30 օր երաժշտության հետ. օր 7. երգ, որն ինձ ինչ-որ դեպք է հիշեցնում

Դեպքերի մասին մտածելիս առաջին հերթին հիշում եմ տարբեր տարիների ծննդյանս օրերը ու դրա հետ կապված ընկերներիս մատուցած անակնկալները լիներ դա ռադիոյով երգ պատվիրելու, վիդեո սարքելու, թե դիսկ նվիրելու տեսքով: Արդյունքում՝ մտաբերում եմ լիքը երգեր, բայց դրանք հիմնականում կապվում են նաև այլ առիթների, այլ մարդկանց հետ, ու այս խաղի շրջանակներում դրանք կամ դրանց կատարողներն այլ կետերի տակ են հայտնվում կամ հայտնվելու:

Ու հենց այս երգն էլ՝ Muse-ի Unintended-ը, ինձ ուր ասես չի տանում. է՛լ պատանեկության տարիներս, երբ նոր էի հայտնաբերել ու լույսերն անջատած լսում էի այն, է՛լ ընկերուհուս խնդրանքով տեքստը թարգմանելը, է՛լ նուրբ ձեռագրով օրագրիս մեջ արտագրելը:

Բայց այս նույն երգը կապվում է նաև իմ ծննդյան օրերից մեկի հետ, ու դրանից հետո ամեն անգամ լսելիս հիշում եմ այդ օրը: Վերջին անգամն էր, որ Հայաստանում ծնունդ էի նշում: Ընկերներս Ֆրենդս ակումբում փարթի էին կազմակերպել ինձ համար: Էնտեղ պատահաբար տեսանք իմ հին ընկերներից մեկին՝ Մանուշակին, որը կիթառով էր եկել: Երբ իմացավ, որ իմ ծննդյան օրն է, կիթառը վերցրեց, ինձ էլ կանչեց, որ Muse-ի Unintended-ը երգենք: Դե ես չեմ ասում, թե ինչ անսլուխ եմ ու ինչքան փչացրեցի Մանուշակի կատարումը: Այնուամենայնիվ, էդ պահն ինձ շատ հուզեց, ու մինչև հիմա խորը պահում եմ որպես Հայաստանից մեկնելուց առաջի լավագույն հուշերից մեկը: