30 օր երաժշտության հետ. օր 30. իմ ամենասիրելի երգն անցյալ տարի այս ժամանակ

Էս մի երգին հենց սկզբից էի պատրաստվում: Մոտավոր հաշվարկել էի, թե 30-րդ օրը երբ է գալու, փորձում էի փորփրել, վերհիշել, թե կոնկրետ այս օրերին ինչ էի լսում անցյալ տարի: Բնականաբար, ամենալավ օգնությունը lastfm-ն է: Բացեցի համապատասխան շաբաթը: Այ քեզ բան. սրանից մի շաբաթ առաջ էլ, մի շաբաթ հետո էլ կային երգեր, որոնք մյուսներից շատ էի լսում, բայց կոնկրետ այս մեկը լրիվ դատարկ էր, բաց: Դա բնավ չի նշանակում, որ անցյալ մայիսի կեսերին ոչինչ չէի լսում. 2012-ի մայիսը նույնքան երաժշտական էր ինձ համար, որքան այս տարվանը: Ուղղակի կար մի շաբաթ, երբ ինձ տուն էի գցում դասից ու միանգամից youtube միացնում, որ լսեմ մի շատ կոնկրետ երգ՝ Լիլիթ Բլեյանի «Տրամադրությունը»:

Հ.Գ. Փաստորեն, այսօր ավարտվում է 30 օր երաժշտության հետ զբոսանքը: Շնորհակալություն բոլոր հետևողներին, քոմենթողներին ու իրենց սեփական բլոգներում մասնակցողներին: Շնորհակալություն Բային գաղափարի համար: Քանի որ ես շատ եմ ուզում, որ հայկական բլոգոսֆերան ակտիվանա, մոտ ժամանակներս նմանատիպ տեքստային տարբերակով խաղ կառաջարկեմ:

30 օր երաժշտության հետ. օր 29. երգ իմ մանկությունից

Կար ժամանակ, երբ չունեի սեփական երաժշտական ճաշակ ու լսում էի այն, ինչ ծնողներս: Կար ժամանակ, երբ առանձնապես երաժշտություն չէի սիրում ու ներվայնանում էի, երբ հեռուստատեսությամբ երաժշտական հաղորդումներ էին լինում (եթե, իհարկե, լույս լինում էր հեռուստացույց նայելու համար): Ու հենց էդ տարիքում էր, որ հավեսով լսում էի Ռուբեն Հախվերդյանի երգերը: Երբ մեծացա, ունեցա իմ սեփական ճաշակը, նա մնաց իմ սիրելի կատարողներից: Ու էս երգը, որ հիմա կդնեմ, մանկությունիցս եմ հետս բերել: Հիշում եմ՝ սիրում էի, երբ հեռուստացույցով ցույց էին տալիս տեսահոլովակը: Մի նիհար տղա էր, որը թղթե նավակը դնում էր գետի մեջ ու հետևից վազում: Ու մեկ էլ վերջին կադրն եմ հիշում, երբ իսկական մեծ նավ է հայտնվում: Ցավոք, youtube-ում չգտա տեսահոլովակը:

Իսկ ես մինչև հիմա սպասում եմ, որ նավակը նավ է դառնալու:

30 օր երաժշտության հետ. օր 27. երգ, որը կուզենայի նվագել իմանալ

Ես հավատում եմ, որ մի օր այնքան հարուստ ու երջանիկ կլինեմ, որ ստիպված չեմ լինի սովորել ու աշխատել, որ ավելի շատ ազատ ժամանակ կունենամ ու վերջապես կհասնեմ հաճելի զբաղմունքների այն կետերին, որը վերջին տասը տարիների ընթացքում միշտ ցուցակից դուրս է թռել ժամանակի սղության պատճառով: Դրանցից մեկը կիթառ նվագելն է: Ես հավատում եմ, որ մի օր նորից կունենամ իմ սեփական կիթառը ու էս երգը կնվագեմ:

Հ.Գ. Բայց ասեք, որ քյառթու տեսահոլովակ ա 😀

30 օր երաժշտության հետ. օր 26. երգ, որը կարող եմ նվագել

Ոնց որ քիչ մնաց, հը՞: Մի քանի օրից էլ չեմ սպամի ձեր ֆիդը: 🙂

Եթե նվագելուց ենք խոսում, ջահել, շա՜տ ջահել ժամանակ ես կիթառ նվագել գիտեի, ու չնայած հիմնականում դասական էի նվագում, այնուամենայնիվ մի քանի երգ կար, որ ծնգացնել գիտեի: Դրանցից մեկը սա էր.

30 օր երաժշտության հետ. օր 24. երգ, որը կուզենայի թաղմանս հնչեր

Քանի որ թաղումը մարդու կենսագրության կարևորագույն իրադարձություններից է, թույլ տվեք՝ այս անգամ բացառություն անել ու մեկի փոխարեն երկու երգ տեղադրել: Երկրորդը որպես բոնուս:

30 օր երաժշտության հետ. օր 23. երգ, որը կուզենայի հարսանիքիս հնչեր

Հահահա, հարսանի՜ք: Նախ ինձ չեմ պատկերացնում ամուսնանալիս: Իսկ հարսանիք հասկացությունն ընդհանրապես ինձ ահավոր ծիծաղացնում ա: Ամեն դեպքում, եթե հանկարծ նման բան գլխիս գա, այ էս երգը կուզեի հնչեր:

Հույս ունեմ՝ հումորը հասկացաք:

30 օր երաժշտության հետ. օր 22. երգ, որը լսում եմ, երբ տխուր եմ

Կարող եմ հարյուր երգից բաղկացած հսկայական ցուցակ կազմել ու էլի ինչ-որ բաներ բաց թողնել: Բայց քանի որ արդեն 22-րդ օրն է, ու անարդարացիորեն Ջոան Բաեզից դեռ ոչինչ չեմ դրել, կտեղադրեմ նրա ամենասիրուն երգերից մեկը, որն իմ լացելու հարյուրյակում բավական բարձր տեղեր է զբաղեցնում: