Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Թեյասեր տղայի կյանքը և ժամանակները» (Մայքլ Քոլինզ)

on February 14, 2014

Այս գիրքն ինձ դաս եղավ, որ ամեն Հայաստան հասած անգլերեն գիրք չէ, որ լավն է, ամեն իռլանդացի գրող չէ, որի գործերն արժե կարդալ: «Թեյասեր տղայի կյանքը և ժամանակները» ընտրեցի միայն նրա համար, որ գրքի հետևում կարդացի, որ այն ժամանակակից Իռլանդիայի ու հոգեկան հիվանդ հերոսի մասին է:

Չոր գիրք էր: Սրանից հետո ով ասի՝ Հեմինգուեյը չոր գրող է, կուղարկեմ Քոլինզ կարդալու, որ իսկական չորությունը տեսնեն: Կարդում ես, հասկանում՝ գրողն ինչ է ուզում ասել: Մտածում ես՝ ապրես, գրող ջան, շատ լավ ես ասում, ուզում ես մի քիչ էլ ստանալ էդ լավ ասածից, բայց մեկ էլ հո՛պ, թռչում է հաջորդ դրվագին՝ առանց նախորդը մինչև վերջ փորելու ու ամբողջ խորությամբ ներկայացնելու:

Գլխավոր հերոսն ինքը բավական անդեմ է: Հեղինակը շիզոֆրենիա ունեցողի է ներկայացնում, սպասում ես հիվանդության հարուստ ախտանիշներին, բայց բացարձակապես ոչինչ չկա: Չես հասկանում՝ վերջը ի՞նչն էր, որ հերոսին հիվանդ էր սարքում: Չափավոր արտահայտված դրոմոմանիա՞ն, թե՞ մոր նկատմամբ ատելությունը: Վերջինս էլ ոչ մի տեղ չես նկատի, եթե հեղինակը հատուկ մի քանի անգամ չշեշտի, որ հեղինակն ատում է մորը:

Մի քիչ ափսոսում եմ, որ էսպիսին է ստացվել գիրքը, որովհետև էնտեղ շոշափվող սոցիալական թեմաները շատ կարևոր են. մայրը չի թողնում, որ որդին ճարտարապետ դառնա, որովհետև դա իրենց դասի համար նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, որդու վաստակած փողերով նրա կրտսեր եղբայրը գնում է համալսարանում սովորելու: Հետո ուզում են հայրական տունը վաճառել, հերոսն ընդդիմանում է: Բայց ոչ մի տեղ նրա հիվանդությունը չի արտահայտվում, չնայած հեղինակը փորձում է ընթերցողին համոզել, որ ընտանեկան ճնշումներն են շիզոֆրենիայի պատճառը: Չի համոզում:

Վեպում ֆոնային կերպով ինչ-որ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում: Հյուսիսի ապստամբությունից է խոսվում, մի դրվագում էլ իռլանդերենի հարցն է քննարկվում: Բայց նորից. դա շատ մակերեսային ու հպանցիկ է կատարվում, չես հասցնում ամբողջությամբ ընկալել թեման:

Գրքի միակ լավ հատվածը հավելվածն էր, որ ներկայացվում էր որպես գրքի սկզբի համար գրված բազմաթիվ պոստմոդեռնիստական սևագրերից մեկը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է հերոսը փորձում գրքի առաջին նախադասությունը գրել ու թե ինչքան է չարչարվում, որ գրագողություն չլինի: Արանքներում անգամ Բեքեթն է հայտնվում ու զրուցում հերոսի հետ: Հեղինակը նկարագրում է կրիպտամնեզիայի երևույթներ, երբ հերոսին թվում է, թե նախկինում գրված բոլոր գործերի հեղինակն ինքն է: Ու երբ մտածում ես, որ ամբողջ գիրքը կարող էր հենց այդ նույն ոճով գրված լինել, շատ ես ափսոսում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: