Գրքին չորս էջ է մնացել: Գնացքը տասը րոպեից կհասնի Բեռլին: Շունչս կտրվում է: Գրքի՞ց է, թե՞ Բեռլին հասնելու հեռանկարից: Վերջին պարբերությունը կարդացի ու խորը շունչ քաշեցի. հասցրի: Գնացքը կանգ առավ, ու ես իմ հսկայական ճամպրուկով և ուսապարկով իջա:
***
Պետք էր ընդամենը S-Bahn նստել հիշելու համար, թե որքան չեմ սիրում Բեռլինը ու որ աշխարհում ոչինչ երբեք չի ստիպի սիրել այն: Նորից հիպստերների խիստ բարձր խտություն, անդադար շարժում, ջղային հայացաքներ:
***
Ամեն մեկն իր երկիրը պիտի ներկայացներ: Գերմանացիներն “I love Berlin” գրությամբ պայուսակներ նվիրեցին: Բեռլինն աշխարհի միակ քաղաքն է, որ հանգիստ կարող եմ ձեռքս դնել սրտիս ու ասել, որ չեմ սիրում այն: Եվ դա միակ պայուսակն է, որ ունեմ նման գրությամբ: Կբերեմ հյուրանոց, խորը կթաքցնեմ ճամպրուկիս մեջ ու էլ երբեք դրանով մարդամեջ դուրս չեմ գա:
***
Երկու տարի առաջ ամեն ինչ սկսվեց Բեռլինից: Հոգեբուժությունը թողած դասընկերներիս բացատրում էի, թե ինչ գործ ունեմ այս ծրագրում: Երկու տարի անց ամեն ինչ ավարտվում է Բեռլինում. ես նորից վերադառնում եմ հոգեբուժությանը, ու երբ ասում եմ՝ բժշկական կրթություն ունեմ, ոչ ոք չի զարմանում:
***
Ուշ երեկոյան աջ քունքս սկսեց բաբախել, ու ես զգացի ինձ այցելող բեռլինյան գլխացավը, որը մի ժամանակ սխալմամբ միգրեն էի կոչել: Հիշում եմ՝ Պոտսդամում ապրելուս ամիսներին ամեն երեքշաբթի պարտադիր ունենում էի այդ գլխացավը, մյուս օրերին՝ երբեմն: Հետո մի երկու անգամ Յոենսուում էլ եղավ, իսկ հետո վերացավ: Հիմա նորից գլուխս պայթում է: Բարի գալուստ Բեռլին: