Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Ազատություն» (Ջոնաթան Ֆրանզեն)

on March 4, 2013

Jonathan-franzen-freedomԳիրքը սկսեցի կարդալ Անայի խորհրդով, ընդ որում՝ մի քանի անգամ հարցրեց, թե սկսե՞լ եմ արդյոք: Անկեղծ ասած, ծավալը տեսնելով էնքան էլ չուզեցի կարդալ, բայց հետո մտածեցի՝ եթե Անան ասում է, ուրեմն մի բան գիտի:

Ֆրանզենի «Ազատությունը» սկսվում է ամերիկյան մի թաղամասում հարևանություն նկարագրելով: Էնպես համով-հոտով, հավեսով հեղինակն ընթերցողին առաջին տպավորությունն է մատուցում հերոսների մասին: Հետո արդեն պատմությունը զարգանում է, հետ ու առաջ անում (հա, գծային չէր, բայց այդ մասին մի քիչ հետո), կերպարներին փորփրում, հանձնում ընթերցողին:

Վեպն ընդհանուր առմամբ մի ընտանիքի պատմություն է, զարգանում է նրանց կյանքի շուրջ: Ահագին հիշեցնում էր Իրվինգի «Մինչև քեզ գտնեմը»: Ժամանակաշրջանը լրիվ նույնն էր՝ քսաներորդ դարի վերջեր: Էլի ծայրից ծայր կենսագրություն էր, միայն այն տարբերությամբ, որ Իրվինգի վեպը կենտրոնանում է մի գլխավոր հերոսի վրա, իսկ Ֆրանզենը զարգացնում է ընտանիքի բոլոր անդամներին, անգամ նրանց նախնիներին էլ հիշում: Ինչպես Իրվինգի մոտ, Ֆրանզենն էլ հռչակավոր աստղ ուներ, միայն թե առաջին դեպքում դերասան էր ու «Օսկար» էր ստանում, երկրորդի դեպքում՝ ռոքեր էր ու «Գրեմմիի» էր ներկայացվում: Մեկ էլ, ի տարբերություն Իրվինգի, Ֆրանզենի զանազան ու զարմանազան կերպարները թղթից չէին, ոչ էլ ժամանակից շուտ անիմաստ մեռնում էին: Մենակ մի անիմաստ մահ կար, դրա մասին էլ հետո:

«Ազատության» բոլոր հերոսներն իրենց պատկերացմամբ ազատություն էին փնտրում, տանջվում, հասնում ինչ-որ բանի ու հասկանում, որ դա հեչ էլ իրենց ուզածը չէ: Բոլոր կերպարներն էնքան հավես էին կառուցած, էնքան բնական էին, էնքան կենդանի, որ կարդալիս էնպիսի զգացողություն ես ունենում, որ ճանաչում ես նրանց: Ինչ-որ վերաբերմունք է ձևավորվում: Մեկին սիրում ես, մյուսից զզվում:

Վեպն էնքան լայնածավալ է, որ հասցնում է միանգամից մի քանի կարևոր թեմա շոշափել: Մեկը սերն է, որ բոլորս ռոմանտիկ ու սենտիմենտալ ենք պատկերացնում, բայց Ֆրանզենի վեպում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Փեթին երիտասարդ տարիներին երկար ժամանակ չի հասկանում՝ Ուոլթերի՞ն է սիրում, թե՞ նրա մտերիմ ընկեր Ռիչարդին, իսկ ավելի ճիշտ՝ երկուսին էլ սիրում է: Վերջիվերջո, ամուսնանում է Ուոլթերի հետ, բայց Ռիչարդի հետ դավաճանում: Ու էդտեղից սկսած պատմությունը խճճվում է ու դառնում շատ ավելի բարդ:

Ֆրանզենը մի քանի օրինակներով շոշափում է նաև ծնող-երեխա հարաբերությունները: Փեթին, դժգոհ լինելով սեփական ծնողներից, փորձում է կատարյալ մայր լինել, բայց իր սեփական երեխաների հետ խնդիրներ է ունենում: Իհարկե, վերջում հեղինակը բերում, բոլորին հաշտեցնում է. Փեթին իր մոր հետ է լեզու գտնում, Ջոուին ու Ջեսին էլ՝ Փեթիի ու Ուոլթերի:

Տեսնում ես նաև սերունդների բախումը, երբ Ջեսիկան Լալիթային ձեռ է առնում սմս-ի ու իմեյլի տարբերությունը չիմանալու համար կամ երբ Փեթին ջահելներին քննադատում է խանութում ամեն ինչի գնելիս կրեդիտ քարտով վճարելու համար: Իր ասելով՝ ջահելներն էլ չեն ուզում ուղեղներն աշխատացնել, հաշվարկել, թե ինչքան փող պիտի տան, ինչքան մանր պիտի հետ ստանան:

Էլիզայի տեսքով Ֆրանզենը պատկերում է պարազիտ ընկերուհու տեսակը: Անկեղծ ասած, Էլիզայի կերպարն ինձ շատ դուր եկավ, ու ափսոս էր, որ էդքան շուտ հեռացրեց տեսադաշտից: Չնայած հիմնականում բացասական լույսի տակ էր ներկայացրել նրան, մի տեսակ համակրանք զգացի և գրքի շարունակության մեջ կարոտեցի նրան:

Հետո մրցակցությունն էր: Հերոսներն անընդհատ մրցակցում էին: Սկզբում Փեթին էր իր քույրերի ու եղբոր հետ մրցում և հաղթում՝ ամուսնանալով ամենալավ տղամարդու հետ, ծնողների հույսին չապրելով: Հետո նաև Ուոլթերն ու Ռիչարդն են մրցակցում, թե ով է նրանցից «մեծ եղբայրը» կամ ով է իրենցից ավելի լավը: Վերջում մրցակցությունը տեղափոխվում է հաջորդ սերունդ. Ուոլթերի ու Փեթիի երեխաներն են մրցակցում կամ գոնե Փեթին էդպես է ուզում տեսնել (հա, գրքի մեծ մասը հենց նրա տեսանկյունից է գրված):

Ու նաև՝ լիքը քաղաքականություն ու բնապահպանություն:

Գրքի երաժշտական ձևավորումն էր հետաքրքիր: Հավես էր սիրելի կատարողների անուններ կարդալ: Դե Բոբ Դիլանն ամեն իրեն հարգող ժամանակակից վեպում հայտնվում է, նրա մասին չեմ խոսի: Բայց կային նաև Փեթի Սմիթը (Էլիզայի սիրած երգչուհին էր), Շերիլ Քրոուն (Ռիչարդը գեշ ձևի ձեռ առավ նրան) և Ալանիս Մորիսեթը:

Ընդհանրապես, ինձ ահագին դուր եկավ, թե ինչպես Ֆրանզենը փորեց, բացահայտեց ժամանակակից մարդուն: Չնայած հերոսներն ամերիկացի էին, նրանցից շատերի մեջ ես ինձ էի տեսնում ու գժվում, թե ոնց էր կարողացել էդպես անթերի անկատար կերպարներ ստեղծել:

Այնուամենայնիվ, իմ կարծիքով, վեպը մի կարևոր թերություն ուներ: Դա Լալիթայի կերպարն էր: Նախ, էն մասերում, որտեղ նա կար, գիրքը բավական անհետաքրքիր, ձանձրալի ու արհեստական դարձավ: Երկրորդ, ես էդ մարդուն էդպես էլ չսիրեցի: Տպավորություն էր, որ հեղինակը փորձել էր նրան դրական լույսի տակ ներկայացնել, բայց դրանից ավելի էի ներվայնանում ու ատում այդ կերպարին: Հետաքրքիր էր՝ նաև ֆեմինիզմս էր արթնացել մեջս, ու ինձ համար նորմալ էր, որ Փեթին Ուոլթերին Ռիչարդի հետ էր դավաճանում, բայց ահավոր ջղայնացել էի, որ Ուոլթերը Փեթիին Լալիթայի հետ էր դավաճանում:

Հերիք չէ՝ Լալիթան բավական չստացված կերպար էր, դեռ մի բան էլ հեղինակը բավական չստացված կերպով է նրան հեռացնում պատմությունից. բռնում և ուղարկում է էն աշխարհ: Իրականում եթե թողներ նրան այնտեղ, չէր կարողանա բերել այս վերջաբանին: Լալիթայից ինչ-որ կերպ ազատվել էր պետք, ու հեղինակը չուզեցավ ամեն դեպքում նրան վատը սարքել: Ուղղակի ձորից գլորեց ներքև, դրանով հարցերը լուծեց:

Բայց պիտի ասեմ, որ ինձ ահագին դուր էր գալիս, թե ոնց էր Ջեսիկան Լալիթայի հետ կռիվ անում: Դե Ջեսիկան էլ բլոգեր աղջիկ էր, ո՞նց նրա կողմից չլինեի:

Չգիտեմ՝ պատմության ոչ գծայնությունն առավելությու՞ն է, թե՞ թերություն, որովհետև երբեմն դուրս գալիս էր, որ ժամանակային թռիչքներ էր կատարում հեղինակը, բայց երբեմն էլ ներվայնանում էի, երբ մի մասը վերջացնում էր հետաքրքիր տեղով, իսկ հաջորդ մասը ժամանակի լրիվ ուրիշ կետից սկսում: Դա նման է այն սերիալներին, երբ սերիան ինչ-որ կարևոր պահի վերջանում է, իսկ հաջորդը սկսվում է լրիվ ուրիշ տեսարանով: Վերջում էլ, կարծում եմ, մի քիչ անիմաստ ձգեց: Տպավորություն էր, որ առաջին 400 էջը (երևի մեկ էլ վերջին 50-ը) հավեսով գրել էր, բայց չէր կարողացել դրանք իրար կապել, դրա համար այ էդ մասերում լիքը ջուր էր ծեծել:

Այնուամենայնիվ, որպես ամփոփում անպայման խորհուրդ կտամ կարդալ: Ինձ ահագին տակնուվրա արեց էս գիրքը:

Advertisements

4 responses to “«Ազատություն» (Ջոնաթան Ֆրանզեն)

  1. uluana says:

    Բյուր, սենց գրառումներ անելու դեպքում լավ կլինի՝ էն գլխից զգուշացնես, որ մեջը սփոյլերներ կան, թե չէ մարդիկ կլինեն, որ կուզենան կարդալ, իսկ դու լրիվ ասեցիր, թե ով ում հետ ա ամուսնանում ու թե ով ինչից ու երբ ա մեռնում։ 😀 Ուղղակի ամբողջ խնդիրն էն ա, որ նենց հետաքրքիր ես ներկայացնում, որ մարդ ուզում ա կարդա, բայց միաժամանակ նենց ես անում, որ էլ չկարդա։ 😀

    • byurie says:

      Ան, ես մի քիչ ուրիշ փիլիսոփայություն ունեմ սենց հարցերում 😀 լավ գրքի դեպքում սյուժեն չի, որ պիտի հետ պահի կարդալուց: Նենց որ եթե կարդացողը կարդալու ա, սփոյլերը չի, որ պիտի խանգարի :))) բայց համ էլ շատ բան չեմ գրել, սկի չեմ գրել, թե վերջում ինչ ա լինելու: Երևի մենակ Լալիթայի մահն ա ստեղ սփոյլեր, բայց ինքը էնքան վատն ա, որ տեղն ա իրան, թող սաղ իմանան, որ մեռնում ա 😀

      ________________________________

      • uluana says:

        Չգիտես ինչի, տեղեկացում չէր եկել, ասեցի՝ հլը մի հատ ստուգեմ։ :)))
        Դե հա, պարզ ա, որ լուրջ կարդացողը սյուժեի համար չի կարդալու, մի քիչ չափազանցրել էի, բայց դե, մեկ ա, սյուժեի մասին իմանալն ամեն դեպքում ինչ–որ չափով փչացնում ա ընթերցանությունը։

      • byurie says:

        Արխային, շատ  բան չեմ բացահայտել: Եթե ուզում ես կարդալ, հանգիստ կարդա :ՃՃ

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: