Էլիս Մունրոյի անունը կյանքում չէի լսի, եթե չիմանայի, որ այս տարվա գրականության Նոբելյան մրցանակը շնորհվում է նրան: Կյանքում մտքովս չէր անցնի նրա գրքերից կարդալ, եթե լուրը ստանալու պահին գրադարանում չգտնվեի ու էնտեղ չունենային Էլիս Մունրոյի գրքերից մեկը` «Բաց գաղտնիքները»:
Պարզվում է` 82-ամյա կանադուհի այս գրողը հայտնի է իր երկար պատմվածքներով, նրան հաճախ Չեխովի հետ են համեմատում: «Բաց գաղտնիքներն» էլ երկար պատմվածքների մի էդպիսի ժողովածու է:
Առայժմ գործերից միայն մեկն եմ կարդացել: Կփորձեմ ամեն դեպքում գիրքն ավարտել, որպեսզի գրողի մասին ամբողջական կարծիք կազմեմ, բայց պիտի ասեմ, որ պատահականորեն ընտրված գրքի հենց առաջին պատմվածքը` Carried Away-ն, ոչ մի բանով ինձ չզարմացրեց:
Սկզբում թեման հետաքրքիր թվաց. երիտասարդ գրադարանավարուհու հետ նամակագրություն է սկսել Առաջին համաշխարհայինին մասնակցող մի երիտասարդ, որին նա երբեք չի տեսել: Նրանց միջև սեր է ծնվում: Մի տեսակ նման է մերօրյա վիրտուալ աշխարհներին: Արի ու տես, որ քսաներորդ դարասկզբին էլ են հեռավորության վրա սերեր եղել:
Հետո արդեն գաղափարի համը դուրս է գալիս: Տղան վերադառնում, ամուսնանում է իր նշանածի հետ, իսկ աղջիկն էդպես սիրահարված էլ մնում է, հետո ամուսնանում է մի մարդու հետ, որի գործարանում այդ տղան աշխատել և դժբախտ պատահարի հետևանքով մահացել էր:
Աղջիկը մեծանում է, Երկրորդ համաշխարհայինն էլ են ճամփում, ամուսինը մեռնում է: Ու պառաված կինը պատահաբար հանդիպում է մի տղամարդու, որն իրեն թվում է` իր սիրեցյալն է, բայց պարզվում է` իր առաջին սեռական զուգընկերն է լինում:
Ու չէ էլի, չուտվեց… անկապ, քաղցր-մեղցր «սերը հավերժ է» տիպի արտահայտություններով, լավ չբացահայտված կերպարներով, տանտիրուհիներին լացացնող տիպի պատմվածք: Ինչքան ռիվյուներ եմ կարդում գրողի մասին, էնքան հասկանում եմ, որ իր ամբողջ երկարուձիգ կարիերան բաղկացած է երեք փոխկապակցված թեմաներից. սեր, սեքս, ամուսնություն: Ու անգամ էս փոքր գործում այս երեք թեմաները խելոք-խելոք հաջորդեցին իրար:
Մարդիկ, եթե նրա գործերից գիտեք էնպիսին, որ ձեզ դուր է եկել, առաջարկեք, կարդամ, որ իզուր ժամանակ չկորցնեմ անպետք գործերի վրա;:
Որ լավերը լինեին, դրանք կթարգմանվեին։ Կարծում եմ՝ ծովի մի բուռ ջուրը ամբողջի բաղադրությունն ուսումնասիրելու համար։
Դե չէ, ամեն լավ գրականություն չի, որ թարգմանվում ա: Այ հիմա, որ մրցանակ ստացավ, հաստատ կսկսեն թարգմանել: Բայց դե մեջն ի՞նչ կա:
Հենց դա եմ ասում։ Ամեն մրցանակակիր չի, որ լավ գրող է։
Ի նկատի ունեմ՝ թարգմանվածներից երևում է, թե ինչ մակարդակի գրող է։
Հա, կա էդպիսի բան: Կյանքն անարդար ա շարքից…