Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կյանքն օտար երկրում. առաջին քայլեր

on June 8, 2014

Համալսարան ընդունվեցիր, կրթաթոշակ ճարեցիր, վիզայիդ հարցերն արդեն լուծված են, տոմսը գնել ես, բնակարան գտել ես: Էլ ի՞նչ դարդ պիտի ունենաս: Մնում է ճամպրուկդ հավաքես ու մեկնես օտար երկիր այդքան երազածդ կրթությունը ստանալու: Ու երևի ոչ ոք քեզ չի ասել, որ իսկական դարդերը սկսվում են օտար երկիր ոտք դնելու հենց առաջին օրվանից, որովհետև բոլոր խնդիրներիդ հետ մնում ես մեն-մենակ:

Ցանկացած պետություն մտնելիս կա գործողությունների մի հստակ շարան, որ անպայման պիտի անես: Եթե բախտդ բերի, տեղացի օգնողներ կունենաս, որոնք մեծ մասամբ քեզնից պակաս են այդ հարցերից գլուխ հանում: Եթե բախտդ չբերի, պիտի ինքնուրույն փորձես լուծել բյուրոկրատական հանելուկները: Որպես մի քանի երկրների բյուրոկրատական ցանցերով անցած մեկը՝ կարող եմ խորհուրդ տալ նախ այդ ամենն անել հնարավորինս արագ, շրջակայքն ուսումնասիրելուց ու ֆոտոներ ֆեյսբուք գցելուց առաջ, իսկ հետո… ուղղակի թեթև տանել:

Եվրատեսիլում ծանոթացած (և ոչ միայն) մի քանի էքսպատերով գնացել ենք եղնիկների այգի պիկնիկի: Մի կողմում թագուհու ամառանոցն է, մի կողմում՝ ծովը: Եղնիկներն էլ ազատ զբոսնում են

Եվրատեսիլում ծանոթացած (և ոչ միայն) մի քանի էքսպատերով գնացել ենք եղնիկների այգի պիկնիկի: Մի կողմում թագուհու ամառանոցն է, մի կողմում՝ ծովը: Եղնիկներն էլ ազատ զբոսնում են

Ու շատ կարևոր է հասկանալ, որ բոլոր երկրներն էլ ունեն բյուրոկրատական համակարգերը, անգամ քո սեփականը: Ուղղակի ծնված-մեծացած լինելով այդ երկրում՝ դրանց հետ ավելի քիչ ես շփվում, որոշ բաների էլ արդեն սովորած ես լինում, հետևաբար չես պատկերացնում, թե քո սեփական երկրում ինչքան դժվար կարող է լինել օտարի համար: Ուրեմն ընդունիր, որ ամեն տեղ էլ կա բյուրոկրատիա, փորձիր արագ-արագ ամեն ինչ անել, որ հետո սկսես ֆոտոներ ֆեյսբուք գցել…

Էստեղ՝ Դանիայում, ամեն ինչ շատ դանդաղ է կատարվում: Մինչև քո բոլոր փաստաթղթերը հայտնվում են իրենց տեղերում, ահագին ժամանակ է անցնում (իմ դեպքում արդեն երկու ամիս է, ինչ այստեղ եմ, բայց դեռ կացության քարտիս եմ սպասում, որ ամեն ինչ ամբողջանա): Հետաքրքիր էր, թե ինչպես էր իմ գերմանացի ընկերներից մեկը դժգոհում դանիական բյուրոկրատիայից: Ես ինքս եղել եմ Գերմանիայում: Ճիշտ է՝ այնտեղ ամեն ինչ շատ արագ է կատարվում, բայց… համապատասխան կառույցներում մեծ մասամբ անգլերեն չգիտեն ու բավական կոպիտ են: Շարքային գերմանացին, իհարկե, այդ մասին չգիտի:

Բյուրոկրատական հարցերը լուծեցինք, ամեն ինչ բարեհաջող ընթացավ, սկսում ես սովորել կամ աշխատել, բայց արի ու տես, որ դու մենակ ես: Կյանքդ բաղկացած է տնից համալսարան/աշխատանքի գնալով ու այնտեղից հետ գալով: Ոչինչ չես անում, ոչ մեկի հետ չես շփվում: Ընդ որում, ինչքան տարիքով մեծ ես, այնքան ավելի դժվար են ստացվում շփումները: Տարօրինակ, ոչ բնական իրավիճակում ես հայտնվել. Հայաստանում ապրելուդ ընթացքում երբևէ հիշու՞մ ես, որ շրջապատ ստեղծելու համար հատուկ ջանքեր գործադրեիր. ամեն ինչ շատ բնական էր, ընկերներն իրենք իրենց էին հայտնվում քո կյանքում: Իսկ օտար երկրում պիտի ամեն ինչ զրոյից սկսես, քո քսանքանի կամ ավելի մեծ տարիքում անես այն, ինչ քո երկրում ծնված օրվանից ես արել: Հավատացեք, հեշտ չէ: Դա նույնիսկ ավելի դժվար է, քան համալասարան ընդունվելը, կրթաթոշակ ճարելն ու բյուրոկրատական հարցեր լուծելը: Հատկապես եթե մի քիչ էլ ամաչկոտ ես, շփումներում նախաձեռնող չես:

Կուզեի մի քանի հուշումներ տալ իմ փորձից ու դիտարկումներից: Գուցե դրանք առաջին հայացքից պարզ թվան, բայց հավատացեք, շատերի մտքով չի անցնում: Իմով էլ չի անցել, մինչև բոլորովին պատահաբար չեմ փորձել:

Փորձիր հասկանալ, թե որքան ես մնալու տվյալ երկրում
Քանի՞ տարի ես մնալու տվյալ երկրում: Ի՞նչ ես անելու սովորելուցդ կամ աշխատանքային պայմանագրիդ վերջանալուց հետո: Եթե քո առաջ նպատակ ես դրել մնալ, ապա սկսիր երկրի լեզուն սովորելուց, սկսիր Հայաստանից մեկնելուց առաջ, եղիր նպատակասլաց: Իսկ լեզուն որքան շուտ յուրացնես, այնքան շատ դռներ կբացվեն քո առաջ, այդ թվում՝ շփման: Նիդեռլանդների կամ Դանիայի պես երկրներում լեզուն սովորելը լուրջ մարտահրավեր է, որովհետև բոլորն անգլերեն խոսում են, ու իրենց դուր է գալիս դա. հենց զգում են հոլանդերենդ կամ դանիերենդ թույլ է, անցնում են անգլերենի: Նիդեռլանդներում այդքան ուշացրություն չդարձրի այդ խնդրին, բայց Դանիայում ստիպում եմ բոլորին, որ հնարավորինս շատ դանիերեն խոսեն հետս, մեյլերն էլ հնարավորինս դանիերեն գրեն: Այսպես զգում եմ, թե լեզուս որքան արագ է առաջ գնում:

Եթե երկար ես մնալու…
Ինչքան էլ դասընկերներդ կամ այլ արտասահմանցիներ քեզ լավ ըկներներ դառնան, միևնույն է, քո շրջապատը կազմված է լինելու հիմնականում տվյալ երկրի մշտական բնակիչներից: Ու հենց նրանց հետ էլ սկսիր շփվել: Հիմա ես էդպես եմ անում. գիտեմ, որ շատ հնարավոր է՝ Դանիայում ապրելս միայն աշխատանքային պայմանագրովս չսահմանափակվի: Դրա համար ձգտում եմ դանիացիների հետ հնարավորինս շատ շփվել. կոլեգաներս են, մյուս շաբաթվանից մարզական ակումբում կգրանցվեմ, այնտեղ կշփվեմ, կան նաև զանազան «ծրագրեր» օտարներին ինտեգրելու համար (օրինակ՝ դանիացին ընտանիքներ, որ օտարներին հրավիրում են իրենց տուն ընթրիքի կամ լեզվընկերներ):

Գտիր քեզ նմաններին
Սրա տակ շատ բան կարելի է հասկանալ. քեզ նմաններից են օտար երկրներից նոր եկածները, քեզ նման ուսանողները կամ քեզ նման PhD-ները, քո հայրենակիցները: Մի երկու խոսքով մի քանիսի մասին պատմեմ:

Եվրատեսիլի օրն օտարերկրացիների մի հսկայական խմբով հավաքվել էինք էկրանից այն դիտելու: Մի երեսուն հոգի ամենաքիչը կլինեինք: Իրար գտել էինք meetup-ից (ի դեպ, շատ լավ կայք է, շրջապատ ստեղծելու առաջին քայլերն անելիս խորհուրդ կտամ գրանցվել այնտեղ ու գոնե մեկ-երկու հանդիպման գնալ): Այդ հսկայական խմբից հինգ հոգով դրանից հետո մտերմացանք ու սկսեցինք պարբերաբար հանդիպել: Ամենահետաքրքիրն այն է, որ հինգիցս չորսս հենց նույն օրերին էինք Դանիա եկել, այսինքն՝ միաժամանակ նույն բաների միջով էինք անցնում: Հինգերորդն էլ ութ տարի առաջ Դանիա տեղափոխված մի լատվուհի էր, որը վերջին մեկ-երկու տարիներին նոր սկսել է շրջապատ ստեղծել:

Մեկ այլ խումբ են մեր ֆակուլտետի PhD-ուսանողները: Նրանք ամեն ամիս հավաքվում են, խոսում իրենց պրոյեկտներից, զանազան հարցեր քննարկում: Մայիսի վերջին գնացել էի նման մի հավաքի: Ահագին թեթևանում ես, երբ ուրիշների խնդիրներն ես լսում, իմանում ես, որ շատ հարցերում մենակ չես: Ավելին՝ այդ հանդիպման ժամանակ բացահայտեցի, որ աղջիկներից մեկի գրասենյակը հենց իմ հարկում է: Հիմա երբեմն-երբեմն միասին ենք ճաշում:

Ինչ տեղափոխվել եմ Դանիա, ինձ շատ են հարցնում, թե արդյոք հայերի հետ շփվում եմ: Սա ամենաբարդ հարցերից է, որովհետև, կարծում եմ, այո, պետք է հայերի հետ շփվել, բայց չպետք է դա անել միայն նրա համար, որ հայ են: Օրինակ, երբ Բեռլինում էի, այնտեղ կային մարդիկ, որոնց դեռ Հայաստանից գիտեի ու հենց Հայաստանում նրանց հետ բացարձակապես չէի շփվում (ոչ թե առիթ չէր եղել, այլ հենց այդպես էի ուզում. հատուկ չէի շփվում): Ինչի՞ համար պիտի Բեռլինում իմ նյարդերի հաշվին, իմ սկզբունքներին դեմ գնալով շփվեի նրանց հետ: Փոխարենը, ունեի շատ լավ հայ ընկերներ, որոնց հետ հենց էնտեղ էլ ծանոթացել էի, նրանց մի մասի հետ մինչև հիմա էլ կապի մեջ եմ:

Իսկ ինչի՞ համար հայերի հետ շփվել ընդհանրապես: Շատերն ընտրում են դա չանել, ու դա իրենց գործն է: Բայց ինձ, ամեն դեպքում, պետք են հայեր, պետք է ժամանակ առ ժամանակ հայերեն խոսել, պետք է խոսել այնպիսի թեմաներից, որոնք չես կարող շոշափել որևէ այլ ազգի ներկայացուցչի հետ: Ու նույնն էլ անում եմ Դանիայում. արդեն ճանաչում եմ Արային, փորձում եմ մի քիչ ընդլայնել հայկական շրջապատս:

Հետաքրքրություններ
Դու Հայաստանում հետաքրքրություններ ունեիր, չէ՞: Կինոներ էիր նայում, նկարում էիր, կիթառ նվագում, բլոգ գրում: Ի՞նչ եղան դրանք, երբ տեղափոխվեցիր ուրիշ երկիր: Պետք չէ այդքան հեշտ հրաժարվել հետաքրքրություններիցդ: Եթե հնարավոր չէ անհրաժեշտ պարագաները հետդ վերցնել, ապա տեղում գնիր: Բայց անպայման շարունակիր. դրանք քո մենակ պահերին լավագույն օգնությունն են:

Իսկ կա՞ն բաներ, որ Հայաստանում չես փորձել: Գուցե ժամանակն է, որ նոր միջավայրում առաջին քայլերդ անես: Օրինակ, Նիդեռլանդներում սկսեցի յոգայով զբաղվել, ու դա ինձ հետ կմնա իմ ամբողջ կյանքում: Կամ սովորություն դարձրի շաբաթը մեկ կինո գնալը, որը սովորություն էր միայն այնտեղի համար, այլևս ոչ մի երկրում նման բան չեմ արել:

Մի խոսքով, պրպտիր, գտիր, հետաքրքրվող եղիր, որ հանկարծ մի հինգ տարի չանցնի, ու դու հայտնաբերես, որ օտար երկրում լրիվ մենակ ես:

Advertisements

6 responses to “Կյանքն օտար երկրում. առաջին քայլեր

  1. Նոյեմ says:

    Օգտակար էր, մերսի՜:

  2. […] կամ թեթևացնել մշակութային շոկը, կարող եք կարդալ այս գրառումը:Առաջարկում եմ նաև մեկնաբանությունների տեսքով, ձեր […]

  3. Satenik says:

    Իսկ եթե նույն շրջապատ ստեղծելու դժվարությունները Հայաստանում էլ ունեցել ես ու ինչ որ ձևով հաղթահարել ես, դա կօգնի, որ արտասահմանում ավելի հեշտությամբ ընկերներ գտնես, թե ընդհակառակը, գործը ավելի կդժվարացնի:

    • byurie says:

      Սաթենիկ, շատ լավ հարց ես տալիս: Միանշանակ պատասխան չունեմ, կարող եմ միայն մի փորձով կիսվել, որը քեզ համար կարող է աշխատել կամ կարող է չաշխատել:
      Հայաստանում ինքս էլ եմ ընկերներ ձեռք բերելու դժվարություններ ունեցել: Հետագայում, երբ մեկնեցի տարբեր երկրներում սովորելու, էլի մեծ դժվարություններ ունեի: Բայց հենց էդ փորձիս հիման վրա Դանիայում ամեն ինչ շատ ավելի հեշտ անցավ: Երևի մոտ ժամանակներս այդ հարցին ավելի մանրամասն անդրադառնամ առանձին գրառմամբ:
      Դու հիմա ո՞ր երկրում ես:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: