«Սպանել հորը» (Ամելի Նոթոմբ)

 Ապրեն Երևանի կրիայի պես շարժվող երթուղայինները, որ գուդրիդսի հայկական խմբի դեկտեմբերի գիրքը սկսելուց առաջ հասցրեցի մի հատ Նոթոմբ վերջացնել: Ու հեչ չապրի Նոթոմբը, որ «Սպանել հորը» գիրքը բավականաչափ երկար չէր, ու Նուբարաշենի ավտոբուսի մեջ վերջին կես ժամը ստիպված առանց գրքի եմ անցկացրել:

Էս Նոթոմբը լրիվ դեմք ա, յանը տարած դեմք: Սա ասում եմ ամեն անգամ նրա գրքերը կարդալիս: Մենակ յանը տարածը կարա պարտաճանաչ կերպով ոչ ավել-ոչ պակաս ամեն տարի մեկ և միայն մեկ գիրք տպի: Ու մենակ յանը տարածը կարա ամեն անգամ էս աստիճանի օրիգինալ սյուժեներ հորինել, բայց նույն թեման ամեն գործում անընդհատ ծեծել:

Միանգամից ասեմ, որ «Սպանել հորը» գիրքը Նոթոմբից կարդացածներիցս ամենաթույլն էր: Ճիշտ է` հետաքրքիր թեմա էր ընտրել. 15-ամյա Ջոն, որին մայրը դուրս է անում, իսկ հորը երբեք չի տեսել, ընկնում է մի տղամարդու (Նորմանի) ու կնոջ (Քրիստինայի) խնամակալության տակ: Սա շատ սովորական կլիներ, բայց Ջոն ու Նորմանը ֆոկուսնիկներ են: Հետն էլ Ջոն սիրահարվում է Քրիստինային ու ամբողջ երեք տարի սպասում, որ կարողանա հետ քնել (էստեղ պարզում եմ, որ ֆրանսերենում տղամարդու կուսության համար առանձին բառ կա` puceau):

Ըստ էության, թեման հետաքրքիր է. հայր չունեցող տղան հոր կերպար է փնտրում, իսկ որդի չունեցող Նորմանը Ջոյին ընտրում է որպես իր որդի: Բայց վերջում պարզվում է, որ Ջոյի մտադրությունները մի քիչ ուրիշ էին, ու իրականում Նորմանին երբեք հայր չի համարել: Հարց է բարձրացվում, թե ում համար է ավելի դժվար. հայր չունեցած տղայի՞, թե՞ տղա չունեցած հոր:

Բայց արի ու տես, որ այս գրքում Նոթոմբի կերպարները մակերեսային են, անհետաքրքիր, ինչ-որ տեղ նաև ստերեոտիպային, չնայած սյուժետային հետաքրքիր շրջադարձերին: Նորմանի ու Ջոյի կերպարները բավական ձանձրալի էին: Դե Քրիստինան էլ լրիվ երկրորդ պլանի անդեմ կին էր:

«Սպանել հորը» գրքում էլ Նոթոմբը զերծ չի մնացել իր սիրելի թեմաներից` անոռեքսիայից և տգեղությունից: Էստեղ էդ ամենը շատ թեթևակի է շոշափվում, ու բավական անիմաստ էր խցկելը, որովհետև ընդհանուր պատմության վրա էական ազդեցություն չի թողնում:

Զարմանալիորեն այստեղ չկային Նոթոմբի սիրելի մի քանի այլ թեմաներ, մասնավորապես` շոկոլադ և կին-կին հարաբերություններ: Երևի այստեղ փորձել էր տղամարդ-տղամարդ հարաբերությունները վերլուծել, բայց լավ չէր ստացվել: Չէ, Նոթոմբ, դու մենակ կանանց մասնագետ ես: Քո կին կերպարները շնչում են, իսկ տղամարդիկ թղթից են:

Մի քանի խոսք դեկտեմբերի 2-ի ցույցից

Երկար էի մտածում` ինչ գրեմ, որովհետև գիտեի, որ անպայման մի բան գրելու եմ:  Երևի կարճ կապեմ, որովհետև ոնց որ թե ամեն ինչ արդեն ասվել է:

1. Ովքե՞ր էին ցույցի մասնակիցները
Նրանց գրեթե ամենուր անվանում են եվրոպամետներ, եվրոգոմիկներ կամ եվրոակտիվիստներ: Չէ, ժողովուրդ, ծիծաղելի է էդ մի քանի հարյուր հոգուն այդքան հեշտությամբ «եվրո» բառի մեջ միավորելը: Արմայելն էլ է դրան անդրադարձել. «Անցանկալի եմ համարում ՄՄ֊անդամությանը դեմ լինել = ԵՄ֊անդամությանը կողմ լինել մտայնությանը»: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ ախր էդ մարդկանց մեջ ամեն տեսակի խմբավորում կար. անարխիստներ, ԼԳԲՏ իրավունքների պաշտպաններ, ազգայնականներ, ՀԱԿ-ականներ, էկոակտիվիստներ և այլն: Ո՞նց կարելի է էս բոլոր մարդկանց հավաքել «եվրո» բառի տակ:

Բայց իրականում այս բազմազան զանգվածը մի հետաքրքիր ընդհանրություն ուներ. 40-ից բարձր մարդկանց մատների վրա կարելի էր հաշվել: Արդյոք այստեղից կարո՞ղ ենք ենթադրել, որ Մաքսային միությանը դեմ են ոչ թե եվրոպամետները, այլ ընդհանրապես հայ երիտասարդները:

2. Ինչի՞ համար էր ցույցը
Դե հա, Մաքսային միության դեմ էր: Պուտինի գալու օրը շատ հարմար էր մեր բողոքն արտահայտելու համար, որովհետև ի վերջո հենց ինքն է Հայաստանին (իսկ ավելի ճիշտ` Սերժին) սպառնալով, թե շանտաժ անելով ստիպել միանալ Մաքսային միությանը: Նորիկն առաջարկում էր մեր կռիվը Սերժի, ոչ թե Պուտինի հետ անել: Բայց ախր այ Նորիկ ջան, եթե Պուտին չլիներ, մենք էս պրոբլեմի առաջ կկանգնեի՞նք

Բայց ոնց թե… Հայաստանը հազար ու մի պրոբլեմ ունի, դա թողած պիտի Մաքսային միության դե՞մ դուրս գանք: Այ, այ… էդ բոլոր պրոբլեմները մի տեղի՞ց չեն գալիս: Էդ մի տեղի անունը մեկը կդնի կեղծված ընտրություններ, մյուսը` ռեժիմ, երրորդը` Սերժ Սարգսյան, չորրորդը` Սահմանադրության թերություններ և այլն: Բայց ամեն դեպքում Հայաստանի մնացած հազար ու մի պրոբլեմների համար էլ ենք փողոց դուրս գալիս, չէ՞: Էդ ինչու՞ մի հարցի համար կարելի է բողոքի ցույց անել, մյուսի համար` չէ:

3. Ցույցի նպատակը հեղափոխությունն էր
Ձե՞ռ եք առնում: Ի՞նչ հեղափոխություն: Էդ որտե՞ղ է գրված, որ բողոքի ցույցը պետք է հեղափոխությամբ ավարտվի: Ես իմ կողմից եմ ասում` դուրս էի եկել իմ բողոքն արտահայտելու: Թող մյուսներն էլ իրենց կողմից դա ասեն: Ավելին` չէի էլ սպասում, որ էդքան մեծ թվով մարդիկ կմասնակցեն: Եթե էդքան շատ էինք, ուրեմն մի բան կա:

4. Բայց ինչ անկազմակերպ էիք
Հա ու ջան: Չգիտեմ` ում ոնց, բայց ինձ մի այլ կարգի դուր եկավ լիդերի բացակայությունն ու դրա հետևանքով առաջացած անկազմակերպ լինելը: Հենց  առաջնորդ չունենալն էր էդքան մարդ հավաքել, որովհետև եթե իմանում ես` էսինչյան էսինչն է կազմակերպիչը, լիքը մարդ, որ անձնական կամ ոչ այնքան պատճառներով չի սիրում էդ մեկին, չի գալիս ցույցի: Բացի դրանից, կոնկրետ կազմակերպիչ ունենալը ենթադրում է, որ կոնկրետ շահեր առաջ չէին բրդվում, մարդիկ եկել էին իրենց բողոքն արտահայտելու, ուրիշ ոչինչ:

5. Մեկ ա ձախողվեց ցույցը
Ինչու՞ եք էդքան համոզված: Ճիշտ ա` մեր նպատակն ի վերջո Բաղրամյան 26 հասնելն էր, ինչն էդպես էլ չհաջողվեց (գոնե կազմակերպված երթի տեսքով): Բայց մենք մեր բողոքն արտահայտեցինք, չէ՞: Իսկ ոստիկանության վարքն ուղղակի նպաստեց, որ ավելի մեծ աղմուկ բարձրանա, քան եթե հանգիստ հասնեինք Բաղրամյան, մի երկու բան վանկարկեինք, ցրվեինք տներով: Հա, իսկ էն նամակ-բան երկրորդական բաներ են:

6. Գոնե զգույշ լինեիր, բերման չենթարկվեիր
Մինչև հիմա զգույշ ենք էղել էլի, որ էս օրի ենք: Ու ընդհանրապես, ի՞նչ ա նշանակում զգույշ լինել: Ես խելոք քայլում էի Բաղրամյանով, որևէ հրահանգ չէի լսել, որ չի կարելի էնտեղ գտնվել: Ու կարծում եմ` չի էլ եղել, որովհետև երթևեկություն կար, մայթն էլ բաց էր, չնայած ոստիկանների հսկայական կոնցենտրացիային:

Ու հիմա մտածում եմ` իմանայի բերման են ենթարկելու, գոնե մի երկու բան կվանկարկեի Բաղրամյան 26-ի մոտ: Թե չէ էսպես ուղղակի քայլելու համար ահավոր անկապ ա, բայց դե զարմանալու տեղ չունեմ: Ի՞նչը անկապ չի որ մեր երկրում:

Բայց էս սաղ հեչ: Կարևորը` մի անգամ էլ համոզվեցի, որ Հայաստանում հրաշալի ջահելություն ա հավաքված: Նենց որ երկրորդ Սովետ չի լինելու, իսկ Մաքսային միությունը ժամանակավոր ա: