Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Սուրբ Պատրիկը տոնելու երեք փորձ

on March 18, 2014

Փորձ 1, 2012

Առաջին անգամ Սուրբ Պատրիկը տոնել փորձեցի երկու տարի առաջ, երբ Գերմանիայում էի ապրում: Կուրսեցիս՝ Սյուզանը, ֆեյսբուքում շուխուռ արեց, թե՝ Բրայթեշտրասեի ուսանողական փաբում Սուրբ Պատրիկ են տոնում, կանաչ հագեք, եկեք: Էդ փաբն էլ ուղիղ մեր շենքի տակ էր:

Պահարանս քանդեցի, հազիվ մի շոր գտա, որի վրա մի երկու տեղ կանաչ երանգ կար: Էդ շորը երբեք չէի հագնում, թե ինչու էի հետս տարել Գերմանիա, էդպես էլ չհասկացա: Ինչևէ, քաշեցի վրաս՝ կանաչի պատրանք ստեղծելով ու դուրս եկա: Ինձ ու Սյուզանին մեկ էլ Նորան միացավ: Սյուզանը ոտքից գլուխ կանաչ էր, անգամ կանաչ կալգոտկա էր հագել. լինելով հոլանդացի՝ ինքը շատ լավ գիտի ազգային գույնի ղադրը, ու երբ գնում էինք Հոլանդիայի հավաքականի մասնակցությամբ ֆուտբոլի խաղեր նայելու, ինքը ոտքից գլուխ նարնջագույն էր դառնում:

Գնացինք փաբ: Ասեղ գցելու տեղ չկար, բայց չգիտեմ ոնց մի սեղան հարմարացրեցինք: Բացարձակապես ոչինչ չէր կատարվում. ոնց որ փաբի սովորական օրերից լիներ: Երաժշտությունը շատ ցածր էր, բայց հնարավոր էր լինում որսալ. իռլանդական երգերի ռեմիքսներ էին: Մի խոսքով, երեքիցս ոչ մեկը չէր ուզում Սուրբ Պատրիկն էդպես նշել: Արդեն գիշերը տասնմեկն էր, երբ Սյուզանն առաջարկեց՝ գնանք Բեռլին, ոնց էլ չլինի, էնտեղ մի բան կկատարվի:

Հասանք կայարան, նստեցինք գնացք, ընթացքում Նորան զանգեց Բեռլինում բնակվող մեր համակուրսեցուն՝ Ռընեին, որը քաղաքի ամբողջ անցուդարձից տեղյակ է: Լսելով, որ գիշերը տասնմեկին երեքով գալիս ենք, բացականչեց՝ oh, that’s wild: Ինչ-որ փաբի անուն տվեց, հասցեն էլ ասեց. էնտեղ ինչ-որ բան կատարվելու էր:

Փաբը, ինչպես ընդհանրապես Բեռլինի գիշերային կյանքը, գտնվում էր Կրոյցբերգում: Բայց մենք երկար աջ ու ձախ արեցինք, պտտվեցինք փողոցներով ու չգտանք այն: Նորից զանգեցինք Ռընեին: Մի ուրիշ հասցե տվեց, ասաց՝ միացեք մեզ, փարթի ենք անում: Էդ մեկը հեշտությամբ գտանք: Ինչ-որ մեկի տունն էր, որն այդ գիշեր վերածվել էր փարթիատեղի: Լիքը մարդ, շունը տիրոջը չէր ճանաչում: Էլեկտրոնային երաժշտությունն էր հնչում, որն ուղեղս դաղում էր: Երկար չդիմացա, մի կես ժամ հետո վեր կացա, Պոտսդամի վերադարձի ճամփան բռնեցի: Չեմ հիշում՝ մենա՞կ էի, թե՞ Նորան ու Սյուզանն էլ եկան, թե՞ նրանցից միայն մեկը:

Փորձ 2, 2013

Նկարի հեղինակ՝ Նարեկ

Նկարի հեղինակ՝ Նարեկ

Խրոնինգենում երկու իռլանդական փաբ կա: Ասում են՝ երկուսն էլ շատ լավն են: Էնտեղ ապրելու մի տարվա ընթացքում էդպես էլ ոչ մեկում չեղա: Խրոնինգենում երբեք մենակով փաբ չեմ գնացել, միշտ կուրսեցիներիս հետ: Ընդհանրապես, Իռլանդիան միակ երկիրն էր, որտեղ մեն-մենակ ամեն երեկո փաբ էի գնում: Երևանում էլ կարող է մեկ-մեկ պատահել, բայց երբեք մենակ չես մնում, որովհետև ոնց էլ չլինի, ծանոթ մարդկանց կհանդիպես:

Հա, ուրեմն անցյալ տարի ուզում էի Սուրբ Պատրիկը Խրոնինգենի իռլանդական փաբերից մեկում անցկացնել: Ոնց էլ չլիներ, Սոֆյային կհամոզեի, հետս կգար: Բայց Հայաստանի քաղաքական ակտիվությունն էնպիսին էր, որ էլ չէի դիմանում Խրոնինգենում, տոմսս ավելի շուտ օրվա համար գնեցի ու եկա Երևան:

Իսկ Այրիշում Սուրբ Պատրիկի օրն ինչ-որ բան էր սպասվում: Նորից կանաչի խնդիր: Էս անգամ էլ ինչքան կանաչ շոր ունեի, թողել էի Խրոնինգենում: Ընկա խանութներով, փորձեցի հարմար պարագաներ ման գալ: Որտեղ կանաչ կալգոտկայի անուն էի տալիս, ղժժում էին վրաս: Վերջը կանաչ մանիկյուր առած տուն եկա ու սկսեցի պատրաստվել: Մի ծակուծուկից էլ կանաչ ժապավեն գտա, գլխիս կապեցի:

Այրիշում էլ բավական ձանձրալի էր: Իռլանդական երաժշտությունը որպես ֆոն միացված էր: Կանաչ հագածները քիչ էին: Մի մասը շուտ ձանձրացավ, գնաց: Ես ու Ամառուն մի քիչ էլ մնացինք: Հետո չգիտեմ ոնց ամերիկացիների մի խմբի խառնվեցինք (կարծեմ իռլանդական երգերն էին. ես ու նրանցից մեկը հետը երգում էինք, էդպես զրույց սկսվեց):

Այրիշը փակվեց կեսգիշերին, ամերիկացիների խմբի հետ գնացինք Իդըն, որտեղ Սուրբ Պատրիկի հետքն էլ չէր երևում: Լավ տժժացինք, բան չունեմ ասելու: Բայց իռլանդական չէր, Պատրիկ չէր:

Փորձ 3, 2014

Դանիկան ինձ հրավիրել էր իր մոտ՝ Գոլուեյում Սուրբ Պատրիկը նշելու: Գաղափարը դուրս եկել էր, բայց դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե Կոպենհագեն տեղափոխվելու հարցերս շատ լավ ընթանային. այսինքն, վիզաս այնքան շուտ ստանայի, որ փետրվարի կեսերից էնտեղ լինեի:

Մյուս տարբերակը Կոպենհագենն էր. միամտաբար կարծում էի, որ ոնց էլ չլինի, գոնե մարտի կեսերից էնտեղ կլինեմ: Մի խոսքով, ինչպես անցյալ տարի, այս տարի էլ պիտի որ մարտի 17-ին Հայաստանում չգտնվեի: Չստացվեց: Իսկ անցյալ տարվա տխուր փորձից հետո երկմտում էի՝ արժե՞ ընդհանրապես տնից դուրս գալ:

Վերջը, ֆեյսբուքի իվենթները մանրամասն փորփրելուց ու ընկերներիցս տեղեկանալուց հետո իմացա, որ Ջեյմսոնը ինչ-որ բաներ է կազմակերպում, բայց ամսի 15-ին: Մի քիչ անարդար էր, բոյկոտելս գալիս էր, որովհետև տոնը պետք է իր իսկական օրը նշվի: Բայց ոնց եղավ, Սոնան ու Աննան խմել էին ուզում, ես էլ Պատրիկ նշել: Վերջը երեքով հայտնվեցինք Ջեյմսոնի իվենթներից մեկին Վան Գոգում: Ու այ-քեզ-բան: Կենդանի իռլանդական երաժշտություն. մի բան, որից վաղուց էի հույսս կտրել Հայաստանում. եթե նույնիսկ Այրիշ կոչվող փաբում երբեք կենդանի իռլանդական երաժշտություն չի հնչում, էլ որտե՞ղ կարելի էր սպասել:

Բայց այդ երեկո ստացա մի դոզա իռլանդական երաժշտություն: Լավ էր, երգում էինք, տժժում էինք: Ճիշտ է՝ հավաքվածների մեջ քիչ էին հենց երաժշտությամբ հետաքրքրվողները, շատերը Ջեյմսոնի համար էին եկել, բայց դե կարևորը երաժշտություն կար, իսկ թե շուրջս ովքեր են, վաղուց արդեն չի հետաքրքրում: Իսկ ամենախոխմն էն էր, որ երբ նոր էինք գնացել Վան Գոգ, Սոնայի ու Աննայի գլուխը տանում էի, թե՝ համերգ եմ ուզում, համերգ եմ ուզում:

Սա բնավ Սուրբ Պատրիկը չէր: Իսկական տոնը երեկ էր՝ մարտի 17-ին: Այն նույն խումբը, որը Վան Գոգում նվագել էր, որը կոչվում էր The Windrose ու որի անունը զարմանալիորեն նախկինում չէի լսել կամ լսել էի, բայց չէի հիշում, Կալյումեում համերգ տվեց: Էնտեղ արդեն լրիվ ուրիշ մթնոլորտ էր. հավաքվածները տրամադրված էին տժժալու ու մինչև կոկորդը պատռվելը գոռալու՝ alive alive oh:

The Windrose խումբը Կալյումեում

The Windrose խումբը Կալյումեում

Փարթին շարունակվեց Վուդռոքում, որտեղ մտա արդեն ոչ այնքան սթափ գլխով (իմ մասին հաստատ կարող եմ ասել): Windrose-ն էլ քիչ անց միացավ, ու այստեղ արդեն վերադարձավ իռլանդական փաբերի իսկական շունչը, երբ բոլորը մեկ են դառնում ու միասին երգում, պարում են, բաժակները չխկացնում են: Հիշեցի Դուբլինի փաբերի էն լավ երեկոները, երբ խցկվում էի ներս, որ երաժիշտներին լավ տեսնեմ, Գինեսը քաշում էի գլխիս ու զրույցի բռնվում կողքս նստած ամերիկացիների կամ հոլանդացիների հետ, որոնք երբեմն Հայաստանի տեղն իմանում էին:

Լավ էր, էս տարի Սուրբ Պատրիկից գոհ եմ: Գնամ եղունգներիս կանաչը մաքրեմ:

Advertisements

5 responses to “Սուրբ Պատրիկը տոնելու երեք փորձ

  1. octubrebaby says:

    Երրորդ անգամը դուրս եկավ, տեղը տեղին նշել ես: Դե որ երաժշտությունից խոսք գնաց, սա էլ այստեղի “իռլանդականը” https://www.youtube.com/watch?v=fH_2cpAwqUM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: