Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Երևանյան մետրո

on April 19, 2013

– Հարուր դրամ,- արհամարհական տոնով նետեց ապակու հետևում նստած կինը՝ տեսնելով մեկնածս երկու քսան և մեկ տասը դրամանոցը:

Փաստորեն, մետրոն թանկացել է, իսկ ես էստեղ չեմ եղել: Ժպտացի, մեկնեցի ևս հիսուն դրամ, վերցրի մաշված ժետոնն ու քայլեցի դեպի շարժասանդուղք: Գարեգին Նժդեհի կայարան:

Առաջինն աչք ծակեց կայարանների ռուսերեն անունները կրող տախտակը: Փաստորեն, էնքան էլ չի փոխվել Երևանյան մետրոն: Շուրջս նայեցի ու զարմացա մաքրությունից ու սիրունությունից: Եվրոպական զանազան քաղաքների կեղտոտ ու հոտած մետրոն իր բազմազան ու հաճախ զզվելիորեն հարբած ուղևորներով հիշողությունիցս ջնջել էր մեր մետրոյի կոկիկությունը:

Եկավ նարնջագույն գնացքը, առջևի վագոնին գրված՝ «Մետրո Երևան»: Ինչ-որ բան տարօրինակ էր, աչքիս համար անսովոր: Մի քիչ մտածելուց հետո հասկացա. գնացքը կարճ էր, ընդամենը երկու վագոնանի:

Մտա ներս: Աթոռներն աչք ծակելու աստիճան նոր էին, բեռլինյան քրքրված նստատեղերի հետ չէին համեմատվի: Ներսում էլ ամեն ինչ նարնջագույն էր: Պատերն ուսումնասիրեցի: Թրաֆիքինգի պաստառները փոխարինվել էին Օռանժի գովազդով:

– Զգուշացեք, դռները փակվում են…

Նույն տեքստն էր, բայց նոր ձայն, նոր շեշտադրությամբ: Նայեցի դիմացս: Դռան վրա գրված էր «Չհենվե´լ»: Վերջապես Չ-ի վրայի սխալ շեշտը ճիշտ վանկի վրա էին տեղափոխել:

-…հաջորդ կայարանը Շենգավիթ:

Հիշում եմ՝ Շենգավիթը մի տեսակ կանաչ երանգ ուներ, ու առանձնապես չէի սիրում էդ կայարանը, որովհետև հենց էդտեղ էր, որ գնացքը նորից թունելի մեջ էր մտնում:

Վերանորոգել էին, կանաչը չկար: Էստեղից պետք էր փոխել Չարբախ գնալու համար: Մի անգամ եմ էնտեղ եղել, այն էլ՝ կոնկրետ նպատակ չունեի: Ակումբցիներով էինք: Ցուրտ էր: Որոշեցինք մտնել մետրո, որ տաքանանք: Հետո գնացինք-հասանք Չարբախ: Ցուրտ էր: Ուրիշ ոչինչ չեմ հիշում:

Երբ գնացքը թունելից դուրս եկավ, ագահորեն շուրջս նայեցի: Կարոտել էի էդ քռչոտ տեսարանները: Մի անգամ, երբ դեռ իններորդ դասարան էի, Լիան՝ տասներորդ, երբ կենսաբանության մի պարապմունք հետաձգվել էր, երկուսով մետրո նստեցինք Բարեկամությունից ու սկսեցինք զբոսնել թունելներում: Մետրոն մեզ համար կարուսել էր դարձել: Թունելից դուրս ինչ-որ տեղում թեքվում էր, ու դա մի քիչ վախենալու էր:

Սասունցի Դավիթ: Գնացքը չի շարժվում: «Էստեղ մի քիչ երկար էր կանգնում»,- հիշեցի: Շուրջը լիքը ուրիշ ռելսեր էին, որոնց վրա գնացքներ չկային: Երևանի գլխավոր կայարանը: Դատարկ ու տխուր: Մի օր կլինի՞, որ էստեղից անցնելով լիքը-լիքը գնացքներ տեսնեմ ու շտապող ուղևորներ:

Երիտասարդականում իջա: Գնացքից դուրս գալիս ուզեցի կողմնորոշվել, թե որ կողմով է պետք ինձ դուրս գալ: Հետո հիշեցի, որ մեր պստիկ մետրոյի ելքերը միակողմանի են: Հետևեցի բազմությանը: Դուրս եկա քաղաք՝ երազելով, որ մի օր երևանցիները կնախընտրեն միայն մետրոյով ճամփորդել: Ու էդ ժամանակ երթևեկությունը հաստատ կթեթևանա:

Advertisements

4 responses to “Երևանյան մետրո

  1. uluana says:

    Վայ, նարնջագույն գնացքներ կա՞ն հիմա Երևանի մետրոյում։ Երբեք չեմ տեսել։ :))) Ես մենակ կապույտ եմ տեսել ամբողջ կյանքում։ Նոր ա երևի, հա՞։

    Լսի, փաստորեն, ուրիշ երկրներում էլ են մետրոները հոտած ու կեղտոտ լինում, հա՞։ 😀 Ես էլ գիտեմ՝ մենակ ԱՄՆ–ում ա տենց։ Մենակ տեսնես Նյու Յորքի գոզահոտ մետրոները։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչքան մարդ և/կամ կենդանի պիտի էդ ամբողջ մետրոյում մշտական չիշիկ անի, որ տենց համատարած գոզահոտի մեջ կորած լինի մետրոն։ Հատկապես ամառները մի անտանելի վիճակ ա։ Էլ չեմ ասում խեղդող տոթի մասին։ Էստեղ էդ առումով լրիվ հակառակն ա. ամռանն ամեն տեղ հով ա, բացի մետրոյից, Երևանում էլ ամեն տեղ շոգ ա, բացի մետրոյից։ 😀

    Ես էլ դեռ մենակ Չարբախ անունը կարդացած՝ ակումբցիներով Չարբախ այցելությունը հիշեցի։ 😀 Հիշու՞մ ես՝ ոնց եղավ, որ գնացինք։ Կարծեմ խոսում էինք մետրոյից կամ թաղամասերից, Չարբախի մասին խոսք եղավ, պարզվեց՝ ոչ մեկս չենք եղել, ու բոլորիս համար Չարբախն ինչ–որ հեռավոր, խու, կորած–մոլորած տեղ էր, դե, անունն էլ լրիվ համապատասխան։ 😀 Ու տենց պահի տակ որոշեցինք մետրո նստել ու գնալ Չարբախ։ 😀 Ուշ ժամ, փախած տեղ. մետրոյում բացի մեզնից, ուրիշ մարդ չկար, հիշու՞մ ես։ 😀 Գնացքում էլ էինք մենակ մենք։ Վերջում էլ կարծեմ վերջին ռեյսով հետ եկանք։

    • byurie says:

      Երևի ավելի շուտ հներն են ներկել, վերանորոգել: Կամ էլ նոր գնացքներ են, եսի՞մ:

      Հա, մետրոն ամեն տեղ էլ տարբեր աստիճանի կեղտոտություն ունի: Իհարկե, Երևանում մաքրությունը կարծում եմ պայմանավորված ա նրանով, որ համեմատաբար քիչ մարդ ա օգտվում, համ էլ էդ բոմժերից, որոնք մետրոն զիբիլանոց են սարքում, Երևանում չկան, բայց դե ամեն դեպքում Երևանի մետրոյի նման մաքուր մետրո ուրիշ տեղ չեմ տեսել: Ամենասարսափելին Բեռլինն էր, որ կարող ա գիշերը աչքիդ առաջ մեկը միզեր, կամ շշեր էին շպրտում… մի խոսքով, զզվելի էր:

      Էդ Չարբախի պատմությունը շատ վատ եմ հիշում: Դու որ ասեցիր, մի քիչ ուղեղս պայծառացավ, բայց ինձ մոտ մենակ էդ անտանելի ցուրտն ա տպավորվել, որ հասանք էնտեղ, գնացքից դուրս էկանք, մրսեցինք, միանգամից նստեցինք մյուս գնացքն ու հետ էկանք: Հա, մեկ էլ հիշում եմ, որ ահավոր ջրիկացած էինք ճամփեքին: Դե որտեղ Արթուր, էնտեղ ջրիկություն 😀

      ________________________________

      • uluana says:

        Դե, ձմեռ էր։ Բաց ցուրտը չեմ հիշում։ 😀 Նկարներ կան էդ օրվանից։ Սպասի դնեմ Դրոփբոքս, հիշողությունդ ավելի վերականգնվի։ 😀

      • byurie says:

        հեսա նայեմ Դրոփբոքսում 🙂 վայ, ինչ հետաքրքիր ա, ես նենց ամառ-աշուն եմ հիշում, երբ անպատրաստ էինք ցրտին

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: