Եվրատեսիլը դեպքի վայրից

Կարող եմ ասել, որ բախտս մի լավ բերել էր, որ Կոպենհագեն տեղափոխվեցի հենց այն ժամանակ, երբ Եվրատեսիլն այստեղ էր տեղի ունենալու: Չլինելով այս մրցույթի երկրպագու, բայց ամեն տարի մեծ կամ փոքր հետաքրքրությամբ հետևելով ընթացքին (ի դեպ, դեռ այն ժամանակներից սկսած, երբ Հայաստանը չէր մասնակցում)` հազիվ թե մի օր իմ ոտքով գնայի Եվրատեսիլի երկիր, բայց մոտիկից հետևելու նման հնարավորությունը հաստատ բաց չէի թողնելու:

Ցավոք, տոմս գնել չհաջողվեց, որովհետև եզրափակչի տոմսերը վաղուց էին սպառվել: Բայց դա չխանգարեց նկատել, թե ինչ է կատարվում քաղաքում այս օրերին, սովորել նոր բաներ մրցույթի մասին ու հասկանալ, որ դա այնքան էլ վատ երևույթ չէ, ինչքան էլ երգերն իմ ճաշակով չլինեն:

Կոպենհագենում եվրատեսիլյան աշխուժությունն ուժեղացավ առաջին կիսաեզրափակչից մեկ-երկու օր առաջ, երբ քաղաքի կենտրոնում տեղադրվեց Եվրատեսիլի գյուղակը, որտեղ մեծ ու փոքր բեմերին պարբերաբար թեմայի հետ կապված իրադարձություններ էին տեղի ունենում: Ասում են՝ քաղաքի մետրոյում եթե Դանիայի այս տարվա երգը երգեիր, անվճար կերթևեկեիր: Իսկ հյուրանոցներն ուղղակի լիքն էին, ոչ մի ազատ համար չէր մնացել:

Եվրատեսիլյան մղոնը. շաբաթվա սկզբից քաղաքի ամենատուրիստական փողոցում Եվրատեսիլի թեման է տիրում
Եվրատեսիլյան մղոնը. շաբաթվա սկզբից քաղաքի ամենատուրիստական փողոցում Եվրատեսիլի թեման է տիրում

Եվրատեսիլի հարցը քննարկվում էր անգամ աշխատանքային ընդմիջումների ժամին: Երբ կոլեգաներիցս մեկը, որը, ի դեպ, դանիացի չէ, վատ արտահայտվեց մրցույթի մասին, թե՝ անճաշակ բան է, ինչի հետևեմ որ, դանիացիները վրա տվեցին, թե՝ ինչքան էլ վատը լինեն երգերը, միևնույն է, հավես բան է դրան հետևելը: Իմ կոլեգաներից մեկն անգամ գնացել էր փորձը դիտելու: Իսկ ներկաներից մեկն էլ նշեց, որ չի հասկանում ինչու, բայց Եվրատեսիլը բավական մոդա է միասեռականների շրջանում:

Բայց ամենահետաքրքիր իրադարձությունները սպասվում էին եզրափակչի օրը: Դրան անցնելուց առաջ պատմեմ Ռընեի մասին:

Ռընեն դանիացի հոգեբույժ է: Նրա հետ ծանոթացել եմ երեք տարի առաջ Պրահայում հոգեբույժների ֆորումի ժամանակ: Երբ ասացի, որ Հայաստանից եմ, միանգամից սկսեց Apricot Stone-ը երգել: Իհարկե շոյվեցի, բայց հետո պիտի իմանայի, որ Ռընեն Եվրատեսիլի մասին ամեն ինչ գիտի: «Պիտի խոստովանեմ,- ասում էր,- որ ավելի քան հետաքրքրված եմ»:

Ռընեն մինչև եզրափակիչը Եվրատեսիլի մի խումբ երկրպագուների հրավիրել էր իր տուն խմորեղեն ուտելու ու խմելու: Քանի որ այս տարի Հայաստանը ֆավորիտների շարքում էր ու քանի որ գիտեր, որ քչից-շատից ես էլ եմ հետևում, ինձ էլ հրավիրեց:

Մինչև Ռընեի տուն հասնելը քաղաքն արդեն ահագին աշխուժացել էր. էլ նկարած մորուքներով ջահելներ, էլ զանազան երկրների դրոշներ, էլ երաժշտություն: Հավես էր, իսկական տոնական վիճակներ էին:

Իսկ Ռընեի տանը հավաքվել էին Նորվեգիայից ու Շվեդիայից ժամանած երկրպագուներ: Հա, նրանք մեծամասնությունն էին, բայց կային նաև մարդիկ ՄԹ-ից, Ֆրանսիայից ու Նիդեռլանդներից: Դե մեկ էլ ես: Նրանք բոլորը Եվրատեսիլի գիժ երկրպագուներ էին: Ռընեն միացրել էր տարբեր տարիների երգեր: Բոլորն անգիր երգում էին, հետն էլ մեկումեջ պարում: Ու հետաքրքիրն էն էր, որ չնայած լինելով տարբեր երկրներից, իրենց սեփական երկրներին չէին երկրպագում: Օրինակ, մի նորվեգուհի անընդհատ Շվեդիայի դրոշն էր թափահարում, հոլանդացիներից մեկը Կոնչիտայի երկրպագուն էր, իսկ ՄԹ-ից եկած տղան ուզում էր, որ էնպիսի երկիր հաղթի, որտեղ նախկինում չի եղել կամ որտեղ անընդհատ անձրև չի գալիս: Օրինակ, Իսպանիա կամ Պորտուգալիա:

Ռընեի թխած զանազան խմորեղենների վրա տարբեր երկրների դրոշներ էին
Ռընեի թխած զանազան խմորեղենների վրա տարբեր երկրների դրոշներ էին

Բայց բոլորով միասին երկրպագում էին Կոնչիտային: Չնայած ոչ մի ավստրիացի չկար այնտեղ, Ավստրիայի դրոշն անընդհատ ուշադրության կենտրոնում էր: Հենց նրա երգը միանում էր, բոլորը լռում էին, իսկ կրկներգին՝ ձայնակցում: Էստեղ առաջին անգամ հասկացա, որ անկախ բուքմեյքերների կանխատեսումներից իսկապես Կոնչիտան հաղթելու լուրջ շանսեր ունի:

Մենք բոլորով
Մենք բոլորով

Էստեղ մի բան էլ հասկացա. այն, որ Սկանդինավիան միշտ իրար է տալիս ամենաբարձր միավորները, ի տարբերություն արևելյան Եվրոպայի, քաղաքական ենթատեքստ չունի: Ուղղակի իսկապես նրանք միմյանց երգերն ավելի լավ են ուսումնասիրում ու ավելի են սիրում: Ոչ մի թշնամություն: Դանիացիներն իրենք էլ են խոստովանում. «Բնական է, նույն ճաշակն ունենք»:

Երեկոյան Ռընեն ու իր խելառ ընկերները ճանապարհվեցին դեպի արենա, իսկ ես՝ Եվրատեսիլի գյուղակ, որպեսզի մի խումբ օտարերկրացիների հետ մեծ էկրանին դիտեմ եզրափակիչը:

Գյուղակում աշխուժությունը սովորականից մեծ էր: Տարբեր երկրների դրոշներ էին երևում: ՄԹ-ից լիքը երկրպագուներ էին եկել: Ի դեպ, դեռ Ռընեի տանը ՄԹ-ից եկած տղան ասաց, որ իրենց մոտ Եվրատեսիլն այնքան էլ պոպուլյար չէ, ի տարբերություն Սկանդինավիայի: Բայց արի ու տես, որ դրսում ՄԹ-ից եկած հատուկենտ խմբերն ամենագիժն էին:

ՄԹ-ից եկած դրոշ հագած մարդիկ ամենուր էին
ՄԹ-ից եկած դրոշ հագած մարդիկ ամենուր էին

Իռլանդիայից լիքը մարդիկ կային, բայց խեղճերը քաշվել էին. դու մի ասա, տոմսերը-բան առել էին, որ եզրափակչից հետո տուն գնան, իսկ Իռլանդիան էդքան չէր ձգել: Մեկումեջ Ադրբեջանի դրոշն էլ տեսա: LGBT դրոշը, վրան՝ Կոնչիտայի անունը, անպակաս էր: Իսկ Գերմանիայի դրոշը շատ քիչ էր երևում, ավելի շատ կարելի էր տեսնել մուգ կապույտ փոքրիկ դրոշակներ, որոնց վրա գրված էր. “12 points from Hamburg.” Նարնջագույնի կուտակումներն էլ, իհարկե, հոլանդացիների խմբերն էին:

...Իսկ նրանց երկիրը Կոնչիտային ձայն չտվեց
…Իսկ նրանց երկիրը Կոնչիտային ձայն չտվեց

Մի հատիկ էլ հայկական դրոշ կար: Մեջքիս էր կապած: Երկու ուրիշ հայեր էլ կային, որովհետև ինձ կանգնեցրին և հարցրին, թե ինչու եմ Հայաստանի դրոշով: Հետո անցանք հայերենի: Նրանք էլ Շվեդիայից եկած հայեր էին:

Ես ու լեփրիքոնը. էսքան գունագեղ գժերի միջից ինքն ինձ ամենաշատն էր հետաքրքրում
Ես ու լեփրիքոնը. էսքան գունագեղ գժերի միջից ինքն ինձ ամենաշատն էր հետաքրքրում

Բեմի վրա երկու երգ կատարեց Ջոնի Լոգանը՝ այն միակ երգիչը, որը երկու անգամ է Եվրատեսիլում հաղթել: Ներկաները, փաստորեն, երկու երգն էլ անգիր գիտեին:

Բազմությունը Ջոնի Լոգանին լսելիս
Բազմությունը Ջոնի Լոգանին լսելիս

Հետո արդեն հավաքվեցինք խմբով: Ահագին հետաքրքիր էր, որովհետև մեջներս մարդիկ կային, որոնք Եվրատեսիլի մասին առաջին անգամ էին լսում. մեկը Պանամայից էր, մեկը՝ Ավստրալիայից: Դրած կանոններն էինք բացատրում, մեկ էլ մի պանամացին լուրջ-լուրջ հարցրեց. «Բայց ինչու՞ սեփական երկրին քվեարկելու իրավունք չունեն որ»:

Անձրև սկսվեց: Փակ տարածք փնտրեցինք: Իռլանդական փաբը լեփ-լեցուն էր, հազիվ համոզեցինք, որ թողնեն՝ կանգնենք: Ու ընդհանրապես, քաղաքի բոլոր փաբերն ու բարերը լիքն էին. բոլորը Եվրատեսիլ էին նայում:

Ընդհանուր շուխուռի մեջ ելույթները հազիվ էին լսվում: Բայց յուրաքանչյուր երգից առաջ ու հետո ըստ ծափահարությունների ու գոռոցների ուղղության կարելի էր հասկանալ, թե տվյալ երկրի ներկայացուցիչները փաբի որ անկյունում են հավաքված: Իսկ մեր խումբը գոռում էր յուրաքանչյուրիս երկրի համար. Հոլանդիա, Գերմանիա, Ռումինիա, Իտալիա, դե Լատվիան ու Բուլղարիան էլ չկային: Միայն երկու երգ կար, որից հետո ծափահարություններն ամբողջ փաբով մեկ էին: Մեկն Ավստրիան էր, մեկն էլ… Հայաստանը:

Երբ քվեարկությունը սկսվեց, փաբն ավելի լցվեց. անձրևն ավելի էր ուժեղացել: Էնքան խոխմ էր, երբ որոշ դանիացիներ միամտաբար զարմանում էին, թե այս կամ այն երկիրն ինչու մյուսին 12 միավոր տվեց: Երբ Հայաստանը քվեարկեց, ես բնավ չզարմացա, որ Ավստրիային ու Շվեդիային ոչ մի ձայն չգնաց, որովհետև միշտ էլ Հայաստանը ֆավորիտներին ձայն չի տալիս: Բայց զարմացա, թե ինչու հենց Մոնտենեգրոյին 12 տվեցին:

Էդպես, բուքմեյքերները ճիշտ դուրս եկան, ժամն էլ արդեն շատ ուշ էր: Կոնչիտային շնորհավորեցինք ու ցրվեցինք տներով:

Ներկած մորուք. աչքիս սա նոր մոդա է դառնալու
Ներկած մորուք. աչքիս սա նոր մոդա է դառնալու

Տուն հասա՝ մի քանի հետաքրքիր եզրակացությամբ: Նախ, Եվրոպայում Եվրատեսիլով հետաքրքրվածությունն այնքան փոքր չէ, ինչքան ներկայացնում են: Հիմնականում որ ասում են՝ էդ ինչ մրցույթ է, ձևեր են թափում: Հետո, իսկապես Եվրատեսիլը մոդայիկ է միասեռականների շրջանում: Չգիտեմ՝ ինչով է դա բացատրվում, բայց երեկ ես շատ ավելի մեծ թվով միասեռական զույգերի տեսա, քան երբևէ տեսել եմ: Ու բոլորը չէ, որ Կոնչիտային էին երկրպագում:

Իսկ ամենակարևորը՝ Եվրատեսիլը հեչ վատ բան չէ: Ինչքան էլ արանքում քաղաքականություն ու այլ հարցեր խաղացնեն, միևնույն է, միշտ էլ լավագույնը կամ գոնե լավագույններից մեկն է հաղթում: Իսկ Կոպենհագենի էս տոնական վիճակները Եվրոպայի տարբեր երկրների ներկայացուցիչներով, էն, որ չնայած ամեն մեկն իր երկրին է երկրպագում, բայց մյուսների հետ կռիվ չի անում, իսկականից ամեն ինչ արժեր: Ու ես շատ եմ ուզում, որ մի օր Հայաստանը հաղթի, որովհետև շատ հետաքրքիր կլինի տեսնելը, թե արդյոք Երևանում նույն մթնոլորտը կտիրի, թե ամեն ինչ ավելի սարսափելի կլինի:

9 thoughts on “Եվրատեսիլը դեպքի վայրից

Leave a comment