Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 2. ինտրովերտ հասարակություն

Առաջին մասն այստեղ

introvertsՎերջերս Կոպենհագենում բնակվող ընկերներիցս մեկը ֆեյսբուքում ստատուս էր գրել։ Ասում էր, որ երբեմն հարևանների կամ որդու դպրոցի երեխաների ծնողների հետ զրուցում է։ Հաճելի ու ընկերական են։ Բայց երբ նորից ինչ-որ տեղ տեսնում են իրար, չեն բարևում, ասես հեչ էլ ծանոթ չեն։ Այդ ընկերս չէր հասկանում, թե ինչու է այդպես, իսկ նրա դանիացի կինը մշակույթին էր վերագրում։ Հետևեցին բազմաթիվ այլ էքսպատների մեկնաբանություններ այն մասին, թե դանիացիներն ընդհանրապես կարճ խոսակցություն (small talk) անել չգիտեն, թե սոցիալական հմտություններ չունեն։ Մի քանիսն էլ կիսվեցին իրենց նմանատիպ փորձով։

Կիսածանոթ մարդուն չբարևելը Դանիայում մշակութային է։ Դա չի արվում որևէ մեկին արհամարհելու կամ չճանաչելու տալու համար, այլ մի քիչ դիմացինին հարգելու արդյունք է, մի քիչ էլ ուղղակի պարտադրված շփումից խուսափելու միջոց։ Դիմացինին հարգել նշանակում է, որ գուցե այդ մարդը խոսելու հավես չունի, ասելիք չունի, ուզում է իր մտքերի հետ մնալ։ Ինչու՞ անկապ սկսել եղանակից խոսել մենակ խոսելու համար։ Ու նաև հենց դանիացին հաճախ ուզում է շփումներից, կարճ խոսակցություններից զերծ մնալ։ Ինչու՞ բարևել ու խոսել, եթե դրա ցանկությունը չունես։ Եթե դիմացինը կարևոր ասելիք ունենա, ինքը կմոտենա։

Հայաստանում բոլոր տեսակի սոցիալական պարտականություններն ինձ խեղդում էին։ Զանազան հավաքույթներ, երբ գալիս, ձեռքերիցս քաշում, համոզում էին, որ տանեն պարելու։ Կամ երբ ուղղակի որևէ քեֆի ժամանակ առանձնանում էի, հազար հոգի կարող էր թափվել գլխիս ու հարցներ՝ ինչ է պատահել։ Չէ, բան չի եղել, ուղղակի չեմ կարողանում շփվել մարդկանց հետ, ուզում եմ մի քիչ մենակ մնալ։ Սրճարանում մենակ նստելն ամենատարօրինակ բանն էր (բայց էս մեկը ոնց որ վերջին տարիներին փոխվում է)։ Իսկ երբ այգիներում վեր էի ընկնում ու գիրք կարդում, պարտադիր մեկը մոտենում էր ու սկսում խոսել։

Իմ անձնական տարածքն ավելի մեծ էր, քան մեր մշակույթով սահմանվածը, ու երբ անծանոթ մեկը մոտենում, սկսում էր խոսել, շունչս կտրվում էր։ Դանիայում ահագին մեծ են անձնական տարածքները։ Ներխուժում առանձնապես չեմ նկատել։ Բայց այ հերիք է, որ գնամ Գերմանիա ու գնացքի տոմսի հերթ կանգնեմ, որ նույն «օդի պակասի» զգացողությունն առաջանա։

Ու միայն ֆիզիկական տարածքս չէր, որ ոտնահարվում էր։ Հայաստանում պետք է բոլորը բոլորի մասին ամեն ինչ իմանային։ Ուսանողական տարիներին գնահատականներն էին կամ ավարտելուց հետոյի պլանները։ Մինչև ծայրից ծայր չքրքրեին, հանգիստ չէին թողնի։ Հետո արդեն հասնում էին անձնականին, ամուսնանալուն ու նախատում, որ ուշացնել չի կարելի։ Իմ փոխարեն որոշում էին, թե որն է ճիշտ կյանքը ու ինչն է լավ ինձ համար։ Մինչև հիմա էլ անում են։ Մինչև հիմա էլ շատերը նախատում են ինձ Հայաստանից գնալու համար, ինչքան էլ փորձում եմ բացատրել, որ իմ կյանքն է, ու որոշումներ ընդունողը ես եմ։

Իհարկե, Դանիայում էլ են նման խոսակցություններ տեղի ունենում, բայց շատ զգույշ։ Ու երբ շատ ուղիղ ասում եմ, որ չեմ ուզում որևէ թեմայով խոսել, զրուցակիցն անմիջապես փոխում է թեման, ոչ թե նեղանում կամ շարունակում քրքրելը՝ մինչև իր ուզած ինֆորմացիան կորզի։ Հիշում եմ՝ մի անգամ նոր ամուսնալուծված գործընկերներիցս մեկի մասին մեկ այլ գործընկեր ասաց. «Փաստորեն, դու նորից սինգլ ես»։ Պատասխան. «Ես պիտակներ չեմ սիրում։ Եկեք փոխենք թեման»։ Ու զրույցը միանգամից ուրիշ ուղղություն ստացավ։

Այստեղ ապրելով նաև լիցքավորվելու ժամանակ եմ ունենում։ Ինձ համար կարևոր է շաբաթը մի քանի ժամ բազմոցին վեր ընկնելը, ոչ մեկի հետ չշփվելն ու ոչինչ չանելը (ոչինչ չանելու տակ հասկանանք բլոգ գրել, ֆեյսբուք բզբզալ, գիրք կարդալ ու այլ ժամանցային բաներ)։ Դա ծուլություն չէ, ֆիզիկական հոգնածություն չէ, հիվանդություն չէ։ Ուղղակի հոգեբանորեն դրա կարիքն ունեմ։ Եթե չեմ անում, հաջորդ ամբողջ շաբաթս վարի է գնում. հոգնածություն, ուշադրության կենտրոնացման դժվարություն, ոչ էնքան պրոդուկտիվ աշխատանք։ Երևանում ընդհանրապես անհնար էր էդպես վեր ընկնելը։ Հեռախոսս չէր լռում։ Եթե անջատում էի, որևէ ուրիշ բան էր մեջտեղ ընկնում։ Ու հնարավոր չէր լինում որևէ ծակ գտնել ու շունչ քաշել։ Միակ տեղը, որ դա հնարավոր էր, տատիկիս տանն էր, բայց բջջային հեռախոսների ի հայտ գալու հետ տատիկիս տանն էլ ուղղակի վեր ընկնելն անհնար դարձավ։ Դանիայում իրար զանգել հազվադեպ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում է լինում։ Մնացած դեպքերում մարդիկ շփվում են սմս-ներով ու ֆեյսբուքով։ Ու դա նույնպես թույլ է տալիս շնչել։

Ընդհանրապես, մենակ մնալու ցանկությունը կամ նույնիսկ պահանջը դանիացիների համար շատ կարևոր է, ու երբեք դիմացինը չի վիրավորվում, երբ մեկն այդ մասին բարձրաձայնում է։ Անցյալ տարի դանիական պատվիրակությամբ մեկնել էինք Անգլիա կոնֆերանսի։ Ամբողջ շաբաթ միասին էինք, լիքը մարդկանց հետ էինք շփվում, ասում-խոսում։ Բայց երբ եկավ վերջին օրը, բոլորս ուժասպառ էինք եղել։ Ու նախաճաշից հետո պայմանավորվեցինք, որ ցրվում ենք տարբեր կողմերով, զբաղվում ինչով ուզում ենք, հետո հանդիպում, միասին գնում օդանավակայան։ Հիմա պատկերացրեք էս նույն բանը հայկական պատվիրակության հետ։ Մի քանի երկուսը նեղանում են, մի երկուսը կպչում, հետդ գալիս են։ Իսկ եթե մեկն էլ ուզում է առանձնանալ, թաքուն անհետանում է, որ ոչ ոք չնեղանա ու ոչ ոք հետը չգա։

Մեկ էլ Հայաստանում գժվում էի վերջին վայրկյանին պլանների փոխվելուց։ Չգիտեմ՝ զբաղվածությունիցս էր, թե բնույթիցս, բայց ինձ ավելի հարմար էր լինում, երբ մի երկու շաբաթ առաջ նախապես պլանավորած էի լինում, թե երեկոներն ինչով եմ զբաղվելու։ Շատ ընկերներ նեղանում էին, երբ զանգում էին, առաջարկում հանդիպել, իսկ ես օրացույցս էի քրքրում ու հարմար օր փնտրում հաջորդ երկու շաբաթների ընթացքում։ Շատ ընկերներից էլ ես էի նեղանում, երբ վերջապես օրը գալիս էր, զանգում, ասում էին, որ չեն կարող գալ։

Դանիայում մարդիկ ամեն ինչ նախապես են պլանավորում, ու ճիշտ ինձ նման նեղվում են, երբ պլանները փոխվում են։ Իհարկե, մի երկու արտասահմանցի ընկեր ունեմ, որոնց հետ հանդիպելը գլխացավանք է դառնում, որովհետև միշտ առաջարկում են հանդիպել վերջին վայրկյանին, իսկ ես հազվադեպ եմ սպոնտան լինում (չնայած փորձում եմ, աշխատում եմ դրա վրա, բայց սպոնտանությունը ևս մի բան է, որ շատ արագ էներգիաս սպառում է)։ Ու մի երկուսն էլ զարմանում են դանիացիների՝ ամեն ինչ շատ շուտ պլանավորելու վրա։ Օրինակ, վերջերս ֆեյսբուքում ծննդյանս օրվա իվենթի էի բացել, հրավիրել  ընկերներիս։ Իվենթին գրեթե երկու ամիս կար։ Հրավիրելուս հաջորդ օրն ամերիկացի ընկերներիցս մեկին եմ տեսնում, ասում է՝ հո չե՞ս գժվել, երկու ամիս առաջ իվենթ ես բացել։ Ասում եմ՝ բայց մենք Դանիայում ենք։ Շառը գցում եմ Դանիայի վրա, բայց թաքուն ուրախ եմ, որ էստեղ էդպես է, որ երկու ամիս, ոչ թե երկու օր առաջ եմ իմանում ովքեր են գալու ու ինչ եմ եփելու։

Իրականում ինտրովերտ ու էքստրավերտ հասարակությունները լավ ու վատ հասարակություններ չեն, այլ տարբեր են։ Բայց ինտրովերտի համար դժվար է էքստրավերտների մեջ լինելը, էքստրավերտների համար՝ ինտրովերտների։ Դանիայում բազմաթիվ ամերիկացիներ, իսպանացիներ ու գուցե նաև հայեր նեղվում են, որ հասարակությունը «փակ» է, դանիացիները «սառն» են։ Բայց ես, որպես մասամբ ինտրովերտ, գտել եմ ինձ հարմար հասարակությունը, որտեղ կարողանում եմ մարդկանց հետ շփման ու առանձնանալու կատարյալ բալանս ապահովել ու հետևաբար ինձ լավ եմ զգում գրեթե ամեն օր։

 

6 thoughts on “Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 2. ինտրովերտ հասարակություն

  1. Բյուր, էս գրառումդ դիր Ակումբի «Ինտրովերտի» անկյունում. լավ ինֆորմացիա ա ինտրովերտ հասարակությունների մասին։ 🙂

Leave a comment