Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ի՞նչ տվեց ինձ վեց շաբաթ Երևանում լինելը

on April 21, 2013

DSCF3201Բարդ է մի քանի տողով բացատրելը, թե ինչ նշանակություն ունեցավ ինձ համար վեց շաբաթով Երևանում լինելը: Տարօրինակ զգացողությունների հսկայական կույտ էր, քուն մտած հույզերի արթնացում, որոնումների ավարտ, կողքից ինձ տեսնելու ու ու զարմանալու բացառիկ հնարավորություն, անկանխատեսելիություն, լիքը սթրես, մարդկանց օգնելու պահանջ, արցունքներ ու ամեն ինչի հետ լիքը-լիքը, անվերջանալի զարմանք:

Հենց առաջին օրերին զարմանում էի, թե ինչպիսի ծայրահեղ կարոտով էի նայում սենյակիս ամեն մի իրին: Կարող էի մի քանի րոպե շարունակ ուղղակի շոշափել գրապահարանիս գրքերը, հանել, նորից տեղը դնել: Էնքան որ համոզվեմ, որ էդ ամենն իրական է: Զարմացել էի, որ էդքան կարոտել էի:

Հետո հույզերս էին: Ինչ-որ անբացատրելի սեր էր բոլորի նկատմամբ: Տեղն եկած դեպքում ջղայնանում էի, անհանգստանում, տխրում, անգամ լացում: Մի խոսքով, սկսել էի զգալ, ուղղակի զգալ: Ու զարմանում էի, շատ էի զարմանում. ու՞ր էր կորել այդ ամենը: Ո՞նց էի առանց զգալու ապրում մինչ այդ:

Մեկ էլ Ազատության հրապարակի ռոք համերգն եմ հիշում, երբ Radiohead-ի Creep-ը կատարվեց, երբ what the hell am I doing here? I don’t belong here տողերն էլ չէի ուզում երգել կամ երգում էի I do belong here: Հա, ինչքան էլ տարօրինակ լինի, Հայաստանում էլ օտարացած չէի զգում: Ինձ դուր էր գալիս բոլորի մի մասնիկը լինելու զգացումը: Ինձ դուր էր գալիս, որ ստիպված չէի լինում լարվել ու մտածել ամեն քայլ անելիս, որովհետև դա իմ մշակույթն էր, ինչ էլ անեի ճիշտ էր լինելու (չհաշված առաջին օրերի ադապտացիան, երբ ավտոբուս ուզում էի դիմացի դռնից նստել), ինչ էլ ասեի, հասկանալու էին:

Հա, էս ընթացքում շատ ավելի պարզ գծագրվեց ինձ համար, որ իմ տեղը հենց Հայաստանն է, ոչ թե մի ուրիշ տեղ: Թքած, թե ավելի քիչ եմ վաստակելու, թքած, թե պակաս եմ գնահատվելու, թքած կյանքի ավելի լավ որակի վրա, թքած, թե համերգներից, կինոներից, գրքերից ու լիքը այլ զվարճանքներից զրկված եմ լինելու: Թքած ամեն ինչի վրա: Հայաստանում մարդիկ կան, հանուն որոնց արժե թողնել ամեն ինչ ու գնալ էնտեղ: Ու հա՛, ես մարդկանց համար եմ վերադառնալու՝ սկսած ազգականներիցս ու ընկերներիցս, վերջացրած անկողնուն գամված անշարժ հիվանդով ու նրան խնամող ծերուկով:

Կռիվ էի անում ինքս ինձ հետ, որ հաճախ ընկերներիս չեմ սիրում այնքան, ինչքան նրանք ինձ, բայց միևնույն ժամանակ ուրախանում էի, որ չնայած իմ եսասիրությանն ու չորությանը, նրանք շարունակում էին ինձ սիրել: Ու զարմանում էի, շատ էի զարմանում, թե որքան շատ ու որքան իրարից տարբեր ընկերներ ունեի: Դա իսկական հրաշք էր ինձ համար:

Իսկ ամենակարևորը չգիտեմ ոնց ու ինչու անընդհատ ինձ կողքից էի նայում, հետևում, թե ինչպես եմ դուրս գալիս զանազան իրավիճակներից: Հիանում էի ինձնով, հպարտանում էի: Ինձ դուր էին գալիս իմ հասունությունն ու հավասարակշռվածությունը: Հրճվում էի իմ վարքից ու մտածում, որ մի երեք չորս տարի առաջ հաստատ էդպես չէի վարվի: Ու գնահատում էի անցյալում մնացած բաներ, որոնք ժամանակին միայն կորուստ էի համարում: Ինձ դուր էր գալիս նաև իմ ուժը. ես ինձ անսահման ուժեղ էի զգում:

Մի խոսքով, Հայաստան գալով ամրապնդեցի բազմաթիվ համոզմունքներ ու շատ ավելի լավ ճանաչեցի ինքս ինձ: Դրա համար հատիկ-հատիկ շնորհակալություն բոլոր-բոլոր մարդկանց՝ սկսած ինձ ցավ պատճառածներից, վերջացրած ուշաթափվելու աստիճան ծիծաղեցնողներով: Իսկ այցիս մասին դեռ շատ կգրեմ, առանձին գրառումներով:

Advertisements

4 responses to “Ի՞նչ տվեց ինձ վեց շաբաթ Երևանում լինելը

  1. uluana says:

    Հետաքրքիր գրառում էր։ 🙂

    Բայց նախավերջին նախադասությունը կիսատ ա, Բյուր։

    • byurie says:

      Վայ, մերսի որ հասեցիր: Ես էլ գրել եմ ու միանգամից պառկել քնելու: Ասում եմ՝ ինչու՞ էի երազիս մեջ անընդհատ էդ նախադասությունը տեսնում :Դ

      ________________________________

  2. […] երեք ամիսները ոնց որ փոթորիկ լինեին: Ես եկա փնտրելով մարտ-ապրիլին տեսածս Հայաստանը, փորձելով ներկայիս կյանքը կապել այն ժամանակվա […]

  3. […] – Դելֆտում Վալենտինի օրն ինքս ինձ համար բացիկ գրելը – Մարտ-ապրիլի երեկոներն Ազատության հրապարակում – Առավոտները Խրոնինգենում Սոֆյայի հետ սուրճ խմելը – […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: