Հենց սկզբից մտքիս էր` ինչ պիտի գրեմ, բայց անընդհատ կալարեի, եթե էսօր Քրիստը մի հավես պատմություն չպատմեր, ես էլ չաշխուժանայի:
Երբ մտածում եմ մրցակցության մասին, լիքը պատմություններ եմ հիշում` սկսած դպրոցից, վերջացրած գրական մրցույթներում: Բայց միշտ էդ մրցակցությունն իմ ներսում ինչ-որ բացասական, դառը հետք է թողնում անգամ հաղթելուց հետո: Դրա համար ահագին նստել ու մտածել եմ էս թեմայով: Հիմա ոչ թե կոնկրետ պատմություն կպատմեմ, այլ կվերլուծեմ մտածածս:
Մեր օրերում կյանքն առանց մրցակցության հնարավոր չէ պատկերացնել: Բնական բան. կապիտալիզմի հիմքերից է: Դա դիտվում է որպես դրական երևույթ, որպես առաջ մղիչ ուժ: Իհարկե, եթե նայենք ընդհանուր պատկերին, ապա գուցե լավ է, որ լավագույնը լինելու համար անընդհատ ավելի ու ավելի ես աշխատում քեզ վրա:
Բայց Եվրոպայից թողեցի ու եկա իրականում հենց էդ պատճառով, որ արդեն խեղդվում էի մրցակցությունից: Իհարկե, իմ կուրսում էդ ամենն էնքան էլ սարսափելի չէր, որովհետև մենք իրար օգնության էինք հասնում դաս անելիս, մենք բոլորս տարբեր նպատակներ ունեինք էս կյանքում ու միմյանց ճամփին դուրս չէինք գալի: Այնուամենայնիվ, այն հեռանկարը, որ հետո պիտի PhD դիմեմ ու մրցեմ դասընկերներիս հետ, ինձ սպանում էր: Իսկ Հայաստանում լողալու էի, երջանիկ ապրելու էի ինձ համար, որովհետև հոգեբուժության մեջ ընդհանրապես չկա մրցակցություն:
Հա, հոգեբուժությունն ընտրելու պատճառներից մեկն էլ հենց դա էր: Իմ սիրտը վատանում էր, երբ մտածում էի` որևէ այլ մասնագիտության համար իրար ուտոցի է լինելու սկսած կլինիկական օրդինատուրա ընդունվելուց, վերջացրած աշխատանք փնտրելով: Իսկ հոգեբուժություն մի տեղի վրա մենակ ես էի, ինքս իմ քննությունը «գերազանց» ստացա, ինձնից գոհ ընդունվեցի:
Հիմա հետ գանք մրցակցության մոտիվացիաներին: Վերևում նշեցի, որ դա լավագույնը լինելու ցանկությունն է, իսկ դա կարող է իր հետ լիքը ուրիշ բաներ բերել (փող, փառք և այլն): Էսքանից հետո ես դա սխալ մոտիվացիա եմ համարում: Ինձ թվում է` որևէ բան անելու շարժիչ ուժը պիտի հաճույքը լինի, պիտի սիրես այն, ինչ անում ես: Լավագույնը կլինես, դա քեզ փառք կբերի, թե ոչ, արդեն երկրորդական է: Իսկ մրցակցության դաշտում հաճույքը կորում է, հետին պլան մղվում, սկսում ես տհաճությամբ անել այն, ինչը մի ժամանակ քո սիրելի գործերից էր:
Նորից ինձ եմ նայում. ես սովորելու գիժ եմ, անտանելի սիրում եմ գիտելիք ստանալ, բայց դա ամենահաճելին լինում է այն ժամանակ, երբ չկա լսարան, չկա գնահատական, որը հետագայում ինչ-որ բան կպայմանավորի, չկա դասախոս, որն անկապ մրցակցության մեջ է մտնում քեզ հետ, չկա նախանձ համակուրսեցի, որը քննությունից առաջ ժամը մեկ զանգում, հարցնում է, թե որ հարցին ես հասել:
Ու ինձ թվում է` մրցակցությունը կարևոր է, երբ քո մրցակիցը հենց դու ինքդ ես: Դա իմ միտքը չէ, դա տեսել եմ իմ հոլանդուհի յոգայի դասատուի ֆեյսբուքյան պատին: Հոդված էր յոգայում մրցակցության մասին: Գորգիկի վրա էլ մրցակցության մեջ մտնելով ընկերներիդ հետ փոխվում են մոտիվացիաներդ: Էլ չես ուզում հաճույք ստանալ կատարածդ դիրքից, այլ ձգտում ես անել էնպիսի բաներ, որոնք դիմացինը չի կարողանում, մինչդեռ հոդվածը խորհուրդ է տալիս մրցել ինքդ քեզ հետ. երեկ սա չէիր կարողանում, այսօր կարողանում ես:
Երևի ինքնակատարելագործումը որևէ բան անելու ամենաճիշտ մոտիվացիան է, սեփական անձը` ամենալավ մրցակիցը: Էդ դեպքում դու էլի դառնում ես ավելի լավը, բայց անընդհատ առաջ գնալու տեղ ունես, որովհետև երբեք լավագույնը չես դառնում: Էդ դեպքում գործդ հաճույքով ես անում, որովհետև կողքդ չկա մրցակից, որի նվաճումները քեզ տհաճություն են պարգևում և իջեցնում ինքնագնահատականդ:
Մի քիչ խառը ստացվեց, բայց ոնց որ ամեն ինչ ասեցի:
Ու՜խ, ինչ լավ ես գրել։ Մի հատ մեծ լայք ու մի հատ թոթոլ վարկանիշ։ 🙂
:)))