Փարիզից մինչև անհայտ մի տեղ ու հետ դեպի Փարիզ

Մեր այս տարվա ամառային արձակուրդը լրիվ խառնվեց իրար, երբ պարզվեց, որ պիտի Մոնրեալ գնամ գիտաժողովի։ Կանադական վիզա ստանալու ողջ պրոցեսը մի ահավոր գլխացավանք էր, իսկ ժամկետները՝ անհայտ, ինչը նշանակում էր, որ մինչև մեկնելս չէի կարող իմանալ, թե կոնկրետ երբ է անձնագիրս մոտս լինելու։ Հենց էդ պատճառով արձակուրդի մի մասը Դանիայում անցկացրինք՝ հեծանվարշավներով ու լիքը ուրիշ հետաքրքիր բաներ անելով, իսկ մյուս մասը տեղափոխեցինք Մոնրեալից հետո։

Մոնրեալի ու առաջին հյուսիսամերիկյան ճամփորդությանս մասին գուցե մի օր պատմեմ կամ չպատմեմ։ Բայց հիմա ուզում եմ կենտրոնանալ դրանից հետոյի վրա, որը երևի իմ լավագույն ամառային արձակուրդներից էր, չնայած որ սպասելիքներս առանձնապես մեծ չէին։ Դրա համար սկսում եմ նախապատմությունից։

Մորթենը մի ընկերուհի ունի Ալիս անունով։ Ազգությամբ անգլիացի է, բայց Ֆրանսիայում է մեծացել։ Երկար տարիներ Կոպենհագենում ապրելուց հետո վերադարձել էր Ֆրանսիա՝ ծնողների մոտ, ու անընդհատ մեզ իրենց մոտ էր հրավիրում։ Մորթենը մի այլ ընկերուհի ունի Ապրիլ անունով։ Ապրիլն ու Ալիսն իրար հետ շատ լավ լեզու են գտնում։ Դրա համար որոշեցինք երեքով Ալիսին այցելել։

Ու սկսվեց արձակուրդի պլանավորումը. կհասնենք Փարիզ, կգիշերենք այնտեղ, առավոտյան կնախաճաշենք ու կգնանք Ալիսի մոտ, մի քանի օր կմնանք, հետո նորից Փարիզ։ Եվ միայն ինքնաթիռի տոմսերը գնելուց հետո Ալիսը մեզ որոշ տեղեկություններ տվեց այն մասին, թե ուր պիտի գնանք. «Փարիզից գնացքով եկեք Սեն Ժունիան կայարան։ Լիմոժն էլ է տարբերակ, բայց Սեն Ժունիանն ավելի հարմար է»։ Քարտեզի վրա որոնեցինք երկու կայարանները, ու պարզվեց, որ Փարիզից 400 կմ հեռավորություն է, իսկ գնացքով ճանապարհը՝ մոտ հինգ ժամ։ Օրհուս֊Կոպենհագեն ճանապարհներից զզվածիս համար սա լավագույն արձակուրդի հեռանկարը չէր։ Դրան ավելացնենք նաև, որ Փարիզ մեկնելու էինք Մոնրեալից վերադառնալուս հաջորդ օրը։ Այսինքն, ստացվելու էր, որ մի քանի օր շարունակ անընդհատ ճանապարհներին էի լինելու։

Մենք նաև քարտեզի վրա ուսումնասիրեցինք Սեն Ժունիան կայարանի շրջակայքը։ Ոչինչ չկար անծայրածիր անտառներից բացի։ Այստեղ նաև կայարանից Ալիսենց տուն հասնելու հարց էր առաջանում։ Բավականաչափ մո՞տ է, որ քայլենք։ Եթե ոչ, հասարակական տրանսպորտ կա՞։ Իսկ տաքսի՞։ Ալիսը կգա՞ մեզ դիմավորելու։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար Ապրիլն Ալիսին հարցրել էր, թե Սեն Ժունիանից իրենց տուն ոտքով ինչքան ժամանակում է հնարավոր հասնել, ինչին Ալիսը պատասխանել էր. «երեքուկես ժամում»։ Եվ միայն մեկնելուց մի քանի օր առաջ Մորթենի՝ շաբաթներ առաջ տված հարցին հարցին, թե արդյոք մեզ կդիմավորեն, Ալիսն ասաց, որ այո, մեքենայով կգան դիմավորելու։

Փարիզը դե Փարիզ էր։ Հասանք գիշերով։ Հասցրինք քնելուց առաջ մոտակա բարում կոկտեյլ խմել։ Գիշերեցինք լատինական թաղամասում մի շատ փոքր ստուդիոյում։ Նախաճաշեցինք մեր սիրելի Les deux magots֊ում։ Գնացինք կայարան, որտեղ պիտի Ապրիլին հանդիպեինք։ Ապրիլը հասավ վերջին վայրկյանին։ Շնչակտուր իրեն գցեց գնացքը։

Նախաճաշ Les deux magots-ում

Ճանապարհը երկար չթվաց, որովհետև ամբողջ ընթացքում Ապրիլի հետ վերջին նորություններից էինք խոսում։ Ալիսը, ինչպես խոստացել էր, եկավ դիմավորելու։ Եկավ նշանածի՝ Փիթի հետ, որին առաջին անգամ էինք հանդիպում։

Մեզ մեքենայով տարան Սեն Ժունիանի ոլոր֊մոլոր ճանապարհներով։ Անցանք փոքր֊մոքր գյուղերի միջով ու ի վերջո տեղ հասանք։ Իսկ այդ տեղը երեք տնից բաղկացած մի բնակավայր էր, ոչ մի հարևան չկար։ Երեք տներից մեկն Ալիսի մանկության տունն էր, մեկը՝ տատիկի տունը, երրորդը՝ ծնողների ներկայիս տունը։ Ալիսն ու Փիթը մանկության տանն էին ապրում ու փորձում վերանորոգել այն։ Տատիկի տանը բացի 96-ամյա Աստրիդ տատիկից նաև հորեղբայրն էր հյուր եկել ու Ալիսի քույրը ընկերոջ հետ։ Ծնողների տանն էլ Ալիսի ծնողներն էին՝ Նորմանն ու Լինդսին։

Ալիսենց տունը

Էստեղ առաջին անգամ իմացանք, որ Աստրիդը դանիացի է, բայց Դանիայում երբեք չի ապրել։ Փաստորեն, Ալիսը քառորդ դանիացի է, ու դրա մասին ոչինչ չգիտեինք։ «Ես ավելի շատ ֆրանսիացի կամ դանիացի եմ, քան անգլիացի,֊ բացատրեց Ալիսը,֊ տասներեք տարի Ֆրանսիայում եմ ապրել, տասներեք տարի՝ Դանիայում, իսկ Անգլիայում ավելի քիչ»։

Ալիսի ծնողները հաճելի մարդիկ էին։ Նաև ահագին խելացի ու բանիմաց էին։ Հարցին, թե ինչու որոշեցին Ֆրանսիա տեղափոխվել, պատասխանեցին, որ ուզում էին երկլեզու֊երկմշակույթ երեխաներ մեծացնել։ Նորմանն ինքը բազմաթիվ տարբեր տեղերում է ապրել, բայց ամենաերկարը Ֆրանսիայում։

Իսկ Ալիսենց ընտանիքի տներն ուղղակի թաղված էին բնության մեջ։ Դիմացը լիճ էր, իսկ շուրջն ընդհանրապես լիքը անտառներ էին։ Ամենամոտ «հարևանի» տուն հասնելու համար պետք էր կես ժամ ոտքով քայլել։ Ու մոտերքում բնությունից բացի բացարձակապես ոչինչ չկար։ Ալիսենց տանը վայ֊ֆայ չկար։ Հեռախոսներն էլ նորմալ չէին բռնում։ Այսինքն՝ ինտերնետից գրեթե լրիվ կտրված վիճակ էր։

Ալիսի ընտանիքից բացի, այնտեղ բնակվում էին նաև Բուբու ու Սալլի շները, Մինեթ կատուն ու ևս մեկ կատու, որին այդպես էլ չհանդիպեցինք։ Բուբուն ահագին հետաքրքիր կերպար էր։ Իրեն գցում էր լիճը, ցեխոտվում, հետո գցվում առուն, մաքրվում։ Վազվզում էր։ Մարդկանց գիրկն էր նստում։ Իսկ մի անգամ, երբ Մինեթ կատուն նստած էր Փիթի գիրկը, Բուբուն նույնպես թռավ Փիթի գիրկը։ Մինեթը փախավ։ Մինչև հաջորդ առավոտ բոլորից նեղացած էր, ներս չէր գալիս։ Մի խոսքով, եթե սահմանափակվենք միայն այսքանով, Ալիսենց մոտ արդեն ահագին հետաքրքիր էր կամ ահավոր ձանձրալի. նայած որ կողմից նայես։

Առաջին օրը շատ բան չարեցինք. երեկոյան էինք հասել։ Թեթև ընթրեցինք։ Ընթրիքի բաղադրիչները հիմնական տեղական էին (հարևանի դդմիկները, Ալիսենց դդմիկների ծաղիկները և այլն)։ Հետո լիքը զրուցեցինք, գնացինք քնելու։

Հաջորդ օրը մեր հիմնական նախագիծն արշավն էր։ Փիթը քարտեզի վրա գծեց ճամապարհը, ու Մորթենը, Ապրիլն ու ես ճանապարհ ընկանք։ Մենք անցանք արևածաղիկների անծայրածիր դաշտերով։ Անցանք գյուղերի միջով (եթե հինգ֊վեց տնից բաղկացած բնակավայրերը գյուղ են կոչվում)։ Աղբյուրից ջուր խմեցինք։ Թփերից մոշ կերանք։ Քայլեցինք մութ անտառով։ Բարձրացանք սարի գագաթը։ Հետո մեկ այլ  ճանապարհով հետ դարձանք՝ անցնելով մի տան կողքով, որտեղ գոմը երաժշտական ստուդիա էր դարձրած։

Երեկոյան փռում սարքած պիցցա կերանք։ Փիթն էր պիցցան թխում, բայց ամեն մեկն ինքն էր իր պիցցան զարդարում ու տանում Փիթի մոտ։ Մոտակա բնակավայրերից ուրիշ հյուրեր էլ կային։ Ինչպես հասկացանք, այդ կողմերում հիմնականում բավական առաջադեմ ընտանիքներ են ապրում ու հիմնականում արվեստագետներ։ Պիցցան ահավոր համով էր։

Երկրորդ օրը գնացինք Սեն Ժունիան։ Սկզբում շուկայով զբոսնեցինք, իսկ հետո գնացինք քաղաքի լավագույն սրճարաններից մեկը ու ժամերով այնտեղ մնացինք։ Շոգ էր։ Սեն Ժունիանն էլ սիրուն էր։ Ու այնքան ուշ վերադարձանք, որ հազիվ հասցրինք մի քիչ շունչ քաշել, պատրաստվել մեկ այլ գյուղ գնալուն, որտեղ գիշերային շուկա էր լինելու, ու տարածքի բնակիչները (տարածք ասելով հասկանանք Սեն Ժունիանից 50 կմ շառավղով բնակավայրերը) հավաքվելու էին, գնումներ անեին ու տեղում ընթրեին։

Գյուղի շուկան

Գյուղում աշխույժ մթնոլորտ էր։ Մի տղա ակորդեոն էր նվագում։ Վաճառողներն ահագին բարձր տրամադրություն ունեին ու իմ կոտրած ֆրանսերենին ուրախ֊զվարթ էին պատասխանում։ Գյուղն ահավոր սիրուն էր։ Սիրուն էր նաև մայրամուտը, որի մեծ մասը բաց թողեցինք, որովհետև կրեպ էինք պատվիրել ու տարված նայում էինք, թե ինչ վարպետությամբ էր տեղացի ֆրանսուհին դրանք թխում։

Հետդարձի ճամապարհը վախենալու էր։ Ճանապարհները լուսավորված չէին։ Փիթն էլ արագ էր քշում։ Անընդհատ քեզ թվում էր՝ ուր որ է մեքենան անդունդն է գլորվելու։ Բայց դե բարով տեղ հասանք։

Երրորդ օրն ուզում էինք լիճ գնալ լողալու, բայց Ալիսն ու Փիթը պիտի տան պատերը ներկեին։ Դրա համար Ալիսն ու Փիթը քարտեզի վրա մի նոր ճանապարհ գծեցին, ու գնացինք քայլելու։

Այս անգամ անցանք Սեն Քրիստոֆ գյուղով, անտառների միջով, գետերի վրայով, նորից հասանք արևածաղկի դաշտերին։ Երկրորդ արշավը շատ ավելի կարճ էր։

Սեն Քրիստոֆ

Ճամփին հանդիպած մի ուրիշ գյուղ

Երեկոյան խորոված պիտի սարքեինք։ Միշտ, երբ էսպիսի խորովածային վիճակներ են լինում, մարդիկ ներկայանում են տոննաներով մսերով։ Այս անգամ ամենաբազմազան բանջարեղեններն էինք գնել։ Մորթենի երեք նրբերշիկները միակ մսային ուտեստն էին, որոնցով կիսվեց Ալիսի ու Փիթի հետ։ Էդպես փայտիկի վրա բանջարեղենի կտորներ էինք հավաքում։ Փիթը նաև հացի խմոր էր հունցել, որից կտորներ էինք դնում փայտիկին ու խորովում։ Ահագին համով էր լինում։

Խորոված

Իսկ հաջորդ առավոտյան Փարիզ վերադառնալու ժամանակն էր։ Սեն Ժունիանից Լիմոժ հասանք առանց որևէ խնդրի, բայց այնտեղից Փարիզ գնացող գնացքն ուշանալու էր։ Որոշեցինք Լիմոժում մի քիչ թափառել։ Մի շատ համով սուրճի տեղ գտանք։ Մի քիչ էլ քայլեցինք։ Բայց մեր տեսած գեղեցկությունների համեմատ Լիմոժը բավական ձանձրալի տեղ էր։

Հետո արդեն Փարիզն էր իր մարդաշատությամբ ու մեծությամբ։ Անսովոր էր մի քանի օրվա հանգիստ կյանքից հետո նորից մեծ քաղաքում հայտնվելը։ Ապրիլը գնաց իր վարձած տունը Մոնմարտրում, իսկ ես ու Մորթենն ուղղվեցինք դեպի մերը՝ 11֊րդ թաղամասում։ Ընդհանրապես, ամեն անգամ Փարիզ գալիս սիրում ենք ոչ տուրիստաշատ թաղամասերում մնալ. Փարիզը Փարիզ է հենց տեղի բնակիչներով ու տեղական սովորություններով։ Ամեն անգամ Փարիզ գալիս խուսափում ենք Էյֆելյան աշտարակներից ու Հաղթական կամարներից ու փորփրում մեզ հետաքրքրող վայրերը։

Բայց այս ճամփորդության ժամանակ մի կարևոր տեղական առանձնահատկություն հաշվի չէինք առել. օգոստոսն արձակուրդի ամիս է Ֆրանսիայում։ Հետևաբար, գրեթե բոլոր լավ ռեստորանները փակ էին, ու որակյալ սնունդ գտնելը մի քիչ դժվարացել էր։

Քանի որ մեր գնացքը մի քանի ժամ ուշացումով հասավ Փարիզ, հազիվ հասցրինք մեր բնակարանը գտնել, տեղավորվել ու նորմալ ռեստորան գտնել, օրն արդեն ավարտվեց։ Հաջորդ օրն էլ նախաճաշ գտնելն էր խնդիր, բայց կանգ առանք nous կոչվող մի սրճարանի մոտ, որտեղ առողջ սնունդ էին մատուցում։ Հետո, երբ արդեն Փարիզում բազմաթիվ կիլոմետրեր թափառել էինք, հասկացանք, որ էսպիսի տեղերն արդեն ամեն քայլափոխին են ու, անկեղծ ասած, մի քիչ ձանձրալի։

nous֊ի նախաճաշը

Փարիզում հատուկ պլաններ չունեինք։ Նախաճաշի ժամանակ սկսեցինք մտածել, թե ինչ կարելի է անել։ Հանկարծ հիշեցի, որ տարիներ առաջ, երբ տատիկիս հետ Փարիզ էի եկել, Մոնմարտրում Դալիի թանգարան էի գտել, ու ահագին դուրս եկել էր։ Մորթենին առաջարկեցի էնտեղ գնալ։ Սկզբում որոշեցինք տոմսերն օնլայն առնել հերթերից խուսափելու համար, բայց հետո Մորթենին հավատացրի, որ տուրիստները դրա տեղը չգիտեն, ու դժվար հերթեր լինեն։

