2023. էմոցիոնալ վիճակ և մարդիկ

2022-ը վատ տարի էր, բայց 2023-ն ավելի վատ էր։ Թերևս կարող եմ ուրախանալ, որ 2023-ին ոչ մի մտերիմ չկորցրի, որ առողջությունս տեղում է, գիրքս՝ տպագրված։ Բայց մնացած հարցերում կորուստների տարի էր. Արցախի կորուստն էր սարսափելի։ Մորթենն էր դժվարությունների միջով անցնում։ Ես ուղեղի ցնցում տարա, ու դա սարսափելի բան էր, երբ չգիտեի՝ երբևէ նորից «նորմալ» կլինե՞մ։ Իսկ տարվա վերջին նաև աշխատանքային սթրեսն էր, ու աշխատավայրս դադարել էր լինել կյանքիս մնացած վատ բաներից փախչելու ու թաքնվելու խաղաղ մի վայր, այլ հակառակը՝ իմ անձնական ու ազգային սթրեսն էլ ավելի էր վատթարացնում։ Իհարկե, այս ամենի արդյունքում նորից ու նորից գնահատեցի էն բոլոր մարդկանց, որ ունեմ իմ կյանքում. ընտանիքս, ընկերներս ու մարդիկ, որոնց հետ տարիներով չեմ շփվում, բայց որոնք կան իմ կյանքում այս կամ այն ձևով։

2023-ի ավարտն էր լավը. Կոպենհագենի մեր տանը մի խումբ ընկերներով, մի պահ աշխարհի դարդերը մոռացած, բարձր տրամադրությամբ, իսկ հետո անձրև ու հրավառություն, Ռուբիի ասած՝ իսկական Սկանդինավիա։ Ու չնայած 2024-ը քաղաքականապես կարծես ոչ մի լավ բան չի խոստանում, ուզում եմ հուսալ, որ գոնե մեզ համար այս լավ սկիզբն ինչ-որ բան կփոխի աշխարհում։

Լուսանկար «Կտորե տոպրակի» շնորհանդեսից «Զանգակ» գրատանը։
Թերևս տարվա ամենակարևոր իրադարձությունն ինձ համար ու ամենամեծ անձնական ձեռքբերումը
  1. Կարգին գործ – ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել անցնող տարում:
    «Կտորե տոպրակի» տպագրությամբ։ Ու նաև որոշ բաներ մեծ ճշգրտությամբ կանխատեսելու ունակությամբ
  2. Ներում – ինչի՞ համար կարող եմ ինձ ներել:
    Արցախի համար, որ ավելին չկարողացա անել
  3. Երախտիք – ինչի՞ համար եմ շնորհակալ:
    Շնորհակալ եմ Մորթենին, որ ևս մեկ տարի ինձ ցույց տվեց, թե որն է իսկական սերը, ամուր ամուսնությունն ու ստեղծագործական համագործակցությունը։ Շնորհակալ եմ ընտանիքիս համար ու իմ հրաշալիագույն ընկերների համար, որ ամենավատ պահերին կողքիս էին ու քաջալերանքի խոսքեր էին ասում։ Շնորհակալ եմ աշխարհի ամենալավ կոլեգաների համար, որ ինձ աջակցում էին ամենավատ պահերին, ու նախկին շեֆիս, որն ապրիլից էլ իմ շեֆը չէր, բայց իր թողած ազդեցությունն ինձ վրա միշտ հիշելու եմ։
  4. Խաղաղություն – ո՞ր պահերին եմ ամենախորը խաղաղությունը զգացել:
    Ադրիատիկ ծովում թափանցիկ ջրերի մեջ լողալիս ու ձկներին նայելիս։
  5. Աջակցություն – ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք ամենաշատն աջակցեցին:
    Մորթենը միանշանակ։ Ընկերներից Եվան, Ռուբին, Մանուն, Ագաթան, Լիլիթը, Տիրանը, Մարիան, Ջանեթան։ Իդան, Անյան, Ռաքելը, Լաուրան աշխատավայրից։
  6. Իմ մասերը – իմ անձի ո՞ր մասերը նորովի բացահայտվեցին:
    Առաջին հայացքից մարդկանց ինտուիտիվ զգալու ու նրանցից եկող վտանգը կանխատեսելու ունակությունս։ Երբ մի շատ կոնկրետ վտանգ կանխազգացի, ինքս ինձ ասում էի՝ ապուշ պարանոյա։ Մորթենն էլ էր ասում, որ անիմաստ անհանգստություն է։ Բայց փաստորեն նկատել էի մի շատ վտանգավոր բան, որ հետո իսկապես եկավ, սկսեց վնասել։
  7. Անսպասելին – անցյալ տարում ի՞նչն ամենաշատն ինձ զարմացրեց:
    Որոշ մարդկանց անսահման եսակենտրոնությունը։ Ընդհանրապես, 2023-ը կարծես եսակենտրոն ու նարցիսիստիկ մարդկանց բացահայտելու տարի էր, ու տարբեր կոնտեքստներում առնչվել եմ նրանց տարբեր տեսակների հետ։
    Անսպասելի էր նաև ուղեղի ցնցումս, որն ըստ էության ինձ այդքան երազած հանգիստը պիտի տար, բայց հենց էդ հանգիստ վիճակից ուղղակի գժվում էի։
  8. Հումոր – ո՞րն էր ամենածիծաղելի պատմությունը, ինչքա՞ն հաճախ եմ ծիծաղել:
    Հենց երեկ՝ Նոր տարվա գիշերն էր, երբ Անյան հայտնվեց երգող հավը գլխին։
  9. Ոլորտներ, որոնք ուշադրության կարիք ունեն – ո՞ր ոլորտներն ավելի մեծ ուշադրության կարիք ունեն:
    Գրելու ժամանակն առաջնահերթ դարձնելը։ Շատ դժվար է դա կազմակերպելը, երբ հոգեկանս հազիվհազ եմ առողջ պահում, իսկ դրա համար շատ կարևոր է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել այլ մարդկանց հետ։ Հետևաբար, սոցիալական շփումներ կրճատելու հաշվին պետք է փորձեմ գրելու ժամանակ գտնել, ինչն իր հերթին կարող է բացասաբար ազդել հոգեկան առողջությանս վրա։ Կամ գուցե պարզապես պետք է սպասել, մինչև էս դժվարին փուլն ավարտվի, որ այլևս հոգեկան առողջությանս էդքան զգույշ վերաբերվելու խնդիր չլինի։
  10. Սահմաններ – ի՞նչ սահմաններ եմ դրել, որոնց մասին հպարտությամբ կխոսեի:
    Աշխատավայրում որոշակի սահմաններ եմ դրել տարեվերջին, որոնք էապես բարելավեցին հոգեկան վիճակս։
  11. Վիշտ – վշտի ի՞նչ զգացողություններ եմ ունեցել:
    Արցախի կորուստը
  12. Սնունդ – ի՞նչ նոր սննդային սովորություններ ունեմ, որոնցով հպարտանում եմ:
    Շաքար ու ալկոհոլ գրեթե չեմ գործածել ողջ տարվա ընթացքում, բայց դեկտեմբերին էդ ամբողջը ջուրն ընկավ ուժեղ սթրեսի ու տոնական առատության պատճառով։
  13. Առատաձեռնություն – որքա՞ն առատաձեռն եմ եղել այս տարի:
    Շատ։ Իմ միջոցների մեծ մասն էլի Հայաստան ու Արցախ է գնացել։
  14. Ուշադրություն – ինչի՞ն եմ ամենաշատն ուշադրություն դարձրել: Իսկ ամենաքի՞չը:
    Հատկապես տարեվերջին իմ կամքից անկախ աշխատանքիս եմ ամենաշատն ուշադրություն դարձրել, ինչը բացասաբար է ազդել ինձ վրա։ Ու հենց դրա արդյունքում իմ հոգեկան ու ֆիզիկական առողջությունը երկրորդ պլան էր մղվել, բայց առօրյաս մարդկանցով լցնելով կարողացա գոնե ինձ էնպիսի վիճակի բերել, որ կարողանամ աշխատանքի գնալ։
  15. Կորուստ – ի՞նչ ափսոսանքներ կան, որոնք խանգարում են առաջ գնալ:
    Առաջ գնալը չգիտեմ, բայց Արցախի կորուստը շատ ցավոտ է։ Ու պետք է իրականության աչքերին ուղիղ նայել. սրանով չի վերջանում կորուստների շղթան։
  16. Ընկերություն – ի՞նչ նոր ընկերական հարաբերություններ կան, որոնց համար շնորհակալ եմ: Ի՞նչ հին հարաբերություններ կան, որոնք ինձ ուրախացնում են:
    Նորերից ընդհանուր առմամբ կարող եմ ասել Նովոնեյշընզի խորհրդի ժողովուրդը, մեկ էլ Ադրիանան։
    Արդեն հին դարձած Ջանեթան (Դանիայում)։ Հներից Մանուն (Նիդեռլանդներ), Ռուբին (Շվեդիա), Թերեզը (ԱՄՆ), Լիլիթը (Հայաստան), Տիրանը (Շոտլանդիա), Եվան (Կանադա), Անան (Սլովենիա), Մայան (Բոսնիա), Ագաթան (Դանիա), Մարիան (Դանիա)։ Այ էսպիսի աշխարհով մեկ սփռված ընկերական շրջապատ ունեմ։

Նայելով առաջ

  1. Ոգևորություն – ի՞նչն է ամենաշատը ոգևորում 2024-ի մասին:
    Ավելի շատ գրելը։ 2023-ին ընդհանուր առմամբ շատ քիչ եմ գրել, ու հիմնականում կիսատ-պռատ սևագրեր են էստեղ-էնտեղ։ Ոչ մի նոր ավարտուն բան չեմ գրել։
  2. Նպատակներ – ի՞նչ ռեալիստական նպատակներ ունեմ:
    Ուզում եմ երկրորդ վեպիս առաջին սևագիրն ավարտել։ Հուսամ՝ «Կտորե տոպրակի» թարգմանությունն էլ առաջ կգնա։ Նաև՝ կիսատ-պռատ պատմվածքներս ավարտել։ Ու ի վերջո՝ ոչ գրական կարիերաս առաջ տանել։
  3. Աջակցություն – ի՞նչ աջակցություն ունեմ դեպի ապագա շարժվելու համար:
    Մորթենը միանշանակ։ Ու որոշ ընկերներ ու կոլեգաներ, որ օգնեցին պինդ մնամ ու մինչև վերջ չկոտրվեմ, վստահ եմ, որ կշարունակեն։
  4. Մտքեր և գործողություններ – ի՞նչ նոր սովորություններ եմ ուզում ձեռք բերել և ամրապնդել մյուս տարի:
    Անցյալ տարի գրել էի. «Ուզում եմ վերադառնալ «կարճ գրելուն», այսինքն՝ ուզում եմ առնվազն ամիսը մեկ մի բլոգային գրառում, էսսե կամ պատմվածք վերջացնեմ»։ Ու սա գրեթե չիրականացրեցի։ Ուզում եմ այս տարի գրելը ռուտինային սովորություն դարձնել։
  5. Դեպի անիմանալին – բացի սովորական ընտրություններից, կա՞ն այնպիսի բաներ, որ փորձելու եմ մյուս տարի: Դիմելու՞ եմ ռիսկերի, որոնցից վախենում եմ։
    Մի ռիսկ կա, որ դիմելու եմ, բայց հրապարակային չեմ ասի։ Մի երկրորդն էլ կա, դրա մասին էլ չեմ ասի։
  6. Ամենակարևորի մասին – եթե իմանայի, որ շատ կարճ ժամանակ է մնացել ինձ ապրելու համար, ի՞նչ կանեի:
    Նույնը. հնարավորինս շատ ժամանակ կանցկացնեի սիրելի մարդկանց հետ։
  7. Ամենախորը երազանքները – եթե իմանայի, որ կորցնելու բան չունեմ, ինչո՞վ կուզեի զբաղվել:
    Գրել, կարդալ ու մարդկանց հետ ժամանակ անցկացնել։
  8. Ձեռքերը տարածած – ի՞նչ կուզենայի ստանալ հաջորդ տարի:
    Կուզեի ուղղակի կորուստներ չունենալ՝ ոչ անձնական, ոչ ազզգային։
  9. Մաղթանքներ – ի՞նչ մաղթանքներ ունեմ ինձ և իմ շրջապատին։
    Որ էլ ոչ մի տարածք չհայաթափվի։

2022. էմոցիոնալ վիճակ և մարդիկ

2022-ը սարսափելի տարի էր. թե՜ անձնական, թե՜ ազգային իմաստով։ Չնայած դրան, 2023 մտնում եմ ֆիզիկապես ու հոգեպես շատ ավելի ուժեղ, քան երբևէ եղել եմ, իսկ մեր տանն ավելի շատ սեր կա, քան երբևէ եղել է։ Այս տարում մեզ նետված դաժան մարտահրավերների շնորհիվ ես ու Մորթենը շատ աճեցինք ոչ միայն որպես ամուսնական զույգ, այլ որպես թիմ։ Ես, որ երևի աշխարհում ամենից շատ թիմային աշխատանք եմ սիրում, ուղղակի հպարտանում եմ, որ ամենալավ թիմը հենց մեր տանն է։ 2022-ը նաև նրանով էր առանձնանում, որ աշխատանքս իմ կյանքի ամենակայուն ու ամենահաճելի ասպեկտն էր։ Դրա համար հեչ չեմ փոշմանում համալսարանը թողնելու ու դեղերի արտադրության մեջ խորանալու համար։ Երբ իմ կյանքում ինչ-որ բան էն չէր լինում, աշխատանքի գնալն ու ամեն ինչից պոկվելն ուղղակի փրկություն էր։ Իսկ ակադեմիայում անձնականն ու աշխատանքը շատ էին միախառնված, ինչի արդյունքում մեկը մյուսի վրա էնպես էին բացասաբար ազդում, որ ի վերջո ուժասպառ էի լինում։ Պատերազմի ժամանակ դաս տալն էր անհնար դառնում, պայմանագրի լրանալուն մոտ՝ ազատ ժամանակս թեթև ու ուրախ անցկացնելը։

Իմ ամենախաղաղ պահերից մեկը Պորտոյում
  1. Կարգին գործ – ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել անցնող տարում:
    Իմ հոգեկան ուժեղությամբ։ 2022-ը կորուստների տարի էր, երեք անձնական մեծ կորուստների ու նաև ազգային կորուստների։ Երբեք իմ կյանքում մի տարում այսքան շատ ու մեծ կորուստ չեմ ունեցել, բայց միաժամանակ երբեք այսքան ամուր ու ուժեղ չեմ եղել։ Հպարտացել եմ նաև Մորթենով, իմ ընտանիքով ու իմ ընկերական շրջապատների բազմազանությամբ։ Երևի երբեք այդքան լավ չէի նկատել այս բազմազանությունը, ինչքան 2022-ին, երբ ահագին շատ ժամանակ անցկացրեցի ընկերներիս հետ։
    Նաև մասնագիտությունս փոխելով ու նոր աշխատանքային միջավայրում լիովին ինտեգրվելով։ Երևի իմ կյանքում կայացրածս ամենալավ որոշումներից էր։
  2. Ներում – ինչի՞ համար կարող եմ ինձ ներել:
    Ներում եմ Արցախ չգնալու համար, որ չնայած սեպտեմբերին հենց Արցախի համար էի առանց Մորթենի Հայաստան մեկնել, էդպես էլ չկարողացա ինքս ինձ հոգեպես համոզել էնտեղ գնալ, ու երկու օր Սիսիանում մնալուց հետո Երևան վերադարձա։
  3. Երախտիք – ինչի՞ համար եմ շնորհակալ:
    Շնորհակալ եմ իմ աշխատանքի համար, որ բոլոր տեսակի սպասելիքներս գերազանցեց ու դուրս եկավ, որ իմ կյանքի ամենաճիշտ որոշումներից էր։ Շնորհակալ եմ աշխարհի ամենալավ շեֆն ունենալու ու հրաշալի կոլեգաների համար։ Շնորհակալ եմ Մորթենի համար, որ աշխարհի ամենալավ ամուսինն է, ու անգամ յոթ տարի անց ամեն օր էլ ավելի եմ սիրահարվում նրան։ Շնորհակալ եմ ընտանիքիս ու ընկերներիս համար, որ բոլորը մեկը մեկից հրաշք են։
  4. Խաղաղություն – ո՞ր պահերին եմ ամենախորը խաղաղությունը զգացել:
    Պորտոյում մեր վարձած տան բնակարանի պատշգամբում նստելով ու սարերին նայելով, ինչպես նաև հեծանիվով աշխատանքի գնալիս-գալիս։
  5. Աջակցություն – ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք ամենաշատն աջակցեցին:
    Մորթենը միանշանակ։ Ի՞նչ էի անելու առանց նրա։ Պրոֆեսիոնալ կյանքում՝ շեֆս, որի մասին տպավորությունս առաջին հարցազրույցից մինչև հիմա մի գրամ չի փոխվել։ Ընկերներից Մանուն, Ռուբին, Եվան։
  6. Իմ մասերը – իմ անձի ո՞ր մասերը նորովի բացահայտվեցին:
    Հոգեկան ուժը, որ երբ բոլորն իրենց կորցնում են, ես ինձ հավաք եմ պահում ու կարողանում հարցեր լուծել։
  7. Անսպասելին – անցյալ տարում ի՞նչն ամենաշատն ինձ զարմացրեց:
    Որ ընդամենը աշխատանք փոխելը կարող է էսքան մեծ դրական ազդեցություն ունենալ կյանքիս վրա։
  8. Հումոր – ո՞րն էր ամենածիծաղելի պատմությունը, ինչքա՞ն հաճախ եմ ծիծաղել:
    Մենք ընտանիքում վիշտը սիրում ենք հումորով ողողել, ու պարադոքս էր, որ ամենաշատը ծիծաղել եմ ամենատխուր պահերին։
  9. Ոլորտներ, որոնք ուշադրության կարիք ունեն – ո՞ր ոլորտներն ավելի մեծ ուշադրության կարիք ունեն:
    Իմ անձնական ժամանակն ինձ համար կազմակերպելը։ Սոցիալական ցանցեր քիչ մտնելն ու անիմաստ կռիվների մեջ չներգրավվելը հաջողվում է, բայց փոխարենը ինձ ինչ կամավորական նախագծի մեջ ասես չեմ մտցրել։ Ժամանակն է առաջնահերթություններ կազմել ու ինձ համար ժամանակ ազատել։
  10. Սահմաններ – ի՞նչ սահմաններ եմ դրել, որոնց մասին հպարտությամբ կխոսեի:
    Դեռ չեմ դրել, բայց վերևի նշածի մասին։ Պիտի սովորեմ կամավորական ու հետաքրքիր նախագծերի առաջարկները մերժել։
  11. Վիշտ – վշտի ի՞նչ զգացողություններ եմ ունեցել:
    Հորս ու տատիկիս մահը։
  12. Սնունդ – ի՞նչ նոր սննդային սովորություններ ունեմ, որոնցով հպարտանում եմ:
    Սկսել եմ նորմալ նախաճաշել, բայց դե անխուսափելի բան է, երբ գիտես, որ պիտի մի ժամ հեծանիվով ճանապարհ գնաս։ Մի երկու անգամ կիսասոված փորձում ես, էներգիադ չի հերիքում, հետո արդեն նախաճաշելն անհրաժեշտություն է դառնում։
  13. Առատաձեռնություն – որքա՞ն առատաձեռն եմ եղել այս տարի:
    Աշխատավարձիս բարձրացման զուգահեռ առատաձեռնությունս էլ է մեծացել, ու իմ միջոցներից ահագին շատ Հայաստան ու Արցախ են գնացել այս տարի։
  14. Ուշադրություն – ինչի՞ն եմ ամենաշատն ուշադրություն դարձրել: Իսկ ամենաքի՞չը:
    Ամենաշատն ընկերներիս ու հարազատներիս եմ ուշադրություն դարձրել, իսկ ամենաքիչը՝ իմ անձնական հանգստին։ Հանգստի կարիք ունեմ, ավելի ճիշտ՝ ժամանակ ազատելու, որ ինքս ինձ հետ մնամ (մոտավորապես ոնց որ հենց հիմա, երբ էս տեքստն եմ գրում)
  15. Կորուստ – ի՞նչ ափսոսանքներ կան, որոնք խանգարում են առաջ գնալ:
    Ափսոսանքներ չունեմ։ Անգամ հորս դեպքում հպարտ եմ ինձնով, որ հասցրի մոտը լինել կյանքի վերջին օրերին, հպարտ եմ, որ վերջին երկու տարիներին փորձեցի լրացնել մեր կորցրած ողջ ժամանակը։
  16. Ընկերություն – ի՞նչ նոր ընկերական հարաբերություններ կան, որոնց համար շնորհակալ եմ: Ի՞նչ հին հարաբերություններ կան, որոնք ինձ ուրախացնում են:
    Նորերից Ջանեթան (Դանիայում)։ Մանուն (Նիդեռլանդներ), Ռուբին (Շվեդիա), Թերեզը (ԱՄՆ), Լիլիթը (Հայաստան), Տիրանը (Շոտլանդիա), Եվան (Կանադա), Անան (Սլովենիա), Մայան (Ուզբեկստան, հետո Բոսնիա), Դանիայից՝ Լիլիթը, Նատալին, Նարինեն։ Այ էսպիսի աշխարհով մեկ սփռված ընկերական շրջապատ ունեմ։

Նայելով առաջ

  1. Ոգևորություն – ի՞նչն է ամենաշատը ոգևորում 2023-ի մասին:
    Եվս մեկ անգամ գիրք տպագրելը։
  2. Նպատակներ – ի՞նչ ռեալիստական նպատակներ ունեմ:
    Շատ կոնկրետ ուզում վեպս տպագրել, ավելի շատ գրել ու հրապարակել ավելի բազմազան հարթակներում, ուզում եմ նաև վերջապես նորմալ յոգայի դպրոց ճարել, Բերգենի որակի հասնող։
  3. Աջակցություն – ի՞նչ աջակցություն ունեմ դեպի ապագա շարժվելու համար:
    Մորթենը միանշանակ։ Իր շնորհիվ 2022-ից ողջ-առողջ դուրս եկա թե հոգեպես, թե ֆիզիկապես։
  4. Մտքեր և գործողություններ – ի՞նչ նոր սովորություններ եմ ուզում ձեռք բերել և ամրապնդել մյուս տարի:
    Ուզում եմ վերադառնալ «կարճ գրելուն», այսինքն՝ ուզում եմ առնվազն ամիսը մեկ մի բլոգային գրառում, էսսե կամ պատմվածք վերջացնեմ։
  5. Դեպի անիմանալին – բացի սովորական ընտրություններից, կա՞ն այնպիսի բաներ, որ փորձելու եմ մյուս տարի: Դիմելու՞ եմ ռիսկերի, որոնցից վախենում եմ։
    Մի ռիսկ կա, որ դիմելու եմ, բայց հրապարակային չեմ ասի։
  6. Ամենակարևորի մասին – եթե իմանայի, որ շատ կարճ ժամանակ է մնացել ինձ ապրելու համար, ի՞նչ կանեի:
    Նույնը. հնարավորինս շատ ժամանակ կանցկացնեի սիրելի մարդկանց հետ։
  7. Ամենախորը երազանքները – եթե իմանայի, որ կորցնելու բան չունեմ, ինչո՞վ կուզեի զբաղվել:
    Իմ կյանքն արդեն էնպես է ընթանում, որ գոհ եմ ամեն տեսակի դասավորվածությունից։
  8. Ձեռքերը տարածած – ի՞նչ կուզենայի ստանալ հաջորդ տարի:
    Կուզեի ուղղակի կորուստներ չունենալ։ Կուզեի, որ 2023-ը 2022-ից լավը լիներ, իսկ դրա համար շատ բան չի պահանջվում։
  9. Մաղթանքներ – ի՞նչ մաղթանքներ ունեմ ինձ և իմ շրջապատին։
    Նույնը. արժանապատիվ խաղաղություն

2022-ի մասին


2023-ից մի օր պակաս մտածում եմ ինչ տարի էր 2022-ը։ Նոր տարում ավելի մանրամասն կգրեմ, բայց հիմա ուզում եմ անդրադառնալ տարվա սկզբի սպասումներիս ու տեսնել, թե ուր եմ հասել։

  1. Ոգևորություն – ի՞նչն է ամենաշատը ոգևորում 2022-ի մասին: Նոր աշխատանքս։ Ընդամենը մի քանի օրից սկսում եմ, ու ահավոր ոգևորված եմ, բայց նաև վախեցած. կարողանալու՞ եմ տակից դուրս գալ։ Եթե կար մի բան, որ 2022-ին դրական էր ամեն տեսանկյունից, հենց նոր աշխատանքս էր։ «Տակից դուրս գալը» ո՞րն է, արդեն լրիվ ինտեգրված եմ իմ նոր դերի մեջ ու մի այլ կարգի ուրախ եմ որոշմանս համար։
  2. Նպատակներ – ի՞նչ ռեալիստական նպատակներ ունեմ: Ուզում եմ վեպս վերջացնել, քիչ է մնացել։ Մեկ էլ ուզում եմ վերջապես Դանիայի մշտական կացություն ստանալ ու հասցնել քաղաքացիության դիմել։ Վեպս վերջացրել եմ։ Մնացել են վերջին խմբագրումները, որ հունվարին կանեմ, կսկսեմ տպագրությամբ զբաղվել։ Մշտական կացություն ստացել եմ։ Քաղաքացիության դեռ չեմ դիմել, բայց պատճառն ընդամենը մի կոնկրետ քարտուղարուհի է, որ հիվանդ է, ու քաղաքացիության քննության սերթիֆիկատս դեռ չի տվել։ Հունվարի սկզբին վերջապես կստանամ սերթիֆիկատը ու կդիմեմ։
  3. Աջակցություն – ի՞նչ աջակցություն ունեմ դեպի ապագա շարժվելու համար: Նոր շեֆս միանշանակ։ Ինքը սկզբում ինձ մոտիվացրեց, որ շատ ուզենամ էս աշխատանքը։ Հույս ունեմ՝ կլինի նաև այն անձը, որն ինձ կօգնի անցնել այս դժվար ճանապարհը։ Ես անընդհատ մտածում եմ էս տողերի մասին։ Մտածում եմ նոր շեֆիցս ստացածս առաջին տպավորության մասին հենց առաջին հարցազրույցի ժամանակ։ Մտածում եմ, թե ինչ տարօրինակ է, որ մի տարի անց գրեթե ամեն աշխատանքային օր նրան տեսնելուց հետո ոչինչ չի փոխվել. առաջին տպավորությունս բնավ խաբուսիկ չէր, ու շատ կարևոր դեր ունեցավ, որ լիովին ինտեգրվեմ իմ աշխատավայրում։
  4. Մտքեր և գործողություններ – ի՞նչ նոր սովորություններ եմ ուզում ձեռք բերել և ամրապնդել մյուս տարի: Ոչ թե ձեռք բերել, այլ վերաձեռքբերել. անկեղծ ու ուղիղ հաղորդակցվելու ունակությունս, որ ակադեմիայում երկար տարիներ աշխատելիս աստիճանաբար կորցրել էի։ Նոր աշխատանքս ու անկեղծ հաղորդակցությունը բարձր գնահատելն իսկապես օգնեց հասնել սրան։ Իհարկե, սա դեռ միայն պրոֆեսիոնալ ոլորտում է, անձնականում դեռ աճելու տեղ կա, կարծում եմ։
  5. Դեպի անիմանալին – բացի սովորական ընտրություններից, կա՞ն այնպիսի բաներ, որ փորձելու եմ մյուս տարի: Դիմելու՞ եմ ռիսկերի, որոնցից վախենում եմ։ Դե ամենամեծ ռիսկն արդեն արել եմ. ակադեմիան թողել եմ, հենց տարվա սկզբից կսկսեմ պտուղները քաղել։ Ու երևի կյանքիս ամենալավ որոշումն էր։
  6. Ամենակարևորի մասին – եթե իմանայի, որ շատ կարճ ժամանակ է մնացել ինձ ապրելու համար, ի՞նչ կանեի: Հնարավորինս շատ ժամանակ կանցկացնեի սիրելի մարդկանց հետ։ Ինձ չէ, բայց հորս կարճ ժամանակ էր մնացել, ու ուրախ եմ, որ հնարավորինս շատ ժամանակ եմ անցկացրել նրա հետ ընդհուպ մինչև կյանքի վերջին պահը։
  7. Ամենախորը երազանքները – եթե իմանայի, որ կորցնելու բան չունեմ, ինչո՞վ կուզեի զբաղվել: Ինձ թվում է՝ ճիշտ տեղում եմ։ Վերջին ժամանակների որոշումներս հենց «կորցնելու բան չունեմ» սկզբունքով եմ ընդունել, ու դեռ միայն ուրախ եմ։ Իսկապես։ 2022-ին ամենաճիշտ տեղում եմ եղել։
  8. Ձեռքերը տարածած – ի՞նչ կուզենայի ստանալ հաջորդ տարի: Չնայած ֆանտաստիկայի ժանրից է, բայց կուզենայի, որ մյուս տարի էս ժամանակները Հայաստանի մասին մտածելու կարիք չլիներ։ Հա, ֆանտաստիկայի ժանրից էր, էն էլ ինչ աստիճանի։
  9. Մաղթանքներ – ի՞նչ մաղթանքներ ունեմ ինձ և իմ շրջապատին։ Արժանապատիվ խաղաղություն է՜հ 😦

Էմոցիոնալ կապի մասին

Անցյալ գիշեր Մորթենի հետ քայլում էինք Կոպենհագենի փողոցներով։ Քաղաքի փողոցների մի մասը փակ էին Տուր դը Ֆրանսի պատճառով։ Կոպենհագենի էն հազվագյուտ ամառային երեկոներից էր, երբ կարճաթև հագուստով չես մրսում։ Երկինքը մանուշակագույն էր։

— Ինչու՞ տարին տասներկու ամիս էսպես չէ,- ասում եմ Մորթենին։ — Որ գնահատենք,- պատասխանում է։ — Սիրում եմ Կոպենհագենը։

Հետո մտածում եմ՝ ի՞նչն եմ սիրում։ Զուտ քաղաքը, հիշողությունները, մարդիկ, որ էլ այստեղ չեն։

— Գիտե՞ս,- ասում եմ,- Կոպենհագենում մարդկանց հետ էմոցիոնալ կապ հաստատել չի լինում։ Երևի Ջենից ու հայերից բացի ոչ ոք չկա։ Ո՞նց ասեմ։ Ջենն ինձ սիրում է, ու ես զգում եմ, որ սիրում է։ Ես էլ իրեն եմ սիրում… Էրոտիկ բան չկա էստեղ։ Խորը, պլատոնական սիրո մասին եմ ասում։

Հասել էինք մեր տան մոտի խաչմերուկին։ Շաբաթներ առաջ հենց այդ խաչմերուկի մոտ էինք։ Ուշ գիշեր էր։ Ալանիս Մորիսեթի համերգից հետո էր։ Փորձում էինք Ջենին գտնել, որ համերգից հետո գարեջուր խմենք։ Հաջորդ օրն առավոտյան շուտ աշխատանքի էի։ Հենց այդ խաչմերուկում կանգ առա, Ջենի զանգին պատասխանեցի, հետ դարձանք դեպի քաղաք, չնայած շատ հոգնած էինք։

— Չեմ փոշմանում, որ հետ դարձանք,- ասացի։ Այդ գիշեր Ջենի հետ հասցրինք մի գավաթ գարեջուր խմել։ Առաջին անգամ էր, որ Թրոուզից դուրս հանդիպում էինք։

Մտովի անցնում եմ Կոպենհագենում ապրածս տարիների վրայով։ Ինչքա՜ն տարբեր մարդկանց եմ հանդիպել, որ այլևս չկան։

— Մեկ էլ Մառլենն էր էդպիսին,- ասում եմ,- իր հետ էլ խորը կապ ունեի։

— Մեր դժբախտությունն էլ հենց դա է,- ասաց,- որ բոլորը հերթով գնում են։ Մտերիմները վերջացան, արդեն երկրորդ մտերմության մարդիկ են գնում… Լուսիան հիմա պիտի մի արվարձանում առանձնատանն ապրելիս ու երեխա մեծացնելիս լիներ։ Բայց թողեց ամեն ինչ, գնաց Մադրիդ։

Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում քանի՞ անգամ եմ մտածել ամեն ինչ թողնելու, Հայաստան վերադառնալու մասին։ Ինձ Մանուն ու Ռուբին են խելքի բերում, հիշեցնում, թե ինչքան վատ էի զգում Հայաստանում, թե ինչպես ամեն ինչ նույնիսկ ավելի վատ է։

— Գիտես,- ասում եմ,- էս վերջին անգամ, որ գնացի, մարդկանց հետ շատ խորը էմոցիոնալ կապ զգացի։ Ու հանկարծ հասկացա, որ ամեն ինչ ուրիշ կերպ կարա լինի։ Էնպես չի, որ Հայաստանում շատ ընկերներ ունեի։ Հա, լիքը մարդկանց էի ճանաչում, բայց մտերիմները, էդ որ ասում եմ՝ խորը էմոցիոնալ կապ էի զգում, շատ քիչ էին, շատերն էլ գնացել են Հայաստանից։ Իսկ էստեղ գրեթե չկան։ Չի ստացվում։

Ու կյանքում առաջին անգամ ինքս ինձ հարց տվեցի. մարդիկ իրար քի՞չ են սիրում Դանիայում։

Երեք օր Հայաստանում. մտավոր ճամփորդություն

Երբեք երեք օրով Հայաստան չէի եկել։ Անցյալ տարվա ընտրություններից հետո ինչ-որ բան կոտրվել, կարծես անվերադարջ կորել էր, ու Հայաստան գալու ցանկությունս՝ ի սպառ մարել։ Դրա համար երբ պետք է հորս հուղարկավորության համար Հայաստան գայի, ամեն ինչ արեցի, որ հնարավորինս կարճ լինի, հնարավորինս քիչ ջանք պահանջող, հնարավորինս չպարտադրող։ Դրա համար նաև Մորթենին թողեցի Կոպենհագենում, մենակ եկա։

Բայց չգիտեի, որ Մորթենն իմ պաշտապնիչ շերտն էր, այն վահանը, որն ինձ հեռու էր պահում Հայաստանի մեջ մխրճվելուց, հիշողություններից, վտանգավոր որոշումներ ընդունելու ցանկությունից։ Այս անգամ մենակ էի, մերկ ու խոցելի, ու երեք օրերը վերածվեցին մտավոր ճամփորդության դեպի անցյալը, իմ երիտասարդ տարիները, անճանաչելի դարձած Երևանը, մարդիկ, որ այլևս այնտեղ չեն, մարդիկ, որոնց այլևս տեսնել չեմ ուզում, մարդիկ, որոնց ճանաչել եմ Հայաստանից մեկնելուց հետո միայն։

Վերջին տարիներին Հայաստան ամեն այցելությանս ընթացքում ավելի ու ավելի օտարացած էի զգում։ Խումբ-խումբ հանդիպելը կամաց-կամաց փոխարինվել էր մի մեծ խմբով հանդիպելով, իսկ հետո արդեն առանձին-առանձին մեկ-երկու հոգով։ Համայնքները վերացել էին մի քիչ արտագաղթի, մի քիչ էլ քաղաքական պատճառներով։

Ավարտական երեկո (հունիս, 2009)

Իմ հին ընկերներից միայն Լիլիթին տեսա։ Ուրիշ մեկը կա՞ր որ։ Ի՜նչ երազանքներ ունեի 2013-ին, երբ վերադարձել էի Հայաստան, ու Լիլիթի հետ շրջում էինք Դիլիջանում՝ համոզված լինելով, որ շուտով ես էլ եմ էնտեղ տեղափոխվելու։ Ու ինչպե՜ս Դիլիջանն էլ, մնացած բոլոր երազանքներն էլ հերթով փուլ եկան, երբ պարզվեց, որ թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար պիտի կաշառք վճարեմ, որ գիտություն, թարմ գիտելիք ոչ մեկի պետք չէր, ու իմ աշխատանքային օրերն անցնելու էին Նուբարաշենի հոգեբուժարանում ձեռագիր հիվանդության պատմություն գրելով, իսկ երեկոները մտածելու էի՝ էս ի՞նչ եկավ գլխիս, ո՞նց պոկվեմ էս ամենից։

Հետո հիշում եմ Մանուին, թե ինչպես մի օր դասախոսությանս եկավ, ու մենք դուրս եկանք փողոց թափառելու, անհագ զրուցելով, թեև առաջին անգամ էինք հանդիպում։ Ի՜նչ ճանապարհ անցանք երկուսով Երևանից Յոենսու, Կոպենհագեն, Դրախտեն։ Ու կարոտեցի Մանուին, թեև ընդամենը երկու շաբաթ առաջ էինք հանդիպել Դրախտենում։

Մտովի հետ գնացի մինչև 2011-ը։ Միությունն եմ հիշում, աղջիկներով Կասկադում մեր ամառային երեկոները, մեր երկար զրույցներն ամեն ինչի մասին, Սերժ Թանկյանի համերգը (որովհետև էն ժամանակ դեռ լսում էինք նրան)։ Սոնային, որի հետ հիմա որևէ տեսակի կոնտակտ չունեմ, գիտեմ, որ Իսպանիայում է։ Թերեզին եմ հիշում. Լիլիթի հետ նրա միջոցով եմ ծանոթացել։ Թերեզն էլ հիմա ԱՄՆ-ում է, ու արդեն մոռացել եմ, թե վերջին անգամ երբ ենք մենք երեքով տեսազանգի էկրանից դուրս նույն տեղում միասին եղել, բայց մինչև հիմա անպայման միմյանց ծնունդներին նվերներ ենք ուղարկում։

Հետո նաև իմ ուսանողական կյանքն էր։ Երկար ժամեր գրադարաններում, գրքերի վրա քնել, քննություններին պատրաստվելիս Մարիայի հետ կոլայի շշեր դատարկել։ Իմ անմնացորդ նվիրված, ազնիվ ու բարի Մարիայի հետ, որ հետո ինձնից գաղտնի էր պահելու ամուսնանալն ու հղի լինելը, հետո գնալու էր Ռուսաստան, ու ես արդեն չեմ հիշում, թե քանի տարի չեմ տեսել նրան։

Մեր ավարտական երեկոն եմ հիշում. մի դահլիճ լիքը նորաթուխ բժիշկ բազմաթիվ հույսերով ու երազանքներով, որ ամիսներ անց բախվելու էին Հայաստանի առողջապահական համակարգի ու բժշկական հետբուհական կրթության իրական դեմքին, որ սկսելու էին կամաց-կամաց հեռանալու ճանապարհներ որոնել։ Իսկ ես առաջին գնացողներից էի լինելու։ Մեր կուրսից գրեթե ոչ ոք չի մնացել Հայաստանում։

Հետո սկսում եմ մտածել, վերջին ութ տարում առաջին անգամ, որ գուցե արժե Հայաստան վերադառնալ։ Ինչի՞ն վերադառնալ։ Ի՞նչ եմ թողել այնտեղ, որ չունեմ Դանիայում։ Այն մարդկանց ստվերների՞ն, որ այլևս այնտեղ չեն։ Իմ առաջին մասնագիտությա՞նը, որն ուզելով ու սիրելով ընտրել եմ ու դրանից հետո հազարումի մասնագիտություն փոխել, միայն թե Հայաստան չվերադառնամ։ Փողոցների՞ն, երթերի՞ն, Արցախի՞ն, դիմադրության շարժմա՞նը, քաղաքական քննարկումների՞ն, համախոհների՞ն։ Նոր շրջապա՞տ ստեղծեմ, նոր ընկերնե՞ր, հին ընտանի՞ք, ձախ շարժու՞մ, նոր կյա՞նք, վերադարձ հնի՞ն։

Հայաստանում երեք օրում մեկ նորից ես էի դառնում, մեկ օտարանում, դառնում իմ եվրոպական տարբերակը, մեկ զգում էի՝ սա է որ կա, սա է իմ տեղը (վերջին անգամ հեռանալուցս հետո առաջին անգամ), մեկ՝ միևնույն է, ես օտար եմ, եվրոպաբնակ, սփյուռքահայ, անծանոթ։ Ի վերջո, ինչու՞ գնացի։ Մասնագիտական հարցն առաջնային էր, չէ՞։ Գնացի, որ գիտությամբ զբաղվեմ։ Հիմա ի՞նչ եմ անում։ Չկա գիտություն, կա միայն իննից հինգը աշխատանք, կա ապահովություն, բայց հիվանդներն իմ կարիքն ունեն. Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճել է։

Իսկ Կոպենհագենին կարծես կողքից նայեմ։ Անծանոթ է դարձել, ու ոնց որ հյուր լինեմ։ Պաշտպանիչ շերտս չգիտի ինչպես ու ինչից ինձ պաշտպանի։ Առաջարկում է Թրոուզ գնալ, գրել։ Գնում եմ։ Հույս ունեի՝ Ջենը կլիներ այսօր, մի քիչ կկիսվեի դարդերիցս, բայց Ադամն է։ Թաքնվում եմ կոմպիս հետևում. էստեղ էլ օտար եմ։ Գլուխս թաքցնում եմ կոմպի հետևում, որ Ադամն արցունքներս չտեսնի։Կոպենհագենի ամենահարազատ վայրում օտար եմ զգում, ու էլ չգիտեմ ով եմ ես ու ինչ եմ ուզում։

Կիրակնօրյա

Ականջակալներս դնում եմ ու դուրս գալիս վազելու։ Ես ո՞ր օրվա դրսում վազողն եմ։ Փողոցի ծայրին հասնելուն պես անցնում եմ քայլելուն։ Վազել չի ստացվում։ Ոչ թե հոգնում եմ, շունչս է կտրվում, այլ ներսից ինչ-որ արգելակ կա, որ հրամայում է՝ մի՛ վազի։ Մարդկանց հայացքնե՞րն են։ Անհարմար հագու՞ստս։ Վազելուն ոչ հարիր դանդաղ երաժշտությու՞նը։

Մեր թաղամասի այգին

Զբոսնում եմ մոտակա այգում՝ մեր թաղամասի միակ կանաչ տարածությունում, որը ցանկացած ոչ անձրևոտ օր մարդաշատ է։ Հենց նախատեսածս տասնհինգ րոպեն լրանում է, տուն եմ գնում՝ էդպես էլ առաջին մի րոպեից հետո ոչ մի վայրկյան չվազելով։ Ավելի ուշ Մորթենի հետ եմ տնից դուրս գալիս, գնում ենք մոտակա խանութից բանջարեղեն գնելու։ Հերթի մեջ էինք կանգնած, երբ Էնջըլից էսէմէս եմ ստանում․ «Տա՞նն ես։ Քնա՞ծ ես։ Որոշեցի առանց զանգելու գալ։ Ուղղակի ուզում էի գիրքդ վերադարձնել»։ Մորթենին թողնում եմ հերթի մեջ, ինքս տուն գնում՝ Էնջըլին դիմավորում։
— Գիտեմ, որ անքաղաքավարի եմ,- բացատրում է Էնջըլը,- ուղղակի տանն էլ չէի դիմանում, որոշեցի դուրս գալ, քայլել։
Զարմացել էի, որովհետև դեռ երեկ գրել էր, որ սկեսրոջ տուն է գնալու։ Բացատրեց, որ ի վերջո չգնաց, որովհետև հինգ հոգին արդեն հավաքվել էին, ինքը վեցերորդն էր լինելու։ Դրա համար ամուսնուն ուղարկեց, ինքը մնաց։

Քայլեցի Էնջըլի հետ, գնացինք իր գրասենյակ, որտեղ պիտի ինչ-որ լար թողներ։ Լրիվ դատարկ շենքի միջով քայլելն ինչ-որ ապոկալիպտիկ շունչ ուներ։ Ամեն ինչ մաքուր ու կոկիկ էր, ամեն տեղ դիմակ կրելու զգուշացումներ էին ու ձեռքերն արտահանող միջոց, բայց ոչ մի մարդկային շունչ չկար։

Հետո գալիս ենք մեր տուն թեյ խմելու։ Վալերիա Լուիզելլիի «Կորած երեխաների արխիվից» ու պոլարոիդներից ենք խոսում։ Էնջըլը Բոլանյոյի «2666»-ն է խնդրում։
— Նկատե՞լ ես, «Կորած երեխաների արխիվում» հղում կա գրքին։
Էնջըլը նկատած չի լինում։
— Երրորդ արկղում է՝ ճամփորդում է հետները։ Հետո էլ․․․ հեռավոր կապ ունի «Կորած երեխաների» թեմատիկայի հետ։
Մոռացա ասել նաև, որ Լուիզելլիի սիրած գիրքն է։

Երեկոյան Մորթենի հետ սկսում ենք Էթվուդի մաստերկլասը նայել։ Էթվուդը գրելու պրոցեսից է խոսում։ Էնքա՜ն գիտակ է, էնքա՜ն ինտելեկտուալ։ Դրանից հետո Մորթենն ուղարկում է ինձ գրելու․
— Ուզում եմ կարդալ այդ վեպդ,- ասում է։
Երևանում էլ շատերին հանդիպելիս հարցնում էին՝ վե՞պդ ինչ եղավ։ Բոլորին խոստացել եմ, որ ինձնից կախված մասը 2021-ին կավարտեմ, ինչպես մի տարի առաջ խոստացել էի 2020-ին ավարտել։ Խոստացել եմ, բայց ոչինչ չեմ անում էդ ուղղությամբ․ ուշադրությունս ահավոր վատ է, երկու-երեք րոպեից երկար չեմ կարողանում որևէ բանի վրա կենտրոնանալ։ Էթվուդն ասում է՝ եթե չես կարողանում սկսել գրել, ուրեմն ինչ-որ բանից վախենում ես։ Ինչի՞ց եմ վախենում։

Մորթենն ինձ խոհանոցում մենակ է թողնում, որ գրեմ։ Ականջակալներս դնում եմ, սկսում եմ գրել, փորձում եմ կերպարիս հետ կապ ստեղծել։ Ահավոր բարդ է, կարծես կորցրել եմ նրան, բայց կարողանում եմ 741 բառ էկրանին հանձնել․ արդեն 35 էջ ունեմ։ Հետո սահուն անցում եմ կատարում բլոգիս ու գրում այն, ինչ գիտեմ։ Գրելը վազելու նման չէ․ տասնհինգ րոպեն անցնում է, իսկ ես դեռ գրում ու գրում եմ։

Դանիական ձմեռ

Առավոտյան Էնջըլին էսէմէս եմ գրում, տեսնեմ՝ ժամանակ ունի՞ ցերեկը զբոսանքի գնալու։ Չունի, առաջարկում է շաբաթվա ընթացքում։

Նախաճաշին լուրերն ենք կարդում։ Հարցնում եմ, թե Թրամփին քանի օր է մնացել։ Ասում է, որ երեք, ու որ կարող է այս երեք օրում Իրանի դեմ պատերազմ սկսել։ Ինքը վստահ է, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմ սկսել-չսկսելը Թրամփով է պայմանավորված։ Ես այդքան վստահ չեմ։

Ես միայն սուրճ եմ խմում ու կես թխվածքաբլիթ կուլ տալիս․ կեսօրին յոգա ունեմ, շատ ծանրանալ պետք չէ։ Յոգայից հետո կգնանք զբոսանքի։

Լուսանկար այն հազվագյուտ օրերից, երբ երկինքը կապույտ էր, իսկ ես դուրս էի եկել մինչև մութն ընկնելը

Բենեդիկտի հետ յոգայի դասն արտակարգ լավ է անցնում։ Կյանքիս մեջ առաջին անգամ կարողանում ագռավի դիրքում բավական երկար մնալ, այնքան, մինչև ինքս որոշեմ դիրքից դուրս գալ, ոչ թե ընկնեմ։ Այս առցանց յոգայի դասերը դեռ անցյալ գարնանից իմ միակ փախստավայրն են դարձել ինձ շրջապատող ամեն ինչից, այն մի ժամը, երբ կտրվում եմ աշխատանքից, լուրերից, սոցիալական ցանցերից ու գլուխս պայթացնող մնացած ամեն ինչից։ Բենեդիկտը չգիտի, թե ամեն օր ինչքան եմ իրեն ու Ինգվիլդին օրհնում հոգեկան հավասարակշռությունս պահելու համար։

Յոգայի դասից հետո խոսում եմ տատիկիս հետ։ Վերջին ժամանակներս մեր ամեն մի զրույց սկսվում է Հայաստանի ներկայիս իշխանություններին հայհոյելով, իսկ ավելի ճիշտ՝ նա հայհոյում է, ես լսում եմ ու համաձայնում։ Ամեն անգամ նոր բառեր է գտնում։ Եվ հետո միայն անցնում ենք ուրիշ թեմաների, եթե դրանք լինում են ընդհանրապես։

Դուրս ենք գալիս զբոսանքի։ Որոշում ենք հեռու սուպերմարկետ գնալ։ Մորթենը փորձում է ինձ համոզել, որ ամեն օր գոնե մի անգամ տնից դուրս գամ։ Բայց գնալու տեղ չկա․ ամեն ինչ փակ է, դրսում էլ խայտառակ ցուրտ է։ Չորեքշաբթի օրը մտովի ծրագրել էի գործից հեետո քայլել դեպի մոտակա այգին, յոգայի գորգիկս փռել ու գոնե մի տասնհինգ րոպե մաքուր օդին մարզվել։ Բայց գործից հետո արդեն խայտառակ մութ էր, ու անձրև էր գալիս։ Իսկ երեկ օրինակ հաջողացրել էի բժշկի գնալ, որ մեր տնից ամբողջ երկու րոպեի քայլելու հեռավորության վրա էր, ու գնալ-գալը չորս րոպե տևեց, իսկ բժշկի կաբինետում լինելս՝ հազիվ մի րոպե։ Ուսիս վրա կոնկրետ կետ սեղմեց, ցավից գոռացի, ասաց, որ գլխացավս հեռախոսին նայելուց է, որ ուղղակի մեջքիս այդ կետը հաճախ սեղմեմ ու ցավազրկող խմեմ։

Ձեռք ձեռքի տված ես ու Մորթենը քայլում ենք փողոցներով։ Առավոտվա կապույտ երկինքն ու արևը խիստ կարճատև էին, գորշը վերադարձել է, շուտով նաև մութը կընկնի։ Շենքերի անվերջ շարաններ, չերևացող երկինք ու սարսափելի ցուրտ։ Փորձում եմ համոզել, որ տուն գնանք։ Չի ստացվում։ Անցնում ենք Վարնըդամսվայով՝ մեր թաղամասի ամենաաշխույժ փողոցով, որին նաև փոքրիկ Փարիզ են ասում։ Մյուս փողոցներից ավելի մարդաշատ է, բայց Վարնըդամսվայի շաբաթօրյա սովորական աշխուժությունը չունի։ Որոշում ենք ուշադրություն դարձնել, թե փողոցի որ խանութներն են բաց, այսինքն՝ որոնք են դիտարկվում որպես «առաջին անհրաժեշտության», որոնք՝ ոչ։ Ալկոհոլ վաճառող երկու խանութներ բաց են, գրախանութը փակ է։ Ինչու՞ է տանը փակված լինելու պայմաններում ալկոհոլն ավելի անհրաժեշտ, քան գրքերը։

Վարնըդամսվայի այդ գրախանութի մոտով անցնելիս ես ու Մորթենը միշտ ներս ենք մտնում ու երբեք գիրք չենք գնում։ Ինչ-որ տարօրինակ ձգող ուժ ունի, որ դրսից մեզ կանչում է միշտ, իսկ ներսում միշտ մեր կարդացած գրքերն են վաճառում, որոնք ձեռք բերելու կարիք չունենք, որովհետև վաղուց արդեն մեր գրապահարաններում են։ Քննարկում ենք Դանիայում գրքերի քաղաքականությունը, ու թե ոնց են դրանք մի քանի անգամ ավելի թանկ, քան Նորվեգիայում։ Առաջարկում եմ մեր գրքերը Նորվեգիայից ներմուծել։ Մորթենն ասում է՝ Բերգենի գրախանութից միշտ էլ գրքեր ենք բերելու, արդեն ավանդույթ է։

Ես նույնիսկ չգիտեմ՝ Բերգենն ամենաշատն ինչի համար եմ սիրում․ գրախանութի՞, բնությա՞ն, յոգայի՞, թե՞ պարզապես պատուհանից բացվող տեսարանի։ Գուցե իր բոլոր բաղադրիչների հանրագումարն է, այն չպղծված, անարատ փախստավայրը, որտեղ գրեթե ոչ մեկի չեմ ճանաչում ու որտեղ պարզապես ինձ լավ եմ զգում։

Սուպերմարկետից խաչապուրի թխելու պարագաներ ենք գնում։ Վերջերս Մանուի հետ խոսելիս ասաց, որ Հոլանդիայում թխում է, իմ հավեսն էլ եկավ։ Մորթենը պանիր չի ուտում, ես էլ ամբողջն ուտել չեմ կարող։ Ուղղակի թխելու եմ՝ հիշելով իմ պատանեկության այն ժամանակները, երբ իմացածս միակ բաղադրատոմսը պատրաստի խմորով խաչապուրի թխելն էր։

Տանը սկսում ենք ընթրիք սարքել։ Ու էսպես ամեն օր, նաև աշխատանքային օրերին։ Օրերն ենք գլորում՝ ինքներս մեզ տարբեր բաներով զբաղեցնելով․ պատուհանից այն կողմ գորշ դանիական ձմեռն է, իսկ էկրաններին՝ աշխարհի վերջը, ու չգիտես՝ որն է ավելի վատ։