Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Լյուբեկ. ես ու ճամպրուկս մեն-մենակ

on August 23, 2013

Բեռլին հասնելուց առաջ ուզում էի մի երկու օրով ուղեղս անջատել, հայտնվել օտար քաղաքում ու մոռանալ ամեն ինչի մասին: Բնականաբար, ամենալավ տարբերակը ճանապարհին որևէ տեղ կանգ առնելն էր: Ռիփը Լյուբեկը խորհուրդ տվեց, գաղափարը դուրս եկավ: Ասաց՝ տիպիկ գերմանական քաղաք է:

Բայց առաջին զարմանալի տարբերությանը, որ հանդիպեցի, այն էր, որ հոսթելներն առանձին մենակ աղջիկների ու տղաների սենյակներ ունեին, ու կարևորը՝ դրանք խառը սենյակներից թանկ չէին: Իսկ մնացած նմանություն-տարբերություններին պիտի հանդիպեի քաղաքում հայտնվելուց հետո:

Կայարանից դուրս եկա ու սկսեցի ճամպրուկս առաջ գլորել: Ծանր էր, դժվար էր գնում: Փաստորեն մոռացել էի, թե ինչ գլխացավանք է ամբողջ ունեցվածքդ պարունակող ճամպրուկով ճամփորդելը: Կամ գուցե Հելսինկիում ու Կոպենհագենում այնքան էլ բարդ չէր, որովհետև Լիլին էլ էր հետս, ու կարող էի ճամպրուկս մի քանի վայրկյանով թողնել նրա հսկողության տակ, վազել, ցուցատախտակները ստուգել: Իսկ էսպես անգամ գնացքում զուգարան գնալիս խառնվում էի իրար: Չէ՛, գողացվելուց չէի վախենում. 170 կմ/ժ արագությամբ սլացող գնացքում հազիվ թե ինչ-որ մեկը հասցնի կոտրե բավական ամուր կողպեքը, իմ հագած շորերի մեջ իրեն պետքականը գտնել ու թաքնվել, որ չբռնվի: Ուղղակի անտեր ճամպրուկները վտանգավոր են պայթյունների տեսանկյունից:

Հա, ուրեմն, մի կերպ ճամպրուկս դուրս բերեցի Լյուբեկի կայարանից ու սկսեցի առաջ գնալ: Հազիվ էր շարժվում: Հե՞տ եմ սովորել ճամպրուկ գլորելուն: Գուցե անիվները մաշվել են: Կամ էլ Լյուբեկի ասֆալտը լավը չէ: Մի խոսքով, բավական տաժանակիր աշխատանք էր ճամփի առաջին մասն անցնելը: Իսկ երբ հանկարծ աչքիս առաջ բացվեցին քաղաքի միջնադարյան դարպասները, շունչս կտրվեց: Ես հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ արել Լյուբեկ գալով:

Շուրջս նայելով կամաց-կամաց առաջ գնացի: Ոնց որ արդեն սովորել էի ճամպրուկիս: Վերջապես հասնում եմ հոսթելի փողոցին: Գտնում եմ հասցեն, մտնում ներս: Տերն իտալացի է: Ազգանունս չի գտնում ռեզերվ արածների մեջ: Թուղթս է նայում, ասում՝ սա ուրիշ հոսթել է: Ասում եմ՝ հա, ուրիշը ուրիշ, բայց ես մեյլ եմ ստացել, որտեղ գրել էին, որ չեքին էս հասցեում լինեմ: Չէ որ չէ, չկա տենց բան: Նյարդերս խախտվում են: Առավոտյան վեց անց կեսից ոտքի վրա եմ, մի կերպ իմ բոյաչափ ճամպրուկով հասել եմ տեղ, հիմա ասում է՝ էստեղ չէ, մի կես կմ էլ պիտի գնամ:

Ջղայնացած դուրս եմ գալիս: Քարտեզը հանում ու հոսթելի իսկական հասցեն փնտրում: Լավ, շատ հեռու չէ: Երրորդ փողոցը ձախի վրա: Բայց վրաս հալ չկա, սատկում եմ արդեն: Մի կողմից էլ արևը: Շոգից երբեք չէի դժգոհի, բայց երբ առավոտից ճամփեքին ես, ու վրադ էդքան բեռ կա, լրացուցիչ քրտնարտադրությունն ուղղակի ներվայնացնող է:

Մի երկու քայլ առաջ եմ գնում, հասնում առաջին փողոցին ձախից: Ու էստեղ հիստերիկաս բռնում է: Ախր սա էր էն փողոցը, որի մասին մեյլում նշվել էր: Չգիտեմ՝ ոնց էի էն մեկում հայտնվել: Ուղղակի փողոցների անունները նման էին, իտալացին էլ չէր նկատել, որ ուրիշ է: Բայց էստեղ մի նոր մարտահրավեր է առաջ գալիս. փողոցը դիք է, պիտի բարձրանամ: Դա հերիք չէ, սալահատակ է, այսինքն՝ ճամպրուկս հաստատ չի գլորվի: Խորը շունչ եմ քաշում, վերջին ուժերս հավաքում ու առաջ շարժվում: Ըհը, գտա հոսթելը: Մտքիս մեջ ասում եմ՝ բա որ մենակ չեքինն էստեղ լինի, ուղարկեն մյուս տեղը: Կգժվեմ, կասեմ ինձ ավտո նստացրեք, տարեք կամ տաքսի կանչեք: Բայց չէ, բախտս բերեց,  նույն տեղում էի գիշերելու:

Սենյակս կոչվում էր Էդինբուրգ:

– Երրորդ հարկ,- ասաց ընդունարանի աշխատողը:

– Վերելակը որտե՞ղ է,- հարցրի:

– Չկա, աստիճաններով:

Էստեղ քիչ մնաց գոռայի: Լրիվ ուժասպառ էի: Էդ ճամպրուկով երեք հարկ (հայերեն ասած՝ չորս) բարձրացողը չէի: Բայց դե սուսուփուս բեռս քաշեցի մուտքի մոտից ու քայլեցի դեպի աստիճանները: Էդ պահին ընդունարանի աշխատակցուհին տարածքի բանվորներից մեկին բռնեց.

– Էս ճամպրուկը Էդինբուրգ բարձրացրու:

Նման դեպքերում միշտ հրաժարվում եմ օգնությունից: Բայց էս անգամ լայն ժպտացի և շնորհակալություն հայտնեցի:

Սենյակում ինձնից բացի մեկ էլ մի կին կար, էն էլ քնած: Միայն իգական սենյակների լավն էլ հենց էդ է, որ երբեք լիքը չեն լինում: Արագ դուշ ընդունեցի, շորերս փոխեցի ու դուրս՝ Լյուբեկն ուսումնասիրելու:

շարունակելի

Advertisements

One response to “Լյուբեկ. ես ու ճամպրուկս մեն-մենակ

  1. […] հետ – Յոգայի առավոտյան դասերը – Ջանեթի հետ սուրճը – Լյուբեկն իր ամեն ինչով – Պրուհոնիցեն Աննայի հետ – Դասերս մանկավարժականում – […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: