Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ուղղահայաց սեղանը

on September 10, 2013

Ինձ ասացին, որ նա տեղում չէ, առաջարկեցին սպասել: Շնորհակալություն հայտնեցի ու դուրս եկա տարածքն ուսումնասիրելու: Տասներկուսն անց տասնհինգ էր:

Տասներկուսն անց քառասուհինգ նորից գնացի այնտեղ: Դեռ չէր վերադարձել: Հարցրին, թե ինչու եմ եկել: Պատմեցի ամեն ինչ: Ժպտադեմ երիտասարդ կինն առաջարկեց զանգահարել, բայց հետո տատանվեց: «Գուցե մի քիչ էլ սպասենք»,- ասաց: Աթոռ առաջարկեց:

Տեղավորվեցի աթոռին` փորձելով հնարավորինս աննկատ մնալ, որպեսզի ինձ վրա չիջնեն սենյակ մտնող-դուրս եկողների զննող-քննող հայացքները, որոնք ինձ այդքան անհանգստացնում էին միջանցքում կանգնած ժամանակ: Իսկ եկողները շշուկով կամ պարզապես ժեստերով փորձում էին պարզել` տեղու՞մ է արդյոք: Ժպտադեմ տիկինը գլուխը տարուբերում էր:

Ի վերջո, համարձակություն հավաքեց ու զանգեց ձեռքի հեռախոսին: Չպատասխանեց: «Գործով ա է դուրս էկել, հեսա կգա»: Հայտնվում է ինչ-որ մեկը, մյուսների պես ճշտում` տեղու՞մ է, թե՞ ոչ, հայտնում, որ գնում է: «Եթե հարցնի, կասես` հենց նոր գնաց»:

Ժամը երկուսն էր լինում, չկար ու չկար: Իսկ ես կարող էի էլի սպասել, մինչև հինգն էլ կսպասեի, միայն թե գար: «Կուզես, գնա, վաղը արի, որ չսպասես»: Առաջարկեց ժամը տասին ներկայանալ. «Դե տենց ինն անց կեսի կոմերը գալիս ա, դու տասին արի»:

Նրա` տեղում չլինելն ինչ-որ ծանոթ զգացողություն առաջացրեց, որի մեջ այն ժամանակ չխորացա:

***

Առավոտյան ուղիղ տասին նորից այնտեղ էի: Ինձ ասացին, որ դեռ չի եկել: Նստեցի միջանցքում` փորձելով կռահել, թե նոր եկողներից որ մեկն է ինքը, որովհետև դեմքով չէի ճանաչում:

Իսկապես, սխալվել չէի կարող. հենց հայտնվեց, ճանաչեցի ու մեքենայաբար կանգնեցի, որովհետև գիտեի, որ նրանք սովորաբար չեն սիրում, երբ ինձ նմանները նստած են դիմավորում: Ասենք, դրա կարիքը չկար, որովհետև չնկատեց ինձ ու քայլեց դեպի իր կաբինետ: Հետևեցի նրան ու կուչ եկա ընդունարանի մի անկյունում: Առաջին անգամ շրջվեց և ինձ նայեց: «Ի՞նձ եք սպասում»,- հարցրեց:

Ներս հրավիրեց: Իսկ էնտեղ կահույքն այնքան ծանոթ դասավորություն ուներ, մեծ գրասեղան և ուղղահայաց երկար սեղան, դրա շուրջ դասավորված աթոռներ, որոնցից մեկն առաջարկեց ինձ: Այսպիսի դասավորությունը միշտ շեշտում է քո փոքրությունը, չնչինությունը, իսկ նա դառնում է վեհ ու հզոր, անհաղթ քեզ նման ոչնչությունների համար:

Հայտնեցի, թե ինչու եմ էնտեղ: Սկզբում չհասկացավ (թե՞ ձևացրեց): Կրկնեցի: Ասաց, որ իրականում ոչ մի պայմանավորվածություն էլ չկար, որ աշխատավարձի թիվը սխալ եմ հասկացել, որովհետև դա ընդգրկում էր նաև շտապօգնության հերթապահությունները: Երբ առարկեցի, հարցրեց, թե ինչու եմ դեմ հերթապահություններին: «Պատրաստ չեմ»,- ասացի: Պատասխանիցս անակնկալի եկավ ու փորձեց պարզել, թե ինչ է նշանակում պատրաստ չլինել: Բացատրեցի, որ գիտելիքներս թարմացման կարիք ունեն: Չգիտեմ, երևի չհասկացավ, որովհետև այդ աշխարհագրական դիրքում գիտելիքների թարմացումն ինչ-որ անհասկանալի, օտար մշակույթից եկած երևույթ է:

Երբ իմացավ, որ երկու տարի առաջ եմ ավարտել, հարցրեց, թե ինչ եմ արել էդ ընթացքում` մտածելով, որ ուղղակի չեմ աշխատել: Արտասահմանում սովորելը բնավ տպավորություն չթողեց, անգամ չհարցրեց, թե ինչու եմ վերադարձել:

Հետո սկսվեց երկար-բարակ խոսակցությունն այն մասին, որ այդ տեղը զբաղեցնում է թոշակի տարիքի մի կին, որ դեռ պետք է նրան աշխատանքից ազատել, որ նա վարձատրվում է նաև զինկոմում աշխատելու համար ու որ էնտեղից նրան ազատելն իր իրավասությունը չէ, որ պետք է գնալ մարզպետարան ու էնտեղից պահանջել: Ես ասացի, որ էթիկորեն դա ճիշտ չեմ համարում, բայց նաև հարցրի, թե որքան երկար կտևի այդ պրոցեսը: «Չգիտեմ, գուցե մինչև հունվար, գուցե չուզենան էլ ազատել»,- պատասխանեց: Հետո առաջարկեց Երևանում աշխատանք փնտրել կամ գնալ Իջևան կամ Ստեփանավան, որովհետև էնտեղ էլ մասնագետի կարիք ունեն: Իսկ վերջում ավելացրեց, որ ինձ սիրով կընդունի աշխատանքի, բայց նախ պետք է մարզպետարան գնալ:

Դուրս եկա նրա մոտից` արդեն շատ լավ հասկանալով, թե ինչ ծանոթ զգացողություն էր ինձ այցելել նախորդ օրը, որ այդքան ջանասիրաբար արհամարհել էի, բայց այդ օրն այլևս անտեսել չէի կարող: Ես չգիտեմ, թե դա ինչ անուն ունի, բայց նույնը զգացել եմ չորս տարի առաջ: Դա կուտակվել ու վերածվել էր Հայաստանից հեռանալու որոշման: Քանի որ այդ բոլորի միջով մի անգամ անցել էի, էլ պետք չէր, որ մի ամբողջ ամիս անցներ, որպեսզի հեռանալու միտքն ինձ այցելեր: «Գնամ Երևան, սկսեմ PhD դիմել»,- մտածեցի: Բայց հաջորդ վայրկյանին հիշեցի, որ ուզում եմ հոգեբույժ աշխատել ու նաև հասկացա, որ ես ու ինձ նմաններն են մեղավոր, որ այդ մարդիկ ուղղահայաց սեղաններ են դնում ու ստիպում, որ իրենց մասին միայն շշուկով խոսեն: Հասկացա ու որոշեցի մնալ, որ շուռ տամ բոլոր ուղղահայաց սեղանները: Ու գուցե մի օր հասնեմ իմ փոքրիկ ու անհեթեթ մասնագիտական երազանքին:

Advertisements

9 responses to “Ուղղահայաց սեղանը

  1. uluana says:

    Սեղան–աթոռների դիրքն ու դրանց մեկնաբանությունն ինչ դիպուկ էր…

  2. ահա, պետք ա շուռ տալ ուղղահայաց սեղանները (:

  3. norayr says:

    ինչն է ինձ հետաքրքրում, այդ ստրկական վիճակը սովորական մարդկանցի՞ց է թե՞ այնուամենայնիվ իրենց գլխավորներից։ այլ խոսքերով՝ ո՞վ է առաջինը։ վիշա՞պը թե՞ ստրուկը։

    • byurie says:

      Ինձ թվում ա` էս իրավիճակում դա կարևոր էլ չի կամ մեկը մյուսի հետևանքն ա: Ինձ թվում ա` հիմա կարևոր ա թույլ չտալը, որ դա շարունակվի, թե չէ եթե վիշապ լինի, ստրուկ էլ կլինի, եթե ստրուկ լինի, վիշապ էլ կլինի:

      ________________________________

  4. norayr says:

    նաեւ շնորհակալությաուն այնքան մանրամասն, մանրուքներին ուշադրությամբ գրելու համար։

  5. […] Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ նայում եմ ինքս ինձ, թե ինչու չորս տարի առաջ որոշեցի գնալ, հետո ուսումնասիրում եմ ամերիկյանի գրադարանում «բնակություն հաստատած» դասընկերներիս, նորից վերադառնում ինձ, որ այս երեք շաբաթների ընթացքում անընդհատ մտածում եմ գնալու նոր տարբերակների մասին: Ու ստանում եմ մի տխուր պատասխան. համակարգը: Իմ լավ համակուրսեցին կասեր. «Պետք չի ցույց տալ, որ մի երկու բան ավելի գիտես, կխփեն գլխիդ, կասեն՝ էդքան քեզ պետք չի»: Դեռ այն ժամանակ հոգեբուժության ամբիոնի վարիչը նորանոր գրքեր խորհուրդ տալու փոխարեն կստիպեր տասնյոթ անգամ կարդալ արդեն հնացած կապույտ դասագիրքը, իսկ Դիլիջանի հիվանդանոցի գլխավոր բժիշկն ինձ ուրախությամբ …: […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: