Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Iron & Wine-ն Ուտրեխտում

on June 3, 2013

Շատ քիչ են էնպիսի երգերը, առավելևս կատարողները, որոնցից երբևէ հոգնում եմ: Հիմնականում երբ մի երգ ինձ դուր է գալիս, այն հավիտյան մնում է սիրելիների շարքում, անընդհատ կարող եմ նորից ու նորից դրան վերադառնալ ու լսել: Իսկ այն քիչ կատարողները, որոնցից հոգնել եմ, իմ թինեյջերական կամ նույնիսկ ավելի վաղ տարիքից են: Մի քանիսից նույնիսկ զզվելու աստիճան հեռացել եմ ու վերացրել ամեն տեսակի հետք, որ երբևէ նրանց լսել եմ:

Բայց արի ու տես Iron & Wine-ը հենց այդ քչերից էր, որից ձանձրացա, ու դա տեղի ունեցավ համերգից մի քանի օր առաջ: Անցյալ շաբաթվա սկզբին արդեն մտածում էի՝ ուզու՞մ եմ արդյոք նրան կենդանի տեսնել, որովհետև ձայնագրությունները հոգնեցնում էին, նույնիսկ մտածում էի փլեյերիցս նրա երգերը վերացնելու մասին: Ծիծաղելի է. ընդամենը վեց շաբաթ առաջ եմ սկսել լսել նրան, սկզբում անգամ տանում էր, իսկ հետո հանկարծ դարձավ խիստ միօրինակ, չձգող, չլսվող:

Այնուամենայնիվ, Սոֆյան ինձ համար էլ էր տոմս գնել, հետևաբար արդեն ուշ էր համերգին չգնալու որոշման համար: Բացի դրանից, ամեն դեպքում հետաքրքիր էր՝ կենդանի ինչպիսի՞ն կլինի: Մի խոսքով, երեկ երկուսով ճամփա ընկանք դեպի Ուտրեխտ՝ հուսալով, որ համերգը ժամանակին կպրծնի, և մենք կհասցնենք Խրոնինգեն մեկնող վերջին գնացքին:

Համերգասրահ հասանք սկսվելուց ընդամենը մեկուկես ժամ առաջ: Չնայած տոմսերը տեղերով չէին (ասել կուզի՝ ինչքան շուտ գաս, էնքան լավ տեղ քեզ բաժին կընկնի), մեզնից առաջ միայն մի զույգ էր եկել, չորս հոգանոց խումբ էլ մեզ հետ նույն ավտոբուսից իջավ: Կարճ ասած՝ նստեցինք առաջին շարքի հենց ամենակենտրոնական տեղերում: Ու էստեղ ես հասկացա, որ Iron & Wine-ը կատաղի ֆանատներ չունի, չնայած պիտի ասեմ, որ հսկայական համերգասրահը համերգից րոպեներ առաջ լրիվ լցվեց:

This Is The KitՍկզբում This Is The Kit կոչվող անգլիական խումբն էր: Բեմ են բարձրացել երկու աղջիկ, մի տղա: Վոկալիստը երկու հյուսիկներով է, դեմքի խիստ անմեղ արտահայտությամբ, ամաչկոտ, հանդիսատեսի հետ խոսելիս երբեմն կարմրում է: Թվում է՝ առաջին անգամ է բեմ բարձրացել, բայց հետո պարզում ենք, որ արդեն տասը տարի է, ինչ խումբը գոյություն ունի:

This Is The Kit-ը վատը չէր: Աղջիկը, որի անունը Քեյթ էր, մի քիչ անհարթ էր երգում, մի քիչ անմշակ էր: Եթե լավ ձեռքի տակով անցներ, գուցե ուղղվեր: Էնպես շոտլանդական երանգ կար երգերի մեջ, Քերին Փոլուարթին էր հիշեցնում:

Մինչև Iron & Wine-ի ելույթն ընդմիջում եղավ: Էդ ժամանակ էր, որ զգացի՝ գլխացավս սկսվում է: «Էն գարեջուրը չպիտի խմեի,- մտածեցի,- ոչինչ, հեսա համերգը կսկսվի, կանցնի»:

Iron & Wine-ը բեմ բարձրացավ եքա արկեստրով: Բացի իրենից, ևս տասներկու հոգի կար բեմին: Երեքը բեք-վոկալիստ էին, իսկ մյուսները զանազան երաժիշտներ: Մի տեսակ չմարսեցի էդքան գործիքների ձայն, հատկապես փողայիններինը: Գլխացավս սկսեց ուժեղանալ: Իմ օրգանիզմը սաքսոֆոնային ու շեփորային ձայներ չի մարսում, հո զոռով չի՞:

Երևի նվագախումբն էր պատճառը, որ Iron & Wine-ն առանձնապես չէր հաղորդակցվում հանդիսատեսի հետ: Երգերի արանքներում հազվադեպ էր խոսում, կենտրոնացած էր գործի վրա: Ինքն էլ բեղ-մորուքով, դասական հագնված, կիթառն ուսին գցած: Լրիվ պրոֆեսիոնալ երաժիշտ էր, ոչ ավելին:

Iron & WineԲոլոր երգերն էլ ծանոթ էին, անգամ քիչումիչ հետը երգում էի: Բայց սպանեք, ոչ մեկի անունը չեմ հիշի: Ու բոլորն իրար նման էին: Հենց համերգի ժամանակ հասկացա, որ Iron & Wine-ը շատ ավելի ձանձրալի է, քան կարծում էի:

Համերգի մեջտեղներում արկեստրը գնաց, Iron & Wine-ը մենակ մնաց բեմի վրա, սկսեց պատվերներ ընդունել: Մի տեսակ տարօրինակ թվաց, երբ դահլիճից նրա մի քանի երգի անուն տվեցին: Թվում էր՝ էստեղ ոչ ոք նրան չի ճանաչում, իմացել են համերգ է, վեր են կացել, եկել են:

Հա, այ էդ պատվերների ժամանակ մի քիչ կենդանի դառավ, սկսեց հարցեր տալ հանդիսատեսին, բառացիորեն խոսել հետները, կատակներ անել: Մի հատ էլ էնպիսի երգ երգեց, որը նախկինում երբեք չէր կատարել: Տեխասի մասին էր: Սոֆյան ահագին հուզվեց. նրա հայրը տեխասցի է:

Հետո արկեստրը նորից եկավ, ու գլխացավս նորից ուժեղացավ: Ատամներս սեղմած նստել էի, վախենում էի, որ փողայինները կնվագեն, էլի գլուխս կպայթի: Անհամբեր սպասում էի վերջին, էլ չէի դիմանում: Ի՞նչ անեմ, ես պարզ մարդ եմ, չեմ սիրում, որ բեմի վրա էդքան գործիքներ են լինում:

Encore-ին չմնացինք. պիտի ավտոբուսին հասցնեինք, որ հետո էլ վերջին գնացքը բռնեինք: Էրնե՜կ Սոֆյային, որ կարողացավ իր սիրելի երաժշտի համերգից մի երկու երգ շուտ դուրս գալ: Ես կյանքում նման բան չէի անի:

Գնացքին հասանք: Գլխացավս հասավ գագաթնակետին: Միգրենի էն ամենաանտանելի նոպաներից էր: Լավ էր՝ Սոֆյայի մոտ դեղ կար, խմեցի, ճամփին դզվեցի: Բայց դա չխանգարեց, որ տուն գամ ու փլեյլիսթներիցս Iron & Wine-ի բոլոր երգերը ջնջեմ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: