծ առաջընթաց են ապրել։

Հաճախ ջղայնանում եմ, թե ոնց են իմ վզին էսքան իրարից տարբեր առարկաներ փաթաթել։ Բայց մյուս կողմից էլ հենց էս տարբեր առարկաների շնորհիվ է, որ լիքը բան սովորեցի ու ուսանողներիս հինգ մատիս պես ճանաչեցի։ Էնքան հետաքրքիր է․ այս քսաներեք հոգուն հիմա էնքան լավ գիտեմ, որ եթե հանելուկներ ասեն յուրաքանչյուրի մասին, միանգամից կգուշակեմ, թե խոսքն ում մասին է։

Ու քսաներեքին էլ ահագին շատ եմ սիրում, քսաներեքն էլ ունեն իրենց բազմաթիվ ուժեղ ու թույլ կողմերը։ Իզուր չէր, որ էսպես ուժասպառ էի լինում․ ապրում էի ուսանողներովս, նրանց խնդիրներով, մտահոգություններով ու դժվարություններով։ Մտածում եմ՝ իրոք տխուր կլինի նրանցից բաժանվելը, բայց նաև գիտեմ, որ շատերի հետ համագործակցությունս այս կիսամյակով չի ավարտվի։

Շաբաթ օրը տանս  հրաժեշտի ընթրիք է լինելու։ Հրաժեշտ ուսանողներիս, Յոենսուին ու կյանքիս այս հատվածին ու ձմռանը։ Վերջին հրաժեշտս չորս տարի առաջ Հայաստանում է եղել, ու հիմա անսովոր է, որ նորից նույն բանը պիտի անեմ։ Բայց իմ կյանքը միշտ լիքն է եղել հրաժեշտներով ու վերադարձի թաքուն հույսերով։ Դրա համար գիտեմ, որ չնայած Յոենսուից հեռանում եմ, էլի մի օր կգամ այստեղ։ Ոչ ապրելու, գուցե որպես հյուր կամ գործերով։ Բայց Յոենսուն օտարացած կլինի, որովհետև այստեղ այլևս չեն լինի այն մարդիկ, որոնցով լցվում էր օրս։

Վերջին 26 օրը Ֆինլանդիայում. օր 10, կարաոկե

Քսանութ օրը դարձավ քսանվեց, որովհետև տոմսս փոխեցի ու որոշեցի հեռանալ հնարավոր ամենաշուտ օրը` փետրվարի 26-ին։

Իսկ այս շաբաթ-կիրակի Մորթենն այստեղ էր։ Քաղաքում թափառելուց, սաունայից ու ընթրիքից հետո որոշեցինք կարաոկե գնալ։ Հետաքրքիր է՝ կարաոկեների հետ կապված միշտ լիքը մազալու հիշողություններ ունեմ, ու կարաոկե գնալու իմ նպատակը ոչ թե որևէ տեսակի տաղանդ ցուցադրելն է, որն էսպես թե էնպես չունեմ, այլ մի կուշտ ջրիկանալը։

Երբ սկանդինավյան պետությունները միացնում են իրար ու բոլորի մասին ընդհանրացումներ անում, ահագին զարմանում եմ, որովհետև դրանք իրականում տարբեր են։ Ու հենց կարաոկեների տարածվածությունն այդ տարբերակիչ հատկանիշներից են։ Կոպենհագենում ընդամենը մի կարաոկե բար կա, այն էլ էնպիսի մի տեղ է, որտեղ երկրորդ անգամ չես ուզում ոտք դնել։ Աթոռներն ու սեղանները հնամաշ են ու հետսովետական շունչ են հաղորդում սրահին, պատվիրվող երգերը հիմնականում էնպիսիք են, որ նույնիսկ ամենախմած ժամանակ չէիր ուզենա լսել կամ կատարել։

Կոպենհագենի միակ կարաոկե բարը միայն մի անգամ եմ գնացել ընկերներիս՝ Մառլենի ու Անդրեասի հետ, իսկ ավելի ուշ նաև Մորթենը մեզ միացավ։ Այդ օրը շատ լավ եմ հիշում, որովհետև առաջին անգամն էր, որ Մորթենին ընկերներիս հետ էի ծանոթացնում, ու չգիտեի՝ ոնց ներկայացնել ու ոնց պահել։ Այդ օրվանից ես ու Մորթենն իրարից ահագին տարբերվող հիշողություններ ունենք։ Ես հիշում եմ, որ մենք միասին երգել ենք, Մորթենն ասում է՝ էդպիսի բան չի եղել։

Ֆինլանդիայում, ի տարբերություն Դանիայի, ընդհանրապես կարաոկեները բավական տարածված են ու մոդայիկ։ Հելսինկիում երկու անգամ եղել եմ երկու իրարից խիստ տարբերվող խմբերի հետ, երգել իրարից խիստ տարբեր երգեր, բայց երկու դեպքն էլ իմ հիշողության մեջ հավերժ կմնան իրենց անքուն գիշերներով ու շատ ուժեղ հույզերով։

Իսկ երեկ ուզեցի Ֆինլանդիայում մի վերջին անգամ կարաոկե գնալ։ Իմ տան մոտ մեկը կա, որի մոտով անցնելիս միշտ մտածում էի՝ մի օր գնամ էնտեղ։ Ու քանի որ Մորթենը քաղաքում էր, քաղաքում էր վերջին անգամ, որոշեցի էս անգամ առիթը բաց չթողնել։ Մեզ միացան նաև ուսանողներիցս մեկն իր կնոջ հետ, ու մենք չորսով անգլերեն երգերով ներխուժեցինք մի ֆիննական կարաոկե, որտեղ բոլոր երգերը ֆիններեն էին մինչև մեր հայտնվելը։

Երբ ես ու ուսանող Ալանիս Մորիսեթի You Oughta Know-ն սկսեցինք երգել, բարում անսովոր աշխուժություն սկսվեց։ Մի քանի հոգի հայտնվեցին բեմի դիմաց ու սկսեցին պարել։ Իսկ հետո բարում նորից նույն տխուր մթնոլորտն էր ու ֆիններեն երգերը, որոնք երբեմն-երբեմն ընդհատվում էին մեր անգլերեններով։

Բարի էդ տխուր մթնոլորտն էնքա՜ն ուժեղ էր զգացվում։ Ոնց որ օդի մեջ կախված չխոսացված, չհաղորդակցված տխրություն լիներ, ու բոլորը եկել էին լսելու ուրիշների անտաղանդ կատարումները։ Ամբողջ բարում չորսիցս բացի մեկ էլ մի երեք հոգի էին երգում։

Այս կարաոկեն էլ երբեք չեմ գնա, նույնիսկ եթե տեսականորեն Յոենսուում նորից հայտնվեմ։

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 9, Կապույտ երազ

Յոենսուի լավ կողմերից մեկն այն է, որ քանի որ քաղաքում ոչինչ չի կատարվում, ամեն հետաքրքիր բան իրականացնելը քեզ վրա է։ Կարող ես զբաղվել էնպիսի բաներով, որոնց համար առաջ երբեք ժամանակ չէիր գտնում։ Ավելին՝ կարող ես միանալ հետաքրքրություններդ կիսող մարդկանց ու նրանց հետ զբաղվել քո ուզած բանով։

Երբ նոր էի տեղափոխվել էստեղ, ես էլ էդպիսի պայծառ մտքեր ունեի է՛լ ֆիլմի դիտումների, է՛լ հայերենի լեզվի կաֆե անցկացնելու, է՛լ ընթերցանության ակումբի, է՛լ երաժշտական երեկոների։ Բայց անիմաստ լավատես էի, որովհետև շուտով խրվելու էի աշխատանքի մեջ, ու միակ բանը, որ կարողանալու էի երբեմն-երբեմն կազմակերպել, սրճելը կամ տանն ընթրիքներն էին։

Այնուամենայնիվ, վերջերս Դինարան ֆեյսբուքով մեկ շուխուռ գցեց, որ հավաքում է բոլոր նրանց, ովքեր միասին նվագել-երգելու հավես ունեն, թե հետաքրքրվողներ կան, թող ձայն հանեն։ Միանգամից գրանցվեցի, հետն էլ սկսեցի ԴԴՏ-ի Это всё-ն ուկուլելեով պարապել։ Թե ինչու էդ երգը, չեմ կարող հստակ բացատրել։ Մենակ էն գիտեմ, որ նկատել էի, որ խմբում լիքը ռուսներ ու ռուսախոսներ կան։ Ուզեցի ռուսերեն որևէ երգ ընտրել, քանի որ ընտրված բոլոր երգերը կա՛մ անգլերեն էին, կա՛մ ֆիններեն։ Это всё-ն իմացածս ռուսերեն երգերից երևի ամենաանշառն էր։ Բայց որ պարզվեց՝ ուկուլելեով ահագին հեշտ է, էդ հաստատ։

Բազմալեզու երաժշտական ակումբի (այդպիսի անուն էր Դինարան տվել խմբին) առաջին հանդիպումն էսօր էր։ Ճիշտ է՝ իմ աշխատանքի համեմատ ցերեկային ժամ էր, բայց որոշեցի գործս ընդհատել, միանալ մի երկու ժամով, մանավանդ որ հենց մեր մասնաշենքի լսարաններից մեկում էլ հանդիպելու էինք։

Ընդհանրապես, Դինարան իմ Յոենսուի սոցիալական շրջանակի կարևոր մաս է կազմում։ Հետաքրքիր բան է․ երբ առաջին անգամ հանդիպել էի նրան, հաստատ գիտեի, որ երբեք մտերիմ ընկերներ չենք լինի։ Հիմա էլ եմ դրանում վստահ։ Բայց Դինարան կարևոր ներդրում ունի Յոենսուի սոցիալական կյանքում։ Իր էքստրավերտության շնորհիվ չի քաշվում նոր մարդկանց հետ ծանոթանալուց, այդ նոր մարդկանց տարբեր տեղեր կանչելուց կամ զանազան միջոցառումներ կազմակերպելուց։ Հա, ու մեկ-մեկ էլ միասին լանչի ենք գնում, երբեմն՝ Սաթուն էլ մեզ հետ։

Մի խոսքով, էսօր էդ օրն էր։ Դինարան եկավ Իրինայի հետ՝ մի ռուս տիկին, որը տասնութ տարի է, ինչ Ֆինլանդիայում է։ Իրինան պրոֆեսիոնալ դաշնակահարուհի է, ու պիտի նվագակցեր նապապես ընտրված հինգ երգերին։ Փնփնթաց, թե Ռիչարդ Մարքսի Right Here Waiting for You-ն ահագին բարդ երգ է, չենք կարողանալու երգել։ Հետաքրքիրն այն է, որ ի վերջո ամենալավ ստացված երգերից մեկը հենց դա էր։ Երևի նրանից էր, որ բոլորիս ծանոթ էր։

Հերթով սկսեցին գալ տարբեր ազգության ջահելներ։ Մի ֆին էլ կիթառով էր։ Ես իմ ուկուլելեն մի խորը տեղ պահեցի, որ ոչ ոք չասի՝ նվագի։ Սկսեցինք մի ֆիննական օրորոցայինով՝ Sininen uni (Կապույտ երազ)։ Հետաքրքիր է՝ երգի ինչ տարբերակ գտնում եմ Յություբում, ոչ մեկն էնքան սիրուն չի հնչում, ինչքան մեր կատարումն էր։ Իսկ ես դժգոհում էի, թե երգել չգիտենք։

Հետո անցանք Yesterday-ին։ Երևի եղածներից միակ երգն էր, որ քնից էլ հանեին, կերգեի։ Տարիներ առաջ, երբ կիթառի էի գնում, նվագում ու երգում էի Yesterday-ը։ Հիշում եմ՝ կիթառով ահագին բարդ էր։ Ուզեցի ուկուլելեով էլ փորձել, բայց էլի բարդ էր, զահլա չարեցի։

Մեկ էլ Голубой вагон-ը երգեցինք։ Էն երգերը, որոնք մեծամասնությունը չգիտեին, սկզբում մի երկու անգամ լսում էինք Յություբով։ Голубой вагон-ն էլ բացառություն չէր, բայց պարզվեց՝ երգի ֆիններեն ու անգլերեն տարբերակներն էլ կան։ Ու քանի որ ներկաների միայն կեսը ռուսերեն գիտեին, Դինարան որոշեց անգլերենի վրա կենտրոնանալ։ Ու էն տարբերակը, որը հնչեց էկրանից, ուղղակի կախարդական էր։

Կատարեցինք երգը ու վերջում մի տուն նաև ռուսերեն երգեցինք։ Հետաքրքիր զգացողություն էր․ կանգնած ես ֆիննական մի կորած քաղաքում ու երգում ես քո մանկության երգերից մեկը ուրիշ՝ քո չափահասության, պրոֆեսիոնալ ու անձնական կյանքի լեզվով։ Հետո պիտի գայի տուն ու փորփրեի այս աղջկա ալիքը ու լիքը սիրուն կատարումներ գտնեի։

Երաժշտական ակումբի հանդիպմանը մինչև վերջ չմնացի։ Հետ գնացի աշխատասենյակս ստատիստիկայի տնայինները ստուգելու ու այլ մանր-մունր պոչերով զբաղվելու, որ հանգիստ շաբաթ-կիրակին վայելեմ․ գիշերը Մորթենը գալիս է։ Բայց երաժշտական ակումբը շատ հավես բան էր։ Հիշեցի այն կիրակնօրյա առավոտը, երբ Մառլենը մեզ հյուր էր եկել, ու երեքով զանազան երգեր էինք նվագում ու երգում ու հարևաններին գժվացնում։

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 6, ուժեղ կոտրված տեղերում

Ես սկսեցի անհանգստանալ այն պահից, երբ շաբաթ-կիրակիների հանգիստը միայն շաբաթվա կեսին սկսեց հերիքել, որովհետև գիտեի, որ շուտով շաբաթվա կեսն ավելի է նվազելու։ Ու վերջին շաբաթ-կիրակիի հանգիստն ինձ միայն երկուշաբթի օրվա համար հերիքեց, իսկ ավելի ճիշտ՝ երկուշաբթի օրվա առաջին կեսի, բայց երկրորդ կեսը մի կերպ ձգեցի։ Իսկ երեքշաբթին արդեն կորած օր էր։

Թեև իմ սովորական ժամին արթնացել էի, իմ սովորական սուրճը խմել ու առավոտյան մանր-մունր աշխատանքն արել (հա՛, իմ աշխատանքային օրը տնից է սկսվում), տնից դուրս գալը սարսափելի տանջանք էր։ Երկար ժամանակ նստել էի ու փորձում էի տաք գուլպաներս հագս քաշել։ Ուղղակի չէր ստացվում և վերջ։ Չեմ կարող այդ զգացողությունը նկարագրել։ Հոգնած չեմ, քունս չի տանում, տխուր էլ չեմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ ստիպել գուլպաներս հագնել։

Ի վերջո, երբ կես ժամ անց վերջապես կարողացա տնից դուրս գալ, հեծանիվս սկսեց համը հանել․ ուղղակի չէի կարողանում նկուղից դուրս բերել։ Ամենօրյա սովորական գործողություն է, բայց չգիտեմ ոնց կպել էր կողքի հեծանիվին ու ոչ մի կերպ պոկ չէր գալիս։ Արդեն համարյա լացում էի, երբ վերջապես հեծանիվս դեպի դուռը գլորվեց, ու կարողացա հասնել համալսարան։

Իսկ համալսարանում մոտ մեկ ժամ չէի կարողանում կենտրոնանալ։ Տեսնելով, որ բան դուրս չի գալիս, Լիզա Հանիգանի At Swim ալբոմը միացրեցի։ Դեռ թեզս գրելու ժամանակ ամեն օրս հենց այս ալբոմով էի սկսում, ու ինչ-որ պայմանական ռեֆլեքս է ձևավորվել ալբոմի երգերի ու կենտրոնացման միջև։ Իրոք օգնեց, որովհետև սկսեցի մի քիչ կենտրոնանալ ու աշխատել։ Բայց մի երկու ժամ անց կամաց-կամաց ուժերս սկսեցին սպառվել։ Ու կամաց-կամաց աչքերս սկսեցին լցվել։

Չգիտեմ՝ ուսանողներիցս մեկն ինչքան ժամանակ էր էնտեղ կանգնած, որովհետև ականջակալներով էի ու չէի սպասում նրան։ Բայց երբ շրջվեցի, դողդողացող ձայնով արագ-արագ ասաց, որ եկել է խնդրելու, որ թույլ տամ տնայինը վերջնաժամկետից ուշ հանձնի։ Հետո չդիմացավ, սկսեց լաց լինել։ Հանգստացրի, հետն ահագին խոսեցի, լիքը բաներ բացատրեցի, ու միասին ծրագիր կազմեցինք դժվարությունները հաղթահարելու։ Վերջում թեթևացած գրասենյակիցս դուրս եկավ, բայց ես էի էդ բոլորը լրիվ ներս քաշել, ու էլ չդիմացա, լրիվ ինձ կորցրի։

Հետո նաև ընդհանուր քննության հարցեր կազմելն էր, որ ինձ լրիվ ափերից հանեց։ Ուրեմն էստեղ կան ամիսը մեկ տեղի ունեցող էսպես կոչված ընդհանուր քննություններ․ ֆակուլտետի ուսանողները հավաքվում են, տարբեր առարկաներից քննություն հանձնում, բայց պիտի պարտադիր նախապես գրանցվեն, որ անհատական քննաթերթիկ ստանան։ Ու տեխնոլոգիական առաջընթացի էս դարում էդ անհատական քննաթերթիկ պատրաստման կարգը ոչ միայն քարի դար է հիշեցնում, այլև անտանելի ժամանակատար պրոցես է ու խիստ կենտրոնացվածություն է պահանջում, այլապես կարող ես, օրինակ, որևէ ուսանողի քննաթերթիկ մոռանալ։ Ու կստացվի, որ ամիսներով պարապած, ուրիշ քաղաքից եկած ուսանողը ներկայանում է, բայց քննաթերթիկ չկա։ Հետևաբար, պետք է տուն գնա ու հաջորդ ամիս գա։

Էդպես էսօր զբաղված էի ուրբաթ օրվա քննաթերթիկները սարքելով։ Ու անընդհատ սխալ էի անում, ստիպված ամեն ինչ կա՛մ նորից սկսում, կա՛մ որոշ բաներ ուղղում։ Ու ամեն սխալից հետո քիչ էր մնում՝ գլուխս էկրանին խփեի կատաղությունից։ Հետո նաև կատաղած էի այն ուսանողների վրա, որոնք իրենց գրանցումը չէին ջնջել ու չէին հանձնելու քննությունը, չնայած հազար անգամ խնդրել-աղաչել էի թե՛ անձամբ հանդիպելիս, թե՛ ընդհանուր նամակով, որ եթե ինչ-ինչ պատճառներով չգան քննության, անպայման ինձ նախապես տեղեկացնեն, որ քննաթերթիկ չպատրաստեմ։ Գնալով կատաղությունս աճում էր, ու եթե էդ պահին ինչ-որ մեկը դիմացս հայտնվեր, հաստատ կգոռայի վրան։

Ի վերջո որոշեցի քննաթերթիկները թողնել էն վիճակում, ինչ կան։ Եթե ինչ-որ բան ավել-պակաս լինի, ինձ էլ չէր հետաքրքրում․ իմ հոգեկան առողջությունն ավելի կարևոր է։ Ու արագ-արագ հավաքվեցի, գնացի լողավազան։ Ճամփին մի աղջիկ հեռախոսով դանիերեն խոսելով գնում էր։ Ակամայից բացականչեցի՝ դանիերե՜ն։ Չլսեց ինձ։ Բայց հարազատություն զգալու մի ակնթարթ էր, որից ուզում էի կառչած մնալ մինչև օրվա ավարտ։

Սաունայում սկզբում մենակ էի։ Սրբիչս փռեցի ու պառկեցի վրան։ Որոշել էի դուրս չգալ, մինչև չզգամ, որ վառվում եմ։ Էնտեղ էին նաև մի ռուս մայր ու աղջիկ։ Աղջիկը չէր դիմանում տաքությանը, հետն էլ չիշիկ ուներ ու ուզում էր դուրս գալ, մայրը պահում էր։ Հետո քննարկեցին պառկած դամային, ու աղջիկը հայտարարեց, որ չի սիրում, երբ սաունայում պառկում են։ Դեմքիս ժպիտ հայտնվեց, բայց վեր կենալու մտադրություն չունեի։

Էսօր լողավազանի ջուրը սովորականից սառն էր թվում․ անընդհատ մրսում էի։ Տասը շրջանի փոխարեն տասներեքը լողացի ու ավելի կարճ ժամանակում, քան սովորաբար տասն եմ լողում։ Անլուրջ լողավազանում հոսանքին հանձնվեցի։ Առաջին անգամ էի նկատում, որ եթե ձգվեմ ամբողջ մարմնով, ջուրն ինձ կտանի, ու չեմ խեղդվի։ Էնպիսի՜ հանգստացնող զգացողություն էր։ Թվում էր՝ օդի մեջ եմ։

Լողալուց հետո սաունայում էլի ռուս մայր ու աղջկա հետ էի։ Մեկ էլ մայրը ֆիններեն ինչ-որ բան ասաց՝ ցույց տալով ջրով լի դույլը։ Չգիտեմ՝ հարցնում էր ջուր ավելացնե՞մ, թե՞ չավելացնեմ։ Ասացի, որ չեմ հասկանում։ Անգլերեն ասաց, որ ռուս է։ Ռուսերեն ասացի, որ ռուսերեն խոսում եմ։ Զարմացած ռեակցիա տվեց ու արագ սաունայից դուրս եկավ։

Իսկ լողավազանից հետո արդեն լավ էի։ Սովորել եմ ինքս ինձ վերականգնվել։ Դեռ քսաներկու օր կա, բայց չգիտեմ՝ մինչև վերջնականապես կոտրվելս ինչքան է մնացել։ Կարծում էի՝ էսօր էդ օրն է ու կարծում էի՝ ժամանակն է ամեն ինչ թողնեմ ու վերադառնամ Դանիա, բայց հիմա նորից ոտքի վրա եմ ու պատրաստ չորեքշաբթի օրվան։

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում. օր 5, յոգա թանգարանում

Ամիսներ առաջ համալսարանի սպորտային ակումբում գրանցվելս լրիվ անիմաստ էր․ յոգայի դասերը սովորաբար ցերեկվա ժամերին էին լինում, երբ աշխատում էի։ Հատուկենտ առավոտյան դասերը սկսնակների համար էին, բայց, միևնույն է, կգնայի, եթե կարողանայի գրանցվել․ գրանցումը բացվում է մեկ շաբաթ առաջ ու վայրկենական լցվում։

Առաջին կիսամյակում համալսարանի սպորտային ակումբի ծառայություններից միայն մի անգամ օգտվեցի՝ մասնակցելով յոգայատիպ մի դասի, որի համար ստիպված էի հասնել Տիկարինե։ Թեև քաղաքի կենտրոնից շատ հեռու չէ, բայց կամպուսը տեղակայված է բլրի վրա, ու այս ձյուն-սառույցին էնտեղ բարձրանալ-իջնելն ամենահարմար բանը չէ։

Հենց էս սենյակում էր դասը

Մի խոսքով, էս բոլոր հանգամանքները համատեղելու արդյունքում ուղղակի սկսել էի յոգայով ընդհանրապես չզբաղվել։ Ի՞նչ յոգա։ Ընդհանրապես որևէ ֆիզիկական ակտիվություն չունեի օրը տասը րոպե հեծանիվ քշելուց բացի։ Ու զգում էի, թե ոնց էր մարմինս կամաց-կամաց փտում։ Չէ՛, չէի չաղանում, որովհետև առանձնապես չէի էլ ուտում։

Բայց հունվարից այս կողմ մի քիչ բախտն ինձ ժպտաց, մի քիչ էլ  որոշեցի ինձնով զբաղվել, ու հայտնվեցին յոգայի դասեր ցերեկները՝ աշխատանքային օրվա ուղիղ մեջտեղում, բայց որոնց գրանցվելիս երբևէ խնդիր չէր լինում, որովհետև էջում մեծ-մեծ տառերով գրված էր, որ դասերը սկսնակների համար չեն։ Տեղն էլ էր հարմար՝ հենց քաղաքի կենտրոնում, հետևաբար կարող էի գործից մեկուկես ժամով պոկվել, նորից հետ գնալ։

Էսօր երկրորդ անգամ էի էնտեղ։ Էնպես էր ստացվել, որ դասերիցս մեկը ծրագրվել էր յոգայի ժամին։ Եթե անցյալ կիսամյակ լիներ, հաստատ դասն առաջնահերթություն կլիներ։ Բայց էս անգամ գցեցի-բռնեցի ու մտածեցի՝ կարելի է դասը կես ժամով հետաձգել ու երկուսն էլ հասցնել։

Ու լանչին Սաթուի հետ Յոենսուի վերջին նորությունը՝ ձնե ժողովուրդը, քննարկելուց հետո մի ժամ էլ աշխատեցի և ուղևորվեցի թանգարան։ Հա՛, ճիշտ եք կարդում․ թանգարան։ Յոգայի դասը թանգարանում էր։ Չգիտեմ՝ ում պայծառ մտքով է անցել երկուշաբթի օրերին, երբ թանգարանը փակ է, այն յոգայի սրահի վերածելը, բայց պիտի ասեմ, որ հրաշալի գաղափար է․ գորգիկդ փռում ես փայտե հատակին, ու շուրջդ լիքը թանգարանային նմուշներ են։ Մթնոլորտն էլ հանգիստ է, ու ոչ մի ձայն շուրջդ չի լսվում։

Պիտի ասեմ, որ ուսուցիչն ամենահաջողներից չէ ու դասի ընթացքում ինձ համար անընդունելի բաներ է ասում կամ անում։ Բայց Յոենսուում երևի էսքանից ավելին սպասել չեմ կարող, ու պարզապես հարմարվում եմ․ եթե երգի բառերը չեմ հասկանում, կարող եմ ուղղակի չկրկնել նրա հետևից։

Իսկ դասը նախորդ անգամվա համեմատ ավելի հաճելի էր։ Մարմինս էլ էնքան ժանգոտած չէր, ինչքան անցյալ անգամ, ու ավելի թեթև էի շարժվում։ Ու էնքա՜ն կարոտել էի մարմնիս վրա կենտրոնանալն ու նրա հնարավորություններն ուսումնասիրելը։ Կարևորը՝ կարողացա դասի ժամանակ մի բոլ անջատվել։ Դասից հետո գորգիկս գցեցի ուսիս ու վազեցի համալսարան։ Ուսանողներս արդեն սպասում էին։

Վերջերս ամեն անգամ լսարան մտնելուց հետո զգում եմ, թե ինչ աստիճանի արձակուրդի կարիք ունեմ։ Ու գնալով այդ կարիքը մեծանում է։ Մյուս շաբաթվանից գոնե դաս չեմ ունենա, գրաֆիկս ավելի թեթև կլինի, ու երևի կհասցնեմ մի քիչ հանգստանալ մինչև նոր արկածներ սկսելս։

 

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում․ օր 4, քայլեր ջրի վրայով

Աչքերս բացեցի, ու արևը լցվել էր սենյակս։ Էսպիսի սիրուն օրը տանն անցկացնելը հանցագործություն էր։ Դեռ երեկ խոսում էինք այսօր լիճ գնալու ու վրայով քայլելու մասին։ Արևը տեսնելուն պես մտածեցի՝ եթե աղջիկները հավես չանեն կամ զբաղված լինեն, մենակով կգնամ լճի վրայով քայլելու։ Մտածեցի ու անցա նախորդ գիշերվա գինու առաջացրած գլխացավը վերացնելուն։

Բայց ուսանողս գրեց շուտով, թե՝ մի ժամից մեր տանը եղիր, գնում ենք լիճ։ Արագ-արագ ավարտեցի նախաճաշս ու ճամփա ընկա։ Ինչ ձյունը նստել է, առաջին անգամ էի անտառի միջով անցնում։ Ընդհանրապես, քանի որ քաղաքի կենտրոնում եմ ապրում, ու կամպուսից հեծանիվով հինգ րոպեի հեռավորության վրա եմ, հազվադեպ եմ իմ կոմֆորտի երկու կիլոմետրանոց շառավղից դուրս գալիս։ Ու այսօր այդ օրերից էր։

DSC_1660.jpg

Հավես էր անտառով քշելը։ Դրսում -11 էր, բայց արագ քշելու արդյունքում սկսել էի շոգել։ Չգիտեմ ոնց սկզբում լճի մոտ հայտնվեցի։ Ուզում էի գրել ուսանողիս, որ միանգամից լիճ գան, բայց հետո մտածեցի՝ հեռու չեմ տնից, ոչինչ, հասնեմ, ու դուրս գանք։ Բայց մի քիչ էլ անտառի միջով քշելուց հետո հայտնվեցի կամպուսի մոտ, այսինքն՝ ճանապարհի գրեթե սկզբնակետին։ Լրիվ ոնց որ սարսափ կինո լիներ․ ուղիղ գնում ես, բայց վերադառնում ես սկզբնակետին։ Էստեղ արդեն հասկացա, որ էլ ժամանակ չունեմ կորցնելու, քարտեզը բացեցի ու ամենամեծ արագությամբ տեղ հասա։ Ուսանողս շշմել էր, որովհետև ընդամենը յոթ րոպե առաջ գրել էի, որ կամպուսի մոտերքում էի։

Ու գնացինք լիճ։ Սկզբում երեքով էինք՝ ուսանողս, իր կինը ու ես։ Հետո ուսանողներիցս ևս մեկը միացավ մեզ։ Ու մենք քայլեցինք սառած լճի վրայով դեպի մոտակա կղզի։ Դեռ հեռվից նկատեցինք, որ կղզու վրա տնակ կար։ Ասում եմ՝ էնտեղ կախարդ է ապրում։ Ուսանողներիցս մեկն ասում է՝ ընկերներիցդ կլինի, գնանք մոտը թեյ խմելու։ Ու քանդվում ենք։

Իսկ կղզում ցամաք բարձրանալը բավական բարդ էր․ անընդհատ խրվում էինք ձյան մեջ, ու ձյան խորությունը գուշակելը դժվար բան էր, որովհետև այդ մասերով ոչ ոք չէր անցել։ Ի վերջո, հասանք կղզու կենտրոնին ու նկատեցինք, որ մեծ տնից բացի մի փոքրիկ տնակ կար։ Մտածեցի՝ սաունա կլինի։ Մոտեցանք։ Իրոք սաունա էր, բայց լրիվ լքված ու սառցակալած։ Իսկ հետևում արևը մանրից պատրաստվում էր մայրամուտին։ Ուսանողս ասում է՝ սարսափ ֆիլմերն էսպես են սկսվում․ մայրամուտ, անմարդաբնակ կղզի ու լքված տնակ։

DSC_1676.jpg

Հետո արդեն լրիվ սառցակալած հետ քայլեցինք։ Ցրտից մեր հեռախոսները հերթով անջատվեցին։ Հետ եկանք ուսանողիս տուն, որ տաք բան խմենք ու հալվենք։ Ասում եմ՝ գնամ, հերթով ձեր բոլոր հարևանների դռները ծեծեմ, ասեմ՝ ու՞ր են ձեր տնայինները։ Ծիծաղից թուլանում ենք։ Բայց դե ոչ բոլոր ուսանողներիս հետ կարող եմ ինձ թույլ տալ էսքան ջրիկ լինել։

DSC_1683.jpg

Տան ճամփին էլ ձնե ժողովուրդ տեսա, կանգնեցի, ուսումնասիրեցի։ Ու տուն հասա լրիվ ուժասպառ եղած, բայց էս անգամ՝ ֆիզիկապես։ Հիմա տանը նստած երաժշտություն եմ լսում, թեյ խմում ու մտածում մարդկանց մասին։ ԿՄ-ի հին գրառումներից փորփրեցի, որտեղ պնդում էի, որ վատ մարդիկ չկան։ Գրել էի դա տասնութ տարեկանում։ Ու հիմա էլ նույն կարծիքին եմ․ կան մարդիկ, որոնք քեզ սիրում են, ու կան մարդիկ, որոնք քեզ չեն սիրում, որոնք քեզ հասկանում են կամ չեն հասկանում, բայց վատ մարդիկ չկան։ Ու հանկարծ ամեն տեսակի ջղայնություն անցավ ու խաղաղվեցի։ Երևի լիճն էր՝ քայլերը ջրի վրայով։

Էսօրվանից մի երկու նկար փակ գրառմամբ ԿՄ-ում առանձին կդնեմ։