Էդպես քայլեցինք երկար, հասանք Մոնմարտր։ Երևի Փարիզում չկա Մոնրմարտրից տհաճ տեղ. ամբողջը պլաստիկ տուրիստական խանութներ են, փողոցներում ասեղ գցելու տեղ չկա։ Որ կողմ թեքվում ես, անպայման մեկնումեկի լուսանկարն ես փչացնում։ Մի խոսքով, տեղական մթնոլորտից իսպառ զուրկ մի միջավայր է դարձել Մոնմարտրը, ճիշտ Վենետիկի պես։ Ու չնայած անտանելի մարդաշատությանը, Դալիի թանգարանում հերթեր չկային։

Ու հիշում էի էնտեղ տեսածս գրեթե բոլոր նկարներն ու քանդակները։ Հիշում էի, Մորթենին պատմում, կանգնում էինք երկար ու զարմանում, հիանում Դալիի հանճարեղությամբ։ Ի՜նչ գիտական մանրակրկիտությամբ էր ամեն աշխատանքին մոտեցել։ Աշխարհում շատ տարբեր տեղերում եմ Դալիի զանազան ցուցահանդեսների եղել, բայց Փարիզինն ամենահետաքրքիրն է։ Ու դրա մասին Էյֆելյան աշտարակի մոտ վազողները չգիտեն։

Հաջորդ օրն էլ առավոտյան նորից Les deux magots֊ում նախաճաշեցինք. Ապրիլը պիտի մեզ միանար հատուկ էնտեղի քրուասանը փորձելու համար, բայց էդպես էլ չեկավ։ Իսկ դրանից հետո Ադամին հանդիպեցինք ու ժամերով զրուցեցինք։ Ժամանակն էնքան արագ թռավ Ադամի հետ, որ շուտով արդեն պետք է շարժվեինք դեպի օդանավակայան, դեպի արձակուրդի վերջը։

Ամեն անգամ, երբ Փարիզից վերադառնում ենք, մեզ հարցնում են, թե ինչ ենք արել այնտեղ։ Ու ամեն անգամ մեր պատասխանն է լինում՝ թափառել ենք։ Ես գիտեմ, թե ոնց են շատերը քիթումռութ անում, թե էսինչն ու էնինչը չտեսաք։ Գիտեմ, թե ոնց են վերևից նայում, թե Լուվրում էս ու էն կա, թե Հաղթական կամարն էսպիսին է, իսկ Աստվածամոր տաճարը՝ էնպիսին։ Բայց դեռ Փարիզ կատարած առաջին երկու այցելություններիս՝ տասը և տասնչորս տարեկանում արել եմ էդ բոլորը։ Արել եմ դրանք ու հասկացել, որ Փարիզում ամենաշատը սիրում եմ թափառել ու սիրում եմ հայտնաբերել այն փոքր տեղերը, որտեղ հնարավոր է առանց հերթի մտնել, որտեղ տուրիստներ չկան։ Եվ հասուն տարիքում էլ անընդհատ վերադառնում եմ Փարիզ ու անընդհատ նույն բաներն անում. տեսարժան վայրերն էդպես էլ չեն ձգում։

Բայց այս անգամ Փարիզի ողջ հմայքը նվազեց Ալիսենց մոտ անցկացրած օրերի կողքին։ Բնության գրկում, ամեն դեպքում, ավելի լավ է, քան մեծ քաղաքներում։

Ֆրանսիական գրախանութ֊սրճարանը

Կոպենհագենի ֆրանսիական գրախանութ֊սրճարանը ժամանակին իմ սիրած վայրերից էր։ Երբ դեռ ասպիրանտ էի, հաճախ գործից շուտ էի դուրս գալիս, որ հասցնեմ մինչև փակվելը մի բաժակ սուրճ խմել։ Նստում էի պատուհանի մոտ ու գրում ժամերով։ Էնտեղ են գրվել շուտով լույս տեսնելիք գրքիս պատմվածքներից շատերը։ Գրվել են նաև լիքը խզբզոցներ՝ որպես իմ կյանքից վռնդված մի տղայից ապաքինվելու միջոց։

Այդ գրախանութից գնել եմ Պատրիկ Մոդիանոյի գրքերից ու Փոքրիկ Նիկոլայի բացիկներից։ Փորփրել եմ գրադարակները՝ փնտրելով Ֆուադ Լարուիի՝ Գոնկուր մրցանակ ստացած գիրքը։ Ու էդպես էլ չեմ գտել։ Մի անգամ նաև մոռացել եմ քրուասանի համար վճարել, հիշել, վճարել եմ հաջորդ այցելությանս ժամանակ։

Մի ժամանակ ֆրանսիական գրախանութ֊սրճարանն իմ առօրյայի մի մասն էր, բայց միայն մի ժամանակ ու շատ վաղուց։ Այնուամենայնիվ, շարունակում էի ստանալ նրանց նորությունները ու ամեն անգամ բացում էի մեյլերը, ուշադիր կարդում։ Ստուգում էի, թե ով է հերթական հյուրը լինելու. մի օր գուցե Ֆուադ Լարուին գա։

Իսկ մինչ այդ ամեն գրախանութ մտնելիս ֆրանսիական բաժինն էի փնտրում։ Ֆուադ Լարուիի գրքերը հայտնաբերելը հոբբիի նման բան էր դարձել։ Արդեն չեմ էլ հիշում՝ գրքերը գտնու՞մ էի ու չէի՞ առնում, թե՞ չէի էլ գտնում։ Տարօրինակ զգացողություն էր գրողի հետ մի էդպիսի անձնական կապ ունենալը, որից ինքը բնավ տեղյակ չէր։

Բայց մի օր զանազան մեյլերիս մեջ տեսա գրախանութ֊սրճարանի հերթական նամակը. Ֆուադ Լարուին իրենց հաջորդ հյուրն է։ Ուզում էի Կոպենհագենում լինել այդ օրը, ուզում էի ներկա գտնվել միջոցառմանը, բայց ծրագրել էինք, որ Օրհուսում ենք լինելու։

Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Կոպենհագենում հայտնվեցի ու գնացի միջոցառմանը։ Երևի ներկաներից ամենաերիտասարդը ես էի. մյուսները դանիացի թոշակառուներ էին։ Անկյունում թաքնված լսում էի, թե ինչպես է Լարուին պատմում իր՝ սև, թե սպիտակ լինելու մասին։ Խոսում էր ինտեգրացիայից, թե ինչպես արևմտյան մշակույթները լրիվ արհամարում են արաբական մշակույթը, ու Եվրոպայում ծնված արաբ երեխաները մեծանում են անլիարժեքության բարդույթով, որովհետև իրենց ծնողների մշակույթով հնարավոր չէ հպարտանալ։ Պատմեց նաև իմիգրանտ լինելու դժվարություններից, թե ինչ ահավոր է, երբ հանկարծ շուրջդ ամեն ինչ անծանոթ է։ Պատմեց, թե ինչպես երկրաշարժի ժամանակ, երբ հայրը եկել է, որ բոլորին արթնացնի, դուրս տանի, ինքը վեր է կացել, գիրքը վերցրել ու սկսել կարդալ. երկրաշարժն իրեն մեկ էր։ Ու վերջապես պատմեց, թե ինչպես 2010֊ին մի հեռախոսազանգով իրեն հայտնեցին, որ իր՝ «Մի տարի ֆրանսիացիների մոտ» գիրքը ներկայացվել է Գոնկուրի, բայց մրցանակը Միշել Ուելբեքին են տալու։

Այն ժամանակ Ուելբեքը դեռ հայտնի չէր, բայց լսել էի նրա մասին, որովհետև գնացել էի Ֆրանսիայի դեսպանատան՝ գրական մրցանակների մասին կազմակերպած միջոցառմանը։ Այն ժամանակ ֆրանսերեն դեռ լավ չէի հասկանում ու միակ բանը, որ հասկացա միջոցառումից, այն էր, որ Ուելբեքի «Քարտեզը և տարածքը» Գոնկուր մրցանակ էր ստացել։ Այն ժամանակ չէի լսել Ֆուադ Լարուիի մասին։ Չէի լսել, որովհետև չէի ճանաչում նրա եղբորը։

Հարցազրույցից հետո տեսա, որ գրքերը վաճառքի են դրված։ Չկար այն մեկը, որ փնտրում էի։ Բայց կային գրքեր, որոնք հայտնվել էին վերջին երեք֊չորս տարիների ընթացքում, երբ Լարուիի գրական գործունեությանն այլևս չէի հետևում։ Գնեցի գրքերից մեկը ու մոտեցա, որ ստորագրի։ Ինչպես միշտ, անունս գրելու դժվարություններ։ Հարցրեց, թե արդյոք կուզենայի, որ կոնկրետ բան գրի գրքի մեջ։ Ասացի՝ չէ, բայց ես ձեր եղբորը ճանաչում եմ։ Ֆոտո արեց, ասաց՝ կուղարկի նրան։

Ֆոտոյում ես եմ ու Ֆուադ Լարուին, ժպիտները դեմքներիս, գրքերը բռնած։ Եղբայրը կստանա այդ նկարը որպես պատասխան այն էլեկտրոնային նամակի, որին հինգ տարի առաջ այդպես էլ չպատասխանեցի։ Գտա այդ անպատասխան նամակը, գտա պատասխանիս սևագիրը. «Ուրախ եմ, որ ստացա նամակդ»։ Եվ այնքա՜ն շատ էի ուզում մի օր գրել. «Ֆրանսերենը մոռանում եմ, ինչպես քեզ եմ մոռանում»։ Ու չեմ հիշում՝ գրեցի՞, թե՞ ոչ. ֆրանսերենը հաստատ ավելի քիչ եմ մոռացել։

 

 

«Լավ օրերը» (Les beaux jours)

Երկարատև ընդմիջումից հետո վերջապես գնացի Ֆորումիմաժ կինոթատրոն: Կարծեմ վերջին անգամ էնտեղ անցյալ դեկտեմբերին էի եղել: Ինչևէ, «Լավ օրերը» վաղուց էի ուզում նայել, բայց հա հետաձգում էի՝ հույս ունենալով, որ հետս էկող կլինի: Վերջը մենակ գնացի:

Ֆիլմն ինքն ահագին լավն էր, բայց որ դուրս եկա կինոթատրոնից, մի տեսակ հակասական զգացողություններ առաջացրեց: Կարճ. թոշակի անցած ատամնաբույժ Կարոլինը որոշում է ազատ ժամանակը մի ծերունական կենտրոնում սպանել, որտեղ լիքը տատի-պապիներ զանազան սիրողական բաներ են անում (թատրոն, խեցեգործություն, ինֆորմատիկա և այլն): Ընթացքում սիրավեպ է սկսվում իր և ինֆորմատիկայի երիտասարդ դասատու Ժուլիենի միջև: Կարոլինի ամուսինը սկսում է կասկածել: Հետո, երբ պիտի Ժուլիենն ու Կարոլինը միասին Իսլանդիա մեկնեն, վերջին պահին կինը հրաժարվում է՝ իր տեղը զիջելով մի երիտասարդ անգլուհու, վերադառնում ամուսնու մոտ, ու երկուսով միասին վայելում են իրենց ծերությունը:

Հիմա ասեմ, թե ինչու հակասական զգացողություններ առաջացրեց: Ըստ էության, եթե հոլիվուդյան ֆիլմ լիներ, հաստատ Կարոլինը կփախչեր Ժուլիենի հետ, ու միասին երջանիկ կապրեին: Բայց էստեղ նա ընտրություն կատարեց, հետ գնաց ամուսնու մոտ: Ու հա մտածում ես՝ լա՞վ արեց, թե՞ չէ: Ինձ թվում է՝ լավ արեց, որովհետև ֆիլմում մի քանի անգամ ցույց է տալիս, որ Ժուլիենը լիքը ջահել աղջիկներ ունի, ու նույնիսկ եթե Կարոլինին է սիրում (ինչն ի դեպ խիստ կասկածելի էր, համենայնդեպս իմ տպավորությամբ), ապա վերջինս իր տարիքի պատճառով միշտ պիտի տվայտանքների մեջ լիներ, թե մի օր ավելի ջահելին կնախընտրի: Դրա համար հենց ինքը բաց թողեց, թույլ տվեց, որ Ժուլիենն անգլուհու հետ գնա:

Բայց մյուս կողմից էլ ամուսնու մոտ վերադառնալը ռոմանտիկան լրիվ փչացնում է: Իհարկե, կարելի է հարցին ուրիշ կողմից նայել. Ժուլիենի հետ սիրավեպն օգնում է Կարոլինին, որ վերագհանատի ամուսնու հետ հարաբերությունները, որոնք կարծես մինչ այդ սառած էին: Իսկ ի՞նչ տվեց Ժուլիենին: Չգիտեմ, երևի ոչինչ, երևի միայն հիշողություններ: Անկեղծ ասած, չսիրեցի էդ կերպարին: Չափից դուրս տիպիկ տղամարդ էր: